ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
22 մարտի 2022 թվականի N 328
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿՈՂՄԻՑ ԴՈՒՐՍԳՐՎՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսվարող սուբյեկտը իրականացնում է կտորե տոպրակների արտադրություն և մատակարարում է տարբեր վաճառակետերի: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթով պետք է հիմնավորվի վերոնշյալ գործարքները:
Պատասխան
i
ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված են միկրոձեռնարկատիրության համակարգի վերաբերյալ դրույթները: Մասնավորապես` օրենսգրքի 267-րդ հոդվածի`
i
- 1-ին մասին համապատասխան` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում նույն մասով սահմանված դեպքերում և ժամկետներում, եթե նույն մասում նշված ժամկետներում հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն,
i
- 3-րդ մասին համապատասխան` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որոնց` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը,
i
- 5-րդ մասով սահմանված են այն դեպքերը, երբ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, մասնավորապես` նույն մասի 1-4-րդ կետերով սահմանված են գործունեության այն տեսակները, որոնց մասով կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Միաժամանակ, օրենսգրքի`
i
- 55-րդ հոդվածով սահմանված է օրենսգրքի շրջանակներում հաշվարկային փաստաթղթի հասկացությունը, նույն հոդվածով սահմանված գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դրանցում պարտադիր լրացման ենթակա տվյալները: Մասնավորապես, օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են նույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթերը,
i
- 56-րդ հոդվածով սահմանված են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմանը վերաբերող կարգավորումները: Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի, ինչպես նաև այն հաշվարկային փաստաթղթերի, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, Կառավարության սահմանած դեպքերի, երբ հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել Կառավարության սահմանած կարգով:
i
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ օրենսգրքով միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման այլ առանձնահատկություններ սահմանված չեն` հայտնում ենք, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր` օրենսգրքի 55-րդ և 56-րդ հոդվածներին համապատասխան:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ