Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱ ...

 

 

040.0587.160506

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» մայիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2006 թվականի N 587-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.7» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների ներկայացման թերթիկի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների ու մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 30.12.2021 թիվ 2182-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի մայիսի 4-ի

N 587-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը`

1) ազատ և հունա-հռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, սամբո, գրեփլինգ, ծանրամարտ, թաեքվոնդո, աթլետիկա, թիավարություն բայդարկաներով և կանոեներով, նետաձգություն, հրաձգություն, հրապարակային և խճուղային հեծանվասպորտ, լող, տրիատլոն (եռամարտ), պաուերլիֆտինգ (ուժային եռամարտ) մարզաձևում գրավել է`

ա. 1-8-րդ տեղ` օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում,

բ. 1-5-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

գ. 1-3-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում կամ եվրոպական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում,

դ. 1-3-րդ տեղ` ուսանողական համաշխարհային մարզական խաղերում,

ե. 1-2-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

զ. 1-ին տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում,

է. 1-ին տեղ` պատանեկան օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում.

2) միջազգային ֆեդերացիաների օրացուցային պլանով նախատեսված մրցումներում կատարել է նորմատիվային պահանջ և գրավել է 1-16-րդ տեղը ծանրամարտ, աթլետիկա, թիավարություն բայդարկաներով և կանոեներով, նետաձգություն, հրաձգություն, հրապարակային և խճուղային հեծանվասպորտ, լող, տրիատլոն (եռամարտ), պաուերլիֆտինգ (ուժային եռամարտ) մարզաձևերում.

3) առագաստանավային սպորտ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, սուսերամարտ, ակադեմիական թիավարություն, թիաոլորասահք, սեղանի թենիս, թենիս, բադմինթոն, բիաթլոն, ձիասպորտ, գեղասահք, գոլֆ, արտիստիկ լող, բատուտ, ջրացատկ, սպորտային պարեր, ակրոբատիկ մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, շաշկի, ռենձյու մարզաձևերում գրավել է`

ա. 1-12-րդ տեղ` օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում,

բ. 1-10-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

գ. 1-8-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում,

դ. 1-6-րդ տեղ` աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնություններում,

ե. 1-4-րդ տեղ` ուսանողական համաշխարհային մարզական խաղերում,

զ. 1-3-րդ տեղ` եվրոպական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում,

է. 1-ին տեղ` պատանեկան օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում.

4) ավիամոդելային սպորտ, ավտոմոբիլային սպորտ, ալպինիզմ, բազկամարտ, բիլիարդ, նավամոդելային սպորտ, ուշու-սանդա, ուշու-թաուլո, կարատե, քիքբոքսինգ մարզաձևերում գրավել է`

ա. 1-2-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

բ. 1-ին տեղ` Եվրոպայի առաջնությունում.

5) խաղային մարզաձևերում մասնակցել է`

ա. օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի մրցումներին,

բ. Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունների, գավաթի խաղարկությունների 1/8-րդ եզրափակիչ փուլին` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, բեյսբոլ, լողափնյա վոլեյբոլ, կորֆբոլ, ռեգբի, ֆուտբոլ, ֆուտզալ, խոտի հոկեյ, տափօղակով հոկեյ, ջրագնդակ թիմային խաղային մարզաձևերում:

(1-ին կետը փոփ. 31.03.16 թիվ 317-Ն, 30.12.2021 թիվ 2182-Ն որոշումներ)

2. «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը`

1) հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, բռնցքամարտ, սամբո, գրեփլինգ, թաեքվոնդո, սուսերամարտ, սեղանի թենիս, դահուկավազք, առագաստանավային սպորտ, լեռնադահուկային սպորտ, գեղասահք, գոլֆ, ակադեմիական թիավարություն, սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, ակրոբատիկ մարմնամարզություն, բատուտ, թենիս, բադմինթոն, բիաթլոն, ջրացատկ, արտիստիկ լող, սպորտային պարեր, կոխ, ալպինիզմ, ձիասպորտ, ռենձյու, շաշկի, մարզաձևերում գրավել է`

ա. 3-5-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

բ. 2-3-րդ տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում,

գ. 1-2-րդ տեղ` աշխարհի պատանեկան առաջնությունում,

դ. 1-ին տեղ` Եվրոպայի պատանեկան առաջնությունում,

ե. 1-ին տեղ` ֆրանկաֆոնյան խաղերում,

զ. 2-3-րդ տեղ` պատանեկան օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում,

է. 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում 2 կամ 3 անգամ դարձել է մրցանակակիր տարբեր տարիների ընթացքում.

2) ավիամոդելային սպորտ, ավտոմոբիլային սպորտ, բազկամարտ, բիլիարդ, նավամոդելային սպորտ, ուշու-սանդա, ուշու-թաուլո, կարատե, նարդի, քիքբոքսինգ մարզաձևերում գրավել է`

ա. 3-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

բ. 2-3-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում,

գ. 1-3-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

դ. 1-2-րդ տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում,

ե. 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում 2 կամ 3 անգամ դարձել է մրցանակակիր տարբեր տարիների ընթացքում.

3) միջազգային մրցումներում (Հայաստանի Հանրապետություն և ոչ պակաս 4 օտարերկրյա պետություն) կամ Հայաստանի Հանրապետության առաջնություններում առնվազն մեկ անգամ կատարել է նորմատիվային պահանջ ծանրամարտ, աթլետիկա, թիավարություն բայդարկաներով և կանոեներով, նետաձգություն, հրաձգություն, հրապարակային և խճուղային հեծանվասպորտ, լող, տրիատլոն (եռամարտ), պաուերլիֆտինգ (ուժային եռամարտ) մարզաձևերում`

ա. գրավել է 1-ին տեղ ֆրանկաֆոնյան խաղերում,

բ. գրավել է 2-3-րդ տեղ պատանեկան օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում.

4) շախմատ մարզաձևում ձեռք է բերել ազգային վարկանիշ (տղամարդիկ` 2350-ի սահմանագծի, իսկ կանայք` 2175-ի սահմանագծի).

5) շաշկի և ռենձյու մարզաձևերում վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է միջազգային մրցաշարի, և անհատական միջազգային վարկանիշը հասել է` տղամարդկանց դեպքում` 2300-ի, կանանց դեպքում` 2100-ի սահմանագծին.

6) ձեռք է բերել օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի կամ եվրոպական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի մասնակցի վարկանիշ.

7) խաղային մարզաձևերում գրավել է 1-ին տեղը Հայաստանի Հանրապետության առաջնություններում երեք անգամ տարբեր տարիների ընթացքում կամ` երկու անգամ 1-ին և երկու անգամ` 2-3-րդ տեղերը, առնվազն 6 թիմերի մասնակցությամբ, և երբ մարզիկը խաղացել է խաղերի 50%-ի չափով:

(2-րդ կետը փոփ. 31.03.16 թիվ 317-Ն, 30.12.2021 թիվ 2182-Ն որոշումներ)

3. «Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`

1) 1-12-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնությունում.

2) 1-8-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության գավաթի խաղարկությունում, Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունում, մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների առաջնություններում.

3) 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության մարզային առաջնությունում, մարզական ընկերությունների, միությունների առաջնություններում:

3.1. «Հայաստանի Հանրապետության երկրորդ կարգի մարզիկ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`

1) 9-10-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունում, Հայաստանի Հանրապետության գավաթի խաղարկությունում, մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների առաջնություններում.

2) 2-3-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության մարզային առաջնությունում, մարզական ընկերությունների, միությունների առաջնություններում:

(3.1-ին կետը լրաց. 31.03.16 թիվ 317-Ն որոշում)

3.2. «Հայաստանի Հանրապետության երրորդ կարգի մարզիկ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`

1) 11-12-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության գավաթի խաղարկությունում, Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունում, մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների առաջնություններում.

2) 4-5-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության մարզային առաջնությունում, մարզական ընկերությունների, միությունների առաջնություններում:

(3.2-րդ կետը լրաց. 31.03.16 թիվ 317-Ն որոշում)

4. «Պատանեկան կարգ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`

1) 1-6-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության պատանեկան առաջնությունում.

2) 1-3-րդ տեղ` մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների, Հայաստանի Հանրապետության մարզերի, մարզական ընկերությունների, միությունների, ակումբների առաջնություններում.

3) 1-2-րդ տեղ` մանկապատանեկան մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջների առաջնություններում:

5. Մարզական կոչումներ և մարզական կարգեր շնորհվում են միայն այն դեպքում, երբ մրցումներին տվյալ քաշային կարգում վարժությունում մասնակցել է առնվազն 8 մարզիկ, իսկ ծանր քաշային կարգում` 6 մարզիկ, և որոնք ունեն առնվազն 2 հաղթանակ, իսկ խաղային մարզաձևերի առաջնություններին մասնակցել է առնվազն 6 թիմ:

6. Նշված չափորոշիչները հավասարապես կիրառվում են հաշմանդամության տարբեր խմբերի` հենաշարժողական ապարատի շեղումներ ունեցող, կույր և խուլ-համր մարզիկների նկատմամբ` համաձայն հաշմանդամների` աշխարհի և Եվրոպայի առաջնություններում գրաված տեղի:

(1-ին հավելվածը փոփ. 24.08.06 թիվ 1204-Ն, 03.12.09 թիվ 1410-Ն, 10.03.15 թիվ 238-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի մայիսի 4-ի

N 587-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են մարզական բարձր արդյունքներ ցուցաբերած ու Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների (այսուհետ` չափորոշիչներ) պահանջները կատարած մարզիկներին մարզական կոչումներ և մարզական կարգեր շնորհելու պայմանները:

 

I. ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման մասին միջնորդագիրը և սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության հասարակական մարզական կազմակերպությունները` մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաները, միություններն ու ընկերությունները, մարզական ակումբները, ինչպես նաև օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջները և մանկապատանեկան մարզադպրոցները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):

3. Մարզական կոչումների շնորհման փաստաթղթերը ներկայացվում են ոչ ուշ, քան չափորոշիչների պահանջների կատարումից 2 ամիս հետո:

4. Միջնորդագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների ներկայացման թերթիկ.

բ) մարզական ցուցանիշները հաստատող պաշտոնական փաստաթղթերի` հրամանների, մրցումների արձանագրությունների, դիպլոմների և հավաստագրերի պատճենները.

բ1) անձը հաստատող փաստաթուղթ.

գ) 3 x 4 սմ չափսի 2 լուսանկար:

5. Նախարարությունում ստացված միջնորդագրին ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Միջնորդագիրը մերժվում է սույն կարգի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված պահանջների խախտմամբ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում:

Միջնորդագրի մերժման վերաբերյալ գրությունը ներկայացված փաստաթղթերի պատճենների հետ միասին ուղարկվում է միջնորդագիրը ներկայացնող կազմակերպություն` միջնորդագրի մերժման օրվանից հետո 2 օրվա ընթացքում:

 

II. ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումները շնորհվում են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:

8. Մարզական կոչումների արժանացած անձանց տրվում են համապատասխան ձևի վկայական և կրծքանշան, որոնք հանձնվում են հանդիսավոր պայմաններում` նախարարի կամ նրա լիազորած անձի կողմից:

Վկայականի և կրծքանշանի ձեռքբերման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախարարության համար նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

9. Նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման մասին միջնորդագրի մերժման դեպքում փաստաթղթերը պահպանվում և արխիվացվում են` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Հայաստանի Հանրապետության մարզական առաջին կարգ, երկրորդ կարգ, երրորդ կարգ շնորհում են մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաները, մարզական ընկերություններն ու միությունները, մարզական ակումբները, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջները:

Մարզական պատանեկան կարգ շնորհում են մանկապատանեկան մարզադպրոցները:

(10-րդ կետը փոփ. 31.03.16 թիվ 317-Ն որոշում)

11. Հայաստանի Հանրապետության մարզական առաջին կարգ և մարզական պատանեկան կարգ շնորհելիս` մարզիկներին տրվում են համապատասխան ձևի վկայական և կրծքանշան:

Վկայականի և կրծքանշանի ձեռքբերման ծախսերը կատարվում են համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիայի ֆինանսական միջոցների հաշվին:

12. Հայաստանի Հանրապետության մարզական կոչման և մարզական կարգի շնորհման վկայականը կորցնելու դեպքում տրվում է վկայականի կրկնօրինակը` դիմումի հիման վրա:

(2-րդ հավելվածը փոփ. 03.12.09 թիվ 1410-Ն որոշում)

 

Հավելված N 3

«ՀՀ կառավարության

2006 թվականի մայիսի 4-ի

N 587-Ն որոշման

 

                                 ԹԵՐԹԻԿ                        ._________.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ      |  չափսի  |

ՎԱՐՊԵՏ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» |լուսանկար|

                    ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ          ._________.

 

1. Մարզական կոչման անվանումը

______________________________________

 

    2.       Մարզիկի          անունը,             ազգանունը

______________________________________

 

    3.                                             Հասցեն

_________________________________________________

 

    4.  Ծննդյան     օրը,      ամիսը,     տարեթիվը

______________________________________

 

    5.                                              Կրթությունը

____________________________________________________

(ուսումնական հաստատությունը, մասնագիտությունը)

 

6. Մարզաձևը

____________________________________________________

 

7. Աշխատանքի (ուսման) վայրը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

________________

 

8. Մարզական կազմակերպությունը

____________________________________________________

____________________________________________________

__________________

 

9. Անձնական մարզիչը (նշել տարեթիվը)

____________________________________________________

                              (անունը, ազգանունը)

 

10. Նշել մրցման անվանումը, անցկացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը,

գրաված տեղը

_____

____________________________________________________

_____

____________________________________________________

_____

____________________________________________________

_____

 

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._. անձնագրի պատճենը

._.

._. գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի

._.

._. մարզական արդյունքները հաստատող փաստաթուղթ

._.

 

Կազմակերպության ղեկավար` __________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

___________________________________________________________

_____

             (նշել երաշխավորող մարզական ֆեդերացիայի անվանումը)

___________________________________________________________

_____

 

ֆեդերացիան միջնորդում է

___________________________________________________________-ին

(անունը, ազգանունը)

 

շնորհել ______________________________________________________

    կոչումը:                 (նշել կոչումը)

 

Նախագահ` __________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(3-րդ հավելվածը փոփ. 03.12.09 թիվ 1410-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.05.2006
N 587-Ն
Որոշում