29.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12 հունիսի 2020 թվական թիվ 91-Ն 12 հունիսի 2020 թվական թիվ 04-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասը, 25-րդ հոդվածի 2.1-րդ մասը, 26.1-րդ հոդվածի 7-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում են.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող, բարեվարքության ուսումնասիրություն (այդ թվում` ընթացիկ ուսումնասիրություն) անցնող անձանց վերաբերյալ փոխանակվող տեղեկությունների ձևաչափը` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):
(2-րդ կետը փոփ. 18.11.2025 թիվ 205-Ն և 31.11.2025 թիվ 05-Ն համատեղ որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Ա. Ջավադյան
2020 թ. հունիսի 12
Երևան
Կոռուպցիայի կանխարգելման
հանձնաժողովի նախագահ Հ. Հարությունյան
2020 թ. հունիսի 12
Երևան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2020 թվականի հունիսի 12-ի
թիվ 91-Ն որոշմամբ
Հաստատված է
Կոռուպցիայի կանխարգելման
հանձնաժողովի
2020 թվականի հունիսի 12-ի
թիվ 04-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ նաև` Բանկ) կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով (այսուհետ նաև` Օրենք) և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով (այսուհետ` Սահմանադրական օրենք) սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց (այսուհետ նաև` Հայտարարատու), բարեվարքության ուսումնասիրություն անցնող անձանց (այսուհետ նաև` Թեկնածու) և բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձանց, նրանց ընտանիքի անդամների և տարեկան հաշվետվություն ներկայացնելու պարտականություն ունեցող կուսակցության (այսուհետ նաև` Կուսակցություն) վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը:
2. Օրենքով սահմանված տեղեկությունները փոխանցվում են Հավելված 2-ով և Հավելված 3-ով սահմանված` Էքսել (excel) ձևաչափերին (այսուհետ նաև` Ձևաչափ) համապատասխան:
3. Հանձնաժողովը Հայտարարատուի, Թեկնածուի, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձի (այդ թվում` նրանց ընտանիքի անդամների) կամ Կուսակցության վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու համար լրացնում է Հավելված 2-ի կամ Հավելված 3-ի` Հայտարարատուի, Թեկնածուի, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձի (այդ թվում` նրանց ընտանիքի անդամների) անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար, անձնագրային տվյալներ), վերաբերելի ժամանակահատվածները և կոնկրետ ամսաթվերը, իսկ Կուսակցության դեպքում լրացնում է Կուսակցության անվանումը, ՀՎՀՀ-ն, գրանցման համարը: Լրացված Ձևաչափը Հանձնաժողովի նախագահի կողմից տրված լիազորագրի հիման վրա հանդես եկող անձը (այսուհետ նաև` Լիազոր անձ) Սի Բի Էյ Նեթ (CBANet) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով ուղարկում է Բանկի պատասխանատու անձի Սի Բի Էյ Նեթ (CBANet) էլեկտրոնային հասցեին (այսուհետ նաև` էլեկտրոնային հասցե)` «Բանկային գաղտնիք» նշագրմամբ: Բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու նպատակով Ձևաչափում պարտադիր նշում է կատարվում հարցման նպատակի վերաբերյալ (բարեվարքության ուսումնասիրություն (այդ թվում նաև` բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն), հայտարարագրերի վերլուծություն, Կուսակցության տարեկան հաշվետվության ստուգում):
4. Բանկի պատասխանատու անձը Ձևաչափը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է լրացված դաշտերը: Հանձնաժողովի (Լիազոր անձի) կողմից լրացման ենթակա դաշտերը թերի կամ ոչ ամբողջական լրացված լինելու դեպքում Բանկի պատասխանատու անձը դրանք հայտնաբերելուց անմիջապես հետո հետ է ուղարկում Ձևաչափը` հաղորդագրության դաշտում նշելով թերությունների մասին:
5. Հանձնաժողովի Լիազոր անձը, ստանալով թերությունների մասին հաղորդագրությունը, դրանք շտկելուց հետո անմիջապես ուղարկում է Բանկի պատասխանատու անձի էլեկտրոնային հասցեին:
6. Բանկի պատասխանատու անձը, ստանալով ճշգրտված Ձևաչափը, անմիջապես նույն համակարգով ուղարկում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համապատասխան էլեկտրոնային հասցեներին:
7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, ստանալով Ձևաչափը, պարտավոր են 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ձևաչափով հայցվող տեղեկությունը` բացառությամբ սույն Կարգի 8-րդ կետով սահմանված անձանց վերաբերյալ հարցումների:
8. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը Թեկնածուի (այդ թվում` նրա ընտանիքի անդամների) վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու Ձևաչափը ստանալուց հետո պարտավոր են 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ձևաչափով հայցվող տեղեկությունը:
9. Այն դեպքերում, երբ սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետը բավարար չէ (տեղեկության ծավալները մեծ են կամ արխիվացված են և այլ) ներկայացնելու հայցվող տեղեկությունը` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկը Սի Բի Էյ Նեթ (CBANet) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում Բանկին` նշելով չտրամադրելու պատճառը: Բանկի պատասխանատու անձը, ստանալով հաղորդագրությունը, կարող է ժամկետը երկարաձգել ևս 5 աշխատանքային օրով` դրա մասին Սի Բի Էյ Նեթ (CBANet) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով էլեկտրոնային հաղորդագրությամբ ծանուցելով նաև Հանձնաժողովի Լիազոր անձին:
10. Այն դեպքում, երբ Ձևաչափում նշված ժամանակահատվածի համար հայցվող տեղեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվել է կամ չի պահպանվել` այն չի տրամադրվում` համապատասխան դաշտերում կատարելով «Առկա չէ» նշումը:
11. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի կողմից հայցվող տեղեկությունն ստանալուց հետո Բանկի պատասխանատու անձը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստացված տեղեկությունը էլեկտրոնային հաղորդագրությամբ ուղարկում է Հանձնաժողովի Լիազոր անձին:
12. Հանձնաժողովի Լիազոր անձը, ստանալով տեղեկությունը, հետադարձ հաղորդագրությամբ հավաստում է այն ստանալու փաստը:
13. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները սույն որոշմամբ սահմանված ժամկետներում չստանալու դեպքում Հանձնաժողովի Լիազոր անձը համապատասխան ժամկետը լրանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հաղորդագրությամբ բացակայող տեղեկությունների վերաբերյալ ծանուցում է ուղարկում Բանկի պատասխանատու անձին:
14. Բանկի պատասխանատու անձը ծանուցումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է բացակայող տեղեկությունների փոխանցումը Հանձնաժողովին:
15. Հանձնաժողովը Հայտարարատուի կամ Կուսակցության վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու նպատակով հայտարարագրման ենթակա միևնույն ժամանակահատվածի համար կարող է կատարել միայն մեկ հարցում` բացառությամբ այն դեպքերի, երբ.
1) Հայտարարատուի կողմից ներկայացված հայտարարագրի և Ձևաչափով ներկայացված տեղեկությունների միջև առկա է առերևույթ անհամապատասխանություն` Հանձնաժողովը կարող է կրկին հարցում կատարել միայն անհամապատասխանության մասով,
2) Հանձնաժողովի կողմից Ձևաչափով սահմանված տեղեկությունը ստանալուց հետո պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից օրենքով սահմանված կարգով ստացված տեղեկություններն առերևույթ չեն համապատասխանում Ձևաչափով ներկայացված տեղեկությանը` Հանձնաժողովը կարող է կրկին հարցում կատարել միայն անհամապատասխանության մասով,
3) Հայտարարատուն Օրենքով սահմանված կարգով միևնույն տարվա ընթացքում ներկայացնում է մեկից ավելի հայտարարագիր` Հանձնաժողովն իրավասու է կատարել հայտարարագրերի թվին համապատասխան քանակով հարցումներ,
4) Բարեվարքության ուսումնասիրություն (այդ թվում` բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն) անցնող անձանց վերաբերյալ Հանձնաժողովն իրավասու է կատարել ուսումնասիրություն անցնելու քանակին համապատասխան թվով հարցումներ: Այն դեպքում, երբ Թեկնածուն դառնում է Հայտարարատու` Հանձնաժողովը կարող է հարցում կատարել նաև որպես Հայտարարատու` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան,
5) Օրենքով սահմանված դեպքերում Հանձնաժողովի կողմից իրականացվող լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում առաջացել է հիմնավոր կասկած տեղեկությունների անարժանահավատության վերաբերյալ: Սույն կետի հիմքով Հանձնաժողովը կրկին հարցում կատարելու համար պետք է Ձևաչափի հետ ներկայացնի նաև գրավոր հիմնավորումներ` առաջացած կասկածների վերաբերյալ,
6) Կուսակցության կողմից ներկայացված Տարեկան հաշվետվության և Ձևաչափով ներկայացված տեղեկությունների միջև առկա է առերևույթ անհամապատասխանություն` Հանձնաժողովը կարող է կրկին հարցում կատարել միայն անհամապատասխանության մասով:
16. Հանձնաժողովը պարտավոր է սույն կարգով ստացված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պահպանել Հանձնաժողովում` այդ նպատակների համար առանձնացված, Բանկի կողմից ներկայացված պահանջներին բավարարող սերվերների վրա` պաշտպանված տիրույթում:
17. Հանձնաժողովն ստացված` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պահպանում է այն ստանալուց հետո` 5 տարի, որից հետո պետք է արխիվացնի կամ ոչնչացնի:
(1-ին հավելվածը խմբ. 18.11.2025 թիվ 205-Ն և 31.11.2025 թիվ 05-Ն համատեղ որոշում)
Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2020 թվականի հունիսի 12-ի
թիվ 91-Ն որոշմամբ
Հաստատված է
Կոռուպցիայի կանխարգելման
հանձնաժողովի
2020 թվականի հունիսի 12-ի
թիվ 04-Ն որոշմամբ
ՁԵՎԱՉԱՓ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ, ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԸՆԹԱՑԻԿ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ) ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ*
._____________________________________________________________________.
| |Անձնական տվյալներ` |Վերաբերելի ժամանակահատվածներ և |
| |Անուն, ազգանուն, հայրանուն,|կոնկրետ ամսաթվեր |
| |ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին| |
| |տեղեկանք, | |
| |Անձնագրի կամ նույնականացման| |
| |քարտի տվյալներ (առկայության| |
| |դեպքում` բոլոր անձնագրերի | |
| |տվյալները, այդ թվում` | |
| |վավերականության ժամկետն | |
| |ավարտված) | |
|___|___________________________|_____________________________________|
|___|___________________________|_____________________________________|
|Հ/հ|Տեղեկության անվանումը |Տեղեկության նկարագրությունը |
|___|___________________________|_____________________________________|
|1. |Պահատուփերի առկայություն |Այո կամ ոչ |
|2. |Հաշիվների առկայություն |Այո կամ ոչ |
|3. |Հաշվի (ների), այդ թվում` |Մնացորդի չափը` ըստ արժույթի |
| |ավանդի մնացորդ | |
|___|___________________________|_____________________________________|
|4. |Հայտարարագրման ենթակա |1) Անշարժ գույքի ձեռքբերման համար |
| |գործարքի վերաբերյալ |կատարված 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան |
| |տեղեկություն |համարժեք արտարժույթը* գերազանցող |
| | |(ներառյալ` 1,000,000 ՀՀ դրամը կամ |
| | |դրան համարժեք արտարժույթը) վճարումներ|
| | |(նույնականացվում է ըստ վճարման |
| | |նպատակի և ներկայացված |
| | |ժամանակաշրջանի) |
| | |2) Անշարժ գույքի օտարման դիմաց |
| | |ստացված 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան |
| | |համարժեք արտարժույթը գերազանցող |
| | |(ներառյալ` 1,000,000 ՀՀ դրամը կամ |
| | |դրան համարժեք արտարժույթը) վճարումներ|
| | |(նույնականացվում է ըստ վճարման |
| | |նպատակի և ներկայացված |
| | |ժամանակաշրջանի) |
| | |3) Տրանսպորտային միջոցի ձեռքբերման |
| | |համար կատարված 200,000 ՀՀ դրամը կամ |
| | |դրան համարժեք արտարժույթը գերազանցող |
| | |(ներառյալ` 200,000 ՀՀ դրամը կամ դրան |
| | |համարժեք արտարժույթը) վճարումներ |
| | |(նույնականացվում է ըստ վճարման |
| | |նպատակի և ներկայացված |
| | |ժամանակաշրջանի) |
| | |4) Տրանսպորտային միջոցի օտարման դիմաց|
| | |ստացված 200,000 ՀՀ դրամը կամ դրան |
| | |համարժեք արտարժույթը գերազանցող |
| | |(ներառյալ` 200,000 ՀՀ դրամը կամ դրան |
| | |համարժեք արտարժույթը) վճարումներ` |
| | |(նույնականացվում է ըստ վճարման |
| | |նպատակի և ներկայացված |
| | |ժամանակաշրջանի) |
| | |5) Ստացված և տրամադրված 200,000 ՀՀ |
| | |դրամը կամ դրան համարժեք արտարժույթը |
| | |գերազանցող (ներառյալ` 200,000 ՀՀ |
| | |դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) |
| | |փոխառություններ (նույնականացվում է |
| | |ըստ վճարման նպատակի և ներկայացված |
| | |ժամանակաշրջանի) |
| | |6) Ստացված 200,000 ՀՀ դրամը կամ դրան |
| | |համարժեք արտարժույթը գերազանցող |
| | |(ներառյալ` 200,000 ՀՀ դրամը կամ դրան |
| | |համարժեք արտարժույթը) շահաբաժիններ |
| | |(դիվիդենտներ) (նույնականացվում է ըստ |
| | |վճարման նպատակի և ըստ ներկայացված |
| | |ժամանակաշրջանի) |
| | |7) 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք|
| | |արտարժույթը գերազանցող (ներառյալ` |
| | |200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը) աշխատանքի վարձատրություն|
| | |կամ դրան հավասարեցված այլ վճարներ |
| | |(նույնականացվում է ըստ վճարման |
| | |նպատակի և ըստ ներկայացված |
| | |ժամանակաշրջանի) |
|___|___________________________|_____________________________________|
|5. |Պահանջվող ժամանակահատվածում|Մուտքերի ամբողջ (համախառն) չափը` ըստ |
| |հաշվի համախառն մուտքի ամփոփ|հաշիվների և արժույթների` պահանջվող |
| |տեղեկատվություն |ժամանակահատվածի համար |
|___|___________________________|_____________________________________|
|6. |Պահանջվող ժամանակահատվածում|Ելքերի ամբողջ (համախառն) չափը` ըստ |
| |հաշվի համախառն ելքի ամփոփ |հաշիվների և արժույթների` պահանջվող |
| |տեղեկատվություն |ժամանակահատվածի համար |
|___|___________________________|_____________________________________|
|6.1|Համախառն կանխիկ ելքեր |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը գերազանցող (ներառյալ` |
| | |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը) կանխիկ ելքերի ամբողջ |
| | |(համախառն) չափը` ըստ հաշիվների և |
| | |արժույթների` պահանջվող |
| | |ժամանակահատվածի համար |
|___|___________________________|_____________________________________|
|6.2|Համախառն կանխիկ մուտքեր |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը գերազանցող (ներառյալ` |
| | |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը) կանխիկ մուտքերի ամբողջ |
| | |(համախառն) չափն` ըստ հաշիվների և |
| | |արժույթների` պահանջվող |
| | |ժամանակահատվածի համար |
._____________________________________________________________________.
*Ձևաչափն ամբողջական ներկայացվելու դեպքում Բանկի կողմից տրամադրման են ենթակա ամբողջական տեղեկությունները: Բանկային գաղտնիք կազմող առանձին տեղեկություններ ստանալու համար Ձևաչափը ներկայացնելիս լրացվում են միայն այն դաշտերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ տեղեկություններ:
Տեղեկությունները ներկայացվում են ըստ բանկային հաշիվների և գործարքների արժույթների (արտարժույթով արտահայտված գործարքները, դրամական միջոցների, ավանդների մնացորդները, ինչպես նաև մուտքերի և ելքերի վերաբերելի տեղեկությունները ենթակա չեն փոխարկման Հայաստանի Հանրապետության դրամի):
Արտարժույթի հաշվարկը դրամի նկատմամբ կատարվում է տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված միջին փոխարժեքով:
(2-րդ հավելվածը խմբ. 18.11.2025 թիվ 205-Ն և 31.11.2025 թիվ 05-Ն համատեղ որոշում)
Հավելված 3
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2020 թվականի հունիսի 12-ի
թիվ 91-Ն որոշմամբ
Հաստատված է
Կոռուպցիայի կանխարգելման
հանձնաժողովի
2020 թվականի հունիսի 12-ի
թիվ 04-Ն որոշմամբ
ՁԵՎԱՉԱՓ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ` ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
| |Նույնականացման տվյալներ` |Վերաբերելի ժամանակահատվածներ և |
| |Անվանում, |կոնկրետ ամսաթվեր |
| |ՀՎՀՀ, | |
| |Գրանցման համար | |
|___|________________________________|________________________________|
|___|________________________________|________________________________|
|Հ/հ|Տեղեկության անվանումը |Տեղեկության նկարագրությունը |
|___|________________________________|________________________________|
|1. |Պահատուփերի առկայություն |Այո կամ ոչ |
|___|________________________________|________________________________|
|2. |Հաշիվների առկայություն |Այո կամ ոչ |
|___|________________________________|________________________________|
|3. |Հաշվի (ների), այդ թվում` ավանդի |Մնացորդի չափը` ըստ արժույթի |
| |մնացորդ | |
|___|________________________________|________________________________|
|4. |Պահանջվող ժամանակահատվածում |Մուտքերի ամբողջ (համախառն) չափը`|
| |հաշվի համախառն մուտքի ամփոփ |ըստ հաշիվների և արժույթների` |
| |տեղեկատվություն |պահանջվող ժամանակահատվածի համար |
|___|________________________________|________________________________|
|5. |Պահանջվող ժամանակահատվածում |Ելքերի ամբողջ (համախառն) չափը` |
| |հաշվի համախառն ելքի ամփոփ |ըստ հաշիվների և արժույթների` |
| |տեղեկատվություն |պահանջվող ժամանակահատվածի համար |
|___|________________________________|________________________________|
|6. |Համախառն կանխիկ ելքեր |կանխիկ ելքերի ամբողջ (համախառն) |
| | |չափը` ըստ հաշիվների և |
| | |արժույթների` պահանջվող |
| | |ժամանակահատվածի համար |
|___|________________________________|________________________________|
|7. |Համախառն կանխիկ մուտքեր |կանխիկ մուտքերի ամբողջ |
| | |(համախառն) չափն` ըստ հաշիվների |
| | |և արժույթների` պահանջվող |
| | |ժամանակահատվածի համար |
._____________________________________________________________________.
*Ձևաչափն ամբողջական ներկայացվելու դեպքում Բանկի կողմից տրամադրման են ենթակա ամբողջական տեղեկությունները: Բանկային գաղտնիք կազմող առանձին տեղեկություններ ստանալու համար Ձևաչափը ներկայացնելիս լրացվում են միայն այն դաշտերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ տեղեկություններ:
Տեղեկությունները ներկայացվում են ըստ բանկային հաշիվների և գործարքների արժույթների (արտարժույթով արտահայտված գործարքները, դրամական միջոցների, ավանդների մնացորդները, ինչպես նաև մուտքերի և ելքերի վերաբերելի տեղեկությունները ենթակա չեն փոխարկման Հայաստանի Հանրապետության դրամի):
Արտարժույթի հաշվարկը դրամի նկատմամբ կատարվում է տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված միջին փոխարժեքով:
(3-րդ հավելվածը լրաց. 18.11.2025 թիվ 205-Ն և 31.11.2025 թիվ 05-Ն համատեղ որոշում)