03.01.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 205-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարձրացնել ապահովագրական ընկերությունների ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը ապահովագրական ընկերությունների կողմից ձևավորվող որոշակի ակտիվների կառավարման մասով,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 153-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 163-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 103-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
i
1) Կանոնակարգի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գլուխ 8. Ներդրումային գործունեություն, հիմնական միջոցների կառավարում, դրամարկղային գործառնություններ, դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում` առհաշիվ գումարների), փոխառությունների, սուբրոգացիայի հետևանքով առաջացած պահանջների կառավարում»:
i
2) Կանոնակարգը 52-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1 կետով.
«52.1. Ներքին հսկողության համակարգը դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում` առհաշիվ գումարների), տրամադրված փոխառությունների, սուբրոգացիայի հետևանքով առաջացած պահանջների կառավարման առումով նվազագույնը ներառում է`
1) դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում` առհաշիվ գումարների) ձևավորման, փոխառությունների տրամադրման գործընթացները, այդ ակտիվների ձևավորման վերաբերյալ որոշումների կայացման ներքին ընթացակարգերը,
2) ձևավորվող դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում` առհաշիվ գումարների), տրամադրվող փոխառությունների նպատակայնության, հասցեականության, ժամկետայնության պարտադիր բացահայտման, ճշգրտման և փաստաթղթավորման գործընթացները, տրամադրված գումարների նպատակային օգտագործման մոնիտորինգի իրականացման գործընթացները,
3) դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում` առհաշիվ գումարների), տրամադրված փոխառությունների, սուբրոգացիայի հետևանքով առաջացած պահանջների մասով Ընկերության վարկային ռիսկի գնահատման և նվազեցման մոտեցումները, այդ թվում` ակտիվների ապահովվածության չափանիշները, փոխառուի ֆինանսական վիճակի գնահատման սկզբունքները, մեխանիզմները, պարբերական մոնիտորինգի իրականացման ընթացակարգերը, ժամկետանց ակտիվների հետ ստացման ընթացակարգերը,
4) սույն կետով սահմանված գործընթացների համար պատասխանատու անձանց, նրանց պատասխանատվության շրջանակը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
|
2020 թ. դեկտեմբերի 17
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը` 24 դեկտեմբերի 2020 թվական: