01.01.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.
«2.1. Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու` սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի` պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատատեղը, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` առնվազն 10 օրվա հիմնական աշխատավարձը, իսկ նշված ժամկետը գերազանցող օրերի համար աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուի և բուժաշխատողի փոխադարձ համաձայնությամբ:
Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների ապահովման գործընթացին մասնակցելու սկիզբը արձանագրվում է բուժաշխատողի` գործատուին ներկայացրած դիմումի համաձայն, իսկ ավարտը` նրա ստացած շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
2.2. Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու հնգամյա շրջափուլի ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային տարում առնվազն 10 օրվա աշխատավարձի պահպանման իրավունքը տրամադրվում է միայն տվյալ աշխատանքային տարում և չիրացվելու դեպքում չի տեղափոխվում հաջորդ աշխատանքային տարիներ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. դեկտեմբերի 21 Երևան ՀՕ-516-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 22 դեկտեմբերի 2022 թվական: