ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 2021 թվականի N 1926-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգը հաստատելու մասին» N 1366-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման նախաբանում ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության զորքերի զինծառայողների) պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու ընթացակարգը կանոնակարգելու համար» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով`» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում ոստիկանության ծառայության պաշտոններում նշանակված ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենքը հատկացվում է առանց սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ստուգարքը հանձնելու, եթե կրթական ծրագրի շրջանակներում ծառայողները հաջողությամբ ավարտել են համարժեք կրակային պատրաստության դասընթացը:».
3) որոշմամբ հաստատված հավելվածի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. նոյեմբերի 25
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 նոյեմբերի 2021 թվական: