Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ Վ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան  քաղաքի առաջին ատյանի                 ԵԴ1/1170/01/23

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ա. Դանիելյան

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Վ. Մարգարյան

դատավորներ`        Լ. Աբգարյան

                                Ռ. Պապոյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

մասնակցությամբ

                       դատավորներ`     Ս. Ավետիսյանի

                                       Հ. Գրիգորյանի

                                       Ա. Դանիելյանի

                                       Լ. Թադևոսյանի

                                       Ա. Պողոսյանի

                                    

14 նոյեմբերի 2025 թվական

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վահե Նորիկի Ղալթախչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի հուլիսի 4-ին Վահե Նորիկի Ղալթախչյանը ձերբակալվել է:

2023 թվականի հուլիսի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի և 396-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 14825223 քրեական վարույթը:

2023 թվականի հուլիսի 6-ին Վ. Ղալթախչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ մեղադրյալ Վ. Ղալթախչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը` 2 (երկու) ամիս ժամկետով:

2023 թվականի օգոստոսի 22-ին քրեական վարույթը` հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռով մեղադրյալ Վ. Ղալթախչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Վ. Ղալթախչյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում` 3 (երեք) տարի 10 (տասը) ամիս 3 (երեք) օր ժամկետով:

3. Մեղադրյալ Վ. Ղալթախչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ բողոքը բավարարել է` Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 24-ի դատավճիռը փոփոխել` Վ. Ղալթախչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և սահմանելով փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով: Վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանի` ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ հետևություններն անհիմն են, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ` նյութական օրենքի խախտում, ինչն ազդել է վարույթի ելքի վրա:

Բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Ըստ բողոքաբերի` մեղադրյալի դատվածություն չունենալու հանգամանքն ինքնին պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք չէ: Անդրադառնալով մեղադրյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մյուս հանգամանքներին, մասնավորապես` երիտասարդ լինելուն, մեղքն ընդունելուն, անկեղծորեն զղջալուն, վատառողջ լինելուն և խնամքին կենսաթոշակառու մայր ունենալուն, բողոքաբերը փաստել է, որ դրանց ազդեցությունը նշանակվող պատժի տեսակի և չափի վրա կախված է դրանց մեղմացնող նշանակությունից, որոշվում է այդ հանգամանքների էության, արժեքի և կատարված արարքի հետ դրանց հարաբերակցության գնահատմամբ:

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ մեղադրյալին մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է պատիժ միայն ազատազրկման ձևով` չորսից ութ տարի ժամկետով, իսկ սուբյեկտիվ կողմից այն դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ:

Բողոքաբերն արձանագրել է նաև, որ տվյալ դեպքում հայտնաբերված խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը փաթեթավորված է եղել 33 առանձին փաթեթների մեջ և նախատեսված է եղել իրացնել ոչ թե մեկ, այլ 33 տարբեր անձանց: Իսկ մեղադրյալ Վ. Ղալթախչյանը հանցավոր շղթայի վերջին օղակներից ամենակարևորն է եղել, և նրա կողմից թմրամիջոցների չափաբաժինների տեղադրման արդյունքում էր հնարավոր լինելու ավարտին հասցնել ավելի քան 3 տասնյակ անձանց թմրամիջոցների ապօրինի իրացման գործընթացը:

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է մեղադրյալ Վահե Ղալթախչյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի ապրիլի 9-ի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Վահե Ղալթախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ «(...) նա շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով ձեռք է բերել և պահել խոշոր չափերով թմրամիջոց:

Այսպես` Վահե Նորիկի Ղալթախչյանը, խախտելով «թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործող/ նյութերի մասին» 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է` չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցի շրջանառություն իրականացնելու` այն ձեռք բերելու և պահելու թույլտվություն, 2023 թվականի մայիս ամսին` քննությամբ դեռևս չպարզված օրը, «Տելեգրամ» հավելվածով ծանոթացել է քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի` նշված հավելվածի «Սատիվա» օգտատիրոջ հետ, վերջինիս հետ ձեռք բերել համաձայնություն` Երևան քաղաքի տարբեր հատվածներում թմրանյութի փաթեթներ տեղադրելու և յուրաքանչյուր տեղադրված փաթեթի դիմաց 2000 ՀՀ դրամի «դաշքոին» կրիպտոարժույթ ստանալու մասին, ինչից հետո «Սատիվա» օգտատիրոջից «Տելեգրամ» հավելվածով պարբերաբար ստացել է թմրանյութի փաթեթների գտնվելու վայրերի կոորդինատները, դրանք վերցրել, տեղադրել է Երևան քաղաքի տարբեր հատվածներում ու իր կողմից տեղադրված թմրամիջոցների գտնվելու վայրերի կոորդինատները ուղարկել «Սատիվա» օգտատիրոջը:

Վահե Նորիկի Ղալթախչյանն իր և «Տելեգրամ» հավելվածի «Սատիվա» օգտատիրոջ պայմանավորվածության համաձայն, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով, այն է` թմրանյութով լցված փաթեթները Երևան քաղաքի տարբեր վայրերում տեղադրելու և յուրաքանչյուր տեղադրված փաթեթի համար 2000 ՀՀ դրամի կրիպտոարժույթ ստանալու համար ձեռք է բերել խոշոր չափերով` ընդհանուր 25,17 գրամ Մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից 24,28 գրամը հայտնաբերվել է 2023 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում` Վահե Նորիկի Ղալթախչյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված 32 փաթեթներում, իսկ 0,89 գրամը` Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի 17ա/2 հասցեին հարակից հատվածի խոտածածկ տարածքից»(1):

 

_______________________________

1) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 32-33:

 

8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը որպես մեղադրյալ Վահե Ղալթախչյանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկում այն, որ նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել` տվել մանրամասն խոստովանական ցուցմունքներ, զղջացել է իր կատարած արարքի համար, հայտնել իր կողմից թմրամիջոցի ձեռքբերման հանգամանքները (...):

(...) Վերը մեջբերված իրավական նորմերում և դիրքորոշումներում սահմանված չափանիշների համատեքստում մեղադրյալ Վահե Ղալթախչյանի նկատմամբ պատժի տեսակը որոշելիս Դատարանը հաշվի է առնում հետևյալը.

- նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ նրան մեղսագրված է արարքը բնակչության առողջության դեմ ուղղված, դիտավորյալ, շահադիտական դրդումներով կատարված ծանր հանցագործություն, թմրանյութը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը վտանգավորության և անձի օրգանիզմի վրա ազդեցության հարաբերականորեն նվազ աստիճան ունի, դրա չափը 25,17 գրամ է, որը կրկնակի գերազանցում է թմրամիջոցի այդ տեսակի համար սահմանված խոշոր չափի նվազագույն սահմանը (12,5 գրամ) (տե՛ս սույն դատավճռի 21-րդ կետը), շուրջ երկու ամիսների ընթացքում պարբերաբար ստացել է թմրանյութի փաթեթների գտնվելու վայրերի կոորդինատները, դրանք վերցրել, տեղադրել է Երևան քաղաքի տարբեր հատվածներում ու իր կողմից տեղադրված թմրամիջոցների գտնվելու վայրերի կոորդինատները ուղարկել «Սատիվա» օգտատիրոջը (կատարման ժամանակահատվածը և եղանակը),

- խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը,

- թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը,

- պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող, սույն դատավճռի 19.1-րդ կետում նշված հանգամանքը, ինչպես նաև պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը,

- անձը բնութագրող հանգամանքները, այդ թվում` նրա տարիքը, այն, որ վատառողջ է (տե՛ս սույն դատավճռի 12-13-րդ կետերը), վերջինիս խնամքին է կենսաթոշակառու մայրը (տե՛ս սույն դատավճռի 14-16-րդ կետերը):

Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում մեղադրյալ Վ. Ղալթախչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարման համար պետք է նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափը` ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով (...):

Այս համատեքստում Մեղադրյալ Վ. Ղալթախչյանի կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի (տե՛ս սույն դատավճռի 21.2-րդ կետը) պատշաճ գնահատման պայմաններում նրա անձը բնութագրող հանգամանքները (տե՛ս սույն դատավճռի 21.2-րդ կետը), ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքը (տե՛ս սույն դատավճռի 19.1-րդ կետը) բավարար չեն հանգելու այնպիսի համոզման, որ պատժի նպատակների, հատկապես` սոցիալական արդարությունը վերականգնելու և նմանատիպ հանցագործությունները կանխելու նպատակների իրականացումը հնարավոր է առանց նրա կողմից պատիժը կրելու:

Հետևաբար գտնում է, որ մեղադրյալ Վ. Ղալթախչյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը (...)»(2):

 

_______________________________

2) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 56-61:

 

9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Վահե Ղալթախչյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու` հաշվի առնելով նրա անձը բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքը, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև նրա կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` հանցագործության կատարման հանգամանքներն ու նրա գործողությունների վտանգավորության աստիճանը:

Նման հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում հետևյալ հանգամանքները`

- մեղադրյալ Վ. Ղալթախչյանը համարվում է դատվածություն չունեցող,

- մեղադրյալ Վ. Ղալթախչյանը բնակվում է 1955թ. ծնված, կենսաթոշակառու մոր հետ, և ըստ էության հանդիսանում է նրա միակ խնամակալը, հետևաբար ազատազրկման ձևով պատիժ կրելը կարող է ծանր անդրադառնալ նրա ընտանիքի անդամի վրա,

- մեղադրյալ Վ. Ղալթախչյանը ունի առողջական խնդիրներ, մասնավորապես նա 2010 թվականից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում` «Սեռական զարգացման և կողմնորոշման հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումներ» ախտորոշմամբ: Բացի այդ 27.10.2023թ. տրված տեղեկանքի համաձայն Վահե Ղալթախչյանի մոտ ախտորոշվել է «կարդիալ փականի անբավարարություն, ռեֆլյուքս էզոֆագիտ, մակերեսային գաստրիտ, բուլբիտ»,

- մեղադրյալ Վ. Ղալթախչյանը երիտասարդ է, կատարել է համեմատաբար նվազ վտանգավորություն ունեցող` «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացնելու նպատակով ապօրինի ձեռքբերում,

- մեղադրյալ Վ. Ղալթախչյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, աջակցել է հանցագործության բացահայտմանը, տրամադրել է իր բջջային հեռախոսի գաղտնաբառը և այն էջը, որտեղից ձեռք է բերել թմրամիջոցը, մատնացույց է արել այն վայրերը, որտեղ թմրամիջոց է տեղադրել, որտեղից հայտնաբերվել և վերցվել է մեկ փաթեթ, որոնք նվազեցում են կատարած արարքի հանրային վտանգավորությունը,

- մեղադրյալ Վ. Ղալթախչյանը 1 ամիս 27 օր գտնվել է կալանքի տակ, այնուհետև նրա նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված խափանման միջոցներ և այդ ընթացքում նրա կողմից բացասական վարքագիծ դրսևորելու վերաբերյալ քրեական գործի նյութերում տեղեկություններ չկան,

- բացակայում են պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները (...):

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերոգրյալը` մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված հանգամանքների համակցության մեջ, էապես նվազեցնում է ինչպես մեղադրյալ Վահե Ղալթախչյանի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ օբյեկտիվորեն գոյություն ունեցող վերը նշված տվյալների համակցությունը վկայում է, որ Վահե Ղալթախչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու, 2 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու և նրա վրա առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության ՀՀ տարածքը չլքելու, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականություն դնելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը: Ընդ որում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով առավել արդյունավետ կիրացվի պատժի նպատակներից հատկապես վերասոցիալականացումը (...)»(3):

 

_______________________________

3) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 50-55:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ Վ. Ղալթախչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում(4): Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:

 

_______________________________

4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

 

12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա(5)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն(6):

 

_______________________________

5) Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ` նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը` (...)

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

(...)

2) շահադիտական դրդումներով,

3) խոշոր չափերով,

(...)

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով»:

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Վահե Ղալթախչյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար(7):

 

_______________________________

7) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ պատժի նպատակների իրականացումը, հատկապես` սոցիալական արդարության վերականգնումը և նմանատիպ հանցագործությունների կանխումը, հնարավոր չէ առանց Վ. Ղալթախչյանի կողմից պատիժը կրելու(8):

 

_______________________________

8) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը, փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, հանգել է հետևության, որ Վ. Ղալթախչյանի ուղղմանը և պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը հնարավոր է հասնել Վ. Ղալթախչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով(9):

 

_______________________________

9) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

14. Վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալ Վ. Ղալթախչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Վ. Ղալթախչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանի կողմից Վ. Ղալթախչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ. Ղալթախչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալի և նրա կողմից կատարած հանցավոր արարքների բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը` այն, որ մեղադրյալին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը` իրացնելու նպատակով,

բ) մեղադրյալի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանրացնող երկու հանգամանք, մասնավորապես արարքը շահադիտական դրդումներով և խոշոր չափերով կատարելը,

գ) հանցագործության առարկան և դրա չափը, մասնավորապես այն, որ մեղադրյալին մեղսագրվում է խոշոր չափերով` 25,17 գրամ, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն` իրացնելու նպատակով,

դ) հանցագործության եղանակը, այն, որ մեղադրյալը, տելեգրամյան ալիքի անհայտ օգտատիրոջից, Երևան քաղաքի տարբեր հատվածներից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել, պահել և տեղափոխել թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել և վերցվել են վերջինիս անձնական խուզարկությամբ:

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Վ. Ղալթախչյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեր վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի` մեղադրյալ Վ. Ղալթախչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները, բավարար չեն կարող համարվել` ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Վ. Ղալթախչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանի կողմից Վ. Ղալթախչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

17. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վ. Ղալթախչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Վահե Ղալթախչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար, անհրաժեշտ է Վ. Ղալթախչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռին: Վ. Ղալթախչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը` ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռով նշանակված` 3 (երեք) տարի 10 (տասը) ամիս 3 (երեք) օր ժամկետով ազատազրկումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վահե Նորիկի Ղալթախչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

Նախագահող` Հ. Ասատրյանի

Դատավորներ` Ս. Ավետիսյանի

Հ. Գրիգորյանի

Ա. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3041

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.11.2025
N ԵԴ1/1170/01/23
Որոշում