Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 166-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 166-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Լոռու մարզի առաջին ատյանի                   ԼԴ/0115/01/24

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Լ. Սեփխանյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ա. Մաթևոսյան

դատավորներ`        Ա. Բեկթաշյան

                                     Ա. Ղուկասյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

մասնակցությամբ

                       դատավորներ`     Ս. Ավետիսյանի

                                       Հ. Գրիգորյանի

                                       Ա. Դանիելյանի

                                       Լ. Թադևոսյանի

                                       Ա. Պողոսյանի

 

16 հունվարի 2026 թվական

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի փետրվարի 17-ի որոշման դեմ մեղադրյալ Արեն Կարենի Սոխակյանի պաշտպան Ա. Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2024 թվականի փետրվարի 24-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է թիվ 55-0102-24 քրեական վարույթը և նույն օրը Արեն Կարենի Սոխակյանը ձերբակալվել է:

2024 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ Արեն Կարենի Սոխակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, և նրան 2024 թվականի փետրվարի 26-ին մեղադրանք է ներկայացվել:

2024 թվականի փետրվարի 27-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղադրյալ Ա. Սոխակյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը` 2 ամիս ժամկետով:

2024 թվականի մարտի 14-ին որոշում է կայացվել Ա. Սոխակյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին` ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

2024 թվականի մարտի 21-ին քրեական վարույթը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մարտի 28-ի որոշմամբ մեղադրյալ Ա. Սոխակյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է` 3 ամիս ժամկետով:

Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մայիսի 14-ի որոշմամբ Ա. Սոխակյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցը` տնային կալանքը փոխվել է և նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

2. Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճռով` մեղադրյալ Ա. Սոխակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է մեղադրյալ Ա. Սոխակյանի փաստացի անազատության մեջ գտնվելու 2 (երկու) ամիս 20 (քսան) օրը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 10 (տասը) օր ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով` Ա. Սոխակյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա: Ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Հ. Մարգարյանը և մեղադրյալ Ա. Սոխակյանի պաշտպան Ա. Մաթևոսյանը:

3. Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2025 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը` մերժվել: Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճիռը պատժի մասով փոփոխվել է, ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելը` վերացվել:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա. Սոխակյանի պաշտպան Ա. Մաթևոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, մասնավորապես` սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ, 69-րդ, 84-րդ, 166-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 22-րդ հոդվածներով նախատեսված իրավադրույթները, ինչն ազդել է վարույթի ելքի վրա` հանգեցնելով հանցանք կատարած անձի` անհամաչափ խիստ պատժի դատապարտման:

5.1. Բողոքի հեղինակի պնդմամբ, քրեական վարույթի նյութերում առկա չէ որևէ ապացույց, որը բավարար կլիներ փաստելու, որ մեղադրյալ Արեն Սոխակյանն իր մոտ առկա դանակը նախապես հարմարեցրել է տուժողի առողջությանը վնաս պատճառելու նպատակով, որպիսի պայմաններում իրատեսական չէ այն կանխատեսումը, թե մեղադրյալը կարող էր ենթադրել տուժողի հետ հանդիպելու և նրանց միջև վիճաբանություն ծագելու հանգամանքը: Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները չեն վկայում, որ մեղադրյալի և տուժողի միջև նախկինում որևէ թշնամական վերաբերմունք, անձնական հակասություն է եղել, այլ ընդհակառակը` գործի նյութերով հաստատվում է մեղադրյալի և տուժողի միջև ընկերական կապի առկայությունը, և վեճը պատահական ծագելու հանգամանքը: Բողոքաբերը փաստել է նաև, որ ցուցմունքներից պարզ է դառնում տուժողի կողմից վիճաբանությունը սկսելու փաստը, որն ուղղորդվել է հարվածներով, հայհոյանքներով, որպիսի հանգամանքը վկայում է, որ մեղադրյալը չէր կարող ունենալ վիճաբանելու նպատակ և այդ նպատակն իրականացնելու համար նախապես հարմարեցրած առարկա կամ միջոց:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հաստատելով Առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափությունը, միաժամանակ որպես նախապես հարմարեցված առարկա է դիտարկել դեպքից անմիջապես առաջ դանակը մեղադրյալի կողմից իր հետ վերցնելու, գրպանում պահելու և դեպքից առաջ դրանով հարվածելու փաստը` նման հանգամանքը հիմնավորող որևէ ապացույցի բացակայության պայմաններում:

5.2. Բողոքի հեղինակը փաստել է նաև, որ Վերաքննիչ դատարանն Արեն Սոխակյանի անձը բնութագրող և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները պատշաճ վերլուծության չի ենթարկել Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում, ինչն էլ հանգեցրել է ոչ հիմնավոր որոշման կայացման: Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի վերլուծել անձը բնութագրող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, հատկապես մեղայականով ներկայանալու հանգամանքը, տուժողի կողմից մեղադրյալին հարվածելը, հայհոյելը, բողոք չունենալը և պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացրել է:

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, կամ ամբողջությամբ բեկանել կամ փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը և Արեն Սոխակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում` վերջինիս դատապարտելով ազատազրկման` 3 տարի ժամկետով, և պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան, կամ պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արեն Սոխակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ «Նա, ոչ սթափ (հարբած) վիճակում 2024 թվականի փետրվարի 24-ին, ժամը 18-ի սահմաններում, ******** քաղաքի ******* *********-րդ թաղամասի **-րդ շենքի և ******** **** ****** ********* միջև անցնող փողոցում, վեճի ընթացքում դանակի գործադրմամբ մեկ անգամ հարվածել է Կ.Գ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս (...)» (1):

 

___________________________

1) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 209-216:

 

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) Դատարանը, ղեկավարվելով քրեադատավարական օրենսդրությամբ, ներառյալ ապացուցման չափանիշների մասին վերաբերելի կանոններով, ապացույցները գնահատելով դրանց պատշաճ հետազոտման և վերլուծության վրա հիմնված ներքին համոզմամբ հաստատված է համարում, որ մեղադրյալ Արեն Կարենի Սոխակյանը և տուժող Կ.Գ.-ը ճանաչել են միմյանց և ունեցել ընկերական հարաբերություններ: 2024 թվականի փետրվարի 24-ին Արեն Սոխակյանը տանն օգտագործել է ալկոհոլ` ժամը 18:00-ի սահմաններում հանդիպել է Կ.Գ.-ին, զրուցել են, որի ընթացքում վիճաբանել են կենցաղային հարցի շուրջ, վիճաբանության ընթացքում Կ.Գ.-ը հայհոյել է մեղադրյալին և մեկ անգամ ձեռքով ապտակել նրան, որից հետո Արեն Սոխակյանը մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի դիտավորությամբ գրպանից հանել է դանակը, բացել և մեկ անգամ հարվածել է Կ.Գ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

(...)

Քննարկվող հանցանքը համարվում է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարված, երբ հանցավորը նպատակային նշանակությամբ կիրառում է զենք կամ մարմնական վնասվածք պատճառելու նպատակով` որոշակի առարկա կամ միջոց: Ընդ որում, ի տարբերություն զենքի, նշված առարկան կամ միջոցը պետք է նախապես (մինչև տվյալ հանցագործությունն սկսելը) պատրաստված կամ հարմարեցված լինի մարմնական վնասվածք պատճառելու համար: Մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկա կամ միջոց ասելով` պետք է հասկանալ բոլոր այն կենցաղային նշանակության կամ արտաքին աշխարհի այլ առարկաները, որոնց կիրառմամբ հանցավորը կարող է զրկել տուժողին կյանքից կամ վնաս պատճառել նրա առողջությանը: Նախապես պատրաստված կամ հարմարեցված լինելը նշանակում է, որ հանցավորը նշված առարկաները կամ միջոցները մարմնական վնասվածք պատճառելու համար ձեռք է բերում, ստեղծում, մշակում կամ այլ կերպ պիտանի (կիրառելի) է դարձնում մինչև հանցանքը սկսելը:

Հարկ է փաստել, որ տարբեր է վտանգավորությունն այն իրավիճակների միջև, երբ գործիքը կամ միջոցն անձը նախապես պատրաստել կամ հարմարեցրել է առողջությանը կամ կյանքին վնաս պատճառելու համար և այն իրավիճակների միջև, երբ դրանք պատահաբար, իրադրութային են հայտնվում հանցավորի տիրապետության տակ: Այստեղ խոսքը ոչ թե որպես զենք օգտագործվող առարկայի, այլ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրման մասին է: Օրենսդիրը ելել է այն գաղափարից, որ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ հանցանքի կատարումն է իրականում վկայում անձի բարձր հանրային վտանգավորության մասին, այլ ոչ թե որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ առողջությանը վնաս պատճառելը, երբ առարկան վերցվել է դեպքի վայրից: Դեպքի վայրից վերցրած առարկայով պատճառված վնասը կորակվի ըստ փաստացի առաջացած հետևանքի:

Վերը նշվածի լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները, Դատարանն արձանագրում է, որ ըստ մեղադրյալի ցուցմունքի վերջինս իր գրպանում ունեցել է փակ դանակ, տուժողի կողմից իրեն հայհոյելուց և ապտակելուց հետո գրպանից հանել է դանակը, մի ձեռքով բռնել է, իսկ մյուսով բացել և 1 անգամ հարվածել տուժողին, այնուհետև տեսնելով, որ իրենց է մոտենում ոստիկանության աշխատակիցը, դանակը դրել է գրպանը: Նման պայմաններում Դատարանը փաստում է, որ մեղադրյալն իր մոտ պահած դանակը նախապես` մինչև հանցանք կատարելը հարմարեցրել է` հանել գրպանից, բացել և դրա գործադրմամբ կատարել է հանցանք: Դատարանը նշված հիմնավորմամբ համակարծիք չէ պաշտպանական կողմի այն պնդմանը, որ մեղադրյալին մեղսագրվող արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով (...):

(...)

Վերը մեջբերված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո մեղադրյալ Արեն Սոխակյանի նկատմամբ պատժի չափը որոշելիս Դատարանը հաշվի է առնում վերջինիս կողմից կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ծանրացնող հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, այն, որ տուժողի հետ հաշտվել են, տուժողը հայտնել է, որ բողոք պահանջ չունի: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ Արեն Սոխակյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված ազատազրկում պատժատեսակի նվազագույնի չափով:

(...)

Մեղադրյալը հանցանքը կատարելուց անմիջապես հետո հանցագործության գործիքը` դանակը, հանձնել է ոստիկանության աշխատակցին, որից հետո մեղայականով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարածի համար, տուժողի հետ հաշտվել են, տուժողի հետ ունեցել են և ունեն ընկերական հարաբերություններ, գնահատելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման հանգամանքները, եղանակն ու գործիքը, խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հասցված մարմնական վնասվածքի քանակը, հաշվի առնելով նաև տուժողի վարքագիծը, մեղադրյալ Ա. Սոխակյանի անձը բնութագրող տվյալները, Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արեն Սոխակյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու և այդ կերպ հնարավոր է հասնել պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը:

Պատիժը պայմանականորեն չկիրառելով Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ մեղադրյալը երիտասարդ է` հանցանքը կատարել է 20 տարեկան հասակում, դրսևորել է պարկեշտ վարքագիծ, տուժողի հետ ընկերներ են, և դատական նիստերի ընթացքում Դատարանի մոտ համոզմունք է առաջացել, որ վերջինս զղջում է կատարած արարքի համար, գիտակցել է կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և Դատարանի գնահատմամբ ազատազրկման ձևով պատիժը կարող է բացասաբար անդրադառնալ մեղադրյալի հետագա կյանքի և վարքագծի վրա, (...) նման պայմաններում Դատարանի գնահատմամբ մեղադրյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում է արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից: Մասնավորապես` ազատազրկման ձևով պատժի նշանակումը բացասական ազդեցություն կունենա նրա կյանքի կենսապայմանների վրա: Այսպիսով, բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկելով հանցավորի անձը, տարիքը, Դատարանը հանգում է եզրակացության, որ Արեն Սոխակյանի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու»(2):

 

___________________________

2) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 151-170:

 

9. Վերաքննիչ դատարանը, մասնակի փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) ՀՀ գործող քրեական օրենսգրքի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ նոր կարգավորումներով նախատեսվել է մարմնական վնասվածք պատճառելու համար զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու ծանրացնող հանգամանքը: Նոր օրենսգրքում խոսվում է ոչ թե որպես զենք օգտագործվող առարկայի, այլ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրման մասին: Օրենսդիրը ելնում է այն գաղափարից, որ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ հանցանքի կատարումն է իրականում վկայում անձի բարձր հանրային վտանգավորության մասին, այլ ոչ թե որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ առողջությանը վնաս պատճառելը, երբ առարկան կարող է վերցվել նաև դեպքի վայրից: Դեպքի վայրից վերցրած առարկայով պատճառված վնասը կորակվի ըստ փաստացի առաջացած հետևանքի:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` բոլոր այն դեպքերը, երբ անձը նախապես իր հետ վերցնում և իր մոտ է պահում մարմնական վնասվածք պատճառելուն ունակ և պիտանի առարկա կամ միջոց, առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված որակյալ հատկանիշը:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` օրենսդրի կողմից վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրումը որպես հանցակազմի որակյալ հատկանիշ դիտարկելը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձը պատրաստ է ցանկացած կոնֆլիկտային իրավիճակի արձագանքել` օգտագործելով իր ենթադրյալ հանցավոր գործողություններն ավելի արդյունավետ կատարելու համար նախապես` վերցված և իր մոտ պահվող առարկա կամ միջոց, որպիսի հանգամանքն իր հերթին վտանգավորության աստիճանով ավելի բարձր է բոլոր այն իրավիճակներից, երբ անձն իր հանցավոր գործողությունները կատարում է ոչ այդ նպատակին պիտանի կամ ունակ առարկայով կամ միջոցով: Այլ խոսքով` օրենսդիրը նշված ծանրացնող հանգամանքը նախատեսել է` առավելապես հաշվի առնելով նաև այն, թե հանցավորն ինչպիսի միջոցների է դիմում իր հանցավոր նպատակներն ի կատար ածելու համար:

Օրենսդրի կողմից սահմանված «նախապես պատրաստված կամ հարմարեցված» պայմանը վերաբերելի չէ միայն այնպիսի առարկաներին կամ միջոցներին, որոնք նախապես են մշակվել, ձևավորվել և հղկվել, որպեսզի պատրաստ լինեն որոշակի հանցավոր նպատակների իրականացման ու իրագործման համար, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` նշված պայմանը վերաբերելի է նաև այնպիսի իրավիճակների, երբ անձը նախապես վերցնում և իր մոտ է պահում առարկա կամ միջոց, որն իր հատկանիշներով ունակ է և պիտանի վնասվածք պատճառելու և միևնույն ժամանակ իր կառուցվածքային միավորով ի զորու է նման վնասվածք պատճառել:

Վերոգրյալ իրավակարգավորումների, իրավական վերլուծությունների և դատողությունների լույսի ներքո վերլուծելով Առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ հետազոտված ապացույցները և ուսումնասիրելով պաշտպան Ա. Մաթևոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել է վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` եկել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ մեղադրյալ Արեն Սոխակյանի կողմից մեղավորությամբ կատարվել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

(...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Ա. Սոխակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա. Սոխակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետևյալ գործոնները.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը` այն, որ մեղադրյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա` վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող վնաս,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

դ) հասցված մարմնական վնասվածքների բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ մեղադրյալ Ա. Սոխակյանը դանակի գործադրմամբ մեկ անգամ հարվածել է Կ.Գ.-ի` կենսականորեն կարևոր օրգանի` կրծքավանդակի ձախ հատվածին` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս` հետևյալ վնասվածքների տեսքով. կրծքավանդակի ձախ կեսի շրջանի` միջին անոթային գծով ծակած-կտրած, թափանցող վերք` ձախից հինգերորդ կողի կոտրվածքով, ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով` ուղեկցված ենթամաշկային էմֆիզեմայով,

ե) հանցանքը կատարելիս մեղադրյալ Ա. Սոխակյանը եղել է ոչ սթափ` ալկոհոլ օգտագործած վիճակում:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մեղադրյալ Ա. Սոխակյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը գնահատելիս, Առաջին ատյանի դատարանը հանգել է ոչ իրավաչափ հետևության, ինչը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձին, անհրաժեշտ և բավարար չէ նրան ուղղելու և ապահովելու ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներն ապահովելու համար, ուստի այդ կապակցությամբ Դատախազի փաստարկներն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար (...)»(3):

 

___________________________

3) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 88-98:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Արեն Սոխակյանի արարքում առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի` մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն` «1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը`

1) վտանգավոր է կյանքի համար, (...)`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

(...)

6) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, (...)`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով»:

12. Վճռաբեկ դատարանը, Ռուստամ Շավալյանի որոշմամբ անդրադառնալով անձի արարքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի առկայությանը, փաստել է, որ որակյալ է համարվում ոչ թե առարկայի կամ միջոցի պարզապես օգտագործումը, այլ մարմնական վնասվածք պատճառելու համար որոշակի նախապատրաստական գործողությունների իրականացումը, այն է` առարկան կամ միջոցը նախապես պատրաստելը կամ հարմարեցնելը: Այլ կերպ` արարքը քննարկվող ծանրացնող հանգամանքով որակելու համար, անհրաժեշտ է նախևառաջ ուշադրություն դարձնել հանցավորի սուբյեկտիվ ընկալմանը և վերջինիս կողմից օբյեկտիվորեն իրականացված գործողությունների բնույթին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերոնշյալ որակյալ հանգամանքն անձին մեղսագրելու համար, կարևոր է, որ վերջինս մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես որոշակի ակտիվ գործողություններ իրականացնի, այն է` պատրաստի կամ հարմարեցնի համապատասխան առարկան կամ միջոցը: Հաշվի առնելով «պատրաստել» կամ «հարմարեցնել» արտահայտությունների լեզվաբացատրական նշանակությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ առկա դոկտրինալ մեկնաբանությունները` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առարկան կամ միջոցը պատրաստել ասելով պետք է հասկանալ ցանկացած գործողություն, որի արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու համար պատրաստի առարկա կամ միջոց է ստացվում կամ ստեղծվում: Ինչ վերաբերում է առարկան կամ միջոցը հարմարեցնելուն, ապա այն ենթադրում է հանցավորի կողմից արդեն իսկ գոյություն ունեցող առարկայի կամ միջոցի նկատմամբ որևէ ներգործության իրականացում` լրիվ կամ մասնակի կառուցվածքային փոփոխության ենթարկում, կարգավորում կամ ձևափոխում, որպեսզի դրանք առավել արդյունավետ կամ հարմար լինեն օգտագործման համար (օրինակ` մետաղյա ձողը կամ խոհանոցային դանակը սրելը, մետաղական մալուխը ընդհանուր զանգվածից կտրելով առանձնացնելը և այլն)(4):

 

___________________________

4) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ռուստամ Շավալյանի գործով 2025 թվականի հուլիսի 11-ի թիվ ԵԴ/1157/01/19 որոշումը, Վահե Բադիկյանի գործով 2025 թվականի նոյեմբերի 21-ի թիվ ԼԴ4/0036/01/23 որոշումը:

 

13. Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված որակյալ տեսակն անձին մեղսագրելու համար, անհրաժեշտ է հաստատված համարել, որ առողջությանը ծանր վնաս պատճառելը կատարվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ:

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Արեն Սոխակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա ոչ սթափ (հարբած) վիճակում, վեճի ընթացքում, դանակի գործադրմամբ մեկ անգամ հարվածել է Կ.Գ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս(5):

 

___________________________

5) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանն Արեն Սոխակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղսագրված արարքում` արձանագրելով, որ մեղադրյալն իր մոտ պահած դանակը նախապես` մինչև հանցանք կատարելը, հարմարեցրել է` հանել գրպանից, բացել և դրա գործադրմամբ կատարել հանցանքը(6):

 

___________________________

6) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ Արեն Սոխակյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշների առկայության հարցում Առաջին ատյանի դատարանը եկել է հիմնավորված հետևության: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը նշել է, որ օրենսդրի կողմից սահմանված` «նախապես պատրաստված կամ հարմարեցված» պայմանը վերաբերելի է ոչ միայն այնպիսի առարկաներին կամ միջոցներին, որոնք նախապես են մշակվել, ձևավորվել և հղկվել, որպեսզի պատրաստ լինեն որոշակի հանցավոր նպատակների իրականացման ու իրագործման համար, այլև այնպիսի իրավիճակներին, երբ անձը նախապես վերցրել և իր մոտ է պահել առարկա կամ միջոց, որն իր հատկանիշներով ունակ է և պիտանի վնասվածք պատճառելու համար(7):

 

___________________________

7) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն Արեն Սոխակյանի արարքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու ծանրացնող հանգամանքի առկայության հարցում հանգել են սխալ հետևության:

Մասնավորապես, գործում առկա չէ որևէ տվյալ առ այն, որ մեղադրյալ Արեն Սոխակյանը մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստել կամ հարմարեցրել է համապատասխան առարկան, քանի որ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների պայմաններում առարկայի կամ միջոցի գործադրման փաստը դեռևս բավարար չէ անձի արարքում ծանրացնող հանգամանքի առկայությունը հավաստելու համար: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի քննարկվող որակյալ տեսակն անձին մեղսագրելու համար, անհրաժեշտ է գործում առկա փաստական տվյալների այնպիսի համակցություն, որը կհաստատի առողջությանը ծանր վնաս պատճառելը մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ «օրենսդրի կողմից սահմանված «նախապես պատրաստված կամ հարմարեցված» պայմանը վերաբերելի չէ միայն այնպիսի առարկաներին կամ միջոցներին, որոնք նախապես են մշակվել, ձևավորվել և հղկվել, որպեսզի պատրաստ լինեն որոշակի հանցավոր նպատակների իրականացման ու իրագործման համար, նշված պայմանը վերաբերելի է նաև այնպիսի իրավիճակներին, երբ անձը նախապես վերցրել և իր մոտ է պահել առարկա կամ միջոց, որն իր հատկանիշներով ունակ է և պիտանի վնասվածք պատճառելու համար», արձանագրում է, որ վերոնշյալը չի բխում ինչպես քննարկվող ծանրացնող հանգամանքի բովանդակությունից, այնպես էլ այդ հարցում օրենսդրի դրսևորած կամքից: Մասնավորապես, կատարված օրենսդրական փոփոխության հիմքում ընկած է այն գաղափարը, որ հանցանք կատարած անձի առավել բարձր վտանգավորության մասին է վկայում այն, որ վերջինս որոշակի քայլեր է ձեռնարկում` նախապես պատրաստում կամ հարմարեցնում է համապատասխան առարկան կամ միջոցը` մարմնական վնասվածք պատճառելու համար, իսկ համապատասխան առարկան նախապես վերցնելը և հանցավորի մոտ պահելը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես նախապես պատրաստում կամ հարմարեցում:

Հակառակ մեկնաբանությունը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, ողջամտորեն կվտանգի «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) հանրահայտ սկզբունքը, որից, ի թիվս այլնի, բխում է, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս անձի տարածական մեկնաբանության ենթարկվի: Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Վերոնշյալ կանոնը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում և իրավունքի գերակայության կարևորագույն տարր է, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղումն անթույլատրելի է(8):

 

___________________________

8) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13, Վարդան Ղազարյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշումները:

 

16. Այսպիսով, ամփոփելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արեն Սոխակյանի արարքում առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի` մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Արեն Սոխակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղավոր ճանաչելով, իսկ Վերաքննիչ դատարանը` Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի` ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելու հիմք է: Միաժամանակ, հիմք ընդունելով նույն հոդվածի 3-րդ մասի պահանջը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ տրված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելն է:

i

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2025 թվականի փետրվարի 17-ի որոշումը պետք է փոփոխել և Արեն Սոխակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղսագրված արարքը վերաորակել նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

17. Անդրադառնալով Արեն Սոխակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով պատիժ նշանակելու հարցին` Վճռաբեկ դատարանը, պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների(9) լույսի ներքո ուսումնասիրության և գնահատման ենթարկելով Արեն Սոխակյանի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության նշանակությունը, մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները` այդ թվում` տարիքը, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների հաշվառմամբ, գտնում է, որ Արեն Սոխակյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով մեղադրյալ Արեն Սոխակյանի անազատության մեջ գտնվելու 2 (երկու) ամիս 20 (քսան) օրը պետք է հաշվակցել նրա պատժի ժամկետին, և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս 10 (տասը) օր ժամկետով:

 

___________________________

9) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարսևան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14 և Ռուզաննա Գևորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները:

 

Պատժի կրման սկիզբը պետք է հաշվել Արեն Սոխակյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

18. Միաժամանակ անդրադառնալով Արեն Սոխակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկին` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները(10)` գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված և պատժի անհատականացման գործընթացում սույն գործով արձանագրված` մեղադրյալ Արեն Սոխակյանի անձը բնութագրող տվյալների համակցությունը, պատիժը մեղմացնող հանգամանքները չեն կարող ողջամտորեն նվազեցնել նրա անձի և կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում Վերաքննիչ դատարանի դատողությունն առ այն, որ սույն դեպքում պատժի նպատակների իրագործմանը հնարավոր չէ հասնել առանց Արեն Սոխակյանի կողմից պատիժը կրելու` հաշվի առնելով, մասնավորապես, խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հասցված մարմնական վնասվածքների բնույթն ու տեղակայումը, հանցանքը կատարելիս մեղադրյալի ոչ սթափ` ալկոհոլ օգտագործած վիճակում լինելը(11):

 

___________________________

10) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

11) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

19. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արեն Կարենի Սոխակյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճիռը, և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի փետրվարի 17-ի որոշումը փոփոխել:

2. Արեն Կարենի Սոխակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով:

3. ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով մեղադրյալ Արեն Կարենի Սոխակյանի անազատության մեջ գտնվելու 2 (երկու) ամիս 20 (քսան) օրը հաշվակցել նշանակված պատժի ժամկետին, և թողնել կրելու ազատազրկում` 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս 10 (տասը) օր ժամկետով:

Պատժի կրման սկիզբը հաշվել Արեն Կարենի Սոխակյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

Նախագահող` Հ. Ասատրյանի

Դատավորներ` Ս. Ավետիսյանի

Հ. Գրիգորյանի

Ա. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3105

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.01.2026
N ԼԴ/0115/01/24
Որոշում