Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

15 մայիս 2026 թվականի N 36-Ն

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել մանկական ուրոլոգի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Պարտականությունները կատարող`           Լ. Նանուշյան

 

15.05.2026

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2026 թվականի մայիս 15-ի

թիվ 36-Ն հրամանի

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մանկական ուրոլոգն իրականացնում է մասնագիտական գործունեություն մանկական ուրոլոգիա նեղ մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային ծառայություններում:

2. Մանկական ուրոլոգ կարող է համարվել անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն մանկական վիրաբուժություն կամ ուրոլոգիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա կամ ռեզիդենտուրա) և մանկական ուրոլոգի նեղ մասնագիտացում, և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Լրացուցիչ կրթական նեղ մասնագիտացման ծրագրերի միջոցով կարող է ձեռք բերել մանկական ուրոլոգի նեղ մասնագիտություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Մանկական ուրոլոգն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկական ուրոլոգ.

2) Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության մանկական ուրոլոգ.

3) Մանկական ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ կամ ծառայության ղեկավար.

4) Մանկական ցերեկային ստացիոնարի մանկական ուրոլոգ.

5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն, փոխտնօրեն)` օրենքով սահմանված կարգով:

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Մասնագիտական գիտելիքներ և հմտություններ. մանկական ուրոլոգը պետք է.

1) Իմանա պացիենտների անատոմիա-ֆիզիոլոգիական և տարիքա-սեռային առանձնահատկությունները.

2) Իմանա պացիենտների օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերի կարգավորման և ինքնակարգավորման առանձնահատկությունները նորմայում և ախտաբանական պրոցեսների ժամանակ.

3) Իմանա մանկական ուրոլոգիական հիմնական հիվանդությունների կլինիկական ախտանշաբանությունը, սահմանային վիճակները և դրանց ժամանակակից դասակարգումը, հիմնական նոզոլոգիական ձևերի և ախտաբանական վիճակների կլինիկական և հարկլինիկական ախտորոշման ժամանակակից մեթոդները.

4) Իմանա երեխաներին անհետաձգելի ուրոլոգիական օգնություն պահանջող վիճակների կլինիկական պատկերը.

5) Իմանա միզասեռական համակարգի` երիկամների, միզածորանների, միզապարկի, միզուկի, ներքին և արտաքին սեռական օրգանների նորմալ անատոմիան և ֆիզիոլոգիան.

6) Իմանա միզասեռական համակարգի նորմալ զարգացման փուլերը և պաթոլոգիական զարգացումների պատճառները.

7) Իմանա միզասեռական համակարգի հիվանդությունների պաթոֆիզիոլոգիական գործընթացները. երիկամների, միզածորանների, միզապարկի և սեռական օրգանների ֆունկցիաների խանգարումները.

8) Իմանա մանկական ուրոլոգիական անոմալիաները և հիվանդությունները, մասնավորապես.

ա. միզուղիների ինֆեկցիաներ. ախտորոշումը, բուժումը, բարդությունների կանխարգելումը, առողջության վերականգնումը, պարբերական հետազոտություններ.

բ. երիկամների բնածին անոմալիաներ և հիվանդություններ. ախտորոշումը, բուժումը, բարդությունների կանխարգելումը, առողջության վերականգնումը, պարբերական հետազոտություններ.

գ. միզապարկի և միզածորանների անոմալիաներ և հիվանդություններ. ախտորոշումը, բուժումը, բարդությունների կանխարգելումը, առողջության վերականգնումը, պարբերական հետազոտություններ.

դ. առնանդամի և միզուկի արատներ և հիվանդություններ. ախտորոշումը, բուժումը, բարդությունների կանխարգելումը, առողջության վերականգնումը, պարբերական հետազոտություններ.

ե. ամորձու բնածին անոմալիաներ և հիվանդություններ. ախտորոշումը, բուժումը, բարդությունների կանխարգելումը, առողջության վերականգնումը, պարբերական հետազոտություններ.

զ. հիվանդությունների միջազգային դասակարգմանը համապատասխան ախտորոշումների հստակեցում.

է. պացիենտների և հիվանդությունների վարման տարբերակված պլանի կազմում համաձայն ընդունված ընթացակարգերի ու գործելակարգերի.

9) Տիրապետի հիվանդանոցային պայմաններում ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կազմակերպման և իրականացման սկզբունքներին.

10) Տիրապետի մասնագիտական հիվանդությունների, զարգացման արատների և տարբեր հիվանդագին վիճակների ախտորոշմանը, բուժման կազմակերպմանը, բարդությունների կանխարգելմանը.

11) Կարողանա կատարել ախտանիշների և հիվանդության պատմության վերլուծություն, գնահատել հիմնական ախտանիշները` ախտորոշման համար.

12) Կարողանա համակողմանի ֆիզիկական զննության միջոցով բացահայտել արտաքին և ներքին ախտաբանական փոփոխությունները, որոնք կարող են վկայել ուրոլոգիական խնդիրների մասին.

13) Կարողանա կատարել և վերլուծել ուլտրաձայնային հետազոտության տվյալները (սոնոգրաֆիա)` որովայնի, երիկամների, միզապարկի, միզուղիների և սեռական օրգանների վիճակը գնահատելու համար.

14) Կարողանա մեկնաբանել մեզի հետազոտությունները, իրականացնել մեզի հոսքի հետազոտություն (ուրոֆլոումետրիա), հասկանալ մեզի տարբեր հետազոտությունների արդյունքները, ներառյալ մեզի ընդհանուր հետազոտությունը, միկրոսկոպիկ հետազոտությունները, մանրէաբանական և կենսաքիմիական հետազոտությունները (համապատասխան լրացուցիչ մասնագիտացում անցնելուց հետո), հայտնաբերել առկա խնդիրները.

15) Կարողանա կատարել լաբորատոր, ներառյալ մանրէաբանական, հետազոտությունների վերլուծություն և մեկնաբանել արդյունքները (համապատասխան լրացուցիչ մասնագիտացում անցնելուց հետո).

16) Կարողանա կատարել իմունամորֆոլոգիական հետազոտություններ, նմուշների վերլուծություն և մեկնաբանել արդյունքները.

17) Կարողանա կատարել միզուղիների ճնշման չափում (ուրոդինամիկ հետազոտություններ), միզապարկի և միզուղիների ֆունկցիան որոշող հետազոտություններ (Uroflowmetry, Cystomery և այլ), գնահատել արդյունքները, բացահայտել միզարձակման խանգարումները.

18) Կարողանա իրականացնել ռենտգենոգրաֆիայի, մագնիսա-ռեզոնանսային (MRI) և համակարգչային շերտագրությունների (CT), անգիոգրաֆիայի միջոցով մանկական օրգանների հետազոտությունների արդյունքների գնահատում.

19) Կարողանա գնահատել ռադիոիզոտոպային հետազոտությունների արդյունքները.

20) Կարողանա կատարել էնդոսկոպիկ հետազոտություններ. տիրապետել գենիտալ և միզուղիների էնդոսկոպի օգնությամբ ներզննման հմտություններին.

21) Կարողանա մեկնաբանել լաբորատոր հետազոտությունների արդյունքները` գնահատել հորմոնների, էլեկտրոլիտների և այլ կենսաքիմիական գործոնների մակարդակը, որոնք կարող են ազդել ուրոլոգիական խնդիրների վրա.

22) Ունենա վիրահատական հմտություններ` համապատասխան միջամտություններն արդյունավետ և անվնաս իրականացնելու և երեխաների առողջությունը վերականգնելու համար.

23) Կարողանա կատարել բաց, լապարասկոպիկ և էնդոսկոպիկ եղանակով վիրահատություններ.

24) Տիրապետի լապարասկոպիկ և էնդոսկոպիկ սարքավորումների կառավարմանը ու վիրահատական տեխնիկաների կիրառմանը.

25) Տիրապետի էնդոսկոպիկ սարքավորումների օգտագործման հմտություններին. (հետազոտություններ կամ վիրահատություններ ուրետրոսկոպիայի, ցիստոսկոպիայի, ուրետերոսկոպիայի, նեֆրոսկոպիայի լապարասկոպիայի միջոցով).

26) Ունենա պատկերացում ռոբոտային վիրահատությունների վերաբերյալ.

27) Կարողանա կատարել միզուղիների օբստրուկտիվ փոփոխությունների և անոմալիաների վիրահատություններ, երիկամների և միզածորանների հիվանդությունների ու զարգացման արատների վիրահատական շտկում.

28) Կարողանա կատարել միզապարկի և միզուկի հիվանդությունների և զարգացման արատների շտկման վիրահատություններ.

29) Կարողանա կատարել միզարձակության խանգարումների շտկման միջամտություններ.

30) Կարողանա կատարել գենիտալ անոմալիաների վիրահատություններ:

6. Մասնագիտական հատուկ գիտելիքներ.

Մանկական ուրոլոգը պետք է տիրապետի մանկական ուրոլոգիական հիվանդությունների, զարգացման արատների և տարբեր հիվանդագին վիճակների ախտորոշմանը, բուժմանը, բարդությունների կանխարգելմանը և առողջության վերականգնմանը.

1) Երիկամներ.

ա. հիդրոնեֆրոզ և ավազան-միզածորանային հանգույցների խցանում.

2) Երիկամների կիստոզ հիվանդություններ.

ա. աուտոսոմային գերիշխող պոլիկիստոզ երիկամների հիվանդություն.

բ. աուտոսոմային ռեցեսիվ պոլիկիստոզ երիկամների հիվանդություն.

գ. երիկամային մեկուսացված բշտեր.

դ. երիկամի բաժակիկի դիվերտիկուլ.

ե. մուլտիկիստոզ դիսպլաստիկ երիկամ.

զ. մեդուլյար սպունգանման երիկամ.

է. նեֆրոնոֆիթիազ.

ը. երիկամի մուլտիլոկուլար բուշտ.

թ. երիկամների ձեռք բերովի բշտային հիվանդություններ.

ժ. երիկամների բշտային հիվանդության հետ կապված համախտանիշներ.

3) Երիկամների երկատման, միգրացիայի և միաձուլման անոմալիաներ.

ա. երիկամների լրիվ և մասնակի երկատում.

բ. երիկամների միգրացիայի և միաձուլման անոմալիաներ.

4) Միզապարկ և միզածորաններ.

ա. միզապարկ միզածորանային ռեֆլյուքս.

բ. միզապարկ-միզածորանային ռեֆլյուքս, միզուղիների ինֆեկցիաներ և երիկամների կնճռոտում.

գ. աղիների և միզապարկի դիսֆունկցիա.

դ. մեգաուրետեր.

ե. ուրախուսի անոմալիաներ և դիվերտիկուլներ.

զ. շագանակագեղձի դիվերտիկուլ.

է. միզապարկի դիվերտիկուլ.

ը. նեյրոգեն միզապարկ.

թ. միզարձակման դիսֆունկցիա.

ժ. գերակտիվ միզապարկ.

ժա. դիսֆունկցիոնալ միզարձակություն.

ժբ. առաջնային մոնասիմպտոմատիկ գիշերային էնուրեզ.

ժգ. բուլբար ուրետրիտ (ուրետրարագիա).

ժդ. անգործունակ (հիպոակտիվ) միզապարկ.

ժե. պոլլակիուրիա.

ժզ. հեշտոցային միզարձակություն.

ժէ. սթրեսային անմիզապահություն

ժը. միզապարկի էքստրոֆիա.

ժթ. միզապարկի էքստրոֆիա և տոտալ Էպիսպադիա.

իա. կլոակալ էքստրոֆիա.

իբ. սալորային որովայնի համախտանիշ (Prune belly syndrome).

5) Միզուկ.

ա. հետին միզուկի կափյուրներ և ինֆրավեզիկալ օբստրուկցիա.

բ. երկատված միզուկ և syringocele.

գ. միզուկի բնածին և տրավմատիկ նեղացում.

6) Արական արտաքին սեռական օրգաններ.

ա. չիջած ամորձիներ.

բ. բնածին հիդրոցելե և աճուկային ճողվածք.

գ. վարիկոցելե.

դ. դիստալ հիպոսպադիա.

ե. պրոքսիմալ հիպոսպադիա.

զ. ցողունային հիպոսպադիա.

է. ամորձապարկային հիպոսպադիա.

ը. շեքային հիպոսպադիա.

թ. էպիստադիա գլխիկային ձևը.

ժ. էպիստադիա ցողունային.

ժա. տոտալ էպիստադիա.

ժբ. առնանդամի բնածին կորություն.

ժգ. բնածին թաղված առնանդամ.

ժդ. ֆիմոզ.

ժե. պարաֆիմոզ.

ժզ. բալանիտ և բալանապոստիտ.

ժէ. առնանդամի քաղցկեղ.

ժը. քսերոտիկ օբլիտերացնող բալանիտ կամ առնանդամի քարաքոս սկլերոզ.

ժթ. աննկատ առնանդամ.

իա. թաղված առնանդամ.

իբ. ցանցապատ առնանդամ.

7) Իգական արտաքին սեռական օրգաններ.

ա. սկենի գեղձի բշտեր.

բ. բարտոլինի գեղձի բշտեր.

գ. ուրետերոցելեի արտանկում.

դ. փակ կուսաթաղանթ.

ե. սեռական շրթունքների կպչունություն.

զ. ուրետրայի պրոլապս.

է. քարաքոս սկլերոզ.

ը. մյուլերյան ագենեզիա.

թ. վուլվովագինիտ.

ժ. իգական Էպիսպադիա.

8) Սեռական ձևավորման խանգարում.

ա. սեռական ձևավորման խանգարումը` dsd, որը նաև կոչվում է «ինտերսեքս» կամ «հերմաֆրոդիտիզմ», կապված է կլինիկական և կենսաքիմիական դրսևորումների հետ

բ. անհամապատասխանությունները գենետիկական, գոնադային և երեխայի ֆենոտիպային սեռին.

9) Մանկական օնկո-ուրոլոգիա.

ա. երիկամների և մակերիկամների չարորակ նորագոյացություններ.

բ. միզապարկի չարորակ նորագոյացություններ.

գ. ամորձիների և պարաթեստիկուլյար ուռուցքները երեխաների մոտ.

դ. ամորձիների բարորակ գոյացություն.

ե. տերատոմա.

զ. էպիդերմոիդ բուշտ.

է. դերմոիդ բուշտ.

10) Ուրոլիտիազ (միզաքարային հիվանդություն).

ա. երիկամային քարեր.

բ. միզածորանային քարեր.

գ. միզապարկի քարեր.

դ. միզուկի քարեր.

11) Միզասեռական օրգանների վնասվածքներ.

ա. երիկամային վնասվածքներ.

բ. միզապարկի վնասվածքներ.

գ. միզածորանի վնասվածքներ.

դ. միզուկի վնասվածքներ.

ե. առնանդամի վնասվածքներ.

զ. փոշտի և ամորձիների վնասվածքներ.

է. հեշտոցային վնասվածքներ.

12) Կատարի պացիենտների առաջնային զննում և հարկ եղած դեպքում.

ա. ուղեգրի լաբորատոր, գործիքային հետազոտությունների գործող չափորոշիչներին համապատասխան` հիմնավորելով պացիենտների տվյալ հետազոտությունների անհրաժեշտությունը և ծավալը.

բ. ուղեգրի այլ մասնագետների խորհրդատվության ըստ ցուցումների և մեկնաբանի խորհրդատվությունների արդյունքները.

13) Կատարի պացիենտների բուժման պլանի մշակում, հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը.

14) Կատարի բուժման տեսակների նշանակում` հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը, ցուցումներն ու հակացուցումները.

ա. դեղորայքային թերապիա` հաշվի առնելով դեղերի հիմնական խմբերի ազդեցության մեխանիզմը, տարիքային հաշվարկները, դրանց կիրառման ցուցումները և հակացուցումները, կիրառումից առաջացած բարդությունները.

բ. վիրաբուժական բուժում.

գ. ոչ ինվազիվ մեթոդներով բուժում.

դ. համակցված մեթոդներով բուժում.

ե. ժամանակակից բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ բուժում.

15) Նշանակի դիետոթերապիա.

ա. պացիենտների բուժական սնուցման կազմակերպում և իրականացում` կախված տարիքից և հիվանդության առանձնահատկություններից.

բ. ոչ դեղորայքային թերապիայի նշանակում.

16) Իմանա մանկական ուրոլոգիական և ուրո-նեֆրոլոգիական քրոնիկական հիվանդություններով երկարատև, հաճախ հիվանդացող և հաշմանդամ պացիենտների մոտ վերականգնողական միջոցառումների ազդեցության մեխանիզմները:

7. Մասնագիտական հատուկ հմտություններ. մանկական ուրոլոգը պետք է կարողանա.

1) Կատարել թերապիաների արդյունավետության և անվտանգության գնահատում.

2) Ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն պացիենտներին անհետաձգելի վիճակներում.

3) Կիրառել մանկական ուրոլոգիական բժշկական օգնության ցուցաբերման կարգը, հանձնարարականները, չափորոշիչները.

4) Կատարել երկարատև, հաճախակի հիվանդացող և տարբեր մանկական ուրոլոգիական քրոնիկական հիվանդություններով տառապող, ինչպես նաև բարդ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ տարած երեխաների համար վերականգնման պլանի մշակում և կազմում.

5) Նշանակել երկարատև և հաճախ հիվանդացող ու տարբեր քրոնիկական հիվանդություններով պացիենտներին առողջարանային և վերականգնողական բուժում.

6) Անցկացնել պացիենտների կանխարգելիչ զննումներ. բացատրական աշխատանքներ ուրոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների ծնողների հետ.

7) Անցկացնել առողջ ապրելակերպի տարրերի ձևավորման համար տարբեր խմբերի պացիենտների շրջանում առողջարարական միջոցառումներ.

8) Անցկացնել երկարատև և հաճախ հիվանդացող, տարբեր քրոնիկական հիվանդություններով և հաշմանդամ պացիենտների շրջանում կանխարգելիչ միջոցառումներ, դիսպանսեր հսկողություն.

9) Ձեռնարկել միջոցներ` ուղղված բժշկական օգնության և սպասարկման որակի շարունակական բարելավմանը.

10) Մշտապես ապահովել իր մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացումը.

11) Ցանկացած բժշկական միջամտության ժամանակ գործել մասնագիտական անհրաժեշտության սկզբունքներին համապատասխան.

12) Բժշկական միջամտություն իրականացնելիս ստանալ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի տեղեկացված համաձայնությունը.

13) Կատարել թլփատում.

14) Կատարել կարճ սանձիկի հատում և պլաստիկա.

15) Կատարել միզուկի արտաքին բացվածքի բշտերի և սրածայր կոնդիլոմաների հեռացում.

16) Կատարել մեատոտոմիա մեատոստենոզի կապակցությամբ.

17) Կատարել ամորձու ջրգողության դեպքում` Ռոսի, Վինկելմանի և Բերգմանի վիրահատություններ.

18) Կատարել ամորձու հավելման (Մորգանի հիդատիդ) ոլորքի հետ կապված միջամտություն.

19) Կատարել կրիպտորխիզմի կամ ամորձու էկտոպիայի վիրահատություն.

20) Կատարել սերմնալարի բշտի հեռացում.

21) Կատարել Վարիկոցելեի Պալոմոի և Իվասեվիչի վիրահատություն.

22) Կատարել ամորձատում (օրխէկտոմիա, ամորձու պարենխիմայի էնուկլեացիա).

23) Կատարել փոշտի թարախակույտի կտրվածք և դրենավորում.

24) Կատարել ցիստոստոմիայի տեղադրում պունկցիոն եղանակով.

25) Կատարել Պապիլյար ուռուցքի էլեկտրոկոագուլյացիա.

26) Կատարել էպիցիստոստոմիա բաց եղանակով.

27) Կատարել միզապարկի պատռվածքների կարում.

28) Կատարել միզապարկի վզիկի էնդոսկոպիկ հատում.

29) Կատարել հիպոսպադիա դիստալ ձևի վիրահատություն.

30) Կատարել հիպոսպադիա ցողունային ձևի վիրահատություն.

31) Կատարել առաջային միզուկի դիվերտիկուլէկտոմիա, միզուկի պլաստիկա.

32) Կատարել առաջային միզուկի ստրիկտուրայի պլաստիկա.

33) Կատարել հետին միզուկի կափույրի էնդոսկոպիկ ռեզեկցիա.

34) Կատարել միզածորանի բացվածքի էնդոսկոպիկ հատում.

35) Կատարել միզապարկի մասնահատում ուռուցքների կապակցությամբ.

36) Կատարել ուրետերոցելեյի էնդոսկոպիկ հատում.

37) Կատարել հարերիկամային թարախակույտի (թարախային պարանեֆրիտ) դրենավորում.

38) Կատարել ուրետերոլիտոտոմիա.

39) Կատարել պիելոլիտոտոմիա.

40) Կատարել նեֆրոստոմիա.

41) Կատարել նեֆրէկտոմիա (հիդրոնեֆրոզ, օբստրուկտիվ մեգաուրետեր, երիկամի կորալաձև քար, երիկամի վնասվածք և այլն).

42) Կատարել երիկամի չբարդացած քարի հեռացում.

43) Կատարել երիկամի թաղանթահատում (դեկապսուլացիա).

44) Կատարել երիկամի բշտի հատում բաց կամ էնդոսկոպիկ եղանակով.

45) Կատարել երիկամի մասնահատում.

46) Կատարել երիկամի կարում պատռվածքի դեպքում.

47) Կատարել միզածորանի քարի հեռացում.

48) Կատարել հիդրոնեֆրոզ` ավազան-միզածորանային հատվածի պլաստիկա.

49) Կատարել Միտրոֆանովի կամ Մոնտիի վիրահատություն միզապարկի դիսֆունկցիայի կապակցությամբ.

50) Կատարել օբստրուկտիվ կամ ռեֆլյուքսող մեգաուրետերի ռեզեկցիա և ռեիմպլանտացիա.

51) Կատարել ռետրոկավալ միզածորանի վիրահատական տրանսպոզիցիա.

52) 3-5 տարի աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո կատարել.

ա. միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսի հակառեֆլյուքսային բուժում էնդոսկոպիկ եղանակով.

բ. հիպոսպադիա փոշտային ձևերի վիրահատություն.

գ. էպիսպադիա, առաջնացողունային ձևի վիրահատություն.

դ. երիկամի կամ միզածորանի ռեցիդիվ քարի հեռացում կրկնակի վիրահատությամբ.

ե. տոտալ էպիսպադիայի վիրահատություն.

զ. երիկամի քարի էնդոսկոպիկ կամ պերկուտան փշրում և հեռացում (լրացուցիչ հմտությունների ձեռք բերումից հետո).

է. ռադիկալ նեֆրէկտոմիա չարորակ ուռուցքի պատճառով.

ը. միզածորանի քարերի էնդոսկոպիկ փշրում և հեռացում (լրացուցիչ հմտությունների ձեռք բերումից հետո).

թ. երիկամի կորալաձև քարի հեռացում.

ժ. հետին միզուկի ստրիկտուրայի պլաստիկա.

ժա. պայտաձև երիկամի ռեկոնստրուկտիվ միջամտություններ.

ժբ. երկատված երիկամի ավազանների և միզածորանների ռեկոնստրուկտիվ միջամտություններ.

ժգ. երիկամի էնդոսկոպիկ մասնահատում ուռուցքի կամ երիկամի վնասվածքի կամ այլ պատճառով (լրացուցիչ հմտությունների ձեռք բերումից հետո).

ժդ. միզապարկի էքստրոֆիայի վիրահատական միջամտություններ.

ժե. միզապարկի նեյրոգեն ախտահարում, միզապարկի ծավալի մեծացում աղիքի գալարով (Միտրոֆանով).

ժզ. Մոնտի-Միտրոֆանովի և Մալոնի վիրահատություն հաստ աղիքի միզապարկի համակցված նեյրոգեն խանգարումների դեպքում.

53) Իրականացնել գործիքային հետազոտություններ, այդ թվում.

ա. միզապարկի կաթետերավորում.

բ. միզուկի ներզննում (ուրետրոսկոպիա).

գ. միզապարկի ներզննում (ցիստոսկոպիա, խրոմոցիստոսկոպիա).

դ. միզուղիների ներզննում (միզածորանի ռետրոգրադ ուրետերոսկոպիա, նեֆրոսկոպիա, միզածորանի անտեգրադ ուրետերոսկոպիա).

ե. միզապարկի վերցայլքային պունկցիա.

զ. միզապարկի պատի կամ գոյացության բիոպսիա.

է. միզածորանի ստենտավորում. ուրոֆլոումետրիա:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Մանկական ուրոլոգը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. մանկական ուրոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

10. Տեխնիկական ունակություններ. մանկական ուրոլոգը պետք է կարողանա.

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

11. Մանկական ուրոլոգը պետք է կարողանա.

1) Կազմակերպել, համակարգել և առաջնորդել աշխատանքային թիմեր.

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ:

 

7. ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐՈԼՈԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Մանկական ուրոլոգն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

13. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

14. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|Բժշկական միջամտություն       |Կոմպետենտության աստիճան|Կոմպետենտության|

|                             |                       |մակարդակ       |

|_____________________________|_______________________|_______________|

|1. Իրականացվող բոլոր բժշկական|Դիտորդ                 |       1       |

|միջամտությունների դիտորդ     |                       |               |

|կլինիկական օրդինատոր,        |                       |               |

|ռեզիդենտ                     |                       |               |

|_____________________________|_______________________|_______________|

|2. Իրականացվող բոլոր բժշկական|Ոչ լիարժեք կամ մասնակի |       2       |

|միջամտություններին           |կոմպետենտություն       |               |

|հսկողության ներքո մասնակից   |                       |               |

|կլինիկական օրդինատոր,        |                       |               |

|ռեզիդենտ                     |                       |               |

|_____________________________|_______________________|_______________|

|3. Իրականացվող բոլոր բժշկական|Լիարժեք                |       3       |

|միջամտությունները հսկողության|կոմպետենտություն       |               |

|ներքո ինքնուրույն կատարող    |                       |               |

|կլինիկական օրդինատոր,        |                       |               |

|ռեզիդենտ                     |                       |               |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 մայիսի 2026 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
15.05.2026
N 36-Ն
Հրաման