ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2019 թվականի N 1542-Ա
ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՓՈԼ ԳԱԼԼԱԳԵՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2019 թվականի նոյեմբերի 8-ից 10-ը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Գալլագերի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության պետին`
1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) պաշտոնական պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.
3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել զինված ուժերի պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նշված պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 23
Երևան