13.08.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին.
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայտարարում է ռազմական դրություն.
3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով առաջարկություն է ներկայացնում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում լուծում է պատերազմ հայտարարելու հարցը.
4) առաջարկություններ է ներկայացնում Հանրապետության նախագահին` պաշտպանության ոլորտի միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ.
5) հաստատում է`
ա. պաշտպանական պետական պատվերը և դրա ձևավորման կարգը,
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունները,
գ. զինված ուժերի կառուցվածքը և հաստիքային թվաքանակը,
դ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկը,
ե. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների անցկացման, զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգերը,
զ. սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների ու շահագործման ժամկետների սահմանման կարգը,
է. սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը.
6) զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում`
ա. ռազմական դրություն հայտարարելու դեպքում, ըստ անհրաժեշտության, որոշում է ընդունում ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու և զորահավաքային զորակոչ անցկացնելու մասին,
բ. որոշումներ է կայացնում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով զինված ուժերի կիրառման մասին,
գ. հաստատում է պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու պլանը, կարգն ու պայմանները,
դ. հաստատում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը,
ե. հաստատում է զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ցանկը,
զ. սահմանում է կազմակերպությունների հետ զորահավաքային առաջադրանքների (պատվերների) վերաբերյալ պայմանագրեր կնքելու կարգը,
է. սահմանում է պետությունը պաշտպանության նախապատրաստելու, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների մասնակցությամբ մարզումների անցկացման կարգը, այդ ուղղությամբ որոշումներ է ընդունում մարզումներ անցկացնելու մասին.
7) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:
i
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հաստատում է`
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանը,
բ. ռազմական պլանավորման կանոնակարգը,
գ. զինված ուժերի և այլ զորքերի զորանոցաբնակելի ֆոնդի զարգացման ծրագրերը,
դ. զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանը ներառում է`
1) պաշտպանության պլանի մտահղացումը.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը` ծավալման և զորահավաքային պլաններով.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը.
4) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման պլանը.
5) Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը.
6) Հայաստանի Հանրապետության սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը:»:
i
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 10. |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորությունները |
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`
1) մասնակցում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ներառյալ` ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի մշակմանն ու վերանայմանը.
2) իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրում և գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը, ռազմական սպառնալիքների և Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության աստիճանը, իրականացնում է ռազմաքաղաքական և պաշտպանական ոլորտներում հետախուզական գործունեության կազմակերպումն ու ապահովումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում պաշտպանության ծախսերի վերաբերյալ.
4) վերահսկում է զինված ուժերի և այլ զորքերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորահավաքային ռեսուրսների հաշվառման ու հավաքագրման, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, զինվորական կարգապահության և հայրենասիրական դաստիարակության գործընթացը.
5) ապահովում է զինված ուժերի զարգացման պլանով սահմանված միջոցառումների իրականացումը.
6) վարում է զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգ.
7) իրականացնում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների, զորահավաքային զորակոչի անցկացումը, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը.
8) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների և ստորաբաժանումների` սպառազինության ու ռազմական տեխնիկայի պաշարների կուտակմանն ու բաշխմանն ուղղված գործունեության նկատմամբ.
9) իրականացնում է զինված ուժերի կարիքների համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի ու նյութական պաշարների գնումները, կառավարում է զինված ուժերի զորանոցաբնակելի ֆոնդը, հսկողություն է իրականացնում զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի այլ մարմինների կողմից ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ.
10) կազմակերպում է զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութատեխնիկական միջոցների պահեստային տնտեսության կառավարման և այդ միջոցների կենտրոնացված փոխադրումների գործընթացը.
11) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի ֆինանսական կառավարման և հսկողության, ներառյալ` հաշվապահական հաշվառման, ակտիվների և պարտավորությունների կառավարման համակարգերի առկայությունը, առաջարկություն է ներկայացնում հաշվապահական հաշվառումը կարգավորող լիազոր պետական մարմին` որպես հիմնական միջոց դասակարգված սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութատեխնիկական միջոցների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետների վերաբերյալ.
12) օրենքով սահմանված կարգով ապահովում է զինված ուժերում օրինականության պահպանումը, հանցագործությունների կանխարգելումը և պետական գույքի պահպանությունը.
13) մշակում և իրականացնում է զինված ուժերի անձնակազմի ծառայողական առաջխաղացումն ապահովող կադրային քաղաքականությունը, իր իրավասության սահմաններում ապահովում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանությունը.
14) ապահովում է պաշտպանության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման գործընթացը.
15) իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում.
16) ապահովում է ռազմական ուսուցման կազմակերպման գործընթացը և աջակցում է ռազմական գիտության զարգացման գործընթացներին, մասնակցում է հանրային տեղեկատվության ոլորտում և կրթության զարգացման պետական ծրագրերում ընդգրկելու համար բնակչության հայրենասիրական դաստիարակության չափորոշիչների մշակմանը, իրականացնում է պաշտպանության ոլորտում հանրային իրազեկում.
17) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը`
1) պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարումը, ապահովում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը.
2) կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.
3) համակարգում է զինված ուժերի կիրառման գործընթացը` զինված ուժերի կիրառման պլանի համաձայն.
4) հաստատում է զինված ուժերի մարտական և շարային կանոնադրությունները, զինվորական հաշվառումը վարելու հրահանգը, հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների թվաքանակը.
5) հաստատում է զինծառայողների կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն իրականացնելու, զենքի, ռազմամթերքի, ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների ու նյութերի հետ վարվելու և պահպանության, տրանսպորտային միջոցների և մարտական տեխնիկայի վարման ու շահագործման, թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները, զինծառայողների որակավորումների տեսակները և դրանց շնորհման կարգը.
6) սահմանում է սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետները.
7) սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում զինծառայողներին սեփականության իրավունքով հատկացվող և սեփականության իրավունքով հատկացման ոչ ենթակա բնակելի տարածությունների ծառայողական ֆոնդի ցանկերը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունում է զինծառայողներին սեփականության իրավունքով բնակելի տարածությունների հատկացման մասին հրամաններ.
8) սահմանում է Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններում սպայական կազմի պատրաստության կարգը, ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետները, ռազմաուսումնական հաստատություններից սովորողներին ազատելու (հեռացնելու), վերականգնելու կամ նույն կուրսում թողնելու կարգը.
9) ներկայացնում է առաջարկություններ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու և պաշտոններից ազատելու, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու վերաբերյալ.
10) իրեն կից ստեղծում է խորհրդակցական մարմիններ` նախարարության կոլեգիա ու հասարակական խորհուրդ, և հաստատում է դրանց աշխատակարգերը.
11) հաստատման է ներկայացնում`
ա. զինված ուժերի կառուցվածքը և թվաքանակը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունները,
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերին վերաբերող պլաններն ու ծրագրերը,
գ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը,
դ. զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը.
12) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնները կարող են հանդիսանալ նաև զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական խմբի պաշտոններ, որոնց թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»:
i
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «կատարումը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացնում իրենց համակարգման ոլորտների զորահավաքային առաջադրանքների ծավալները և զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ցանկերը» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 17. |
Զինված ուժերի գլխավոր շտաբը |
1. Զինված ուժերի գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ենթակա մարմին է:
2. Զինված ուժերի գլխավոր շտաբը`
1) հանդիսանում է զինված ուժերի, իսկ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ` նաև այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի օպերատիվ կառավարման մարմինը.
2) ապահովում է զինված ուժերի ծավալումը և ռազմական դրության ու պատերազմի ժամանակ զինված ուժերի և այլ զորքերի կիրառումը` զինված ուժերի կիրառման պլանի համաձայն.
3) պատասխանատու է զինված ուժերի օպերատիվ, զորահավաքային և մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, զինվորական կարգապահության և հայրենասիրական դաստիարակության գործընթացի ապահովման համար.
4) իր լիազորությունների սահմաններում պատասխանատու է զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովման համար.
5) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է զինված ուժերը ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և նյութական այլ միջոցներով ընթացիկ ու հեռանկարային կարիքների և այդ միջոցների բաշխման պլանավորման գործընթացը.
6) իրականացնում է հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, ռազմական սպառնալիքների կանխատեսումը, գնահատումը և կանխարգելման միջոցառումների պլանավորումը.
7) իրականացնում է հետախուզական գործունեություն պաշտպանության և անվտանգության նպատակով.
8) ապահովում է զինված ուժերում տեղեկատվական անվտանգության կազմակերպման գործընթացը, պետական գաղտնիքի պահպանման միջոցառումների իրականացումը.
9) ապահովում է պահեստազորային պատրաստության, աշխարհազորի պատրաստության և կիրառման պլանավորումն ու իրականացումը.
10) խաղաղ ժամանակ կազմակերպում է զինված ուժերի կապի և տեղեկատվության համակարգի գործունեությունն ու զարգացումը, պլանավորում և ապահովում է դրա կիրառումը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ.
11) համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը.
12) կազմակերպում և ղեկավարում է զինված ուժերում գյուտարարական և նորարարական աշխատանքները.
13) իր իրավասության սահմաններում, միջազգային պայմանագրերին համապատասխան, իրականացնում է միջազգային ռազմական համագործակցություն օտարերկրյա պետությունների զինված ուժերի և միջազգային կազմակերպությունների հետ.
14) մասնակցում է`
ա. զինված ուժերի կադրային քաղաքականության մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում դրա իրականացմանը,
բ. ռազմագիտական և ռազմակրթական ծրագրերի մշակմանը.
15) իր իրավասության շրջանակներում աջակցում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովման գործընթացին.
16) իրականացնում է պաշտպանության ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:
3. Զինված ուժերի գլխավոր շտաբում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով: Զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ունի տեղակալներ, որոնք նշանակվում են զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների և զորատեսակների գործունեության կառավարման ու համակարգման ուղղություններով:
4. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը`
1) ղեկավարում է զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է զինված ուժերի գլխավոր շտաբի խնդիրների իրականացման և գլխավոր շտաբի կողմից զինված ուժերի կառավարման համար.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանձնարարականների և ցուցումների կատարումը, զինվորական կառավարման ոլորտում իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս կարգադրություններ, հանձնարարականներ ու ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ զինված ուժերի գլխավոր շտաբի անունից, ինչպես նաև տալիս է զինված ուժերի գլխավոր շտաբի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
3) իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է զինված ուժերի գլխավոր շտաբի և զինված ուժերի զինվորական և այլ ծառայողների (աշխատողների), շնորհում է զինվորական կոչումներ, ինչպես նաև իր իրավասության սահմաններում կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
4) իրականացնում է հսկողություն գլխավոր շտաբին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության և նպատակային օգտագործման նկատմամբ.
5) զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մշակում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում`
ա. առաջարկություններ` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի, պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում զինված ուժերի պահպանման ծախսերի վերաբերյալ,
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վերաբերող պլանները և ծրագրերը, զինված ուժերի կառուցվածքը և թվաքանակը,
գ. զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը և հաստիքային թվաքանակը,
դ. զինծառայողների կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն իրականացնելու, զենքի, ռազմամթերքի, ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների ու նյութերի հետ վարվելու և պահպանության, տրանսպորտային միջոցների և մարտական տեխնիկայի վարման ու շահագործման, թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների, զինծառայողների որակավորումների տեսակների և դրանց շնորհման կարգի սահմանման վերաբերյալ առաջարկություններ,
ե. սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և ծախսի նորմաների, շահագործման ժամկետների վերաբերյալ առաջարկություններ,
զ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերի, մարտական և շարային կանոնադրությունների, զինվորական հաշվառումը վարելու հրահանգի, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերի վերաբերյալ առաջարկություններ,
է. քաղաքացիական պաշտպանության պլանավորման վերաբերյալ առաջարկություններ.
6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:
i
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «հանրապետության տնտեսության» բառերը փոխարինել «պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների» բառերով.
2) 3-րդ մասը «մարմիններում,» բառից հետո լրացնել «զորահավաքային առաջադրանքներ ունեցող» բառերով.
3) 4-րդ մասը «հավաքների» բառից հետո լրացնել «, զինվորական վարժանքների» բառերով:
i
Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 4-րդ կետի «պատգամավոր է:» բառերը փոխարինել «պատգամավոր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ կամ դատավոր կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը.» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ կետերով.
«5) ունի 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը) չունեն այլ զավակ կամ ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի առաջին խմբի հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.
6) ունի երեխա, որին խնամում է միայնակ.
7) ունի իր խնամքի տակ գտնվող մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ:»:
i
Հոդված 8. Օրենքի 29.1-ին հոդվածում`
1) 5-րդ մասի «` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով» բառերը փոխարինել «, իսկ անմիջական ղեկավարումը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարությունը (այսուհետ` հրամանատարություն)» բառերով.
2) 12-րդ մասի առաջին նախադասության «աշխարհազորային շտաբ» բառերը փոխարինել «հրամանատարություն» բառով, իսկ երկրորդ նախադասության «աշխարհազորային շտաբի» բառերը` «հրամանատարության» բառով.
3) 13-րդ մասի առաջին նախադասության «աշխարհազորային շտաբի» բառերը փոխարինել «հրամանատարության» բառով, իսկ երրորդ նախադասությունը «կարգով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այդ ժամանակահատվածում նրանց հաշվարկվում է դրամական ապահովություն` ըստ նշանակված զինվորական պաշտոնների պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված չափով» բառերով:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90, իսկ սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 180 օրացուցային օրվա ընթացքում:
3. Սույն օրենքի 3-րդ և 5-րդ հոդվածները գործում են սույն օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
| ԻՐՏԵԿ |
Սույն օրենքի 1-ին հոդվածը 5-րդ կետ չունի, ամենայն հավանականությամբ օրենսդիրը նկատի է ունեցել սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետը: |
| ԻՐՏԵԿ |
սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրությունը ընդունվել է 19.10.23 թիվ 1825-Լ որոշմամբ` ուժի մեջ է մտել 01.12.2023 թվականին, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը ընդունվել է 04.07.19 թիվ 922-Լ որոշմամբ` ուժի մեջ է մտել 27.07.2019 թվականին:
Հետևաբար` սույն օրենքի 3-րդ և 5-րդ հոդվածները գործում են 01.12.2023 թվականից: |
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2022 թ. օգոստոսի 1 Երևան ՀՕ-334-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 3 օգոստոսի 2022 թվական: