ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1934-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1864-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 4-րդ կետում «2025» թիվը փոխարինել «2026» թվով.
i
2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը (այսուհետ` հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-1.5-րդ կետերով.
«1.1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի փոխանակման կամ կորստի դեպքում նորն ստանալու դիմումը կարող է մուտքագրվել երկու եղանակով` անձի կողմից համապատասխան դիմումը (վավեր էլեկտրոնային թվային ստորագրությամբ) մուտքագրելով առցանց եղանակով` Հարթակի միջոցով` անցնելով անհատի խիստ նույնականացում, կամ դիմումն առձեռն ներկայացնելով լիազոր մարմին:
1.2. Դիմումը համարվում է ընդունված համապատասխան դիմումի էջում «Հաստատել» կոճակը սեղմելու պահից:
1.3. Դիմումը լիազորված անձի կողմից ներկայացնելիս լիազորված անձը համապատասխան դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել բացառապես առձեռն:
1.4. Հարթակ մուտք գործելիս անձը պարտադիր տրամադրում է իր ծանուցման հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն, որոնք կմշակվեն ծառայության կողմից և լիազորված մարմինը ծանուցումներ կուղարկի համապատասխան անձին` իր կողմից ներկայացված դիմումի կարգավիճակի (դիմումի` լիազորված մարմին մուտքագրված լինելը հաստատելու, ինչպես նաև դիմումի բավարարման կամ մերժման) վերաբերյալ: Նշված ծանուցումներն ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեին և (կամ) բջջային հեռախոսահամարին` SMS (էսէմէս) հաղորդագրությամբ, որից հետո դիմումատուն համարվում է պատշաճ ծանուցված:
1.5. Սույն հավելվածի 1.4-րդ կետով նախատեսված դեպքերում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի` ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի դադարեցման, չեղյալ հայտարարելու, անձը հաստատող փաստաթղթերն անվավեր ճանաչելու վերաբերյալ ծանուցումները և որոշումները կտեղադրվեն հարթակում` անձի անհատական էջում, որից հետո անձը կհամարվի պատշաճ ծանուցված:».
i
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում.
2) «070» ծածկագրով անձնագիր.
3) Իրավասու մարմնի պահանջով` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ, 18-րդ հոդվածներով սահմանված դեպքերում, եթե անհրաժեշտ է պարզել դիմումատուի քաղաքացիությունը` դիմումատուի ծննդյան վկայականը, ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:
3.2. Եթե անձի գործող անձնագիրն անվավեր է ճանաչվում ժամանակավոր պաշտպանության վկայականի փոխանակման կամ կորստի դեպքում նորն ստանալու համար դիմելուց հետո, ապա նոր անձնագիր ստանալիս ժամանակավոր պաշտպանության վկայականը նույնպես ենթակա է փոխանակման:».
i
4) հավելվածի 4-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերում «քաղաքացին» բառը` համապատասխան հոլովաձևերով փոխարինել «անձը» բառով` համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. դեկտեմբերի 25
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2025 թվական: