ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
29 մարտի 2023 թվականի N 01-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի «Օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները սահմանելու մասին» N 06-Ն հրամանի`
1) 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված` 1-ին հավելվածի.
i
ա. 11-րդ կետում «աստիճանից» բառից հետո լրացնել «. եթե անհնար է որոշել հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիությունը սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն, ապա կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները:»:
2) 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` 4-րդ հավելվածի.
i
ա. «44-րդ կետի 1-ին ենթակետում «Աղյուսակ 7» բառերը փոխարինել «Աղյուսակ 5» բառերով»:
բ. 44-րդ կետի 2-րդ ենթակետում «2-ում» թիվը փոխարինել «5-ում» թվով:
i
գ. 46-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, 51-րդ կետի 1-ին ենթակետում, 73-րդ կետում, 77-րդ կետի 6-րդ ենթակետում «ոսկու» բառը փոխարինել «պղնձի» բառով:
i
դ. 52-րդ կետի 1-ին ենթակետի «Աղյուսակ 8» բառերը փոխարինել «Աղյուսակ 6» բառերով»:
ե. 52-րդ կետի 1-ին ենթակետի «ա.» պարբերության «Աղյուսակ 9» բառերը փոխարինել «Աղյուսակ 7» բառերով»:
զ. 52-րդ կետի 1-ին ենթակետի «բ.» պարբերության «Աղյուսակ 10» բառերը փոխարինել «Աղյուսակ 8» բառերով»:
i
է. 70-րդ կետի 1-ին ենթակետում «Դասակարգման պահանջներին» բառերը փոխարինել «Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 32-րդ կետի պահանջներին» բառերով:
ը. 70-րդ կետի 1-ին ենթակետի «բ.» պարբերության, 2-րդ ենթակետի և 2-րդ ենթակետի «ե.» պարբերության մեջ «ներկայացվող» բառից հետո լրացնել «և սույն հավելվածի 32-րդ կետի» բառերը:
թ. 70-րդ կետի 2-րդ ենթակետի «ա.» պարբերության մեջ «հորատանցքերով,» բառից հետո լրացնել «ընդ որում 2-րդ խմբի հանքավայրերում`» բառերը:
ժ. 70-րդ կետի 2-րդ ենթակետի «դ.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «դ. Հանքաբերության գործակցի կիրառմամբ հանքաքարերի քանակը որոշելիս` 1-ին խմբի հանքավայրերում, B կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը բարձր է հանքավայրի համար այդ գործակցի միջին մեծությունից, հաստատվել են հանքաբերության փոփոխականության բնույթը հատակագծում և խորքում, պարզաբանվել են կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի տարածական դիրքի օրինաչափությունները, դրանց տիպական ձևերն ու բնորոշ չափերը` վերջիններիս ընտրովի արդյունահանման հնարավորության գնահատման համար անհրաժեշտ աստիճանով, իսկ 2-րդ խմբի հանքավայրերում` այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը մոտ է մեկին, որոշված են ընտրովի (անջատ) հանույթի ենթակա կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի ձևը և չափերը, տարածական տեղադիրքը:»:
i
ժա. Ուժը կորցրած ճանաչել 76-րդ կետի 1-ին ենթակետի «ե», «զ» և «է» պարբերությունները:
ժբ. 76-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-4-րդ ենթակետերով.
«2) Եթե հետախուզման արդյունքներն ամբողջությամբ հավաստվում են շահագործման տվյալներով կամ եղած աննշան տարբերությունները չեն ազդում հանքարդյունահանող կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա, ապա հետախուզման և շահագործման տվյալների համադրման համար կարող են օգտագործվել երկրաբանական-մարկշեյդերական հաշվառման արդյունքները:
3) Այն հանքավայրերում, որտեղ ընդերքօգտագործողի կարծիքով պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից հաստատված պաշարները կամ հանքաքարերի որակը չեն հավաստվում շահագործման ժամանակ, կամ անհրաժեշտ է ուղղիչ գործակիցներ մտցնել նախկինում հաստատված պարամետրերում կամ պաշարներում, պետք է իրականացվի պաշարների հատուկ հաշվարկ` լրահետախուզման և շահագործական հետախուզման տվյալներով և տրվի այդ աշխատանքների կատարման ժամանակ ստացված արդյունքների արժանահավատության գնահատականը:
4) Համադրման արդյունքների վերլուծության ընթացքում անհրաժեշտ է որոշել պաշարների շահագործման և լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված հաշվարկային պարամետրերի (հանքամարմինների հզորություններ, հանքաբերության գործակիցներ, օգտակար բաղադրիչների պարունակություններ, հաշվարկային մակերեսներ, ծավալային զանգվածներ և այլն), պաշարների քանակի և հանքաքարերի որակի փոփոխությունների մեծությունները, ինչպես նաև պարզել այդ փոփոխությունների պատճառները:»:
ժգ. 77-րդ կետում «ոսկու» բառը փոխարինել «մետաղական» բառով:
i
3) 1-ին կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
i
«5) երկաթի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 5 հավելվածի:»:
4) հրամանը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
ՆԱԽԱՐԱՐ` Գ. ՍԱՆՈՍՅԱՆ
Նախագիծ
Հավելված
ՀՀ տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների նախարարի
2023 թվականի մարտի 29-ի
թիվ 01-Ն հրամանի
«Հավելված N 5
ՀՀ տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների նախարարի
2021 թվականի օգոստոսի 11-ի
N 06-Ն հրամանի
ՀՐԱՀԱՆԳ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Երկաթի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ` Հրահանգ) կանոնակարգվում են երկաթի հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:
2. Հրահանգով սահմանվում են երկաթի հանքավայրերի ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացումը, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և որոշում ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:
3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետև` Դասակարգում) պահանջներին համապատասխան:
4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:
5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան` այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (ՏՏԶ) կազմմամբ:
6. Անկախ սեփականության ձևերից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ներն ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:
7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը` գնահատանքային և ՏՏԶ-ները` նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով` ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:
8. Քիմիական բաղադրությամբ մաքուր երկաթը (Fe) փայլուն, արծաթասպիտակավուն, մածուցիկ և կռելի, 7.8 գր/սմ3 խտությամբ և 1539+-1 oC հալման ջերմաստիճանով բնութագրվող մետաղ է, որը ձևավորում է համաձուլվածքներ բազմաթիվ քիմիական էլեմենտների հետ, որոնցից ամենատարածվածներն են երկաթածխածնային (թուջ, պողպատ), երկաթի հետ մանգանի (ֆերոմանգան), սիլիկատների (ֆերոսիլիցիում), քրոմի (ֆերոքրոմ), վոլֆրամի, վանադիումի և նիոբիումի համաձուլվածքները, որոնք ժամանակակից տեխնիկայում ունեն առաջատար դեր:
9. Երկաթի և դրա համաձուլվածքների արտադրության մակարդակը երկրի արդյունաբերական զարգացման վիճակի որոշիչ ցուցանիշներից մեկն է: Սև մետալուրգիայի զարգացման բարձր մակարդակ ունեն Չինաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Գերմանիան, Ուկրաինան: Հայաստանի Հանրապետությունում երկաթի հաստատված պաշարներով հանքավայրերի առկայությունը լավ նախադրյալ է հանդիսանում սև մետալուրգիան զարգացնելու համար:
10. Երկրակեղևում երկաթի միջին պարունակությունը կազմում է շուրջ 5%` հանդիսանալով ամենատարածված քիմիական տարրերից և ներառված է մեծաքանակ միներալների (ավելի քան 300) կազմում: Երկաթի արդյունաբերական արժեքավոր գլխավոր միներալները օքսիդներն և հիդրոօքսիդներն են, փոքր քանակով նաև` կարբոնատները. դրանք են` մագնետիտը, տիտանոմագնետիտը և հեմատիտը, ինչպես նաև մարտիտը, հյոտիտը, հիդրոհյոտիտը (լիմոնիտ) և երկաթասպաթը (սիդերիտը) (աղյուսակ 1):
Աղյուսակ 1
Արդյունաբերական նշանակություն ունեցող երկաթի գլխավոր միներալները
.____________________________________________________.
|Միներալների |Քիմիական |Երկաթի |
|անվանումները |կազմը |պարունա- |
| |(բանաձևը) |կություն, |
| | |% |
|_______________|_________________________|__________|
|Մագնետիտ |Fe(3)O(4) |72.4 |
|_______________|_________________________|__________|
|Մագնոմագնետիտ |(Mg, Fe)O.Fe(2)O(3) |65-68 |
|_______________|_________________________|__________|
|Տիտանոմագնետիտ |Fe(2+)(Fe(3+), Ti)(2)O(4)|55-67 |
|_______________|_________________________|__________|
|Հեմատիտ |Fe(2)O(3) |70.0 |
|_______________|_________________________|__________|
|Հյոտիտ |HFeO(2) |62.9 |
|_______________|_________________________|__________|
|Հիդրոհյոտիտ |FeO(2).H(2)O |52.0-62.9 |
|(լիմոնիտ) | | |
|_______________|_________________________|__________|
|Երկաթասպաթ |FeCO(3) |48,3 |
|(Սիդերիտ) | | |
.____________________________________________________.
2. ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
11. Երկաթի հանքավայրերը ստորաբաժանվում են բնածին (երկրակեղևում համալիր գործընթացների հետևանքով) և տեխնածին (հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված) հանքավայրերի:
12. Արդյունաբերական նշանակությամբ երկաթի բնածին հանքավայրերը ըստ առաջացման պայմանների խիստ բազմազան են և հայտնի են էնդոգեն (ներծին), էկզոգեն (արտածին) և մետամորֆոգեն (կերպափոխված) ապարների համալիրներում: Հաշվի առնելով ծագումնաբանությունն ընդունված է դրանք վերագրել սույն հավելվածի 14-ից 23-րդ կետերում նկարագրված արդյունաբերական տիպերին:
13. Առաջացման պայմաններից կախված չափազանց բազմազան է նաև երկաթի հանքաքարերի միներալային կազմը, որը զգալի չափով որոշում է դրանց արդյունաբերական նշանակությունը: Երկաթի հանքաքարերը ստորաբաժանվում են 11 հիմնական արդյունաբերական տիպերի (աղյուսակ 2):
Աղյուսակ 2
Երկաթի հանքավայրերի հիմնական արդյունաբերական տիպերը
._________________________________________________________________________.
|Հանքաքարերի տիպերը |Գլխավոր և բնորոշ |Հանքաքարերում|Տիպային |
| |հանքային միներալները|գլխավոր և |հանքավայրերը |
| | |բնորոշ | |
| | |էլեմենտները | |
| | |և խառնուրդ- | |
| | |ները | |
|____________________|____________________|_____________|_________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____________________|____________________|_____________|_________________|
|Տիտանամագնետիտային |տիտանամագնետիտ, |Ti, V, Sc, |Կաչկանարսկիի, |
|և իլմենիտ-տիտանա- |իլմենիտ, մագնետիտ, |Cu, Co, Ni, |Կոպանսկիի, |
|մագնետիտային |բնածին պլատին, |S, Pt, Os և |Պերվոուրալյան, |
|հանքաքարեր գերհիմ- |պլատինոիդներ |այլն |Պուդոժգորսկիի, |
|նային և հիմնային | | |Չինեյսկիի, |
|ապարներում | | |Բուշվելդյան |
| | | |համալիր, |
| | | |Ռոուտիվարայի, |
| | | |Տաբերգի, Ալլարդ- |
| | | |Լեյկի (Լակ-Տիո) |
|____________________|____________________|_____________|_________________|
|Բադդելիտ-ապատիտ- |մագնետիտ, ապատիտ, |P, Zr, Nb, Ta|Աբովյանի, |
|մագնետիտային |բադդելիտ | |Հրազդանի, |
|հանքաքարեր գերհիմ- | | |Կովդորսկիի |
|նային ալկալիական | | | |
|ապարներում | | | |
|____________________|____________________|_____________|_________________|
|Մագնետիտային հանքա- |մագնետիտ, հեմատիտ, |S, As, Co, |Սոկոլովսկիի, |
|քարեր` նստվածքային |մարտիտ, պիրրոտին, |Mn, Cu, Se, |Սարբայսկիի, |
|և հրաբխանստվածքային|խալկոպիրիտ, |Te, Pb, Zn, |Կաչարսկի, Վիսոկո-|
|ապարներում |սֆալերիտ, գալենիտ, |Cd, In, Bi, |գորսկիի, Գորոբլա-|
| |արսենոպիրիտ, վիսմու-|Mo, Ag, Au, |գոդատսկիի, |
| |տին, մոլիբդենիտ, |Ge, F, B, Pt,|Աբականսկիի, |
| |կոբալտին, լիննեիտ, |Pd |Շերեգեշևսկիի, |
| |բնածին ոսկի և արծաթ| |Տաշտագոլսկիի, |
| | | |Տաեժնիի, |
| | | |Դեսովսկիի, |
| | | |Մարկոնայի, |
| | | |Չոգարտի, Չադոր- |
| | | |Մալյույի, Գոլգո- |
| | | |խարի, Մաանշանի |
|____________________|____________________|_____________|_________________|
|Մագնոմագնետիտային |մագնոմագնետիտ, |S, Cu, Zn, V,|Կորշունովսկիի, |
|հանքաքարեր` նստված- |մագնետիտ, հեմատիտ, |Au, Hg, B, Na|Ռուդնոգորսկիի, |
|քային և պիրոկլաստիկ|պիրիտ, խալկոպիրիտ, | |Տագարսկիի, |
|ապարներում և |սֆալերիտ, գալենիտ | |Ներյունդինսկիի, |
|կճաքարերում | | |Կապաեվսկիի |
|(տրապպերում) | | | |
|____________________|____________________|_____________|_________________|
|Մագնետիտ-հեմատիտային|հեմատիտ, մագնետիտ, |Ge, Mn, Mo, |Արևմտա-Կարաժալս- |
|և հեմատիտ-մագնետի- |փսիլոմելան, երկաթաս-|Zn, Pb, Au, |կիի, Խոլզունսկիի |
|տային հանքաքարեր` |պաթ (սիդերիտ), |S, P, B, V | |
|հրաբխանստվածքային |պիրիտ, սֆալերիտ, | | |
|ապարներում |գալենիտ, բրաունիտ, | | |
| |գաուսմանիտ | | |
|____________________|____________________|_____________|_________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____________________|____________________|_____________|_________________|
|Երկաթային քվարցիտ- |մագնետիտ, հեմատիտ, |Ge, Au, Mn |Օլենեգորսկիի, |
|ներ` նստվածքային և |երկաթասպաթ | |Կոստոմուկշայի, |
|հրաբխանստվածքային |(սիդերիտ), պիրիտ, | |Կրիվոռոժսկու |
|ապարներում |սֆալերիտ, գալենիտ, | |ավազան, Տարինախս-|
| | | |կիի, Գորկիտսկիի |
|____________________|____________________|_____________|_________________|
|Մարտիտային, մարտիտ- |հիդրոհեմատիտ, | U |Կրիվոռոժսկու |
|հիդրոհեմատիտային, |հյոտիտ, մագնետիտ, | |ավազան, Բելոզերս-|
|հիդրոհեմատիտ-մարտի- |հեմատիտ, երկաթասպաթ | |կիի, Յակովլևս- |
|տային և հիդրոհեմա- |(սիդերիտ), պիրիտ | |կիի, Վիսլովսկիի, |
|տիտային հանքաքարեր` | | |Միխայլովսկիի, |
|առաջացած ըստ | | |Գոստիշեվսկիի |
|երկաթային քվարցիտ- | | | |
|ների մարտիտ, | | | |
|____________________|____________________|_____________|_________________|
|Երկաթասպաթային |Երկաթասպաթ |Mn |Բակալսկիի, |
|(սիդերիտային) և |(սիդերիտ), հեմատիտ, | |Բերեզովսկիի |
|հեմատիտ-երկաթասպա- |սիդերոպլեզիտ, | | |
|թային (սիդերիտային) | | | |
|հանքաքարեր` նստված- | | | |
|քային ապարներում | | | |
|____________________|____________________|_____________|_________________|
|Գորշ երկաթաքարեր` |հիդրոհյոտիտ, հյոտիտ,| -- |Բակալսկիի, |
|առաջացած ըստ երկաթաս|երկաթասպաթ (սիդերիտ)| |Բերեզովսկիի, |
|պաթներից (սիդերիտ) | | |Զիգազինակոմարովս-|
| | | |կիի խումբ |
|____________________|____________________|_____________|_________________|
|Լեպտոքլորիտային և |հիդրոհյոտիտ, լեպտո- |P, Mn, As, V,|Լիսակովսկիի, |
|հիդրոհյոտիտային |քլորիտ, փսիլոմելան, |Bi |Այաթսկիի, |
|ձվաքարային (օոլի- |պիրոլյուզիտ, | |Կերչենսկիի, |
|թային) հանքաքարեր` |վիվիանիտ, վերնադիտ, | |Լոթարինգյան |
|նստվածքային |պիրիտ | |երկաթաքարային |
|ապարներում | | |ավազան |
|____________________|____________________|_____________|_________________|
|Հողմահարման կեղևի |հյոտիտ, հիդրոհյոտիտ,|Cr, Co, Ni, |Սերովսկիի, |
|գերհիմնային ապարների|երկաթասպաթ |V, Mn, Sc, Ga|Օրսկախալիլովսկիի |
|քրոմ-նիկելային, |(սիդերիտ), | |շրջանի հանքա- |
|հյոտիտ-հիդրոհյոտի- |նոնտրոնիտ, պիրիտ, | |վայրեր, Կուբայի, |
|տային հանքաքարեր |քրոմշպինելիդներ, | |Ֆիլիպինների, |
| |պոլիանիտ, պիրոլյու- | |Ինդոնեզիայի, |
| |զիտ, փսիլոմելան | |Գվինեայի, Մալիի |
| | | |լատերիտային հան- |
| | | |քաքարեր |
._________________________________________________________________________.
14. Մագմատիկ հանքավայրեր (այս տիպին բաժին է ընկնում երկաթի հանքաքարերի համաշխարհային հետախուզված պաշարների 6.6 և ապրանքային հանքաքարի 5.6 տոկոսը, ՌԴ-ում` համապատասխանաբար 12.9 և 18.2 տոկոսը).
1) տիտանամագնետիտային և իլմենիտ-տիտանամագնետիտային` ներկայացված գաբրո-պիրոքսենիտ-դունիտային, գաբրոային, գաբրո-դիաբազային և գաբրո-անորթոզիտային կազմավորման (ֆորմացիայի) ներժայթքումներում` վանադիում և տիտան պարունակող մագնետիտների ցանավոր ներփակվածքների (շլիրային (թելակերպ) և երակաոսպնյակաձև առանձնացումների հետ) խտացված գոտիներով (Կաչկանարսկու, Կոպանսկու, Պերվոուրալսկու, Պուդոժգորսկու, Չինեսկու հանքավայրեր` Ռուսաստան, Բուշվելդյան համալիրի հանքավայրեր` ՀԱՀ, Ռոուտիվարայի, Տաբերգի հանքավայրեր` Շվեդիա, Ալլարդ-Լեյկի (Լակ-Տիո) հանքավայր` Կանադա և այլն),
2) բադդելիտ-ապատիտ-մագնետիտային` կարբոնատիտների հետ գերհիմնային ալկալիական ներժայթքումներում` ոսպնյակձև և երակաձև հանքամարմինների շարքեր ձևավորող (Աբովյանի, Հրազդանի հանքավայրեր` Հայաստան, Կովդորյան հանքավայր` ՌԴ, Պալաբորի հանքավայր` Հարավային Աֆրիկա):
15. Մետասոմատիկ հանքավայրեր (այս տիպին բաժին է ընկնում երկաթի հանքաքարերի համաշխարհային հետախուզված պաշարների 9.5 և ապրանքային հանքաքարի 8.3 տոկոսը, ՌԴ-ում` համապատասխանաբար 12.2 և 12.9 տոկոսը).
1) սկառնամագնետիտային հանքաքարերի հանքավայրեր` ներկայացված հրաբխանստվածքային և կերպափոխային (մետամորֆիկ) ապարներում բարդ շերտաձև և ոսպնյակաձև մագնետիտային հանքաքարերի կուտակներ ձևավորող` տարբեր աստիճանի հանքայնացած սկառներով և սկառնոիդներով (Սոկոլովսկու, Սարբայսկու, Կաչարսկու հանքավայրեր` Ղազախստան, Վիսոկոգորսկու, Գորոբլագոդատսկու և Ուրալի այլ հանքավայրեր, Աբականսկու, Թեյսկիի, Շերեգեշևսկու, Տաշտագոլսկու և Լեռնային Շորիայի այլ հանքավայրեր, Տայեժնու, Դեսովսկու հանքավայրեր` ՌԴ, Մարկոնայի հանքավայր` Պերու, Չիլիի երկաթահանքաքարային գոտու հանքավայրեր` Չիլի, Չոգարտի, Չադոր-Մալյուի հանքավայրեր` Իրան, Մաանշանի հանքավայր` Չինաստան):
16. Ջրաջերմային (հիդրոթերմալ) հանքավայրեր (այս տիպի հանքաքարերի մասնաբաժինը համաշխարհային հետախուզված պաշարներում և ապրանքային հանքաքարի արդյունահանման մեջ աննշան է և չի գերազանցում 1 տոկոսը, ՌԴ-ում` համապատասխանաբար 5.4 և 2.9 տոկոսը).
1) ծագումնաբանորեն կապված են կճաքարերի (տրապ) հետ` ներկայացված են նստվածքային, հրաբեկորային (պիրոկլաստային) և կճաքարային (տրապային) ապարներում` մագնոմագնետիտային հանքաքարերի երակասյունաձև և տարբեր տեսակի բարդ ձևի կուտակներով (Կորշունովսկու, Ռուդնոգորսկու, Ներյուդինսկու, Կապաևսկու, Թագարսկու հանքավայրեր` ՌԴ),
2) ջրաջերմանստվածքային (հիդրոթերմալ-նստվածքային) երկաթասպաթային (սիդերիտային), հեմատիտ-երկաթասպաթային` ներկայացված նստվածքային ապարներում երկաթասպաթային, հեմատիտ-երկաթասպաթային (օքսիդացածների վերին հորիզոններում) հանքաքարերի շերտաձև, երակաձև և ոսպնյակաձև ներդաշնակ և հատող կուտակներով (Ուրալում` Բակալսկու հանքային դաշտ, Բերեզովսկու հանքավայր` ՌԴ, Ուենզայի, Բու-Կադրայի, Զաքքար-Բենի-Սաֆի հանքավայրեր` Ալժիր, Բիլբաո` Իսպանիա):
17. Հրաբխանստվածքային հանքավայրեր` ներկայացված հրաբխանստվածքային ապարներում` հեմատիտային, մագնետիտ-հեմատիտային և հեմատիտ-մագնետիտային հանքաքարերի ներդաշնակ շերտերով և ոսպնյակներով (Արևմտան Կարաժալսկու հանքավայր` Ղազախստան, Խոլզունսկու հանքավայր` ՌԴ): Այս տիպի հանքաքարերի մասնաբաժինը համաշխարհային հետախուզված պաշարներում և ապրանքային հանքաքարի արդյունահանման մեջ աննշան է:
18. Ծովանստվածքային հանքավայրեր, որոնք ձևավորվել են ծովային ավազաններում. ներկայացված են ծովային ցամաքածին կարբոնատային մեզոկայնոզոյան նստվածքներում` լեպտոքլորիտային և հիդրոհյոտիտային ձվաքարային (օոլիթային) հանքաքարերի թույլ տեղաբաշխված շերտաձև կուտակներով (Կերչենսկիի երկաթահանքային ավազան` Ուկրաինա, Ավյատսկիի հանքավայր` Ղազախստան, մուգ դարչնագույն (գորշ) երկաթաքարի հանքավայրեր. Լոթարինգիայի երկաթահանքային ավազան (Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսենբուրգի տարածքներում), Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Կանադայի Նյուֆաունդլենդ երկրամաս, ԱՄՆ-ի Բիրմինհեմի շրջան): Այս տիպի հանքաքարերին բաժին է ընկնում երկաթի հանքաքարերի համաշխարհային հետախուզված պաշարների 10.6 և ապրանքային հանքաքարի 8.9 տոկոսը:
19. Մայրցամաքային նստվածքային հանքավայրեր, որոնք ձևավորվել են գետերի կամ լճերի ավազաններում. ներկայացված են գետային նստվածքների հանածոներում` լեպտոքլորիտային և հիդրոհյոտիտային ձվաքարային (օոլիթային) հանքաքարերի շերտաձև և ոսպնյակաձև կուտակներով (Լիսակովսկու հանքավայր` Ղազախստան): Այս տիպի հանքաքարերի մասնաբաժինը համաշխարհային հետախուզված պաշարներում և ապրանքային հանքաքարի արդյունահանման մեջ աննշան է:
20. Կերպափոխված (մետամորֆացած) երկաթային քվարցիտների հանքավայրեր, լայն տարածում ունեն հին վահաններում, պլատֆորմներում և ֆաներոզոյան ծալքավոր շրջանների որոշ միջին զանգվածներում: Դրանց գերակշռող մասը ունեն վաղ պրոտերոզոյան և արխեյան հասակ. սակավ տարածում ունեն ուշ պրոտերոզոյան և վաղպալեոզոյան հանքավայրերը: Երկաթային քվարցիտները ձևավորում են խոշոր չափերի երկաթաքարային ավազաններ: Հանքավայրերի սահմաններում` քվարցիտների հանքային կուտակները սովորաբար ունեն խոշոր չափեր. ըստ տարածման` կիլոմետրեր, ըստ հզորության` մի քանի հարյուր կամ տասնյակ մետրեր: Բնութագրական են շերտաձև հանքամարմինները, նրբազոլավոր մակատեսքը (տեքստուրան) և տարբեր հանքավայրերում համանման միներալային կազմը (Կրիվոյռոգյան ավազան` Ուկրաինա, Կուրսկի մագնիսական անոմալիայի, Օլենեգորսկու, Կոստոմուշայի, Տարիննախանսկու և Գորկիտսկու հանքավայրեր` Ռուսաստան, Համերսլիի ավազան` Ավստրալիա, Կարաժասի և «Երկաթե քառանկյան» շրջաններ` Բրազիլիա, Վերին լճի շրջան` ԱՄՆ, Լաբրադորյան ճկվածք` Կանադա, Անիշան-Բենսիի ավազան` Չինաստան և այլն): Ըստ պաշարների խոշոր և առանձնահատուկ հանքավայրերում` հանքաքարի հեշտ հարստացվելիությունը, խոշոր բացահանքերով շահագործման հնարավորությունը, հզոր տրանսպորտային և լեռնաարդյունահանման տեխնիկայի կիրառումը թույլ է տալիս աշխարհի բոլոր ավազաններում, դրանց համարել երկաթի հանքաքարերի արդյունահանման համար բարենպաստ: Այս տիպի հանքաքարերի մասնաբաժինը համաշխարհային հետախուզված և ապրանքային հանքաքարերի պաշարներում գերազանցում է 60 տոկոսը. ՌԴ-ում դրանց պաշարները կազմում են 55.9 տոկոս, իսկ ապրանքային հանքաքարի արտադրության` 64.5 տոկոս:
21. Հողմահարման կեղևի հանքավայրեր` ներկայացված վերնածին (հիպերգեն) գործընթացների արդյունքում երկաթային քվարցիտների կերպափոխման ժամանակ ձևավորված հիդրոհեմատիտ-մագնետիտային, երկաթասպաթ(սիդերիտ)-մագնետիտային, մարտիտ-մագնետիտային հանքաքարերով: Իրենց տարածվածությամբ դրանք կապված են երկաթային քվարցիտների զարգացման շրջանների և մակերեսների հետ, հարում են դրանց հողմահարման կեղևի գծային և տարածական զարգացմանը (Միխայլովսկու, Յակովլևսկու, Գոստիշեվսկու, Վիսլովսկու, Ռազումենսկիի հանքավայրեր` Ռուսաստան, Կրիվոյ Ռոգի հարուստ հանքաքարերի հանքավայր` Ուկրաինա, Ավստրալիայի, Բրազիլիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի երկաթահանքային շրջաններ): Վերջին երկու տիպի` երկաթային քվարցիտների և դրանց մեջ տարածվող բազմածին (պոլիգեն) հարուստ հանքաքարերի հանքավայրերի պաշարների գումարային մասնաբաժինը համաշխարհային հետախուզված պաշարներում կազմում է 70.9 տոկոս, իսկ ապրանքային հանքաքարերի պաշարներում` 74.4 տոկոսը. ՌԴ-ում` 68.4 և 65.8 տոկոս: Այսինքն, դրանք հանդիսանում են արդյունաբերական նշանակությամբ երկաթի հանքավայրերի կարևորագույն տեսակները:
22. Երկաթի այլ վերնածին (հիպերգեն) հանքաքարեր (այս տիպին բաժին է ընկնում երկաթի հանքաքարերի համաշխարհային հետախուզված պաշարների 2.4 և ապրանքային հանքաքարի 2.0 տոկոսը, ՌԴ-ում` համապատասխանաբար 1.1 և 0.2 տոկոսը).
1) մուգ դարչնագույն (գորշ) երկաթաքարեր` կապված երկաթասպաթների (սիդերիտների) հողմահարման կեղևների հետ (Ուրալի Բակալյան և Զիգազինո-Կոմարովսկիի խմբի հանքավայրեր, Չիտինսկիի շրջանի Բերեզովսկիի հանքավայր` ՌԴ),
2) քրոմ-նիկելային հյոտիտ-հիդրոհյոտիտային հանքաքարերի ընդհատուն թիկնոցաձև կուտակներ` տարածված գերհիմնային ապարների հողմահարման կեղևում` (Կուբայի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Գվինեայի, Մալիի լատերիտային հանքաքարեր, Ուրալում` Սերովսկու և Օրսկո-Խալիլովսկու շրջանի հանքավայրեր` Ռուսաստան): Այս հանքաքարերը, որպես կանոն, լեգիրված (հարստացած) են նիկելով և կոբալտով:
23. Արդյունաբերական յուրացման համար կարող են նպատակահարմար լինել որոշ տեխնածին հանքավայրեր, որոնք հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված օբյեկտներն են: Դրանց են վերագրվում երկաթի հանքավայրերի մշակման արդյունքում գոյացած արտահաշվեկշռային հանքաքարերի հատուկ լցակույտերը, սև, գունավոր, ազնիվ և այլ մետաղների հանքավայրերի համալիր հանքաքարերի հարստացման կամ երկաթ պարունակող կիսաարտադրանքների (թերայրուկներ, սորախցուկներ, մոխիրներ) վերամշակման գործընթացներում առաջացող երկաթ պարունակող թափոնները (հարստապոչեր, ապարախյուսեր` շլամներ): Այդ հանքավայրերի կառուցվածքի և տեխնածին ու հետագա վերնածին (հիպերգեն) ներգործությամբ ձևավորված երկաթ պարունակող նյութերի կազմի առանձնահատկությունները պահանջում են դրանց ուսումնասիրության և գնահատման յուրահատուկ մոտեցումներ, որոնք սույն հավելվածում չեն դիտարկվում և ենթակա են սահմանման համապատասխան իրավական ակտերով:
3. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ
24. Հետախուզման գործընթացում պղնձի հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է` կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից:
25. Ըստ հանքային մարմինների չափերի և ձևի, դրանց հզորության ու ներքին կառուցվածքի փոփոխականության, հանքաքարի ներքին կառուցվածքի և որակի, երկաթի հանքավայրերը (կամ առանձին տեղամասերը) համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին:
1) 1-ին խմբին են վերագրվում պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)` ներկայացված հանքաքարի կայուն (հաստատուն) որակով և հզորությամբ հորիզոնական կամ սակավաթեք տեղադրման շերտաձև խոշոր հանքակուտակներով (Կամիշ-Բուրունսկու, Էլտիգեն-Օրթելսկու, Կիզ-Աուլսկու, Կատերլեզսկու և Կերչի ավազանի այլ հանքավայրերը, Լիսակովսկու, Այաթսկու և այլ նստվածքային հանքավայրերը` ՌԴ):
2) 2-րդ խմբին են վերագրվում բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)` ներկայացված.
ա. հանքաքարի կայուն որակով, համեմատաբար բարդ կառուցվածքով` բարդ-ծալքավոր կամ խզվածքներով խախտված շերտային, շերտաոսպնյակաձև խոշոր հանքակուտակներով (Սկելեվատսկու-Մագնետիտային, Ինգուլեցկու, Աննովսկու, Կորոբկովսկու, Միխայլովսկու, Ստոյլենսկու, Լեբեդինսկու, Գորիշնե-Պլավնինսկու, Օլենեգորսկու երկաթային քվարցիտների հանքավայրերը, Կուրսկի մագնիսական անոմալիայի և Կրիվբասի հարուստ հանքաքարերի խոշոր հանքակուտակները):
բ. բարդ կառուցվածքի խոշոր և միջին չափերի ոսպնյակաձև, շտոկաձև, սյունաձև և խողովակաձև կամ հանքաքարի անկայուն որակով հանքամարմիններով (Գուսևոգորսկու և Կաչկանարսկու տիտանոմագնետիտային հանքաքարերի հանքավայրերը, Կովդորսկու ապատիտ-մագնետիտային հանքաքարերի հանքավայրը, Սոկոլովսկու, Սարբայսկու, Գորոբլագոդատսկու, Վիսոկոգորսկու, Էստյունինսկու մետասոմատիկ հանքավայրերը, Կորշունովսկու, Ռուդնոգորսկու, Բակալսկու հիդրոթերմալ հանքավայրերը, Արևմտա-Կարաժալսկու հրաբխանստվածքային հանքավայրը):
3) 3-րդ խմբին են վերագրվում շատ բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)` ներկայացված փոքր և միջին չափերի ոսպնյականման հանքակուտակներով, խիստ փոփոխվող հզորությամբ ու հանքաքարի որակով` բարդ ձևի երակասյունաձև հանքամարմիններով (Կոդինսկու, Սուխարինսկու, Օրսկ-Խալիլովսկու և Տեյսկու հանքավայրերի խմբերը, Կուրժունկուլսկու, Իրբինսկու, Իզիգսկու, Սորսկու և Կազսկու տարբեր ծագումնաբանական խմբերի հանքավայրերը, Կրիվբասի հարուստ հանքաքարերի փոքր հանքակուտակներ):
4) Դասակարգման 4-րդ խմբին վերագրվող չափազանց բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (հանքերևակումները), որպես կանոն, չունեն արդյունաբերական նշանակություն:
26. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է` ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից. եթե անհնար է որոշել հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիությունը սույն հավելվածի 24-րդ և 25-րդ կետերի համաձայն, ապա կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները:
4. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
27. Հանքավայրերի առավել արդյունավետ ուսումնասիրության համար անհրաժեշտ է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել հետախուզման մեթոդների և տեխնիկական միջոցների ռացիոնալ համալիրի հիմնավորմամբ և կիրառմամբ, ըստ ցանկության (խորհուրդ է տրվում) իրականացնել երկրաբանատնտեսագիտական գնահատման նախնական փուլերը (ՏՏԶ, ՏՏՆ): Հանքավայրի ուսումնասիրության աստիճանը պետք է ապահովի համալիր գնահատման ամբողջականությունը, դրա համալիր յուրացման հնարավորությունը` շրջակա միջավայրի պահպանության պահանջների պարտադիր հաշվառմամբ: Հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը կարող է համարվել բավարար, եթե հաշվարկված պաշարները բավարարում են Դասակարգման (8-րդ գլխի) 44-րդ կետի պահանջներին:
28. Մանրազնին հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ տեղագրական հիմք, որի մասշտաբը պետք է համապատասխանի դրանց չափերին ու երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին: Երկաթի հանքաքարի հանքավայրերի տեղագրական քարտեզները և հատակագծերը սովորաբար կազմվում են 1:1000-1:10000 մասշտաբով և պարտադիր պետք է ունենան աշխարհագրական կոորդինատների ցանց: Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հետախուզաառուները, հետախուզահորերը, հանքուղիները (բովանցքերը, շտոլնյաները), հանքահորերը (հանքափողերը), հորատանցքեր), երկրաֆիզիկական մանրակրկիտ դիտումների պրոֆիլները, ինչպես նաև հանքամարմինների և հանքայնացված գոտիների բնական մերկացումները պետք է ունենան գործիքային տեղակապում: Ստորգետնյա լեռնային փորվածքները և հորատանցքերը տեղադրվում են հատակագծի վրա մարկշեյդերական հանույթի տվյալներով: Լեռնային աշխատանքների հորիզոնների մարկշեյդերական հատակագծերը (պլանները) սովորաբար կազմում են 1:500 կամ 1:1000 մասշտաբով, իսկ ամփոփ հատակագծերը` 1:2000-ից ոչ փոքր մասշտաբով: Պետք է հաշվարկվեն հորատանցքերով հանքամարմնի առաստաղի ու հատակի հատումների կետերի կոորդինատները և հատակագծերի ու կտրվածքների հարթությունների վրա կառուցվեն դրանց փողերի անցակետերը:
29. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրամասն ուսումնասիրվի և արտապատկերվի 1:1000-1:10000 մասշտաբի երկրաբանական քարտեզի (կախված հանքավայրի չափերից և բարդությունից), երկրաբանական կտրվածքների, հատակագծերի, պրոյեկցիաների վրա, իսկ անհրաժեշտության դեպքում` բլոկ-դիագրամների և նմուշօրինակի (մոդելի) վրա: Հանքավայրերի երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը` պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան հանքամարմինների չափերի ու ձևի, դրանց տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի ու անընդհատության, սեպացման, պարփակող ապարների փոփոխվածության առանձնահատկությունների, վերջիններիս և ծալքավոր կառուցվածքների ու տեկտոնական խախտումների հետ հանքամարմինների փոխհարաբերությունների վերաբերյալ: Անհրաժեշտ է նաև հիմնավորել հանքավայրի երկրաբանական սահմանները և որոնողական չափանիշները.
1) Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական կոորդինատների ցանցով 1:25000-1:50000 մասշտաբի երկրաբանական և օգտակար հանածոների քարտեզ` համապատասխան կտրվածքներով: Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի երկաթի հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև երկաթի կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:
2) Հանքավայրի շրջանում կատարված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում ու դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաների) մեկնաբանությունների ամփոփ հատակագծերում:
30. Հանքամարմինների կամ միներալացված գոտիների ելքերը դեպի մակերևույթ և մերձմակերևութային տեղամասերը անհրաժեշտ է ուսումնասիրել լեռնային փորվածքներով և ոչ խորը հորատանցքերով` երկրաֆիզիկական և երկրաքիմիական մեթոդների կիրառմամբ և նմուշարկել այնպիսի մանրամասնությամբ, որը թույլ կտա որոշել հանքամարմիների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, օքսիդացման գոտու խորությունն ու կառուցվածքը, հանքաքարի օքսիդացման աստիճանը, հանքաքարերի նյութական կազմի, տեխնոլոգիական հատկությունների և կատարել օքսիդացած և խառը հանքաքարերի պաշարների տարանջատ հաշվարկ` ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի:
31. Երկաթի հանքավայրերի հետախուզումն ըստ խորության իրականացվում է հիմնականում հորատանցքերով` հետազոտության երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում) առավելագույն կիրառմամբ, իսկ հանքակուտակների տեղադրման ոչ մեծ խորությունների դեպքում` հորատանցքերի և լեռնային փորվածքների զուգակցմամբ: Հորատման տվյալներով միանշանակ չմեկնաբանվող (բնութագրվող), շատ բարդ երկրաբանական կառուցվածք ունեցող, հանքավայրերում, տեղադրման պայմանների, ձևի (մորֆոլոգիայի), ներքին կառուցվածքի, նյութական կազմի, հանքաքարի տիպերի և տեսակների տեղաբաշխման առանձնահատկությունների պարզաբանման, ինչպես նաև հորատման ու երկրաֆիզիկական աշխատանքների որակի վերահսկման և տեխնոլոգիական նմուշի վերցման համար, հանքամարմինների ներկայացուցչական տեղամասերում, անհրաժեշտության դեպքում պետք է անցնել ստորգետնյա լեռնային փորվածքներ:
1) Հետախուզման մեթոդաբանությունը` երկրաֆիզիկական հետազոտությունների տեսակներն ու ծավալները, դրանց նշանակությունը և հորատման աշխատանքների հարաբերակցությունը, լեռնային փորվածքների անցկացման անհրաժեշտությունը, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները, պետք է ապահովեն հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդությանը համապատասխան, Դասակարգման 3-րդ գլխում (15-ից 28-րդ կետեր) սահմանված կարգերով և Դասակարգման 8-րդ գլխում (44-րդ կետ) սահմանված հարաբերակցությամբ պաշարների հաշվարկման հնարավորությունը: Հետախուզման մեթոդաբանությունը որոշվում է կախված հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններից` հետախուզման, հորատման, լեռնային և երկրաֆիզիկական միջոցների հնարավորություններից, ինչպես նաև համանման տիպի հանքավայրերի հետախուզման և շահագործման փորձից:
32. Սյունակային հորատման հորատանցքերում պետք է ստացվի լավ պահպանված հորատահանուկի հնարավոր առավելագույն ելք, որը թույլ կտա պարզել հանքամարմինների և պարփակող ապարների տեղադրման առանձնահատկությունները, դրանց հզորությունը, հանքամարմինների ներքին կառուցվածքը, մերձհանքային փոփոխությունների բնույթը, հանքաքարերի բնական տարատեսակների տեղաբաշխվածությունը, դրանց մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան) և ապահովել նմուշարկման ենթակա նյութի բնութագրականությունը: Երկրաբանահետախուզական աշխատանքների գործելակերպով (պրակտիկայով) հաստատված է, որ հանքամարմնից ստացված հորատահանուկի ելքը ըստ հորատման յուրաքանչյուր երթի (հորատաերթի) պետք է 70%-ից պակաս չլինի` հիմնականում կազմելով 90% և ավելի (հատկապես սույն հավելվածի ընդունումից հետո անցած հորատանցքերի համար), ընդ որում փուխր, սորուն հանքաքարերի հանքային հատույթներում երկրաֆիզիկական մեթոդներով իրականացվում է պարտադիր հավաստում:
1) Հորատահանուկի գծային ելքի ճշտությունն անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել այլ եղանակներով (կշռային, ծավալային):
2) Հանքայնացված միջակայքերում հանքաքարի որակի և հանքամարմնի հզորության որոշման համար հորատահանուկի բնութագրական լինելը պետք է հաստատվի դրա հնարավոր ընտրողական մաշելիության ուսումնասիրությունների տվյալներով: Ընտրողական մաշելիության մակարդակը ուսումնասիրվում է ըստ տարբեր տեսակի հանքաքարերի և հորատահանուկի ելքի կարգերի (կլասների): Դրա համար անհրաժեշտ է օգտագործել հանքաքարերի ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրման ու լեռնային փորվածքների նմուշարկման տվյալները, կարոտաժի արդյունքները, շահագործական հետախուզման և արդյունահանման նյութերը, ինչպես նաև հորատահանուկի տարբեր ելքերով միջակայքերի տվյալների շարունակական մշակման արդյունքները:
3) Հանքաքարերի փխրուն տարատեսակներով ներկայացված հանքամարմինների հետախուզման ժամանակ անհրաժեշտ է կիրառել հորատման հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս բարձրացնել հորատահանուկի ելքը (հորատում առանց լվացման, կարճացված երթով (հորատաերթով), լվացող հատուկ հեղուկների կիրառում և այլն):
4) Հորատման արժանահավատության և տեղեկատվականության բարձրացման և պաշարների քանակական գնահատման համար անհրաժեշտ է հորատանցքերում իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից:
5) Հանքային միջակայքերի առանձնացման, դրանց պարամետրերի որոշման համար արդյունավետ կարոտաժի համալիրը պետք է իրականացվի հանքավայրում հորատված բոլոր հորատանցքերում: Մագնետիտային հանքաքարերի համար անհրաժեշտ է իրականացնել մագնիսական ընկալունության (...), ոչ մագնիսական հանքաքարերի համար` միջուկային երկրաֆիզիկական մեթոդների, թույլ մագնիսական հանքաքարերի համար` էլեկտրամագնիսական և միջուկային երկրաֆիզիկական համալիր մեթոդների կարոտաժ:
6) 200 և ավելի մետր խորությամբ ուղղաձիգ և բոլոր թեք ուղղությամբ հորատվող հորատանցքերի առանցքների ազիմուտային և զենիթային անկյունները պետք է որոշվեն, այնուհետև վերստուգիչ չափումներով հաստատվեն ոչ հաճախ, քան յուրաքանչյուր 50 մետրը մեկ անգամ: Այդ չափումների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել երկրաբանական կտրվածքներ և ըստ հորիզոնների հատակագծեր կազմելիս, հանքային միջակայքերի հզորությունները չափելիս: Լեռնային փորվածքներով հորատանցքերի առանցքը հատելու դեպքերում չափումների արդյունքներն ստուգվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով:
7) Հորատանցքերով հետախուզման դեպքում դրանց և հանքամարմինների հատման անկյունները պետք է փոքր չլինեն 300-ից: Զառիթափ հանքամարմինները մեծ անկյան տակ հատելու համար նպատակահարմար է կատարել հորատանցքի արհեստական թեքում: Հորատմամբ հետախուզության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է հորատել բազմախորշ և ստորգետնյա հորատանցքեր: Հանքայնացված միջակայքը նպատակահարմար է հորատել նույն տրամագծով:
33. Հետախուզական փորվածքների դիրքը և միմյանց միջև եղած հեռավորությունները պետք է որոշվեն հանքամարմինների յուրաքանչյուր կառուցվածքային-ձևաբանական տիպի համար` առանձին, հաշվի առնելով դրանց չափերը, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները և հանքամարմինների եզրագծման ու դրանց կապակցման (տեղակապման) հավաստման համար երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում) օգտագործման հնարավորությունը (մագնետիտային հանքաքարերի հանքավայրերում նպատակահարմար է կիրառել հորատանցքային մագնիսահետախուզման մեթոդները, իսկ էլեկտրական հատկություններով բավարար հստակ տարանջատվող կտրվածքների դեպքում` առավել արդյունավետ են հորատանցքային էլեկտրահետախուզման մեթոդները):
1) Աղյուսակ 3-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում երկաթի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները, որոնք կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:
Աղյուսակ 3
Հայաստանի Հանրապետության երկաթի հանքավայրերի հետախուզման ժամանակ
հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող
ՊԱՀԱՆՋՆԵՐ
.________________________________________________________________________.
|Հանքա-|Հանքային մարմին- |Փորվածքի|Հանքամարմինների հետախուզահատում- |
|վայրի |ների բնութագիրը |տեսակը |ների միջև հեռավորությունները |
|բարդու| | |փորվածքներով (մ)` ըստ պաշարների |
|թյան | | |կարգերի |
|խումբը| | | |
|______|__________________|________|_____________________________________|
| | | | A | B | C1 | C2 |
|______|__________________|________|_______|_________|_________|_________|
| | | |ըստ|ըստ|ըստ |ըստ |ըստ |ըստ |ըստ |ըստ |
| | | |տա-|անկ|տա- |անկ-|տա- |անկ-|տա- |անկ-|
| | | |րած|ման|րած |ման |րած |ման |րած |ման |
| | | |ման| |ման | |ման | |ման | |
|______|__________________|________|___|___|____|____|____|____|____|____|
|1-ին |Հաստատուն հզորու- |հորա- |200|200|400 |400 |800 |800 | - | - |
| |թյամբ և կայուն |տանցքեր | | | | | | | | |
| |որակով խոշոր | | | | | | | | | |
| |հորիզոնական կամ | | | | | | | | | |
| |սակավաթեք շերտա- | | | | | | | | | |
| |ձև հանքակուտակ- | | | | | | | | | |
| |ներ | | | | | | | | | |
|______|__________________|________|___|___|____|____|____|____|____|____|
|2-րդ |ա. Համեմատաբար |հորա- | - | - |100-|100-|400-|200-|600-|400-|
| |բարդ կառուցվածքով`|տանցքեր | | |300 |200 |600 |400 |800 |600 |
| |հանքաքարի կայուն | | | | | | | | | |
| |հզորությամբ` խոշոր| | | | | | | | | |
| |բարդ-ծալքավոր կամ | | | | | | | | | |
| |խզվածքային | | | | | | | | | |
| |խախտումներով | | | | | | | | | |
| |խախտված շերտաձև, | | | | | | | | | |
| |ոսպնյակաձև | | | | | | | | | |
| |հանքակուտակներ | | | | | | | | | |
| |__________________|________|___|___|____|____|____|____|____|____|
| |բ. Բարդ կառուցված-|հորա- | - | - |75- |50- |150-|100-|300-|200-|
| |քով կամ հանքաքարի |տանցքեր | | |150 |100 |300 |200 |500 |400 |
| |անկայուն որակով` | | | | | | | | | |
| |խոշոր և միջին | | | | | | | | | |
| |չափերի ոսպնյակա- | | | | | | | | | |
| |ձև, շտոկաձև, | | | | | | | | | |
| |սյունաձև, խողովա-| | | | | | | | | |
| |կաձև հանքակուտակ-| | | | | | | | | |
| |ներ | | | | | | | | | |
|______|__________________|________|___|___|____|____|____|____|____|____|
|3-րդ |Միջին և փոքր |հորա- | - | - |- |- |50- |50- |100-|100-|
| |չափերի ոսպնյակաձև |տանցքեր | | | | |100 |100 |300 |300 |
| |հանքակուտակներ, | | | | | | | | | |
| |խիստ փոփոխական | | | | | | | | | |
| |հզորությամբ և | | | | | | | | | |
| |հանքաքարի որակով | | | | | | | | | |
| |երակաձև, սյունա- | | | | | | | | | |
| |ձև բարդ ձևի | | | | | | | | | |
| |հանքամարմիններ | | | | | | | | | |
.________________________________________________________________________.
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում