23.03.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների որակավորման համար` պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերից հետո լրացնել «կամ Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման հիման վրա` պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «և փրկարար ծառայության ծառայողների,» բառերից հետո լրացնել «Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց,» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ մասով.
«6.3. Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելավճար կատարողականի գնահատման հիման վրա: Կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը` Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:».
2) 7-րդ մասի «6.1-ին մասով» բառերը փոխարինել «6.1-ին և 6.3-րդ մասերով» բառերով:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Մինչև կատարողականի գնահատման հիման վրա հավելավճարի տրամադրման նոր համակարգին անցումը Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունն իրականացվում է մինչև սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող` Օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասն ուժի մեջ մտնելը գործող կարգով:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող` Օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասում նշված` կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
4. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող` Օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասում նշված` հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը սահմանող իրավական ակտն ընդունվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. մարտի 21 Երևան ՀՕ-88-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 22 մարտի 2024 թվական: