040.1044.180907
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2007 թվականի N 1044-Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «թ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի իրականացման մեթոդական ցուցումների, ինչպես նաև անհրաժեշտ տիպային ձևատեսքերի` մոնիթորինգային արձանագրությունների և դաշտային ձևերի մշակումն ու հաստատումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի օգոստոսի 30-ի
N 1044-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը:
2. Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը (այսուհետ` մոնիթորինգ) բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի, բուսական և կենդանական օբյեկտների, դրանց որակական և քանակական ցուցանիշների, ապրելավայրերի, բնական պաշարների, տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վիճակի ռեժիմային դիտարկումների, գնահատման, արագ արձագանքման ու զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ է:
3. Մոնիթորինգն ապահովում է բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման համար օբյեկտիվ տեղեկատվության ստացումը, որն անհրաժեշտ է էկոհամակարգերի, բնակության միջավայրերի և կենսաբանական տեսակների պահպանության ու կայուն օգտագործման համար:
4. Մոնիթորինգի համար հիմք են հանդիսանում բուսական և կենդանական օբյեկտների գույքագրումն ու հաշվառումը, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և նպատակաուղղված են կենսաբանական բազմազանության, բնական ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշների բացահայտմանը:
5. Մոնիթորինգի իրականացման փուլերն են տվյալների հավաքագրումը, գրանցումը, վերլուծությունը, ամփոփումը, երևույթների կանխատեսումը, տվյալների բազայի վարումը և տվյալների տրամադրումը տարբեր շահագրգիռ կողմերի:
II. ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Մոնիթորինգի իրականացման նպատակն է, մշտապես գնահատելով էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների վիճակի փոփոխությունները և կանխատեսելով բնական ու մարդածին ազդեցությունների հետևանքով առաջ եկած գործընթացների զարգացումը, բարելավել բնության հատուկ պահպանվող տարածքների շարունակական կայուն կառավարումը` ներառյալ կենսաբազմազանության պահպանությունը և կենսաբանական պաշարների օգտագործումը:
7. Մոնիթորինգի խնդիրներն են`
1) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնողների` անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը` համապատասխան որոշումների ընդունման համար.
2) կենսաբանական բազմազանության տարածվածության, տեսակային կազմի, քանակի, բնակության վայրերի, կենդանիների միգրացիոն ուղիների առկա վիճակի բացահայտումը.
3) էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների քանակական և որակական փոփոխությունների ընթացքի գնահատումը և կանխատեսումը.
4) էկոհամակարգերին ու դրանց բաղադրիչներին սպառնացող մարդածին գործոնների բացասական ազդեցության բացահայտումը և դրա կանխարգելման միջոցների մշակումը
5) բնական պաշարների օգտագործման նորմավորման հիմնավորմանը նպաստելը` ըստ ծավալների և ժամկետների.
6) բնության հատուկ պահպանվող տարածքների մասին տեղեկատվական համակարգի ստեղծմանը և դրա անխափան գործունեությանը նպաստելը.
7) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակմանը նպաստելը:
III. ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
8. Մոնիթորինգի օբյեկտներն են`
1) բուսական և կենդանական տեսակների բնակության վայրերը, կենդանիների բնադրավայրերը, միգրացիոն ուղիները, տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերը.
2) կենսաբանական բազմազանությունը` առաջնահերթ նշանակություն տալով`
ա. բույսերի ու կենդանիների այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնց տարածվածությունը սահմանափակվում է հարաբերականորեն ոչ մեծ աշխարհագրական շրջանով (էնդեմիկներ),
բ. բույսերի ու կենդանիների այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնք պահպանվել են անցած երկրաբանական ժամանակաշրջաններից և ներկայումս հազվագյուտ են հանդիպում (ռելիկտներ),
գ. Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի համար օտարածին այն տեսակներին, որոնց ներթափանցումը բնական էկոհամակարգեր և արագ բազմացումը սպառնում է էկոհամակարգերի կայունությանը (ինվազիվ տեսակներ).
3) Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակները, ինչպես նաև դրանց համակեցություններն ու պոպուլյացիաները.
4) տնտեսական արժեք ներկայացնող և արդյունագործական նշանակություն ունեցող բուսական ու կենդանական տեսակները.
5) բուսական ու կենդանական համակեցություններն ու պոպուլյացիաները և դրանց գերիշխող (դոմինանտ) տեսակները.
6) բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի, մակերևութային ջրերի, մթնոլորտի աղտոտվածությունը.
7) անօրինական տնտեսական գործունեությունը (տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների ապօրինի շինարարությունն ու շահագործումը, ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների ապօրինի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը և այլն), բնական ռեսուրսների ապօրինի օգտագործումը (ապօրինի անտառահատումներ, որս, ձկնորսություն, հողօգտագործում և այլն).
8) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի այլ խախտումներ:
IV. ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
9. Միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը կազմակերպում և իրականացնում է շրջակա միջավայրի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված պետական մարմին), իսկ համայնքների վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները:
(9-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
10. Մոնիթորինգի իրականացումը փուլային գործընթաց է, որը ներառում է`
1) ելակետային տվյալների ստացումը և հավաքագրումը` սույն կարգի 8-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների դիտարկման միջոցով.
2) ստացված տվյալների վերլուծությունը, ամփոփումը, կանխատեսումների կազմումը.
3) տվյալների բազայի վարումը և տեղեկատվության տրամադրումը.
4) մոնիթորինգի տվյալների հիման վրա լիազորված պետական մարմնի կողմից անհրաժեշտ բնապահպանական գործողությունների իրականացման վերաբերյալ որոշումների նախագծերի մշակումը` շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովմամբ (տարածքային կառավարման մարմիններ, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, բնօգտագործողներ և այլն):
11. Սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոնիթորինգի ելակետային տվյալներն ստանում են`
1) միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում` լիազորված պետական մարմնի կազմում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունները, իսկ հավատարմագրային կառավարման դեպքում` հավատարմագրային կառավարիչը.
2) տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում` պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինները:
12. Մոնիթորինգի ելակետային տվյալների ստացման և հավաքագրման նպատակով ստեղծվում է դիտարկման ցանց, որը ներառում է մշտական կամ ժամանակավոր (սեզոնային) դիտակետեր, փորձահրապարակներ, երթուղիներ` դիտարկումների, ստուգայցերի, երթուղային հետազոտությունների և ուսումնասիրությունների անցկացման համար:
13. Մոնիթորինգի իրականացման նպատակով դիտարկման ցանցը նախագծվում է յուրաքանչյուր բնության հատուկ պահպանվող տարածքի համար` հաշվի առնելով տվյալ տարածքում սույն կարգի 8-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների առկայությունը, դրանց տարածվածությունը, վիճակը, մարդածին ներգործության ծանրաբեռնվածությունը:
14. Դիտարկման ցանցի տեղաբաշխման նախագծերը մշակվում են սույն կարգի 11-րդ կետում նշված համապատասխան մարմինների ու կազմակերպությունների կողմից և հաստատվում են լիազորված պետական մարմնի կողմից:
15. Դիտարկման ցանցի պահպանումը, սպասարկումը և անխափան գործունեությունը համապատասխան անձնակազմի և տվյալների հավաքագրման համար անհրաժեշտ սարքավորումների միջոցով ապահովում է տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինը:
16. Մոնիթորինգի իրականացման ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալները լրացվում են լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ձևատեսքերում` մոնիթորինգային արձանագրություններում և դաշտային ձևերում, որտեղ գրանցվում են մոնիթորինգի ենթարկվող յուրաքանչյուր օբյեկտի մասին ստացված դաշտային տվյալները:
17. Բոլոր կատեգորիաների և նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում ստացված մոնիթորինգի ելակետային տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են լիազորված պետական մարմին, որն իրականացնում է սույն կարգի 10-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մոնիթորինգի տվյալների համակարգումը և տվյալների բազայի վարումը:
18. Լիազորված պետական մարմինն ապահովում է մոնիթորինգի տվյալների մուտքագրումը, դասակարգումը, վերլուծությունը, պարբերական թարմացումը և հասարակայնության համար տեղեկատվության մատչելիությունը: Այդ նպատակով կառուցվում է համապարփակ միասնական տեղեկատվական համակարգ, որն ընդգրկում է բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքների ելակետային տվյալների փոխհամադրելի բազաները:
19. Մուտքագրված տվյալները վերլուծվում և գնահատվում են մուտքագրման օրվանից մինչև 20 օրվա ընթացքում, որից հետո տեղադրվում են համապատասխան վեբ-կայքում:
20. Բոլոր կատեգորիաների և նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը կազմակերպվում և իրականացվում է լիազորված պետական մարմնի կողմից հաստատված մեթոդական ցուցումների համաձայն:
21. Բնության հատուկ պահպանվող տարածքների անտառների վերաբերյալ ստացված մոնիթորինգի տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում լիազորված պետական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն որոշմամբ սահմանված կարգով:
22. Մոնիթորինգը կազմակերպվում ու իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին: