(ուժը կորցրել է 05.06.08 թիվ 853-Ն որոշում)
i
040.0531.310800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 2000 թվականի N 531
i
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն` պետական հիմնարկ:
i
2. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5, 17, և 19 հոդվածների համաձայն`
ա) լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.
բ) կենտրոնացված գնումներ կատարելու իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությանը:
3. Պետական գաղտնիք պարունակող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության կարիքների համար գնումները կատարվում են լիազոր պետական մարմինների կողմից փակ մրցույթով, ապակենտրոնացված:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 27.12.01 թիվ 1267 որոշում)
i
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությանը`
ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.
բ) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծերը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` լիազոր մարմնի վերապահված իրավասությունների սահմաններում մինչև 2000 թվականի սեպտեմբերի 30-ը ընդունել օրենքի կիրարկումն ապահովող գերատեսչական նորմատիվ ակտեր:
7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային մարմիններին` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կողմից գնումների իրականացումը օրենքով սահմանված կարգով կատարել բաց մրցույթով գնումներ:
i
8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին քննության առնել համայնքների կարիքների համար կենտրոնացված գնումներ կատարելու լիազորությունը, օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությանը վերապահելու նպատակահարմարության հարցը և դրա մասին տեղեկացնել վերջինիս:
i
9. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշումը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 22-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
օգոստոսի 31-ի N 531 որոշմամբ
ԿԱՐԳ
i
մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության
(կարգն ուժը կորցրել է 27.12.01 թիվ 1267 որոշում)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 32 հոդվածի պահանջներին համապատասխան սահմանում է մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը:
2. Օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:
3. Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գնումների մասին օրենսդրությամբ, սույն կարգով և սույն կարգով նախատեսված դեպքերում լիազոր մարմնի ղեկավարի ընդունած որոշումներով:
II. Մրցույթի հանձնաժողովների կազմավորման կարգը
i
4. Մինչև մրցույթի հայտարարության և (կամ) մրցույթի հրավերի հրապարակումը պատվիրատուն կազմավորում է առնվազն 5, բայց ոչ ավելի, քան 12 անդամից կազմված հանձնաժողով: Հանձնաժողովը կազմավորվում է պատվիրատուի ղեկավարի համապատասխան հրամանով: Ընդ որում, կենտրոնացված գնումների դեպքում պետական գնումների գործակալության ղեկավարի հրամանը հաստատվում է մրցույթի հանձնաժողովում ընդգրկելու նպատակով թեկնածություններ ներկայացրած պետական մարմինների ղեկավարների գրավոր առաջարկի հիման վրա, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում` նաև մրցույթի հանձնաժողովի անդամների թեկնածությունները քննարկելու նպատակով հրավիրված խորհրդակցության արդյունքների մասին արձանագրության հիման վրա:
5. Ապակենտրոնացված գնումների դեպքում հանձնաժողովի անդամներն են պատվիրատուի`
ա) ղեկավարը կամ նրա տեղակալը (հանձնաժողովի նախագահ).
բ) իրավաբանական ծառայության ղեկավարը կամ ներկայացուցիչը (հանձնաժողովի քարտուղար).
գ) ֆինանսատնտեսական ծառայության ղեկավարը կամ ներկայացուցիչը.
դ) գնումների գծով մասնագետը (մասնագետները).
ե) ղեկավարի հայեցողությամբ` այլ պաշտոնատար անձինք:
6. Կենտրոնացված գնումների դեպքում հանձնաժողովի անդամներ են պետական գնումների գործակալության ներկայացուցիչը` գործակալության ղեկավարի առաջադրմամբ, ինչպես նաև այն պետական մարմինների ներկայացուցիչները, որոնց կարիքների համար պետք է իրականացվեն այդ գնումները: Յուրաքանչյուր պետական մարմին մրցույթի հանձնաժողովում ներկայացվում է մեկ անդամով` տվյալ պետական մարմնի ղեկավարի գրավոր առաջադրմամբ:
7. Ավելի քան 11 պետական մարմնի կարիքների համար կենտրոնացված գնումներ կատարելու դեպքում հանձնաժողովի անդամներ են`
ա) պետական գնումների գործակալության ներկայացուցիչը` գործակալության ղեկավարի գրավոր առաջադրմամբ.
բ) այն 5 պետական մարմինների մեկական ներկայացուցիչները, որոնց կարիքների համար ձեռք բերվող ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները տվյալ գնումներում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն.
գ) մնացած պետական մարմինների կողմից ընտրված 6 ներկայացուցիչ:
Ներկայացուցիչներն ընտրվում են պետական գնումների գործակալության ղեկավարի հրավիրված խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը պետք է ներկա գտնվեն այն բոլոր պետական մարմինների ներկայացուցիչները` դրանց ղեկավարների առաջադրմամբ, որոնց կարիքների համար իրականացվելու են այդ գնումները` բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշված պետական մարմինների ներկայացուցիչների: Խորհրդակցության հրավիրված անձինք լիազորությունների վերապահման միջոցով ընտրում են հանձնաժողովի 6 անդամի: Եթե լիազորությունների վերապահման միջոցով մրցույթի հանձնաժողովի անդամներ չեն ընտրվում, ապա այդ անձինք ընտրվում են վիճակահանությամբ:
Խորհրդակցության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են խորհրդակցության բոլոր մասնակիցները: Եթե խորհրդակցության մասնակիցները դրա արդյունքների մասին ունեն կարծիք (հատուկ կարծիք), որը ներառված չէ արձանագրության մեջ, և հարկ են համարում արտահայտել այն, շարադրում են գրավոր, ստորագրում և կցում արձանագրությանը: Հատուկ կարծիք ներկայացրած անձինք արձանագրությունն ստորագրելիս` դրանում կատարում են նշում հատուկ կարծիքի առկայության մասին: Հատուկ կարծիքն արձանագրության անբաժանելի մասն է:
8. 3 և պակաս պետական մարմնի կարիքների համար կենտրոնացված գնումներ կատարելու դեպքում պետական մարմինները և պետական գնումների գործակալությունը մրցույթի հանձնաժողովում ներկայացվում են առավելագույնը 3 անդամով:
9. Կենտրոնացված գնումների դեպքում, սահմանված կարգով հանձնաժողովի կազմավորումից հետո, հանձնաժողովի որոշմամբ ընտրվում են հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
10. Մրցույթի հանձնաժողովի աշխատանքներին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները:
i
11. Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև այլ անձինք (այսուհետև` խորհրդատու): Խորհրդատուների անվանացանկը հաստատվում է մրցույթի հանձնաժողովի կազմավորման մասին որոշմամբ: Ընդ որում, եթե մրցույթի հանձնաժողովը որոշում է ընդունում խորհրդատուի եզրակացության հիման վրա, ապա դրա մասին նշվում է գնումների ընթացակարգի արձանագրության մեջ, և ընդունած որոշման համար պատասխանատվություն են կրում հանձնաժողովի անդամները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ խորհրդատուի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով (եթե այդպիսին առկա է):
12. Հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ` մինչև սույն կարգի 13-րդ կետով նախատեսված աշխատանքների վերջին օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է դրա անդամների կամ նրանց մի մասի կողմից իրենց պարտավորությունների կատարումը:
III. Մրցույթի հանձնաժողովների լիազորությունները և
գործունեության հիմնական սկզբունքները
13. Մրցույթի հանձնաժողովը`
ա) հաստատում է մրցույթի հայտարարության և մրցույթի հրավերի տեքստերը.
բ) բացում և գնահատում է մրցույթի հայտերը.
գ) որոշում է մրցույթի հաղթողին:
14. Մրցույթի հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն երեք քառորդը: Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, իսկ ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նիստը վարողի) ձայնը վճռորոշ է:
15. Մրցույթի հանձնաժողովն իր որոշմամբ սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը: Արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով` նրանց նշած ժամկետում: Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի մասին հանձնաժողովի նախագահը նիստից առնվազն 24 ժամ առաջ գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին` ներկայացնելով արտահերթ նիստի առաջարկվող օրակարգը:
IV. Մրցույթի հայտարարության և մրցույթի հրավերի հաստատումը
16. Բաց մրցույթի ձևով գնումների կատարման ժամանակ մրցույթի հայտեր ներգրավելու նպատակով մրցույթի հանձնաժողովի կազմավորման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հանձնաժողովի որոշմամբ հաստատվում է մրցույթի հայտարարության տեքստը: Եթե գնման պայմանագրի նախահաշվային գինն ապրանքների և ծառայությունների դեպքում գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` հինգ հարյուրապատիկը, ապա պատվիրատուի համապատասխան ծառայության եզրակացության հիման վրա մրցույթի հայտարարության տեքստը հաստատվում է միաժամանակ հայերենով, ռուսերենով և անգլերենով:
Պատվիրատուն մրցույթի հայտարարության տեքստը լիազոր մարմնի սահմանած կարգով հրապարակում է գնումների պաշտոնական տեղեկագրում: Ընդ որում, մրցույթի մասին հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) պատվիրատուի անվանումը (անունը) և գտնվելու վայրը.
բ) մրցույթի տեսակը.
գ) մրցույթի ծածկագիրը.
դ) կնքվելիք պայմանագրի բովանդակության, պայմանագրի առարկայի, դրա տեխնիկական, որակական և տնտեսական բնութագրերի համառոտ շարադրանքը.
ե) կնքվելիք պայմանագրի կատարման նախընտրելի կամ պահանջվող ժամկետը.
զ) մասնակիցների` անկախ որևէ երկրի ռեզիդենտը լինելու հանգամանքից, մրցույթին մասնակցելու հավասար իրավունքի կամ օրենքին համապատասխան այդ իրավունքի սահմանափակման մասին հայտարարությունը.
է) մրցույթի հրավեր ստանալու պայմանները, այդ թվում` դրա համար գանձվող վճարի չափը, վճարման կարգը, ժամկետները և արժույթը.
ը) լեզուն կամ լեզուները, որով կամ որոնցով պետք է մրցույթի հայտեր ներկայացվեն.
թ) մասնակիցների որակավորման տվյալների նկատմամբ ներկայացվող հիմնական պահանջները.
ժ) մրցույթի հայտերը ներկայացնելու տեղը և ժամկետը.
ժա) պատվիրատուի հայեցողությամբ անհրաժեշտ այլ տեղեկություններ:
17. Սույն կարգի 16-րդ կետում նշված որոշմամբ մրցույթի հանձնաժողովը մրցույթի հայտարարության տեքստի հաստատման կարգով հաստատում է նաև մրցույթի հրավերի տեքստը, որը պետք է պարունակի`
ա) հղում հրապարակված մրցույթի մասին հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է տվյալ մրցույթի հրավերը.
բ) մրցույթի հայտերի պատրաստման հրահանգները.
գ) մասնակիցներից պահանջվող որակավորման տվյալների չափանիշները և դրանց գնահատման կարգը.
դ) մասնակիցների կողմից իրենց որակավորման տվյալները հաստատելու նպատակով ներկայացվող փաստաթղթերին կամ այդ նպատակով պահանջվող այլ տեղեկատվությանն առաջադրվող պահանջները.
ե) գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնույթը, կազմը և կառուցվածքը բնորոշող բնութագրերը, ներառյալ տեխնիկական առանձնահատկությունները, պլանները, գծագրերը.
զ) մրցույթի հաղթողի ընտրության կարգը, ներառյալ պատվիրատուի կողմից օգտագործվող չափանիշները և օրենքին համապատասխան տրամադրվող նախապատվության հնարավորությունն ու պայմանները.
է) կնքվելիք պայմանագրի նախագիծը.
ը) եթե մասնակիցներին թույլատրվում է հայտեր ներկայացնել գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների միայն մի մասի համար, ապա` դրա պայմանները և կարգը.
թ) մրցույթի հայտի գնի հաշվարկման մեթոդը և արտահայտման ձևը, արժույթը.
ժ) նշում այն մասին, որ առաջարկվող գինը, ապրանքի, աշխատանքների և ծառայությունների արժեքից բացի, ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի և հարկերի վճարման ծախսերը.
ժա) պատվիրատուի կողմից` մրցույթի հայտի և պայմանագրի կատարման ապահովմանը և մրցույթի հայտ ներկայացրած անձի կողմից պարտավորությունների կատարման ցանկացած ապահովման բնույթին, ձևն, քանակին և այլ հիմնական պայմաններին առաջարկվող պահանջները.
ժբ) մրցույթի հայտերը ներկայացնելու պայմանները, ներառյալ եղանակը, տեղը, ժամկետը, մրցույթի հայտի լեզուն.
ժգ) այն եղանակները, որոնցով մասնակիցները կարող են պահանջել մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ և տեղեկատվություն` պատվիրատուի կողմից մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին, այդ թվում` պատվիրատուի ու մասնակիցների միջև անմիջական կապ ապահովելու և գնումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձանց (ծառայողների) անունը, պաշտոնը, հասցեն, ծառայողական հեռախոսի համարը.
ժդ) մրցույթի հայտերը ներկայացնելու պայմանները, դրանց բացման օրը և ժամը, քննարկման (գնահատման և համեմատման) կարգը.
ժե) գնումներին վերաբերող օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին կատարված հղումները.
ժզ) ընտրված մասնակցին պայմանագիրը կնքելու առաջարկը ներկայացնելու պայմանները.
ժէ) պատվիրատուի գործողությունները և (կամ) որոշումները, նրա կողմից օգտագործվող ընթացակարգերը բողոքարկելու` մասնակցի պարզաբանումները.
ժը) տեղեկատվություն պատվիրատուի կողմից մրցույթի հայտերը մերժելու վերաբերյալ իրեն իրավունք վերապահելու մասին.
ժթ) մրցույթի հայտերը նախապատրաստելու, ներկայացնելու և գնումների վերաբերյալ այլ տեղեկատվություն:
18. Փակ մրցույթի անցկացման դեպքում դրա մասին նշվում է մրցույթի հրավերի մեջ:
19. Երկու փուլով մրցույթի անցկացման դեպքում դրա մասին նշվում է բաց մրցույթով գնումների կատարման դեպքում` մրցույթի հայտարարության, իսկ փակի դեպքում` մրցույթի հրավերի մեջ:
V. Մրցույթի հրավերի տրամադրման կարգը և պայմանները
20. Մրցույթի հանձնաժողովի անդամ հանդիսացող պատվիրատուի պաշտոնատար անձն այն տրամադրում է մրցույթի հրավեր ստանալու պահանջ ներկայացրած անձանց: Ընդ որում`
ա) բայց մրցույթի հրավեր տրամադրելու համար պահանջվում է վճար, որը չի կարող գերազանցել մրցույթի հրավերի պատճենահանման և առաքման համար պահանջվող ծախսերի չափը.
բ) մրցույթի հրավերը տրամադրում է պահանջվող վճարն ստանալուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում:
21. Փակ մրցույթի անցկացման դեպքում մրցույթի հրավերն ուղարկվում է բոլոր հնարավոր անձանց:
22. Եթե գնման պայմանագրի նախահաշվային գինն ապրանքների և ծառայությունների դեպքում գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` հինգ հարյուրապատիկը, ապա մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող անձինք իրավունք ունեն պահանջելու մրցույթի հրավեր` հայերենով, ռուսերենով և անգլերենով:
VI. Մրցույթի հրավերի պարզաբանումը և դրանում փոփոխության
կատարումը
23. Մասնակիցն իրավունք ունի սահմանված կարգով պահանջելու մրցույթի հրավերի պարզաբանում: Պարզաբանումը տրամադրվում է մրցույթի հանձնաժողովի որոշմամբ` հարցում ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նման որոշումը նույն ժամկետում հրապարակվում է պաշտոնական մամուլում, ինչպես նաև տրամադրվում է մրցույթի հայտեր ներկայացրած անձանց:
24. Պարզաբանումներ չեն տրամադրվում, եթե հարցումը կատարվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև` եթե հարցումը դուրս է գալիս մրցույթի հրավերի բովանդակության շրջանակից կամ, եթե հարցման պարզաբանումը պետական գաղտնիքի հրապարակման վտանգ է պարունակում:
25. Մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու ժամկետի կեսի ավարտը` մրցույթի հանձնաժողովի որոշմամբ կարող են օրենքով սահմանված կարգով փոփոխություններ կատարել մրցույթի հրավերում: Որոշումը հրապարակվում է պաշտոնական տեղեկագրում, ինչպես նաև այն տրամադրվում է մրցույթի հայտեր ներկայացրած անձանց: Մրցույթի հրավերում փոփոխությունների կատարման դեպքում մրցույթի հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտը հաշվվում է այդ փոփոխությունների մասին որոշման հրապարակման օրվանից:
VII. Մրցույթի հայտերի ստացումը, դրանց գնահատումը
և համեմատումը
i
26. Օրենքով սահմանված կարգով մրցույթի հայտեր ստանալու դեպքում մրցույթի հրավերում նշված պաշտոնատար անձը մրցույթի հայտերը գրանցում է առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության, ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Ընդ որում, մասնակցի պահանջով դրա մասին տրամադրվում է տեղեկանք: Գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
27. Օրենքի պահանջների խախտմամբ, ինչպես նաև մրցույթի հայտերը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերը մերժվում են և առանց բացվելու վերադարձվում ներկայացնողին:
28. Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի հրավերում նշված ժամկետը լրանալու օրը, մրցույթի հանձնաժողովի հատուկ նիստում: Հայտերի բացման օրը և ժամը պետք է համընկնի դրանք ներկայացնելու վերջին ժամկետին:
29. Մրցույթի հայտերի բացման նիստում մրցույթի հանձնաժողովը հրապարակում է`
ա) հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի անվանումը (անունը).
բ) նախնական տվյալներ` ներկայացված մրցույթի հայտերի` մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
գ) տվյալներ` գնային առաջարկներ պարունակող ծրարների առկայության, դրանք կազմելու ու ներկայացնելու Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
դ) ամփոփ տվյալներ մրցույթի ներկայացված հայտերում սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելու մասին ծանուցումների վերաբերյալ:
30. Մրցույթի հանձնաժողովը մրցույթի հայտերը բացելուց հետո կազմում է արձանագրություն, որը գնումների ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է: Արձանագրությունն ստորագրում են մրցույթի հանձնաժողովի անդամները և նիստին ներկա մասնակիցները: Արձանագրությունը պետք է ներառի`
ա) նշում մրցույթի հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.
բ) մրցույթի հայտեր ներկայացրած անձանց անվանումները (անունները) և գտնվելու վայրերը (հասցեները).
գ) նախնական տվյալներ մրցույթի հայտերի` մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանության մասին.
դ) նշում մրցույթի յուրաքանչյուր հայտի` գնային առաջարկ պարունակող ծրարի առկայության, դրա կազմման ու ներկայացնելու` սույն օրենքի պահանջներին համապատասխանության, մրցույթի յուրաքանչյուր հայտի մյուս հիմնական պայմանների մասին.
ե) մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.
զ) մրցույթի որևէ հայտի մերժման դեպքում` դրա հիմնավորումը.
է) տեղեկատվություն մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների մասին.
ը) մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով կայանալիք նիստի վայրը, օրը և ժամը.
թ) մրցույթի հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները և պաշտոնները.
ժ) այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
31. Եթե մրցույթի հանձնաժողովի անդամները և (կամ) մասնակիցները մրցույթի հայտերի բացման ընթացակարգի վերաբերյալ ունեն մրցույթի բացման նիստի արձանագրության մեջ չներառված այլ կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում են գրավոր, որը կցվում է արձանագրությանը` որպես դրա անբաժանելի մաս:
32. Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել հայտերի բացման նիստին: Մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել մրցույթի բացման նիստի արձանագրության պատճենը, որը մրցույթի հանձնաժողովը տրամադրում է անհապաղ:
33. Մրցույթի հայտերի բացման նիստի օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հայտերի բացման արդյունքները հաղորդվում են այն մասնակիցներին, որոնք կամ որոնց ներկայացուցիչները չեն մասնակցել այդ նիստին:
34. Մրցույթի հայտերի բացումից հետո մրցույթի հանձնաժողովը կարող է բոլոր մասնակիցներից պահանջել բացատրություններ (պարզաբանումներ) ներկայացված մրցույթի հայտերի վերաբերյալ, ինչպես նաև վերահաստատել իրենց կողմից ներկայացված որակավորման տվյալները: Ընդ որում, բացատրություններ ստանալու նպատակով մրցույթի հանձնաժողովը հրավիրում է նիստ, որին մասնակցելու նպատակով հրավիրվում են մրցույթի հայտեր ներկայացրած բոլոր անձինք: Բացատրությունների և ստացված պարզաբանումների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է: Բացատրությունները չեն կարող ներառել առաջարկություններ գների կամ մրցույթի հայտի պայմանների փոփոխման վերաբերյալ:
Եթե մասնակիցը չի վերահաստատում իր որակավորման տվյալները, ապա նրա մրցույթի հայտը մերժվում է: Նման դեպքում կազմվում է արձանագրություն` նշելով մրցույթի հայտի մերժման հիմքը, որի պատճենը տրամադրվում է մասնակցին` նրա կողմից նման պահանջ ներկայացվելու պահին: Արձանագրությունը գնումների ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է:
35. Մրցույթի հանձնաժողովը մրցույթի հայտերը գնահատում և համեմատում է լիազոր մարմնի հաստատած մեթոդական հրահանգի (ցուցումի) հիման վրա: Ընդ որում, մրցույթի հրավերի պահանջները բավարարող հայտերը գնահատվում են նախ տեխնիկապես: Տեխնիկապես բավարար գնահատված հայտերը գնահատվում են տնտեսապես: Մրցույթի հայտերի գնահատման և համեմատման ժամանակ մրցույթի հրավերով նախատեսված չափանիշներից բացի այլ չափանիշների օգտագործումն անթույլատրելի է:
36. Եթե բավարար գնահատված մրցույթի հայտերում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա մրցույթի հանձնաժողովը հիմք է ընդունում տառերով գրված գումարը:
37. Մրցույթի հանձնաժողովը մերժում է մասնակիցների ներկայացրած հայտերը` օրենքով նախատեսված դեպքերում և, եթե մրցույթի հայտ ներկայացրած մասնակիցը`
ա) չի համապատասխանում մրցույթի հրավերով սահմանված որակավորման և (կամ) ընթացակարգային այլ պահանջներին.
բ) չի համաձայնում սույն կարգի 36-րդ կետին համապատասխան կատարված ուղղումներին:
38. Մրցույթի հաղթողին որոշելու նպատակով մրցույթի հանձնաժողովը համեմատում է բավարար գնահատված հայտերը: Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած առաջարկը տեխնիկապես և որակապես բավարարում է մրցույթի հրավերի պահանջները և, եթե նրա հայտը մյուսներից առավել շահավետ է: Մրցույթի հայտը որպես առավել շահավետ ճանաչելիս` մրցույթի հանձնաժողովը հաշվի է առնում միայն մրցույթի հայտի գինը, ընդ որում, ընտրված մասնակցի մրցույթի հայտի գինը մնացած հավասար պայմաններում պետք է լինի առաջարկվող գներից ամենացածրը:
39. Եթե գները ներկայացված են 2 կամ ավելի արժույթներով, ապա դրանք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով` մրցույթի հայտերի բացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:
40. Ապրանքների և ծառայությունների գնման դեպքում, լիազոր մարմնի համաձայնությամբ, պայմանագիրը կնքելու նախապատվությունը մինչև առաջարկվող գնի 20 տոկոսի չափով տրվում է այն մասնակցին, որը պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ ավելի քան 50 տոկոսի չափով օգտագործել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և արտադրական ռեսուրսները: Այդ նախապատվությունը կարող է կիրառվել, եթե բաց մրցույթով գնումների կատարման ժամանակ նախատեսված է մրցույթի հայտարարության, իսկ փակի դեպքում` մրցույթի հրավերի մեջ:
41. Մրցույթի հայտերը ներկայացնելու վերջին օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արդյունքների ամփոփման նիստում մրցույթի հանձնաժողովը որոշում է հաղթողին կամ մրցույթը օրենքին համապատասխան չկայացած է հայտարարում:
42. Մրցույթի արդյունքների ամփոփման նիստում մրցույթի հանձնաժողովը հրապարակում է հաղթող ճանաչված մասնակցի անվանումը (անունը) և հիմնավորում վերջինիս ընտրությունը:
43. Հաղթողին ընտրելուց հետո մրցույթի հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրություն, որը գնումների ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է: Արձանագրությունն ստորագրում են մրցույթի հանձնաժողովի անդամները: Եթե մրցույթի հանձնաժողովի անդամները և (կամ) մասնակիցները մրցույթի արդյունքների ամփոփման վերաբերյալ ունեն այլ կարծիք (հատուկ կարծիք) և հարկ են համարում արտահայտել այն, շարադրում են գրավոր ու կցում արձանագրությանը: Հատուկ կարծիքը մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրության անբաժանելի մասն է:
44. Մրցույթի հանձնաժողովն իր որոշմամբ չկայացած է հայտարարում մրցույթը, եթե`
ա) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի հրավերի պայմաններին.
բ) արտակարգ իրավիճակում անհնար է դառնում գնումների կատարումը.
գ) ոչ մի հայտ չի ներկայացվել.
դ) ներկայացվել է միայն մեկ հայտ:
45. Մրցույթը չկայացած հայտարարվելուց հետո հայտերը չեն բացվում և ներկայացված տեսքով դրանք պետք է վերադարձվեն մասնակցին: Ընդ որում, մրցույթը չկայացած հայտարարվելու մասին որոշումը` այն ընդունելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է պաշտոնական տեղեկագրում:
46. Մինչև պայմանագրի կնքումը մրցույթի հանձնաժողովի, պատվիրատուի և մասնակիցների միջև բանակցություններ վարելն արգելվում է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
VIII. Մրցույթի հանձնաժողովի լուծարման կարգը
47. Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո մրցույթի հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է իր կողմից իրականացված աշխատանքների մասին հաշվետվությունը: Եթե հանձնաժողովի անդամները հաշվետվության մասին ունեն այլ կարծիք (հատուկ կարծիք) և հարկ են համարում արտահայտել այն, շարադրում են գրավոր և կցում հաշվետվությանը: Հատուկ կարծիք ներկայացրած անձինք հաշվետվությունն ստորագրելու մասին որոշումն ստորագրելիս դրանում կատարում են նշում հատուկ կարծիքի առկայության մասին: Հատուկ կարծիքը հաշվետվության անբաժանելի մասն է:
Հաշվետվությանը կցվում են նաև հանձնաժողովի գործունեության ընթացքում կազմված բոլոր փաստաթղթերը (որոշումներ, արձանագրություններ, խորհրդատուի եզրակացություններ և այլ փաստաթղթեր): Հանձնաժողովի որոշմամբ հաշվետվությունը տրվում է պատվիրատուի ղեկավարին:
48. Պատվիրատուն սույն կարգի 47-րդ կետում նշված հաշվետվությունն ստանալուց հետո, դրա հիման վրա համապատասխան հրամանով լուծարում է մրցույթի հանձնաժողովը:
49. Մրցույթի հանձնաժողովի նախագահը պետք է ապահովի մրցույթի հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունների գրառումը` կազմելով համապատասխան փաստաթղթեր:
50. Հանձնաժողովի գործունեության համար նրա անդամները կրում են անձնական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
օգոստոսի 31-ի N 531 որոշմամբ
ԿԱՐԳ
i
գնումների ֆինանսավորման
(կարգն ուժը կորցրել է 27.12.01 թիվ 1267 որոշում)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 5 հոդվածի հիման վրա սահմանում է պետության ու համայնքների կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների ֆինանսավորման կարգը:
2. Օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:
3. Գնումները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, համայնքների բյուջեների և (կամ) պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող ֆինանսական այլ միջոցների հաշվին` դրանց համար նախատեսված հատկացումների սահմաններում:
II. Գնումների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության
պետական բյուջեի միջոցների հաշվին
i
4. Պետական բյուջեի միջոցների հաշվին գնումների ֆինանսավորումն իրականացվում է այդ գնումներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համամասնություններով նախատեսված հատկացումների սահմաններում և դրանց հաշվին: Ընդ որում, գնումները ֆինանսավորելու համար անհրաժեշտ հատկացումները պետք է նախատեսված լինեն նաև սահմանված կարգով հաստատված է վճարման պահին գործող բյուջետային ծախսերի նախահաշվում (այսուհետև` նախահաշիվ): Նախահաշվի ձևը, դրա հաստատման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
i
5. Ապակենտրոնացված գնումների դեպքում պայմանագիր կնքելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքին (այսուհետև` ՏԳԲ) է տրամադրում պայմանագրից քաղվածք (այսուհետև` քաղվածք)` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած ձևով` բացառությամբ գնանշումների հարցման ձևով գնումների կատարման դեպքերի:
6. Կենտրոնացված գնումների դեպքում պայմանագիր կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի պատճենները պետական գնումների գործակալությունը տրամադրում է այն պետական մարմիններին, որոնց կարիքների համար իրականացվում են և որոնց կողմից պետք է ֆինանսավորվեն այդ գնումները (այսուհետև` պետական մարմիններ): Պետական մարմինները 5 աշխատանքային օրվա ընթացքում իրենց սպասարկող ՏԳԲ-ներ են ներկայացնում քաղվածք:
i
7. Պայմանագրով նախատեսված գնումների դիմաց վճարելու` պատվիրատուի պարտավորությունը համարվում է կատարման ենթակա, եթե առկա են տվյալ վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (այսուհետև` հիմնավորող փաստաթղթեր): Հիմնավորող փաստաթղթերն են`
ա) սահմանված կարգով հաստատված գնումների` պայմանագրով նախատեսված բնութագրերին և այլ պահանջներին համապատասխանության մասին դրական եզրակացությունը, և
բ) եզրակացության հիման վրա սահմանված կարգով ստորագրված հանձնման- ընդունման արձանագրությունը (այսուհետև` արձանագրություն):
Եզրակացության և արձանագրության ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
8. Գնումների դիմաց վճարելու նպատակով եզրակացության և արձանագրության պատճենները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով կազմված վճարման հանձնարարագիրը (այսուհետև` վճարման հանձնարարագիր) պատվիրատուն ներկայացնում է իրեն սպասարկող ՏԳԲ: Կենտրոնացված գնումների դեպքում գնումների դիմաց վճարելու նպատակով եզրակացության և արձանագրության պատճենները, ինչպես նաև վճարման հանձնարարագիրն իրեն սպասարկող ՏԳԲ է ներկայացնում պետական մարմինը:
9. Գնանշումների հարցման ձևով գնումների կատարման դեպքում գնումները ֆինանսավորելու համար պատվիրատուն ՏԳԲ է ներկայացնում վճարման հանձնարարագիր` առանց եզրակացության և արձանագրության պատճենների:
10. Եթե պայմանագրով նախատեսված է, որ պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձին պետք է հատկացվի կանխավճար, ապա սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն ՏԳԲ ներկայացվող փաստաթղթերից բացի ներկայացվում են նաև պայմանագրի կատարման ապահովման առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը և վճարման հանձնարարագիրը: Պայմանագրով նախատեսված կանխավճարը հատկացնելու համար ՏԳԲ չեն ներկայացվում եզրակացության և արձանագրության պատճենները:
11. Սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա ՏԳԲ-ն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման գործընթացը կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով կատարում է վճարում:
Ընդ որում`
ա) պահանջվող հատկացումները վճարվում են պետական մարմնի` բյուջետային միջոցների մուտքերը և ծախսերն արտացոլելու համար բացված գանձապետական հաշվից.
բ) վճարումները կատարվում են, եթե դրանք իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգի պահանջներին: Հակառակ դեպքում ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են.
i
գ) եթե ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգով սահմանված պահանջներին, սակայն դրանք ներկայացնողի անվամբ բացված գանձապետական հաշվում առկա դրամական միջոցները չեն բավարարում վճարումը կատարելու համար, ապա ՏԳԲ-ն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, որոնց հետագա տնօրինման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
12. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված հիմքով վճարումն իրականացնելու դեպքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման նույն հոդվածով նախատեսված հատկացումների սահմաններում կարող է վճարում իրականացվել, եթե ՏԳԲ են ներկայացվում նախորդ վճարումը հիմնավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը: Ընդ որում, նշված փաստաթղթերը ներկայացվում են ոչ ուշ, քան սույն կարգի 9-րդ կետով սահմանված հիմքով առաջին վճարումը կատարելու օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում:
13. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված հիմքով վճարումն իրականացնելու դեպքում նույն պայմանագրի շրջանակներում կարող է վճարում իրականացվել, եթե ՏԳԲ են ներկայացվում նախորդ վճարումը հիմնավորող փաստաթղթերը, որոնք այդ վճարման համար կազմված եզրակացության և արձանագրության պատճեններն են:
14. Սույն կարգի 11-րդ կետի համաձայն վճարումն իրականացնելուց հետո ՏԳԲ-ն դրա մասին սահմանված կարգով ծանուցում է պատվիրատուին, իսկ կենտրոնացված գնումների դեպքում` պետական մարմնին, որն իր հերթին` վճարման հաստատումը ՏԳԲ-ից ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր ծանուցում է պետական գնումների գործակալությանը` պայմանագրով սահմանված կարգով վերջնահաշվարկ իրականացնելու նպատակով:
III. Գնումների ֆինանսավորումը համայնքի բյուջեի
միջոցների հաշվին
15. Համայնքի բյուջեի միջոցների հաշվին գնումների ֆինանսավորումն իրականացվում է սույն կարգի 4-14-րդ կետերով սահմանված կարգով` այդ գնումներն իրականացնելու նպատակով համայնքի բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակներում և դրանց հաշվին: Ընդ որում, գնումները ֆինանսավորելու համար անհրաժեշտ հատկացումները պետք է նախատեսված լինեն նաև սահմանված կարգով հաստատված և վճարման պահին գործող նախահաշվով:
IV. Գնումների ֆինանսավորումն այլ միջոցների հաշվին
16. Այլ միջոցների հաշվին գնումների ֆինանսավորումն իրականացվում է սույն կարգի 4-14-րդ կետերով սահմանված կարգով` այդ գնումներն իրականացնելու նպատակով սահմանված կարգով հաստատված ծախսերի նախահաշիվներով նախատեսված հատկացումների շրջանակներում և դրանց հաշվին: