Սեղմել Esc փակելու համար:
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

14 ապրիլի 2026 թվականի N 30-Ն

 

«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 25-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 26-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել` «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին և ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների վերահսկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և առողջապահության նախարարի 2005 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 983-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի »»Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռենտգեն կաբինետների» N 2.6.3-004-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 26-Ն հրամանները:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    14.04.2026                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2026 թվականի ապրիլի 14-ի

թիվ 30-Ն հրամանի

 

«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին և ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ` Նորմատիվ) տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) և ատամնատեխնիկական լաբորատորիաների (այսուհետ` Լաբորատորիա) վրա` անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից:

2. Նորմատիվը սահմանում է Կազմակերպությունների և Լաբորատորիաների սենքերի ներքին հարդարմանը, կառուցվածքին, միկրոկլիմային, օդափոխությանը, լուսավորությանը, Կազմակերպությունների մաքրմանը և ախտահանմանը ներկայացվող պահանջներ:

3. Ռենտգեն սարքի տեխնիկական բնութագրի (անձնագրի) համաձայն` ռենտգեն սարքը կարող է տեղադրվել նաև Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակներում:

4. Կազմակերպության ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակը ապահովվում է ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներով, որոնց ցանկը սահմանված է Նորմատիվի Աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

Կազմակերպության ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակի

ճառագայթային պաշտպանության անհատական միջոցների ցանկ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ |Պաշտպանության միջոցների անվանումը                       |Քանակը |

|____|________________________________________________________|_______|

|1.  |Անձնակազմի համար`                                       |   1   |

|    |Ճառագայթապաշտպան մեծ շիրմա (այլ միջոցների բացակայության |       |

|    |դեպքում)                                                |       |

|____|________________________________________________________|_______|

|2.  |Պացիենտների համար`                                      |   1   |

|    |Գոգնոց ստոմատոլոգիական                                  |       |

|____|________________________________________________________|_______|

|3.  |Օձիք պաշտպանիչ                                          |   1   |

|____|________________________________________________________|_______|

|4.  |Սփռոց պաշտպանիչ (ստոմատոլոգիական գոգնոցի բացակայության  |   1   |

|    |դեպքում)                                                |       |

._____________________________________________________________________.

 

5. Կազմակերպությունները և Լաբորատորիաներն ապահովվում են խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներ սահմանող` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի պահանջներին համապատասխանող խմելու ջրի որակի հոսող ջրով:

6. Կազմակերպություններում բժշկական արտադրատեսակների մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբեր 13-ի N 139-Ն հրամանի:

7. Կազմակերպություններում բժշկական թափոնների գործածությունն իրականացվում է համաձայն բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջներ սահմանող` Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի:

8. Կազմակերպություններում և Լաբորատորիաներում պահպանվում են կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի խտություններ սահմանող` Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի պահանջները:

9. Կազմակերպությունների և Լաբորատորիաների բժշկական անձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն և 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշումներով սահմանված կարգով:

10. Կազմակերպությունում բժշկական անձնակազմի ձեռքերի հիգիենան իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 04-ի N 86-Ն հրամանի:

11. Կազմակերպություններն ապահովվում են առաջին բժշկական օգնության պահարաններով:

12. Բնակելի, հասարակական շենքերում և շինություններում տեղակայված Կազմակերպություններն ապահովվում են առանձին մուտքով:

13. Կազմակերպությունների և Լաբորատորիաների բժշկական անձնակազմն ապահովվում է բժշկական արտահագուստով, անհատական պաշտպանության միջոցներով` դիմակ, բժշկական գլխարկ, աչքի պաշտպանության միջոց (ակնոց կամ դիմային վահանակ) և ձեռնոց:

14. Կազմակերպություններում կիրառվում է միայն պատիճավորված ամալգամ պարունակող պլոմբանյութ, որը գործածվում է վերջինիս կիրառման հրահանգին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

15. Կազմակերպությունների և Լաբորատորիաների սենքերի պատերը լինում են հարթ և ամբողջական` առանց քիվերի:

16. Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակների և մանրէազերծման սենյակի, Լաբորատորիայի աշխատանքային սենյակների և ձուլարանի պատերը, առաստաղները և հատակներն ունենում են ջրակայուն, լվացվող և ախտահանվող մակերեսներ:

17. Կազմակերպությունների և Լաբորատորիաների բոլոր սենքերի դռներն և պատուհաններն ունենում են ջրակայուն, լվացվող և ախտահանվող մակերեսներ:

 

ԳԼՈՒԽ 3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

18. Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակում տեղադրվում է ոչ ավելի, քան 4 բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք, բացառությամբ վիրաբուժական ստոմատոլոգիական կլինիկական աշխատանքային սենյակի` որտեղ տեղադրվում է ոչ ավելի, քան 2 բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք:

19. Միևնույն կլինիկական աշխատանքային սենյակում տեղադրված բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարքերը միմյանցից բաժանվում են առնվազն 1,5 մետր բարձրությամբ անթափանց շարժական կամ անշարժ միջնապատերով:

20. Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակներն ու սանհանգույցները, Լաբորատորիաների աշխատանքային սենյակներն ու սանհանգույցներն ապահովվում են լվացարանով, իսկ Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակները` նաև բժշկական անձնակազմի ձեռքերի լվացման համար նախատեսված առանձին լվացարանով:

21. Լվացարաններն ապահովվում են դաստակային կամ ոտնակային կամ զգայական (սենսոր) ծորակներով:

22. Լաբորատորիաների լվացարաններից ջրահեռացման համակարգ բաց է թողնվում գիպսից ազատված կեղտաջրեր:

23. Կազմակերպությունների բոլոր կլինիկական աշխատանքային սենյակները և մանրէազերծման սենյակն ապահովվում են մանրէասպան ճառագայթիչներով կամ օդի վարակազերծիչ այլ սարքերով, որոնք շահագործվում են իրենց տեխնիկական անձնագրին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

24. Կազմակերպությունների և Լաբորատորիաների ջեռուցման համակարգի (սարքի) մակերեսները լինում են հարթ, հեշտ մաքրվող: Չի թույլատրվում ջեռուցման էլեկտրական սալիկների օգտագործումը:

25. Կազմակերպություններում և Լաբորատորիաներում պահպանվում են միկրոկլիմային ներկայացվող պահանջները: Մշտական աշխատատեղերում (բժշկական անձնակազմի 2 ժամից ավելի անընդմեջ աշխատելու դեպքում) միկրոկլիմային ներկայացվող պահանջները սահմանված են Նորմատիվի Աղյուսակ 2-ում, իսկ ժամանակավոր աշխատատեղերում` Նորմատիվի Աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 2

 

Մշտական աշխատատեղերում միկրոկլիմային ներկայացվող պահանջներ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Տարվա եղանակ      |Ջերմաստիճան  |Օդի հարաբերական   |Օդի շարժման  |

|   |                  |(oC)         |խոնավություն (%)  |արագություն  |

|   |                  |             |                  |(մ/վրկ)      |

|___|__________________|_____________|__________________|_____________|

|1. |Սառը և  անցումային|    18-23    |       60-40      |     0,2     |

|   |(օրվա միջին       |             |                  |             |

|   |ջերմաստիճանը      |             |                  |             |

|   |+10 oC և  ցածր)   |             |                  |             |

|___|__________________|_____________|__________________|_____________|

|2. |Տաք (օրվա միջին   |    21-25    |       60-40      |     0,2     |

|   |ջերմաստիճանը      |             |                  |             |

|   |+10 oC-ից բարձր)  |             |                  |             |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Ժամանակավոր աշխատատեղերում միկրոկլիմային ներկայացվող պահանջներ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Տարվա եղանակ      |Ջերմաստիճան  |Օդի հարաբերական   |Օդի շարժման  |

|   |                  |(oC)         |խոնավություն (%)  |արագություն  |

|   |                  |             |                  |(մ/վրկ)      |

|___|__________________|_____________|__________________|_____________|

|1. |Սառը և  անցումային|    17-25    |   ոչ ավելի 75    |   0,2-0,3   |

|   |(օրվա միջին       |             |                  |             |

|   |ջերմաստիճանը      |             |                  |             |

|   |+10 oC և  ցածր)   |             |                  |             |

|___|__________________|_____________|__________________|_____________|

|2. |Տաք (օրվա միջին   | ոչ ավելի 28 |   ոչ ավելի 65    |   0,2-0,5   |

|   |ջերմաստիճանը      |             |                  |             |

|   |+10 oC-ից բարձր)  |             |                  |             |

._____________________________________________________________________.

 

26. Կազմակերպության կլինիկական աշխատանքային սենյակներն ու մանրէազերծման սենյակն ապահովվում են մեխանիկական դրդմամբ ներհոս-արտաձիգ օդափոխության անհատական համակարգով:

27. Լաբորատորիաների աշխատանքային սենյակներն ու ձուլարանն ապահովվում են մեխանիկական դրդմամբ ներհոս-արտաձիգ օդափոխության անհատական համակարգով` ներառյալ օդաքարշիչները, որի խողովակի բացվածքը շենքի տանիքից պետք է լինի առնվազն 1 մետր բարձր:

28. Ինքնուրույն օդափոխության համակարգեր նախատեսվում են Կազմակերպության ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակի և սանհանգույցների, ինչպես նաև Լաբորատորիայի սանհանգույցների համար:

29. Լաբորատորիայի աշխատանքային սենյակների ատամնատեխնիկական սեղաններն ապահովվում են կից փոշեկուլով:

 

ԳԼՈՒԽ 5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

30. Կազմակերպությունների և Լաբորատորիաների լուսավորությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով և Նորմատիվով սահմանված պահանջներին:

31. Կազմակերպությունների և Լաբորատորիաների բոլոր սենքերն ապահովվում են արհեստական լուսավորությամբ:

32. Կազմակերպությունների բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարքերը և Լաբորատորիաների աշխատանքային սենյակների աշխատասեղաններն ապահովվում են տեղային լուսավորությամբ:

33. Կազմակերպությունների և Լաբորատորիաների աշխատանքային մակերեսների հորիզոնական լուսավորվածության մակարդակների համար ընդհանուր արհեստական լուսավորության նորմերը սահմանվում են` համաձայն Նորմատիվի Աղյուսակ 4-ի:

 

Աղյուսակ 4

 

Կազմակերպությունների և Լաբորատորիաների աշխատանքային մակերեսների

հորիզոնական լուսավորվածության մակարդակների համար ընդհանուր

արհեստական լուսավորության նորմեր

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Սենքերի անվանումը                    |Ընդհանուր լուսավորվածության|

|   |                                     |          մակարդակը        |

|   |                                     |___________________________|

|   |                                     |Լյումինեսցենտային |Շիկացման|

|   |                                     |լամպեր (լյուքս)   |լամպեր  |

|   |                                     |                  |(լյուքս)|

|___|_____________________________________|__________________|________|

|1. |Կազմակերպությունների կլինիկական      |       500        |   200  |

|   |աշխատանքային սենյակներ, Լաբորատորիայի|                  |        |

|   |հիմնական աշխատանքների համար          |                  |        |

|   |նախատեսված սենյակներ                 |                  |        |

|___|_____________________________________|__________________|________|

|2. |Լաբորատորիայի գիպսային, պոլիմերացման |       400        |   200  |

|   |և  փայլեցման աշխատանքների համար      |                  |        |

|   |նախատեսված սենյակներ                 |                  |        |

|___|_____________________________________|__________________|________|

|3. |Կազմակերպության ճառագայթային         |       200        |   100  |

|   |ախտորոշման (ռենտգեն) սենյակներ,      |                  |        |

|   |Լաբորատորիայի ճենապակյա և            |                  |        |

|   |մետաղճենապակյա կառույցների պատրաստման|                  |        |

|   |համար նախատեսված սենյակներ և         |                  |        |

|   |ձուլարաններ                          |                  |        |

|___|_____________________________________|__________________|________|

|4. |Կազմակերպության մանրէազերծման սենյակ,|        150       |   75   |

|   |սպասասրահ                            |                  |        |

|___|_____________________________________|__________________|________|

|5. |Աստիճանավանդակներ, նախամուտք         |        100       |   50   |

|___|_____________________________________|__________________|________|

|6. |Կազմակերպության մաքրման պարագաների   |         -        |   30   |

|   |պահման համար նախատեսված սենքեր       |                  |        |

|___|_____________________________________|__________________|________|

|7. |Սանհանգույց                          |        75        |   30   |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

34. Կազմակերպություններում մաքրման և ախտահանման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են Լիազոր մարմնի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց ունեցող ախտահանիչ միջոցներ (այսուհետ` Միջոցներ):

35. Կազմակերպություններն ապահովվում են Միջոցների աշխատանքային լուծույթների պահման համար նախատեսված առանձին տարաներով, որոնք մակնշվում են Միջոցի անվանման, խտության, կիրառման նշանակության, պատրաստման ամսաթվի (օր, ամիս, տարի), պիտանիության ժամկետի վերաբերյալ:

36. Միջոցների հետ աշխատելու ժամանակ պահպանվում են անվտանգության կանոնները` Միջոցին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

37. Կազմակերպություններում կիրառվում են պացիենտի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման գոգնոցներ:

38. Բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարքի (գործիքների սեղանիկը, ղեկավարման վահանակը, օդային ատրճանակը, լուսատուն, թքամանը, բազկաթոռի գլխահենակը և արմնկահենակը) մակերեսների ախտահանումն իրականացվում է յուրաքանչյուր պացիենտից հետո:

39. Կազմակերպության տարածքի խոնավ մաքրումն իրականացվում է առնվազն օրը 2 անգամ հաճախականությամբ (աշխատանքային օրվա սկզբում և յուրաքանչյուր հերթափոխից հետո) և ըստ անհրաժեշտության` օգտագործելով լվացող միջոցներ և Միջոցներ:

40. Կազմակերպությունում օգտագործվում են մակնշված մաքրման պարագաներ (կլինիկական աշխատանքային սենյակների, միջանցքների, սանհանգույցների և այլ սենքերի համար առանձին) և պահվում են մաքրման պարագաների պահման համար նախատեսված սենքերում կամ աշխատանքային սենյակներից դուրս տեղակայված պահարանների մեջ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
14.04.2026
N 30-Ն
Հրաման