25.05.2026 -
040.1739.131206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 դեկտեմբերի 2006 թվականի N 1739-Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել թափոնների պետական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 14.05.2026 թիվ 670-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի դեկտեմբերի 7-ի
N 1739-Ն որոշման
ԿԱՐԳ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների պետական հաշվառման հետ կապված հարաբերությունները:
1.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Թափոնների մասին» օրենքով սահմանված իմաստով:
(1.1-ին կետը լրաց. 14.05.2026 թիվ 670-Ն որոշում)
2. Թափոնների պետական հաշվառման հիմնական նպատակը թափոնների գոյացման, պահման, օգտահանման կամ հեռացման ծավալների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումն է, որն անհրաժեշտ է թափոնների պետական կադաստրի ստեղծման և վարման համար:
(2-րդ կետը փոփ. 14.05.2026 թիվ 670-Ն որոշում)
3. Պետական հաշվառման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացող, պահվող, օգտահանվող կամ հեռացվող արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ծավալները:
(3-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1042-Ն, 14.05.2026 թիվ 670-Ն որոշումներ)
4. Թափոնների պետական հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` սույն կարգի համաձայն:
(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
5. Թափոնների պետական հաշվառումն իրականացվում է վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման) պահում, օգտահանում կամ հեռացում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված` «Թափոնների առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին N 1 ձևի- թափոն տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ` վարչական վիճակագրական հաշվետվություններ) տվյալների հիման վրա:
(5-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1042-Ն, 14.05.2026 թիվ 670-Ն որոշումներ)
6. Վարչական վիճակագրական հաշվետվությունները կազմվում են «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ` էլեկտրոնային հարթակ) միջոցով` լիազոր մարմնի կողմից հաստատված ձևին և լրացման հրահանգին համապատասխան և ներկայացվում լիազոր մարմին:
(6-րդ կետը փոփ. 24.07.2025 թիվ 1001-Ն, 14.05.2026 թիվ 670-Ն որոշումներ)
7. Վարչական վիճակագրական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
8. Պաշտոնական վիճակագրության մշակող, արտադրող, տարածող և համակարգող մարմնին, ինչպես նաև բնապահպանական նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, իրենց օրենսդրական գործառույթներն իրականացնելու նպատակով, հասանելիություն է տրվում էլեկտրոնային հարթակի` վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման բաժնում գեներացվող և պահվող տվյալներին:
(8-րդ կետը լրաց. 14.05.2026 թիվ 670-Ն որոշում)