ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2024 թվականի N 1204-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով ու 21-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված N 2 հավելվածի` վարչապետի աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը`
1) ստեղծել Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչություն:
2. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ լրացումները`
i
1) 8-րդ կետի 14-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ ենթակետով`
«15) իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների մասնակցային կառավարման կառուցակարգերի և մեթոդաբանության մշակումը, մշտադիտարկում և գնահատում է մասնակցային կառավարման գործընթացները, իրականացնում է բաց կառավարման ծրագրերի իրականացումը և համագործակցությունը, աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խնդիրների լուծմանը:».
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.2-րդ կետով`
«42.2. Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչությունը`
1) ապահովում է պետական կառավարման համակարգի մարմիններում մասնակցային կառավարման գործընթացների թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները` մասնակցային կառավարման կառուցակարգերի և մեթոդների մշտադիտարկման, գնահատման, համապատասխան ցուցիչների և տվյալների հավաքագրման, մասնակցային կառավարման գործընթացների կարողությունների զարգացման, մշակույթի ձևավորման, խթանման և զարգացման միջոցով.
2) ապահովում է հանրային մասնակցության շրջանակներում կառավարություն- հանրություն երկխոսության և համագործակցության մեխանիզմների ստեղծման և զարգացման աշխատանքները.
3) ապահովում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ` ՔՀԿ) կայացմանն և զարգացմանն ուղղված գործընթացների իրականացման աշխատանքները.
4) ապահովում է մասնակցային և բաց կառավարման գործընթացներին ուղղված ազգային համակարգողի գործառույթները` ազգային ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման, համապատասխան աշխատանքային խմբի նիստերի կազմակերպման, այդ շրջանակներում պետական կառավարման համակարգի մարմինների և միջազգային գործընկերների հետ համագործակցության իրականացման աշխատանքները.
5) ապահովում է ՔՀԿ-ների և մասնագիտական ուղղվածությամբ կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները` ելնելով պետական կառավարման համակարգի մարմինների համար անհրաժեշտ կարիքներից.
6) ապահովում է թվային կամ էլեկտրոնային հարթակներում հանրային մասնակցությանը, հանրային վստահության բարձրացմանը, թվային մասնակցային գործիքների կատարելագործմանը, հետադարձ կապի ամրապնդմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը համապատասխան պետական մարմիններին.
7) ապահովում է միջազգային համապատասխան փորձի ուսումնասիրության և վերլուծության աշխատանքների իրականացումը, ինչի արդյունքում ապահովում է Հայաստանի Հանրապետությունում մասնակցային կառավարման ուղղությամբ ստանդարտների ադապտացմանն ու կիրառմանն ուղղված աշխատանքներին աջակցությունը.
8) ապահովում է ՔՀԿ-ների և մասնագիտական ուղղվածությամբ կազմակերպությունների կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունները պետական կառավարման համակարգի մարմիններին ներկայացնելու, հետադարձ կարծիքները համակարգելու աշխատանքները` անհրաժեշտության դեպքում իրականացնելով համապատասխան վերլուծություններ և ներկայացված եզրակացությունների ամփոփում.
9) ապահովում է իր գործունեության հետ կապված իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթների, անհրաժեշտության դեպքում դրանց հիման վրա իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.
10) ապահովում է վարչապետի աշխատակազմի իրավասությունների շրջանակում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգումը:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. դեկտեմբերի 26
Երևան