16.09.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 2009 թվական N 37-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
145. Ցուցափեղկի վրա հորիզոնական դասավորվածությամբ առանձին ծավալային տառերի տեսքով գովազդային տեղեկատվության թույլատրելի տարածքի միասնական հաշվարկված առավելագույն բարձրությունը կարող է լինել մինչև 0.50 մետրը, իսկ առանձին տողի առավելագույն բարձրությունը` մինչև 0.30 մետրը, տառերի հաստությունը` ոչ ավելի, քան 0.10 մետրը:
146. Ցուցափեղկում տեղադրվող գովազդը, գովազդի միջոցները պետք է պահպանեն միմյանց հանդեպ նույնաձև չափերի և տարածությունների համաչափություն` իրարից տեղադրվելով 0.30 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:
147. Ցուցափեղկում տեղադրվող գովազդի միջոցը կարող է ապահովված լինել բացառապես ներքին կամ ետնային լուսավորությամբ` արտաքին գովազդի լուսավորության չափանիշներին համապատասխան:
148. Կախովի գովազդը, գովազդի միջոցը ստատիկ մակերես նախատեսող վահանակային կոնստրուկցիա է` բաղկացած ամրակներից, շրջանակից և տեղեկատու դաշտից, որը տեղադրվում է ամրակցող մակերեսի տակ` կցվելով վերևից:
149. Կախովի գովազդը, գովազդի միջոցը թույլատրվում է տեղադրել շենքերի, շինությունների, կառույցների հետիոտնային անցումների ուղղանկյունաձև (առանց կամարի) սրահային տարածքներում:
150. Կախովի գովազդը, գովազդի միջոցը չպետք է դուրս գա ճակատի արտաքին կամ ներքին հարթություններից, իսկ դրա առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 0.5 մետրը:
151. Կախովի գովազդի միջոցը պետք է գետնից պահպանի առնվազն 2.50 մետր բարձրություն` վերին և կողային հատվածից պահպանելով 0.30 մետր հեռավորություն:
152. Հովարը (մարկիզա) շենքի, շինության, կառույցի դռան, պատուհանի, ցուցափեղկի վերևի հատվածում ծալվող կամ չծալվող կտորե ծածկույթ է:
153. Սույն կանոնների իմաստով ծածկը բացօթյա ոչ մեկուսացված կտորե կոնստրուկցիա է, որը տեղակայված է հենարանների (սյուների) վրա մի կողմից և ամրակցված է պատին մյուս կողմից:
154. Հովանոցը սովորաբար փայտյա կամ մետաղյա ելուստներով, մեջտեղի մասում հենասյան վրա ամրացված կտորե ծալովի ծածկույթով հարմարանք է` նախատեսված արևից կամ տեղումներից պաշտպանվելու համար:
155. Հովարի, ծածկի և հովանոցի վրա թույլատրելի է պատկերել միայն գովազդվող օբյեկտի ապրանքային նշանի պատկերը և անվանումը:
156. Հովարը կարող է տեղադրվել մուտքի, պատուհանի, ցուցափեղկի վերին եզրին և բացառապես դրանց սահմաններում:
157. Ծածկը կարող է տեղադրվել մուտքի, պատուհանի, ցուցափեղկի վերին եզրին կամ դրանցից բարձր, սակայն առավելագույնը մինչև 0.50 մետր բարձրության վրա և տնտեսվարողի կողմից փաստացի զբաղեցրած տարածքի սահմաններում:
158. Հովանոցի, հովարի և ծածկի վրա տեղադրվող գովազդը պետք է պատկերված լինի բացառապես ֆրիզի հատվածում մեկ տողով, որի բարձրությունը չպետք է գերազանցի 0.30 մետրը, իսկ տեղեկատու դաշտի տարրերը պետք է տեղադրվեն մեկ հորիզոնական առանցքի վրա:
159. Հովարը պետք է համահունչ լինի շենքի, շինության ճակատի ճարտարապետական ընդհանրական տեսքին և բաժանումներին:
160. Հովարի կոնստրուկցիայի չափը չի կարող ծածկել փեղկի բարձրության 1/4-ից ավելին:
161. Հովարի կոնստրուկցիայի չափը` բացված վիճակում, չի կարող լինել 1.20 մետրից ավելի խորություն (ճակատից դեպի առաջ):
162. Հովարի և ծածկի կոնստրուկցիաների ամրակները, տեսանելի լինելու դեպքում, պետք է լինեն միագույն, իսկ պատից ամրակցված լինելու դեպքում` մուգ գույնի (մետաղի, քարի, փայտի գույնի) կամ շենքի, շինության հիմնական գույնին համահունչ, որի վրա տեղադրվում են:
163. Շենքի, շինության, կառույցի տանիքներին թույլատրելի է տեղաբաշխել (տեղադրել) միայն առանձին ծավալային տառերից և սիմվոլներից բաղկացած գովազդի միջոց` տանիքի հանդեպ տառերի հորիզոնական և մինչև երկու տողով դասավորվածությամբ` առանց տակդիրի:
164. Շենքի, շինության, կառույցի տանիքին տեղադրվող գովազդ, գովազդի միջոց հանդիսացող տանիքային կոնստրուկցիաները պետք է ունենան հակահրդեհային և հոսանքի վթարային անջատման համակարգ: Ամրակցման տարրերը, ինչպես և կոնստրուկցիայի կրող մասի հակառակ կողմը պետք է պատրաստված լինեն մինիմալ տեսանելի, ամուր և հակակոռոզիոն նյութերից:
165. Շենքի, շինության, կառույցի տանիքներին տեղադրվող գովազդի միջոցում թույլատրվում է օգտագործել ներկառուցված լուսավորություն` արտաքին գովազդի լուսավորության չափանիշներին համապատասխան:
166. Շենքի, շինության, կառույցի տանիքներին տեղադրվող գովազդ, գովազդի միջոցը պետք է լինեն ճակատի ուղղահայաց բաժանումներին համապատասխան, առանց ելուստների և դուրս չգան ճակատի հիմնական հարթությունից` դեպի առաջ:
167. Շենքի, շինության, կառույցի տանիքներին տեղադրվող գովազդի, գովազդի միջոցի լայնությունը չի կարող գերազանցել ճակատի լայնության 4/5 մասը` մինչև 35.0 մետր ճակատային լայնության դեպքում, և ճակատի լայնության կեսը` 35.0 մետրից ավելի ճակատային լայնություն դեպքում:
168. Մինչև 50.0 մետր ճակատային լայնություն ունեցող շենքի, շինության, կառույցի տանիքի միևնույն կողմում նույն հարթության վրա չի կարող տեղադրվել մեկից ավելի գովազդի միջոց:
169. 50.0 մետրից ավելի ճակատային լայնություն ունեցող շենքի, շինության, կառույցի տանիքի միևնույն կողմում մեկ հորիզոնական հարթության վրա տեղադրվող մեկից ավելի գովազդի միջոցների միմյանցից հեռավորությունը չի կարող լինել պակաս, քան 50.0 մետրը, իսկ տարբեր բարձրությունների ճարտարապետական տարրերի վրա տեղադրվելու պարագայում` 10.0 մետրը:
170. Չի թույլատրվում գովազդ, գովազդի միջոց տեղադրել թեք տանիքի և ծածկի, ոչ հիմնական, ոչ ստացիոնար, շենքի, շինության, կառույցի, ավտոտնակի, կրպակի, կրպակաշարի, կցակառույց օբյեկտի տանիքի վրա:
171. Չի թույլատրվում գովազդ, գովազդի միջոց տեղադրել մինչև 4 հարկանի շենքի, շինության, կառույցի տանիքի կամ ծածկի վրա:
172. Շենքի, շինության, կառույցի տանիքների վրա գովազդի, գովազդի միջոցի առավելագույն բարձրությունը կարգավորվում է ըստ հարկայնության և պետք է լինի.
1) 4 հարկանի շենքի, շինության, կառույցի համար ոչ ավելի, քան 2.0 մետր,
2) 5-9 հարկանի շենքի, շինության համար ոչ ավելի, քան 3.0 մետր,
3) 10-14 հարկանի շենքի, շինության համար ոչ ավելի, քան 4.0 մետր,
4) 15 կամ ավելի հարկ ունեցող օբյեկտների համար` ոչ ավելի, քան 5.0 մետր:
173. Սույն որոշման իմաստով շենքի, շինության, կառույցի մեկ հարկի բարձրությունը 3.0 մետր է: Կոտորակային արժեքների դեպքում շենքի ընդհանուր բարձրության ամբողջ թվային արժեքի կլորացումը կատարվում է մաթեմատիկական կլորացման կանոններին համապատասխան, և 1, 2, 3, 4 թվերը փոխարինվում են զրոյով, իսկ 5, 6, 7, 8, 9 թվերը մեկով ավելացնում են դիմացի թիվը:
174. Եթե շենքի, շինության, կառույցի տանիքին տեղաբաշխվող (տեղադրվող) գովազդը, գովազդի միջոցը պարունակում է ապրանքային նշանի պատկեր, ապա վերջինիս որոշակի տարրեր կարող են գերազանցել սույն կանոններով սահմանված չափորոշիչները, բայց ոչ ավելի, քան գովազդի միջոցի ամբողջական մակերեսի 1/5-րդը:
175. Կամուրջի, գետնանցումի, թունելների, էստակադաների վրա թույլատրելի է տեղաբաշխել (տեղադրել) միայն առանձին ծավալային տառերից և սիմվոլներից բաղկացած գովազդի միջոց` առավելագույնը մինչև երկու տողով դասավորվածությամբ` առանց տակդիրի կամ ամբողջությամբ թափանցիկ տակդիրի կիրառմամբ:
176. Ավտոմեքենաների` վառելիքի կամ էլեկտրական լցակայանների զբաղեցրած հողատարածքում թույլատրվում է վահանակի տեսքով տեղադրել միայն մեկ գովազդ, գովազդի միջոց, ներառյալ գնի ցուցատախտակը, և մեկ գովազդ, գովազդի միջոց կամ ցուցատախտակ լցակայանի զբաղեցրած տարածքից դուրս, նույն մայթին: Այս կոնստրուկցիաների առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 8.0 մետրը (հաշվարկված գետնի մակերևույթից), լայնությունը` 3.0 մետրը, խորությունը` 0.80 մետրը:
177. Վառելիքի կամ էլեկտրական ավտոլցակայանների զբաղեցրած հողատարածքներում գովազդ, գովազդի միջոց, բացի առանձին վահանակից, թույլատրվում է տեղադրել ծածկի ֆրիզային հատվածում առանձին ծավալային տառերով` ֆրիզի աջ և ձախ եզրերից պահպանելով 0.30 մետր հեռավորություն:
(177-րդ կետը փոփ. 09.09.2025 թիվ 411-Ն որոշում)
178. Ավտոմեքենաների` վառելիքի կամ էլեկտրական լցակայանների սահմաններից դուրս ցուցատախտակները տեղադրվում են երթևեկությանը համընթաց ուղղությամբ` լցակայանի զբաղեցրած հողատարածքի սահմաններից 30.0 մետրից ոչ ավելի հեռավորության վրա` պահպանելով 3.0 մետրից ոչ պակաս մայթի լայնություն:
179. Վառելիքի կամ էլեկտրական լցակայանների գովազդի, գովազդի միջոցի կամ գնի ցուցատախտակների էլեկտրոնային կրիչների (էկրանների) վրա գովազդի ցուցադրումը պետք է իրականացվի միայն ստատիկ պատկերների կիրառմամբ: Պատկերի փոփոխությունը պետք է կատարվի 30 վայրկյանի ընթացքում մեկ անգամից ոչ ավելի: Պատկերի փոփոխության արագությունը չպետք է պակաս լինի 2 վայրկյանից:
180. Դրոշակաձողը գետնի վրա առանձին տեղակայված միջոց է, որը բաղկացած է հիմքից և մետաղական հենքից, որի վրա բարձրանում է դրոշը:
181. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության կողմից կարող են սահմանվել դրոշակաձողի բարձրությանը ներկայացվող անհատական պահանջներ` հաշվի առնելով տվյալ տարածքի ճարտարապետական առանձնահատկությունները: Յուրաքանչյուր դեպքում դրոշակաձողի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 9.0 մետրը:
182. Միևնույն կողմում տեղակայվող մեկից ավելի դրոշակաձողերը պետք է տեղադրվեն միմյանց զուգահեռ, իսկ տեղեկատվական դաշտերը պետք է լինեն մեկ ուղղությամբ:
183. Դրոշակաձողը կարող է տեղադրվել փողոցներում, պողոտաներում, մայրուղիներում, խաչմերուկներում, հրապարակներում:
184. Դրոշի տեղեկատու թույլատրելի մակերեսի չափերը և համամասնությունները որոշվում են կախված դրոշակաձողի բարձրությունից և տեղանքից` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության հետ համաձայնեցմամբ:
185. Մեկ դրոշակաձողի վրա չի կարող տեղադրվել մեկից ավելի գովազդ:
186. Դրոշի վրա թույլատրելի է պատկերել գովազդատուի ապրանքային նշանը և անվանումը, իսկ տեղեկատվական դաշտը և նշանի դեկորատիվ ու գեղարվեստական տարրերը պետք է տեղադրվեն մեկ հորիզոնական առանցքի վրա:
187. Դրոշակաձողերի հիմքերի միջև, բացառությամբ համակառույց դրոշակաձողերի, նվազագույն հեռավորությունը չի կարող լինել 200.0 մետրից պակաս շառավիղով, իսկ համակառույց դրոշակաձողերի հեռավորությունը այլ դրոշակաձողից կամ համակառույց դրոշակաձողերից հաշվարկվում է վերջին (ծայրի) դրոշակաձողի հիմքից` դիտարկվելով տվյալ կողմի երթևեկության ուղղության տեսանկյունից:
188. Համակառույց դրոշակաձողերը պետք է ունենան միասնական ոճային լուծում, իսկ հիմքերն ու հենքերը լինեն միագույն:
189. Համակառույց դրոշակաձողերի առավելագույն քանակը չի կարող լինել 4-ից ավելի:
190. Համակառույց դրոշակաձողերի հիմքերի միջև հեռավորությունը չի կարող լինել 0.5 մետրից ավելի:
191. Շտենդերը տնտեսվարող սուբյեկտների կողմից աշխատանքային ժամերի ընթացքում տեղադրվող միակողմանի կամ երկկողմանի արտաքին գովազդի շարժական և ժամանակավոր տեղադրվող գովազդի միջոց է:
192. Շտենդերը կարող է տեղադրվել նվազագույնը 3.50 մետր լայնք ունեցող մայթերին և չի կարող զբաղեցնել 1 քմ-ից ավելի տարածք:
193. Շտենդերի տեղադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները`
1) շտենդերի կոնստրուկցիայի չափերը կարող են ունենալ առավելագույնը 0.70 մետր լայնություն և 1.20 մետր բարձրություն:
2) շտենդերի հիմնակմախքը պետք է պատրաստված լինի փայտե նյութերից:
3) շտենդերը չի կարող տեղադրված լինել այն տեղակայած տնտեսվարող սուբյեկտի ոչ աշխատանքային ժամերին:
4) շտենդերի հիմնակմախքի ամենահեռու եզրը կարող է տեղադրվել տնտեսվարող սուբյեկտի տարածքից առավելագույնը 1.0 մետր հեռավորության վրա:
5) շտենդերի տեղեկատու մակերեսը պետք է ունենա միատարր մուգ գույնի ֆոն` նախատեսված բացառապես կավիճով գրառումներ անելու համար:
194. Մշակութային հաստատություններին կից տեղադրվող միջոցառումների ազդագրերի տեղադիրները յուրաքանչյուր դեպքում պետք է համաձայնեցվեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության հետ:
195. Վահանակի (ներառյալ սքրոլլեր, պրիզմատրոն) և բարձակի վրա տեղադրվող գովազդի մակերեսը հաշվարկվում է յուրաքանչյուր կողմի տեղեկատու դաշտի մակերեսով:
196. Էկրանային (վերարտադրող) սարքավորումների մակերեսը որոշվում է վերարտադրվող պատկերի տեղեկատու դաշտի մակերեսով:
197. Շենքի, շինության կամ այլ կառույցի վրա տեղադրված և իրարից առնվազն 1.0 մ հեռավորության վրա տեղակայված արտաքին գովազդի, գովազդի միջոցի մակերեսը հաշվարկվում է գովազդի ամբողջական կոմպոզիցիոն լուծման զբաղեցրած ընդհանուր մակերեսով: Հաշվարկը կատարվում է` կոմպոզիցիան ուղղանկյան մեջ տեղադրելով` ներառելով տառերի առավելագույն բարձրությունն ու լայնությունը, ինչպես նաև տառերի և բառերի միջև եղած բացատներն ու հեռավորությունները:
(197-րդ կետը փոփ. 19.11.2024 թիվ 224-Ն որոշում)
198. Ցուցափեղկում կամ ցուցափեղկի վրա տեղադրված (տեղակայված) արտաքին գովազդի, գովազդի միջոցի մակերեսը հաշվարկվում է փաստացի տեղադրված գովազդի ընդհանուր կոմպոզիցիոն չափով: Ցուցափեղկի ապակու հատվածի ներքին կողմից կամ առանձնացված ապակեպատ պահարանի միջոցով կոմպոզիցիոն լուծումներ ունեցող գովազդի մակերեսը հաշվարկվում է ցուցափեղկի ընդհանուր արտաքին մակերեսով:
(198-րդ կետը փոփ. 19.11.2024 թիվ 224-Ն որոշում)
199. Վերանորոգման կամ շինարարական աշխատանքների ժամանակահատվածում` շինարարական աշխատանքների ծածկման նպատակով, յուրաքանչյուր ցուցափեղկի վրա փակցված գովազդային տեղեկատու մակերեսի համար տեղական տուրք չի գանձվում, եթե այն չի գերազանցում 0.40 մետր բարձրությունը և 0.60 մետր երկարությունը և չի պարունակում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսվածից ավելի տեղեկություն:
200. Նկուղի կամ կիսանկուղի աստիճանավանդակին կից հենապատի վրա տեղադրված բազրիքին ներկառուցված գովազդի միջոցի մակերեսը հաշվարկվում է գովազդի տեղեկատու դաշտի մակերեսով:
201. Նկուղի կամ կիսանկուղի աստիճանավանդակին կից հենապատի վրա տեղադրված լուսամփոփի վրա գովազդի տեղեկատու մակերեսը հաշվարկվում է գովազդի միջոցի տեղեկատու դաշտի մակերեսով:
202. Հովարների, ծածկերի և հովանոցների վրա տեղադրվող գովազդի տեղեկատու մակերեսը որոշվում է դրանց ֆրիզային հատվածի ամբողջական մակերեսով, որի վրա տեղադրված է գովազդը:
203. Դրոշակների տեղեկատու մակերեսները որոշվում են բոլոր կողմերի մակերեսով:
204. Շտենդերի վրա տեղադրվող գովազդի մակերեսը հաշվարկվում է կողմերի ընդհանուր մակերեսով` ներառյալ կոնստրուկցիոն մասը:
205. Տրանսպորտային միջոցի վրա տեղադրված գովազդի, գովազդի միջոցի մակերեսը հաշվարկվում է փաստացի տեղադրված գովազդի բոլոր երեսների ընդհանուր կոմպոզիցիոն չափով` ներառյալ հավելյալ կոնստրուկցիոն մասը:
206. Վառելիքի կամ էլեկտրական ավտոլցակայանների վահանակների` գովազդի տեղեկատու մակերեսը հաշվարկվում է փաստացի տեղադրված գովազդի միջոցի բոլոր երեսների ընդհանուր կոմպոզիցիոն չափով:
207. Հեռախոսախցիկների, բանկոմատների, վճարային տերմինալների, առևտրի ավտոմատ սարքավորումների (վենդինգային սարքավորումներ), սառնարանների, գովազդի տեղեկատու մակերեսի չափսերը որոշվում են գովազդի տեսանելի կողմերի ամբողջական կոմպոզիցիոն լուծման զբաղեցրած ընդհանուր մակերեսով: Հաշվարկը կատարվում է` կոմպոզիցիան ուղղանկյան մեջ տեղադրելով` ներառելով առավելագույն բարձրությունն ու լայնությունը:
(207-րդ կետը փոփ. 09.09.2025 թիվ 411-Ն որոշում)
208. Կանգառասրահների վրա տեղադրված գովազդի, գովազդի միջոցի տեղեկատու մակերեսի չափերը որոշվում են յուրաքանչյուր կողմի տեղեկատու դաշտի մակերեսով:
209. «Սպառողների իրավունքի պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխանող ցուցանակների համար տեղական տուրք չի գանձվում:
210. Պետական մշակութային հաստատությունների միջոցառումների ազդագրերի համար տեղական տուրք չի գանձվում:
211. Սույն կանոններով չնախատեսված, առանձին տեղակայված, եռաչափ կամ կոմպոզիցիոն (կոմպոզիցիաների տեսքով) կոնստրուկցիաներով գովազդի տեղեկատու մակերեսի չափերը որոշվում են յուրաքանչյուր դեպքում անհատապես` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության հետ համաձայնեցված նախագծի հիման վրա:
(1-ին հավելվածը փոփ. 25.06.2024 թիվ 158-Ն հրաման)
Հավելված N 2
Երևան քաղաքի ավագանու
2009 թվականի նոյեմբերի 18-ի
N 37-Ն որոշման
Ձև 1
(1-ին ձևն ուժը կորցրել է 09.09.2025 թիվ 411-Ն որոշում)
Ձև 2
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ__________ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N___
Տրվում է
____________________________
գովազդակրի անունը, անվանումը
___________________________________________________
արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) վայրը (տեղը)
______________________________________________________________________
արտաքին գովազդ տեղաբաշխելու (տեղադրելու) միջոցը (վահանակ, լուսատախտակ,
գրաժապավեն, պաստառ և այլն)
_______________
գովազդի տեսակը
Գովազդի մակերեսը ____ քմ
Թույլտվության գործողության ժամկետը` «___»_________ թ.
Երևանի_________ վարչական շրջանի ղեկավար` _______________
«___» _______ թ. Կ. Տ.
Ձև 3
______________________________________________
(վարչական շրջանի անվանումը)
______________________________________________
(վարչական շրջանի ղեկավարի անունը, ազգանունը)
______________________________________________
(դիմողի անուն, ազգանուն/անվանում, հասցեն)
_____________________________________________________
(իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գտնվելու
վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը)
_____________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը, հասցեն)
____________________________________________________________
(դիմողի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
____________________________________________________________
(բնակության վայր/գտնվելու վայր, պետական գրանցման համար)
Դիմում
Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի միջոց
տեղադրելու թույլտվություն տրամադրելու մասին
Խնդրում եմ տրամադրել ստորև նշված պայմաններով արտաքին գովազդի միջոց տեղադրելու թույլտվություն:
Գովազդային միջոցի տեղադրման վայրը ___________________
Գովազդի միջոցի տեղադրման սկիզբը և ավարտը ___________________
Այդ նպատակով խնդրում եմ`
[] տրամադրել հողամաս (եթե գովազդի միջոցը տեղադրվելու է հողամասի վրա)
[] տրամադրել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի օգտագործման համաձայնություն (եթե գովազդը, գովազդի միջոցը տեղադրվելու է հենասյուների կամ այլ գույքի վրա):
Կից ներկայացնում եմ`
1. դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2. գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում` համապատասխան փորձաքննության եզրակացությունը,
3. եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
4. տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները,
5. հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր:
Դիմող` ________________ ______________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
«___» _______ թ.
(3-րդ ձևը փոփ. 25.06.2024 թիվ 158-Ն հրաման)
Ձև 4
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ________ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N___
Տրվում է
_____________________________
դիմումատուի անունը, անվանումը
_______________________________________________
արտաքին գովազդի միջոցի (տեղադրման) վայրը (տեղը)
գովազդի միջոցի մակերեսը ____ քմ
Թույլտվության գործողության ժամկետը` «___»_______ թ.
Երևանի_________ վարչական շրջանի ղեկավար`____________________
«____»________ թ. Կ. Տ.
Երևանի քաղաքապետարան
(2-րդ հավելվածը խմբ. 21.06.2022 թիվ 611-Ն որոշում)