22.02.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 օգոստոսի 2021 թվականի N 06-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
25. Իբրև շինաքար և երեսապատման քար հետախուզվող լեռնային ապարներին պետք է տրվի ճառագայթահիգիենիկ գնահատում` ըստ ՆՌԲ-96 կամ ՆՌԲ-99 «Ճառագայթային անվտանգության նորմերի»:
i
26. Կատարված ֆիզիկամեխանիկական փորձարկումների և քիմիական անալիզների որակը վերահսկվում է վերստուգիչ անալիզների իրականացմամբ:
1) Պատքարի և երեսապատման քարի հանքավայրերի հետախուզման ժամանակ 5-ական փորձանմուշներով պետք է վերստուգվեն (ներքին և արտաքին վերստուգումներ) ծավալային զանգվածի և ջրակլանման տվյալների տարբերությունը (տարամիտությունը). ծավալային զանգվածի որոշման դեպքում չպետք է գերազանցի 0.02 գ/սմ3, իսկ ջրակլանման փորձարկումների դեպքում` 0.5%-ը: Իբրև խիճ (բետոնի, ճանապարհի և վերնալիրի) քարի գնահատման դեպքում 5 փորձանմուշով վերստուգվում է թույլ ապարների հատիկների պարունակությունը:
2) Քիմիական անալիզների վերստուգումը կատարվում է միայն այն բաղադրիչների համար, որոնք սահմանավորվում են ստանդարտներով, տեխնիկական պայմաններով կամ կոնդիցիաներով: Նմուշների փոքրաթիվության դեպքում բոլոր վերցված նմուշները ենթարկվում են ներքին ու արտաքին վերստուգման:
(26-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)
27. Ապարների հողմահարվածության աստիճանի որոշման համար անհրաժեշտ է վերցնել ապարանմուշներ` ապարագրական ուսումնասիրությունների համար: Դրանք վերցվում են օգտակար հանքակուտակի մերձմակերևութային մասում (մինչև հողմահարման գոտու ստորին սահմանագիծը) և խզումնային խախտումների մոտակայքում` 0.25 մ միջակայքով, իսկ հանքակուտակի մյուս մասերում` 2-3 մ միջակայքով` հանքավայրի մակերեսում առկա փորվածքներով բացված ապարների բոլոր տարատեսակներից:
1) Ապարանմուշների ապարագրական ուսումնասիրություններով արձանագրվում է հողմահարման գործընթացներով ապարի փոփոխության աստիճանը, մասնավորապես մագմայական (հրաժայթքային) ապարներում որոշվում է դաշտային սպաթների հողմահարության վիճակը, երկրորդային միներալների առկայությունը:
2) Խճի արտադրության համար քարի պիտանիության հետազոտությունների ժամանակ որոշվում է ապարում ազատ ակտիվ սիլիկաթթվի` արևակնի (օպալ) և (կամ) քաղկեդոնի (խալցեդոն) առկայությունը և պարունակությունը: Հիդրոտեխնիկական և ճանապարհային կառույցներում խճի կիրառման հնարավորության լուծման համար պետք է որոշել սիլիկաթթվի ակտիվությունը:
28. Շինաքարի և երեսապատման քարի տեխնոլոգիական հատկությունները (սղոցման արագություն, հղկում, եզրակտրում (ֆրեզում), ողորկություն, խճի չափամասային (ֆրակցիոն) կազմ, բետոնում վերջինիս դրոևորում):
1) Հումքի նոր տեսակների, ինչպես նաև մակաբացման ապարների և արտադրության թափոնների` արդյունաբերական վերամշակման փորձի բացակայության դեպքում, տեխնոլոգիական հետազոտությունները պետք է կատարվեն հատուկ ծրագրերով:
2) Շինարարական և երեսապատման քարերի արդյունաբերական օգտագործման նախատեսվող ուղղությանը համապատասխան` որոշվում է տեխնոլոգիական փորձարկումների բնույթը. ուսումնասիրվում է ապարների տեխնոլոգիական հատկությունների համապատասխանությունը տվյալ նշանակման հումքի նկատմամբ արդյունաբերության պահանջներին, որոշվում է նաև ապրանքային արտադրանքի ելքը:
3) Ելակետային ապարի և խճի որակական ցուցանիշների որոշումը կատարվում է 8269.0-97 և 8269.1-97 ԳՕՍՏ-երով նախատեսվող մեթոդիկայով` ապարների բոլոր տարատեսակները բնութագրող ապարանմուշներով` վերցված հանքավայրի մակերեսում հավասարաչափ դասավորված փորվածքներից: Ըստ ցրտադիմացկունության ապարի յուրաքանչյուր տարատեսակ պետք է բնութագրվի ոչ պակաս, քան 9 ապարանմուշով:
ա. Խճի մեջ թիթեղաձև հատիկների բարձր պարունակության դեպքում անհրաժեշտ է կատարել հետազոտություններ` մինչև ստանդարտով նախատեսված սահմանները դրանց պարունակության հնարավոր իջեցման ուղղությամբ:
4) Քարի նպատակային օգտագործմանը համապատասխան անհրաժեշտ է վերացնել հատուկ ապարանմուշներ` որոշելու համար ապարի մաշվածքը, հարվածի նկատմամբ դրա քայքայման դիմադրությունը, բիտումային կապակցանյութում և բետոնում ապարի դրսևորման բնույթը, բնական խոնավությունը և այլն:
ա. Հատուկ նշանակման ապարանմուշները վերցվում են տարբեր թարմության և ճեղքավորվածության ապարատարատեսակների` հանքավայրի համար տիպական հարաբերակցությամբ տեղերից: Նմուշարկման կետերի քանակը տարբեր է և կախված է հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններից ու ապարների օգտագործման նպատակից: Դատարկ թմբուկում փորձարկումների համար փորվածքների մեծ մասից վերցվում են 45-50 կիլոգրամից ոչ պակաս նմուշներ:
բ. Բետոնում խճի փորձարկումների համար տարբեր ապարատեսակներից վերցվում են 100-150 կգ զանգվածով նմուշներ:
5) Երեսապատման քարերի նոր հանքավայրերի հետախուզման ժամանակ քարի գեղազարդությունը, հարատևությունը (երկարակեցությունը), ողորկություն ընդունելու և պահպանելու ունակությունը պետք է ուսումնասիրվեն այդ նպատակով վերցված ապարանմուշներով` մասնագիտացված լաբորատորիաներում և կազմակերպություններում:
6) Հանքավայրերի հետախուզման ժամանակ պետք է որոշվեն քարի մշակման տեխնոլոգիայի և էկոնոմիկայի տվյալները. սղոցման, կտրման (ֆրեզման) և ողորկման արագությունն ու էլեկտրաէներգիայի ծախսը: Այդ ցուցանիշները որոշվում են քարաբլոկներից երեսապատման քարասալեր կտրող քարամշակման կազմակերպություններում:
7) Պատքարի և երեսապատման քարի հանքավայրերի երկրաբանատնտեսական հավաստի գնահատման համար անհրաժեշտ է որոշել ընդերքի քարազանգվածից առանձին ապրանքային քարարտադրատեսակների ելքերը: Դրանք որոշվում են հողնահարման գոտուց զերծ լեռնահետախուզական փորվածքներում, իսկ շահագործական փորվածքների առկայության դեպքում` ըստ մշակման տվյալների:
ա. Երեսապատման քարերի հանքավայրերում երեսապատման քարաբլոկների ելքի որոշման համար պետք է անցկացնել փորձնական բացհանք` 50-150 մ3 չփոփոխված (թարմ) ապարների արդյունահանման համար:
բ. Երեսապատման քարաբլոկների արդյունահանման տեղանքը ապարների կազմով, ճեղքավորվածության աստիճանով ու բնույթով պետք է բնութագրական լինի ամբողջ հանքավայրի համար: Հանքավայրի տարբեր մասերում այդ ցուցանիշների էական տարբերության դեպքում, դրանցից յուրաքանչյուրում պետք է անցկացվեն փորձնական բացհանքեր:
գ. Պատքարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ պատքարի ելքը ընդերքի քարազանգվածից նույնպես պետք է որոշել փորձնական բացհանքից 50-100 մ3 չփոփոխված ապարների արդյունահանման տվյալներով:
դ. Խճի ստացման համար շինաքարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ ապրանքային քարի ելքի որոշման համար, որպես կանոն, փորձնական հանույթի չի կատարում: Ապրանքային խճի հնարավոր ելքը գնահատվում է ապարում թույլ տարատեսակների պարունակությամբ (որոնք ջարդման գործընթացում մանրատվում-մաշվում և վերածվում են ապարախյուսի) կամ ապարների կազմով ու որակով նմանակ հանքավայրերի շահագործման փորձի հաշվառմամբ:
ե. Ապրանքային խճի ելքը անհրաժեշտ է որոշել առանձին` ըստ ստանդարտներով և տեխնիկական պայմաններով սահմանված չափամասերի, նշելով խճի մակնիշներն ըստ սեղմման ամրության, մաշելիության կամ հարվածի նկատմամբ դիմադրության:
8) Երեսապատման քարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ պետք է որոշվի երեսապատման քարաբլոկներից երեսապատման քարասալերի ելքը:
ա. Վերջիններիս ելքը որոշվում է հանքավայրերի ապարների բոլոր տեսակներից վերցված քարաբլոկների սղոցման արդյունքներով: Սղոցման ենթակա են ստանդարտով սահմանված բոլոր խմբերի քարաբլոկները` անկախ դրանց նկատմամբ եղած պահանջարկից: Քարասալերի ելքը որոշվում է առանձին` անմիջապես սղոցումից հետո և քարասալերի պատրաստման յուրաքանչյուր գործողությունից հետո:
9) Կիսաարդյունաբերական և արդյունաբերական տեխնոլոգիական փորձարկումների ուղղությունը, բնույթը և ծավալը սահմանվում են ընդերքօգտագործողների և տեխնոլոգիական հետազոտություններ կատարող կազմակերպության կողմից համատեղ մշակված ծրագրով ու տեխնիկական առաջադրանքով` պայմանադիր կողմերի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
10) Շինարարական և երեսապատման քարերի տեխնոլոգիական հատկությունները պետք է ուսումնասիրվեն քարի առավել լրիվ, ռացիոնալ և համալիր մշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ:
ա. Բացի հիմնական նշանակմամբ քարի կիրառման հնարավորության ուսումնասիրությունից, անհրաժեշտ է իրականացնել հումքի համալիր անալիզներ և փորձարկումներ` այլ ուղղություններով դրա օգտագործման հնարավորության սկզբունքային գնահատման համար: Այն դեպքում, երբ նման հետազոտություններով հաստատվում է օգտակար հանածոյի պիտանիությունը առավել արժեքավոր վերջնարտադրանքների ստացման համար (օրինակ, կրաքարերի օգտագործումը կալցինացված սոդայի, կոնվերտորային կրի և այլնի արտադրության համար), ապա հանքավայրի ապարների առավել արդյունավետ օգտագործման հարցը պահանջում է շուկայավարման (մարքետինգային) ուսումնասիրությունների իրականացում` արտադրանքի նկատմամբ պահանջարկի բացահայտման և վաճառահանման հնարավոր շուկաների որոնման համար:
բ. Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի գնահատման կարևոր հարցերից է քարի արդյունահանման թափոնների հնարավոր օգտագործման ուսումնասիրությունը, քանի որ դրանց օգտահանումը (ուտիլացումը) էականորեն կբարձրացնի հանքավայրի մշակման տնտեսական ցուցանիշները:
29. Հիդրոերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել շահագործական լեռնային փորվածքների ջրահեղմանը (ջրակալմանը):
1) Պետք է որոշվեն յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հաստությունը, քարաբանական կազմը, ջրամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, մյուս ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ փոխադարձ կապը, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և մյուս պարամետրերը, որոնք անհրաժեշտ են լեռնային փորվածքներ հնարավոր ջրաներհոսի հաշվարկման և ջրիջեցման ու ցամաքուրդային միջոցառումների մշակման համար: Պետք է ուսումնասիրվեն հանքավայրի ջրահեղմանը (ջրակլանմանը) մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, մետաղի բետոնի և պոլիմերների նկատմամբ դրանց ագրեսիվությունը, գնահատվեն ջրամատակարարման համար այդ ջրերի օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև հանքավայրի շրջանի գործող ջրառների վրա դրանց ցամաքուրդի հնարավոր ազդեցությունը:
30. Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է որոշվեն հանքավայրի պարփակող ապարների ֆիզիկամեխանիակական հատկությունները, տրվի բնական (չոր) և ջրհագեցած վիճակներում դրանց ամրության բնութագիրը, ուսումնասիրվեն ապարների քարաբանական և միներալային կազմը, դրանց ճեղքավորվածութնյունը, շերտավորությունը և թերթավորությունը, հողմահարման գոտում ապարների ֆիզիկական հատկությունները, պարզաբանվի սողանքների, սելավների, ձնահյուսերի և ուրիշ ֆիզիկաերկրաբանական երևույթների առաջացման հնարավորությունը, որոնք կարող են բարդացնել հանքավայրերի մշակումը:
1) Առավել մանրամասն են ուսումնասիրվում բացհանքերի կողերի կայունությունը բնորոշող ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, ինչպես նաև ապարների կազմի ազդեցությունը մարդու առողջության վրա: Այդ հետազոտությունների ծավալը և մեթոդիկան որոշվում են հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններով:
31. Հետխուզվող հանքավայրի հարակից տարածքներում համանման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում տեղադրված շահագործվող հանքավայրերի առկայության դեպքում, հետախուզվող մակերեսի բնութագրման համար պետք է օգտագործել շահագործվող հանքավայրերի տվյալները ջրակալման աստիճանի և լեռնային աշխատանքների ինժեներաերկրաբանական պայմանների, ինչպես նաև ջրակալված մասերի չորացման համար կիրառվող միջոցառումների մասին:
32. Հանքավայրի հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական և մյուս բնական պայմանները պետք է ուսումնասիրվեն դրա մշակման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ: Պետք է տալ օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման համար նախատեսվող ապագա հանքարդյունաբերական կազմակերպության պահանջմունքները ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատումը, ինչպես նաև հետագայում անհրաժեշտ ծավալի հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ կատարելու առաջարկություններ:
33. Պետք է պարզել օգտակար հանածոների հանքակուտակներից զերծ մակերեսների տեղադրությունը, որտեղ կարող են տեղաբաշխվել արտադրական և բնակելի-քաղաքական նշանակման օբյեկտները, դատարկ ապարների թափոնակույտերը: Անհրաժեշտ է տալ ընդերքի պահպանության, շրջակա միջավայրի աղտոտման կանխման և հողերի վերականգնման (ռեկուլտիվացիա) վերաբերյալ միջոցառումների մշակման առաջարկություններ: Հողերի վերականգնման հետ կապված հարցերի լուծման համար, անհրաժեշտ է որոշել հողաբուսական շերտի հաստությունը, բերել տվյալներ ագրոքիմիական հետազոտությունների, մակաբացման ապարների թունավորության և դրանց վրա բուսական ծածկույթի առաջացման հնարավորության վերաբերյալ:
34. Հանքավայրը պարփակող ապարներում ինքնուրույն հանքակուտակներ առաջացնող մյուս օգտակար հանածոները պետք է ուսումնասիրվեն այնպիսի աստիճանով, որը թույլ տա որոշելու դրանց արդյունաբերական արժողությունը և օգտագործման հնարավոր բնագավառները:
4. ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
35. Շինարարական և երեսապատման քարերի պաշարների հաշվարկը կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան:
36. Պաշարների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի առանձնահատկությունները բնութագրող հետևյալ լրացուցիչ պայմանները:
i
37. A կարգի պաշարները նոր հետախուզվող 1-ին խմբի հանքավայրերում հաշվարկվում են հետախուզափորվածքների եզրագծերում, իսկ 2-րդ խմբի հանքավայրերում` լեռնագործական աշխատանքների և շահագործական հետախուզման հորատանցքերի եզրագծերում, որոնց տվյալներով` բավականաչափ թվով հետախուզաշահագործական հատույթներով և ապարանմուշների փորձարկումներով, հուսալիորեն որոշված են հանքակուտակների հզորությունները և շինարարական ու երեսապատման քարերի որակը:
1) Ապարների առանձնացված տարատեսակների, ներքին կոնդիցիոն նրբաշերտերի, կարստային երևույթների տարածական դիրքը, հողմահարված, մասամբ հողմահարված և չհողմահարված ապարների, խզման խախտումների և փշրված ու ճեղքավորված ապարների գոտիների սահմանները պետք է ուսումնասիրված լինեն եզրագծման ուրիշ տարբերակներ բացառող աստիճանով:
2) Ապրանքային քարի և քարաբլոկների ելքը և եզրաչափքայնությունը որոշվում են շահագործման կամ փորձնական արդյունահանման տվյալներով, իսկ երեսապատման քարասալերի ելքը` գործող քարամշակման կազմակերպության կամ փորձնական սղոցման տվյալներով: Խճի ելքը որոշվում է գործող կազմակերպության տվյալներով, իսկ 1-ին խմբի հանքավայրերում` հաշվարկային եղանակով` ապարի թույլ և ամուր հատիկների հարաբերակցությամբ:
(37-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)
38. B կարգի պաշարները 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում հաշվարկվում են հետախուզափորվածքների եզրագծերում, իսկ 1-ին խմբի հանքավայրերում` նաև երկրաբանորեն հիմնավորված արտարկման գոտում, որի լայնությունն ըստ անկման ու տարածման չպետք է գերազանցի B կարգի համար ընդունված հեռավորությունները:
1) Ապարների առանձնացված տարատեսակների, տեկտոնական խախտումների և կարստային երևույթների տարածական դիրքը պետք է ուսումնասիրված լինեն այնպիսի աստիճանով, որը եզրագծման զանազան տարբերակների հնարավորություն է ընձեռում, որոնք, սակայն, էականորեն չեն ազդում հանքամարմինների տեղադրման պայմանների և կառուցվածքի մասին պատկերացումների վրա: Ներքին ոչ կոնդիցիոն տեղամասերը, կարստային երևույթները և օգտակար հանքակուտակի բարդ կառուցվածքի դեպքում դրանք որոշվում են վիճակագրորեն: Հողմահարված, մասամբ հողմահարված և չհողմահարված ապարների գոտիների միջև սահմանները կարող են որոշվել մոտավոր: Որոշվում են ապարի անջատությունը պայմանավորող ճեղքերի հիմնական համակարգերը, և ճեղքավորվածության դրսևորման հնարավոր աստիճանը:
2) Ապրանքային քարի ելքը և եզրաչափքայնությունը 1-ին խմբի հանքավայրերում կարող են որոշվել ապարների ճեղքավորվածության և հորատահանուկի սյունիկների ելքերի վերլուծության տվյալներով, իսկ 2-րդ խմբի հանքավայրերում` շահագործման կամ փորձնական արդյունահանման տվյալներով: Պատքարի և երեսապատման քարերի բլոկների, ինչպես նաև երեսապատման քարասալերի ելքերը ընդունվում են հանքավայրի` A կարգի պաշարներով ներկայացված շահագործական կամ հետախուզված մասի համանմանությամբ: 2-րդ խմբի նոր հետախուզվող հանքավայրերում նշված քարարտադրանքների ելքերը որոշվում են փորձնական արդյունահանմամբ և փորձնական սղոցմամբ:
39. C1 կարգի պաշարները հաշվարկվում են հետախուզափորվածքների եզրագծերում, ներառելով նաև երկրաբանորեն հիմնավորված արտարկման գոտին, որի լայնությունն ըստ անկման ու տարածման չպետք է գերազանցի C1 կարգի համար ընդունված հեռավորությունները:
1) Ապրանքային քարի ելքը ընդունվում է տվյալ կամ ուրիշ նմանակ հանքավայրերի առավել հետախուզված տեղամասերի համանմանությամբ:
40. Պաշարները բոլոր կարգերի համար արտարկման գոտու լայնությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնավորվի փաստացի տվյալներով: Արտարկում չի թույլատրվում հանքավայրի այնպիսի տեղամասերում (գոտիներում), ուր առկա են տեկտոնական խախտումներ, ապարների խիստ ճեղքավորվածության և հզորությունների փոքրացում, շերտերի սեպացում և տրոհում, շինարարական և երեսապատման քարի որակի և դրանց շահագործման լեռնաերկրաբանական պայմանների վատթարացում:
41. Շինարարական և երեսապատման քարերի արդյունաբերական օգտագործման յուրաքանչյուր բնագավառի համար պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ հետախուզման ժամանակ որոշված եզրագծում դրանց առանձնացված տարատեսակների: Եզրագծման անհնարինության դեպքում պաշարները որոշվում են վիճակագրորեն:
1) Ստորերկրյա ջրերի հորիզոնից վերև կամ ներքև տեղադրված պաշարները հաշվարկվում են առանձին:
2) Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների պահպանական բնամասերում գտնվող օգտակար հանածոների պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:
42. Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, եթե հիմնավորված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանվածության հնարավորությունը:
43. Կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների, խոշոր ջրամբարների, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական բնամասերում գտնվող շինարարական և երեսապատման քարերի պաշարները չեն հաշվարկվում:
44. Հատուկ նշանակության հողերում (ընդերքի մասում) տեղակայված շինարարական և երեսապատման քարերի պաշարները չեն հաշվարկվում:
45. Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերում երկրաբանական սահմաններում ընդհանուր պաշարների գնահատում կարող է չկատարվել: Այդ դեպքում, բացի կոնկրետ պահանջարկով հետախուզված պաշարներից, նախապես գնահատվում են հետախուզված պաշարների քանակը երկու անգամից ոչ ավելի գերազանցող պաշարները:
1) Դիտարկվող քարերի հանքավայրերում P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների գնահատում չի կատարվում:
46. Շահագործվող հանքավայրերում պաշարների հաշվարկման և այս կամ այն կարգին դրանց վերագրման դեպքում պետք է հաշվի առնվեն շինարարական և երեսապատման քարերի առանձին տարատեսակների ձևաբանության, տեղադրման պայմանների, օգտակար հանածոյի մարմինների հաստության և որակի մասին հանքավայրի մշակման ընթացքում ստացված փաստացի տվյալները: Անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների, հաշվարկային պարամետրերի, քարերի տարատեսակների որակի և հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների: Համադրման նյութերում պետք է բերվեն հաստատված և մարված պաշարների, հավելաճած մակերեսների եզրագծերը, մարված պաշարների (այդ թվում` արդյունահանված), ինչպես նաև պետական հաշվեկշռում առկա պաշարների (այդ թվում` հաստատված պաշարների մնացորդի) տվյալները, կազմվեն պաշարների շարժի աղյուսակներ ըստ հանքակուտակների և հանքավայրի: Համադրման արդյունքները պետք է լուսաբանվեն հանքակուտակի տեղադրման պայմանների և ներքին կառուցվածքի վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գրաֆիկով:
1) Համադրման արդյունքների վերլուծության ժամանակ պետք է գնահատել շահագործման տվյալների հավաստիությունը, որոշել պաշարների հաշվարկային պարամետրերի (հաշվարկային մակերեսները, հանքակուտակների և ապարների առանձին տարատեսակների հզորությունները, որակական հատկությունները, ծավալային զանգվածը և այլն) փոփոխությունները, դիտարկել մանրազնին հետախուզման և պաշարների հաշվարկման ընդունված մեթոդիկայի համապատասխանությունը հանքավայրի երկրաբանական կառուցվածքի կոնկրետ առանձնահատկություններին և դրա ազդեցությունը հումքի որակի և առանձին հաշվարկային պարամետրերի որոշման արժանահավատության վրա:
2) Այն հանքավայրերում, ուր առկա են օգտակար հանածոյի որակի և պաշարների քանակի չարդարացման դեպքեր, հետախուզման և շահագործման տվյալների համադրումը, ինչպես նաև անհամապատասխանության պատճառների վերլուծությունը համատեղ պետք է կատարեն հանքավայրը հետախուզող և շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչները:
47. Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերում առկայության դեպքում գնահատվում են ուղեկից օգտակար հանածոների պաշարներ:
48. Պաշարների հաշվարկման նյութերի ձևավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով հաստատված հավելված 1-ի համաձայն:
5. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
49. Արդյունաբերական յուրացման համար շինարարական և երեսապատման քարերի հետախուզված հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:
i
50. Շինարարական և երեսապատման քարերի 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների նորմատիվ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 2-րդ աղյուսակի տվյալների համաձայն, ըստ որում, A և B կարգերով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցում Դասակարգման 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:
1) 1-ին և 2-րդ խմբերի նոր հետախուզված և (կամ) շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կարող են հաստատվել (վերահաստատվել) նաև C2 կարգի պաշարներ, որոնց լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը սահմանում է լիազոր մարմինը:
2) Շինարարական և երեսապատման քարերի P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների գնահատում և փորձաքննություն չի կատարվում:
3) Դասկարգման 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում 1-ին և 2-րդ խմբերի նոր հետախուզված և (կամ) շահագործ-վող հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը, պաշարների հաշվարկային նյութերի փորձաքննության հիման վրա, սահմանում է լիազոր մարմինը` պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ, հաշվի առնելով Դասակարգման 44-րդ կետի 4-8-րդ ենթակետերի պահանջները:
4) Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում:
(50-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)
6. ԲՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԵՍԱՊԱՏՄԱՆ ՔԱՐԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԻՐԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
51. Բնական շինարարական և երեսապատման քարերի ու դրանցից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկը բերված է աղյուսակ 2-ում.
Աղյուսակ 2
i
Բնական շինարարական և երեսապատման քարերի ու դրանցից ստացվող իրերի
և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական
պայմանների անվանացանկ
._____________________________________________________________________.
|Որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանները |
|սահմանող փաստաթղթի |
|_____________________________________________________________________|
|Համարը |Անվանումը |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 9479-2011 |Բլոկներ լեռնային ապարներից` երեսապատման, |
| |ճարտարապետաշինարարական, մեմորիալ և այլ իրերի |
| |արտադրության համար: Տեխնիկական պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 9480-89 |Բնական քարերից սղոցված երեսապատման սալեր: |
| |Տեխնիկական պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 4001-2013 |Պատքարեր լեռնային ապարներից: Տեխնիկական պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 6666-81 |Եզրաքարեր լեռնային ապարներից: Տեխնիկական պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ՀՍՏ ԳՕՍՏ 8267-95|Տեխնիկական պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 8269.0-97 |Խիճ և կոպիճ խիտ լեռնային ապարներից և |
| |արդյունաբերական արտադրության թափոններից` շինարարական|
| |աշխատանքների համար: Ֆիզիկամեխանիկական փորձարկումների|
| |մեթոդներ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 8269.1-97 |Խիճ և կոպիճ խիտ լեռնային ապարներից և |
| |արդյունաբերական արտադրության թափոններից` շինարարական|
| |աշխատանքների համար: Քիմիական անալիզի մեթոդներ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 9757-83 |Լցանյութերի ծակոտկեն անօրգանական թեթև բետոնների |
| |համար: Դասակարգում և ընդհանուր տեխնիկական պահանջներ|
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 22263-76 |Խիճ և ավազ ծակոտկեն լեռնային ապարներից |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 9758-86 |Լցանյութեր ծակոտկեն անօրգանական` շինարարական |
| |աշխատանքների համար: Փորձարկման մեթոդներ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 7392-85 |Խիճ բնական քարից` երկաթգծի վերնալիր շերտի համար: |
| |Տեխնիկական պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 22856-89 |Խիճ և ավազ գեղազարդային բնական քարից: Տեխնիկական |
| |պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 10180-90 |Բետոններ: Վերստուգիչ նմուշներով ամրության որոշման |
| |մեթոդներ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 16426-81 |Փշրանք (մանրախիճ) մարմարի` էլեկտրատեխնիկական: |
| |Տեխնիկական պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 23259-78 |Մարմար: Ընդունման կանոններ: Փորձարկումների համար |
| |նմուշների վերացման և նախապատրաստման մեթոդներ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 23260.0-78 |Մարմար: Ընդհանուր պահանջներ անալիզի մեթոդների |
| |նկատմամբ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 23260.1-78 |Մարմար: Ածխաթթվային կալցիումի պարունակության |
| |որոշման մեթոդ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 23260.2-78 |Մարմար: Մագնեզիումի օքսիդի և ածխաթթվային |
| |մագնեզիումի պարունակությունների որոշման մեթոդներ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 23260.3-78 |Մարմար: Ջրում լուծված կալցիումի և մագնեցիումի |
| |օքսիդների գումարային պարունակության որոշման մեթոդ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 23260.4-78 |Մարմար: Սիլիցիումի երկօքսիդի և ալյումինի ու երկաթի |
| |օքսիդների գումարի պարունակության որոշման մեթոդ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 6433.1-71 |Նյութեր էլեկտրամեկուսիչ պինդ: Շրջակա միջավայրի |
| |պայմանները` ապարանմուշները փորձարկման |
| |նախապատրաստելու դեպքում |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 6433.2-71 |Նյութեր էլեկտրամեկուսիչ պինդ: Հաստատուն լարվածության|
| |դեպքում էլեկտրական դիմադրությունների որոշման |
| |մեթոդներ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 6433.3-71 |Նյութեր էլեկտրամեկուսիչ պինդ: Փոփոխական (50 Հերց |
| |հաճախականություն) և հաստատուն լարվածության դեպքում |
| |էլեկրական ամրության որոշման մեթոդներ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 6433.4-71 |Նյութեր էլեկտրամեկուսիչ պինդ: 50 Հերց |
| |հաճախականության դեպքում դիէլեկտրական կորուստների և |
| |դիէլեկտրական թափանցելիության անկյան տանգենսի որոշման|
| |մեթոդներ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 4416-94 |Մարմար` զոդման նյութերի համար: Տեխնիկական պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 310.5-88 |Ցեմենտներ: Ջերմանջատման որոշման մեթոդներ |
|________________|____________________________________________________|
|ՀՍՏ 100-95 |Շինարարական քարեր տուֆերից, բազալտներից և |
| |տրավերտիններից: Տեխնիկական պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ՀՍՏ ԳՕՍՏ 8736- |Ավազ շինարարական աշխատանքների համար: Տեխնիկական |
|2014 |պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ԳՕՍՏ 25137.82 |Նյութեր ոչ հանքային շինարարական, խիճ և ավազ խիտ` |
| |արդյունաբերության թափոններից, լցանյութեր ծակոտկեն |
| |բետոնի համար: Դասկարգում |
|________________|____________________________________________________|
|ՀՍՏ 136-96 |Շինվածքներ ճարտարապետաշինարարական բնական քարերից: |
| |Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ՀՍՏ 151-96 |Խիճ և ավազ գեղազարդային ծակոտկեն հրաբխածին |
| |ապարներից: Տեխնիկական պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ՀՍՏ 152-96 |Բնական ծակոտկեն լցիչներ բետոնների համար: Քիմիական |
| |(հիդրավլիկ) ակտիվության որոշման մեթոդ |
|________________|____________________________________________________|
|ՀՍՏ 119-95 |Ծածկասալեր բազալտներից: Տեխնիկական պայմաններ |
|________________|____________________________________________________|
|ՀՍՏ 43-94 |Հայաստանի Հանրապետության հրաբխային ապարներից բնական |
| |ծակոտկեն լցիչներ` բետոնների համար: |
|________________|____________________________________________________|
|ՀՍՏ ԳՕՍՏ 8267-95|Խիճ և կոպիճ խիտ լեռնային ապարներից` շինարարական |
| |աշխատանքների համար: Տեխնիկական պայմաններ |
._____________________________________________________________________.
(2-րդ աղյուսակը փոփ. 28.09.2021 թիվ 07-Ն, 04.08.2022 թիվ 11-Ն հրամաններ)
Հավելված N 3
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2021 թվականի օգոստոսի 11-ի
N 06-Ն հրամանի
ՀՐԱՀԱՆԳ ԱՎԱԶԻ ԵՎ ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Ավազը և կոպիճը փխրուն ապարներ են, որոնք ներկայացված են տարբեր աստիճանի հղկված հատիկներով` միներալների և լեռնային ապարների բեկորներով: Եթե ապարների ընդհանուր զանգվածում ավազային մասնիկների չափերը (5 մմ) գերազանցող բեկորների քանակը կազմում է 7-15%, ապա այն կոչվում է կոպճային ավազ, 15%-ից բարձրի դեպքում` կոպճավազային խառնուրդ, 30%-ից բարձրի դեպքում` ավազակոպճային խառնուրդ: Առանձին չափամասերի (ֆրակցիաների) նույն կամ գրեթե նույն պարունակությամբ ավազները կոչվում են տարհատիկային: 70 մմ-ից մեծ չափերով լեռնային ապարների հղկված բեկորները վերագրվում են գլաքարերին:
1) Ավազներն ըստ նյութական կազմի լինում են. միամիներալային (բեկորային նյութը կազմված է առավելապես մեկ միներալի հատիկներից), տարամիներալային (կազմված է երկու-երեք միներալից` դրանցից մեկի գերակշռությամբ) և բազմամիներալային (կազմված է տարբեր կազմի լեռնային ապարների բեկորներից ու միներալներից): Ավազներում գերակշռում են քվարցը և դաշտային սպաթը: Որպես խառնուրդներ սովորաբար հանդես են գալիս փայլարը, կարբոնատները, գիպսը, մագնետիտը, իլմենիտը, ցիրկոնը, մոնացիտը, հազվադեպ` այլ միներալներ:
2) Կոպիճը կազմված է հիմնականում ամուր ապարների (գրանիտ, գնեյս, դիաբազ, քվարցիտ) և պինդ միներալների (քվարց և այլն) բեկորներից: Հաճախ խոշոր չափամասերի կազմում առկա են առավել թույլ ապարների (թերթաքարեր, կրաքարեր, դոլոմիտներ և այլն) բեկորներ:
3) Ավազի և կոպճի հատիկները ըստ ձևի լինում են կլոր, կլոր-անկյունավոր և անկյունավոր, ըստ հղկման աստիճանի` հղկված, կիսահղկված և սրանկյուն, ըստ մակերևույթի բնույթի` հարթ, անհարթ և խորդուբորդ:
4) Ավազների և կոպիճների միներալաբանական-ապարագրական ու քիմիական կազմը, ըստ խոշորության տարբեր չափամասերի հարաբերակցությունը, ալևրիտային, պեռլիտային, օրգանական և այլ խառնուրդների պարունակությունը, ֆիզիկամեխանիկական և այլ հատկությունները կանխորոշում են դրանց օգտագործման հնարավորությունը և ռացիոնալ ուղղությունները տնտեսության մեջ` բնական կամ հարստացված (լվացված, չափադասված, չափազատված) վիճակում:
2. Ավազի հանքավայրերը լայնորեն տարածված են, իսկ բուն կոպճի հանքավայրեր գրեթե չեն հանդիպում: Կոպիճը սովորաբար ավազի հետ միասին առաջացնում է ավազակոպճային խառնուրդ, որը բնական վիճակով հազվադեպ է օգտագործվում` դրանում կավային նյութի և գլաքարերի առկայության պատճառով: Սովորաբար պահանջվում է կոպճի և ավազի տեսակավորում, ինչպես նաև դրանց լվացում (վնասակար խառնուրդների (կավային նյութ և այլն) հեռացման համար) ու գլաքարերի հեռացում:
3. Ավազի և կոպճի հանքավայրերն ըստ ծագման լինում են ալյուվիալ, սառցադաշտային, ծովային, լճային, էլյուվիալ, դելյուվիալ, պրոլյուվիալ և էոլյան:
1) Առավել տարածված են ալյուվիալ հանքավայրերը: Դրանց համար բնութագրական են երկարաձգված-ոսպնյակաձև հանքակուտակները, որոնց երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի, իսկ հզորությունը` մետրի մասերից մինչև տասնյակ մետրերի: Կոպճավազային նյութի հատիկային և միներալային կազմը հանքակուտակի հատակագծում ու կտրվածքում փոփոխական է: Բեկորային նյութի տեսակավորման աստիճանը տարբեր է. նվազագույնը` գետերի լեռնային մասերում և առավելագույնը` հարթավայրային մասերում ու գետաբերաններում: Լեռնային գետերի գետաբերուկները (ալյուվի) ներկայացված են առավելապես խոշորաբեկոր նյութով, նախալեռնային գետերինը` կոպճաճալաքարային նյութով, հարթավայրային գետերինը և գետաբերաններինը` ավազներով ու կոպճավազային խառնուրդներով: Ժամանակակից գետահուներում և ողողահուներում առաջացող ավազի և ավազակոպճային խառնուրդների հանքակուտակները հաճախ ունեն ժամանակավոր բնույթ, դրանք տեղաշարժվում են տարածության մեջ` փոխելով իրենց ձևը և չափերը:
2) Էլյուվիալ և դելյուվիալ հանքավայրերը սովորաբար ներկայացված են անկանոն ձևի և ոչ հաստատուն հզորությամբ հանքակուտակներով` կազմված չտեսակավորված և չհղկված նյութից` կավային մասնիկների զգալի պարունակությամբ:
3) Պրոլյուվիալ հանքավայրերը, որոնց տարածումը սահմանափակվում է լեռնային շրջաններով, նույնպես կազմված են չտեսակավորված և չհղկված նյութից: Այդ հանքակուտակները զբաղեցնում են մեծ մակերեսներ, իսկ հզորությունները հասնում են մի քանի տասնյակ մետրերի:
4) Էոլյան ծագմամբ հանքավայրերը ներկայացված են ավազաբլուրներով (դյուներ) և ավազաթմբերով (բարխաններ), հազվադեպ` ոսպնյակաձև հանքակուտակներով, որոնք կազմված են ավազներից, սովորաբար մանրահատիկ (0.25-0.05 մմ), հազվադեպ միջնահատիկ` համեմատաբար հավասարաչափ հատիկային կազմով, կավային նյութի զգալի խառնուրդով: Էոլյան ավազները առանձնանում են նյութի առավել տեսակավորմամբ: Դրանցում գրեթե ամբողջովին բացակայում են խոշոր հատիկները:
4. Ավազային և ավազակոպճային հանքավայրերի մշակումը իրականացվում է բացհանքերով` մինչև գրունտային ջրերի մակարդակը էքսկավացիայով, այդ մակարդակից 15 մ ներքև` դրագլայններով, և մինչև 30 մ-ը` լողացող հողածուծ մեքենաներով:
5. Ավազը և կոպիճը վերագրվում են բազմանպատակ նշանակության օգտակար հանածոներին և տարեկան օգտագործվում են միլիարդավոր տոննաներով:
1) Ավազը և կոպիճը հիմնականում օգտագործվում են որպես բետոնների, շինարարական շաղախների, ասֆալտբետոնային և բիտումամիներալային խառնուրդների լցանյութ` ճանապարհների շինարարության համար: Ավազի և կոպճի մեծ քանակներ օգտագործվում են երկաթուղիների վերնալիր (բալաստային) շերտերի կառուցման ժամանակ: Ավազները զգալի քանակով կիրառվում են ապակու արտադրության մեջ, ձուլման աշխատանքներում (կաղապարման ավազներ), ցեմենտի, սիլիկատային աղյուսների և ավտոկլավային բետոններից իրերի արտադրությունում: Համեմատաբար փոքր ծավալներով ավազները օգտագործվում են նուրբ և շինարարական խեցեղենի (կերամիկա), հրահեստ նյութերի, հղկանյութերի արտադրության և ջրմուղային ջրերի զտման համար, որպես լցավորման նյութ` խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիա) դեպքում և այլ նպատակներով:
6. Ավազի և կոպճի որակի նկատմամբ պահանջները` դրանց օգտագործման տարբեր ուղղությունների համար, որոշվում են պետական և ճյուղային ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով:
7. Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդների) վերականգնվող պաշարների հետախուզման, գնահատման և հաշվարկման հարցերը (աղյուսակ 1-ի «1-2» հանքավայրերի խումբ) կարգավորվում են սույն հրահանգի 5-րդ գլխում սահմանված պահանջներով:
2. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ
i
8. Ավազի և կոպճի հանքավայրերն ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության վերագրվում են «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետ` Դասակարգում) 1-ին և 2-րդ խմբերին:
1) 1-ին խմբին են վերագրվում ավազի և ավազակոպճային խառնուրդի խոշոր և միջին շերտային ու շերտաձև հանքավայրերը, որոնց օգտակար ստվարաշերտը բնութագրվում է կայուն կառուցվածքով, հզորությամբ ու որակով: Դրանք ներկայացված են առավելապես ծովային, լճային կամ էոլյան ծագմամբ հանքավայրերով (Հայաստանում այսպիսի հանքավայրեր չկան), ինչպես նաև ալյուվիալ հանքավայրերով:
2) 2-րդ խմբին են վերագրվում խոշոր և միջին շերտային ու շերտաձև հանքավայրերը` օգտակար ստվարաշերտի փոփոխական կառուցվածքով և հզորությամբ, ոչ կոնդիցիոն ապարների նրբաշերտերով, հաճախ ավազի և ավազակոպճային հումքի ոչ կայուն որակով, ինչպես նաև ոչ մեծ ոսպնյակաձև կամ անկանոն ձևի հանքավայրերը` հանքակուտակի փոփոխական կառուցվածքով և խիստ փոփոխական հզորությամբ կամ ավազի ու ավազակոպճային հումքի ոչ հաստատուն որակով:
3) 1-2-րդ խմբին են վերագրվում ավազի և ավազակոպճային ապարների ժամանակակից գետահունային, գետաողողատային և դարավանդային հանքավայրերը, որոնց օգտակար ստվարաշերտը տարածական տեղադիրքի, ձևի, չափերի և որակի փոփոխմամբ տարեկան կամ բազմամյա ցիկլում վերականգնվում է որոշակի ինտենսիվությամբ:
(8-րդ կետը փոփ. 04.08.2022 թիվ 11-Ն հրաման)
9. Հանքավայրի (տեղամասի) վերագրումը այս կամ այն խմբին իրականացվում է, ելնելով օգտակար հանածոյի հիմնական մարմինների երկրաբանական կառուցվածքի բարդությունից, որոնցում ներառված պաշարները կազմում են հանքավայրի ընդհանուր պաշարների ավելի քան 70%-ը: Այս պայմանի չկատարման դեպքում խմբի որոշումն իրականցվում է հանքավայրի յուրաքանչյուր տեղամասի համար առանձին:
3. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը պետք է ապահովի դրա համալիր յուրացման հնարավորությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության հարցերի լուծումը:
11. Ավազի և ավազակոպճային նստվածքների պաշարների հաշվարկումն իրականացվում է C1 և C2 կարգերով, իսկ ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարների հաշվարկումը` դրանց ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան: Ապակու հումքի և կաղապարման ավազների հանքավայրերում, հետախուզված մասերի եզրագծերից դուրս գնահատվում են P1 կարգի կանխատեսումային ռեսուրսները:
1) Որոնողագնահատման և նախնական հետախուզման փուլերում պետք է բացահայտված լինի ավազներում ազնիվ, հազվագյուտ և այլ մետաղների առկայությունը: Եթե ավազներն ըստ ոսկու պարունակության կարող են հետագայում ունենալ արդյունաբերական նշանակություն, ապա դրանք պետք է դիտարկվեն որպես ոսկեպարունակ:
i
12. Մանրազնին հետախուզված հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով, որի մասշտաբը պետք է համապատասխանի դրա չափերին, երկրաբանական առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին: Ավազի և կոպճավազային ապարների տեղագրական քարտեզներն ու հատակագծերը սովորաբար կազմվում են 1:1000-1:2000 մասշտաբներով: Հանգիստ ռելիեֆով հանքավայրերի համար, որոնց երկարությունը գերազանցում է 3 կմ-ը, թույլատրվում է ունենալ 1:5000 մասշտաբի տեղագրական հիմք: Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հորատանցքեր, հետախուզաառուներ, հետախուզահորեր, խրամներ, բացահանքեր և այլն), փաստագրված և նմուշարկված բնական մերկացումները պետք է ունենան գործիքային տեղակապում:
(12-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)
13. Հանքավայրի շրջանի համար անհրաժեշտ է ունենալ 1:25000-1:50000 մասշտաբի երկրաբանական քարտեզներ` կտրվածքներով և շերտագրական սյունակներով, այդ մասշտաբի քարտեզների նկատմամբ հրահանգների պահանջներին համապատասխան: Քարտեզները և կտրվածքները պետք է արտացոլեն շրջանի երկրաբանական կառուցվածքը, հիմնական երկրաբանական կառուցվածքների (ստրուկտուրաների) և ապարների քարաբանական-ապարագրական համալիրների, ինչպես նաև նոր հանքավայրերի բացահայտման համար հեռանկարային մակերեսների տեղադիրքը:
1) Շրջանում կատարված երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքները հարկավոր է օգտագործել երկրաբանական քարտեզների ու կտրվածքների կազմման ժամանակ և ամփոփ հատակագծերում արտացոլել երկրաֆիզիական խոտորումների (անոմալիաներ) մեկնաբանությունները` ներկայացվող երկրաբանական քարտեզների մասշտաբով:
14. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրազնին ուսումնասիրված լինի և արտացոլվի 1:1000-1:2000 մասշտաբի (կախված հանքավայրի չափերից ու բարդությունից) երկրաբանական քարտեզում ու մանրազնին երկրաբանական կտրվածքներում:
1) Հանքավայրի երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը պետք է պատկերացում տան օգտակար հանածոյի մարմինների ձևի, տեղադրման պայմանների, չափերի, ներքին կառուցվածքի, ֆացիալ փոփոխականության բնույթի և սեպացման վերաբերյալ այն չափով, որն անհրաժեշտ է ու բավարար` պաշարների հաշվարկումը հիմնավորելու համար:
2) Ապակու և կաղապարման ավազների խոշոր հանքավայրերի համար այդ նյութերը պետք է պարունակեն հանքավայրերի երկրաբանական սահմանների հիմնավորումը և այն տեղամասերի տեղադիրքը, որոնց համար գնահատվել են P1 կարգի կանխատեսումային ռեսուրսները:
15. Ավազների և գլաքարեր չպարունակող կոպճավազային նստվածքների հանքավայրերի հետախուզումը իրականացվում է հորատանցքերով: Լեռնային փորվածքները (հետախուզահորեր և բոլորահորեր` դուդկաներ) անցկացվում են հորատման տվյալների ստուգման, ծավալային զանգվածի որոշման և խոշորածավալ տեխնոլոգիական նմուշների վերցման համար: Գլաքարա-կոպճային-ավազային նստվածքների հանքավայրերը ուսումնասիրում են հետախուզահորերով կամ բոլորահորերով` պատերի կարկասաօղակային ամրակապմամբ, կամ մեծ տրամագծի հորատանցքերով:
1) Լեռնային փորվածքների անցկացման անհրաժեշտությունը, դրանց տեսակները և ծավալները, նշանակությունն ու հորատանցքերի հետ հարաբերակցությունը որոշվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններից: Կապված այն հանգամանքի հետ, որ ավազակոպճային նստվածքների հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների (հորատանցքեր, հետախուզահորեր, բոլորահորեր) կիրառվող տեսակները և հորատանցքերի տրամագիծը որոշվում են` կախված կոպճի խոշորությունից ու գլաքարերի առկայությունից, այդ նստվածքների հատիկային բնութագիրը պետք է հայտնի լինի արդեն որոնողագնահատման փուլում:
2) Հիմնական հետախուզական փորվածքները հարկավոր է անցկացնել օգտակար ստվարաշերտի ամբողջ հզորությամբ կամ մինչև հանքավայրի նախօրոք սահմանված մշակման հորիզոնը: Վերջին դեպքում անհրաժեշտ է անցնել հատուկենտ փորվածքներ` ըստ խորության օգտակար հանածոյի տարածումը որոշելու նպատակով (մինչև բաց եղանակով հանքավայրի հնարավոր մշակման խորությունը):
16. Հորատանցքերի հորատման հետ միաժամանակ պետք է իրականացվեն դրանց ամրակապման (օբսադկա) աշխատանքները: Ամրակապող խողովակները հանքախորշից պետք է առաջ ընկած լինեն 15-20 սմ-ով: Սյունակային հորատման հորատանցքերը անցկացվում են առանց կավային լուծույթի կիրառման և ջրային լվացման սահմանափակմամբ: Ավազներում նպատակահարմար է իրականացնել չոր հորատում:
i
17. Հետախուզական փորվածքների տեսակները, դրանց հարաբերակցությունը, տեղադիրքը և հեռավորությունները միմյանց միջև որոշվում են հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդության` օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների, ձևի, չափերի և տեղաբաշխման բնույթի, ինչպես նաև մշակման ենթադրվող եղանակի հաշվառմամբ:
1) Աղյուսակ 1-ում բերված` ավազի և կոպճի հանքավայրերի հետախուզման ժամանակ կիրառվող հետախուզական փորվածքների ցանցի խտությանը ներկայացվող պահանջները պարտադիր են, իսկ դրանից շեղումները պետք է երկրաբանորեն հիմնավորված լինեն:
Աղյուսակ 1
Ավազի և ավազակոպճային հանքավայրերի հետախուզման ժամանակ կիրառվող
հետախուզական փորվածքների ցանցի խտությանը ներկայացվող պահանջները
._________________________________________________________________________.
|Հանքավայրի |Հանքավայրի տիպը |Փորվածքների միջև |
|խումբը | |հեռավորությունն ըստ |
| | |պաշարների կարգերի, մ |
| | |_______________________|
| | |A |B |C1 |
|___________|_____________________________________|_______|_______|_______|
|1-ին |Ավազի և ավազակոպճագլաքարային |100-200|200-300|300-400|
| |ապարների ալյուվիալ հանքավայրեր` | | | |
| |օգտակար ստվարաշերտի կայուն | | | |
| |կառուցվածքով, հզորությամբ և որակով | | | |
|___________|_____________________________________|_______|_______|_______|
|2-րդ |Բոլոր ծագումնաբանական տիպերի |- |100-200|200-300|
| |խոշոր և միջին շերտային ու շերտաձև | | | |
| |հանքավայրեր` օգտակար ստվարաշերտի ոչ | | | |
| |կայուն կառուցվածքով (ոչ կոնդիցիոն | | | |
| |ապարների նրբաշերտերով) և հզորությամբ| | | |
| |կամ ավազի ու կոպճի փոփոխական որակով | | | |
| |(տարբեր տեսակներն ու մակնիշները | | | |
| |տարածականորեն չեն երկրաչափացվում) | | | |
| |_____________________________________|_______|_______|_______|
| |Բոլոր ծագումնաբանական տիպերի ոչ |- |50-100 |100-200|
| |մեծ ոսպնյակաձև կամ ոչ կանոնավոր | | | |
| |տեսքի հանքավայրեր` օգտակար | | | |
| |ստվարաշերտի ոչ կայուն կառուցվածքով և | | | |
| |փոփոխական հզորությամբ կամ ավազի ու | | | |
| |կոպճի փոփոխական որակով | | | |
|___________|_____________________________________|_______|_______|_______|
|1-2 |Ավազի և ավազակոպճային ապարների |- |- |100-200|
| |ժամանակակից գետահունային, | | | |
| |գետաողողատային և դարավանդային | | | |
| |հանքակուտակներ` տարեկան կամ բազմամյա | | | |
| |ցիկլում տարածական տեղադիրքի, ձևի և | | | |
| |չափերի փոփոխմամբ | | | |
._________________________________________________________________________.
(17-րդ կետը փոփ. 04.08.2022 թիվ 11-Ն հրաման)
18. Հանքավայրի տեղամասերը և հորիզոնները, որոնք տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ նախանշվել են առաջնահերթ յուրացման համար, պետք է հետախուզվեն առավել մանրակրկիտ: Այդպիսի տեղամասերի և հորիզոնների պաշարները 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերի համար համապատասխանաբար պետք է հետախուզվեն առավելապես A+B և B կարգերով: Այն դեպքերում, երբ առաջնահերթ մշակման տեղամասերը երկրաբանական կառուցվածքով, օգտակար հանածոյի որակով և լեռնաերկրաբանական պայմաններով բնութագրական չեն ամբողջ հանքավայրի համար, պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն նաև այդ պահանջներին բավարարող տեղամասերը:
1) Մանրակրկիտ ուսումնասիրված տեղամասերից ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման ժամանակ ընդունված հաշվարկային պարամետրերի հավաստիության գնահատման համար:
19. Բոլոր հետախուզական, ինչպես նաև շահագործական փորվածքներն ու երկրի մակերևույթ օգտակար հանածոյի մարմինների ելքերը փաստագրվում են ըստ տիպային ձևերի:
20. Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները, որոնք բացել են օգտակար հանածոն, ինչպես նաև բնութագրական բնական մերկացումները պետք է նմուշարկվեն ավազների ու ավազակոպճային հումքի քիմիական և հատիկային կազմի որոշման համար: Նմուշարկումն անհրաժեշտ է իրականացնել օգտակար ստվարաշերտի կառուցվածքի առանձնահատկությունների և հանքավայրի մշակման նախատեսվող եղանակի հաշվառմամբ:
1) Նմուշարկման եղանակը և մեթոդիկան որոշվում են ավազի և ավազակոպճային նստվածքների հանքակուտակի ձևաբանության և ներքին կառուցվածքի, որակի փոփոխականության աստիճանի, նյութական կազմի և հումքի առանձին տարատեսակների ու տիպերի բաշխվածության, ինչպես նաև հետազոտությունների նպատակային ուղղվածության և դրանց արտադրության եղանակի հաշվառմամբ:
2) Նմուշարկումն իրականացվում է ըստ շերտերի, իսկ շերտի մեծ հզորության, ոչ հստակ դրսևորված շերտավորության կամ փոքր հզորության շերտերի հաճախակի հերթագայման դեպքում` 2-3 մ երկարությամբ հատվածամասերով (սեկցիաներով): Նմուշարկման օպտիմալ միջակայքի (նմուշի երկարության) ընտրության ժամանակ հարկավոր է հաշվի առնել օգտակար հանածոյի և ոչ կոնդիցիոն նրբաշերտերի` կոնդիցիաներով սահմանված հզորությունները: Ոչ կոնդիցիոն և դատարկ ապարների նրբաշերտերը, որոնց անջատ հանույթն անհնար է, ներառվում են նմուշի մեջ: Անջատ հանույթի ենթակա ոչ կոնդիցիոն ապարների նվազագույն հզորությունը սովորաբար ընդունվում է մեկ-երկու մետր և ճշտվում է կոնդիցիաների հիմնավորման ժամանակ:
3) Մանրազնին հետախուզման և մշակվող հանքավայրերի լրահետախուզման ժամանակ, երբ օգտակար հաստվածքի կառուցվածքն ու կազմը բավարար չափով արդեն հայտնի են, հատվածամասի չափերը` դրա համասեռ կառուցվածքի դեպքում, կարող են մեծացվել մինչև շահագործական հանքաստիճանի նախատեսվող կամ ընդունված բարձրությունը, իսկ ոչ համասեռ կառուցվածքի դեպքում` նմուշները վերցվում են շերտերից, որոնք կարող են մշակվել առանձին:
21. Ավազի և ավազակոպճային հումքի նմուշները հորատանցքերում վերցվում են յուրաքանչյուր շերտից կամ հատվածամասից: Կոպիճ չպարունակող ավազների նմուշները կրճատվում են մինչև պահանջվող զանգվածը` քառորդացման միջոցով: Ավազակոպճային նստվածքների նմուշարկման ժամանակ նմուշի կոպճային մասը առանձնացվում և ցրվում է ըստ չափամասերի, իսկ ավազային մասը` քառորդացման միջոցով կրճատվում է մինչև պահանջվող զանգվածը:
22. Հետախուզական լեռնային փորվածքներում նմուշները վերցվում են տարբեր եղանակներով` կախված բեկորային նյութի կայունությունից: Գլաքար չպարունակող կայուն բեկորային նյութի դեպքում նմուշարկումը կատարվում է ակոսի միջոցով: Ավազի հանքավայրի հետախուզման ժամանակ ակոսի հատույթն ընդունվում է 5x10 կամ 10x10 սմ չափերով` կախված ավազի հատիկների խոշորությունից: Ավազակոպճային հանքավայրի հետախուզման ժամանակ ակոսի հատույթն ընդունվում է 40x40 սմ չափերով, իսկ երբեմն ավելի մեծ` կախված խոշոր չափամասերի պարունակությունից:
1) Բեկորային նյութի անկայուն լինելու կամ օգտակար հաստվածքում գլաքարերի առկայության դեպքում նմուշարկումն իրականացվում է բազմապատիկ կոնքի եղանակով, հազվադեպ` համախառն եղանակով:
2) Համախառն եղանակի դեպքում հումքը յուրաքանչյուր շերտից կամ հատվածամասից թափվում է առանձին լցակույտ, այնտեղ խառնվում ու քառորդացվում է, այնուհետև վերցվում է պահանջվող զանգվածով նմուշ:
3) Գլաքար պարունակող կոպճավազային ապարների նմուշարկման ժամանակ, կոպճավազային նյութի նմուշը վերցվում է բազմապատիկ կոնքի եղանակով, իսկ գլաքարերը (չափամաս 70 մմ) վերցվում են հետախուզական փորվածքից հանված կոպճավազային ապարների ամբողջ զանգվածից:
4) Աստիճանային կամ համախառն մշակման դեպքում շերտային կամ հատվածամասային նմուշներից կազմվում են միասնական նմուշներ, որոնցում շերտային կամ հատվածամասային նմուշների նյութի քանակը վերցվում է նմուշարկման միջակայքին համեմատական:
23. Շահագործական լեռնային փորվածքներում և բնական մերկացումներում իրականացվում է շերտային կամ հատվածամասային նմուշարկում ակոսի եղանակով` առավել բնութագրական տեղամասերից, ինչի համար անցնում են մաքրափորվածքներ: Մաքրափորվածքների թիվը սահմանվում է, ելնելով մերկացման կամ բացահանքի հանքախորշի տարածման երկարությունից ու օգտակար հաստվածքի կառուցվածքի համասեռությունից: Եթե ակոսային նմուշարկումն անհնար է, ապա բեկորային նյութը վերցվում է յուրաքանչյուր շերտից կամ հատվածամասից և պահեստավորվում է առանձին: Այդ նյութից նմուշները վերցվում են համախառն եղանակով:
24. Նմուշների վերցման ժամանակ պետք է ձեռք առնել նախազգուշական միջոցներ` մանր չափամասերի կորուստներից, ինչպես նաև կիրառվող գործիքներից և սարքավորումներից առաջացող երկաթային մանրուքով ու բուսական շերտի օրգանական և այլ նյութերով` օգտակար հանածոն աղտոտելուց խուսափելու համար:
25. Ընդունված նմուշարկման եղանակի հավաստիությունը պետք է ստուգվի այլ` առավել ներկայացուցչական եղանակներով: Ակոսային նմուշարկումը ստուգվում է համախառն եղանակով: Ստուգման համար անհրաժեշտ է օգտագործել տեխնոլոգիական նմուշների, ինչպես նաև ծավալային զանգվածի որոշման համար բնամասերից վերցված համախառն նմուշների տվյալները, օգտակար հանածոյի արդյունահանման արդյունքները: Հանուկային նմուշարկումը ստուգաչափվում է հետախուզահորերի անցկացմամբ և նմուշարկմամբ, իսկ շահագործվող հանքավայրերում` շահագործական հետախուզման և օգտակար հանածոյի մշակման տվյալների համեմատմամբ:
26. Օգտակար հանածոյի քիմիական կազմի ուսումնասիրման համար վերցված նմուշների մշակումը և կրճատումը իրականացվում է յուրաքանչյուր հանքավայրի համար մշակված սխեմայով: Ընդ որում K գործակցի մեծությունը սովորաբար ընդունվում է հավասար 0.04: Նմուշների մշակման ընդունված մեթոդի ճիշտ լինելը և K գործակցի մեծությունը պետք է հաստատվեն նմանակ հանքավայրերի ստուգված տվյալներով կամ փորձարարական աշխատանքներով:
27. Ավազի և կոպճի որակի ուսումնասիրումը անհրաժեշտ է կատարել դրանց համալիր գնահատման, հումքի օգտագործման բոլոր հնարավոր և առավել ռացիոնալ կիրառման ուղղությունների հաշվառմամբ: Ավազների որակի ուսումնասիրման հիմնական խնդիրներից մեկը համարվում է առավել պատասխանատու ուղղության` ապակու, կաղապարման խառնուրդների, եռակցման նյութերի, սիլիցիումային կարբիդի և այլ նյութերի արտադրության համար դրանց պիտանիության սահմանումը` բարձրորակ ավազների օգտագործումը շինարարության մեջ բացառելու նպատակով:
1) Հումքի որակը գնահատվում է դրա քիմիական, հատիկային և միներալային կազմի, ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրման հիման վրա և տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով:
2) Համալիր ուսումնասիրությունը պետք է սկսվի առավել պարզ և էժան հետազոտություններից, ինչպիսիք են միներալային և հատիկային կազմը, հատիկների ձևը, աղտոտող խառնուրդների (փոշենման և կավային մասնիկներ) պարունակությունը, իսկ կոպճի համար լրացուցիչ` ջարդելիության նկատմամբ դիմադրությունը և թույլ ապարների հատիկների պարունակությունը: Լրացուցիչ փորձարկումներն իրականացվում են այս կամ այն օգտագործման ուղղությանը` ավազի և կոպճի պիտանի լինելը ճշգրտելու համար: Չարդարացված ծախսերից խուսափելու համար այդ հետազոտությունները նպատակահարմար է իրականացնել հերթականությամբ` դրանց բարդության, արժեքի և աշխատատարության ավելացման կարգով, կատարելով հաջորդ փորձարկումները միայն նախորդների դրական արդյունքների դեպքում:
3) Կախված աշխատանքների փուլից և օգտակար ստվարաշերտի կառուցվածքի առանձնահատկություններից, փորձարկումներն իրականացվում են լրիվ կամ կրճատ ծրագրով: Հետազոտությունների կրճատ ծրագիրը կարող է ներառել միայն հատիկային և քարաբանական կազմի որոշումը: Սակայն, եթե հումքի օգտագործման հնարավորությունը կախված է նաև այլ գործոնից, որը կիրառման կոնկրետ ոլորտում ունի առաջնային նշանակություն, ապա փորձարկումների ծրագրում պետք է ընդգրկել նաև այդ գործոնի որոշումը (օրինակ, ավտոճանապարհների սառցադիմացկուն և զտիչ շերտերի կառուցման համար նախատեսվող ավազների ֆիլտրացիայի գործակցի որոշումը):
4) Փորձարկումների լրիվ ծրագիրը, որպես կրճատ ծրագրին լրացում, ներառում է այն բոլոր հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են ավազի և կոպճի լրիվ գնահատականի համար ու ըստ արդյունաբերության պահանջների` ընդունելի են:
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում