ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
14 ապրիլի 2026 թվականի N 30-Ն
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 25-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 26-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`
Հրամայում եմ`
1. Հաստատել` «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին և ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների վերահսկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և առողջապահության նախարարի 2005 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 983-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի »»Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռենտգեն կաբինետների» N 2.6.3-004-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 26-Ն հրամանները:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
14.04.2026 Ա. Ավանեսյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2026 թվականի ապրիլի 14-ի
թիվ 30-Ն հրամանի
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
| ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին և ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ` Նորմատիվ) տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) և ատամնատեխնիկական լաբորատորիաների (այսուհետ` Լաբորատորիա) վրա` անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից:
2. Նորմատիվը սահմանում է Կազմակերպությունների և Լաբորատորիաների սենքերի ներքին հարդարմանը, կառուցվածքին, միկրոկլիմային, օդափոխությանը, լուսավորությանը, Կազմակերպությունների մաքրմանը և ախտահանմանը ներկայացվող պահանջներ:
3. Ռենտգեն սարքի տեխնիկական բնութագրի (անձնագրի) համաձայն` ռենտգեն սարքը կարող է տեղադրվել նաև Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակներում:
4. Կազմակերպության ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակը ապահովվում է ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներով, որոնց ցանկը սահմանված է Նորմատիվի Աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
Կազմակերպության ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակի
ճառագայթային պաշտպանության անհատական միջոցների ցանկ
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Պաշտպանության միջոցների անվանումը |Քանակը |
|____|________________________________________________________|_______|
|1. |Անձնակազմի համար` | 1 |
| |Ճառագայթապաշտպան մեծ շիրմա (այլ միջոցների բացակայության | |
| |դեպքում) | |
|____|________________________________________________________|_______|
|2. |Պացիենտների համար` | 1 |
| |Գոգնոց ստոմատոլոգիական | |
|____|________________________________________________________|_______|
|3. |Օձիք պաշտպանիչ | 1 |
|____|________________________________________________________|_______|
|4. |Սփռոց պաշտպանիչ (ստոմատոլոգիական գոգնոցի բացակայության | 1 |
| |դեպքում) | |
._____________________________________________________________________.
5. Կազմակերպությունները և Լաբորատորիաներն ապահովվում են խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներ սահմանող` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի պահանջներին համապատասխանող խմելու ջրի որակի հոսող ջրով:
6. Կազմակերպություններում բժշկական արտադրատեսակների մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբեր 13-ի N 139-Ն հրամանի:
7. Կազմակերպություններում բժշկական թափոնների գործածությունն իրականացվում է համաձայն բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջներ սահմանող` Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի:
8. Կազմակերպություններում և Լաբորատորիաներում պահպանվում են կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի խտություններ սահմանող` Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի պահանջները:
9. Կազմակերպությունների և Լաբորատորիաների բժշկական անձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն և 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշումներով սահմանված կարգով:
10. Կազմակերպությունում բժշկական անձնակազմի ձեռքերի հիգիենան իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 04-ի N 86-Ն հրամանի:
11. Կազմակերպություններն ապահովվում են առաջին բժշկական օգնության պահարաններով:
12. Բնակելի, հասարակական շենքերում և շինություններում տեղակայված Կազմակերպություններն ապահովվում են առանձին մուտքով:
13. Կազմակերպությունների և Լաբորատորիաների բժշկական անձնակազմն ապահովվում է բժշկական արտահագուստով, անհատական պաշտպանության միջոցներով` դիմակ, բժշկական գլխարկ, աչքի պաշտպանության միջոց (ակնոց կամ դիմային վահանակ) և ձեռնոց:
14. Կազմակերպություններում կիրառվում է միայն պատիճավորված ամալգամ պարունակող պլոմբանյութ, որը գործածվում է վերջինիս կիրառման հրահանգին համապատասխան:
| ԳԼՈՒԽ 2. |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
15. Կազմակերպությունների և Լաբորատորիաների սենքերի պատերը լինում են հարթ և ամբողջական` առանց քիվերի:
16. Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակների և մանրէազերծման սենյակի, Լաբորատորիայի աշխատանքային սենյակների և ձուլարանի պատերը, առաստաղները և հատակներն ունենում են ջրակայուն, լվացվող և ախտահանվող մակերեսներ:
17. Կազմակերպությունների և Լաբորատորիաների բոլոր սենքերի դռներն և պատուհաններն ունենում են ջրակայուն, լվացվող և ախտահանվող մակերեսներ:
| ԳԼՈՒԽ 3. |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
18. Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակում տեղադրվում է ոչ ավելի, քան 4 բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք, բացառությամբ վիրաբուժական ստոմատոլոգիական կլինիկական աշխատանքային սենյակի` որտեղ տեղադրվում է ոչ ավելի, քան 2 բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք:
19. Միևնույն կլինիկական աշխատանքային սենյակում տեղադրված բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարքերը միմյանցից բաժանվում են առնվազն 1,5 մետր բարձրությամբ անթափանց շարժական կամ անշարժ միջնապատերով:
20. Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակներն ու սանհանգույցները, Լաբորատորիաների աշխատանքային սենյակներն ու սանհանգույցներն ապահովվում են լվացարանով, իսկ Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակները` նաև բժշկական անձնակազմի ձեռքերի լվացման համար նախատեսված առանձին լվացարանով:
21. Լվացարաններն ապահովվում են դաստակային կամ ոտնակային կամ զգայական (սենսոր) ծորակներով:
22. Լաբորատորիաների լվացարաններից ջրահեռացման համակարգ բաց է թողնվում գիպսից ազատված կեղտաջրեր:
23. Կազմակերպությունների բոլոր կլինիկական աշխատանքային սենյակները և մանրէազերծման սենյակն ապահովվում են մանրէասպան ճառագայթիչներով կամ օդի վարակազերծիչ այլ սարքերով, որոնք շահագործվում են իրենց տեխնիկական անձնագրին համապատասխան:
| ԳԼՈՒԽ 4. |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
24. Կազմակերպությունների և Լաբորատորիաների ջեռուցման համակարգի (սարքի) մակերեսները լինում են հարթ, հեշտ մաքրվող: Չի թույլատրվում ջեռուցման էլեկտրական սալիկների օգտագործումը:
25. Կազմակերպություններում և Լաբորատորիաներում պահպանվում են միկրոկլիմային ներկայացվող պահանջները: Մշտական աշխատատեղերում (բժշկական անձնակազմի 2 ժամից ավելի անընդմեջ աշխատելու դեպքում) միկրոկլիմային ներկայացվող պահանջները սահմանված են Նորմատիվի Աղյուսակ 2-ում, իսկ ժամանակավոր աշխատատեղերում` Նորմատիվի Աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 2
Մշտական աշխատատեղերում միկրոկլիմային ներկայացվող պահանջներ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Տարվա եղանակ |Ջերմաստիճան |Օդի հարաբերական |Օդի շարժման |
| | |(oC) |խոնավություն (%) |արագություն |
| | | | |(մ/վրկ) |
|___|__________________|_____________|__________________|_____________|
|1. |Սառը և անցումային| 18-23 | 60-40 | 0,2 |
| |(օրվա միջին | | | |
| |ջերմաստիճանը | | | |
| |+10 oC և ցածր) | | | |
|___|__________________|_____________|__________________|_____________|
|2. |Տաք (օրվա միջին | 21-25 | 60-40 | 0,2 |
| |ջերմաստիճանը | | | |
| |+10 oC-ից բարձր) | | | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 3
Ժամանակավոր աշխատատեղերում միկրոկլիմային ներկայացվող պահանջներ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Տարվա եղանակ |Ջերմաստիճան |Օդի հարաբերական |Օդի շարժման |
| | |(oC) |խոնավություն (%) |արագություն |
| | | | |(մ/վրկ) |
|___|__________________|_____________|__________________|_____________|
|1. |Սառը և անցումային| 17-25 | ոչ ավելի 75 | 0,2-0,3 |
| |(օրվա միջին | | | |
| |ջերմաստիճանը | | | |
| |+10 oC և ցածր) | | | |
|___|__________________|_____________|__________________|_____________|
|2. |Տաք (օրվա միջին | ոչ ավելի 28 | ոչ ավելի 65 | 0,2-0,5 |
| |ջերմաստիճանը | | | |
| |+10 oC-ից բարձր) | | | |
._____________________________________________________________________.
26. Կազմակերպության կլինիկական աշխատանքային սենյակներն ու մանրէազերծման սենյակն ապահովվում են մեխանիկական դրդմամբ ներհոս-արտաձիգ օդափոխության անհատական համակարգով:
27. Լաբորատորիաների աշխատանքային սենյակներն ու ձուլարանն ապահովվում են մեխանիկական դրդմամբ ներհոս-արտաձիգ օդափոխության անհատական համակարգով` ներառյալ օդաքարշիչները, որի խողովակի բացվածքը շենքի տանիքից պետք է լինի առնվազն 1 մետր բարձր:
28. Ինքնուրույն օդափոխության համակարգեր նախատեսվում են Կազմակերպության ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակի և սանհանգույցների, ինչպես նաև Լաբորատորիայի սանհանգույցների համար:
29. Լաբորատորիայի աշխատանքային սենյակների ատամնատեխնիկական սեղաններն ապահովվում են կից փոշեկուլով:
| ԳԼՈՒԽ 5. |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
30. Կազմակերպությունների և Լաբորատորիաների լուսավորությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով և Նորմատիվով սահմանված պահանջներին:
31. Կազմակերպությունների և Լաբորատորիաների բոլոր սենքերն ապահովվում են արհեստական լուսավորությամբ:
32. Կազմակերպությունների բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարքերը և Լաբորատորիաների աշխատանքային սենյակների աշխատասեղաններն ապահովվում են տեղային լուսավորությամբ:
33. Կազմակերպությունների և Լաբորատորիաների աշխատանքային մակերեսների հորիզոնական լուսավորվածության մակարդակների համար ընդհանուր արհեստական լուսավորության նորմերը սահմանվում են` համաձայն Նորմատիվի Աղյուսակ 4-ի:
Աղյուսակ 4
Կազմակերպությունների և Լաբորատորիաների աշխատանքային մակերեսների
հորիզոնական լուսավորվածության մակարդակների համար ընդհանուր
արհեստական լուսավորության նորմեր
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Սենքերի անվանումը |Ընդհանուր լուսավորվածության|
| | | մակարդակը |
| | |___________________________|
| | |Լյումինեսցենտային |Շիկացման|
| | |լամպեր (լյուքս) |լամպեր |
| | | |(լյուքս)|
|___|_____________________________________|__________________|________|
|1. |Կազմակերպությունների կլինիկական | 500 | 200 |
| |աշխատանքային սենյակներ, Լաբորատորիայի| | |
| |հիմնական աշխատանքների համար | | |
| |նախատեսված սենյակներ | | |
|___|_____________________________________|__________________|________|
|2. |Լաբորատորիայի գիպսային, պոլիմերացման | 400 | 200 |
| |և փայլեցման աշխատանքների համար | | |
| |նախատեսված սենյակներ | | |
|___|_____________________________________|__________________|________|
|3. |Կազմակերպության ճառագայթային | 200 | 100 |
| |ախտորոշման (ռենտգեն) սենյակներ, | | |
| |Լաբորատորիայի ճենապակյա և | | |
| |մետաղճենապակյա կառույցների պատրաստման| | |
| |համար նախատեսված սենյակներ և | | |
| |ձուլարաններ | | |
|___|_____________________________________|__________________|________|
|4. |Կազմակերպության մանրէազերծման սենյակ,| 150 | 75 |
| |սպասասրահ | | |
|___|_____________________________________|__________________|________|
|5. |Աստիճանավանդակներ, նախամուտք | 100 | 50 |
|___|_____________________________________|__________________|________|
|6. |Կազմակերպության մաքրման պարագաների | - | 30 |
| |պահման համար նախատեսված սենքեր | | |
|___|_____________________________________|__________________|________|
|7. |Սանհանգույց | 75 | 30 |
._____________________________________________________________________.
| ԳԼՈՒԽ 6. |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
34. Կազմակերպություններում մաքրման և ախտահանման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են Լիազոր մարմնի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց ունեցող ախտահանիչ միջոցներ (այսուհետ` Միջոցներ):
35. Կազմակերպություններն ապահովվում են Միջոցների աշխատանքային լուծույթների պահման համար նախատեսված առանձին տարաներով, որոնք մակնշվում են Միջոցի անվանման, խտության, կիրառման նշանակության, պատրաստման ամսաթվի (օր, ամիս, տարի), պիտանիության ժամկետի վերաբերյալ:
36. Միջոցների հետ աշխատելու ժամանակ պահպանվում են անվտանգության կանոնները` Միջոցին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
37. Կազմակերպություններում կիրառվում են պացիենտի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման գոգնոցներ:
38. Բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարքի (գործիքների սեղանիկը, ղեկավարման վահանակը, օդային ատրճանակը, լուսատուն, թքամանը, բազկաթոռի գլխահենակը և արմնկահենակը) մակերեսների ախտահանումն իրականացվում է յուրաքանչյուր պացիենտից հետո:
39. Կազմակերպության տարածքի խոնավ մաքրումն իրականացվում է առնվազն օրը 2 անգամ հաճախականությամբ (աշխատանքային օրվա սկզբում և յուրաքանչյուր հերթափոխից հետո) և ըստ անհրաժեշտության` օգտագործելով լվացող միջոցներ և Միջոցներ:
40. Կազմակերպությունում օգտագործվում են մակնշված մաքրման պարագաներ (կլինիկական աշխատանքային սենյակների, միջանցքների, սանհանգույցների և այլ սենքերի համար առանձին) և պահվում են մաքրման պարագաների պահման համար նախատեսված սենքերում կամ աշխատանքային սենյակներից դուրս տեղակայված պահարանների մեջ:
Պաշտոնական հրապարակման օրը` 20 ապրիլի 2026 թվական: