ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 նոյեմբերի 2022 թվականի N 1711-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 948-Ա որոշման հավելվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. նոյեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 10-ի
N 1711-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ծրագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման (այսուհետ` փոխհատուցում) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով` 6 ամիս ժամկետով: Նշված ժամկետով աջակցության տրամադրման նպատակն է հնարավորություն տալ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց 6 ամսվա ընթացքում սովորելու լեզուն, լուծելու իրենց զբաղվածության հարցերը` այդ ժամկետը լրանալուց հետո կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու նպատակով:
3. Փոխհատուցման տրամադրման շահառուների ընտրության հայտանիշներն են.
i
1) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված լինելը.
2) ընտանիքի անդամներից առնվազն մեկի ինքնասպասարկման ունակություն ունենալը.
3) սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունենալը և վերջին տասը տարում ՀՀ-ում բնակելի տարածություն օտարած չլինելը.
4) ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելը և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիք հանդիսանալը.
5) ստանալու պահին կացարանով ապահովման որևէ պետական ծրագրում, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից կացարանով ապահովման որևէ ծրագրում ընդգրկված չլինելը:
(3-րդ կետը փոփ. 09.01.2025 թիվ 27-Ն որոշում)
2. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
i
4. Փոխհատուցում ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձը, իսկ ընտանիքի առկայության դեպքում` ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ` ծառայություն) է ներկայացնում դիմում` համաձայն N 1 ձևի: Դիմումին կից ներկայացվում են նաև ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը: Ծառայությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն` դիմողի` Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված լինելու փաստը պարզելու նպատակով:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հարցմանը պատասխանում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(4-րդ կետը փոփ. 26.10.2023 թիվ 1831-Ն որոշում)
i
5. Ծառայությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու հաջորդ օրը պարզում է դիմողի` ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու կամ ընտանիքի անապահովության գնահատման կարգը և պայմանները հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն` անապահովության աստիճանի ու ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված լինելու փաստը: Եթե դիմողն առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված կամ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հատուկ կարիք ունեցող անձ է, ծառայությունը նույն ժամկետում պարզում է նաև դիմումատուի` հատուկ հաստատությունում տեղավորված լինելու փաստը:
(5-րդ կետը փոփ. 26.10.2023 թիվ 1831-Ն, 09.01.2025 թիվ 27-Ն որոշումներ)
6. Ծառայությունը դիմումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում նաև Կադաստրի կոմիտե` դիմողի և նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, ինչպես նաև վերջին տասը տարում ՀՀ-ում բնակելի տարածության օտարման մասին տվյալներ ստանալու նպատակով: Միաժամանակ հարցում է ուղարկվում Հայաստանում տվյալ ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպություններին` իրենց կողմից վարվող ծրագրերի շրջանակներում դիմողին բնակարան վարձակալելու նպատակով փոխհատուցման տրամադրման կամ այլ կացարանով ապահովման փաստը պարզելու նպատակով: Նշված կազմակերպությունները հարցումն ստանալուց հետո պատասխանում են յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
(6-րդ կետը փոփ. 26.10.2023 թիվ 1831-Ն որոշում)
7. Կադաստրի կոմիտեն հարցումն ստանալուց հետո պատասխանում է յոթ աշխատանքային օրվա ընթացքում` բացի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերից:
8. Դիմումը ենթակա չէ բավարարման եթե`
1) դիմողը հրաժարվել է տեղավորվել սոցիալական տներում.
2) դիմողը որպես առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված կամ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հատուկ կարիք ունեցող` իրավասու մարմինների կողմից տեղավորվել է այնպիսի հաստատությունում, որտեղ ապահովվում են նրա կենսաապահովման հիմնական կարիքները.
3) դիմելու պահին դիմողը Հայաստանում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից բնակարան վարձակալելու նպատակով փոխհատուցում է ստացել կամ տեղավորվել է կացարանում.
4) դիմողը տեղավորվել է սոցիալական տներում.
5) դիմողի տվյալները չեն բավարարում սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված շահառուների ընտրության հայտանիշներին.
6) դիմողն արդեն մեկ անգամ օգտվել է սույն ծրագրից.
7) դիմողի ինքնասպասարկման ունակության հետ կապված խնդիրներ ունենալու վերաբերյալ առկա են ապաստանի ընթացակարգի ժամանակահատվածում հոգեբանի/հոգեբույժի կողմից տրված եզրակացություն կամ դիմողի` ինքնասպասարկման ունակություն չունենալը հաստատող փաստաթղթեր:
9. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով յուրաքանչյուր դիմողի համար ծառայությունում բացվում է անձնական գործ:
3. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ
10. Դիմումն ընդունելիս` ծառայության աշխատակիցը դիմողին բանավոր ծանոթացնում է փոխհատուցման ընթացակարգին` միաժամանակ նրան տրամադրելով գրավոր տեղեկատվություն, որում համառոտ ներկայացված են ծրագրին մասնակցելու պայմանները և փոխհատուցումը դադարեցնելու հիմքերը:
11. Փոխհատուցում ստանալու վերաբերյալ դիմումը և դրան կցված փաստաթղթերը սույն հավելվածի 6-րդ կետում նշված հարցումների պատասխանները ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են ծառայության պետին:
12. Ծառայության պետը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում` դիմողին փոխհատուցում տրամադրելու կամ փոխհատուցման տրամադրումը մերժելու մասին:
13. Փոխհատուցում տրամադրելու կամ փոխհատուցման տրամադրումը մերժելու մասին որոշման մասին ծառայությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմողին` մերժման դեպքում նշելով մերժելու պատճառը և որոշումը բողոքարկելու կարգը:
14. Յուրաքանչյուր դիմումատուին տրամադրվող փոխհատուցման չափը կազմում է ամսական 60,000 ՀՀ դրամ: Փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքին` անկախ ընտանիքի անդամների թվից:
15. Փոխհատուցումը տրամադրվում է բանկային փոխանցումով` դիմողի կողմից ներկայացված հաշվեհամարին: Փոխհատուցումը չի կարող տրամադրվել դիմողի ներկայացուցչին` բացառությամբ օրենքով սահմանված կարգով խնամակալության ներքո գտնվող անձի խնամակալի:
16. Փոխհատուցումը տրամադրվում է 6 ամիս ժամկետով` փոխհատուցումը տրամադրելու մասին ծառայության որոշման ընդունմանը հաջորդող օրվանից սկսած:
4. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
17. Փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է եթե`
1) դադարեցվել է դիմողի փախստականի կարգավիճակը` «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված հիմքերով.
2) դիմողը օգտագործել է փոխհատուցումը ոչ նպատակային.
3) դիմողը մեկնել է Հայաստանի Հանրապետությունից.
4) դիմողն ընդգրկվել է կացարանով ապահովման որևէ պետական կամ միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրում.
5) դիմողի կողմից սեփականության իրավունքով ձեռք է բերվել բնակելի տարածություն:
18. Փոխհատուցման տրամադրումը դադարեցնելու մասին ծառայությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմողին:
5. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
19. Փոխհատուցման ստանալու մասին դիմումները, ըստ դրանք ներկայացնելու ժամկետների, ծառայության կողմից գրանցվում են փոխհատուցում ստանալու համար դիմողների գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան):
20. Գրանցամատյանում նշվում են դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած լինելը հավաստող փաստաթղթի համարը, փոխհատուցման ստացման դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, փոխհատուցման տրամադրման մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
21. Յուրաքանչյուր տարվա վերջում գրանցամատյանը կարվում է, կնքվում ծառայության աշխատակազմի կլոր կնիքով և պահվում ծառայությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում:
6. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
22. Դիմողը փոխհատուցման տրամադրման մասին որոշումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանը տրամադրում է բնակարանի վարձակալության վերաբերյալ պայմանագրի պատճենը (առկայության դեպքում), կամ հայտնում է վարձակալած բնակարանի հասցեն և բնակարանի սեփականատիրոջ կոնտակտային տվյալները: Վարձակալած բնակարանի փոփոխության դեպքում դիմողը պարտավոր է նույն տեղեկությունները յոթ աշխատանքային օրվա ընթացքում հայտնել ծառայությանը: Նշված տեղեկատվության հետ միասին դիմողը ծառայություն է ներկայացնում իր բանկային հաշվեհամարի վավերապայմանները, որին կատարվելու են փոխանցումները:
23. Փոխհատուցման նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով` ծառայության աշխատակիցների կողմից իրականացվում է մշտադիտարկում` առնվազն ամիսը մեկ անգամ վարձակալած բնակարաններ այցելությունների, հեռախոսազանգերի և պետական այլ մարմինների տեղեկատվական շտեմարաններից տեղեկատվություն ստանալու ճանապարհով: Բացի այդ, փոխհատուցման հերթական փոխանցումից առաջ երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմողը պարտավոր է ներկայանալ ծառայություն, ինչն անհրաժեշտ է դիմողի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստի հաստատման համար: Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ գրավոր արձանագրությունը կցվում է դիմողի գործին: Երեք օրվա ընթացքում ծառայություն չներկայանալու դեպքում ծառայության կողմից ընդունվում է կասեցման որոշում և փոխհատուցումը չի փոխանցվում` բացառությամբ այն դեպքերի, երբ դիմողը ներկայացնում է սահմանված ժամկետում իր չներկայանալը հիմնավորող հարգելի պատճառներ:
24. Դիմողի կողմից փոխհատուցման նպատակային չօգտագործումը բացահայտելու դեպքում ծառայության պետի կողմից երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է որոշում` փոխհատուցման տրամադրումը դադարեցնելու մասին:
25. Փոխհատուցման տրամադրման մասին որոշումը դիմողին հանձնելիս` ծառայությունը միաժամանակ նրան տեղեկացնում է փոխհատուցումը նպատակային չօգտագործելու հետևանքների` 17-րդ կետով սահմանված փոխհատուցման տրամադրումը դադարեցնելու մասին:
7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
26. Փոխհատուցման տրամադրման ֆինանսական գնահատականը ներառում է հետևյալը`
1) շահառուների ընտրություն-0 դրամ.
2) ժամանակավոր կացարանի տրամադրման իրականացման ապահովում-14.4 մլն դրամ:
ՀՀ-ում տարեկան միջին հաշվով փախստական է ճանաչվում և ապաստան ստանում շուրջ 150 անձ: Իրատեսական է նշված անձանց մեկ երրորդի տեղավորումը սոցիալական տներում: Մնացած 100 անձի (շուրջ 40 ընտանիք) համար բնակարանների վարձակալության փոխհատուցման համար տարեկան անհրաժեշտ կլինի 14.4 մլն դրամ (40 x 60.000 x 6):
Ձև N 1
ԴԻՄՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` _______________________________________________________________,
(անունը, հայրանունը, ազգանունը)
20___ թվականի _______ ____ ին Հայաստանի Հանրապետության կողմից ինձ և (կամ) ընտանիքիս հետևյալ անդամներին և (կամ) իմ խնամարկյալին (անհրաժեշտն ընդգծել) տրվել է փախստականի կարգավիճակ և ապաստան`
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով խնդրում եմ տրամադրել փոխհատուցում:
Կցվում են`
1. Ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը.
i
2. Միասնական սոցիալական ծառայության տարածքային մարմնի կողմից տրված` ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու վերաբերյալ տեղեկանքը:
(2-րդ կետը փոփ. 26.10.2023 թիվ 1831-Ն որոշում)
ԴԻՄՈՂ` _________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ ____________ 20 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 10 նոյեմբերի 2022 թվական: