Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

10 հունիսի 2020 թվականի N 37-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

Ս. Պապիկյան

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2020 թվականի հունիսի 10-ի

N 37-Լ հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` նախարարություն) ենթակա պետական մարմին է:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Կոմիտեն գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Կոմիտեի անվանումն է`

1) հայերեն` Քաղաքացիական ավիացիայի կոմիտե,

2) ռուսերեն` Կօմմիտետ գրաժդանսկօյ ավիացիի,

3) անգլերեն` Civil aviation committee,

4) ֆրանսերեն` Comite՛ de l'aviation civile:

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, պաշտոնական էլեկտրոնային հասցե և անհատականացման այլ միջոցներ:

6. Կոմիտեի կառուցվածքում ընդգրկվում են Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի, Կոմիտեի նախագահի օգնականների, գլխավոր քարտուղարի հաստիքները և կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահվում է պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Կոմիտեի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան, 0042:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Կոմիտեի նպատակներն են`

1) քաղաքացիական ավիացիայի բնագավառի քաղաքականության մշակմանը և իրականացմանը մասնակցությունը.

2) օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգումը.

3) քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության կանոնակարգումը,

4) թռիչքային անվտանգության, ավիացիոն անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը,

5) ընդհանուր նշանակության ավիացիայի կանոնակարգումը,

6) աերոնավիգացիոն սպասարկման կանոնակարգումը,

7) Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման սահմանափակումների ու արգելքների սահմանումը, իսկ ռազմական ավիացիային առնչվող մասով` դրանք համաձայնեցնելով նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.

8) ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառռւցվածքների վերահսկողության իրականացումը:

10. Կոմիտեի խնդիրներն են`

1) օդային փոխադրումների քաղաքականության ընթացքի, զարգացման և հեռանկարային միտումների ուսումնասիրության և վերլուծության իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի մշակումը, ներդրումը և վարումը.

3) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մշակումը, ներդնումը և վարումը.

4) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` թռիչքային և ավիացիոն անվտանգության, քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անձանց, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ու դրանց որակի, նկատմամբ վերահսկողության իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության գործող պահանջներին դրանց շարունակական համապատասխանությունն ապահովելու նպատակով.

5) քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն միջադեպերի մասնագիտական քննության, թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծության իրականացումը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա միջադեպերի և պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը.

6) իր իրավասության սահմաններում օդային տարածքի օգտագործման պետական կարգավորման իրականացումը.

7) իր իրավասության սահմաններում օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք շենքերի ու կառույցների նկատմամբ անհրաժեշտ հսկողություն իրականացնելու նպատակով դրանց շինարարական նախագծերի ուսումնասիրումը և համաձայնություն տալը.

8) աերոդրոմների և ուղղաթիռադաշտերի սերտիֆիկացման, օդանավակայանների շահագործման, աերոնավիգացիոն սպասարկման տեխնիկական և այլ վերգետնյա միջոցների ու մատուցվող ծառայությունների ապահովության և անվտանգության կանոնակարգումն ու վերահսկողությունը.

9) աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպություններին թույլտվությունների և աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) սերտիֆիկատների տրամադրում, սերտիֆիկացված աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) ռեգիստրի վարումը.

10) վերահսկողություններ իրականացնելիս գործող նորմատիվների պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում, ըստ անհրաժեշտության, տվյալ գործողության հետագա իրականացման կասեցումը կամ դադարեցումը, խախտումների վերացման մասին համապատասխան հանձնարարականներ տալը և դրանց կատարելուն պարտավորեցնելը.

11) Օդանավ շահագործողի վկայական տրամադրելու ընթացքում հայտի համապատասխանությունը սահմանված պահանջներին որոշելու նպատակով առևտրային օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ֆինանսական միջոցների գնահատման և վերլուծության ապահովում.

12) քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու անձանց օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելը.

13) քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, ինչպես նաև աերոնավիգացիոն սպասարկման ոլորտում քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը և հանդես գալը:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Կոմիտեի գործառույթներն են`

1) ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստումը, քննարկումը, բանակցությունների վարումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ` նախարար) հետ համաձայնեցնելով թռիչքային անվտանգության պետական ծրագրի մշակումը` հիմքում ունենալով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) կողմից կատարվող փոփոխությունները.

3) սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.

4) քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերի մշակումը և Նախարարին ներկայացումը, դրանց ներդրումը` համաձայնեցնելով դրանք պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի հետ, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին.

5) քաղաքացիական ավիացիայի գործունեության, ներառյալ` ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային ու ավիացիոն անվտանգության, ինչպես նաև օդանավակայանային գործունեության և աերոնավիգացիոն սպասարկման պահանջների սահմանումը, կանոնակարգումը և վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.

6) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` ավիացիայի համակարգում առևտրային գործունեություն իրականացնելու համար առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրերի և թույլտվությունների տրամադրումը.

7) քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը.

8) ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի և ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի մշակումը.

9) քաղաքացիական ավիացիայի տնտեսական գործունեության վերաբերյալ պահանջների մշակումը և հաստատումը.

10) Կոմիտեի բյուջետային գործընթացի կազմակերպում.

11) Կոմիտեի միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ), տարեկան բյուջետային հայտերի կազմում և ներկայացում իրավասու մարմիններ.

12) Օդանավակայանների և քաղաքացիական ավիացիայի զարգացման ծրագրերի և մաստեր պլանների քննարկում, առաջարկությունների ներկայացում.

13) Ավիաընկերությունների կատարած թռիչքների և փոխադրած ուղևորների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ուղևորափոխադրումների վերաբերյալ ցուցանիշների ամփոփում և վիճակագրական հաշվետվությունների կազմում.

14) Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին (օդանավ շահագործողներին) հավաստագրերի և օդանավ շահագործողի վկայականի տրման շրջանակներում շարունակական, հուսալի և ապահով առևտրային օդային փոխադրումների իրականացման նպատակով պահանջվող ֆինանսական միջոցների կամ բանկային դեպոզիտների և բանկային երաշխիքների մասին տեղեկանքների, ապահովագրության համապատասխանության, ներկայացվող բիզնես ծրագրերի, անձնակազմի անհրաժեշտ ուսուցման, ֆինանսական հաշվետվությունների, եկամուտների և ծախսերի կանխատեսումների, ֆինանսական վերլուծությունների և պարբերական մոնիթորինգի իրականացում,

15) Կոմիտեին վերապահված մասով գանձվող պետական տուրքերի մասին տեղեկությունների հավաքագրում և ներկայացում իրավասու պետական մարմիններ.

16) օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու, օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության և փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգերի սահմանումը.

17) ուսումնական և հատուկ բնույթի որոշակի թռիչքների (այդ թվում` անօդաչու թռչող սարքերով թռիչքների) իրականացման նպատակով լրացուցիչ պայմաններ և պահանջներ պարունակող հատուկ կարգերի սահմանումը

18) քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձևերի ու ցանկի, ինչպես նաև դրանց կիրառման կարգի սահմանումը.

19) ԻԿԱՕ-ի և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական և բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունների և վկայականների տրամադրման կարգի սահմանումը.

20) օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերի ուսումնասիրության և ճանաչման կարգի սահմանումը.

21) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատների, վկայականների և թույլտվությունների տրամադրումը և դրանց գործողության ժամկետի երկարաձգումը, դադարեցումը և կասեցումը` անհրաժեշտության դեպքում փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.

22) իր սահմանած կարգով`

ա. ԻԿԱՕ-ի և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական և բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրության կատարումը և վկայականների տրամադրումը,

բ. օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերի ուսումնասիրության իրականացումը և ճանաչումը.

23) օդանավերի` երկրորդային հետևանքներ չառաջացրած աղետների դեպքում որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը.

24) օդանավակայանների և օդանավ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատումը.

25) վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվությունների տրամադրումը.

26) ավիացիոն մասնագետներին (թռիչքային անձնակազմի անդամներին, օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետներին, օդային երթևեկության կարգավարների կազմին) վկայականների տրամադրումը, երկարաձգումը, որակավորման նիշերի տրամադրումը և երկարաձգումը, վկայականների կասեցումը և վկայականների գործողության ժամկետների դադարեցումը.

27) Հայաստանի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերի ստուգումների իրականացումը.

28) հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող կազմակերպությունների թռիչքներին կոմիտեի համապատասխան մասնագետների և ներկայացուցիչների մասնակցության ապահովումը.

29) օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ այդ մարմնի կողմից ընտրված գործակալությունների) և միջազգային ավիացիոն կազմակերպությունների տրված սերտիֆիկատների, վկայականների, թույլտվությունների ու տեխնիկական եզրակացությունների ընդունումը և ճանաչումը.

30) թռիչքային անձնակազմի անդամների ուսուցման և վերապատրաստման նպատակով օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների ուսումնասիրության և ճանաչման կարգի սահմանումը.

31) միջազգային պայմանագրերով, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր առջև դրված խնդիրների իրականացման համար քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկությունների ստացում.

32) Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցումը, հաշվառումը, օդանավերի պետական ռեգիստրի (ռեեստրի) և դրա հավելվածի վարումը, օդանավերի գրանցումը, ապագրանցումը` գրանցումից դուրս հանելը, հաշվառումը և օդանավերի թռիչքային պիտանիության վկայականների տրամադրումը` իր սահմանած կարգով.

33) օդանավի շահագործման կանոնների սահմանումը.

34) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը, ինչպես նաև «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացումը:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Կոմիտեի կառավարումն իրականացնում է նախարարը:

13. Նախարարը`

1) հաստատում է Կոմիտեի կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

2) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները.

3) իրականացնում է Կոմիտեի գործունեության վերահսկողությունը.

4) լսում է Կոմիտեի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում Կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Կոմիտեի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները:

14. Կոմիտեն ղեկավարում է Կոմիտեի նախագահը:

i

15. Կոմիտեի նախագահին անմիջական հաշվետու են Կոմիտեի նախագահի տեղակալը, գլխավոր քարտուղարը, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարները, Կոմիտեի նախագահի օգնականը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

(15-րդ կետը փոփ. 02.07.2020 թիվ 48-Լ հրաման)

16. Կոմիտեի նախագահը հաշվետու է Կառավարությանը, վարչապետին և նախարարին:

17. Կոմիտեի նախագահը`

1) պատասխանատու է Կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և (կամ) Կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության և (կամ) Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության և/կամ Կոմիտեի անունից կարող է կնքել համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր.

4) իր իրավասության սահմաններում իրականացնում է Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

5) նշանակում և ազատում է մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

6) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

7) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

8) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

11) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

18. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Կոմիտեի նախագահի տեղակալը:

19. Կոմիտեի հաստիքացուցակը Կոմիտեի նախագահի առաջարկությամբ հաստատում է նախարարը:

20. Կոմիտեի նախագահի տեղակալը`

1) գործում է Կոմիտեի նախագահից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է Կոմիտեի աշխատանքները` իրեն հանձնարարված ոլորտում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակայությանը հանձնված կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է Կոմիտեի նախագահի հանձնարարականները, ապահովում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կողմից Կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով Կոմիտեի նախագահին,

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկությունների.

5) իրականացնում է Կոմիտեի նախագահի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

21. Կոմիտեի նախագահի տեղակալը ունի օգնական: Կոմիտեի նախագահի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Կոմիտեի նախագահի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է Կոմիտեի նախագահի տեղակալին:

22. Կոմիտեի գլխավոր քարտուղարը`

1) առանց լիազորագրի` Կոմիտեի իրավասության սահմաններում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտավորությունների ձեռք բերման և իրականացման բնագավառներում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով և այլ իրավական ակտերով տնօրինում է Կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է Կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) Կոմիտեի նախագահին է ներկայացնում առաջարկություններ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

5) Իր իրավասության շրջանակներում Կոմիտեի նախագահին է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության և իր հաշվետվությունները.

6) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է Կոմիտեի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով Կոմիտեի նախագահին.

8) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) Կոմիտեի նախագահի և (կամ) Կոմիտեի նախագահի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

9) կազմակերպում է Կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

10) կազմակերպում է Կոմիտեում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

23. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

i

1) Թռիչքային պիտանիության վարչություն

2) Ավիացիոն անվտանգության վարչություն.

3) Թռիչքային գործունեության վարչություն.

4) Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն.

5) Օդային փոխադրումների կարգավորման վարչություն.

6) Ներքին աուդիտի բաժին:

(23-րդ կետը փոփ. 02.07.2020 թիվ 48-Լ հրաման)

24. Կոմիտեի աջակցող մասնագիտական ստորաբաժանումներն են.

1) Իրավաբանական վարչություն.

2) Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն.

3) Անձնակազմի կառավարման բաժին.

4) Ընդհանուր բաժին.

5) Առաջին բաժին:

(24-րդ կետը փոփ. 02.07.2020 թիվ 48-Լ հրաման)

25. Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է Կոմիտեի նախագահը` հաստատելով դրանց կանոնադրությունները:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ

 

26. Կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ (օրենսդրությամբ նախատեսված դեպքերում):

27. Կոմիտեի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

28. Կոմիտեին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը:

29. Կոմիտեն տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ ու հայտարարագրեր:

31. Կոմիտեի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
10.06.2020
N 37-Լ
Հրաման