Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈ ...

 

 

100.0051.211117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        11            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10017448

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 նոյեմբերի 2017 թվականի N 51-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-032-2017 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «ա» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում հելմինթոզների համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-032-2017 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2017 թվականի նոյեմբերի 10-ի

թիվ 51-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-032-2017 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը (այսուհետ` նորմեր) նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություններ), երեխաների խնամքի և հանրակրթական ուսումնական կազմակերպությունների (այսուհետ` մանկական կազմակերպություններ) (անկախ կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից) բուժաշխատողների համար` որոնք իրականացնում են բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը:

2. Սույն նորմերը կանոնակարգում են հելմինթոզների դեպքերի հայտնաբերման, ախտորոշման, հաշվառման, հաղորդման, հաշվետվության վարման, հիվանդների հոսպիտալացման (մեկուսացման), բուժման, հիվանդների դուրս գրման, հելմինթոզի օջախում կատարվող կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման հարցեր, որոնք ուղղված են հելմինթոզների համաճարակաբանական հսկողության ապահովմանը:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԵԶՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Սույն սանիտարական նորմերում կիրառվող հիմնական հասկացություններն են.

1) Անթրոպոնոզներ (հուն. anthropos - մարդ և nosos - հիվանդություն) հիվանդությունների խումբ (նաև հելմինթոզներ), որոնց հարուցիչների միակ կենսաբանական տերը և բնական պահոցը մարդու օրգանիզմն է: Անթրոպոնոզ հելմինթոզների հարուցիչները մարդու իսկական (օբլիգատ) մակաբույծներ են:

2) Հելմինթներ (հուն. helmins, helminthos - որդ) - մակաբույծ որդեր` մարդու, կենդանիների, բույսերի հիվանդությունների (հելմինթոզների) հարուցիչներ:

3) Հելմինթոզներ` մակաբույծ հելմինթների` օրգանիզմ ներթափանցման պատճառով առաջացած մարդու, կենդանիների, բույսերի հիվանդություններ:

4) Հելմինթազերծում (լատ. de - ժխտում, հուն. helmins - մակաբույծ որդ), (ազատում` հելմինթներից) բուժական-կանխարգելիչ միջոցառումների համախումբ, որն ուղղված է հիվանդների օրգանիզմից հելմինթների հեռացմանը և շրջակա միջավայրի` հելմինթոզների հարուցիչներով (ձվիկներ, թրթուրներ) բաղարկման կանխարգելմանը: Առկա է հելմինթազերծման երկու սկզբունքային մոտեցում.

ա. Անհատական` բուժական կանխարգելիչ ընթացակարգ, որի ընթացքում կիրառվում է հակահելմինթային դեղամիջոց հիվանդի կամ առողջի կողմից: Անհատական հելմինթազերծումը լինում է. բուժական` վարակվածի բուժում, կանխարգելիչ` դեղամիջոցի կիրառում` վարակի կանխարգելման նպատակով (օգտագործվում է այն օջախներում (ընտանիքներում, կազմակերպություններում), որտեղ կան վարակվածներ) և նախահասունացման փուլում հելմինթազերծում` դեղամիջոցի կիրառում հելմինթների սեռական հասունացման փուլից առաջ` տարածման և կրկնակի վարակման կանխարգելման նպատակով:

բ. Զանգվածային հելմինթազերծում` հանրային առողջության զանգվածային բուժական-կանխարգելիչ միջոցառում հելմինթոզների դեմ պայքարի համար` հակահելմինթային դեղամիջոցների կիրառմամբ: Տարբերում են` համատարած զանգվածային հելմինթազերծում (հակահելմինթային դեղամիջոցների կիրառում բնակչության շրջանում` պարբերական ընդմիջումներով, անկախ անհատի վարակվածության կարգավիճակից), նպատակային հելմինթազերծում (դեղամիջոցների նպատակային կիրառում` բնակչության ռիսկի խմբերում` պարբերական ընդմիջումներով, անկախ անհատի վարակվածության կարգավիճակից) և ընտրանքային հելմինթազերծում (դեղամիջոցների ընտրանքային կիրառում` պարբերական զանգվածային հետազոտություններից հետո էնդեմիկ տարածքում բնակվող բնակչության շրջանում, երբ առկա է (կամ կասկածվում է) համատարած վարակման վտանգ):

5) Հիվանդության դեպքի ստանդարտ սահմանում` չափանիշների խումբ, որոնք որոշում են հիվանդության պատկանելությունը կասկածելի, հավանական կամ հաստատված դեպքերին:

6) Հպավարանցիկ հելմինթոզներ` հիվանդություններ, որոնք փոխանցվում են շփման և կենցաղային ճանապարհով (էնտերոբիոզ, հիմենոլեպիդոզ):

7) Կոպրոօվոսկոպիկ հետազոտություններ` կղանքի մեջ մակաբույծների ձվիկների հայտնաբերման համալիր մակաբուծաբանական լաբորատոր հետազոտություններ:

8) Մակաբույծներ` օրգանիզմներ, որոնք ժամանակավոր կամ մշտապես ապրում են այլ օրգանիզմների հաշվին` օգտագործելով դրանց որպես կենսամիջավայր և/ կամ սնուցման աղբյուր:

9) Մակաբուծաբանական հետազոտություն` լաբորատոր ախտորոշման մակրո և միկրո հետազոտության ուղղակի մեթոդներ, ուղղված մակաբուծային հիվանդությունների հարուցիչների հայտնաբերմանը և նույնականացմանը:

10) Սանիտարահամաճարակային (կանխարգելիչ) միջոցառումներ` զանգվածային թունավորումների, վարակիչ հիվանդությունների ազդեցությունների նվազեցմանը և վերացմանն ուղղված միջոցառումներ:

11) Սանիտարամակաբուծաբանական հետազոտություններ` մակաբուծային հիվանդությունների հարուցիչների հայտնաբերում արտաքին միջավայրի առարկաներից և օբյեկտներից:

12) Էնդեմիկ տարածք` վայր, որտեղ գրանցվում են որոշակի հիվանդության դեպքեր և/կամ շրջանառում է հիվանդության հարուցիչը:

13) Ինվազիա` վարակ` հարուցված մակաբույծներով:

14) Օջախ` վարակի աղբյուրի տեղակայման վայրը, որի սահմաններում հարուցիչը կարող է փոխանցվել վարակի աղբյուրից` առողջ մարդկանց: Տարբերում են հողային հելմինթոզների իսկական և կեղծ օջախներ.

ա. Իսկական օջախում առկա է վարակի աղբյուրը և վարակի փոխանցման գործոնները:

բ. Կեղծ օջախում առկա է վարակի աղբյուրը, սակայն բացակայում են վարակի շրջանառության համար պահանջվող գործոնները:

15) Օջախի համաճարակաբանական հետազոտություն` հետազոտության մեթոդների ամբողջություն, որը հնարավորություն է տալիս պարզելու վարակիչ հիվանդության առաջացման և տարածման պատճառները տվյալ օջախում, ինչպես նաև` օջախի սահմանները:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Հելմինթոզները մարդու և կենդանիների (նաև բույսերի) լայնորեն տարածված հիվանդություններ են, որոնք հարուցվում են մակաբույծ որդերով: Դրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգմամբ պատկանում են մոռացված (անտեսված) արևադարձային հիվանդություններին: Տարբերվում են.

1) Կլոր որդեր` Նեմատոդա (Nematoda), որոնք ասկարիդոզի, տրիխոցեֆալոզի, էնտերոբիոզի, անկիլոստոմիդոզի, ստրոնգիլոիդոզի, տրիխինելոզի հարուցիչներն են,

2) Ժապավենաձև որդեր` Ցեստոդա (Cestoda), որոնք տենիոզի, տենիարինխոզի, հիմենոլեպիդոզի, դիֆիլոբոթրիոզի, էխինակոկոզի, ալվեոկոկոզի հարուցիչներ են,

3) Տրեմատոդներ (Trematoda), որոնք օպիստորխոզի, ֆասցիոլոզի, պարագոնիմոզի, կլոնորխոզի, մետագոնիմոզի հարուցիչներ են:

5. Զոոնոզ հելմինթոզների վարակի աղբյուրը հիվանդ կենդանին է, իսկ անթրոպոնոզ հելմինթոզներինը` հիվանդ մարդը:

6. Հելմինթոզների վարակի հիմնական փոխանցման մեխանիզմը` կղանքաբերանայինն է, ավելի հազվադեպ` ներմաշկայինը և տարափոխիկը (հոդվածոտանի փոխանցողի միջոցով):

7. Կղանքաբերանային ուղիով փոխանցման գործոն կարող են հանդիսանալ սնունդը, ջուրը, արտաքին միջավայրի առարկաները, ձեռքերը:

8. Ըստ հարուցչի զարգացման կենսաբանական փուլերի` տարբերում են.

1) բիոհելմինթոզներ (էխինակոկոզ, ալվեոկոկոզ, տենիոզ, տենիարինխոզ, տրիխինելլոզ, դիֆիլոբոթրիոզ, օպիստորխոզ, կլոնորխոզ)` հելմինթոզներ, որոնց հարուցիչը կենդանիների օրգանիզմում անցնում է զարգացման որոշակի փուլ, կենդանիներից փոխանցվում է մարդուն,

2) հպավարանցիկ հելմինթոզներ (էնտերոբիոզ, հիմենոլեպիդոզ), որոնց հարուցիչները չունեն միջանկյալ տեր և առողջ մարդկանց փոխանցվում են հիվանդից կամ արտաքին միջավայրից,

3) հողային հելմինթոզներ, որոնց հարուցիչներն արտազատվում են հիվանդ օրգանիզմից, շրջակա միջավայրում (հողում) անցնում են զարգացման որոշակի փուլ, որից հետո դառնում են վարակիչ:

9. Բիոհելմինթներից մի քանիսը (օպիստորխիս, կլոնորխիս, լայն երիզորդ) իրենց զարգացման ընթացքում փոխում են մեկից ավելի միջանկյալ տեր:

10. Մարդը կարող է լինել բիոհելմինթի ինչպես միջանկյալ (ալվեոկոկ, էխինակոկ), այնպես էլ` վերջնական տեր (տենիոզ, տենիարինխոզ):

11. Կլինիկական ընթացքով` տարբերում են սուր և քրոնիկ հելմինթոզներ:

12. Հելմինթոզների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացումը համալիր է: Միջոցառումները համակարգային են և պայմանավորված են կոնկրետ դեպքի ծագումնաբանական, համաճարակաբանական և կլինիկական բնութագրերով:

13. Կախված հարուցչից, հիվանդության ընթացքից և համաճարակային իրավիճակից` հելմինթոզների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների համակարգը տարբեր է:

 

IV. ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ

 

14. Հելմինթոզներով հիվանդների հայտնաբերումն իրականացնում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բոլոր մասնագիտությունների բուժաշխատողները` ցանկացած տեսակի բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում (հիվանդների պասիվ հայտնաբերում) և համաճարակաբանական ցուցումներով իրականացվող միջոցառումների ժամանակ (հիվանդների ակտիվ հայտնաբերում):

15. Հելմինթոզներով հիվանդների հայտնաբերման նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ ներքոհիշյալ անձանց շրջանում.

1) Բժշկական օգնության դիմած անձինք` հիվանդության կասկածի դեպքում,

2) Ստացիոնարում բուժվող ստամոքս-աղիքային խանգարումներով, լյարդի և փայծաղի ախտահարումով, ալերգիաներով, լիմֆադենոպաթիայով, տենդով առաջնակի դիմած հիվանդներ` եթե այլ պատճառներ չեն հայտնաբերվել:

16. Բիոհելմինթոզներով հիվանդների հայտնաբերման նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ նաև ներքոհիշյալ անձանց շրջանում.

1) Ռիսկի խմբեր` անասնաբուծական տնտեսությունների, մորթու մշակման կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) աշխատողներ, անասնաբույժներ, մսի արտադրության աշխատողներ, որսորդներ, մորթի մասնակիցներ, արգելանոցների աշխատողներ, մաքրման կայանների աշխատողներ, նրանց ընտանիքի անդամներ,

2) Բնակչության խմբեր, որտեղ գրանցվել է կենդանիների ցիստիցերկոզ (հետազոտությունների ծավալը որոշվում է համաճարակային իրավիճակից ելնելով),

3) Համաճարակաբանական ցուցումով, եթե հայտնի է տրիխինելաներով վարակված մսի օգտագործման մասին, մսի օգտագործումից 2 շաբաթ հետո` միսն օգտագործած անձինք,

4) Ստացիոնարում բուժվող նյարդաբանական խանգարումներով հիվանդներ` եթե այլ պատճառներ չեն հայտնաբերվել,

5) Բիոհելմինթոզով (տենիարինխոզ, տենիոզ (ցիստիցերկոզ) հիվանդի ընտանեկան և կազմակերպ օջախում` շփվածների և ռիսկի խմբերում ներառվածներ,

6) Բիոհելմինթոզով (էխինակոկոզ, ալվեոկոկոզ) հիվանդի ընտանեկան օջախում` հիվանդի ընտանիքի անդամների և կազմակերպ օջախում` աշխատակիցներ (եթե այդ աշխատակիցները ներառված են ռիսկի խմբերում), որոնց շրջանում իրականացվում են շճաբանական հետազոտություններ:

17. Հպավարանցիկ հելմինթոզներով հիվանդների հայտնաբերման նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ նաև ներքոհիշյալ անձանց շրջանում.

1) Սննդի և դրանց հավասարեցված հաստատությունների աշխատողներ` աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 2 անգամ:

2) Մանկատների, երեխաների տների սաները, գիշերային կացության կազմակերպությունների բնակիչներ` ընդունվելիս և հետագայում` տարին 2 անգամ:

3) Առողջարաններ, ճամբարներ մեկնող երեխաներ:

4) Ջրային սպորտաձևերով զբաղվող անձինք` սպորտային խումբ ընդունվելիս և հետագայում` տարին 2 անգամ:

5) Հպավարանցիկ հելմինթոզով հիվանդի (ընտանեկան և կազմակերպ) օջախում` շփվածներ:

18. Հողային հելմինթոզներով հիվանդների հայտնաբերման նպատակով նաև իրականացվում են լաբորատոր հետազոտություններ հողային հելմինթոզների իսկական օջախներում` ընտանիքի անդամները:

 

V. ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

 

19. Հելմինթոզների ախտորոշումն իրականացվում է համաձայն սույն նորմերի գլուխ X-XII-ով հաստատված «Հելմինթոզների դեպքի ստանդարտ բնորոշումների»` համաճարակաբանական, կլինիկական, լաբորատոր ցուցանիշներով:

20. Հելմինթոզների ախտորոշման համաճարակաբանական ցուցանիշը ներառում է համաճարակաբանական վերհուշի (համաճարակաբանական կապ լաբորատոր հաստատված դեպքի հետ, ռիսկի առկայություն աշխատատեղում կամ բնակության վայրում), որի վերաբերյալ կատարվում է նշում «Ամբուլատոր բժշկական քարտի» և/կամ «Հիվանդության պատմության» մեջ:

21. Համաճարակաբանական վերհուշը բացահայտում է հիվանդի կամ վարակակրի հետ շփում (նշելով շփման տեղը և ժամանակը), կասկածելի ջրի կամ սննդամթերքի օգտագործում, շփում հիվանդ կենդանու կամ կենդանական հումքի հետ, միջատների խայթոց, ճանապարհորդություն էնդեմիկ տարածք:

22. Հելմինթոզների հիվանդության կլինիկական ախտորոշումը հիմնվում է հելմինթոզների կլինիկական նկարագրի վրա, որոնք ներկայացված են գլուխ X-XII-ով:

23. Հելմինթոզների լաբորատոր ախտորոշման ցուցանիշները մասնահատուկ են յուրաքանչյուր հելմինթոզի համար, դրանք ներկայացված են գլուխ X-XII-ով` հելմինթոզների դեպքի ստանդարտ բնորոշումներում ախտորոշման լաբորատոր չափանիշներով:

24. Հելմինթոզների լաբորատոր ախտորոշումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ` կլինիկական կամ մակաբուծաբանական տեսակի գործունեության իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպություններում:

(24-րդ կետը փոփ. 05.06.2019 թիվ 29-Ն հրաման)

25. Հազվադեպ հանդիպող հելմինթոզների ախտորոշումը և հելմինթոզների ախտորոշման որակի արտաքին հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՀՀ ԱՆ «ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ) «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի մակաբուծաբանական լաբորատորիայում:

 

VI. ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ, ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄ

 

26. Հելմինթոզների դեպքերի հաշվառումը, հաղորդումը և հաշվետվության վարումը իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի:

27. Հաշվառման ենթակա են և՛ կասկածելի, և՛ հաստատված դեպքերը, հաշվետվության ենթակա են միայն լաբորատոր հաստատված դեպքերը:

28. Հելմինթոզներով կասկածելի հիվանդի բժշկական փաստաթղթերում` մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում կամ երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտում և հիվանդության պատմության մեջ գրառում է կատարվում նմուշի հետազոտության մասին` հետազոտության նշանակում, նմուշի վերցման ամսաթիվ և փակցվում է լաբորատոր հետազոտության արդյունքը` պատասխանը:

 

VII. ՀԻՎԱՆԴԻ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ ԵՎ ԲՈՒԺՈՒՄ

 

29. Հելմինթոզներով հիվանդների բուժումը կազմակերպվում է բուժաշխատողների կողմից` կախված կլինիկական ցուցումից, հիվանդի վիճակից, հիվանդության փուլից, ամբուլատոր կամ ստացիոնար` սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմի պահպանման պայմաններում:

30. Հելմինթոզներով հիվանդներին դուրս են գրում հելմինթազերծումից և լրիվ կլինիկական առողջացումից հետո` բուժման կուրսի ավարտից հետո կատարված լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի հիման վրա:

31. Հպավարանցիկ հելմինթոզներով հիվանդների հաճախումը կազմակերպություններ թույլատրվում է բուժման կուրսի ավարտից հետո կատարված լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի հիման վրա:

 

VIII. ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՕՋԱԽՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

32. Հելմինթոզի դեպք արձանագրելիս անհրաժեշտության դեպքում օջախի համաճարակաբանական հետազոտությունը կազմակերպող համաճարակաբանի հետ (նրա առաջարկությամբ) կարող են ընդգրկվել նաև տեղամասային մանկաբույժ, վարակաբան:

33. Հելմինթոզի օջախի համաճարակաբանական հետազոտությունն իրականացվում է 48 ժամվա ընթացքում և ներառում է հիվանդի և նրա հետ շփված անձանց հարցում, փաստաթղթերի ուսումնասիրություն, լաբորատոր և գործիքային հետազոտություններ, դիտարկում` գաղտնի շրջանի առավելագույն տևողությամբ:

34. Հելմինթոզի օջախում, կախված հելմինթոզի տեսակից, իրականացվում են հետևյալ սանիտարահամաճարակային միջոցառումները.

1) Հպավարանցիկ հելմինթոզով և բիոհելմինթոզով հիվանդի օջախում գտնվող անձանց (որոնք գտնվել են հիվանդի հետ միևնույն ռիսկի ազդեցության ներքո, որի ընթացքում հնարավոր էր հիվանդության զարգացումը) շրջանում հարցման (համաճարակաբանական հետազոտության քարտի լրացմամբ) և անհրաժեշտության դեպքում` լաբորատոր հետազոտման իրականացում:

2) Երեխաների խնամքի և կրթական կազմակերպություններում հպավարանցիկ հելմինթոզի կամ բիոհելմինթոզի` տենիարինխոզի կամ տենիոզի հայտնաբերման դեպքում հիվանդների` կազմակերպ օջախ հաճախման սահմանափակում` մինչև բացասական լաբորատոր պատասխանի ստացումը:

3) Հասարակական լողավազաններ հաճախող հիվանդ երեխաների այցելության սահմանափակում:

4) Հելմինթոզներով հիվանդների օջախներում առողջ ապրելակերպի քարոզչության (տենիարինխոզի կամ տենիոզի դեպքում` հիվանդ կենդանիների մսեղիքի թերմիկ մշակման, էխինոկոկոզի դեպքում` ախտահարված օրգանների այրման, շների հելմինթազերծման) իրականացում:

5) Տենիիդոզների դեպքում` հիվանդի օջախում` մարդու արտաթորանքներով աղտոտված հողի հատվածների, իսկ Էխինակոկոզի օջախում` կենդանիների, մասնավորապես շների արտաթորանքներով աղտոտված հողի հատվածների` վարակազերծում, խաղահրապարակների մաքրում կենցաղային աղբից, ավազի փոխում կամ վարակազերծում:

6) Օջախներում արտաքին միջավայրի սանիտարական վիճակի հսկողության, վարակի փոխանցման գործոնների և ուղիների որոշման նպատակով` սանիտարամակաբուծաբանական հետազոտությունների իրականացում:

7) Հպավարանցիկ հելմինթոզի կամ բիոհելմինթոզի օջախում` արտաքին միջավայրի առարկաների մակերեսներից` լվացուկների, հողային հելմինթոզների իսկական և բիոհելմինթոզների օջախներից` մրգերի, բանջարեղենի, հողի նմուշների, խաղահրապարակների ավազի, բաց ջրամբարների ջրի նմուշառում և հետազոտություն:

8) Արտաքին միջավայրի նմուշները վերցվում են մինչև սանիտարահամաճարակային միջոցառումներ իրականացնելը և կանխարգելիչ միջոցառումներից հետո` դրանց արդյունավետությունը ստուգելու համար:

 

IX. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԿՐԹՈՒՄ

 

35. Բնակչության կողմից հելմինթոզների կանխարգելիչ միջոցառումների իրականացման և օժանդակության ապահովման նպատակով բուժաշխատողների կողմից իրականացվում է.

1) բնակչության մոտ հելմինթոզների ամենավաղ և բնորոշ ախտանշանների մասին, ինչպես նաև` անմիջապես բժշկական օգնության դիմելու անհրաժեշտ գիտելիքների արմատավորում,

2) բնակչության մոտ հելմինթոզների կանխարգելմանն ուղղված որոշակի վարքագծի ուսուցում:

36. Բժշկական կազմակերպությունների կողմից իրականացվում է հելմինթոզների կանխարգելումը լուսաբանող քարոզչական աշխատանք, որի մասին կատարվում է գրանցում հիվանդի բժշկական փաստաթղթերում` մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում կամ երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտում, հիվանդության պատմության մեջ:

 

X. ՀՈՂԱՅԻՆ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

37. Ասկարիդոզի (B 77) դեպքը դասակարգվում է.

1) Կասկածելի  Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հավանական  Կասկածելի դեպք

      Գումարած     համաճարակաբանական կապ` ասկարիդոզի իսկական օջախում

                   գտնվելը, հողագործական աշխատանքը, բնակավայրում հիգիենիկ

                   ցածր մակարդակը, վատ սովորությունների առկայությունը

                   (գեոֆագիա, եղունգները կրծել)

3) Հաստատված   Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված:

38. Ասկարիդոզի դեպքի ստանդարտ սահմանում. Կլինիկական նկարագիր` հիվանդությունն ընթանում է երկու` միգրացիոն և աղիքային փուլով: Միգրացիոն փուլը պայմանավորված է ստամոքս-աղիքային համակարգից արյան հոսքի հետ դեպի թոքեր ասկարիդի թրթուրների տարածումով, որը վարակի ցածր ինտենսիվության դեպքում կարող է ընթանալ առանց ախտանշանների: Միջին և բարձր ինտենսիվության դեպքում` բնորոշ են ընդհանուր թուլությունը, գլխացավը, աշխատունակության անկումը, եղնջացանը, տենդը: Ավելի հազվադեպ են թոքային երևույթները` հազը, հաճախ արյունային, ասթմատիկ բաղադրիչով, հևոցը, կրծքի շրջանում ցավեր: Աուսկոիլտատիվ զննման ընթացքում առկա են թոքերում` խզոցներ և պլևրիտի երևույթներ, ռենտգենաբանական հետազոտություններով` էոզինոֆիլ ինֆիլտրատներ թոքերում: Արյան մեջ` էոզինոֆիլների քանակը կարող է հասնել 35-60%: Հնարավոր են լյարդի և սիրտ-անոթային համակարգի խանգարումներ, ալերգիկ երևույթներ: Աղիքային փուլին ևս բնորոշ են հիվանդության ծանրության և ախտանշանների բազմազանությունը: Վարակը կարող է ընթանալ թույլ արտահայտված կլինիկական նշաններով կամ առանց ախտանշանների: Կլինիկական արտահայտված հիմնական ախտանշաններն են ցավերը որովայնի շրջանում, սրտխառնոցը, փսխումը, փորկապությունը: Երեխաների մոտ առկա է ախորժակի խանգարումներ, բարձր թքարտադրություն առավոտյան, մինչև նախաճաշը: Ասկարիդոզի բոլոր փուլերում առկա են նյարդային համակարգի ախտանշաններ` քրոնիկ հոգնածության զգացում, գրգռվածություն, անհանգիստ քուն, ատամների գիշերային կրճտում, հետագայում զարգանում են ցրվածություն, հիշողության նվազում, ինտելեկտի խնդիրներ: Բնորոշ են ալերգիկ երևույթներ` եղնջացան, էոզինոֆիլիա, հաճախ հանդիպում է հիպոխրոմ անեմիա: Սիրտ-անոթային համակարգի համար բնորոշ է զարկերակային և երակային արյան ճնշման նվազում: Աղիքային փուլի համար բնորոշ են արտաաղիքային երևույթներ, որոնք պայմանավորված են հասուն ասկարիդների շարժունակությամբ` աղիքների անանցանելիություն, պերֆորատիվ պերիտոնիտ, լյարդի, լեղուղիների ասկարիդոզ, սուր պանկրեատիտ, այլն: Ասկարիդոզը նաև բացասաբար է ազդում հղիության ընթացքի վրա, ավելացնելով տոքսիկոզը, առաջացնելով սաղմի զարգացման խանգարումներ, ծննդաբերության և հետծննդաբերական բարդություններ: Եզակի դեպքերում` բարձրանալով մարսողական համակարգով դեպի ըմպան` ասկարիդը տեղափոխվում է շնչառական ուղիներ, առաջացնելով ասֆիքսիա: Հնարավոր է հայտնաբերել ասկարիդներին միզասեռական օրգաններում, Եվստախյան փողում, միջին ականջում և այլն: Վարակի առկայությունը բարդացնում է տարբեր վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ընթացքը, ճնշվում է իմունոգենեզը:

39. Ասկարիդոզի ախտորոշման լաբորատոր չափանիշներ են հիվանդի կղանքում (հարստացման մեթոդով) ասկարիդի բեղմնավորված կամ չբեղմնավորված ձվիկների հայտնաբերումը` մանրադիտակային հետազոտության արդյունքում կամ հասուն որդերի արտանկման դեպքում` մակրոսկոպիկ ախտորոշումը: Բեղմնավորված ձվիկի հայտնաբերումն ունի համաճարակաբանական նշանակություն` վարակի հետագա տարածման տեսակետից: Թրթուրների հայտնաբերումը խորխի մեջ արձանագրվում է հազվադեպ և վկայում է ասկարիդոզի միգրացիոն փուլի մասին: Գոյություն ունեն մի շարք շճաբանական հետազոտություններ (իմունաֆերմենտային, պրեցիպիտացիայի, լատեքս-ագլյուտինացիայի, անուղղակի հեմագլյուտինացիայի), որոնք, ունենալով գիտական նշանակություն (ախտածնության, համաճարակաբանության, իմունիտետի զարգացման համար), ասկարիդոզի լաբորատոր հաստատման համար ունեն լրացուցիչ նշանակություն: Այնուամենայնիվ` շճաբանական հետազոտության արդյունքները վերհուշի և կլինիկական ախտանշանների համակցությամբ` հնարավորություն են տալիս իրականացնել ասկարիդոզի վաղ ախտորոշում և բուժում: Հիվանդի օրգանիզմում միայն արու որդերի առկայության դեպքում (ցածր ինտենսիվության վարակ) իրականացվում է ախտորոշիչ հելմինթազերծում:

40. Տրիխոցեֆալոզի (B 79) դեպքի դասակարգումն է.

1) Կասկածելի  Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հավանական  Կասկածելի դեպք

      Գումարած     համաճարակաբանական կապ` տրիխոցեֆալոզի սեզոնի ընթացքում

                   (տաք եղանակին) բարձր էնդեմիկությամբ տարածքում գտնվելը,

                   հողային հելմինթոզի իսկական օջախում գտնվելը,

                   մասնակցությունը հողագործական աշխատանքներին,

                   բնակավայրում հիգիենիկ ցածր մակարդակը, վատ

                   սովորությունների առկայությունը (մասնավորապես երեխաների

                   մոտ)

3) Հաստատված   Կասկածելի կամ հավանական դեպք` հաստատված

լաբորատոր/գործիքային մեթոդով:

 

41. Տրիխոցեֆալոզի դեպքի ստանդարտ սահմանում. Կլինիկական նկարագիր` վարակի ցածր ինտենսիվության դեպքում հիվանդությունը կարող է ընթանալ առանց արտահայտված կլինիկական նշանների և էոզինոֆիլիայի: Վարակի բարձր ինտենսիվության դեպքում հնարավոր են ցավեր որովայնի շրջանում, ախորժակի բացակայություն, դիարեա` լորձով կամ արյան հետքերով, քանի որ մակաբույծը հանդիսանում է հեմատոֆագ: Աղիների լորձաթաղանթի ախտահարման հետևանքով առաջանում են հիպերեմիա, այտուցվածություն, կետային արյունազեղումներ, մեռուկացման մանր օջախներ, որոնք հանգեցնում են նեյրոռեֆլեկտոր խանգարումների: Երբեմն, մասնավորապես երեխաների մոտ, նշված ախտաբանական փոփոխությունները հանգեցնում են նյարդային երևույթների, ուշագնացության առաջացմանը: Երեխաների մոտ երկար ընթացող վարակի հետևանքով նկատվում են ֆիզիկական և մտավոր թերզարգացածության նշաններ: Հյուծված հիվանդների մոտ երկարատև դիարեայի ժամանակ հնարավոր է ուղիղ աղիքի արտանկում:

42. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ են. հիվանդի կղանքում մազագլխի ձվիկների հայտնաբերումը մանրադիտակային հետազոտության արդյունքում կամ հասուն որդերի հայտնաբերումը` ռեկտորոմանոսկոպիայի ժամանակ: Կասկածելի դեպքի լաբորատոր հաստատման համար իրականացվում է Կատոյի հաստ քսուքի կամ հարստացման մեթոդով կղանքի մակաբուծաբանական հետազոտություն (Ֆյուլեբորնի, Քալանթարյանի, այլ) մեթոդներով:

43. Տոքսոկարոզի (B 83) դեպքի դասակարգումն է.

1) Կասկածելի  Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հավանական  Կասկածելի դեպք

     Գումարած      համաճարակաբանական կապ` մարդը վարակվում է հելմինթի

                   ձվիկներով կեղտոտված ջրի, հողի, սննդի, ինչպես նաև`

                   շների/կատուների հետ շփման միջոցով: Բարձր էնդեմիկությամբ

                   տարածքում գտնվելն, ստորգետնյա, գյուղատնտեսական,

                   շինարարական, մորթու մշակման աշխատանքներ իրականացնելը

                   համարվում է համաճարակաբանական կապ:  Առավել ռիսկի են

                   ենթարկված այն երեխաները, որոնք հակված են գեոֆագիայի:

3) Հաստատված   Կասկածելի կամ հավանական դեպք` հաստատված

լաբորատոր/գործիքային մեթոդով:

44. Տոքսոկարոզի դեպքի ստանդարտ սահմանում. Կլինիկական նկարագիր` հիվանդությունը բնորոշվում է ախտանշանների բազմազանությամբ, կապված վարակի ինտենսիվությունից, ախտահարված օրգաններից և օրգանիզմի իմուն պատասխանից: Հիվանդությունը զարգանում է, երբ ստամոքսում տոքսոկարների ձվիկներից դուրս են գալիս թրթուրներ, որոնք լորձաթաղանթը ծակելով լցվում են արյունատար անոթների մեջ, հասնում լյարդ, որտեղ նրանց մի մասը առաջացնում է բորբոքային պրոցես, շրջապատվում է բորբոքային ինֆիլտրատով, առաջացնելով գրանուլեմա: Թրթուրների մյուս մասը տեղափոխվելով լյարդի ֆիլտրի միջով, սրտի աջ կեսով և թոքային զարկերակով` հասնում է թոքերի կապիլյար ցանցին: Թոքերը երկրորդ ֆիլտրն են, որն անցնելով, թրթուրները լցվում են տարբեր օրգանների հյուսվածքների մեջ, ամրապնդվելով այնտեղ, տարբեր գործոնների ազդեցության տակ պարբերաբար նորից միգրացիայի ենթարկվելով` ապահովելով նոր կլինիկական նշանների առաջացում: Առանց ժամանակին բուժման այս հիվանդությունը բերում է ծանր բարդությունների և հաշմանդամության: Տոքսոկարոզի ախտանշանները մասնահատուկ չեն և սուր փուլում նման են այլ հելմինթոզների` տենդը բնորոշ է հիվանդության ծանր ձևերին, հաճախ են եղնջացանը կամ Կվինկեի այտուցը: Շնչառական համակարգի կողմից նկարագրվում են սուր բրոնխիտի, թոքաբորբի, սուր շնչահեղձության նոպաներ: Ռենտգենաբանական հետազոտություններով նկատվում են էոզինոֆիլ ինֆիլտրատներ թոքերում: Լյարդը և փայծաղը մեծացած են, հաճախ` որովայնը ցավոտ է, մարսողությունը խանգարված: Հնարավոր են միոկարդիտի զարգացում, պանկրեատիտ: Նկարագրված են նաև վահանագեղձի ախտահարման երևույթներ: Այն դեպքերում, երբ թրթուրները ախտահարել են ուղեղի հյուսվածքը` լինում է կայուն գլխացավ, էպիլեպսիայի նոպաներ, կաթվածահարություններ: Երեխաների մոտ նկատվում են գրգռվածություն, քնի խանգարում:

45. Ախտորոշման լաբորատոր չափանիշները. Կասկածելի դեպքի լաբորատոր հաստատման համար իրականացվում է արյան իմունաֆերմենտային հետազոտություն, որի դրական ախտորոշիչ տիտրով արդյունքը հաստատում է ախտորոշումը: Ախտորոշիչ կարող է լինել նաև գործիքային հետազոտությունը (համակարգչային տոմոգրաֆիա):

46. Ստրոնգիլոիդոզի (B 78) դեպքի դասակարգումն է.

1) Կասկածելի  Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հավանական  Կասկածելի դեպք

     Գումարած      համաճարակաբանական կապ` ստրոնգիլոիդոզի հաստատված դեպքի

                   հետ շփում, ստրոնգիլոիդոզի բարձր էնդեմիկությամբ

                   տարածքում գտնվելը, ստորգետնյա աշխատանքներ իրականացնելը

                   (հանքափորներ, աղյուսի արտադրության բանվորներ, թունելներ

                   տեղադրողներ): Ստրոնգիլոիդոզի տեղական դեպքեր արձանագրած

                   տարածքներում բարձր ռիսկի խումբ է համարվում նաև

                   հոգեբուժական հիվանդանոցի հիվանդ կամ մանկատան սան

                   լինելը:  

3) Հաստատված   Կասկածելի կամ հավանական դեպք` հաստատված

լաբորատոր/գործիքային մեթոդով:

47. Ստրոնգիլոիդոզի դեպքի ստանդարտ սահմանում` Կլինիկական նկարագիր. Հիվանդությունը կարող է ընթանալ առանց կլինիկական ախտանշանների և էոզինոֆիլիայի: Ստրոնգիլոիդոզի ախտանշանները տարբեր են` կապված հիվանդության ծանրության և օրգանիզմի անհատական պատասխանի հետ: Հիվանդությունը կարող է ընթանալ սուր, Լյոֆլերի համախտանիշի կամ քրոնիկ վարակի ձևով, ստամոքս-աղիքային խանգարումների ձևով, ինքնավարակի, տարածված հիպերինֆեկցիայով` ամբողջ օրգանիզմում մակաբույծների տարածումով: Բավարար իմունային պատասխանի դեպքում ստրոնգիլոիդոզն ընթանում է առանց ախտանշանների կամ առավել մեղմ ձևով: Թույլ կամ ճնշված իմունիտետի դեպքում (նորագոյացություններով հիվանդներ, ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդներ, օրգանների փոխպատվաստումների դեպքում, քիմիոթերապիայի և կորտիկոստերոիդներով բուժման դեպքում) ստրոնգիլոիդոզը կարող է անցնել տարածված ձևի (թրթուրները տարածվում են ամբողջ օրգանիզմով մեկ): Հիվանդության այս ձևը կարող է ընթանալ ծանր, առաջացնել արյան վարակակրություն (պարազիտեմիա), մենինգիտ, միոկարդիտ և այլն: Ստամոքս-աղիքային խանգարումների ախտանշանները տարբեր են` ցավեր ստամոքսի շրջանում, վքնածություն, դիարեա, փորկապություն, սրտխառնոց, փսխում, ախորժակի բացակայություն, քաշի կորուստ, հետանցքի քոր: Հիվանդության դասական արտահայտման դեպքերում բնորոշ է փորկապություններին հաջորդող դիարեան` ջրանման կղանքով, լորձի հետքերով: Ցածր իմունիտետով երեխաների մոտ ստրոնգիլոիդոզը զարգացման խանգարումների հաճախակի պատճառ կարող է հանդիսանալ: Երկարատև վարակների դեպքում խանգարվում է սննդարար նյութերի ներծծումը աղիքներում (մալաբսորբցիայի համախտանիշ): Ախտանշանները նմանվում են ցելիակիայի (գլյուտենի փոխանակման խանգարում), ստեատորեայի (ճարպերի փոխանակման խանգարում), զարգանում են նաև հիպոալբումինեմիա կամ ծայրամասային այտուցներ: Թոքային ախտանշաններն առաջանում են հիվանդների 10%-ի մոտ, պայմանավորված են ալվեոլներով թրթուրների միգրացիայով: Վարակը սկզբում արտահայտվում է թոքերում խզոցներով և թեթև հազով, մեծ քանակի թրթուրների միգրացիան առաջացնում է թոքաբորբ, որը նման է Լյոֆլերի համախտանիշին: Ախտանշաններից են` խորխով, հնարավոր է արյան հետքերով, հազը, հևոցը, ջերմաստիճանի բարձրացումը: Ստրոնգիլոիդոզն արտահայտվում է նաև բրոնխիալ ասթմայի և թոքաբորբի ախտանշաններով: Առաջնային մաշկային ախտանշանները կապված են թրթուրների ներթափանցման հետ: Առավել հաճախ ախտահարվում է ոտքերի մաշկը, բայց ցանի առաջացումը հնարավոր է ամենուր, որտեղ մաշկը շփվել է հողի հետ: Ցանը բշտիկավոր է, վարդագույն կամ կարմիր, մաշկի մակերեսի վրա օվալաձև բարձրացած: Ձևը փոփոխվում է, ընթանում է քորով, «սողացող» 5 - 15 սմ/ժամում, որի հետևանքով առաջանում է գծային ցան (larva currens): Ցանը պահպանվում է մի քանի ժամից մի քանի օր, հետո անհետանում է, բայց կարող է կրկին ի հայտ գալ ալերգիկ ցանի տեսքով, որպես պատասխան ինքնավարակմանը, նոր սերնդի թրթուրների ներթափանցման ժամանակ: Նյարդային համակարգի ախտահարման դեպքում նկարագրվում են գլխացավեր, ծոծրակային մկանների կարկամություն, մենինգիտի նշաններ, ծանր դեպքերում` կոմատոզ վիճակներ: Մակաբույծների տարածումը ամբողջ օրգանիզմով (տարածված ձև) կարող է առաջացնել լյարդի, երիկամների, սրտի, որովայնամզի, լիմֆատիկ հանգույցների, ենթաստամոքսային գեղձի, վահանաձև գեղձի, շագանակագեղձի, ձվարանների ախտահարումներ: Գրանցվում են Ստրոնգիլոիդես ստերկորալիսով (Strongiloides stercoralis) հարուցված որդանման ելուստի բորբոքումներ և ձվարանի էոզինոֆիլ բորբոքման դեպքեր:

48. Ախտորոշման լաբորատոր չափանիշն է` հիվանդի կղանքում ստրոնգիլոիդեսի թրթուրների հայտնաբերումը մանրադիտակային հետազոտության ընթացքում: Ձվիկները կղանքում հայտնաբերվում են հազվադեպ: Կասկածելի դեպքի լաբորատոր հաստատման համար իրականացվում է Բերմանի մասնահատուկ մեթոդով կղանքի մակաբուծաբանական հետազոտություն (ոսկե ստանդարտ): Այլ մեթոդներից կիրառելի են` թրթուրների աճեցման Խարադա-Մորիի մեթոդը, շճաբանական հետազոտություններից` ԻՖԱ մեթոդը:

49. Անկիլոստոմիդոզներ (B 76). Հիվանդությունը հարուցվում է Ancilostomus duodenale (Անկիլոստոմուս դուոդենալեի) կամ Necatorus americanus (Անկիլոստոմուս ամերիկանուս) կլոր որդերով, որոնք միացվել են համաճարակաբանական և կլինիկական ախտանշանների համանմանությամբ: Անկիլոստոմիդոզի դեպքի դասակարգումն է.

1) Կասկածելի  Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հավանական  Կասկածելի դեպք

      Գումարած     համաճարակաբանական կապ` առկա է անկիլոստոմատոզի հաստատված

                   դեպքի հետ շփումը և/կամ բարձր էնդեմիկությամբ տարածքում

                   գտնվելը: Վարակի տարածման ռիսկի խմբերում են ստորգետնյա

                   աշխատանքներ իրականացնողները (հանքափորներ,

                   գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնողներ, երեխաներ):

3) Հաստատված   Կասկածելի կամ հավանական դեպք` հաստատված

լաբորատոր/գործիքային մեթոդով:

50. Անկիլոստոմիդոզի դեպքի ստանդարտ սահմանում. Կլինիկական նկարագիր` Հիվանդությանը բնորոշ են քրոնիկ ընթացքը, բարակ աղիների ախտահարումը, երկաթդեֆիցիտային սակավարյունության զարգացումը: Տարբերում են հիվանդության 3 փուլ` վարակման, միգրացիայի, աղիքային.

1) Վարակման փուլում` մաշկի միջոցով վարակվելուց մի քանի օր հետո մաշկի վրա որդի ներթափանցման տեղում առաջանում է էրիթեմատոզ ցան, քոր, տեղային այտուց, այրոցի զգացում, որն անցնում է 2 շաբաթ հետո:

2) Միգրացիայի փուլում` ի պատասխան անկիլոստոմիդների կենսունակության արգասիքների, օրգանիզմում զարգանում են ալերգիկ ռեակցիաներ: Թոքի և շնչուղիների հյուսվածքի կապիլյարների ախտահարման արդյունքում առաջանում է թոքաբորբ, բրոնխիտ, տրախեիտ, լարինգիտ: Հիվանդները գանգատվում են հազից, հևոցից, սուբֆեբրիլ ջերմությունից:

3) Երրորդ (աղիքային) փուլը զարգանում է վարակվելուց 30-60 օր հետո: Այս փուլը ունի երկարատև քրոնիկ ընթացք և պայմանավորված է բարակ աղիքներում անկիլոստոմիդների կենսունակությամբ: Որդերի ամրացման տեղում` աղիքների պատի վրա առաջանում են էրոզիաներ, արյունահոսող խոցեր, որոնք բերում են երկաթդեֆիցիտային սակավարյունության: Լինելով հեմատոֆագ (սնվելով արյամբ)` որդերը նպաստում են սակավարյունության զարգացմանը: Առկա են դուոդենիտի երևույթներ` ախորժակի անկում, համի զգացողության խանգարում, սրտխառնոց, ստամոքսի շրջանի ցավեր, դիարեա կամ փորկապություն: Երկարատև դեպքերում նկարագրվում է քաշի կորուստ, ֆիզիկական և մտավոր զարգացման խանգարումներ: Հիվանդների մոտ նկարագրվում են գրգռվածություն, քնի խանգարում, գլխապտույտ, կանանց մոտ` առաջանում է դաշտանային ցիկլի խանգարում, անպտղություն: Տղամարդկանց մոտ զարգանում է իմպոտենցիա:

51. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ են. Անկիլոստոմիդոզի լաբորատոր հաստատման համար իրականացվում է կղանքի հետազոտություն որդերի ձվիկների վերաբերյալ կամ տասներկումատնյա աղիքի պարունակության հետազոտություն` զոնդավորման ժամանակ: Քանի որ անկիլոստոմիդների ձվիկները կառուցվածքով չեն տարբերվում, անկիլոստոմիդների տեսակը որոշելու համար կիրառում են Խարադա - Մորիի հետազոտման եղանակը, որը հիմնված է ձվիկից թրթուրի աճեցման վրա: Որպես լրացուցիչ մեթոդներ կիրառվում են նաև ախտորոշիչ շճաբանական (հեմագլյուտինացիայի և լատեքս-ագլյուտինացիայի) հետազոտություններ:

 

XI. ԲԻՈՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

52. Էխինակոկոզ (B 67) հիվանդությունը հարուցվում է Echinococcus granulosus (Էխինակոկուս գրանուլոզուս` բշտային էխինակոկոզ) կամ Echinococcus multilocularis (Էխինակոկուս մուլիլոկուլարիս` ալվեոկոկոզ) տափակ որդերով, հիվանդությունները միացվել են համաճարակաբանական և կլինիկական ախտանշանների համանմանությամբ: Էխինակոկոզի դեպքի դասակարգումն է.

1) Կասկածելի Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հավանական Կասկածելի դեպք

      Գումարած    համաճարակաբանական կապ` բարձր էնդեմիկությամբ տարածքում

                  գտնվելը, շնազգիների հետ շփումը, աշխատանքը (ասենիզացիայի,

                  ոռոգման դաշտերի վրա աշխատանքներ), մասնակցությունը

                  անասնապահական աշխատանքներին, բնակավայրում սանիտարիայի

                  ցածր մակարդակը, վատ սովորությունների առկայությունը

                  (մասնավորապես երեխաների մոտ` գեոֆագիան)

3) Հաստատված  Կասկածելի կամ հավանական դեպք` հաստատված

լաբորատոր/գործիքային մեթոդով:

53. Էխինակոկոզի դեպքի ստանդարտ սահմանում. Կլինիկական նկարագիր` հիվանդությունը զարգանում է տարիների ընթացքում դանդաղ, շատ անգամ առանց ախտանշանների: Հիվանդության կլինիկական պատկերը պայմանավորվում է էխինակոկային բշտի չափերով և տեղակայումով; Առավել հաճախ հանդիպում է լյարդի և թոքի էխինակոկոզը: Լյարդի էխինակոկոզը արտահայտվում է ընդհանուր երևույթներով` ախորժակի անկում, աշխատունակության կորուստ, քաշի կորուստ, գլխացավեր, հևոց, սրտխփոց, ծանրություն ստամոքսի շրջանում: Նկարագրվում են նաև սրտխառնոց, փսխում և դիարեա: Առանձին դեպքերում լինում է ջերմաստիճանի բարձրացում և եղնջացան: Զարգանում է լյարդի ախտահարման պատկեր` ծանրություն, ճնշում, ցավեր աջ զստափոսում, լյարդի մեծացում (հիվանդության ուշացած փուլերում բուշտը կարող է հասնել մեծ չափսերի), լյարդը կարծրանում է, ցավոտ է զննման ժամանակ: Հաճախ շոշափվում է զանգակաձև ուռածություն, իսկ բշտի մակերեսային տեղակայման դեպքում առկա է պերկուտոր ձայնի խլացում` աջ թոքի ներքին եզրի շրջանում: Եզակի դեպքերում հնարավոր են մաշկի դեղնություն: Թոքերի էխինակոկոզը արտահայտվում է հազով, փրփուրանման խորխով, հաճախ` արյան հետքերով: Բշտի զարգացման հետ մեկտեղ, երբ ճնշվում է թոքերի հյուսվածքը, բրոնխները, անոթները, զարգանում է հևոց, առաջ են գալիս ցավեր կրծքավանդակում, թաց և չոր խզոցներ` թոքերում: Էխինակոկոզի բշտի այլ տեղակայումների ժամանակ, բշտի մեծությունից կախված, նկարագրվում են ախտահարված հյուսվածքին բնորոշ խանգարումներ:

54. Ալվեոկոկոզի դեպքում կլինիկական նկարագրում առկա է մինչկլինիկական չբարդացած շրջան (բութ, ձգող, հազվադեպ` նոպայաձև ցավեր աջ թուլակողում կամ էպիգաստրալ շրջանում): Հնարավոր է շոշափել մակաբուծային հանգույցը` Լյուբիմովի ախտանիշ` «քարե, երկաթե լյարդ»: Հիվանդության ախտանշանների արտահայտված փուլը պայմանավորված է մակաբուծային ախտահարման ծավալով, տեղակայումով և բարդությունների բնույթով (մակաբուծային հանգույցների քայքայում, սերտաճում հարևան օրգանների հետ, դեղնուկի զարգացում, ներաճում պորտալ անոթների մեջ` ստորին կամ վերին սիներակ, պորտալ կամ խոռոչային հիպերտենզիայի զարգացումով, մետաստազների առաջացում այլ հյուսվածքներում):

55. Լաբորատոր/գործիքային չափանիշներ` գործիքային հետազոտությամբ (ֆիզիկական, ճառագայթային մեթոդներով) էխինակոկային բշտի հայտնաբերում կամ շճաբանական հետազոտություններ (իմունաֆերմենտային (ԻՖԱ), լատեքս-ագլյուտինացիայի, այլ), որոնք լրացուցիչ դեր են խաղում: Բիոպսիայի մեթոդը կիրառվում է ուռուցքներից և թարախաբորբերից (աբսցեսս) էխինակոկոզի տարբերակիչ ախտորոշման համար:

56. Տենիարինխոզի (B 68.1) դեպքի դասակարգումն է.

1) Կասկածելի Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հաստատված Կասկածելի դեպք` հաստատված լաբորատոր մեթոդով:

57. Տենիարինխոզի դեպքի ստանդարտ սահմանում. Կլինիկական նկարագիր` հիվանդության համար բնորոշ են ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներ և հետանցքից որդի հատվածների ինքնուրույն արտազատում: Աղիներում որդն իր ծծիչներով ախտահարում է լորձաթաղանթը, նրա տեղափոխումն առաջացնում է ցավի զգացողություն, կարող է առաջացնել աղիների անանցանելիություն: Հիվանդությունը հաճախ ընթանում է առանց արտահայտված ախտանշանների, ժամանակ առ ժամանակ նկատելի թուլությամբ, ցավերով որովայնի շրջանում, գլխապտույտով: Մշտական ախտանշաններն են` հելմինթի հատվածների արտազատումն ինքնուրույն կամ կղանքի հետ: Հիվանդությունը կարող է տևել տասնյակ տարիներ:

58. Ախտորոշման լաբորատոր չափանիշները` հարհետանցքային (պերիանալ) քերուկի հետազոտությունների միջոցով կամ հիվանդի կղանքում տավարի երիզորդի ձվիկների հայտնաբերումը մանրադիտակային հետազոտության արդյունքում բավական չէ վերջնական ախտորոշման համար, քանի որ տավարի և խոզի երիզորդների ձվիկները չեն տարբերվում: Կասկածելի դեպքի հաստատման համար իրականացվում է արտազատված հատվածի մակրոսկոպիկ լաբորատոր հետազոտություն: Հասուն որդերի հայտնաբերումը ռեկտրոմանոսկոպիայի ժամանակ նույնպես հաստատում է տենիարինխոզի դեպքը:

59. Տենիոզի (B 68) դեպքի դասակարգումն է.

1) Կասկածելի Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հաստատված Կասկածելի դեպք` հաստատված լաբորատոր մեթոդով:

60. Տենիոզի դեպքի ստանդարտ սահմանում. Կլինիկական նկարագիրը պայմանավորված է ցեստոդի ծծիչներով և կեռիկներով աղիքներում լորձաթաղանթի ախտահարումով, տիրոջ օրգանիզմի ալերգիզացիայով և սննդանյութերի փոխանակման խանգարումներով: Ցեստոդի հատվածների տեղափոխումը հակառակ ուղղությամբ` աղիքներից դեպի ստամոքս կամ ձվիկների կլանումը բերանով առաջացնում են ցիստիցերկոզ` խոզի երիզորդի թրթուրային փուլում մակաբուծումը տարբեր հյուսվածքներում: Եթե տենիոզի համար բնորոշ են թուլությունը, սրտխառնոցը, ցավերը որովայնի շրջանում, դիարեան, ապա ցիստիցերկոզի կլինիկական նկարագիրը պայմանավորված է մարդու օրգանիզմում օջախի տեղակայումով: Առավել վտանգավոր են ցիստիցերկերի տեղակայումը ուղեղի հյուսվածքում կամ աչքերում:

61. Ախտորոշման լաբորատոր չափանիշները` հիվանդի կղանքում խոզի երիզորդի ձվիկների հայտնաբերումը մանրադիտակային հետազոտության արդյունքում բավական չէ վերջնական ախտորոշման համար, քանի որ տավարի և խոզի երիզորդների ձվիկները չեն տարբերվում: Կասկածելի դեպքի հաստատման համար իրականացվում է արտազատված հատվածի մակրոսկոպիկ լաբորատոր հետազոտություն: Հասուն որդերի հայտնաբերումը ռեկտրոմանոսկոպիայի ժամանակ նույնպես հաստատում է տենիոզի դեպքը: Ցիստիցերկոզի ժամանակ ախտորոշման մեջ կարևորվում են գործիքային (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա) և լաբորատոր շճաբանական հետազոտությունները: Դրանցից ներկայում առավել ճանաչում է գտել իմունաֆերմենտային (ԻՖԱ) եղանակը, որը թույլ է տալիս արյան մեջ հայտնաբերել մասնահատուկ IgG (Իմունագլոբուլին Ջի) հակամարմիններ Taenia Solium-ի (Տենիա Սոլիում) հակածնի նկատմամբ:

62. Դիֆիլոբոթրիոզի (B 70) դեպքի դասակարգում

1) Կասկածելի Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հաստատված Կասկածելի դեպք` հաստատված լաբորատոր մեթոդով:

63. Դիֆիլոբոթրիոզի դեպքի ստանդարտ սահմանում. Կլինիկական նկարագիրը պայմանավորված է բավարար թերմիկ մշակում չանցած, հում ձկնեղեն կամ խավիար օգտագործելուց հետո ցեստոդի կողմից մարդու աղիքների մեխանիկական ներգործությամբ, ալերգիզացիայով, էնդոգեն B12 և ֆոլաթթվի հիպո կամ ավիտամինոզով, որի արդյունքում զարգանում է մեգալոբլաստիկ սակավարյունություն: Հիվանդության ինկուբացիոն շրջանը 20-60 օր է, հիվանդությունը հաճախ ընթանում է կամ առանց ախտանշանների կամ թույլ արտահայտված կլինիկական ախտանշաններով` թուլություն, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, անկանոն դիարեա, սրտխառնոց, փսխում: Սակավարյունությունը զարգանում է վարակվածների 2%-ի մոտ:

64. Ախտորոշման լաբորատոր չափանիշները` հիվանդի կղանքում լայն երիզորդի ձվիկների հայտնաբերում մանրադիտակային հետազոտության արդյունքում, ինչպես նաև արտազատված հատվածի մակրոսկոպիկ հետազոտություն: Հասուն որդերի հայտնաբերումը ռեկտրոմանոսկոպիայի ժամանակ նույնպես հաստատում է դիֆիլոբոթրիոզի դեպքը:

 

XII. ՀՊԱՎԱՐԱՆՑԻԿ ՀԵԼՄԻՆԹՈԶԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԱՀՄԱՆՈՒՄ

 

65. Էնտերոբիոզի (B 80) դեպքի դասակարգումն է.

1) Կասկածելի Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հաստատված Կասկածելի դեպք` հաստատված լաբորատոր մեթոդով:

66. Էնտերոբիոզի դեպքի ստանդարտ սահմանում. Կլինիկական նկարագիր` հիվանդության կլինիկական դրսևորումները պայմանավորված են վարակի ինտենսիվությունից (մակաբուծային ծանրաբեռնվածություն), իսկ ազդեցությունը օրգանիզմի վրա բնորոշվում է մեխանիկական, տոքսիկ-ալերգիկ, նյարդային համակարգի վրա ներգործությամբ: Հիվանդության գաղտնի շրջանը 14 - 15 օր է, որից հետո ի հայտ է գալիս քոր հետանցքի շրջանում, որն ուժեղանում է գիշերային ժամերին: Վարակի բարձր ինտենսիվության դեպքում կարող են ի հայտ գալ գերգրգռվածություն, ցավեր որովայնի շրջանում, փքվածություն, սրտխառնոց, դիարեա: Էնտերոբիոզի ամենատարածված բարդություններից է վուլվովագինիտը, որն առաջանում է, երբ որդը ներթափանցում է հեշտոց, առաջացնում բորբոքային երևույթներ: Աղջիկների մոտ սրատուտի միգրացիան հաճախ պատճառ է դառնում նաև էնդոմետրիտի, միզուղիների բորբոքման, որովայնի խոռոչում գրանուլոմատոզ գոյացությունների առաջացմանը: Էնտերոբիոզին բնորոշ է պարբերաբար կրկնվող ինքնավարակումը, որը հանգեցնում է հիվանդության երկարատև ընթացքի:

67. Ախտորոշման լաբորատոր չափանիշները` սրատուտի ձվիկների հայտնաբերում հարհետանցքային (պերիանալ) քերուկի, կպչուն ժապավենի կամ հետանցքում դրված բամբակի խծուծի հետազոտությունների միջոցով: Որոշ դեպքերում սրատուտի ձվիկները կարող են հայտնաբերվել նաև կղանքի կամ մեզի հետազոտության ժամանակ:

68. Հիմենոլեպիդոզի (B 71) դեպքի դասակարգումն է.

1) Կասկածելի Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հաստատված Կասկածելի դեպք` հաստատված լաբորատոր մեթոդով:

69. Հիմենոլեպիդոզի դեպքի ստանդարտ սահմանում. Կլինիկական նկարագիր` հիվանդության զարգացումը կախված է վարակի ինտենսիվությունից (մակաբուծային ծանրաբեռնվածություն), իսկ ազդեցությունը օրգանիզմի վրա բնորոշվում է մեխանիկական, տոքսիկ-ալերգիկ, նյարդային համակարգի վրա ազդեցությամբ: Ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներից բացի (ախորժակի անկում, որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց) հիմենոլեպիդոզի դեպքում զարգանում են երևույթներ նյարդային համակարգի կողմից` ընդհանուր թուլություն, գլխացավեր, քնի խանգարումներ, հազվադեպ` ուշագնացություն, մկանային կծկումներ, էպիլեպտոիդ նոպաներ, ալերգիկ երևույթներ: Հնարավոր է սակավարյունության, հիպովիտամինոզի զարգացում: Բնորոշ է արյան շիճուկում տրանսամինազների ակտիվության բարձրացումը, որը վկայում է լյարդի ֆունկցիայի խանգարման մասին: Նկարագրում են նաև զարկերակային ճնշման (հատկապես սիստոլիկ) իջեցում: Կարող են գրանցվել էլեկտրասրտագրության (ԷՍԳ) փոփոխություններ, դիստրոֆիկ երևույթներ: Հիմենոլեպիդոզի բարդություններն են ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության սրացումը, մեզենտերիալ լիմֆադենիտը: Հիվանդությանը բնորոշ է պարբերաբար կրկնվող ինքնավարակում, որը հանգեցնում է հիվանդության երկարատև ընթացքի:

70. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ են. հիվանդի կղանքում կամ հարհետանցքային (պերիանալ) քերուկում թզուկ երիզորդի ձվիկների հայտնաբերում` մանրադիտակային հետազոտությամբ կամ հասուն որդերի հայտնաբերումը ռեկտրոմանոսկոպիայի ժամանակ: Կասկածելի դեպքի լաբորատոր հաստատման համար իրականացվում է Կատոյի հաստ քսուքի կամ հարստացման (Ֆյուլեբորնի, Քալանթարյանի, այլ) մեթոդով կղանքի մակաբուծաբանական հետազոտություն:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
10.11.2017
N 51-Ն
Հրաման