040.0883.190901
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2001 թվականի N 883
i
«ՀՐԱԶԴԱՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ», «ՏԱՇԻՐԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ԵՎ «ՍՈՃՈՒՏ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային», «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» և «Սոճուտ» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, համապատասխան հանրապետական և տարածքային կառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.
բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել տեղեկատվություն լուծարվող ընկերությունների անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումները գրանցելու համար:
i
3. Լուծարվող բաժնետիրական ընկերությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերությունների դեբիտորական պարտքերը և այլ պահանջների իրավունքները հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան:
4. Լուծարվող բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 19-ից: