Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 102-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                            ԵԿԴ/0225/01/11

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0225/01/11

Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան

    Դատավորներ`        Մ. Արղամանյան,

                       Լ. Թադևոսյան

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Դանիելյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Ավագյանի

 

    2013 թվականի մայիսի 8-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Տիգրան Սամվելի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, ամբաստանյալ Արտակ Վոլոդյայի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալներ Սարգիս Ռուբենի Գևորգյանի, Դավիթ Հայկազի Քիրամիջյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի նոյեմբերի 13-ի որոշման դեմ ամբաստանյալ Տ.Առաքելյանի պաշտպան Վ.Գրիգորյանի, ամբաստանյալներ Ա.Կարապետյանի, Ս.Գևորգյանի և Դ.Քիրամիջյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 15110711 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի օգոստոսի 12-ի որոշումներով Տիգրան Սամվելի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, Արտակ Վոլոդյայի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, Սարգիս Ռուբենի Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Նախաքննության մարմնի 2011 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ Դավիթ Հայկազի Քիրամիջյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

2011 թվականի նոյեմբերի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 20-ի դատավճռով ամբաստանյալ Տ.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով: ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով Տ.Առաքելյանը դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Տ.Առաքելյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով:

Ամբաստանյալ Ա.Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով Ա.Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Կարապետյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով:

Ամբաստանյալներ Ս.Գևորգյանը և Դ.Քիրամիջյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել են ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Տ.Առաքելյանի պաշտպան Վ.Գրիգորյանի, ամբաստանյալներ Ա.Կարապետյանի, Ս.Գևորգյանի և Դ.Քիրամիջյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 20-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Տ.Առաքելյանի պաշտպան Վ.Գրիգորյանը, ամբաստանյալներ Ա.Կարապետյանը, Ս.Գևորգյանը և Դ.Քիրամիջյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մարտի 21-ի որոշմամբ ամբաստանյալ Տ.Առաքելյանի պաշտպան Վ.Գրիգորյանի, ամբաստանյալներ Ա.Կարապետյանի, Ս.Գևորգյանի և Դ.Քիրամիջյանի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ամբաստանյալներ Տ.Առաքելյանը, Ա.Կարապետյանը, Ս.Գևորգյանը և Դ.Քիրամիջյանը դատապարտվել են հետևյալ արարքների համար. «2011 թվականի օգոստոսի 9-ին` ժամը 21-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի 42-րդ շենքի մոտակայքում` Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի հարևանությամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ` տուժողներ, Վոլոդյա Գրիգորյանը և Դավիթ Մելիքյանը, ծառայություն իրականացնելիս նկատելով «Պիտբուլտերիեր» ցեղատեսակի առանց դնչկալի, շան հետ զբոսնող վկա Զաքար Զաքարյանին, մոտեցել են նրան և բացատրել, որ չի կարելի հասարակական և մարդաշատ վայրերում նման մեծ շանն առանց դնչկալի ման տալ: Վկա Զաքար Զաքարյանը, ընդունելով ոստիկանների դիտողությունը, համաձայնվել է նրանց հետ և հեռացել է: Նույն պահին տուժողներ Դ.Մելիքյանին և Վ.Գրիգորյանին են մոտեցել ամբաստանյալներ Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանը, ովքեր վկա Զաքար Զաքարյանին դիտողություն անելու կապակցությամբ սկսել են վիրավորել տուժողներ Դ.Մելիքյանին և Վ.Գրիգորյանին: Վերջիններս փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն ամբաստանյալներ Տ.Առաքելյանն ու Ա.Կարապետյանը քաշքշել են նրանց, շարունակել են վիրավորական արտահայտությունները, հայհոյանքներ են տվել, ամբաստանյալ Տ.Առաքելյանը բռունցքով հարվածել է տուժող Դ.Մելիքյանի պարանոցին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք` ճանկռվածքի ձևով, իսկ ամբաստանյալ Ա.Կարապետյանը քաշել ու պոկել է տուժող Դ.Մելիքյանի ուսադիրն ու համազգեստի վրայի տարբերանշանը, իսկ քիչ անց քաշքշուկի ընթացքում, նաև գլխարկի զինանշանը:

Մի քանի րոպե անց ամբաստանյալներ Տ.Առաքելյանին և Ա.Կարապետյանին են միացել ամբաստանյալներ Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանն ու քրեական գործով պարզված և չպարզված մի շարք անձինք, որոնք նույն վայրում` Երևան քաղաքի Տերյան փողոցի 42-րդ շենքի մոտ, որի հարևանությամբ գտնվում են բնակելի շենքեր, զբոսայգի ու բազմաթիվ սրճարաններ, մոտ 30 րոպե շարունակ հավաքված քաղաքացիների և զբոսնողների ներկայությամբ ամբաստանյալներ Տ.Առաքելյանի և Ա.Կարապետյանի հետ շարունակել են անհարկի վիրավորել, սեռական և այլ լկտի հայհոյանքներ տալ, քաշքշել ու ձեռքերով և ոտքերով հարվածել ռադիոկապով հրավիրված և տուժողներ Դ.Մելիքյանին ու Վ.Գրիգորյանին օգնության հասած մյուս ոստիկաններին, այդ թվում` տուժողներ Վոլոդյա Գրիգորյանին, Դավիթ Մելիքյանին, Տիգրան Ավետիսյանին, Հայկ Նաջարյանին, Վարուժան Գասկասյանին, Գևորգ Մկրտչյանին և Շահեն Հարությունյանին` վերջիններիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ի պատասխան ոստիկանների` հակահասարակական կարգի խախտումը դադարեցնելու մասին հորդորներին և պահանջներին, ամբաստանյալները նրանց դիմել են «այ կարմիր բերետավորներ, հերիք չի մարդկանց կյանքն ուտեք, ինչու չեք թողնում հանգիստ զբոսնեն հերիք չի մարդկանց խանգարեք այ բերետներ, այ կարմիր գլխարկներ, ինչու եք մարդկանց անդորրը խանգարում» արտահայտություններով:

Մասնավորապես.

Ամբաստանյալ Տ.Առաքելյանը, բացի վերը նշվածները, քաշել և գետնին է գցել տուժող Շահեն Հարությունյանին, որի հետևանքով վերջինիս պատճառվել է ձեռքերի քերծվածքների ձևով մարմնական վնասվածք, ոտքերով հարվածել է գետնին ընկած վկա Արսեն Մելքոնյանին, դիմադրել և հարվածել է իրեն բերման ենթարկողներին տուժողներ Տ.Ավետիսյանին և Գ.Մկրտչյանին: Ճանկռելով վերջինիս աջ ձեռքը` մարմնական վնասվածք է պատճառել նրան:

Ամբաստանյալ Ս.Գևորգյանը ոտքով հարվածել է տուժող Վ.Գրիգորյանի որովայնին, ոտքերով հարվածել է գետնին ընկած վկա Արսեն Մելքոնյանին:

Ամբաստանյալ Դ.Քիրամիջյանը ձեռքով հարվածել է տուժող Հայկ Նաջարյանի պարանոցին, ոտքերով հարվածել է գետնին ընկած վկա Արսեն Մելքոնյանին, ոտքը մտցնելով Վ.Գասկասյանի ոտքերի արանքը նրան իր հետ գցել է գետնին, որի հետևանքով վնասվել է տուժող Վ.Գասկասյանի ոտքը, իսկ ամբաստանյալ Դ.Քիրամիջյանի ճակատը:

Այնուհետև, բերման ենթարկվելիս պարեկային ավտոմեքենայի մեջ նստեցնելուց հետո, ամբաստանյալ Դ.Քիրամիջյանը ոտքերով հարվածել է տուժողներ Վ.Գասկասյանին և Հայկ Նաջարյանին:

Ոստիկանության գումարտակի հրամանատար, վկա Ա.Տեր-Պողոսյանը, տեսնելով ու հասկանալով, որ ստեղծված վիճակն անկառավարելի է դառնում և ամբաստանյալներն ու նրանց համախոհները չեն ենթարկվում հասարակական կարգի խախտումը դադարեցնելու, չհայհոյելու, չքաշքշելու և չհարվածելու վերաբերյալ իր ու օրենքի սահմաններում գործող մյուս ոստիկանների պահանջներին, հրամայել է առավել ակտիվներին բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին և դեպքի վայրում գտնվող ոստիկանները նաև ուժի գործադրմամբ, ամբաստանյալներին ու ևս երեք անձի բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ամբաստանյալ Տ.Առաքելյանին բերման ենթարկելիս պարեկային ավտոմեքենայի մեջ, վերջինս գլխի հետևի մասով հարվածել է տուժող Տիգրան Ավետիսյանի դեմքին նրա առողջությանը պատճառելով գլխուղեղի ցնցման ձևով գլխուղեղի վնասվածքի և քթոսկրի բազմաբեկոր կոտրվածքի ձևերով թեթև վնաս: Հարվածի հետևանքով արյունահոսել է տուժող Տ.Ավետիսյանի քիթը, որի պատճառով արյունոտվել է նաև ամբաստանյալ Տ.Առաքելյանի հագին եղած վերնաշապիկը, որը հետագայում ոստիկանության Կենտրոնականի բաժնում, չպարզված հանգամանքներում անհետացել է:

2011թ. օգոստոսի 9-ին` ժամը 21.40-ի սահմաններում, բերման ենթարկվելուց հետո ոստիկանության Կենտրոնականի բաժնում, ամբաստանյալները, շարունակելով նույն վարքագիծը, բացահայտորեն արհամարհական և անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ու չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, շուրջ երկու ժամ տևողությամբ դիտավորությամբ կազմալուծել են ոստիկանության Կենտրոնականի բաժնի բնականոն աշխատանքը, պրոֆիլակտիկայի բաժանմունքի սենյակում տեղաշարժել և շրջել են սենյակում գտնվող աթոռներն ու սեղանը, ոտքերով հարվածել են հերթապահ մասի սեղանին և բաժնի պատերին, հայհոյել ու քաշքշել են ոստիկաններին» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 144):

6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա են հետևյալ ձևակերպումները. «Անդրադառնալով ամբաստանյալների այն հայտարարությանը, որ դեպքի վայրում տուժող Շահեն Հարությունյանի կողմից հեռախոսով նկարահանումներ կատարելուց հետո նրա բջջային հեռախոսը միտումնավոր չի ներկայացվել նախաքննությանը, դատարանը, արժանահավատ համարելով նշված տուժողի ցուցմունքը, որ դեպքի վայրում կորցրել է ձեռքից ընկած հեռախոսը, փաստում է, որ դատաքննությամբ հաստատվել է, որ դեպքի օրը դեպքի վայրում տեսանկարահանումներ են կատարվել նաև ամբաստանյալների համախոհների, մասնավորապես ամբաստանյալ Ս.Գևորգյանի քրոջ կողմից, սակայն նշված նյութերը դատարանի համոզմամբ, չեն ներկայացվել վարույթն իրականացնող մարմիններին` նկատի ունենալով, որ դրանցով նույնպես կհաստատվեն ամբաստանյալների կատարած հանցանքները, հետևաբար կհերքվեն նրանց պատճառաբանությունները» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 150):

7. Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալներ Տ.Առաքելյանին, Ա.Կարապետյանին, Ս.Գևորգյանին և Դ.Քիրամիջյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել է ազատազրկման` հիմք ընդունելով տուժողներ Շահեն Հարությունյանի, Հայկ Նաջարյանի, Դավիթ Մելիքյանի, Վոլոդյա Գրիգորյանի, Վարուժան Գասկասյանի, Տիգրան Ավետիսյանի, Գևորգ Մկրտչյանի, վկաներ Սահակ Գալստյանի, Մարտիրոս Մարգարյանի, Արսեն Մելքոնյանի, Արթուր Տեր-Պողոսյանի, Սամսոն Ղարիբյանի, Գագիկ Ավագյանի, Միշա Մեսրոպյանի, Զաքար Զաքարյանի, Ալեքս-Էմիլ Ժոզեֆի Միրզայանցի, Նշե Մոդոյանի, Հայկ Մաթևոսյանի, Սերգեյ Փիրումյանի, Հրանտ Միրիջանյանի, Անդրանիկ Պողոսյանի, Ավետիս Ամիրջանյանի, Սերժիկ Սարգսյանի, Վահագն Հակոբյանի, Արտակ Հայրապետյանի, Իգոր Մեսրոպյանի, Կարեն Հովսեփյանի, Էրիկ Պողոսյանի ցուցմունքներ, դեպքի վայրի զննություն կատարելու մասին 2011 թվականի օգոստոսի 9-ի, 11-ի, առարկայի զննություն կատարելու մասին 2011 թվականի օգոստոսի 23-ի, շան զննություն կատարելու մասին 2011 թվականի օգոստոսի 18-ի արձանագրությունները, իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումները, դատահետքաբանական փորձաքննության թիվ 1696, դատաբժշկական փորձաքննության թիվ 2285, թիվ 2286, թիվ 2309, թիվ 2316, թիվ 2317, թիվ 1121/հ, 2284 եզրակացությունները և այլն (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 145-149):

8. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 12-ի դատական նիստի ձայնային արձանագրության համաձայն` պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան` տուժող Շ.Հարությունյանին վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ, քանի որ «առաջին ատյանի դատարանը մտացածին կերպով արգելել էր այս տուժողին ապացույցի` [հեռախոսի] ձեռքբերմանն ուղղված հարցեր ուղղել»:

Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը որոշել է. «Պաշտպանության կողմի, մասնավորապես պաշտպան Ոսկանյանի միջնորդությունը սույն գործով տուժող Շահեն Հարությունյանին վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ մերժել` նկատի ունենալով, որ սույն գործով տուժողն արդեն իսկ հրավիրվել է առաջին ատյանի դատարան, այս պահի դրությամբ վերջինիս հրավիրելու և հարցաքննելու անհրաժեշտություն վերաքննիչ դատարանը չի տեսնում»:

8.1. Պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդել է. «որպես վկա կանչել և հարցաքննել սույն գործով որպես վկա հանդիսացող Նշե Մոդոյանին, որի տվյալները կից ներկայացված են հարցման փաստաթղթում և դրա թարգմանության տեքստում: Նշված վկան ուղղակիորեն տեսել է, թե ինչպես են ոստիկանները և քաղաքացիական անձինք փոխադարձաբար քաշքշում, իսկ ոստիկաններից մեկն ուղղակիորեն հարվածել է քաղաքացիական անձանցից մեկի երեսին»:

Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը, «տեղում խորհրդակցելով, որոշեց պաշտպանական կողմի, մասնավորապես պաշտպան Ոսկանյանի ներկայացրած միջնորդությունը սույն գործով որպես վկա Նշե Մոդոյանին վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ մերժել` նկատի ունենալով, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատարանը ցուցաբերել է տվյալ դեպքում անհրաժեշտ և բավարար ջանասիրություն վերջինիս մասնակցությունը դատական նիստին ապահովելու և հարցաքննելու ուղղությամբ, ինչը չի հաջողվել: Կա համապատասխան հիմքեր նշվածի վերաբերյալ, որից հետո հրապարակվել և հետազոտվել է վերջինիս նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը, բացի այդ դատարանը ցանկանում է նաև արձանագրել, որ պաշտպանության կողմից դատարան ներկայացրած հարցման արձանագրության հայերեն տեքստը պատշաճ վավերացման ենթակա չի և ստորագրված չի, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն դատավարությունը հայերեն է»:

8.2. Պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդել է. «որպես վկա Անի Գևորգյանին, Հայկ Գևորգյանին և Վահագն Հովակիմյանին դատարան հրավիրել և հարցաքննել, [նշելով, որ] նշված անձինք (...) կարող են վկայություն տալ այն մասին, որ դեպքի օրը` 2011 թվականի օգոստոսի 9-ին, Անի Գևորգյանը գտնվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում, որտեղից դուրս է եկել և գնացել Կենտրոնի ոստիկանության բաժին, (...) Անի Գևորգյանի դեպքի վայրում լինելու մասին գրեթե բոլոր ոստիկանների ցուցմունքներն ուղղակի ապացույցն են այն իրողության, որ բոլոր ոստիկաններն ուղղակի հրահանգավորված են եղել` ինչ ասել ցուցմունք տալուց առաջ և ոչ թե ասել այն, ինչ նրանք իրականում տեսել են կամ լսել են դեպքի վայրում, և փաստն այն է, որ Անի Գևորգյանը (...), ով հանդիսանում է սույն գործով ամբաստանյալ Սարգիս Գևորգյանի քույրը դեպքի վայրում առհասարակ չի եղել և բնականաբար չէր կարող որևէ նկարահանում կատարել, ինչը հավաստող ապացույցները նույնպես սույն բողոքին ներկայացված են (...), իսկ նշված անձանցից (...) Վահագն Հովակիմյան[ն], Հայկ Գևորգյան[ն], (...) դատարան գալով և ցուցմունք տալով, (...) կարող են հավաստել այդ փաստը, որ Անի Գևորգյանն իսկապես դեպքի վայրում չի եղել, այլ եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում»:

Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը որոշել է. «պաշտպան Ոսկանյանի կողմից ներկայացված միջնորդությունը վերաքննիչ քրեական դատարան որպես վկաներ Անի Գևորգյանին, Հայկ Գևորգյանին և Վահագն Հովակիմյանին հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ միջնորդության քննարկումը հետաձգել և նշված հարցի լուծմանն անդրադառնալ սույն գործով վերջնական եզրահանգման գալիս` խորհրդակցական սենյակում, սույն գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համակցության վերլուծության գնահատման արդյունքում»:

8.3. Պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդել է. «դատարան հրավիրել և հարցաքննել որպես վկա Վահե Հովսեփյանին (...), նշված վկային դատարան հրավիրելու և հարցաքննելու անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ վկան կարող է տեղեկություններ հայտնել դեպքի օրը մեր պաշտպանյալների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ, ինչպես նաև վերջիններիս պաշտպանության իրավունքի խախտման հանգամանքը հաստատելու համար»:

Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը որոշել է. «պաշտպան Ոսկանյանի կողմից ներկայացված միջնորդությունը սույն գործով փաստաբան Վահե Հովսեփյանին վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ մերժել` նկատի ունենալով, որ սույն քրեական գործում արդեն իսկ առկա է համապատասխան քննչական ծառայության կողմից կայացված որոշում քրեական հետապնդումը չիրականացնելու մասին, մասնավորապես փաստաբանների հաղորդումների վերաբերյալ և ինչպես նշվեց, այդ որոշմամբ քրեական հետապնդում չի իրականացվել ոստիկանության ծառայողների նկատմամբ` վերջիններիս գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, վերը նշվածի պարագայում (...) միջնորդությամբ բերված փաստարկներն (...) բավարար չեն (...) միջնորդությունը բավարարելու առումով, բացի այդ, դատարանը դատարան ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության համատեքստում բոլոր դեպքերում նշված բոլոր հարցադրումներին վերաքննիչ բողոքի քննության արդյունքում անդրադառնալու է»:

8.4. Պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդել է. «դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել սույն գործով անջատված մասով, կարճված մասով որպես մեղադրյալ ներգրավված անձանց` (...) Վահագն Գևորգյանին, Սահակ Մուրադյանին և Արեգ Գևորգյանին (...), ովքեր կարող են վկայություններ տալ ամբաստանյալների նկատմամբ դեպքի օրը տեղի ունեցած բռնությունների, ինչպես նաև գործի փաստական հանգամանքների վերաբերյալ (...)»:

Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը որոշեց «պաշտպան Ոսկանյանի կողմից ներկայացված միջնորդությունը` սույն գործի անջատված մասով Վահագն Գևորգյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գևորգյանին վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ մերժել` նկատի ունենալով, որ սույն գործով արդեն իսկ որոշակի փաստական հանգամանքներ ձեռք են բերվել, որոնց վերլուծության և գնահատման արդյունքում հնարավոր է ըստ դատարանի գնահատմամբ սույն գործով վերջնական եզրահանգման գալու համար, հետևաբար նշված անձանց վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու անհրաժեշտություն տվյալ պարագայում վերաքննիչ դատարանը չի տեսնում, միաժամանակ դատարանը պարզաբանում է, որ սույն գործով խորհրդակցական սենյակում վերջնական եզրահանգման գալիս դատարանը որևէ կերպ կաշկանդված չէ իր մոտեցումները վերանայելու առումով»:

8.5. Պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդել է. «դեպքի հանգամանքները պարզելու և մեր պաշտպանյալների նկատմամբ իրականացված բռնությունները հիմնավորելու համար [դատարան կանչել մի շարք վկաների այն պատճառաբանությամբ, որ իրենց] պաշտպանյալների հետ միաժամանակ դեպքի վայրում են գտնվել նախաքննության ժամանակ հարցաքննված վկաներ Էմանուելլա Գրիգորյանը, Եվա Թովմասյանը և Մարիամ Մուրադյանը (...) իրադարձությունների ծավալման անմիջապես սկզբից: Վերջիններս հարցաքննվել են նախաքննության ընթացքում, տվել են ցուցմունքներ, սակայն առաջին ատյանի դատարանում նշված անձինք նախ չեն ներգրավվել դատակոչի ցուցակում և, հետևաբար նաև դատարանում չեն հարցաքննվել: Պաշտպանության կողմը գտնում է, որ նշված վկաների ներկայությունը վերաքննիչ դատարանում անհրաժեշտ է»:

Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը որոշել է. «պաշտպան Ոսկանյանի կողմից ներկայացված միջնորդությունը Վերաքննիչ դատարան որպես վկաներ Էմանուելլա Գրիգորյանին, Եվա Թովմասյանին և Մարիամ Մուրադյանին հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ մերժել` նկատի ունենալով, որ գործով ձեռք բերված փաստական տվյալներն արդեն իսկ բավարար են սույն գործով միջնորդությամբ բարձրացված հարցերի շուրջ համապատասխան եզրակացություններ անելու համար»:

8.6. Պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդել է. «վերաքննիչ բողոքին կից ներկայացված բազմաթիվ փաստաթղթերը և նաև տեսագրությունները (...) կցել քրեական գործի նյութերին և այդ բոլոր փաստաթղթերը և ապացույցները հետազոտել և գնահատել վերջնական ակտ կայացնելիս»:

Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը որոշել է. «պաշտպան Ոսկանյանի կողմից ներկայացված միջնորդությունը բողոքին կից ներկայացված փաստաթղթերը քրեական գործին կցելու և հետազոտման առարկա դարձնելու և այլնի վերաբերյալ (...) բավարարել մասնակի: Մասնավորապես բողոքին կից ներկայացված ամբաստանյալների անձը բնութագրող տվյալների և այլնի վերաբերյալ փաստաթղթերը կցել քրեական գործին և համատեղ քննարկման առարկա դարձնել: Ինչ վերաբերում է բողոքին կից ներկայացված մամուլի հաղորդագրումների, կրիչների և այլնի վերաբերյալ կցած փաստաթղթերին, ապա նշվածի վերաբերյալ ըստ էության արդեն իսկ վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է որոշում, հետևաբար նշվածին վերստին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, բացի այդ, դատարանն արձանագրում է, որ (...) արդեն իսկ ծանոթացել է [այդ փաստաթղթերին]: Բացի այդ, ըստ անհրաժեշտության դատարանը որևէ կաշկանդվածություն չունի ապագայում նաև սույն գործով վերջնական եզրահանգման գալիս խորհրդակցական սենյակում նշված հանգամանքներն ըստ անհրաժեշտության վերստին անդրադառնալու հնարավորության առումով»:

8.7. Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով պաշտպան Ս.Ոսկանյանի` վկաներ Ա.Գևորգյանին, Հ.Գևորգյանին, Վ.Հովակիմյանին հարցաքննելու վերաբերյալ միջնորդության քննության հետաձգմանը, դատական ակտում արձանագրել է, որ «Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի միջնորդությանը` պաշտպանի կողմից հարցման ենթարկված անձանց` Անի Գևորգյանին և մյուսներին վերաքննիչ դատարան հրավիրելուն և հարցաքննելուն, ապա հարկ է նշել, որ (...) սույն գործով արդեն իսկ ձեռք բերված փաստական տվյալներն իրենց համակցությամբ բավարար են ամբաստանյալներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին առաջադրված մեղադրանքները գնահատելու և հիմնավոր հետևության հանգելու համար, հետևաբար նշվածի վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությամբ բերված պատճառաբանություններն այն բավարարելու առումով ևս որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող» (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթ 179):

9. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 20-ի` «Վերաքննիչ բողոքը դատարանի վարույթ ընդունելու և քրեական գործը վերաքննիչ դատարանի դատական նիստում քննության նշանակելու մասին» որոշման և Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 28-ի դատական նիստի ձայնային արձանագրության ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանում սույն գործի քննությունն իրականացվել է վերաքննության կարգով:

2012 թվականի հոկտեմբերի 11-ի դատական նիստի ձայնային արձանագրության համաձայն` նիստը նախագահողը երկու անգամ անընդմեջ դիտողություն է արել ամբաստանյալներին մեղադրողի ելույթի ժամանակ առանց թույլտվության խոսելու, ծիծաղելու համար և պարզաբանել դատարանում կարգը չպահպանելու հետևանքների մասին:

2012 թվականի նոյեմբերի 2-ի դատական նիստի ձայնային արձանագրության համաձայն` նիստը նախագահող դատավորը մեղադրողի ելույթի ժամանակ նախազգուշացրել է ամբաստանյալ Ս.Գևորգյանին զուգահեռ չխոսել նիստ նախագահող դատավորի հետ, պահպանել դատական նիստի կարգը: Այնուհետև, նիստը նախագահող դատավորն արձանագրել է, որ ամբաստանյալ Տ.Առաքելյանը չի ենթարկվում նախագահող դատավորի կարգադրություններին:

2012 թվականի նոյեմբերի 12-ի դատական նիստի ձայնային արձանագրության համաձայն` նիստը նախագահող դատավորը զգուշացրել է ամբաստանյալ Տ.Առաքելյանին, որ նրա «հայտարարություններն ուղղված դատարանին գնահատվում է դատարանի կողմից որպես ակնհայտ անհարգալից վերաբերմունք ուղղված դատարանին», և նշել. «պահպանե[ք] կարգը դատական նիստում և տեղից չխոսե[ք], (...) կարգը չպահպանելու դեպքում դատարանի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք դրսևորելու պարագայում ձեր նկատմամբ կկիրառվեն համապատասխան սանկցիաներ»: Նույն դատական նիստի ժամանակ նիստը նախագահող դատավորը բազմիցս զգուշացրել է ամբաստանյալներ Տ.Առաքելյանին և Դ.Քիրամիջյանին բղավելու և տեղից առանց թույլտվության խոսելու համար: Որոշ ժամանակ անց ամբաստանյալ Տ.Առաքելյանը կրկին զգուշացվում է «պահպանե[լ] կարգը և ենթարկվե[լ] դատարանի օրինական կարգադրություններին»: Ամբաստանյալ Տ.Առաքելյանը չի ենթարկվում նիստը նախագահող դատավորի կարգադրություններին, որին ի պատասխան նիստը նախագահող դատավորը Տ.Առաքելյանին հեռացնում է դատական նիստերի դահլիճից: Այնուհետև նիստը նախագահող դատավորն ի պատասխան Ս.Գևորգյանի, Դ.Քիրամիջյանի բղավոցների և նկատի ունենալով, որ ամբաստանյալները չեն ենթարկվում նախագահող դատավորի կարգադրություններին, ակնհայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում դատարանի նկատմամբ, նրանց հեռացրել է դատական նիստերի դահլիճից:

2012 թվականի նոյեմբերի 12-ի դատական նիստի ձայնային արձանագրության ուսումնասիրությունից երևում է նաև, որ պաշտպան Վ.Գրիգորյանը, այնուհետև պաշտպան Ս.Ոսկանյանն առանց նախագահողի թույլտվության հեռացել են նիստերի դահլիճից (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթ 144):

 

3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի մի շարք նորմերի պահանջների խախտումներ: Մասնավորապես` ստորադաս դատարանը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում այն առումով, որ ամբաստանյալների կատարած արարքները որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով և ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով: Բողոքաբերները նշել են, որ իրենց նկատմամբ կիրառված բռնությունից պաշտպանվելով` ամբաստանյալները դիմել են անհրաժեշտ ինքնապաշտպանության, ինչն էլ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի իմաստով բացառում է նրանց արարքում հանցակազմի առկայությունը: Այս կապակցությամբ բողոքաբերներն ընդգծել են, որ ստորադաս դատարանը, առանց անդրադառնալու ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի բոլոր տարրերին, արձանագրել է, որ վերոհիշյալ հոդվածով նախատեսված հանցակազմը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և Տ.Առաքելյանի արարքը որակել է վերոհիշյալ հոդվածով` հիմք ընդունելով ոստիկան Տ.Ավետիսյանի ցուցմունքն առ այն, որ վերջինիս կարծիքով Տ.Առաքելյանը դիտավորյալ գլուխը շեշտակի հետ է դարձրել, հարվածել իրեն, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ըստ բողոքաբերների` ստորադաս դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Տ.Առաքելյանը շարունակաբար գտնվել է գլուխը դեպի ներքև վիճակում և չէր կարող տեսնել իր հետևում գտնվող օբյեկտները, հետևաբար հարվածը չէր կարող կրել դիտավորյալ բնույթ:

10.1. Բողոք բերած անձինք նշել են նաև, որ ամբաստանյալներ Տ.Առաքելյանի, Ա.Կարապետյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որակելիս ստորադաս դատարանները գնահատման առարկա չեն դարձրել մի շարք հանգամանքներ, մասնավորապես` ոստիկանների կողմից ենթադրյալ շան տիրոջ նկատմամբ իշխանական լիազորությունների կիրառման իրավաչափությունը և օրինականությունը, ամբաստանյալներին բերման ենթարկելու իրավական հիմքերի բացակայությունը, մինչև ոստիկանություն տեղափոխելը նրանց նկատմամբ արդեն իսկ բռնության գործադրումը, իսկ ոստիկանությունում նրանց անվտանգության նվազագույն պայմանները չապահովելը, պաշտպանյալներին իրենց պաշտպանի հետ հանդիպելու հնարավորությունից զրկելը և այլն:

10.2. Բողոքաբերները նշել են նաև, որ հիմնավորված և օրինական չեն նաև ամբաստանյալների արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով որակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: Այս առումով ստորադաս դատարանները գնահատման առարկա չեն դարձրել այն, թե ամբաստանյալների կոչերն ուղղված ոստիկաններին արդյո՞ք կրում էին վիրավորական բնույթ, թե ոչ, ինչպես նաև անտեսվել է ոստիկանների վարքագիծը, նրանց կողմից ամբաստանյալների նկատմամբ բռնություն գործադրելը և այլն:

11. Ըստ բողոքաբերների` ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարանները հաշվի չեն առել անձը բնութագրող և պատասխանատվությունը ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ Տ.Առաքելյանն ունի թերի բարձրագույն կրթություն, նախկինում դատապարտված չի եղել, հասարակական և քաղաքական կյանքում ունի ակտիվ ներգրավվածություն, ծավալում է հանրային շահին անշահախնդիր հետամուտ լինելու գործունեություն, Ա.Կարապետյանն ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած է, ունի մանկահասակ երեխա և հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը, հանդիսանում է «Հացկար» ՍՊԸ-ի հիմնադիր, նախկինում դատապարտված չի եղել, հասարակական և քաղաքական կյանքում ունի ակտիվ ներգրավվածություն, ծավալում է հանրային շահին անշահախնդիր հետամուտ լինելու գործունեություն, Ս.Գևորգյանը հասարակական և քաղաքական կյանքում ունի ակտիվ ներգրավվածությունը, ծավալում է հանրային շահին անշահախնդիր հետամուտ լինելու գործունեություն: Ս.Գևորգյանի` նախկինում դատապարտված չլինելու հանգամանքի կապակցությամբ բողոքաբերները նշել են, որ թեև Վերաքննիչ դատարանը որոշման մեջ նշել էր, որ նա հանդիսանում է դատվածություն չունեցող անձ, սակայն միաժամանակ արձանագրել էր, որ նրա նկատմամբ նախկինում իրականացվել է քրեական հետապնդում:

Բողոք բերած անձանց պնդմամբ Դ.Քիրամիջյանը ծանր հիվանդ է` տարել է ոտքի վիրահատություն և ներկայումս ունի ոտքի մասնակի անաշխատունակություն, աշխատում է անիմացիոն կինոարտադրության ոլորտում, ունի արդեն իսկ նկարահանված 3 ֆիլմ, հասարակական և քաղաքական կյանքում ունի ակտիվ ներգրավվածություն, ծավալում է հանրային շահին անշահախնդիր հետամուտ լինելու գործունեություն: Բողոք բերած անձինք նշել են, որ վերոշարադրյալ հանգամանքները հաշվի չառնելու արդյունքում ստորադաս դատարաններն անհիմն մերժել են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` Դ.Քիրամիջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը:

12. Ըստ բողոքաբերների` ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է` դատական ակտերը կայացրել են բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա` անտեսելով ամբաստանյալների ցուցմունքները և չունենալով չեզոք դիրքորոշում ունեցող որևէ անձի ցուցմունք, միտումնավոր կերպով անտեսել են ոստիկանների կողմից հանցագործությունների կատարումը փաստող ապացույցները, այն է` Առաջին ատյանի դատարանն արգելել է ապացույցի ձեռքբերմանն ուղղված հարցեր հղել ոստիկան Շ.Հարությունյանին, իսկ Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանյալների միջնորդությունը` Շ.Հարությունյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ, բացի այդ, Վերաքննիչ դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի` վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերը քրեական գործին կցելու և հետազոտման առարկա դարձնելու, ՀՀ ոստիկանապետ Ա.Սարգսյանին, վկա Ն.Մոդոյանին, Ա.Գևորգյանին և նրա` դեպքի վայրում չգտնվելը փաստող վկաներ Վ.Հովակիմյանին, Հ.Գևորգյանին դատարան կանչելու և հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունները: Ինչ վերաբերում է սույն գործով ցուցմունք տված քաղաքացիական անձանց, ապա նրանք չեն հիշել դեպքի վայրը, մասնակիցներին, կամ դատարանում արել են հայտարարություններ, որոնք պետք է անմիջապես քրեական հետապնդման առիթ հանդիսանային կոնկրետ գործը քննած ոստիկանների նկատմամբ, բացի այդ, հայերեն լեզվին չտիրապետող անձի պարագայում հարցաքննությունն իրականացվել է առանց թարգմանիչի մասնակցության:

13. Բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 392-րդ հոդվածի պահանջները, այն է` ապացույցների հետազոտման փուլն ավարտելուց հետո դատարանը կողմերին հնարավորություն չի ընձեռել ներկայացնել դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնորդություններ, արգելել է պաշտպանական կողմին նախապատրաստել և ներկայացնել ինքնաբացարկի պատճառաբանված միջնորդություն, բացի այդ, ամբաստանյալների պաշտպանը զրկվել է պաշտպանական ճառով, իսկ ամբաստանյալները` վերջին խոսքով հանդես գալու իրավունքից` նրանց նկատմամբ առանց նախազգուշացման կիրառված դատական սանկցիայի պատճառով, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի պահանջների խախտմանը: Բացի այդ, խախտվել է նաև ամբաստանյալ Ա.Կարապետյանի պաշտպանության իրավունքը, քանի որ նա դատական վիճաբանությունների փուլում զրկվել է իր գործի հետագա ընթացքի վերաբերյալ պաշտպանի կողմից իրավական օգնություն ստանալու հնարավորությունից:

14. Բողոքի հեղինակները փաստարկել են, որ Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալ Ս.Գևորգյանը հնարավորություն չի ունեցել ավարտին հասցնել իր վերջին խոսքը, հետևաբար զրկվել է իր այդ իրավունքն արդյունավետ իրականացնելու հնարավորությունից: Իր հերթին, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ս.Գևորգյանի վերոհիշյալ իրավունքն իրացվել է: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 7-կետի իմաստով` դատավճիռն ամեն դեպքում ենթակա է բեկանման, եթե դատարանը զրկել է ամբաստանյալին պաշտպանական ճառով, իսկ հետագայում նաև վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից:

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերները խնդրել են բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 20-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 13-ի դատական ակտերը և գործի վարույթը կարճել կամ ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

16. Նախքան վճռաբեկ բողոքների բովանդակությանն անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել բողոքաբերների բարձրացրած հարցերի միջև առկա կապի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքներում բարձրացվել են երկու խումբ հարցեր, որոնցից առաջինը վերաբերում է ամբաստանյալների արարքների քրեաիրավական որակմանը և նրանց նկատմամբ նշանակված պատիժների արդարացիությանը (նյութական իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ հարցեր, տե՛ս սույն որոշման 10-րդ, 11-րդ կետերը), իսկ երկրորդը` վերաքննիչ վարույթի ընթացքում թույլ տրված` արդար դատական քննության իրավունքի ենթադրյալ խախտումներին (դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ հարցեր, տե՛ս սույն որոշման 12-14-րդ կետերը):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նյութական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ հարցերին հնարավոր է անդրադառնալ միայն դատավարական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց հետո, քանի որ դատավարական իրավունքի ենթադրյալ խախտումները կարող են ազդած լինել ամբաստանյալների արարքների քրեաիրավական որակման և (կամ) նրանց նկատմամբ նշանակված պատիժների մասով կայացված դատական ակտերի օրինականության վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ հարցերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ վարույթում արդար դատական քննության իրավունքի, մասնավորապես` դատաքննությունը լրացնելու վերաբերյալ կողմերի միջնորդությունները քննության առնելու, ինչպես նաև դատական սանկցիա կիրառելու առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն ապահովե՞լ է արդյոք ամբաստանյալների արդար դատական քննության իրավունքի իրացումը` ապացույց հետազոտելու վերաբերյալ վերջիններիս միջնորդությունները մերժելու վերաբերյալ հիմնավորված որոշում կայացնելու առումով:

18. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)»:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

Արդար դատական քննության իրավունքն ամրագրող վերոգրյալ միջազգային և ներպետական իրավանորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման անկյունաքարը, ի թիվս քրեական դատավարության այլ կարևորագույն սկզբունքների, մրցակցության սկզբունքն է:

Մրցակցության սկզբունքը կարող է երաշխավորվել երեք բաղադրատարրերի միաժամանակյա պահպանման դեպքում: Դրանք են`

ա) կողմերի դատավարական իրավահավասարություն` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար,

բ) կողմերի միջև մեղադրանքի և պաշտպանության գործառույթների տարանջատում և դրանց սահմանազատում գործի լուծման գործառույթից,

գ) անկախ և անկողմնակալ դատարանի առկայություն:

Մրցակցային դատավարության ընթացքում դատարանի կարգավիճակի բնութագրական կողմերից մեկն էլ այն է, որ որպես քրեական գործը քննող անկախ և անկողմնակալ մարմին, դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը: Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար պետք է ստեղծի գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ` դրանով իսկ ապահովելով մրցակցության սկզբունքի կենսագործումը և հասնելով քրեական դատավարության առջև դրված խնդիրների իրագործմանը: (...)» (տե՛ս Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 13-րդ կետը):

19. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Որևէ հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի իր դատապարտումը և դատավճիռը վերանայվեն վերադաս դատական ատյանի կողմից օրենքի համաձայն»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով»:

ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն` «(...) Յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման իրավունք: (...)»:

Շարադրված իրավանորմերի վերլուծությունից երևում է, որ իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման իրավունքի բաղկացուցիչ մաս է կազմում նաև քրեական հետապնդման ենթարկվող անձի իրավունքը վիճարկելու իր նկատմամբ կայացված դատական ակտի իրավաչափությունն ավելի բարձր դատական ատյանում: Նշված իրավունքի արդյունավետ կենսագործումը պահանջում է հնարավորություն ընձեռել անձին օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանում վիճարկել իր նկատմամբ կայացված դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը: Այս իրավունքն ունի բացարձակ բնույթ և ենթակա չէ սահմանափակման ոչ սուբյեկտների շրջանակի և ոչ էլ վերանայման ենթակա դատավճիռների բնույթի առումով:

20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի իրավաչափությունն ավելի բարձր դատական ատյանում վիճարկելու անձի իրավունքն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է փաստելու, որ պետությունն իրականացրել է իր պոզիտիվ պարտականությունը` ուղղված անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելուն: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի վերանայման քրեադատավարական մեխանիզմը կարող է իրապես արդյունավետ ճանաչվել և ապահովել անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը միայն այն դեպքում, երբ օժտված լինի արդար դատական քննության հիմնարար երաշխիքներով:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կախված դատական ակտի վերանայման նպատակով հարուցված վարույթի քրեադատավարական ձևից (վերաքննություն, վճռաբեկություն), արդար դատական քննության սկզբունքի որոշ բաղադրատարրերի կիրառելիությունը կարող է ենթարկվել սահմանափակումների, ինչը սակայն, չի կարող լինել այնպիսին, որ իմաստազրկի նշված հիմնարար իրավական արժեքի բուն էությունը:

Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշումը հիմնված է Դելկուրն ընդդեմ Բելգիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշման վրա, որի համաձայն` եթե պետության ազգային օրենսդրությամբ նախատեսված է վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, ապա պետությունը պետք է երաշխավորի, որպեսզի այդ դատարաններում իրականացվող վարույթի ընթացքում անձինք օժտված լինեն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսած հիմնարար երաշխիքներով (տե՛ս Delcourt v. Belgium գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1970 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 2689/65, կետ 25):

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի համաձայն`

«(...)

2. Միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ: Միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը: (...):

3. Միջնորդության և պահանջի վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված: (...)

4. Միջնորդության կամ պահանջի մերժումը չի խոչընդոտում դրա կրկին ներկայացնելուն քրեական դատավարության հետագա փուլերում կամ քրեական վարույթն իրականացնող այլ մարմնին: Քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն`

«1. Նախագահողը հարցնում է մեղադրանքի կողմին և պաշտպանության կողմին, թե արդյոք նրանք ունեն միջնորդություններ նոր ապացույցներ պահանջելու և գործին կցելու մասին: Միջնորդություն հարուցող անձը պարտավոր է ցույց տալ, թե հատկապես ինչ հանգամանքներ պարզելու համար են անհրաժեշտ լրացուցիչ ապացույցները:

2. Յուրաքանչյուր հարուցված միջնորդություն դատարանը պարտավոր է քննարկել, լսել կողմերի կարծիքը: Եթե հանգամանքները, որոնց բացահայտման համար հարուցված է միջնորդությունը, կարող են նշանակություն ունենալ գործի համար, կամ նյութը, որի ապացուցողական նշանակությունը վիճարկվում է, ստացված է օրենքի էական խախտումով, դատարանը բավարարում է միջնորդությունը: Միջնորդությունը մերժելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում: Դատարանի կողմից միջնորդության մերժումը չի սահմանափակում միջնորդություն հարուցող անձի իրավունքը` նույն միջնորդությունը հարուցել հետագայում:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Բացառիկ դեպքերում կողմերն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանների հիմքերը հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր նյութեր կամ միջնորդելու դատարան կանչել իրենց նշած վկային կամ փորձագետին, նշանակելու փորձաքննություն, եթե նրանք հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու այդ նյութերը, կանչելու վկային կամ փորձագետին, ինչպես նաև առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի համաձայն`

«1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

2. Բացառությամբ սույն օրենսգրքի 45.1 գլխի կանոններով քննված գործերի, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում` նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:

3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքը, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:

4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստական հանգամանքի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատաքննությունն սկսվում է նախագահողի կողմից դատական ակտի բովանդակության, ինչպես նաև վերաքննիչ բողոքի և դրա դեմ առկա պատասխանների էության շարադրմամբ:

2. Նախագահողի զեկուցումից հետո դատարանը լսում է բողոքում ներկայացված` իր հետևությունները հիմնավորելու մասին կողմի ելույթը և դատական ակտը չբողոքարկած հակառակ կողմի պատասխանները:

(...)

4. Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում հետազոտվում են միայն կողմի միջնորդությամբ, և եթե դատարանը դա համարում է անհրաժեշտ:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 392-րդ հոդվածի համաձայն`

«1. Ապացույցների հետազոտումն ավարտելուց հետո նախագահողը կողմերին հարցնում է, թե նրանք միջնորդում են արդյոք լրացնելու դատաքննությունը, և լուծելով այդ միջնորդությունները, անցնում է դատական վիճաբանություններին:

2. Դատական վիճաբանությունները կատարվում են սույն օրենսգրքի 354 հոդվածով սահմանված կանոններով, ընդ որում, առաջինը ելույթ է ունենում բողոք բերած անձը:

3. Դատական վիճաբանություններն ավարտելով` նախագահողն ամբաստանյալին տալիս է վերջին խոսքի իրավունք, որից հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ»:

Մեջբերված քրեադատավարական դրույթների վերլուծությունից երևում է, որ վերաքննիչ վերանայումը` որպես դատավարական ընթացակարգ, նպատակ է հետապնդում ուղղել ստորադաս դատարանի թույլ տված դատական սխալները և ապահովել ստորադաս դատական ակտի մեջ շարադրված հետևությունների համապատասխանությունը գործի փաստերին: Վերաքննիչ վերանայումն ունի օբյեկտիվ-իրավական և սուբյեկտիվ-իրավական հիմքեր և կարևոր երաշխիք է մարդու իրավունքների սահմանափակումների իրավաչափությունն ապահովելու համար: Այլ կերպ` վերաքննիչ վարույթը երաշխիքային համակարգ է սահմանում, որպեսզի ոչ մի անմեղ անձ չդատապարտվի և հանցանք կատարած ոչ մի անձ քրեական պատասխանատվությունից չխուսափի, բացի այդ, վերաքննության միջոցով իրավական հնարավորություն է ընձեռվում լրացնել գործով ապացույցների զանգվածը և դրա հիման վրա ուղղակիորեն վերանայել գործի փաստական կողմը:

Մեջբերված քրեադատավարական դրույթների վերլուծությունից երևում է նաև, որ վերաքննիչ վարույթի հիմքում ընկած է սահմանափակ վերանայման հայեցակարգը, ինչը թույլ չի տալիս վերաքննիչ դատարանին իրականացնել գործի ամբողջ ծավալով քննություն. վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է միայն վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում, իսկ նոր ապացույցների հետազոտում կարող է իրականացնել միայն կողմի միջնորդության հիման վրա, և բացառապես այն դեպքում, երբ միջնորդություն հարուցած կողմը հիմնավորում է, որ օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ներկայացնելու այդ նյութերը, կանչելու վկային կամ փորձագետին կամ ստորադաս դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ ներկայացված միջնորդությունն անհիմն մերժվել է: Այլ կերպ` առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքների վերաբերյալ եզրակացություն անելու նպատակով վերաքննիչ դատարանը գործի դատաքննությունը նոր ապացույցներով լրացնելու հարցում ունի սահմանափակ հայեցողական մոտեցում դրսևորելու հնարավորություն, ինչն ամբողջապես բխում է վերաքննիչ վարույթի առանձնահատկություններից:

22. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի սահմանափակ վերանայման հայեցակարգն` ընդհանրապես, և վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույցների հետազոտման հարցում սահմանափակ հայեցողական մոտեցում դրսևորելու հնարավորությունը` մասնավորապես, հետապնդում են իրավաչափ նպատակներ և ինքնին անհամատեղելի չեն շահագրգիռ անձի` արդար դատական քննությունն ապահովող իրավական արժեքների հետ: Վերաքննիչ վարույթի ընթացքում դատաքննությունը նոր ապացույցներով լրացնելու հնարավորությունը կանոնակարգող քրեադատավարական իրավանորմերը մեկնաբանելիս և դրանցով սահմանված իրավական մեխանիզմները գործադրելիս, սակայն, հարկ է նկատի առնել, որ դրանք չեն կարող հանգեցնել արդար դատական քննության իրավունքի չեզոքացմանը: ՈՒստի, խնդրո առարկա հարցի կապակցությամբ հանրային և մասնավոր իրավաչափ շահերը պետք է այնպես հավասարակշռվեն, որ շահագրգիռ անձը չզրկվի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:

Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ վարույթում արդար դատական քննության հիմնարար իրավունքն ապահովված կլինի միայն այն դեպքում, երբ բացառվեն դատաքննությունը նոր ապացույցներով լրացնելու վերաբերյալ կողմի միջնորդությունների չհիմնավորված և չպատճառաբանված մերժման դեպքերը: Անձի վերաքննիչ վերանայման իրավունքը պահանջում է որպեսզի նրան ոչ միայն հնարավորություն ընձեռվի հարուցելու միջնորդություններ, այլև նշված միջնորդությունները պատշաճ քննության առնվեն և դրանց վերաբերյալ կայացվեն հիմնավորված և պատճառաբանված որոշումներ: Հետևաբար, վերաքննիչ վարույթի ընթացքում նոր ապացույցներ հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդություն հարուցելու իրավունքը չպետք է կրի ձևական բնույթ, այն պետք է իրապես ապահովի անձի` իր վերաբերյալ կայացված դատական ակտի վերանայման իրավունքը, այդ թվում` առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքների մասով:

23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Տ.Առաքելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, ամբաստանյալ Ա.Կարապետյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալներ Ս.Գևորգյանին և Դ.Քիրամիջյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով մեղավոր է ճանաչել և դատապարտել է ազատազրկման` հիմք ընդունելով տուժողներ Շ.Հարությունյանի, Հ.Նաջարյանի, Դ.Մելիքյանի, Վ.Գրիգորյանի, Վ.Գասկասյանի, Տ.Ավետիսյանի, Գ.Մկրտչյանի, վկաներ Ս.Գալստյանի, Մ.Մարգարյանի, Ա.Մելքոնյանի, Ա.Տեր-Պողոսյանի, Ս.Ղարիբյանի, Գ.Ավագյանի, Մ.Մեսրոպյանի, Զ.Զաքարյանի, Ա.Միրզայանցի, Ն.Մոդոյանի, Հ.Մաթևոսյանի, Ս.Փիրումյանի, Հ.Միրիջանյանի, Ա.Պողոսյանի, Ա.Ամիրջանյանի, Ս.Սարգսյանի, Վ.Հակոբյանի, Ա.Հայրապետյանի, Ի.Մեսրոպյանի, Կ.Հովսեփյանի, Է.Պողոսյանի ցուցմունքներ, դեպքի վայրի զննություն կատարելու մասին 2011 թվականի օգոստոսի 9-ի, 11-ի, առարկայի զննություն կատարելու մասին 2011 թվականի օգոստոսի 23-ի, շան զննություն կատարելու մասին 2011 թվականի օգոստոսի 18-ի արձանագրությունները, իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումները, դատահետքաբանական փորձաքննության թիվ 1696, դատաբժշկական փորձաքննության թիվ 2285, թիվ 2286, թիվ 2309, թիվ 2316, թիվ 2317, թիվ 1121/հ, 2284 եզրակացությունները և այլն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը ներկայացրել է մի շարք միջնորդություններ, մասնավորապես, պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել տուժող Շ.Հարությունյանին, վկաներ Ն.Մոդոյանին, Ա.Գևորգյանին, Հ.Գևորգյանին, Վ.Հովակիմյանին, Վ.Հովսեփյանին, Ա.Սարգսյանին, Վ.Գևորգյանին, Ս.Մուրադյանին, Ա.Գևորգյանին, Է.Գրիգորյանին, Եվ.Թովմասյանին, Մ.Մուրադյանին վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ, ինչպես նաև քրեական գործի նյութերին կցել վերաքննիչ բողոքին կից ներկայացված բազմաթիվ փաստաթղթեր` դրանք հետազոտելու և գնահատելու համար:

Քննության առնելով ներկայացված միջնորդությունները Վերաքննիչ դատարանը կամ մերժել է դրանք կամ բավարարել է մասնակիորեն: Այսպես`

ա) պաշտպանության կողմը միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ դատարան տուժող Շ.Հարությունյանին վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ Առաջին ատյանի դատարանը պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռել հարցեր հղել տուժողին` հեռախոսի ձեռք բերման հետ կապված:

Վերաքննիչ դատարանը միջնորդությունը մերժել է այն պատճառաբանությամբ, որ սույն գործով տուժողն արդեն իսկ հրավիրվել է առաջին ատյանի դատարան, այս պահի դրությամբ վերջինիս հրավիրելու և հարցաքննելու անհրաժեշտություն վերաքննիչ դատարանը չի տեսնում (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժող Շ.Հարությունյանին Վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու միջոցով հնարավոր կլինի պարզել, թե նա հեռախոսով որևէ տեսագրություն կատարե՞լ է արդյոք, ի՞նչ բովանդակություն ունի այդ ենթադրյալ տեսագրությունը և արդյո՞ք սույն քրեական գործով ամբաստանյալները ծեծի էին ենթարկվել ոստիկանների կողմից.

բ) պաշտպանության կողմը միջնորդել է վերաքննիչ դատարան հրավիրել և հարցաքննել վկա Ն.Մոդոյանին` պատճառաբանելով, որ նա ուղղակիորեն տեսել է, թե ինչպես են ոստիկանները և քաղաքացիական անձինք փոխադարձաբար քաշքշել, իսկ ոստիկաններից մեկն ուղղակիորեն հարվածել քաղաքացիական անձանցից մեկի երեսին:

Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը` արձանագրելով, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ցուցաբերել է անհրաժեշտ և բավարար ջանասիրություն վերջինիս մասնակցությունը դատական նիստին ապահովելու և հարցաքննելու ուղղությամբ, ինչը չի հաջողվել, որից հետո հրապարակվել և հետազոտվել է վերջինիս նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը (տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը): Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է անհրաժեշտ և բավարար միջոցներ ձեռնարկեր վկա Ն.Մոդոյանի ներկայությունը Վերաքննիչ դատարանում ապահովվելու ուղղությամբ և չբավարարվեր Առաջին ատյանի դատարանի կողմից ձեռնարկված միջոցառումներով.

գ) պաշտպանության կողմը միջնորդել է Ա.Գևորգյանին, Հ.Գևորգյանին և Վ.Հովակիմյանին որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել` պատճառաբանելով, որ նշված անձինք կարող են հավաստել, որ դեպքի օրը` 2011 թվականի օգոստոսի 9-ին, Ա.Գևորգյանը դեպքի վայրում չի եղել, որևէ նկարահանում չի կատարել, այլև գտնվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում:

Վերաքննիչ դատարանը միջնորդության քննարկումը հետաձգել է մինչև սույն գործով վերջնական եզրահանգման գալը` խորհրդակցական սենյակում, սույն գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համակցության վերլուծության գնահատման արդյունքում: Այնուհետև, դատական ակտում անդրադառնալով վերոհիշյալ միջնորդությանը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն գործով ձեռք բերված փաստական տվյալներն իրենց համակցությամբ բավարար են ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները գնահատելու և հիմնավոր հետևության հանգելու համար, հետևաբար պաշտպանության կողմի միջնորդությամբ բերված պատճառաբանություններն այն բավարարելու առումով որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող (տե՛ս սույն որոշման 8.2-րդ կետը): Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկաներ Ա.Գևորգյանի, Հ.Գևորգյանի և Վ.Հովակիմյանի հարցաքննությունն ապահովելու միջոցով հնարավոր կլինի պարզել, թե իրապես Ա.Գևորգյանը գտնվել է դեպքի վայրում, թե ոչ, արդյոք նրա կողմից որևէ տեսաձայնագրություն կատարվել է, թե ոչ, տեսաձայնագրության առկայության պայմաններում ի՞նչ բովանդակություն է այն պարունակում և այլն:

Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից միջնորդության քննարկման հետաձգումը «(...) մինչև սույն գործով վերջնական եզրահանգման գալը` խորհրդակցական սենյակում (...)», քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա` միջնորդության լուծումը կարող է հետաձգվել մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը, այլ կերպ` մինչև դատաքննության ավարտը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքներում նշված և Վերաքննիչ դատարանի կողմից մերժված բողոքաբերների մյուս միջնորդություններին, այն է` Վերաքննիչ դատարան հրավիրել և հարցաքննել Ա.Սարգսյանին, Վ.Հովսեփյանին, Վ.Գևորգյանին, Ս.Մուրադյանին, Ա.Գևորգյանին, Է.Գրիգորյանին, Եվ.Թովմասյանին, Մ.Մուրադյանին, քրեական գործին կցել և հետազոտել վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ապահովելով արդար դատաքննության իրավունքը և քրեական դատավարության մրցակցության սկզբունքը, պաշտպանության կողմի հարուցած միջնորդությունները պատշաճ կերպով քննարկել է, լսել կողմերի կարծիքները և կայացրել պատճառաբանված որոշումներ: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի իմաստով, որպես ընդհանուր կանոն, ներպետական դատարանների հայեցողությանն է թողնվում այն հարցի գնահատումը, թե արդյոք անհրաժեշտ է հրավիրել վկաներ, թե ոչ, և չի պահանջվում ամբաստանյալի կողմից հանդես եկող յուրաքանչյուր վկայի հրավիրումը և հարցաքննությունը (տե՛ս Բրիկմոնտն ընդդեմ Բելգիայի (BRICMOUNT v. BELGIUM) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1989 թվականի հուլիսի 7-ի որոշումը, գանգատ թիվ 10857/84, կետ 89): Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` թեև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը դատարաններին պարտավորեցնում է պատճառաբանել իր որոշումները, սակայն այն չի կարող մեկնաբանվել որպես կողմի ներկայացրած յուրաքանչյուր փաստարկին դատարանի կողմից մանրամասն պատասխան տալու պահանջ (տե՛ս Ռուիզ Տորեխան ընդդեմ Իսպանիայի (RUIZ TORIJA v. SPAIN) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1994 թվականի դեկտեմբերի 9-ի վճիռը, գանգատ թիվ 18390/91, կետ 29, Վան դե Հուրքն ընդդեմ Նիդեռլանդների (VAN DE HURK v. THE NETHERLANDS) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1994 թվականի ապրիլի 19-ի վճիռը, գանգատ թիվ 16034/90, կետ 61):

24. Սույն որոշման 18-22-րդ կետերում շարադրված վերլուծության համատեքստում գնահատելով սույն որոշման 23-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել ամբաստանյալների արդար դատական քննության իրավունքի իրացումը` ապացույց հետազոտելու վերաբերյալ վերջիններիս միջնորդությունները մերժելու վերաբերյալ հիմնավորված որոշում կայացնելու առումով:

25. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն ապահովե՞լ է արդյոք ամբաստանյալների արդար դատական քննության իրավունքի իրացումը` դատարանի կողմից կիրառվող սանկցիաների առումով:

26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 -րդ հոդվածի համաձայն`

«1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նախազգուշացում.

2) նիստերի դահլիճից հեռացնելը.

3) դատական տուգանք.

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:

Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:

Քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

Քրեական դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

(...)

6. Ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու և նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կիրառում է նախազգուշացում: Միաժամանակ, նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ դատական նիստի կարգը կրկին խախտելու և նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից: Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելը հիմք է սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառելու համար, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:

Եթե դատարանը գտնում է, որ ամբաստանյալը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան ամբաստանյալի նկատմամբ կիրառում է առանց նախազգուշացման, և գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:

(...)»:

Վերը շարադրված իրավանորմի վերլուծությունից բխում է, որ դատական նիստի կարգը խախտելու և նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու, նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, ինչպես նաև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավասու է նիստերի դահլիճից հեռացնել ամբաստանյալին մինչև 36 ժամով: Ամբաստանյալին նիստերի դահլիճից հեռացնելը հանդիսանում է դատական քննության բնականոն ընթացքը խոչընդոտելուն ուղղված վերջինիս գործողությունների հակազդման միջոց, ինչի արդյունքում ժամանակավորապես սահմանափակվում է ամբաստանյալի արդար դատական քննության իրավունքն այն առումով, որ սահմանափակվում է նրա մասնակցությունն իր վերաբերյալ իրականացվող դատական քննությանը:

27. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր վերաբերյալ իրականացվող դատական քննությանը մասնակցելու` ամբաստանյալի իրավունքը չի նշանակում, որ այն պետք է երաշխավորված լինի վերջինիս կողմից դատական նիստի կարգը խախտելու, նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու, ինչպես նաև դատավարության մասնակիցների` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքների իրացման համար խոչընդոտներ ստեղծելու պայմաններում: ՈՒստի, դատական սանկցիաների կիրառման հնարավորությունը, մասնավորապես, ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելը, հետապնդում է իրավաչափ նպատակներ և այդ կապակցությամբ շահագրգիռ անձի` արդար դատական քննությունն ապահովող իրավական արժեքների սահմանափակումը նույնպես իրավաչափ է:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական սանկցիաներ կիրառելու դատարանի հնարավորությունը կանոնակարգող քրեադատավարական իրավանորմերը մեկնաբանելիս և դրանցով սահմանված իրավական մեխանիզմները գործադրելիս հարկ է նկատի ունենալ, որ դրանք չեն կարող հանգեցնել արդար դատական քննության իրավունքի չեզոքացմանը: Այս կապակցությամբ հանրային և մասնավոր իրավաչափ շահերը պետք է այնպես հավասարակշռվեն, որ շահագրգիռ անձը չզրկվի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից: Այս առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու և նրան դատական նիստերի դահլիճից հեռացնելու դեպքում, վերջինիս պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման, ինչպես նաև մրցակցային դատավարության սկզբունքի կենսագործման առումով առաջնային նշանակություն է ստանում դատական քննությանը պաշտպանի պարտադիր մասնակցությունն ապահովելու հարցը քննարկելու դատարանի պարտականությունը: Ընդ որում, քրեական դատավարությանը պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքերը կանոնակարգող համապատասխան քրեադատավարական դրույթներն ուղղակիորեն պարտավորեցնում են քրեական վարույթն իրականացնող մարմնին ապահովել պաշտպանի պարտադիր մասնակցությունն ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելու դեպքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդված):

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դատական սանկցիան ամբաստանյալի նկատմամբ կիրառելու և նրան դատական նիստերի դահլիճից հեռացնելու դեպքում, տվյալ դատական քննությունը կարող է շարունակվել բացառապես պաշտպանի պարտադիր մասնակցության հարցը քննարկելու պայմաններում: Հակառակ դեպքում, կխախտվեն ամբաստանյալի պաշտպանության իրավունքը և մրցակցության սկզբունքը, ինչն էլ կհանգեցնի արդար դատական քննության հիմնարար իրավունքի անհամաչափ սահմանափակման:

28. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պաշտպանն իրավունք չունի կատարել պաշտպանյալի շահերին հակասող որևէ գործողություն: (...)»:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Պաշտպանը պարտավոր է`

1) կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

2) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

3) մինչև ընդմիջում հայտարարելը առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը.

4) դատական նիստում պահպանել կարգուկանոն:

(...)»:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` «Փաստաբանը պարտավոր է`

1) ազնվորեն և բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքները և օրինական շահերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ու եղանակներով.

(...)

6) չկատարել վստահորդի շահերին հակասող որևէ գործողություն, (...)»:

Մեջբերված իրավադրույթների վերլուծությունից երևում է, որ դրանք սահմանում են պաշտպանի մի շարք պարտականություններ, որոնք կարևոր երաշխիք են անձի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման համար: Մասնավորապես, պաշտպանը պարտավոր է անձի պաշտպանությունն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներով, պաշտպանությունն իրականացնելիս ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի օրինական կարգադրություններին, գործի դատական քննության փուլում առանց նախագահող դատավորի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը, չկատարել որևէ գործողություն, որը հակասում է իր պաշտպանյալի շահերին: Այլ կերպ, պաշտպանը պարտավոր է բարեխիղճ վերաբերմունք դրսևորել իր պարտականությունների նկատմամբ ինչպես մինչդատական վարույթում, այնպես էլ գործի դատական քննության ընթացքում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր պարտականությունների նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ գործի դատական քննության ընթացքում պաշտպանը պետք է ներկա գտնվի դատական նիստին և իրավական օգնություն ցույց տա իր պաշտպանյալին, որպեսզի վերջինս պատշաճ կերպով օգտվի իր պաշտպանության իրավունքից: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ անձի պաշտպանության իրավունքի սահմանափակումը պայմանավորված է նրա պաշտպանի վարքագծով, անձը չպետք է զրկվի պաշտպանի միջոցով իր իրավունքներն իրացնելու հնարավորությունից, և նման իրավիճակում դատարանը ex officio պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովել անձի պաշտպանության իրավունքի իրացումը:

29. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներ Տ.Առաքելյանը, Ս.Գևորգյանը և Դ.Քիրամիջյանը բազմիցս խախտել են դատական նիստի կարգը: Այսպես` ամբաստանյալ Տ.Առաքելյանը բազմաթիվ անգամ խախտել է դատական նիստի կարգը և արհամարհել նիստը նախագահող դատավորի նախազգուշացումները, մասնավորապես, 2012 թվականի նոյեմբերի 12-ի դատական նիստի ժամանակ, անտեսելով նիստը նախագահող դատավորի բազմակի զգուշացումները, ընդհատել է վերջինիս խոսքը, բղավել է, անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ, խոսել և խանգարել մեղադրողին ելույթի ժամանակ, ինչպես նաև չի արձագանքել նիստը նախագահող դատավորի դիտողություններին:

Ամբաստանյալ Ս.Գևորգյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի կազմի նկատմամբ, չի ենթարկվել նախագահողի օրինական կարգադրություններին, այն է` նիստը նախագահող դատավորի հետ զուգահեռ չխոսելու, դատական նիստի կարգը պահպանելու վերաբերյալ կարգադրություններին, խոչընդոտել է դատարանի բնականոն գործունեության իրականացմանը, բազմաթիվ անգամ խախտել է դատական նիստի կարգը, այդ թվում, 2012 թվականի նոյեմբերի 12-ի դատական նիստի ժամանակ չի արձագանքել նիստը նախագահող դատավորի դիտողություններին:

Ամբաստանյալ Դ.Քիրամիջյանը բազմիցս խախտել է դատական նիստի անցկացման կարգը, խանգարել է նիստը նախագահող դատավորին, չի ենթարկվել և չի արձագանքել նիստը նախագահող դատավորի կարգադրություններին և դիտողություններին:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ պաշտպան Վ.Գրիգորյանն առանց նախագահողի թույլտվության հեռացել է դատական նիստերի դահլիճից իր պաշտպանյալ Տ.Առաքելյանի նիստերի դահլիճից հեռացված լինելու պայմաններում, ինչպես նաև պաշտպան Ս.Ոսկանյանը նույնպես առանց նախագահողի թույլտվության հեռացել է դատական նիստերի դահլիճից այն պայմաններում, երբ իր պաշպանյալներ Տ.Առաքելյանը, Ս.Գևորգյանը և Դ.Քիրամիջյանը դատարանի կողմից հեռացված են եղել նիստերի դահլիճից, իսկ դատարանը, ուղղակի արձանագրելով այդ փաստը, շարունակել է դատական նիստը` առանց իրավական գնահատական տալու պաշտպանների գործողություններին, ինչպես նաև նման պայմաններում չի քննարկել նիստը շարունակելու հնարավորությանը (տես սույն որոշման 9-րդ կետը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ ամբաստանյալներ Տ.Առաքելյանի, Ս.Գևորգյանի, Դ.Քիրամիջյանի նկատմամբ դատական սանկցիա (նիստերի դահլիճից հեռացնելու ձևով) կիրառվելուց և պաշտպանների նիստերի դահլիճն առանց նիստը նախագահող դատավորի թույլտվության լքելուց հետ գործի քննությունը շարունակվել է միայն ամբաստանյալ Ա.Կարապետյանի մասնակցությամբ:

30. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 26-28-րդ կետերում շարադրված վերլուծության համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալներ Տ.Առաքելյանը, Ս.Գևորգյանը և Դ.Քիրամիջյանն անբարեխղճորեն են օգտվել իրենց դատավարական իրավունքներից, ոչ պատշաճ են կատարել իրենց դատավարական պարտականությունները, խախտել են դատական նիստի կարգը, խոչընդոտել են նիստի բնականոն ընթացքը ու նիստը նախագահող դատավորի բազմաթիվ նախազգուշացումներից հետո չեն ենթարկվել նրա օրինական կարգադրություններին, որի պայմաններում ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճից հեռացնելն օրինական է, կատարվել է օրենքի հիման վրա և չի կարող համարվել իբրև ամբաստանյալների պաշտպանության իրավունքի խախտում: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի կողմից նիստից հեռացված ամբաստանյալների պաշտպանի պարտադիր մասնակցությունն ապահովելու հարցը չքննարկելը հանգեցրել է ամբաստանյալներ Տ.Առաքելյանի Ս.Գևորգյանի և Դ.Քիրամիջյանի` օրենքով երաշխավորված պաշտպանության իրավունքի խախտման:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել ամբաստանյալների արդար դատական քննության իրավունքի իրացումը` դատարանի կողմից կիրառվող սանկցիաների առումով, որ Տ.Առաքելյանին, Ս.Գևորգյանին, Դ.Քիրամիջյանին դատական նիստերի դահլիճից հեռացրել է և դրանից հետո չի ապահովել պաշտպանի ներկայությունը գործի հետագա քննությանը, իսկ Ա.Կարապետյանի` պաշտպանից հրաժարվելու դեպքում չի քննարկել նրան պաշտպանով ապահովելու հարցը:

31. Հիմք ընդունելով սույն որոշման 18-30-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մի շարք խախտումներ, մասնավորապես պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդություններն անհիմն մերժելով` թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, իսկ ամբաստանյալների պաշտպանական իրավունքը չապահովելով թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտում: Վերոհիշյալ խախտումներն իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը բեկանելու հիմք են հանդիսանում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

2. Դատավճիռը պետք է բեկանվի, երբ դատաքննության միակողմանիությունը կամ ոչ լրիվությունը հետևանք են թույլատրելի ապացույցները գործից սխալմամբ հանելու կամ այն ապացույցների հետազոտման հարցում կողմի միջնորդությունն անհիմն մերժելու համար, որոնք կարող էին նշանակություն ունենալ գործի համար»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի իմաստով հանդիսանում են քրեադատավարական օրենքի էական խախտումներ, հետևաբար, Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան` նոր քննության ուղարկելու հիմք են հանդիսանում:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ սույն գործով թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հետ փոխկապակցված` նյութական իրավունքի ենթադրյալ խախտման (տե՛ս սույն որոշման 10-րդ և 11-րդ կետերը) հարցին հնարավոր կլինի անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Տիգրան Սամվելի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Արտակ Վոլոդյայի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, Սարգիս Ռուբենի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և Դավիթ Հայկազի Քիրամիջյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2013
N ԵԿԴ/0225/01/11
Որոշում