29.10.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի ապրիլի 14-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«5. Հակակոռուպցիոն դատարանի դատավորին, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:
6. Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին և վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորներին, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը Կառավարություն է ներկայացնում առաջարկություն Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան հիմնավորում: Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերի տարբերակված բարձրացման առաջարկության դեպքում հիմնավորմամբ ներկայացվում են տարբերակման օբյեկտիվ հիմքը և իրավաչափ նպատակը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հոկտեմբերի 15 Երևան ՀՕ-337-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 19 հոկտեմբերի 2021 թվական: