ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2021 թվականի N 465-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՎ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԿԱՆՉԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ը», «իե» և «իէ» ենթակետերը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և նպատակ ունենալով բացառել մարդկանց կյանքի, առողջության, գույքի նկատմամբ սպառնալիքների, պետական անվտանգության ու հասարակական կարգի խախտման, հանցագործությունների, խարդախությունների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի հուսալիության և անվտանգության խափանման նկատառումներով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի (հեռախոսազանգ, կարճ հաղորդագրություն) իրականացումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը (այսուհետ` Օպերատոր) չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի գործարկման պահից բացառում է միջազգային կապուղիներից SIP կամ ISUP ազդանշանային համակարգով իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում չարտոնված կանչի վերջնավորման իրականացումը.
2) չարտոնված կանչերը Օպերատորի չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի միջոցով բացահայտված` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցով իրականացված հետևյալ կանչերն են.
ա. չորոշված (չբացահայտված) «A» համարի ներկայացմամբ կանչ,
բ. Հայաստանի Հանրապետության համարագրման պլանին համապատասխան` Օպերատորին հատկացված` հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային կոդերի համարային շարքերին պատկանող, սակայն ոչ իրական, փոխարինված կամ կեղծված «A» համարի ներկայացմամբ կանչ,
գ. Հայաստանի Հանրապետության համարագրման պլանին համապատասխան` հանրային ամրակցված հեռախոսային ցանցի տարածաշրջանային և ոչ աշխարհագրական կոդերի համարային շարքերին պատկանող «A» համարի ներկայացմամբ կանչ` միջազգային կապուղիներից:
2. Օպերատորներին` մինչև 2022 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված` չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի տեխնիկական նախագիծը (նկարագիրը) և սույն կետով նախատեսված համաձայնությունն ստանալուց հետո մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովել սույն որոշմամբ նախատեսված` չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի գործարկումը:
(2-րդ կետը փոփ. 05.10.2022 թիվ 392-Ն հրաման)
2.1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսող Օպերատորին` հեռախոսակապի ծառայությունների մատուցումը սկսելու պահից երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված` չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի տեխնիկական նախագիծը (նկարագիրը) և սույն կետով նախատեսված համաձայնությունն ստանալուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ նախատեսված` չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի գործարկումը:
(2.1-ին կետը լրաց. 21.12.2022 թիվ 548-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն որոշման 2-րդ և 2.1.-ին կետերով նախատեսված համաձայնեցման վերաբերյալ դիրքորոշումը հայտնում է` այն նախապես համաձայնեցնելով ազգային անվտանգության ոլորտի իրավասու մարմնի հետ, վերջինիս դիրքորոշումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
(3-րդ կետը փոփ. 21.12.2022 թիվ 548-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
22 դեկտեմբերի 2021 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2021 թվական: