06.01.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում և համապատասխան նշանով կահավորվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:»:
i
Հոդված 2. Օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Տեսուչն իրավունք ունի շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք), եթե`
1) վաճառողը չունի շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից.
2) վաճառողը թույլատրված վայրերից դուրս իրականացնում է վաճառք կամ մատուցում է ծառայություններ, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը կամ բացակայում է նշված վայրից.
3) վաճառողը գործունեություն է իրականացնում սահմանված պահանջների և պայմանների խախտմամբ, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից, բացառությամբ Օրենքի 5.3-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերի.
4) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) կայանել է ոչ իր կողմից ամրագրված` սահմանված վայրերից մեկում, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից.
5) շրջիկ առևտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված վայրը, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:»:
i
Հոդված 3. Օրենքի 5.3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Շրջիկ առևտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առևտրի կետին կարող է թույլատրվել կայանել նաև սահմանված ժամը լրանալուց հետո:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2021 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-410-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2021 թվական: