040.1521.180110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 դեկտեմբերի 2009 թվականի N 1521-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշման NN 1, 2 և 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Սահմանել, որ`
i
1) հանրապետական գործադիր մարմնում սույն որոշմամբ նախատեսված պատվիրատուի ղեկավարի լիազորություններն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը, իսկ պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից լիազորված անձը (անձինք).
2) նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում` սույն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպվում են նոր պարբերական մրցույթներ, իսկ որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կազմակերպված պարբերական մրցույթների շրջանակներում կնքված համաձայնագրերի կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են դրանց կնքման պահին գործող իրավական ակտերով:
(2-րդ կետը փոփ. 15.04.10 թիվ 397-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) մինչև 2010 թվականի փետրվարի 15-ը մշակել և Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին տրամադրել տիպային հարցաթերթ, որով պատվիրատուները մանրամասնորեն կներկայացնեն և կհիմնավորեն գնումը մեկ անձից գնման ձևով կատարելու մասին որոշումը: Հիմնավորումը բավարար չլինելու դեպքում լիազոր մարմինը կմերժի այդ գործարքների հաշվառումը, և դրա հետևանքով ծրագրերի ձախողման ամբողջ պատասխանատվությունը կընկնի պատվիրատուների իրավասու պաշտոնյաների վրա.
2) մեկ անձից գնման ձևով կատարված գործարքները, բացառությամբ բնական մենաշնորհներ հանդիսացող գնումների, համարել որպես ռիսկային գործարքներ և ընտրանքային կարգով ստուգել դրանց արժանահավատությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության միջոցով.
3) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող գնումների անվանացանկով նախատեսել նաև գնումների կատարման ձևերը և ժամկետները.
4) մինչև 2010 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված 2010 թվականի գնումների անվանացանկով նախատեսված գնումների`
ա. ապագաղտնիացման վերաբերյալ,
բ. կատարման ձևերի և ժամկետների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին` տասն աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել`
1) ապագաղտնիացման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետք է ապագաղտնիացվեն այն գնումները, որոնք չեն կատարվում ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման նպատակով.
2) առաջարկություններ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի N 426-Ն հրամանով հաստատված` մեկ անձից գնումների կատարման անվանացանկի վերանայման վերաբերյալ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն բոլոր ապրանքները, աշխատանքները և ծառայությունները, որոնք կարող են ձեռք բերվել մրցակցային հիմունքներով, այդ թվում` մասնավոր հատվածի տնտեսավարող սուբյեկտներից, պետք է գնվեն մրցակցային հիմունքներով` անկախ այդ կազմակերպությունների` պետության կամ համայնքների կողմից հիմնադրված լինելու հանգամանքից.
3) առաջարկություններ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված 2010 թվականի գնումների անվանացանկով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կատարման ձևերի և ժամկետների վերաբերյալ` նկատի ունենալով այն, որ`
ա. գնումների կատարման հիմնական ձևը մրցույթն է,
բ. գնումների գործընթացի կազմակերպման ժամկետները և գնման ձևերը պետք է հայտնի լինեն նախապես,
գ. պետք է պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործունեության կամ անգործության հետևանքով գնումների կատարման ժամկետները խախտվում են, և առաջանում է տվյալ գնումը մեկ անձից գնման ձևով կատարելու անհրաժեշտություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 17-ի
N 1521-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2008 թվականի հունիսի 5-ի
N 853-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը:
2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված` այլ իրավական ակտերով կարող են սահմանվել գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման հետ կապված` սույն կարգով չնախատեսված նորմեր:
II. ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
3. Գնման առարկայի բնութագիրը ներառում է`
1) ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության տեխնիկական հատկանիշները: Խորհրդատվական ծառայությունների գնման դեպքում տեխնիկական հատկանիշը ներառում է գնվելիք ծառայության առաջադրանքը: Տեխնիկական հատկանիշները սահմանվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածի համաձայն: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում պարտադիր է գնման առարկայի չօգտագործված լինելու պայմանը, իսկ գնումների բազային միավորի հնգապատիկը գերազանցող նախահաշվային արժեք ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների (աշխատանքների) գնումը համարվում է խորհրդատվական ծառայություն.
2) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետը (այսուհետ` գնման ժամանակացույց): Գնման ժամանակացույցը սահմանվում է` հաշվի առնելով գնման առարկայի ձեռքբերման համար պահանջվող ժամկետները.
3) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց վճարման պայմանները (այսուհետ` վճարման ժամանակացույց):
4. Շինարարական աշխատանքի գնման առարկայի բնութագիրը սահմանվում է սահմանված կարգով փորձաքննություն անցած` հատկացված ֆինանսական միջոցների հաշվին կատարվելիք շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, եթե այդ աշխատանքի կատարման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայությունը պարտադիր է: Եթե շինարարական աշխատանքի կատարման պայմանագիրը կնքվելու է նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան գնման պայմանագրի գինն է, և աշխատանքների մնացած մասը կատարվելու է հաջորդող տարիներին ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում, ապա նախագծանախահաշվային փաստաթղթերում առանձնացվում են տվյալ տարում հատկացված միջոցների հաշվին կատարվելիք աշխատանքների ծավալները, որոնք պետք է հաստատված լինեն նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակած անձի կողմից:
5. Գնման առարկայի բնութագիրը հաստատում է պատվիրատուի ղեկավարը: Գնման առարկայի բնութագրի նախագիծը կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում պատվիրատուի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում): Ընդ որում, պատասխանատու ստորաբաժանման` գնման առարկայի բնութագրի նախագծման աշխատանքները կազմակերպող անձինք (ներկայացուցիչները)`
1) պետք է ունենան գնման առարկան բնութագրելու մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է` ելնելով գնման առարկայի տեսակից: Եթե պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա պատասխանատու ստորաբաժանման աշխատանքների կատարմանն աջակցելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ): Վերջինս պատասխանատվություն է կրում իր կողմից տրված եզրակացությունների և առաջարկների համար.
2) կամ հրավիրված փորձագետները (մասնագետները) չեն կարող մասնակցել գնումների գործընթացի կազմակերպմանը (նախապատրաստմանը), եթե վերջիններիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) և (կամ) այդ անձանց կողմից հիմնադրված կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունները գնումների տվյալ գործընթացի հնարավոր մասնակից են: Այդ կապակցությամբ ներգրավվող անձն ստորագրում է համապատասխան հայտարարություն:
6. Գնում կատարելու պահանջի ծագման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարը գրավոր սահմանում է պատասխանատու ստորաբաժանում: Ընդ որում`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին գնում կատարելու պահանջի ծագման օրն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու, համայնքների բյուջեներից և (կամ) պատվիրատուի տնօրինության տակ գտնվող այլ ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարելու դեպքում` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ծախսերի նախահաշվի (այսուհետ` նախահաշիվ) հաստատման, գնման գործընթացը չկայանալու դեպքում` դրա չկայացման, իսկ գնման պայմանագիրը լուծվելու դեպքում` լուծման օրն է.
2) համայնքների բյուջեներից և (կամ) պատվիրատուի տնօրինության տակ գտնվող այլ ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարելու դեպքում, հիմք ընդունելով սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանները, մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը պատվիրատուի ղեկավարը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած ձևով հաստատում և հինգ աշխատանքային օրվա ընթացքում` օրենքով նախատեսված լիազոր մարմնին է (այսուհետ` լիազոր մարմին) տրամադրում տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք գնումների պլանը (այսուհետ` գնումների պլան).
3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հաստատված գնումների անվանացանկն է, որը օրենքով նախատեսված պահանջներից բացի, յուրաքանչյուր գնման համար սահմանում է նաև գնման տվյալ գործընթացի կազմակերպման ժամկետները և գնման ձևը: Ընդ որում, այն գնումները, որոնք չեն կատարվում ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման նպատակով, օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հաստատված գնումների անվանացանկում ընդգրկվում են որպես պետական կամ ծառայողական գաղտնիք չպարունակող գնումներ.
4) որպես կանոն, գնումների պլանում կատարվող փոփոխությունները, այդ թվում` վերաբաշխումները, չեն կարող գերազանցել սույն կետի համաձայն հաստատված, ներառյալ կատարված լրացումները, գնումների պլանի ընդհանուր գումարի քսան տոկոսը: Եթե տվյալ տարվա ընթացքում լրացուցիչ (գնումների սկզբնական պլանում չներառված) գնումը կատարելու համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա գնումների պլանում կատարվում է լրացում.
5) գնման գործընթացների կազմակերպման հիմքը սահմանված պահանջներին համապատասխան հաստատված գնումների պլանի առկայությունն է: Գնումների պլանները, ներառյալ կատարված փոփոխությունները և լրացումները, դրանք հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուների կողմից ներկայացվում են լիազոր մարմին` վերջինիս ինտերնետային կայքում հրապարակելու նպատակով: Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանները չեն հրապարակվում:
7. Պատասխանատու ստորաբաժանումը գնման պահանջի ծագման օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարին է ներկայացնում`
1) գնման առարկայի բնութագրերի նախագիծը.
2) օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հատկանիշների գնահատման չափանիշերը, ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջվող փաստաթղթերի ցանկը, բացառությամբ պարբերական մրցույթով կնքված պայմանագրերի շրջանակներում գնումներ կատարելու դեպքերի.
3) գնումը կատարելու ձևի առաջարկը: Ընդ որում, պետության կարիքների համար`
ա. կազմակերպված գնման գործընթացն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով կարող է չկայացած հայտարարվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման առկայության դեպքում,
բ. օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով գնումներ կարող են կատարվել բացառապես արտակարգ իրավիճակների (բնական աղետների առաջացման դեպքում: Արտակարգ իրավիճակներով չպայմանավորված հրատապության հիմքով գնումները կարող են կատարվել մեկ անձից գնման ձևով` մինչև գնման գործընթացն սկսվելը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ` նրա սահմանած կարգով, գրավոր համաձայնեցված դեպքերում: Ընդ որում, հրատապության հիմքով գնումներ կատարելիս` պատվիրատուն ապահովում է առնվազն երեք մասնակցի գնային առաջարկների առկայությունը` այդ նպատակով լիազոր մարմնի ինտերնետային կայքում հրապարակելով նաև հնարավոր մասնակիցների որոշման մասին հայտարարություն: Հայտեր ներկայացրած մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ` առաջարկված գների նվազեցման հնարավորության շուրջ: Բանակցություններում ներգրավվում են հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցները, և յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնի առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը: Բանակցությունների վարման համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահի դրությամբ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ կնքվում է գնման պայմանագիր,
գ. պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում, մրցակցության բացակայությամբ պայմանավորված, կարող են կատարվել բացառապես ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ գնումները: Այլ նպատակներով մրցակցության բացակայության հիմքով գնումները կարող են կատարվել մեկ անձից գնման ձևով` մինչև գնման գործընթացն սկսվելը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ` նրա սահմանած կարգով գրավոր համաձայնեցված դեպքերում,
դ. պետական կամ համայնքների մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից մեկ անձից գնման ձևով կարող են կատարվել այն գնումները, որոնց շրջանակներում պետությանը կամ համայնքին տվյալ ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և ծառայության մատուցումը կազմակերպության գործունեության հիմնական առարկան է, և դրա ուղղակիորեն ամրագրված է կազմակերպության կանոնադրությամբ.
4) այն անձանց (թեկնածուների) ցուցակը, ովքեր առաջադրվում են մրցույթի կամ առաջարկները գնահատող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմում ընդգրկվելու նպատակով: Թեկնածուները ներկայացվում են ըստ հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկման առաջնահերթության` նշելով հանձնաժողովի նախագահի թեկնածությունը: Ներկայացված թեկնածուները պետք է ունենան մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է գնման առարկային համապատասխան: Ընդ որում`
ա. պատասխանատու ստորաբաժանման` գնման առարկայի բնութագրի նախագծման աշխատանքները կազմակերպող անձինք (ներկայացուցիչները) չեն կարող ընդգրկվել հանձնաժողովի կազմում,
բ. եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա մրցույթի հանձնաժողովի կազմում ներառելու և (կամ) մրցույթի հանձնաժողովի աշխատանքների կատարմանն աջակցելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ): Վերջինս պատասխանատվություն է կրում իր կողմից տրված եզրակացությունների և առաջարկների համար,
գ. պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է հիմնավորել հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջարկվող թեկնածուների անհրաժեշտ մասնագիտական կարողություններ ունենալու հանգամանքը,
դ. մրցույթի հանձնաժողովի անդամները կամ հրավիրված փորձագետները (մասնագետները) չեն կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե նրանց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) և (կամ) այդ անձանց կողմից հիմնադրված կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունները գնումների տվյալ գործընթացի հնարավոր մասնակից են: Այդ կապակցությամբ ներգրավվող անձն ստորագրում է համապատասխան հայտարարություն.
5) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիաների ցանկը.
6) պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների կատարման ժամանակ` պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցներին որոշելու ընթացակարգ կազմակերպելու մասին հայտարարության տեքստը:
8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, մինչև պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացվելը, համաձայնեցվում են պատվիրատուի գնումների գործի համակարգման պատասխանատուի կամ գնումների գործի համակարգման պատասխանատու ստորաբաժանման հետ:
9. Վճարման ժամանակացույցը հաստատելիս` հաշվի է առնվում այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, համայնքների բյուջեներից և (կամ) պատվիրատուի տնօրինության տակ գտնվող այլ ֆինանսական միջոցներից գնումների ֆինանսավորումն իրականացվում է նախահաշվի շրջանակներում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին գնումը կարող է կատարվել, եթե գնման առարկան ներառված է օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հաստատված անվանացանկում:
10. Սույն կարգի 9-րդ կետում նշված վճարման ժամանակացույցի երեք օրինակը ժամանակացույցը հաստատվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը ներկայացվում է պատվիրատուին սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժին (այսուհետ` ՏԳԲ): Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՏԳԲ-ն հաստատում է վճարման ժամանակացույցի ներկայացված օրինակները: Վճարման ժամանակացույցը հաստատվում է, եթե դրանով նախատեսված հատկացումները համապատասխանում են նախահաշվին, հակառակ դեպքում վճարման ժամանակացույցը վերադարձվում է: Հաստատված ժամանակացույցի մեկ օրինակը պահվում է ՏԳԲ-ում:
11. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գնում կատարելու դեպքում`
1) վճարման ժամանակացույցը հաստատվում է տվյալ գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
2) գնման պայմանագրի կատարման ժամկետը սահմանվում է օրերով, որի հաշվարկի սկիզբը համընկնում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվա հետ.
3) եթե ֆինանսական միջոցները նախատեսվում են մինչև գնման պայմանագրի կնքումը, ապա վճարման ժամանակացույցը ներառվում է կնքվելիք գնման պայմանագրում:
12. Սույն կարգի 7-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերը (այսուհետ` գնման հայտ) պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում:
13. Պատվիրատուի ղեկավարը կարող է`
1) պատասխանատու ստորաբաժանման` սույն կարգով սահմանված լիազորությունները վերապահել այլ անձի կամ այդ նպատակով կազմավորված տեխնիկական հսկողության հանձնաժողովին, որի անդամներ կարող են լինել նաև այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչները.
2) պատվիրատուի ղեկավարի` սույն կարգով սահմանված լիազորությունները վերապահել պատվիրատուի այլ պաշտոնատար անձի:
14. Լիազոր մարմնի կողմից հաստատված պարբերական մրցույթներով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկում ներառված և պետական կամ ծառայողական գաղտնիք`
1) չպարունակող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերը և օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հատկանիշների գնահատման չափանիշները, ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջվող փաստաթղթերի ցանկը, հաստատվում են մրցույթի հանձնաժողովների կողմից` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` գործակալություն) ներկայացմամբ: Ընդ որում, եթե պարբերական մրցույթը կազմակերպվում է միայն մեկ պատվիրատուի կարիքների բավարարման նպատակով, ապա սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը հաստատում և գործակալություն է ներկայացնում պատվիրատուն.
2) պարունակող ապրանքների տեխնիկական բնութագրերը հաստատվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներ կատարող պատվիրատուների ղեկավարների կողմից:
III. ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
15. Գնման առարկայի բնութագիրը հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում` օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում գնման հայտը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով ուղարկվում է գործակալություն: Գնման պայմանագիրը կնքվում է ներկայացված գնման հայտի հիման վրա: Եթե չի կիրառվում օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը, պատվիրատուն ձեռնարկում է միջոցներ` գնման պայմանագիր կնքելու համար: Ընդ որում`
1) գնման հայտն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը գնահատում է դրանում ներառված տեղեկատվության համապատասխանությունը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին: Անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում գործակալությունը գրավեր դիմում է պատվիրատուին, որը գրությունն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում`
ա. համաձայնության դեպքում շտկում է անհամապատասխանությունները և գնման հայտը ներկայացնում գործակալություն,
բ. չհամաձայնելու դեպքում գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հիման վրա անհամապատասխանության արձանագրման անճշտության հիմնավորումը ներկայացնում է գործակալություն, որը հիմք է գնման գործընթացի կազմակերպման համար.
2) հնարավորության դեպքում գնման մեկ ընթացակարգով է կազմակերպվում միևնույն պատվիրատուի կարիքների համար գնման համանման բնութագրեր ունեցող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացը` դրանք նախատեսելով որպես առանձին չափաբաժիններ:
16. Եթե պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պետական կամ ծառայողական գաղտնիք չպարունակող` օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված ձևերով գնումներ կատարելու դեպքում գործակալությունը, իսկ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող, ինչպես նաև օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված ձևով գնումներ կատարելու դեպքում պատվիրատուն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում նույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կազմված գնման ընթացակարգի արձանագրության պատճենը` բացառությամբ լիազոր մարմնի կողմից սահմանված գնումների կատարման դեպքերի:
17. Գնման պայմանագրում (նախագծում)`
1) պայմանագիր կնքած անձի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ չկատարելու համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ, որոնց չափը չի կարող պակաս լինել պայմանագրի գնի 0,05 տոկոսից, իսկ տույժերի հաշվարկումն իրականացվում է օրացուցային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ.
2) նախատեսվում է, որ պայմանագիր կնքած անձի նկատմամբ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով հաշվարկված տույժերի և (կամ) տուգանքների հաշվարկումը և հաշվանցումն իրականացվում են վճարվող գումարներից.
3) նախատեսվում է, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ժամանակ նախագծողը`
ա. նախագծման համար հիմք հանդիսացած նյութերի տեխնիկական բնութագրերը կազմում է օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,
բ. ներկայացնում է կապալի օբյեկտի, դրա առանձին մասերի (կոնստրուկցիաների և այլն) և օգտագործված նյութերի երաշխիքային ժամկետներին ներկայացվող նվազագույն պահանջները,
գ. ներկայացնում է աշխատանքների կատարման համար պահանջվող լիցենզիային, տեխնիկական միջոցներին, աշխատանքային ռեսուրսներին և մասնագիտական հատկանիշներին ներկայացվող պահանջները,
դ. պատվիրատուին նախագծանախահաշվային փաստաթղթերը ներկայացնում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
4) նախատեսվում է, որ շինարարական, այդ թվում` կառուցման, վերակառուցման, վերանորոգման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, այդ թվում` ճանապարհաշինության և ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում, և նախագծած ու փորձաքննություն իրականացրած անձինք պատվիրատուին վճարում են տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման և (կամ) դրա հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`
ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների չափին.
բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի և սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների հանրագումարի չափին.
5) նախատեսվում է, որ, եթե սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին` պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.
6) նախագծանախահաշվային փաստաթղթեր չպահանջող շինարարական աշխատանքների կամ հիմնական միջոց հանդիսացող ապրանքների գնման դեպքում երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից ամբողջ ծավալով աշխատանքը կամ ապրանքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից հաշված առնվազն 365 օրացուցային օրը: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա պայմանագրի կողմը պարտավոր է իր հաշվին` պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.
7) նախատեսվում է, որ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում մինչև գնման պայմանագրի կնքումը կատարողը (կապալառուն, մատակարարը) ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալների), կամ կատարողին (կապալառուին, մատակարարին) հաղթող ճանաչելու (ընտրելու) մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա, այդ հիմքերն ի հայտ գալուց հետո, պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու գնման պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև գնման պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային գնման պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով կատարողի (կապալառուի, մատակարարի) համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ կատարողը (կապալառուն, մատակարարը) պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որը չի ծածկվում մինչև լուծումը գնման պայմանագրի կատարմամբ պատվիրատուի ստացածով.
8) նախատեսվում է, որ պայմանագիրը չի կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի.
9) նախատեսվում է, որ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև այդ ժամկետը լրանալը պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ`
ա. պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը.
բ. եթե դա պատվիրատուի գործողության կամ անգործության հետևանք չէ.
10) նախատեսվում է, որ, եթե պայմանագրի գնի հիմնավորվածության և արժանահավատության փորձաքննության արդյունքում պայմանագրի գինը որակվում է շուկայական գնից տասը տոկոս բարձր, և պայմանագրի կողմը չի համաձայնում այդ չափով գնի նվազեցմանը, ապա պատվիրատուն պայմանագիրը միակողմանիորեն լուծում է և չի կրում պայմանագրի լուծման հետևանքով առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը:
18. Եթե գնման գործընթացը կազմակերպվում է մեկ անձից գնման ձևով, ապա մասնակցին ներկայացվող հրավերով նախատեսվում է, որ պատվիրատուին ներկայացվող հայտը ներառում է պայմանագրի գնի ինքնարժեքի հաշվարկը, իսկ շահույթը չի կարող գերազանցել պայմանագրի գնի տասը տոկոսը` բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող գնումների կատարման դեպքերի:
19. Շինարարական, այդ թվում` կառուցման, վերակառուցման, վերանորոգման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, այդ թվում` ճանապարհաշինության և ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների գնման դեպքում, այդ աշխատանքի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի հետ կնքվող գնման պայմանագրով նախատեսվում է, որ, եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեխնիկական հսկողություն իրականացնող անձը պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատվիրատուին վճարում է տուգանք` հայտնաբերված թերության վերացման համար կապալառուի կամ պատվիրատուի կողմից իրականացված փաստացի ծախսերի չափով:
20. Եթե գնման առարկայի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պետության կարիքների համար կնքված գնման պայմանագրում կատարված փոփոխությունն այն կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է լիազոր մարմին` բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող գնումների: Լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ինտերնետային կայքում հրապարակում է տեղեկություններ կատարված փոփոխության մասին:
21. Արգելվում է գնման պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալների կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման: Ընդ որում, արհեստական են համարվում հետևյալ փոփոխությունները`
1) պայմանագրի գնի անփոփոխ մնալու պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալների նվազեցումը.
2) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալների ավելացումը, որը գերազանցում է պայմանագրի գնի քսան տոկոսը.
3) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող ապրանքներով, աշխատանքներով կամ ծառայություններով, որոնք գումարային արտահայտությամբ գերազանցում են պայմանագրի գնի տասնհինգ տոկոսը: Պայմանագրի գնի տասնհինգ տոկոսի շրջանակում փոխարինումը կարող է կատարվել, եթե առկա է մասնագիտական եզրակացություն այն մասին, որ փոխարինումը հանգեցնում է պայմանագրի արդյունավետ իրականացմանը: Փոխարինումը համարվում է արդյունավետ, եթե դրա հետևանքով պայմանագրով նախապես սահմանված ոչ ֆինանսական արդյունքներն ստացվում են համեմատաբար քիչ ֆինանսական միջոցների ծախսմամբ.
4) բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գնումների դեպքերի` պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետը`
ա. միևնույն ժամկետից ավելի ժամկետով երկարաձգելը.
բ. մինչև միևնույն ժամկետով մեկ անգամից ավելի երկարաձգելը.
5) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով մեկ անձից գնման ձևով կնքված պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետի երկարաձգումը.
6) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի անփոփոխ մնալու պայմաններում պայմանագրի գնի ավելացումը:
22. Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
23. Ռիսկային պայմանագրերի կատարման, գների հիմնավորվածության և արժանահավատության գնահատման նպատակով` օրենքով նախատեսված լիազոր մարմինն ընտրանքային կարգով իրականացնում է փորձաքննություններ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով: Անհրաժեշտության դեպքում փորձաքննություններն իրականացվում են անկախ փորձագետների (մասնագետների) ներգրավմամբ: Ընդ որում, ռիսկային են համարվում նաև մեկ անձից գնման ձևով կնքված պայմանագրերը` բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող գնումների, որոնք ընտրանքային կարգով ենթակա են ստուգման:
24. Պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ամփոփվում են պատվիրատուի ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ` արձանագրություն) ստորագրմամբ: Արձանագրությունն ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման դրական եզրակացության (այսուհետ` եզրակացություն) հիման վրա:
25. Պատասխանատու ստորաբաժանումը դրական եզրակացություն է տալիս պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին: Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների խախտման դեպքերում տրվում է բացասական եզրակացություն, եթե չի կիրառվում սույն կարգի 17-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված պահանջը: Բացասական եզրակացություն տրվելու դեպքում պատվիրատուն ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ` հարցի կարգավորման համար: Ընդ որում, գործակալության կողմից կնքված պայմանագրի շրջանակներում բացասական եզրակացություն տրվելու դեպքում պատվիրատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին հայտնում է գործակալությանը` ներկայացնելով առաջարկություններ պայմանագրի կողմի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների մասին: Նման դեպքում գործակալությունը, ներկայացված առաջարկություններին համապատասխան, ձեռնարկում է միջոցներ` հարցի կարգավորման համար:
26. Գնումների դիմաց վճարումներ իրականացնելիս` պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն պարտավոր է ապահովել պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի և (կամ) տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը վճարվելիք գումարների հետ:
27. Դրական եզրակացության դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է պատվիրատուի ղեկավարին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում է արձանագրությունը:
28. Պատվիրատուն պայմանագիր կնքելու, դրանում փոփոխություն կատարելու կամ պայմանագրի պատճենը գործակալությունից ստանալու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` իրեն սպասարկող ՏԳԲ է ներկայացնում պայմանագրից քաղվածք (այսուհետ` քաղվածք):
29. Եզրակացության և արձանագրության ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
30. Գնման դիմաց վճարում կատարելու նպատակով` արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնարարագիրը (այսուհետ` վճարման հանձնարարագիր) ներկայացնում է ՏԳԲ:
31. Գնման ֆինանսավորման պայման է նաև սահմանված կարգի պահանջներին համապատասխան կազմված` գնումների պլանը և (կամ) կնքված պայմանագրի մասին հայտարարությունն օրենքով նախատեսված լիազոր մարմին ներկայացված լինելը:
32. Եթե պայմանագրով նախատեսված է կանխավճար, ապա`
1) կանխավճարը հատկացնելու համար ՏԳԲ է ներկայացվում վճարման հանձնարարագիրը և կանխավճարի ապահովման առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
2) կանխավճարի մարումն իրականացվում է արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ վճարվող գումարի համապատասխանությամբ:
33. Սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա ՏԳԲ-ն տվյալ վճարումը կատարելու համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետից երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում:
34. Օրենքի 22-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված ձևով գնում կատարվելու դեպքում`
1) պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ամփոփվում են եզրակացության և տվյալ գործարքի հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում.
2) վճարում կատարվելու նպատակով ՏԳԲ է ներկայացվում վճարման հանձնարարագիրը:
35. ՏԳԲ-ն սույն կարգի համաձայն վճարումն իրականացնելուց հետո կատարված գործարքի մասին հաշվետիրոջը տալիս է քաղվածք դրա գանձապետական հաշվից:
V. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
36. Տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային հիմնարկների կողմից գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման դեպքում`
1) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գնումների պլանները` ըստ մարզի վարչական տարածքում տեղաբաշխված տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային հիմնարկների, ստանում, ամփոփում և օրենքով նախատեսված լիազոր մարմին է տրամադրում մարզպետը, իսկ Երևան քաղաքի դեպքում` Երևանի քաղաքապետը.
2) սույն կարգի 16-րդ և 23-րդ կետերով նախատեսված նորմերը չեն գործում:
37. Պետական կամ համայնքների ոչ առևտրային և պետության կամ համայնքի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման դեպքում`
1) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գնումների պլաններն ստանում, ամփոփում և օրենքով նախատեսված լիազոր մարմնին է տրամադրում կազմակերպության լիազորված պետական (տեղական ինքնակառավարման) մարմինը.
2) սույն կարգի 9-րդ, 16-րդ, 23-րդ, 28-րդ, 30-րդ, 32-35-րդ կետերով նախատեսված նորմերը չեն գործում` բացառությամբ սույն կարգի 32-րդ կետի 2-րդ և 34-րդ կետի 1-ին ենթակետերով նախատեսված նորմերի.
3) գնման պահանջի ծագման օրը համարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծախսերի նախահաշիվների հաստատման (փոփոխման) օրը, գնման գործընթացը չկայանալու դեպքում` դրա չկայացման, իսկ գնման պայմանագիրը լուծվելու դեպքում` լուծման օրը.
4) գնումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
38. Եթե պետական ոչ առևտրային և պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունը կատարում է գնում, որի գնման առարկան ներառված է պարբերական մրցույթով կնքված պայմանագրերում, ապա տվյալ կազմակերպությունը պարտավոր է այդ գնումը կատարել պարբերական մրցույթներով գնումների կատարման կարգին համապատասխան:»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 17-ի
N 1521-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2008 թվականի հունիսի 5-ի
N 853-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է մրցույթների (առաջարկների գնահատող) հանձնաժողովների (այսուհետ` հանձնաժողով) կազմավորման և գործունեության կարգը:
2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված` այլ իրավական ակտերով կարող են սահմանվել հանձնաժողովների կազմավորման և գործունեության հետ կապված` սույն կարգով չնախատեսված նորմեր:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`
1) բաց նպատակային և փակ մրցույթի դեպքում` այն պատվիրատուի ներկայացուցիչները, որի կարիքների համար իրականացվում է տվյալ գնումը: Եթե բաց նպատակային մրցույթը հայտարարվում է մեկից ավելի պատվիրատուների կարիքների համար գնում կատարելու նպատակով, ապա հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր պատվիրատուից ընդգրկվում են հավասար թվով ներկայացուցիչներ, իսկ հանձնաժողովի նախագահ է նշանակվում այն պատվիրատուի ներկայացուցիչը, որի կարիքների համար կատարվող գնման ընդհանուր գումարը տվյալ մրցույթում ունի համեմատաբար մեծ տեսակարար կշիռ:
2) բաց պարբերական մրցույթի դեպքում` ոչ ավելի, քան այն ութ պատվիրատուների մեկական ներկայացուցիչները, որոնց կարիքների համար տվյալ տարվան նախորդող տարվա ընթացքում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` գործակալություն) կազմակերպած գնման ընթացակարգերի արդյունքում կատարված համանման գնումներն ունեն համեմատաբար մեծ տեսակարար կշիռ: Եթե այդպիսի պատվիրատուների թիվը չի գերազանցում երկուսը, ապա հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր պատվիրատուից ընդգրկվում է երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովի նախագահ է նշանակվում այն պատվիրատուի ներկայացուցիչը, որի կարիքների համար կատարված համանման գնումների ընդհանուր գումարն ունի համեմատաբար մեծ տեսակարար կշիռ:
4. Բաց մրցույթի դեպքում հանձնաժողովը կազմավորվում է գործակալության պետի, իսկ փակ մրցույթի դեպքում` տվյալ պատվիրատուի ղեկավարի կամ նրա տեղակալի հրամանով: Հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով, նաև`
1) նշանակվում են հանձնաժողովի նախագահ և քարտուղար (այսուհետ` քարտուղար): Փակ մրցույթի դեպքում քարտուղարը պատվիրատուի գնումների գործի համակարգման պատասխանատուն կամ պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչն է: Բաց մրցույթի դեպքում քարտուղարը գործակալության ներկայացուցիչն է.
2) հանձնաժողովի կազմում խորհրդատվական ձայնի իրավունքով, կարող են ներգրավվել այլ անձինք (այսուհետ` խորհրդատու).
3) սահմանվում են հանձնաժողովի նիստերի անցկացման վայրը և առաջին նիստի անցկացման օրը և ժամը: Ընդ որում, գործակալության կողմից կազմակերպվող գնումների դեպքում հանձնաժողովի նիստերն անցկացվում են գործակալության վարչական շենքում:
5. Հանձնաժողովը կազմավորվում է`
1) բաց նպատակային կամ միայն մեկ պատվիրատուի կարիքները բավարարելու նպատակով բաց պարբերական մրցույթի դեպքում` գնման հայտը գործակալություն ներկայացվելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում.
2) բաց պարբերական մրցույթի դեպքում` գնման առարկան «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված լիազոր մարմնի կողմից (այսուհետ` լիազոր մարմին) հաստատված պարբերական մրցույթներով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկում ներառվելու օրվան հաջորդող քսանհինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նախկինում տվյալ գնման համար պարբերական մրցույթով գնման պայմանագիր կնքած լինելու դեպքում` այնպիսի ժամկետում, որ կնքվելիք գնման պայմանագիրն ուժի մեջ մտնի նախկինում կնքված պայմանագրի գործողության ժամկետը լրանալու օրը.
3) փակ մրցույթի դեպքում` պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցներին որոշելու ընթացակարգն ավարտվելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
6. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ, հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են բաց մրցույթի դեպքում հանձնաժողովի անդամների կեսից ավելին, իսկ փակ մրցույթի դեպքում` հանձնաժողովի անդամների երեք քառորդը: Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նիստին ներկա անդամները պարտադիր ստորագրում են հանձնաժողովի որոշումները: Եթե հանձնաժողովի նիստին ներկա անդամը քվեարկում է դեմ, ապա ներկայացնում է գրավոր բացատրագիր, որը կցվում է արձանագրությանը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում` նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:
7. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները պարտադիր ստորագրում են այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է: Արձանագրությունը պետք է պարունակի նաև տեղեկություններ հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրվա և ժամի մասին:
8. Հանձնաժողովի նիստը, այդ թվում` հատուկ նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է բաց մրցույթի դեպքում գործակալության պետին, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուի ղեկավարին կամ տեղակալին, որը հետևյալ հաջորդականությամբ`
1) ժամանակավորապես դադարեցնում է գնման գործընթացը` ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով.
2) դիմում է հանձնաժողովի նիստին չներկայացած անդամին (անդամներին) առաջադրողին` պահանջելով ապահովել տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ ներկայացնել հանձնաժողովի նոր անդամի թեկնածություն.
3) սահմանում է նիստի անցկացման օրը և ժամը, որոնք պետք է համընկնեն գնման ընթացակարգի ժամանակավորապես դադարեցման վերջին ժամկետին.
4) գնման ընթացակարգի ժամանակավորապես դադարեցման ժամկետը լրանալու պահին նիստն իրավազոր չլինելու դեպքում հանձնաժողովի կազմից հետ է կանչում միևնույն պատվիրատուի առաջադրած` տվյալ նիստին չներկայացած հանձնաժողովի անդամին (անդամներին)` դրա մասին ծանուցելով պատվիրատուին:
5) հանձնաժողովի հետագա գործունեությունն ապահովելու նպատակով փակ մրցույթի դեպքում պատվիրատուի, իսկ բաց մրցույթի դեպքում` գործակալության աշխատողներից նշանակում է հանձնաժողովի նոր անդամ (անդամներ):
9. Հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` բաց մրցույթի դեպքում` գործակալության պետի, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուի ղեկավարի կամ տեղակալի գրավոր հանձնարարության կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Քարտուղարն արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին նիստից առնվազն քառասունութ ժամ առաջ գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին:
10. Փակ մրցույթի դեպքում, եթե հանձնաժողովը չի ապահովում գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը, քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին կամ տեղակալին, որը`
1) զեկուցագիրն ստանալու նույն օրը`
ա. հրամանով մինչև հինգ աշխատանքային օրով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը,
բ. հանձնարարում է իրավաբանական ծառայությանը մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ եզրակացություն ներկայացված զեկուցագրի մասին: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար քարտուղարից գրավոր պահանջել լրացուցիչ նյութեր.
2) իրավաբանական ծառայության գրավոր եզրակացության հիման վրա կարող է հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Նման դեպքում հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը երկարաձգվում է մինչև եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի կապակցությամբ ընդունվում է հրաման.
3) Զեկուցագրի մասին իրավաբանական ծառայության գրավոր եզրակացությունն ստանալուց հետո հրամանով`
ա. հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե ներկայացված եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ`
բ. ըստ իրավաբանական ծառայության եզրակացության` վերանայում (փոփոխում) է հանձնաժողովի որոշումները: Զեկուցագիրը համարվում է հիմնավոր, եթե դրանում արձանագրվել է գնման ընթացակարգի խախտում:
11. Մինչև կասեցման ժամկետի ավարտը նոր հրաման չլինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունը համարվում է վերականգնված: Հանձնաժողովի գործունեությունը կասեցնելու հետ կապված փաստաթղթերի պատճենները կցվում են գնման ընթացակարգի արձանագրությանը:
12. Բաց մրցույթի դեպքում, եթե հանձնաժողովը չի ապահովում գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը, քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է գործակալության պետին, որը զեկուցագիրը հիմնավոր համարելու դեպքում սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է հանձնաժողովի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի ընթացքում հանձնաժողովն ընդունում է որոշում քարտուղարի արձանագրած անհամապատասխանությունների մասին: Ընդ որում`
1) համաձայնելու դեպքում վերանայում է որոշումը.
2) չհամաձայնելու դեպքում` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը և որոշումը թողնում է անփոփոխ: Զեկուցագիրը կցվում է արձանագրությանը:
13. Հանձնաժողովի անդամի, այդ թվում` քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում