Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 15 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2024 թվականի N 920-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման վերնագիրը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.5-րդ կետով.

i

«1.5. Հաստատել պրոբացիայի ծառայողների կատարողականի գնահատման կարգը` համաձայն N 4 հավելվածի:».

3) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պրոբացիայի ծառայողների կողմից կատարված փաստացի աշխատանքները գնահատվում են անմիջական ղեկավարի դրական կամ բացասական եզրակացությամբ` հիմք ընդունելով ծառայողի կողմից ներկայացված հաշվետվությունը: Դրական եզրակացությունը գնահատվում է 70-100 միավորի սահմաններում, իսկ բացասականը` մինչև 70 միավոր:

3. 2024 թվականի կատարողականի տարեկան գնահատական է համարվում սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով որոշված գնահատականի և սույն որոշման հավելվածով սահմանված կարգով որոշված գնահատականի թվաբանական միջինը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: 2024 թվականի համար աշխատանքային ծրագիրը հաստատվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունիսի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի հունիսի 20-ի

N 920-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1510-Ն որոշման

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են պրոբացիայի ծառայողների (այսուհետ` ծառայող) կատարողականի գնահատման առանձնահատկությունները:

2. Կատարողականն աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքի արդյունքները և այդ արդյունքներին հասնելու արդյունավետությունն է, որը գնահատում է անմիջական ղեկավարը:

3. Տարեկան աշխատանքային ծրագիրը կազմվում է անմիջական ղեկավարի կողմից:

4. Տարեկան աշխատանքային ծրագիրը կազմելիս հաշվի են առնվում Կառավարության ծրագրով և ոլորտային ռազմավարություններով պրոբացիայի ծառայության համար սահմանված նպատակները և խնդիրները, տվյալ ստորաբաժանման իրավասություններին առնչվող, տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված նպատակները և խնդիրները, ինչպես նաև տվյալ ծառայողի պաշտոնի անձնագիրը:

5. Աշխատանքային ծրագրում պետք է ընդգրկվեն ծառայողի կողմից փաստացի իրականացվող աշխատանքները:

6. Յուրաքանչյուր ծառայողի համար տարեկան աշխատանքային ծրագիրը հաստատում է անմիջական ղեկավարը: Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար աշխատանքային ծրագիրը հաստատվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը: Ծառայողի աշխատանքային ծրագիրը կազմվում և անմիջական ղեկավարի ստորագրությամբ հաստատվում է` համաձայն N 1 ձևի: Աշխատանքային ծրագրում, ըստ անհրաժեշտության, կարող են կատարվել փոփոխություններ, որոնք հաստատվում են անմիջական ղեկավարի կողմից:

7. Աշխատանքի նոր ընդունված ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Կատարողականի գնահատումը, աշխատանքային ծրագրերի կազմումը և հաստատումն իրականացվում է e-probation էլեկտրոնային համակարգի միջոցով` հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքները ժամանակին, ամբողջ ծավալով, պատշաճ որակով իրականացնելը:

9. Ծառայողի կատարողականը գնահատվում է անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին 10 աշխատանքային օրվա ընթացքում` հիմք ընդունելով ծառայողի կողմից փաստացի կատարած աշխատանքի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունը և նրա աշխատանքային ծրագրով հաստատված կատարողականի գնահատման ցուցիչները:

10. Այն դեպքում, երբ ծառայողն աշխատանքից ազատվում է մինչև կիսամյակի ավարտը, նրա կատարողականը գնահատվում է աշխատանքից ազատման օրը: Մեկ կիսամյակի ընթացքում նույն մարմնում պաշտոնի փոփոխության դեպքում կատարողականի գնահատումը կատարվում է յուրաքանչյուր պաշտոնում կատարած աշխատանքների համար:

11. Յուրաքանչյուր ստորաբաժանման կատարողականի գնահատման ցուցիչները հաստատվում են տվյալ ստորաբաժանման ղեկավարի աշխատանքային ծրագրով, որը համարվում է տվյալ ստորաբաժանման աշխատանքային ծրագիրը:

12. Կատարողականի գնահատման ցուցիչները պետք է բխեն տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված և տվյալ կառուցվածքային ստորաբաժանման իրավասություններին առնչվող նպատակներից և խնդիրներից և բնութագրեն դրանց պատշաճ իրականացման մակարդակը (ակնկալվող արդյունքը):

13. Կատարողականի դրական գնահատական է համարվում 70-100 միավորը: 95-100 միավորը համարվում է գերազանց արդյունք, 85-94 միավորը` լավ արդյունք, 70-84 միավորը` բավարար արդյունք, 70 միավորից ցածրը` անբավարար արդյունք, որը համարվում է բացասական գնահատական:

14. Փաստացի իրականացվող աշխատանքների գնահատման համար նախատեսված 100 միավորից աշխատանքային ծրագրով նախատեսված յուրաքանչյուր աշխատանքի (միջոցառման) համար հատկացվում է առավելագույնը 10 միավոր, որից 3-ը` աշխատանքները ժամանակին, 3-ը` աշխատանքներն ամբողջ ծավալով, իսկ 4-ը` պատշաճ որակով իրականացնելուն: Եթե աշխատանքային ծրագրով նախատեսված փաստացի իրականացվող աշխատանքների ընդհանուր թիվը (անվանումը) պակաս է 7-ից, ապա 100 միավորից մնացած մյուս միավորների ընդհանուր հանրագումարը բաժանվում է աշխատանքային ծրագրով նախատեսված փաստացի իրականացվող աշխատանքների ընդհանուր թվի միջև, որի արդյունքում ստացված միավորը հավասարապես հատկացվում է աշխատանքային ծրագրով նախատեսված փաստացի իրականացվող յուրաքանչյուր աշխատանքին` աշխատանքները ժամանակին, ամբողջ ծավալով և պատշաճ որակով իրականացնելուն հատկացնելով (գնահատելով) հավասար միավորներ:

15. Կատարողականի տարեկան գնահատականի արդյունքները հիմք են վերապատրաստման կարիքների գնահատման համար:

16. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները սույն հավելվածի 12-րդ կետով սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու ծառայողի լիազորությունները:

17. Կատարողականի տարեկան գնահատականը կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է:

18. Կատարողականը գնահատելիս և հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրը կազմելիս անմիջական ղեկավարը որոշում է ծառայողի հետագա վերապատրաստման կարիքները:

 

Ձև N 1

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

(պաշտոնի անվանումը)

 

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանքի   |Ակնկալվող|Կատարողականի|Աշխատանքի   |Մեկնաբանություն/|

|ը/կ|(միջոցառման)|արդյունքը|գնահատման   |(միջոցառման)|բացատրություն   |

|   |անվանումը   |         |ցուցիչը     |կատարման    |տրված           |

|   |            |         |            |ժամկետը     |գնահատականի     |

|   |            |         |            |            |համար           |

|___|____________|_________|____________|____________|________________|

| 1 |     2      |    3    |     4      |     5      |        6       |

|___|____________|_________|____________|____________|________________|

|1. |Անվանում 1. |         |            |            |                |

|___|____________|_________|____________|____________|________________|

|2. |Անվանում 2. |         |            |            |                |

|___|____________|_________|____________|____________|________________|

|3. |Անվանում 3. |         |            |            |                |

|___|____________|_________|____________|____________|________________|

|4. |Անվանում 4. |         |            |            |                |

|___|____________|_________|____________|____________|________________|

|5. |Անվանում 5. |         |            |            |                |

|___|____________|_________|____________|____________|________________|

|6. |Անվանում 6. |         |            |            |                |

|___|____________|_________|____________|____________|________________|

|7. |Անվանում 7. |         |            |            |                |

|   |Այլ ընթացիկ |         |            |            |                |

|   |կամ         |         |            |            |                |

|   |չպլանավորված|         |            |            |                |

|   |աշխատանքներ |         |            |            |                |

|___|____________|_________|____________|____________|________________|

|   |Ընդամենը    |         |X           |            |                |

._____________________________________________________________________.

 

Պետական ծառայողի ստորագրությունը

    Անունը, հայրանունը, ազգանունը       __________________________

 

Անմիջական ղեկավարի ստորագրությունը

    Անունը, հայրանունը, ազգանունը       __________________________»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հունիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2024
N 920-Ն
Որոշում