040.1697.281217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2017 թվականի N 1697-Ն
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 81-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի «10. Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների սուբսիդավորում» ծրագրով նախատեսված գումարները տրամադրել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը 2018 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատուցված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց` հետևյալ չափերով`
1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանչյուր խոր. մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162.702 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 9.702 դրամ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խոր. մետր հեռացված ջրի դիմաց 28.712 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 1.712 դրամ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված սուբսիդիայի տրամադրումն իրականացնել 2018 թվականի յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա մինչև 30-ը` «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մինչև հաջորդող ամսվա 15-ը ներկայացրած մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծավալի և նույն ժամանակահատվածի ձևավորված հասույթի վերաբերյալ տեղեկանքի հիման վրա.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սուբսիդիայի տրամադրման պայմանագիր:
3. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը 2018 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց բաժանորդներից վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից նվազեցված սակագներով` հետևյալ չափերով`
1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը 153 դրամ` յուրաքանչյուր խոր. մետր մատակարարված խմելու ջրի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը 27 դրամ` յուրաքանչյուր խոր. մետր հեռացված ջրի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ