ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
29 օգոստոսի 2025 թվականի N 113-Ն
«ՀԵՊԱՏԻՏ Բ ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 59-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հեպատիտ Բ և հեպատիտ Ց հիվանդությունների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Հեպատիտներ Բ-ի, Ց-ի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N-3.1.1-030-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 59-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
29.08.2025 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի օգոստոսի 29-ի
N 113-Ն հրամանի
«ՀԵՊԱՏԻՏ Բ ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
1. «Հեպատիտ Բ և հեպատիտ Ց հիվանդությունների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ` Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) համար, որոնք իրականացնում են հիվանդությունների դեպքերի հայտնաբերում:
2. Նորմատիվը սահմանում է բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց (այսուհետ` պացիենտ) շրջանում հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի դեպքերի համաճարակաբանական դիտարկմանը, համաճարակաբանական հետազոտությանը (հետախուզություն), հաղորդմանը և հաշվառմանը, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը ներկայացվող պահանջները:
| ԳԼՈՒԽ 2. |
ՀԵՊԱՏԻՏ Բ ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
3. Հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի հայտնաբերումն իրականացվում է բժշկական կազմակերպության ավագ կամ միջին բուժաշխատողների կողմից:
4. Բժշկական կազմակերպությունում հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով.
1) արյան դոնորները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի N 12-Ն հրամանի համաձայն,
2) սերմնահեղուկի դոնորները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 907-Ն որոշմամբ սահմանված կարգով,
3) ոսկրածուծի, հյուսվածքների, օրգանների դոնորները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 54-Ն և 2019 թվականի փետրվարի 1-ի N 05-Ն հրամանների համաձայն:
5. Հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի լաբորատոր ախտորոշումն իրականացվում է արագ թեստով կամ իմունաֆերմենտային անալիզի (այսուհետ` ԻՖԱ) մեթոդով, մոլեկուլյար-կենսաբանական մեթոդով` պոլիմերազային շղթայական ռեակցիայով (այսուհետ` ՊՇՌ):
6. Յուրաքանչյուր լաբորատոր հետազոտություն իրականացնելու դեպքում լաբորատորիայի կողմից տրվող փաստաթղթում նշվում է թեստի անվանումը:
7. Սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի հայտնաբերումն իրականացվում է համաձայն Նորմատիվի 3-րդ և 4-րդ գլուխներով սահմանված հեպատիտ Բ և հեպատիտ Ց հիվանդությունների ստանդարտ բնորոշումների:
| ԳԼՈՒԽ 3. |
ՀԵՊԱՏԻՏ Բ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ |
8. Սուր հեպատիտ Բ-ի կլինիկական չափանիշներն են` առանձին հիվանդության սուր սկիզբը սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) կամ կենսաքիմիական (ալանին ամինատրանսֆերազների (այսուհետ` ԱԼՏ) մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում է նորմայի վերին սահմանը):
9. Հեպատիտ Բ-ի լաբորատոր չափանիշները հետևյալներից առնվազն մեկի կամ մի քանիսի դրական արդյունքն է.
1) իմունագլոբուլին Էմ (այսուհետ` իմունագլոբուլին Մ (Ig M)) հեպատիտ Բ-ի վիրուսի կորիզային հակածնի նկատմամբ հակա-ՀԲկ (anti-HBc) իմունագլոբուլին Մ (Ig M) հետազոտություն,
2) հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի (HbsAg, այսուհետ` ՀԲմ) նկատմամբ հետազոտություն,
3) հեպատիտ Բ-ի «ե» հակածնի (HbeAg, այսուհետ` ՀԲե) նկատմամբ հետազոտություն,
4) հեպատիտ Բ-ի նուկլեինաթթվի (HBV-DNA, այսուհետ` ՀԲՎ ԴՆԹ) հայտնաբերում:
10. Հեպատիտ Բ-ի համաճարակաբանական չափանիշը մարդուց մարդ փոխանցումն է, որը ներառում է փոխանցման հետևյալ ուղիները և գործոնները.
1) հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ շփում (սեռական շփում, կենցաղային շփում` վիրուսով բաղարկված հիգիենիկ պարագաների (խոզանակ, սափրիչ, եղունգկտրիչ) ընդհանուր օգտագործում,
2) արյան և արյան պատրաստուկների փոխներարկում,
3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ,
4) չպաշտպանված սեռական հարաբերություններ,
5) ներարկային թմրամիջոցների գործածում,
6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:
11. Սուր հեպատիտ Բ-ի դեպքի դասակարգում.
1) կասկածելի` կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք,
2) հավանական` կլինիկական չափանիշներով յուրաքանչյուր անձ, համաճարակաբանական վերհուշում վիրուսային հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալների առկայություն հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի (այսուհետ` ՀԲմ հակածնի) հայտնաբերումից առաջ` 6 ամսվա ընթացքում,
3) հաստատված` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
12. Քրոնիկ հեպատիտ Բ-ի դեպքի դասակարգում.
1) կասկածելի` արյան մեջ ՀԲմ հակածնի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Բ-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար),
2) հավանական` կասկածելի դեպք, որի համաճարակաբանական վերհուշում առկա են վիրուսային հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ,
3) հաստատված` կասկածելի դեպք, ՀԲմ հակածնի երկու դրական թեստերի արդյունքներով` առնվազն 6 ամիս տարբերությամբ:
| ԳԼՈՒԽ 4. |
ՀԵՊԱՏԻՏ Ց ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ |
13. Սուր հեպատիտ Ց-ի կլինիկական չափանիշներն են` առանձին հիվանդության սուր սկիզբը սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) կամ կենսաքիմիական (ԱԼՏ-ի մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում է նորմայի վերին սահմանը):
14. Սուր հեպատիտ Ց-ի լաբորատոր չափանիշը հետևյալներից առնվազն մեկն է.
1) հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների (HCV, այսուհետ` հակա-ՀՑՎ) շճափոխարկումը (սերոկոնվերսիա),
2) հեպատիտ Ց-ի վիրուսի (այսուհետ` ՀՑՎ) նուկլեինաթթվի (HCV RNA, այսուհետ` ՀՑՎ ՌՆԹ) հայտնաբերումը հակա-ՀՑՎ բացակայության պարագայում,
3) հակա-ՀՑՎ-ի դրական և հակա-ՀԱՎ (հեպատիտ Ա-ի վիրուս` HAV) իմունագլոբուլին Մ (Ig M), հակա-ՀԲկ իմունագլոբուլին Մ (Ig M) և հակա-ՀԵՎ (հեպատիտ Ե-ի վիրուս` HEV) իմունագլոբուլին Մ (Ig M) բացասական արդյունք:
15. Քրոնիկ հեպատիտ Ց-ի լաբորատոր չափանիշը հետևյալներից առնվազն մեկն է.
1) անցյալ կամ ներկա վարակի շճաբանական ապացույց` հակա-ՀՑՎ-ի դրական արդյունք,
2) ՀՑՎ ՌՆԹ-ի կամ ՀՑՎ կորիզային հակածնի դրական արդյունք:
16. Հեպատիտ Ց-ի համաճարակաբանական չափանիշը մարդուց մարդ փոխանցումն է, որը ներառում է հետևյալ ուղիները և գործոնները.
1) հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ շփում (սեռական շփում, կենցաղային շփում` վիրուսով բաղարկված հիգիենիկ պարագաների (խոզանակ, սափրիչ, եղունգկտրիչ) ընդհանուր օգտագործում,
2) արյան և արյան պատրաստուկների փոխներարկում,
3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ,
4) չպաշտպանված սեռական հարաբերություններ,
5) ներարկային թմրամիջոցների գործածում,
6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:
17. Սուր հեպատիտ Ց-ի դեպքի դասակարգումն է`
1) կասկածելի դեպքը կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպքն է,
2) հավանական դեպքը կլինիկական չափանիշներ ունեցող անձն է, որի համաճարակաբանական վերհուշում առկա են վիրուսային հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ հակա-ՀՑՎ-ի հայտնաբերումից առաջ` 6 ամսվա ընթացքում,
3) հաստատված դեպքը լաբորատոր հաստատված դեպքն է:
18. Քրոնիկ հեպատիտ Ց-ի դեպքի դասակարգում.
1) կասկածելի` արյան մեջ հակա-ՀՑՎ-ի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Ց-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար),
2) հավանական` այն կասկածելի դեպքն է, որի համաճարակաբանական վերհուշում առկա են վիրուսային հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ,
3) հաստատված դեպքը այն հավանական դեպքն է, որի արյան շիճուկում առկա է ՀՑՎ ՌՆԹ կամ հեպատիտ Ց վիրուսի կորիզային հակածին` ՀՑՎ-կ հակածնի (HCV-coreAg), առանց սուր հեպատիտի նշանների:
| ԳԼՈՒԽ 5. |
ՀԵՊԱՏԻՏ Բ ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ |
19. Հեպատիտ Բ, հեպատիտ Ց հիվանդությունների ստանդարտ բնորոշումներին համապատասխանող դեպքերը, ինչպես նաև` պացիենտների (այդ թվում` լյարդի ցիրոզով և լյարդի առաջնային քաղցկեղով) մոտ հայտնաբերված ՀԲմ հակածնի, հակա-ՀՑՎ-ի դեպքերը (այսուհետ` Դեպքեր) բժշկական կազմակերպությունում ենթակա են հաղորդման և հաշվառման (գրանցման):
20. Բժշկական կազմակերպությունում Դեպքերի հաղորդումը և հաշվառումն իրականացվում են հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջները սահմանող Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի համաձայն:
21. Բժշկական կազմակերպությունում յուրաքանչյուր Դեպք հաշվառվում է «Հիվանդությունների հաշվառման մատյանում», որը սահմանված է հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջները սահմանող Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտով:
22. Դեպքերի հաշվառման, ինչպես նաև` դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը:
23. Բժշկական կազմակերպության կողմից ախտորոշումը փոփոխելու կամ հաստատելու դեպքում, անմիջապես (ըստ տեղակայման վայրի) ուղարկվում է նոր շտապ հաղորդում` նշելով սկզբնական ախտորոշումը, փոփոխված (հաստատված) ախտորոշման ամսաթիվը և լաբորատոր հետազոտության արդյունքները` համաձայն հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջները սահմանող Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի:
24. Հեպատիտ Ց-ով կամ ՀԲմ հակածին ունեցող մայրերից ծնված երեխաների մասին տվյալները ծննդատնից հաղորդվում են երեխայի հաշվառման առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող (այսուհետ` ԱԱՊ) բժշկական կազմակերպություն` հետագա հետազոտությունները Նորմատիվի Ձև 1-ի և Ձև 2-ի համաձայն կազմակերպելու նպատակով:
| ԳԼՈՒԽ 6. |
ՀԵՊԱՏԻՏ Բ ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ԴԵՊՔԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ (ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ) |
25. Բժշկական կազմակերպությունում աշխատանքի ընթացքում պատահական ծակոցների, սրածայր գործիքներով վնասման դեպքում անհրաժեշտ գործողություններն իրականացվում են համաձայն բժշկական կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները սահմանող Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտով:
26. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս հեպատիտ Բ-ի կամ հեպատիտ Ց-ի ստանդարտ բնորոշումներին համապատասխան ախտանշաններով պացիենտ հայտնաբերելիս իրականացվում է վարակաբանի խորհրդատվություն` ախտորոշման և բուժման նպատակով:
27. Հաստատված սուր հեպատիտ Բ և սուր հեպատիտ Ց ախտորոշմամբ պացիենտները հոսպիտալացվում են մասնագիտացված (ինֆեկցիոն) բժշկական կազմակերպությունում կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական կազմակերպությունների ինֆեկցիոն բաժանմունքներում:
28. Սուր հեպատիտ Բ-ով պացիենտի կոնտակտավորների նկատմամբ ԱԱՊ բժշկի կամ վարակաբանի կողմից իրականացվում է հսկողություն 6 ամիս ժամկետով` այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են: Երկու ամիսը մեկ անգամ իրականացվում է լաբորատոր հետազոտություն` ՀԲմ հակածնի որոշման համար: Լաբորատոր հետազոտությունների արդյունքները գրանցվում են պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում: Դրական արդյունքի դեպքում կոնտակտավորն ուղղորդվում է վարակաբանի խորհրդատվության:
29. Սուր և քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտի կոնտակտավորների նկատմամբ հսկողությունն իրականացվում է այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են` համաձայն Նորմատիվի Ձև 2-ի և Ձև 3-ի:
30. Հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի ներհիվանդանոցային վարակի կանխարգելման նպատակով իրականացվում են`
1) պացիենտների շրջանում լաբորատոր հետազոտություններ հեպատիտ Բ-ի նկատմամբ սահմանված ժամկետներում` համաձայն Նորմատիվի Ձև 1-ի,
2) պացիենտների շրջանում լաբորատոր հետազոտություններ հեպատիտ Ց-ի դրոշմների նկատմամբ` համաձայն Նորմատիվի Ձև 2-ի և Ձև 3-ի,
3) բուժանձնակազմի շրջանում մասնագիտական գործունեության ընթացքում հեպատիտներով վարակման կանխարգելում, մասնավորապես`
ա. բժշկական կազմակերպությունում բուժաշխատողների առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների գործընթացի ապահովում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման պահանջների,
բ. կենսաբանական գործոններից բուժանձնակազմի պաշտպանություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի N 3354-Ա հրամանի պահանջների,
գ. աշխատանքի ընթացքում բուժանձնակազմի լորձաթաղանթի և մաշկի հետ պացիենտի կենսաբանական հեղուկների և արյան շփման ժամանակ հեպատիտ Բ-ի արտակարգ կանխարգելում` հեպատիտ Բ-ի իմունոգլոբուլինի ներարկում առաջին 24 ժամվա ընթացքում, իսկ հետագայում նաև մասնահատուկ (սպեցիֆիկ) կանխարգելում` պատվաստում արագացված ժամանակացույցով` համաձայն բժշկական կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները սահմանող Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի,
դ. բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների համաճարակաբանական հսկողություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 3847-Լ հրամանի պահանջների,
ե. բժշկական կազմակերպությունում վարակի հսկողության ծրագրի մշակում և ներդրում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հունվարի 4-ի N 2117-Ա հրամանի պահանջների:
31. Հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են հիվանդանոցային պայմաններում բժշկական կազմակերպությունների մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքներում և ԱԱՊ օղակում` Հայաստանի Հանրապետությունում հեպատիտ Բ-ի իմունականխարգելման պահանջը սահմանվում է բժշկական կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպումը և իրականացումը սահմանող Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի համաձայն:
32. Բժշկական կազմակերպությունում այն պացիենտներին, որոնց մոտ հայտնաբերվել են Դեպքեր, բուժաշխատողի կողմից տրամադրվում է խորհրդատվություն հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի փոխանցման ուղիների, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, անվտանգ վարքագծի վերաբերյալ և վերջինիս մասին կատարում գրառումներ մեծահասակի հիվանդության պատմագրի մեջ կամ պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:
33. Դոնորական արյան և դրա բաղադրամասերի, օրգանների և հյուսվածքների նախապատրաստում, վերամշակում, պահպանում և անվտանգության ապահովում իրականացնող անձնակազմը ենթակա է ՀԲմ հակածնի և հակա-ՀՑՎ-ի նկատմամբ հետազոտության` համաձայն Նորմատիվի Ձև 1-ի և Ձև 3-ի:
34. Իմունաանբավարարությամբ (ուռուցքաբանական պացիենտները, հեմոդիալիզ ստացողները, իմունաճնշիչ դեղեր ստացողները) անձանց մոտ, ինչպես նաև սուր հեպատիտ Ց-ի վաղ շրջանում (վարակվելուց հետո մինչև 12 շաբաթը) հակա-ՀՑՎ-ն կարող է բացակայել: Պացիենտների տվյալ խմբերում հեպատիտ Ց-ի ախտորոշումը իրականացվում է հակա-ՀՑՎ-ի և ՀՑՎ ՌՆԹ-ի միաժամանակյա հայտնաբերման միջոցով` համաձայն Նորմատիվի Ձև 2-ի:
35. Հղիներին արյան շիճուկում (պլազմայում) հակա-ՀՑՎ-ի նկատմամբ հետազոտություն կատարվում է (հաշվառման դեպքում) առաջին և երրորդ եռամսյակում: Հակա-ՀՑՎ հայտնաբերելիս հղին ուղեգրվում է վարակաբանի խորհրդատվության:
36. Եթե հղիության առաջին եռամսյակում լաբորատոր հետազոտության ժամանակ հակա-ՀՑՎ-ն կյանքի ընթացքում առաջին անգամ է հայտնաբերվում, սակայն ՀՑՎ ՌՆԹ չի հայտնաբերվում, ապա հաջորդ հետազոտությունը այս դրոշմի նկատմամբ իրականացվում է երրորդ եռամսյակում:
37. Մորից երեխային փոխանցվող հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 31-ի N 1154-Ա հրամանի:
38. Դեպքերի արձանագրման ժամանակ Լիազոր մարմնի կողմից, այդ թվում` պետական կազմակերպության միջոցով, իրականացվում է Դեպքի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն): Դեպքերի արձանագրման ժամանակ, Լիազոր մարմինը, այդ թվում` պետական կազմակերպության միջոցով, անձի համաձայնությամբ կարող է մուտք գործել հեպատիտ Բ կամ հեպատիտ Ց հիվանդության օջախ և իրականացնել Դեպքի կամ օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն)` հավանական վարակի աղբյուրի, կոնտակտավորների հայտնաբերում, օջախի սահմանների որոշում և Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցով սահմանված միջոցառումներ:
| ԳԼՈՒԽ 7. |
ՀԵՊԱՏԻՏ Բ-ՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
39. Սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ով բոլոր անձանց նկատմամբ իրականացվում է շարունակական հսկողություն այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են:
40. Շարունակական հսկողության ընթացքում առաջին զննությունն իրականացվում է բժշկական կազմակերպությունից դուրս գրվելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամիս անց: Եթե պացիենտը դուրս է գրվել ԱԼՏ-ի և ԱՍՏ-ի (ասպարտատ ամինատրանսֆերազների) նշանակալի բարձր արդյունքներով, ապա առաջին զննությունն անցկացվում է դուրս գրվելուց հետո 10-14-րդ օրը:
41. Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացածները վերադառնում են իրենց աշխատանքային գործունեությանը կամ ուսմանը` դուրս գրվելուց հետո ոչ շուտ, քան մեկ ամիս անց, բուժումից հետո սահմանված կարգով իրականացվող հետազոտությունների բացասական արդյունքների հիման վրա: Նրանք ազատվում են ծանր ֆիզիկական աշխատանքից և սպորտային պարապմունքներից առնվազն 6-12 ամիս:
42. Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացածների նկատմամբ իրականացվում է շարունակական հսկողություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի N 81-Ն հրամանի: Շարունակական հսկողությունն իրականացվում է 6-12 ամիս ժամկետով: Բժշկական զննությունը, կենսաքիմիական, շճաբանական և վիրուսաբանական թեստերն իրականացվում են բժշկական կազմակերպությունից դուրս գրվելուց հետո 1-ին, 3-րդ և 6-րդ ամիսներին: Հիվանդության կլինիկական ախտանշանների առկայության կամ լաբորատոր ցուցանիշների շեղումների դեպքում պացիենտի շարունակական հսկողությունը երկարաձգվում է:
43. Քրոնիկ ՀԲՎ վարակով անձինք գտնվում են շարունակական հսկողության ներքո, մինչև ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության բացասական արդյունքների ստացումը: Հետազոտությունների ծավալը որոշվում է բժիշկ-վարակաբանի կամ ընտանեկան բժշկի կողմից` կախված դրոշմների հայտնաբերումից, սակայն ոչ ուշ, քան 6 ամիսը 1 անգամ:
44. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ով մորից ծնված երեխան ենթակա է մանկաբույժի և վարակաբանի կողմից շարունակական հսկողության այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նա հաշվառված է, ինչպես նաև` ենթակա է ԱԼՏ ֆերմենտի ակտիվության որոշման և ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության` համաձայն Նորմատիվի Ձև 1-ի:
| ԳԼՈՒԽ 8. |
ՀԵՊԱՏԻՏ Ց-ՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
45. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտները և այն անձինք, ում մոտ հայտնաբերվել է հակա-ՀՑՎ (ՀՑՎ-ի ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), ենթակա են պարտադիր շարունակական հսկողության բժիշկ-վարակաբանի մոտ այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են:
46. Սուր հեպատիտ Ց-ի շարունակական հսկողությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի N 81-Ն հրամանի:
47. Սուր հեպատիտ Ց-ով պացիենտները հիվանդության ախտորոշումից 6 ամիս անց ենթարկվում են բժշկական զննության և լաբորատոր հետազոտության` ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ: Այս անձանց մոտ ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության դեպքում նրանք համարվում են քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտներ և ենթակա են շարունակական հսկողության: ՀՑՎ ՌՆԹ-ի կամ հեպատիտ Ց վիրուսի կորիզային հակածնի (ՀՑՎ-կ հակածնի) նկատմամբ լաբորատոր հետազոտության բացասական արդյունքով անձինք ենթակա են կրկնակի լաբորատոր հետազոտության ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ` 12 և 24 շաբաթ անց:
48. Քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտների և այն անձանց, ում մոտ հայտնաբերվել են հակա-ՀՑՎ (ՀՑՎ ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), շարունակական հսկողությունն իրականացվում է հայտնաբերումից առնվազն 6 ամիս անց մեկ անգամ` համալիր լաբորատոր հետազոտություններով` ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտությամբ: Հակա-ՀՑՎ-ի առկայությամբ անձինք, ում մոտ բացակայում է ՀՑՎ ՌՆԹ-ի շարժընթացն առնվազն 24 շաբաթ, համարվում են հեպատիտ Ց-ի ռեկոնվալեսցենտներ և դուրս են գալիս շարունակական հսկողությունից:
49. Հեպատիտ Ց-ով մորից ծնված երեխան բժշկական կազմակերպությունում ենթակա է շարունակական հսկողության` արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության հակա-ՀՑՎ-ի և ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ: Հեպատիտ Ց-ով մորից ծնված երեխան կյանքի առաջին տարում հետազոտվում է ՀՑՎ ՌՆԹ-ի նկատմամբ` համաձայն Նորմատիվի Ձև 2-ի, կյանքի 18-րդ ամսում կամ դրանից հետո` հակա-ՀՑՎ-ի նկատմամբ: Հակա-ՀՑՎ ունեցող երեխան հետազոտվում է ՀՑՎ ՌՆԹ-ի նկատմամբ 3 տարեկանից հետո` քրոնիկ հեպատիտ Ց ախտորոշումը հաստատելու նպատակով:
Ձև 1
ՔԱՆԱԿԱԿԱԶՄ
ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ՎԻՐՈՒՍԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՀԱԿԱԾՆԻ (HBSAg) ՆԿԱՏՄԱՄԲ
ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ
._____________________________________________________________________.
|N |Քանակակազմեր |Հետազոտության ժամանակաշրջան |
|___|__________________________|______________________________________|
|1. |Արյան (դրա բաղադրամասերի),|Յուրաքանչյուր արյունատվության ժամանակ,|
| |օրգանների և |յուրաքանչյուր անգամ անձից դոնորական |
| |հյուսվածքների, սերմի |նյութ վերցնելիս |
| |դոնորներ | |
|___|__________________________|______________________________________|
|2. |Հղիներ |Հղիության I, III եռամսյակում |
|___|__________________________|______________________________________|
|3. |Արյան և դրա բաղադրիչների |Հեպատիտ Բ-ի կասկածի ժամանակ և վերջին |
| |ռեցիպիենտներ |փոխներարկումից հետո 6 ամսվա ընթացքում |
|___|__________________________|______________________________________|
|4. |Սուր (հղիության III |Ծնվելուց հետո մինչև 12 ժամվա |
| |եռամսյակում) և քրոնիկ |ընթացքում, անկախ քաշից, ստանում են |
| |հեպատիտ Բ-ով մայրերից, |հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում և հեպատիտ |
| |ինչպես նաև ՀԲմ հակածին |Բ-ի իմունոգլոբուլին` տարբեր |
| |ունեցող մայրերից ծնված |վերջույթներին: 9-12 ամսականում |
| |երեխաներ |իրականացվում է հետազոտություն ՀԲմ |
| | |հակածնի և հակամարմինների նկատմամբ: |
| | |Եթե հեպատիտ Բ-ի պատվաստումները |
| | |կատարվել են ուշացումով, ապա |
| | |հետազոտությունն իրականացվում է վերջին |
| | |դեղաչափից 1-2 ամիս հետո |
|___|__________________________|______________________________________|
|5. |Դոնորական արյան և դրա |Աշխատանքի ընդունվելիս և հետագայում |
| |բաղադրիչների, օրգանների և |տարին 1 անգամ, լրացուցիչ` |
| |հյուսվածքների |համաճարակաբանական ցուցումով |
| |նախապատրաստում, | |
| |վերամշակում, պահպանում և | |
| |անվտանգության ապահովում | |
| |իրականացնող անձնակազմը | |
|___|__________________________|______________________________________|
|6. |Հեմոդիալիզի, երիկամների |Բաժանմունք ընդունվելիս և հետագայում` |
| |փոխպատվաստման, |համաճարակաբանական ցուցումով |
| |վերակենդանացման, | |
| |վիրաբուժական և | |
| |հեմատոլոգիայի | |
| |բաժանմունքների պացիենտները| |
|___|__________________________|______________________________________|
|7. |Ցանկացած քրոնիկական |Առաջնային լաբորատոր հետազոտության |
| |հիվանդություն ունեցող |ժամանակ և հետագայում` ըստ |
| |պացիենտ (շաքարային դիաբետ,|ցուցումների |
| |ՄԻԱՎ-վարակ, տուբերկուլոզ, | |
| |չարորակ նորագոյացություն, | |
| |հոգեկան առողջության | |
| |խնդիրներ) | |
|___|__________________________|______________________________________|
|8. |Լյարդի քրոնիկ ախտահարմամբ |Առաջնային լաբորատոր հետազոտության |
| |կամ դրանց կասկածով |ժամանակ և հետագայում` ըստ |
| |պացիենտները (քրոնիկ |ցուցումների |
| |հեպատիտ, լյարդի ցիրոզ, | |
| |լյարդի առաջնային քաղցկեղ | |
| |և հեպատոբիլիար համակարգի | |
| |այլ քրոնիկ | |
| |հիվանդություններ) | |
|___|__________________________|______________________________________|
|9. |Թմրաբանական, մաշկավեներա- |Հաշվառման վերցնելիս և հաջորդիվ` ոչ |
| |կան բժշկական կազմակերպու- |պակաս տարին 1 անգամ, լրացուցիչ` ըստ |
| |թյունների, կաբինետների |ցուցումների |
| |պացիենտները (բացառությամբ | |
| |մաշկային, սնկային և քոս | |
| |հիվանդությամբ պացիենտների)| |
|___|__________________________|______________________________________|
|10.|Վիրաբուժական |Բժշկական կազմակերպություն ընդունվելուց|
| |միջամտությունների համար |առաջ |
| |բժշկական կազմակերպություն | |
| |ընդունված պացիենտները | |
| |(բացառությամբ 0-18 տարեկան| |
| |ազգաբնակչությունը) | |
|___|__________________________|______________________________________|
|11.|Քիմիաթերապիա և |Բուժում ստանալուց առաջ |
| |իմունասուպրեսիվ բուժում | |
| |ստացողները | |
|___|__________________________|______________________________________|
|12.|Շուրջօրյա խնամքի |Ընդունվելիս և հաջորդիվ` ըստ |
| |կենտրոնների շահառուները և |ցուցումների |
| |անձնակազմը | |
|___|__________________________|______________________________________|
|13.|Հեպատիտ Բ-ի (քրոնիկ ձևեր) |Օջախը հայտնաբերելիս և հաջորդիվ` ոչ |
| |օջախների կոնտակտավորները` |պակաս տարին 1 անգամ |
| |այդ թվում սեռական | |
| |զուգընկերները | |
._____________________________________________________________________.
Ձև 2
ՔԱՆԱԿԱԿԱԶՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՀԱԿԱ-ՀՑՎ-Ի) ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՎԻ (ՌՆԹ-Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ
._____________________________________________________________________.
|N |Քանակակազմեր |Հետազոտության ժամանակաշրջան|
|___|_____________________________________|___________________________|
|1. |Արյան (դրա բաղադրամասերի), օրգանների |Յուրաքանչյուր արյունատվու- |
| |և հյուսվածքների, սերմի դոնորներ |թյան ժամանակ կամ յուրաքանչ-|
| | |յուր անգամ դոնորական նյութ |
| | |վերցնելիս |
|___|_____________________________________|___________________________|
|2. |Հեպատիտ Ց-ով վարակված մայրերից ծնված |2, 6 և 12 ամսականում |
| |մինչև 12 ամսական երեխաները |(2 ամսականում ՀՑՎ ՌՆԹ-ի |
| | |բացակայության պայմաններում)|
|___|_____________________________________|___________________________|
|3. |Իմունաանբավարարությամբ անձինք (ՄԻԱՎ |Բաժանմունք ընդունվելիս և |
| |ուռուցքաբանական պացիենտները, |հետագայում` համաճարակաբա- |
| |հեմոդիալիզ ստացողները, իմունաճնշիչ |նական ցուցումով |
| |դեղորայք ստացողները) | |
|___|_____________________________________|___________________________|
|4. |Լյարդի անհայտ ծագման հիվանդություն |Առաջնային լաբորատոր |
| |ունեցող անձինք |հետազոտության ընթացքում |
|___|_____________________________________|___________________________|
|5. |Հեմոդիալիզի, հեմատոլոգիայի և |Ընդունվելուց 30 օր անց և |
| |փոխպատվաստումների բաժանմունքների |հաջորդիվ` յուրաքանչյուր |
| |պացիենտները, որոնք բժշկական |ամիս |
| |կազմակերպությունում անընդմեջ | |
| |անցկացնում են 30 օրից ավելի | |
|___|_____________________________________|___________________________|
|6. |Սուր հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտավոր-|Օջախ արձանագրելիս և |
| |ներ` այդ թվում սեռական զուգընկերներ |հաջորդիվ 30 օրից` միանվագ |
|___|_____________________________________|___________________________|
|7. |Քրոնիկ հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտա- |Օջախ արձանագրելիս |
| |վորներ` սեռական զուգընկերներ | |
._____________________________________________________________________.
Ձև 3
ՔԱՆԱԿԱԿԱԶՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՀԱԿԱ-ՀՑՎ-Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ
._____________________________________________________________________.
| |Քանակակազմ |Հետազոտության ժամանակաշրջան|
|___|_____________________________________|___________________________|
|1. |Արյան (դրա բաղադրամասերի), օրգանների |Յուրաքանչյուր |
| |և հյուսվածքների, սերմի դոնորներ |արյունատվության ժամանակ, |
| | |յուրաքանչյուր անգամ նրանցից|
| | |դոնորական նյութ վերցնելիս |
|___|_____________________________________|___________________________|
|2. |Հղիներ |Հղիության I և III |
| | |եռամսյակում |
|___|_____________________________________|___________________________|
|3. |Արյան, դրա բաղադրամասերի, օրգանների |Հեպատիտ Ց-ի կասկածի ժամանակ|
| |և հյուսվածքների ռեցիպիենտներ |և արյան ու դրա |
| | |բաղադրամասերի |
| | |փոխներարկումից, օրգանների |
| | |և հյուսվածքների |
| | |փոխպատվաստումից հետո 6 |
| | |ամսվա ընթացքում |
|___|_____________________________________|___________________________|
|4. |Հեմոդիալիզի, երիկամների |Ընդունվելիս և |
| |փոխպատվաստման, վերակենդանացման, |անհրաժեշտության դեպքում` |
| |վիրաբուժական, արյունաբանական |կլինիկական և |
| |բաժանմունքների պացիենտները |համաճարակաբանական |
| | |ցուցումներով |
|___|_____________________________________|___________________________|
|5. |Պացիենտները` վիրաբուժական |Ընդունվելուց կամ բուժման |
| |միջամտության ընդունվելիս և |կուրսը սկսելուց առաջ 30 |
| |քիմիաթերապիա ստանալուց առաջ |օրից ոչ շուտ` ըստ |
| | |ցուցումների |
|___|_____________________________________|___________________________|
|6. |Քրոնիկական հիվանդություններով |Առաջնային լաբորատոր |
| |պացիենտները, այդ թվում` լյարդի քրոնիկ|հետազոտության ընթացքում, |
| |ախտահարմամբ կամ դրանց կասկածով |լրացուցիչ` ըստ ցուցումների |
| |պացիենտները (քրոնիկ հեպատիտ, լյարդի | |
| |ցիրոզ, լյարդի առաջնային քաղցկեղ և | |
| |հեպատոբիլիար համակարգի այլ քրոնիկ | |
| |հիվանդություններ) | |
|___|_____________________________________|___________________________|
|7. |Թմրաբանական և մաշկավեներական |Հաշվառման վերցնելիս և |
| |բժշկական կազմակերպությունների, |հաջորդիվ` տարեկան 1 անգամից|
| |կաբինետների պացիենտները (բացառությամբ|ոչ հազվադեպ, լրացուցիչ` ըստ|
| |մաշկային, սնկային և քոս |ցուցումների |
| |հիվանդությամբ պացիենտների) | |
|___|_____________________________________|___________________________|
|8. |Շուրջօրյա խնամքի կենտրոնների |Ընդունվելիս և հաջորդիվ` |
| |շահառուները և անձնակազմը |ըստ ցուցումների |
|___|_____________________________________|___________________________|
|9. |Քրոնիկ հեպատիտ Ց-ի օջախներում |Տարին 1 անգամից ոչ պակաս, |
| |կոնտակտավորները` այդ թվում սեռական |քրոնիկ հեպատիտ Ց-ով անձից |
| |զուգընկերները |բաժանվելուց կամ նրա |
| | |առողջանալուց (մահվանից) 6 |
| | |ամիս անց |
|___|_____________________________________|___________________________|
|10.|Անձինք, ովքեր հեպատիտ Ց-ով վարակման |Ռիսկի գործոնները |
| |ռիսկի քանակակազմում են. |հայտնաբերելիս |
| |1) ներարկային թմրանյութեր | |
| |գործածողները և նրանց սեռական | |
| |զուգընկերները | |
| |2) սեռական ծառայություններ մատուցող | |
| |անձինք և նրանց սեռական զուգընկերները| |
| |3) տղամարդու հետ սեռական | |
| |հարաբերություն ունեցող տղամարդ (ՏՍՏ) | |
| |4) մեկից ավելի սեռական զուգընկեր | |
| |ունեցող անձինք | |
|___|_____________________________________|___________________________|
|11.|Քրեակատարողական հիմնարկներում |Քրեակատարողական հիմնարկ |
| |գտնվողները |ընդունվելիս, հաջորդիվ` ըստ |
| | |ցուցումների |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 9 սեպտեմբերի 2025 թվական: