ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի տասներկուերորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին» բառերը փոխարինել «նախարարությանը ենթակա մարմին» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին հոդվածով.
«Հոդված 1.1. Ջրային համակարգերի կառավարման մարմինը
1. Ջրային համակարգերի կառավարման մարմինը նախարարությանը ենթակա Ջրային կոմիտեն է:»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Կառավարությունը մշակում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականությունը:»:
i
Հոդված 4. Օրենսգրքի 12-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Ջրային համակարգերի կառավարման մարմնի լիազորությունները».
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) մասնակցում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակման աշխատանքներին և ապահովում է դրանց իրականացումը, ինչպես նաև կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննությունը.».
3) 7-րդ կետի «կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-17-րդ կետերով.
«15) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարչական վարույթ.
16) սահմանում է ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների օգտագործման սահմանափակումներ և նորմեր.
17) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ներդնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում է վարչական վիճակագրական ռեգիստրներ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
|
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-306-Ն
|