ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
20 մայիսի 2026 թվականի թիվ 7-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Սահմանել ոստիկանության ծառայողի նկատմամբ անցկացվող ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը աջակցող մասնագետի ընտրությանը ներկայացվող չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
20 մայիսի 2026 թ. Ա. Սարգսյան
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
ներքին գործերի նախարարի
2026 թվականի մայիսի 20-ի
թիվ 7-Ն հրամանի
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Ոստիկանության ծառայողի նկատմամբ անցկացվող ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը աջակցող մասնագետը կարող է ներգրավվել ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը, եթե`
1) ունի համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ աշխատանքային փորձ այն ոլորտում, որի շրջանակներում նախատեսվում է նրա ներգրավումը.
2) անկախ և անաչառ է, չունի անձնական, ծառայողական կամ այլ շահագրգռվածություն ծառայողական քննության կամ ուսումնասիրության արդյունքի նկատմամբ.
3) նրա և ծառայողական քննության մասնակիցների կամ ուսումնասիրությանը ներգրավված անձանց միջև առկա չէ շահերի բախում.
4) ունի բարեվարք վարքագիծ և անբասիր մասնագիտական հեղինակություն.
5) ունակ է ներկայացնել հիմնավորված և փաստարկված խորհրդատվություն, այդ թվում` գրավոր.
6) ունի պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համապատասխան ձևի թույլտվություն` նման տեղեկություններին առնչվող աշխատանքներին ներգրավվելու դեպքում:
2. Սույն հավելվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված չափանիշներին համապատասխանությունը հաստատելու համար ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը ներգրավվող մասնագետը պետք է ներկայացնի համապատասխանաբար կրթության, ունակության, հմտության կամ աշխատանքային փորձի վերաբերյալ փաստաթղթեր, իր անկախության, անաչառության ու շահերի բախման բացակայության վերաբերյալ գրավոր հավաստում, ինչպես նաև` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն ունենալու վերաբերյալ փաստաթուղթ` նման տեղեկություններին առնչվող աշխատանքներին ներգրավվելու դեպքում:
3. Մասնագետը նախազգուշացվում է օրենքով պահպանվող տեղեկությունների ապօրինի հրապարակման համար նախատեսված պատասխանատվության մասին, որի վերաբերյալ նրանից վերցվում է ստորագրություն:
4. Եթե ծառայողական քննության կամ ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս մասնագետի անկախությունը, անաչառությունը կամ շահերի բախման բացակայությունը կասկածի տակ դնող հանգամանքներ, ապա ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն անցկացվող անձի որոշմամբ դադարեցվում է մասնագետի ներգրավումը ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը:
Պաշտոնական հրապարակման օրը` 21 մայիսի 2026 թվական: