ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
8 հունվարի 2020 թվականի N 08-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԻ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ», «ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ «ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐՈՒՄ/ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրում/ծրագրերում ընդգրկված շահառուներին ծառայություններ մատուցելու վերաբերյալ» հրապարակային օֆերտայով կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի,
2. Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարող Լուսինե Քոչարյանին`
կազմակերպել սույն հրամանով հաստատված պայմանագրի օրինակելի ձևով հրապարակային օֆերտայի տեղադրումը առողջապահության նախարարության http://www.moh.am/ կայքում:
3. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`
հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետով հաստատված պայմանագրի դրույթները:
4. Սույն հրամանով հաստատված պայմանագրի դրույթները տարածվում են 2019 թվականի դեկտեմբերի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին:
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Հավելված
առողջապահության նախարարի
2020 թվականի հունվարի 8-ի
N 08-Ա հրամանի
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԻ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ», «ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ «ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐՈՒՄ/ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` Պատվիրատու), որը գործում է առողջապահության նախարարության կանոնադրության հիման վրա, որպես բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող մի կողմից և իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ով ակցեպտավորել է համացանցում (ինտերնետում) առողջապահության նախարարության պաշտոնական http://www.moh.am/ կայքում տեղադրված օֆերտան, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ» և/կամ «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և/կամ «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրում/ծրագրերում ընդգրկված շահառուներին ծառայություններ մատուցելու ցանկություն հայտնած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ կազմակերպություն) և առողջապահության նախարարության միջև հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի պահանջներին համապատասխան առողջապահության նախարարության կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի հիման վրա կնքված սույն պայմանագրով:
1.2. Ծառայություններ մատուցելու ցանկություն հայտնած կազմակերպությունը սույն պայմանագրի հավելված 2-ով սահմանված ձևի դիմումով (ակցեպտով) դիմում է առողջապահության նախարարություն, որով հավաստում է սույն պայմանագրի հավելված 1-ով սահմանված պայմաններն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունելու և ծրագրի/ծրագրերի շրջանակներում իրականացվող ծառայությունները սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան մատուցելու մասին իր համաձայնությունը:
1.3. Պայմանագիրը համարվում է կնքված` կազմակերպությանը առողջապահության նախարարի (այսուհետ Նախարար) հրամանով հաստատված օֆերտայի պայմանագրով աշխատող կազմակերպությունների ցանկում (այսուհետ` Ցանկ) ներառելու օրվանից, որը հրապարակվում է առողջապահության նախարարության պաշտոնական կայքում: Կազմակերպության դիմումը առողջապահության նախարարություն մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում չմերժվելու դեպքում կազմակերպությունը համարվում է ներառված Ցանկում:
1.4. Պայմանագրի հավելված 1-ով սահմանված պայմաններից որևէ մեկին կամ մի քանիսին չբավարարող հեռավոր և սահմանամերձ շրջանների բնակչությանը բժշկական օգնություն տրամադրող, տվյալ տարածաշրջանում իրենց կողմից մատուցվող ծառայությունների առումով այլընտրանք չունեցող կազմակերպությունները և հատուկ նշանակության կազմակերպությունները (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը), ելնելով տնտեսական ու տարածքային առանձնահատկություններից, Նախարարի հրամանով կարող են ընդգրկվել Ցանկում:
1.5. 2020 թվականին սահմանված կարգով պետական պատվերի տեղադրման հայտ ներկայացրած և առողջապահության նախարարության կողմից հայտը բավարարած կազմակերպությունները համարվում են ներառված Ցանկում: Սկսած 2021 թվականից կազմակերպությունների հետ առողջապահության նախարարության կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի հիման վրա կնքվող պայմանագրային գործընթացը իրականացվում է ընդհանուր հիմունքներով:
1.6. Կազմակերպությունը Ցանկում ներառվում է անժամկետ և ցանկացած ժամանակ կարող է ներկայացնել դրանից դուրս գալու դիմում: Կազմակերպությունը համարվում է Ցանկից դուրս եկած` դիմումը առողջապահության նախարարություն մուտքագրվելուն հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից:
1.7. Պայմանագրով նախատեսված ծրագրի/ծրագրերի շրջանակում մատուցված Պայմանագրի հավելված 3-ով սահմանված ծառայությունների դիմաց փոխհատուցումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ տեսակի համար սույն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման (այսուհետ Որոշում) 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված նորմատիվներով և գներով, սակայն ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով տվյալ ծրագրի համար հաստատված տարեկան գումարը:
1.8. Պայմանագրով նախատեսված ծրագրերի բյուջետային ծախսերը հաշվարկվում են ակտուարական հաշվարկների հիման վրա` հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում նշված ծրագրերով փաստացի կատարած և էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրած դեպքերի թիվը:
1.9. Երբ Պայմանագրով նախատեսված ծրագրով կազմակերպությունների կողմից մատուցվող (մատուցվելիք) ծառայությունների արժեքը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով տվյալ ծրագրի համար հաստատված տարեկան գումարի 90 տոկոսը, ապա տվյալ ծրագրով ծառայություններ մատուցող կազմակերպությունները առողջապահության նախարարության կողմից այդ մասին ծանուցվում են, որից հետո ծառայությունները կազմակերպությունների կողմից մատուցվում են Որոշման 3-րդ կետի 4-րդ կետով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգի: Նշված դեպքում կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր շահառուի մասով ծառայությունը մատուցվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով դեպքերի նախնական հաստատումից հետո` բացառությամբ անհետաձգելի դեպքերի:
1.10. Պետական բյուջեով նախատեսված միջոցները սպառված լինելու դեպքում, տվյալ տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ կազմակերպության կողմից մատուցված և չվճարված պարտավորությունները համարվում են դադարած:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2.1. Կազմակերպությունը (այսուհետ Կատարող) պարտավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ» և/կամ «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և/կամ «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրի/ծրագրերի շրջանակներում ցուցաբերել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում (այսուհետ` Բուժօգնություն) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրա իրավունքը ունեցող անձանց` բժշկական օգնության և սպասարկման տեսակների համապատասխան լիցենզիաներով տրված համապատասխան Բուժօգնության տեսակների գծով, առողջապահության նախարարի (այսուհետ Նախարար) կողմից հաստատված նորմատիվներով և սույն պայմանագրի հավելված 3-ով սահմանված ծառայություններով և գներով:
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Կատարողն իրավունք ունի.
3.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով ստանալ փոխհատուցում սույն պայմանագրի պայմաններին համապատասխան ծավալով և որակով մատուցված Բուժօգնության համար,
3.1.2. անհրաժեշտության դեպքում հիմնավորել Պատվիրատուին ներկայացված Բուժօգնության վերաբերյալ հաշվետվությունների արժանահավատությունը` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով,
3.1.3. ներկա գտնվել Պատվիրատուի կողմից բժշկական կազմակերպությունում իրականացվող դիտարկումներին, մշտադիտարկումներին, ուսումնասիրություններին, փորձագիտական գործունեությանը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել Պատվիրատուի գործողությունները,
3.1.4. օգտվել ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներից:
3.2. Կատարողը պարտավոր է.
3.2.1. Բուժօգնությունն իրականացնել ոլորտը կարգավորող օրենքներին, որոշումներին և Նախարարի անհատական և նորմատիվ հրամաններին համապատասխան,
3.2.2. յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 2-րդ աշխատանքային օրվա աշխատանքային ժամի ավարտը (դեկտեմբեր ամսվա համար մինչև դեկտեմբերի 15-ին հաջորդող 2-րդ աշխատանքային օրվա աշխատանքային ժամի ավարտը) էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով ամփոփել և ներկայացնել Բուժօգնության շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ծրագրերին համապատասխան առանձին ընդունման-հանձնման արձանագրություններ և հաշվարկային փաստաթղթեր, ինչպես նաև իր կողմից իրականացվող գործունեության վերաբերյալ Նախարարի կողմից և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվություններ, ձևեր և տեղեկանքներ,
3.2.3. ապահովել սույն պայմանագրի հավելված 4-ով սահմանված «Ծառայությունների մատուցման պայմաններ»- ը,
3.2.4. Պատվիրատուի կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների փոխանցումն ապահովող ցանցի (data network) ներդրման դեպքում 14 օրյա ժամկետում միանալ տվյալ ցանցին,
3.2.5. ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրականացվող Բուժօգնության մասին տեղեկատվության հրապարակայնությունը, այդ թվում` հաստատված տեսանելի վայրերում փակցնել առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2780-Ա հրամանով հաստատած պետական պատվերի ծառայությունների ծավալների և շահառուների վերաբերյալ տեղեկատվական պաստառները,
3.2.6. ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար Բուժօգնություն ստացող անձանց իրազեկման թերթիկի լրացումը և տրամադրումը պացիենտներին` համաձայն Նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի N 3274-Ա հրամանով հաստատված կարգի,
3.2.7. ապահովել գոյացած ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործումը` պահպանելով ծախսերի իրականացման հետևյալ առաջնահերթությունները.
3.2.7.1. աշխատավարձ,
3.2.7.2. հարկային պարտավորություններ,
3.2.7.3. դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գնում,
3.2.7.4. այլ ծախսեր,
3.2.8. սահմանել աշխատողների աշխատավարձը, այդ թվում` ըստ բուժաշխատողների տարբեր կատեգորիաների աշխատավարձի նվազագույն ամսական չափերը` Նախարարի հրամաններով հաստատված աշխատողների աշխատանքի վարձատրության հաշվարկման և վճարման ուղեցույցներին և չափորոշիչներին համապատասխան,
3.2.9. ապահովել Պատվիրատուի կողմից սահմանված կարգով և հաստատված ձևերով իրականացվող Բուժօգնության հաշվառումը, գրանցումը, մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության համակարգ` սահմանված ժամկետներում և տեխնիկական չափանիշներին համապատասխան, ինչպես նաև ապահովել էլեկտրոնային առողջապահության համակարգի սպասարկումը սեփական միջոցներով,
3.2.10. դեպքերի անհատական վարում իրականացնելու նպատակով (case management)
Նախարարի կողմից հաստատված ծրագրերի կամ ծառայությունների մասով ապահովել պացիենտների այցելությունների, բժշկական միջամտությունների, մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության համակարգ,
3.2.11. ապահովել առնվազն բժիշկների, միջին բուժանձնակազմի, ինչպես նաև էլեկտրոնային առողջապահության համակարգից օգտվող վարչատնտեսական անձնակազմի նույնականացման քարտերի առկայությունը,
3.2.12. ապահովել էլեկտրոնային առողջապահության համակարգում պահանջվող տվյալների սահմանված կարգով մուտքագրումը և դրանց թարմացումը,
3.2.13. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում ապահովել էլեկտրոնային առողջապահության համակարգից մշակվող տեղեկատվության գաղտնիությունը,
3.2.14. ապահովել ներկայացված հաշվետվությունների տվյալների իսկությունը և արժանահավատությունը, որի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ինքն է կրում պատասխանատվություն,
3.2.15. պայմանագրի գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին գրավոր տեղեկացնել Պատվիրատուին,
3.2.16. Պատվիրատուի կողմից դիտարկում, մշտադիտարկում, ուսումնասիրություն, փորձագիտական գնահատում իրականացնելու ամբողջ ընթացքում ապահովել Պատվիրատուին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի և այլ տեղեկատվության ներկայացումը, ապահովել համապատասխան մասնագետների համար աշխատանքային պայմաններ, օժանդակել աշխատանքները ժամանակին և լիարժեք կատարելու հարցում,
3.2.17. կատարել Բուժօգնության ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
3.3. Պատվիրատուն իրավունք ունի.
3.3.1. սույն պայմանագրի համաձայն իրականացնել դիտարկումներ, մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական գնահատում Կատարողի կողմից Բուժօգնության կատարման ընթացքի, Նախարարի կողմից հաստատված չափորոշիչներով և Պայմանագրով սահմանված ծավալների, որակի, Կատարողի գործունեությունը բնութագրող տեղեկատվության արժանահավատության և ստացված ֆինանսական միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման ճշտության և իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման և պահպանման վերաբերյալ, սահմանել հայտնաբերված թերությունները սեփական միջոցներով վերացնելու ողջամիտ ժամկետ,
3.3.2. բժշկական կազմակերպություններում առողջապահության նախարարությունը կարող է ունենալ մշտական ներկայացուցիչ: Ներկայացուցիչների աշխատակարգը, պարտականությունները և իրավունքները կարգավորվում է Նախարարի համապատասխան հրամանով:
3.3.3. պայմանագրով նախատեսված աշխատանքների ուսումնասիրության, դիտարկման, մշտադիտարկման, փորձագիտական գնահատման արդյունքներով հայտնաբերված թերությունները վկայակոչելու և դրանց հետ կապված պահանջներ ներկայացնելու` աշխատանքն ընդունելուց հետո մինչև երեք տարվա ընթացքում: Սույն կետը կիրառվում է նաև կողմերի միջև մինչև սույն պայմանագրի կնքումը ծագած հարաբերությունների նկատմամբ` կապված նախորդ երկու տարիների ընթացքում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ձեռքբերման հետ,
3.3.4. ամբողջությամբ կամ մասնակի չֆինանսավորել դեպքերի անհատական վարման (case management), մշտադիտարկման, դիտարկման կամ ուսումնասիրություն իրականացնելու ընթացքում հայտնաբերված`
3.3.4.1. բուժօգնության այն ծավալները, որոնք ըստ Կատարողի կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով ներկայացված հաշվետվությունների` պացիենտին մատուցվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ պատշաճ ծավալի և որակի,
3.3.4.2. պացիենտի ախտորոշմանը չհամապատասխանող լաբորատոր-գործիքային հետազոտություններով կամ բուժման պլանով կամ բժշկի կողմից նշանակված դեղերով բժշկական օգնության մատուցման դեպքերը,
3.3.4.3. ոլորտը կարգավորող իրավական ակտերի դրույթների չպահպանման դեպքերում,
3.3.5. Կատարողի կողմից սույն պայմանագրով սահմանված միևնույն դրույթը պայմանագրի գործողության ժամկետում կրկնակի խախտելու դեպքում`
3.3.5.1. կիրառել սույն պայմանագրով նախատեսված տույժեր, տուգանքներ և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ,
3.3.5.2. միակողմանի լուծել պայմանագիրը` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածը,
3.3.6. այն դեպքում, երբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ մինչև պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում սույն պայմանագրի դրույթներին, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև սույն պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, Պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով պայմանագրի կողմի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է:
3.3.7. միակողմանի լուծել սույն պայմանագիրը, եթե Կատարողը էականորեն խախտել է սույն պայմանագրի դրույթները: Կատարողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`
3.3.7.1. մատուցված ծառայությունները չեն համապատասխանում սույն պայմանագրով սահմանված պահանջներին,
3.3.7.2. սահմանված ժամկետներում չի իրականացնում պայմանագրով նախատեսված տույժերի և տուգանքների վճարումները
3.3.8. կրել Բուժօգնության ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
3.4. Պատվիրատուն պարտավոր է.
3.4.1. իրավական ակտերով սահմանված ժամկետներում ընդունել և ամփոփել Կատարողի կողմից իրականացված Բուժօգնության վերաբերյալ ներկայացված հաշվետվությունները և ներկայացնել վճարման,
3.4.2. սահմանված կարգով ապահովել ֆինանսավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրումը և այլ անհրաժեշտ գործողությունների կատարումը` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը, իսկ դեկտեմբեր ամսվա առաջին կեսի համար` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը` Կատարողի կողմից սույն պայմանագրի 3.2.2. կետով սահմանված ժամկետների պահպանման պայմանով,
3.4.3. Կատարողին ցուցաբերել անհրաժեշտ կազմակերպամեթոդական օժանդակություն, առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում ստեղծել հատուկ դարան և տեղադրել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ոլորտը կարգավորող իրավական ակտերը,
3.4.4. վճարումներ իրականացնելիս` պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ապահովել Կատարողի նկատմամբ տույժերի և տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը, եթե պատվիրատուն պայմանագրով սահմանված ժամկետում չի ընդունում պայմանագրի արդյունքը կամ չի մերժում, ապա այն համարվում է ընդունված, և պայմանագրով սահմանված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն պայմանագրի կողմին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը: Ընդ որում, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստն ամրագրվում է երկկողմ հաստատված փաստաթղթով` նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը (էլեկտրոնային հասցեով հանձնելու դեպքում հիմք է ընդունվում էլեկտրոնային նամակի ուղարկման ամսաթիվը),
3.4.5. Կատարողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը Պատվիրատուն հրապարակում է առողջապահության նախարարության պաշտոնական կայքում` նշելով հրապարակման ամսաթիվը: Կատարողը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին պատշաճ ծանուցված` ծանուցումը կայքում հրապարակվելուն հաջորդող աշխատանքային օրվանից,
3.4.6. Կատարել ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
4. ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
4.1. Կատարողի կողմից սույն պայմանագրի շրջանակներում մատուցված կամ մատուցվող ծառայությունների որակի և ծավալի համապատասխանության գնահատումը սույն պայմանագրի պահանջներին իրականացվում է` ՀՀ օրենսդրությամբ և Նախարարի հրամանով հաստատված ընթացակարգով` մշտադիտարկումների, դիտարկումների, ուսումնասիրությունների, դեպքերի անհատական վարման (case management) միջոցով:
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Սույն պայմանագրով Կատարողի ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել տվյալ տարում տվյալ ծրագրով իրականացված աշխատանքների 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից:
5.2. պարտավորությունների ոչ պատշաճ կատարում է համարվում նաև`
5.2.1. եթե Կատարողի կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրված տվյալներում յուրաքանչյուր ծրագրի մասով հայտնաբերված թերությունների, անճշտությունների կամ ոչ արժանահավատ դեպքերի թիվը ամսական կտրվածքով կազմում է ներկայացված հաշվետվությունների 5 տոկոսը կամ ավելին,
5.2.2. Կատարողի կողմից սույն պայմանագրով նախատեսված Բուժօգնության ծավալները ոչ ամբողջությամբ կամ մասնակի կամ ոչ պատշաճ որակի Բուժօգնության տրամադրումը` Պատվիրատուի կողմից Կատարողին սույն պայմանագրի գործողության ընթացքում առնվազն մեկ անգամ գրավոր նախազգուշացնելուց հետո նույն խախտումը կրկնվելու կամ այն չվերացնելու դեպքում,
5.3. սույն պայմանագրով հաշվետվությունների ներկայացման ժամկետները խախտելու դեպքում Կատարողից ուշացման յուրաքանչյուր օրվա համար կարող է գանձվել տույժ` հաշվետու ժամանակահատվածում ներկայացման ենթակա կատարողականի արժեքի առնվազն 0,05%-ի չափով,
5.4. Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 3.4.2. կետով նախատեսված ժամկետի խախտման համար Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար կարող է հաշվարկվել տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05%-ի չափով,
5.5. Կատարողը սահմանված կարգով և չափերով պատասխանատվություն է կրում նաև սույն պայմանագրի հավելված 4-ով սահմանված «Ծառայությունների մատուցման պայմաններ»-ում նշված պարտավորությունների չկատարման համար,
5.6. սույն պայմանագրի շրջանակներում մշտադիտարկումների, դիտարկումների, ուսումնասիրությունների, դեպքերի անհատական վարման միջոցով հայտնաբերված այն խախտումների գումարը, որոնք կատարվել են սույն պայմանագրի գործողության ժամանակահատվածում, Պատվիրատուն պակասեցնում է Կատարողի ընթացիկ տարվա փաստացի աշխատանքների ծավալից, իսկ սույն պայմանագրի գործողության ժամանակահատվածից դուրս հայտնաբերված խախտումների արձանագրված գումարը փոխանցվում է ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշիվներին,
5.7. Պատվիրատուի կողմից հայտնաբերված խախտումների ճշտումը չի ազատում Կատարողին իր պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ օրենսդրությամբ և սույն պայմանագրով նախատեսած պատասխանատվությունից,
5.8. տուգանքի և տույժի վճարումը Պատվիրատուին և Կատարողին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները ամբողջությամբ կատարելու կամ խախտումները վերացնելու պարտականությունից,
5.9. սույն պայմանագրի շրջանակում նախատեսված տուգանքները և տույժերը հաշվարկվում և վճարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.10. սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում Պատվիրատուն և Կատարողը իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
6.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե եղել է անհաղթահարելի ուժի ազդեցություն, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի համընդհանուր դադարեցումը, պետական մարմինների ակտերը, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
7.1. Սույն պայմանագիրը կարող է լուծվել, եթե կողմերը կամ լուծարվել, կամ վերակազմակերպվել, կամ սնանկ են ճանաչվել` հատուցելով կողմերի կատարած ծախսերը,
7.2. Սույն պայմանագիրը կարող է լուծվել 3.3.5.2, 3.3.6, 3.3.7 և 5.1 կետերով նախատեսված դեպքերում,
7.3. Սույն պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել` 7.2 կետում նշված համաձայնագրի ընդունումից Կատարողի հրաժարման դեպքում,
7.4. ՀՀ օրենսդրությամբ կամ սույն պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև 31.12.2020 թվականը: Պայմանագրի պայմանները կիրառվում են 2019 թ. դեկտեմբերի 15-ից մինչև պայմանագիր կնքելը, բայց ոչ ուշ, քան 2020 թ. հունվարի 31-ը կողմերի միջև ծագած հարաբերությունների նկատմամբ:
8.2. Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Նախարարի հրամանով Պայմանագրում փոփոխություն կատարելու միջոցով, որը հրապարակվում է առողջապահության նախարարության պաշտոնական կայքում և որի մասին առողջապահության նախարարության կողմից էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցվում են Ցանկում ներառված բոլոր կազմակերպությունները: Կատարողի կողմից ծանուցումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում առարկություններ չստանալու դեպքում փոփոխությունը համարվում է ընդունված:
8.3. Սույն պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքում տվյալ պահին բուժումը դեռ չավարտած պացիենտների բուժման հետագա փոխհատուցումը իրականացնելու նպատակով, Կատարողը Պատվիրատուին է ներկայացնում պակասեցման ենթակա ծառայության մասով բուժումը շարունակող պացիենտների ցանկը և հիվանդության պատմագրերի համարները:
8.4. Կողմերի միջև վեճերը լուծվում են Կողմերի բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.5. Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ Պայմանագրի փոփոխման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8.6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է այդ գործարքի` լիազորված մարմնի կողմից հաշվառված լինելու հանգամանքը:
9. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՀԱՍՑԵՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
._________________________________________________________.
|Պատվիրատու` Առողջապահության նախարարություն |
|_________________________________________________________|
|Հասցե` Երևան, Կառավարական տուն 3 |
|_________________________________________________________|
|Սպասարկող բանկ` ՀՀ ՖՆ աշխատակազմի գործառնական վարչություն|
|_________________________________________________________|
|Բանկային հաշիվ` 900011105013 |
|_________________________________________________________|
|ՀՎՀՀ 02507171 |
|_________________________________________________________|
|Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար` |
|_________________________________________________________|
|----------------------------- |
|(ստորագրություն) |
|_________________________________________________________|
|«__»________ 202 թ |
|_________________________________________________________|
|Հեռ: |
|Ֆաքս |
|E-mail: [email protected] |
._________________________________________________________.
Հավելված 1
ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ԱԿՑԵՊՏ (ՀԱՅՏ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Կազմակերպություններին Ցանկում ներառելու նախապայմաններն են.
1) ծրագրով/ծրագրերով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի առկայությունը,
2) ակցեպտը ներկայացնելու պահին կազմակերպության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշմամբ նախատեսված բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին,
3) ակցեպտը ներկայացնելու պահին «Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին (www.armed.am) միանալու և դրանով ծառայությունների մատուցման բաժանորդային» գործող պայմանագրի առկայություն` «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի և կազմակերպության միջև,
4) «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով ծառայություններ իրականացնելու դեպքում` առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի «Ըստ բուժօգնության կազմակերպման մակարդակների հանրապետության ծննդօգնության բժշկական կազմակերպությունների դասակարգման/սահմանումները և գնահատման չափանիշները հաստատելու մասին» N 1941-Ա հրամանով հաստատված կարգով տրված առնվազն I մակարդակը հավաստող հրամանի առկայություն,
5) «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում երեխաներին ծառայություններ իրականացնելու դեպքում` միայն առողջապահության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի «Ըստ բուժօգնության կազմակերպման մակարդակների հանրապետության մանկաբուժական հիվանդանոցային ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 3985-Ա հրամանով հաստատված ցանկում ընդգրկված առնվազն I մակարդակ ունեցող կազմակերպությունները,
6) ծրագրով/ծրագրերով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների մասով ծառայությունների իրականացման (պետպատվեր և/կամ վճարովի) առնվազն 3 տարվա փորձի առկայություն,
7) ակցեպտ չի կարող ներկայացնել այն բժշկական կազմակերպությունը, ով դատական կարգով ճանաչվել է սնանկ, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահական նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների խախտումներ, եթե ակցեպտը ներկայացնելու պահին այդ խախտումները դեռևս վերացված չեն:
Հավելված 2
Ձև
ՀԱՅՏ (ԱԿՑԵՊՏ)
1. Սույն դիմումով խնդրում եմ ____________________________ ներառել
(կազմակերպության անվանումը) առողջապահության նախարարության կողմից հրապարակային օֆերտայի շրջանակներում _____________________________ ծրագրի/ծրագրերի շրջանակներում ծառայություններ (ծրագրի/ծրագրերի անվանումը) մատուցող կազմակերպությունների ցանկում: Հայտնում եմ, որ ծանոթացել եմ առողջապահության նախարարության http://www.moh.am/ պաշտոնական կայքում տեղադրված օֆերտային և պայմանագրի պայմաններն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունում եմ և պարտավորվում եմ ծրագրի/ծրագրերի անվանումը ծրագրի/ծրագրերի շրջանակներում ծառայությունները իրականացնել Պայմանագրի դրույթներին համապատասխան:
2. Սույնով հաստատում եմ, որ.
1) հայտում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակները համապատասխանում են կազմակերպության լիցենզիաներին (պատճենը/ները կցվում են),
2) հայտը ներկայացնելու պահին կազմակերպությունը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշմամբ նախատեսված բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին,
3) կազմակերպությունը «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի հետ ունի Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին (www.armed.am) միանալու և դրանով ծառայություններ մատուցելու գործող բաժանորդային պայմանագիր (պատճենը կցվում է),
4) կազմակերպությունը դատական կարգով սնանկ չի ճանաչվել,
5) կազմակերպությունը չունի ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային վճարների գծով,
6) ծրագրով/ծրագրերով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների մասով ծառայությունների իրականացման (պետպատվեր և/կամ վճարովի) առնվազն 3 տարվա փորձի առկայություն:
7) ծրագրով/ծրագրերով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների մասով ծառայությունները կազմակերպության կողմից իրականացվում են _____________ թվականից:
.____________________________________________________________.
|Հայտատու` |
|____________________________________________________________|
|Հասցե` |
|____________________________________________________________|
|Սպասարկող բանկ` |
|____________________________________________________________|
|Բանկային հաշիվ` |
|____________________________________________________________|
|ՀՎՀՀ |
|____________________________________________________________|
|Կազմակերպության տնօրեն (անուն-ազգանուն) |
|____________________________________________________________|
|_______________________ |
|(ստորագրություն) |
|____________________________________________________________|
|« «202 թ |
|____________________________________________________________|
|Հեռ: |
|____________________________________________________________|
|E-mail: |
.____________________________________________________________.
Հավելված 3
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԻ/ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԵՐԸ*
1. «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց
ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի
շրջանակներում իրականացվող ծառայությունները և գները
_____________________________
ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում
Հավելված 4
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
_____________________________
ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում