Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽ ...

 

 

ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

27 ապրիլի 2020 թվականի N 30-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

Ս. Պապիկյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2020 թվականի ապրիլի 27-ի

N 30-Լ հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` կոմիտե) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (այսուհետ` նախարարություն) ենթակա մարմին է:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Կոմիտեն գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Կոմիտեի անվանումն է`

1) հայերեն` Պետական գույքի կառավարման կոմիտե,

2) ռուսերեն` Կօմիտետ պօ ուպրավլենիյու գօսուդարստվեննիմ իմուշեստվօմ,

3) անգլերեն` Committee of State Property Management,

4) ֆրանսերեն` Comite՛ de gestion des biens d`Etat:

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Կոմիտեն ունի խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կոմիտեի կառուցվածքում ընդգրկված են կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, կոմիտեի նախագահի օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Կոմիտեին կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ` առանց հիմնադրի իրավասությունների փոխանցման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

8. Կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահվել են պետական բաժնետոմսերի և բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

9. Կոմիտեի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Տիգրան Մեծի պող., 4:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Կոմիտեի նպատակներն են`

1) պետական գույքի կառավարման (այդ թվում` հաշվառման, մասնավորեցման, օտարման, լուծարման, օգտագործման, սպասարկման) արդյունավետության բարձրացումը.

2) պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը և գույքի հանրային օգտակարության բարձրացումը.

3) պետական գույքի գույքագրումը և ամբողջական հաշվառումը.

4) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության բարձրացումը.

5) պետական գույքի կառավարման ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխշահավետ գործընկերության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և նոր գործիքակազմի ներդրումը.

6) պետական գույքային հարաբերությունների կարգավորումը և շարունակական բարեփոխումը:

11. Կոմիտեի խնդիրներն են`

1) պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման ծրագրային կառավարման բարեփոխումը.

2) պետական գույքի մասնավորեցման, օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման տրամադրման ընթացակարգերի պարզեցումը, վարչարարության կրճատումը, գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

3) պետական գույքի գրավչությունը և վաճառքի խթանումն ապահովելու համար պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացում առավել գործուն և արդյունավետ գործիքակազմի կիրառումը.

4) չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող պետական գույքը տնտեսական շրջանառության մեջ դնելու աշխատանքների իրականացումը.

5) պետության գործառույթների համար անհրաժեշտ պետական գույքի կազմի և ճիշտ (նախընտրելի) կառուցվածքի սահմանումը.

6) պետական գույքի հաշվառման բնագավառում արդիական միջոցների ներդրումը.

7) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում արդյունավետ գործիքակազմի կիրառումը` կոնցեսիոն և հավատարմագրային կառավարման հանձնելու ճանապարհով.

8) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքներից ելնելով պատասխանատվության և կատարված աշխատանքի խրախուսման բնագավառում նոր գործիքակազմի ներդրումը:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. Կոմիտեի գործառույթներն են`

1) իրականացնում է իրեն հանձնված (ամրացված) պետական գույքի (այդ թվում` իր կառավարմանը հանձնված բաժնետոմսերի) կառավարումը և սպասարկումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին (այսուհետ` նախարար) ներկայացնում է առաջարկություններ պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, ինչպես նաև առանձին տարածքների արդյունավետ օգտագործման, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի ճանաչման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ.

3) համակարգում է պետական գույքի գույքագրման աշխատանքները և համապատասխան պետական կառավարման մարմինների հետ համատեղ դրանց անցկացումը, նախարարին ներկայացնում է հաշվետվություններ պետական գույքի գույքագրման արդյունքների և վիճակի փոփոխությունների վերաբերյալ.

4) իրականացնում է պետական, այդ թվում` պետական, կամ ծառայողական գաղտնիք պարունակող գույքի հաշվառման աշխատանքները և վարում պետական գույքի էլեկտրոնային հաշվառման համակարգը.

5) համագործակցում է միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների հետ.

6) պետական գույքի կառավարման ոլորտում աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ու ներդրումների իրականացման ծրագրերի մշակմանը և դրանց իրագործմանը.

7) մշակում և նախարարին է ներկայացնում պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրը, դրա կատարման արդյունքների մասին կազմում և նախարարին է ներկայացնում տարեկան հաշվետվություն, ինչպես նաև իրականացնում է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների ամփոփումը.

8) մշակում և նախարարին է ներկայացնում պետական գույքի մասնավորեցման ծրագրերի, գրանցում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը.

9) իրականացնում է պետական գույքի մասնավորեցումը, կազմակերպում է վաճառքի իրականացումը, ինչպես նաև կազմում է մասնավորեցման ծրագրերի կատարման տարեկան հաշվետվությունները.

10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնավորեցման և օտարման նախապատրաստական աշխատանքները,

11) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում մասնավորեցման և օտարման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ, վարձում է փորձագետներ, ներգրավում է մասնագիտացված կազմակերպություններ.

12) կնքում է մասնավորեցման գործարքներ, վերահսկում է պայմանագրային պարտավորությունների կատարումը, դրանց չկատարման դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և մասնավորեցման պայմանագրով նախատեսված միջոցներ.

13) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները, գանգատները.

14) մշակում է մասնավորեցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցման մասին իրավական ակտերի նախագծերը.

15) մասնավորեցման համար վճարումը, այդ թվում` հերթական վճարումը, ինչպես նաև մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում հայց է ներկայացնում դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու կամ մասնավորեցման պայմանագրով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ կիրառելու մասին.

16) վերահսկում և վերլուծում է մասնավորեցման ընթացքը` այդ նպատակով տեղեկություններ ստանալով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և դատական մարմիններից.

17) կազմակերպում է մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների (այդ թվում` ազդագրերի) հրապարակումը.

18) մշակում է պետական գույքի օտարման մասին իրավական ակտերի նախագծերը և իրականացնում պետական գույքի, այդ թվում` պետական շենքերով և շինություններով կառուցապատված հողամասերի սահմանված կարգով օտարումը.

19) կազմակերպում է մասնավորեցվող և օտարվող պետական գույքի գնահատման աշխատանքների իրականացումը.

20) մշակում է պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր և դրանք ներկայացնում նախարարին.

21) առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսի (բաժնեմասի) լուծարման և ֆինանսական առողջացման ոլորտներում մշակում և նախարարին է ներկայացնում իրավաբանական անձանց լուծարման կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ առաջարկությունները.

22) պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքում է գործարքներ և գործարքներով մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

23) իրականացնում է պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարումը.

24) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի հաշվառման բնագավառում արդիական մեթոդների ներդնումը և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում պետական գույքի համակարգված հաշվառումը.

25) պետական գույքի օտարման գործընթացում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է աճուրդներ և մրցույթներ.

26) իրականացնում է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրումը, անհրաժեշտության դեպքում մշակում է պետական գույքի անհատույց օգտագործման և վարձակալության տրամադրման մասին իրավական ակտերի նախագծերը.

27) պետական գույքի արդյունավետ կառավարման նպատակով նախարարին ներկայացնում է առաջարկություններ, իր լիազորությունների շրջանակում ընդունում է իրավական ակտեր.

28) մշակում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծերը և ներկայացնում նախարարին, դրանք ընդունվելուց հետո իրականացնում է հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացը.

29) իրականացնում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն, որոշում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, կառավարման ոլորտում կատարված աշխատանքների գնահատում, այդ թվում գործադիր մարմինների ղեկավարների գործունեության գնահատում, արդյունքների հիման վրա խրախուսման կամ պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

30) կազմակերպում է պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման աշխատանքները.

31) բնակչության սոցիալական խնդիրների լուծման նպատակով իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացն ու կնքում պայմանագիր.

32) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու աշխատանքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է համապատասխան պայմանագրեր.

33) պետական շենք, շինությունների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատման վերաբերյալ սեյսմիկ եզրակացության առկայության, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրերի, կամ քաղաքաշինական նախագծերի իրականացման արդյունքներում առաջացող հիմնավոր պահանջի հիմքերով կոմիտեի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված անշարժ գույքի քանդման մասին ընդունում է որոշում.

34) ապահովում է կոմիտեի համակարգում զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը:

IV. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Կոմիտեի կառավարումն իրականացնում է նախարարը:

14. Նախարարը`

1) հաստատում է կոմիտեի կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները.

3) իրականացնում է կոմիտեի գործունեության վերահսկողությունը.

4) լսում է կոմիտեի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

15. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

16. Կոմիտեի նախագահին անմիջական հաշվետու են կոմիտեի նախագահի տեղակալները, գլխավոր քարտուղարը, կոմիտեի նախագահի օգնականները, կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

17. Կոմիտեի նախագահին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:

18. Կոմիտեի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին:

19. Կոմիտեի նախագահը`

1) պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իրականացնում է կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կառավարումը.

4) օրենքով կամ կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` իր լիազորությունների սահմանում կատարում է պաշտոնի նշանակում և ազատում, ինչպես նաև կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

7) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

8) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականներ.

10) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, Ենթակայությանը հանձնված կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

11) սույն կանոնադրությամբ նախատեսված, իր լիազորությունների սահմանում, ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր:

20. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է կոմիտեի նախագահի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

21. Կոմիտեի հաստիքացուցակը կոմիտեի նախագահի առաջարկությամբ հաստատում է նախարարը:

22. Կոմիտեի նախագահի տեղակալը`

1) գործում է կոմիտեի նախագահից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված ոլորտում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպություններին փոխանցում է կոմիտեի նախագահի հանձնարարականները, ապահովում է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կողմից կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի նախագահին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է կոմիտեի նախագահի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

23. Կոմիտեի գլխավոր քարտուղարը`

1) իրականացնում է կոմիտեի իրավասության սահմաններում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականությունների ձեռք բերում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է կոմիտեի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար.

3) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

4) օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում պետությանը իր մեղքով պատճառած վնասի համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաև նրա` պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով պետությանը պատճառած վնասը հատուցում է սույն մասի պահանջը խախտած անձը.

5) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

6) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

7) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

8) կոմիտեի նախագահին է ներկայացնում առաջարկություններ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

9) կոմիտեի նախագահին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

10) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է կոմիտեի նախագահի տեղակալների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

11) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին և կազմակերպություններին փոխանցում է կոմիտեի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի նախագահին,

12) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) կոմիտեի նախագահի և (կամ) կոմիտեի նախագահի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

13) ունի տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին:

24. Գլխավոր քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

25. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչությունը.

2) պետական բաժնեմասի կառավարման վարչությունը.

3) պետական գույքի տնօրինման վարչությունը.

4) իրավաբանական վարչությունը:

26. Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությունը.

2) քարտուղարությունը.

3) անձնակազմի կառավարման բաժինը.

4) առաջին բաժինը.

27. Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է կոմիտեի նախագահը` հաստատելով դրանց կանոնադրությունները:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

29. Կոմիտեի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

30. Կոմիտեին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

31. Կոմիտեն տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

32. Կոմիտեն վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

33. Կոմիտեի ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

34. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

35. Կոմիտեի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
27.04.2020
N 30-Լ
Հրաման