ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ԵԴ1/1634/01/23
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ռ. Սմբատյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Գ. Հովհաննիսյան
դատավորներ` Կ. Հովհաննիսյան
Լ. Ալավերդյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ. Ասատրյանի
մասնակցությամբ
դատավորներ` Ս. Ավետիսյանի
Ա. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
28 նոյեմբերի 2025 թվական ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ մեղադրյալ Տիգրան Բորիսի Առաքելյանի պաշտպան Գ.Սահակյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի փետրվարի 16-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախաձեռնվել է թիվ 09109623 քրեական վարույթը:
Նույն օրը նախաքննության մարմնի որոշմամբ Ա.Գ.Ղ.-ն ճանաչվել է տուժող:
2023 թվականի հունիսի 26-ին Տիգրան Բորիսի Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
2023 թվականի հունիսի 27-ին Տ.Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
2. 2023 թվականի հոկտեմբերի 17-ին քրեական վարույթի նյութերը` հաստատված մեղադրական եզրակացությամբ, ստացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
3. Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հունվարի 10-ի որոշմամբ մեղադրյալ Տիգրան Առաքելյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվությունից` տուժողի հետ հաշտության հիմքով:
4. Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հունվարի 10-ի որոշումը բեկանել է և քրեական գործը փոխանցել նույն դատարան` նոր քննության:
5. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ մեղադրյալ Տ.Առաքելյանի պաշտպան Գ.Սահակյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.
6. Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ` ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի սխալ մեկնաբանում, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ և 370-րդ հոդվածների խախտում:
Մասնավորապես, ըստ բողոքաբերի` անթույլատրելի է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասի այնպիսի մեկնաբանումը, ըստ որի` քննարկվող կարգավորումն արգելում է անձին երկրորդ անգամ քրեական պատասխանատվությունից ազատել` անկախ նրանից, թե առաջին արարքը կատարելուց հետո մինչև երկրորդ արարքը կատարելն անձը քրեական պատասխանատվությունից ազատվել է, թե ոչ:
6.1. Բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորման հիմնական նպատակն է բացառել այն դեպքերը, երբ անձը, տուժողի հետ հաշտվելու հիմքով ազատվելով քրեական պատասխանատվությունից, կրկին կատարում է հանցավոր արարք և փորձում է ազատվել քրեական պատասխանատվությունից` այդկերպ արհամարհական վերաբերմունք դրսևորելով իր նկատմամբ կիրառված խրախուսական նորմի հանդեպ:
6.2. Բողոքաբերը նաև նշել է, որ սույն դեպքում մեղադրյալին մեղսագրված հանցանքը կատարելու պահին վերջինիս նկատմամբ կիրառված չի եղել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, այսինքն` մեղադրյալն իրեն մեղսագրված հանցանքը կատարելու պահին դեռևս օգտված չի եղել խրախուսական նորմից, այդ հիմքով ազատված չի եղել քրեական պատասխանատվությունից:
6.3. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել լուրջ դատական սխալ, այն է` քրեական հետապնդումը բացառող իմպերատիվ հանգամանքի առկայության պայմաններում քրեական հետապնդումը չի դադարեցվել, ինչը կարող է հանգեցնել քրեաիրավական և քրեադատավարական սկզբունքների, անձի հիմնարար իրավունքների խախտման, այդ թվում` ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, արդարադատության բուն էության խաթարման:
6.4. Միևնույն ժամանակ, բողոքաբերի պնդմամբ, բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման վերաբերյալ առկա են միմյանց հակասող երկու դատական ակտեր: Այս առումով բողոքաբերը վկայակոչել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի հուլիսի 3-ի որոշումը` թիվ ԱՐԴ/0013/01/22 քրեական գործով մեղադրյալ Մ.Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը` տուժողի հետ հաշտության հիմքով դադարեցնելու մասին:
7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի ապրիլի 23-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հունվարի 10-ի դատական ակտին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով այն բանի համար, որ նա «(...) 2023 թվականի փետրվարի 16-ին` ժամը 11:30-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ Երևան քաղաքի Հասրաթյան 9-րդ հասցեում գործող «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» մոտակայքում կայանված տուժող Ա.Գ.Ղ.-ին պատկանող «BMW X5» * * * * * * * հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահում գտնվող մուգ կապույտ գույնի պայուսակից գաղտնի հափշտակել է «Mac book Pro» 16 դույմանի դյուրակիր համակարգիչը և 3-րդ սերնդի «Air pods» մոդելի «A2565 A2564 A2897» սերիայի սպիտակ գույնի ականջակալներն` տուժող Ա.Ղ.-ին պատճառելով 755.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուհետև տուժող Ա.Գ.Ղ.-ը իր «Iphone 13 Pro» մոդելի բջջային հեռախոսի մեջ գտնվող «Find me» հավելվածի օգնությամբ հայտնաբերել է 3-րդ սերնդի «Air pods» մոդելի «A2565 A2564 A2897» սերիայի սպիտակ գույնի ականջակալների գտնվելու վայրը` այն է` Հանրապետության 58-րդ հասցեում տեղակայված «Ifix Service Centre» էլեկտրոնիկայի խանութը, որտեղից էլ հայտնաբերվել է «Mac book Pro» 16 դույմանի դյուրակիր համակարգիչը և 3-րդ սերնդի «Air pods» մոդելի «A2565 A2564 A2897» սերիայի սպիտակ գույնի ականջակալները (...)»(1):
_________________________
1) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 116-117:
9. Ըստ Տիգրան Բորիսի Առաքելյանի դատվածության հարցման Ձև 8 տեղեկանքի` ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական բաժնում, Տիգրան Բորիսի Առաքելյանի վերաբերյալ, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով քննվել է թիվ 57808722 քրեական վարույթը, որը 2023 թվականի ապրիլի 16-ին կարճվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված` տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով(2):
______________________
2) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 37:
10. Տուժող Ա.Գ.Ղ.-ն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել դիրքորոշում` հետևյալ բովանդակությամբ. «Չունեմ որևէ գույքային պահանջ, խնդրում եմ նիստերն անցկացնել իմ բացակայությամբ: Չունեմ առարկություններ արագացված կամ համաձայնեցված վարույթ կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև չեմ առարկում հաշտության հիմքով գործը կարճելուն: Դիրքորոշումս հայտնում եմ ինքնուրույն և կամավոր»(3):
______________________
3) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 39:
11. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունվարի 10-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Շարադրված իրավադրույթների լույսի ներքո վերլուծելով վերը արձանագրված փաստական տվյալները` Դատարանը փաստում է, որ մեղադրյալի և տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն ու ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն: Դատարանն արձանագրում է նաև, որ մեղադրյալ Տիգրան Բորիսի Առաքելյանին մեղսագրվում է միջին ծանրության հանցանքի կատարում, իսկ նրա դատվածության և հետախուզման առկայության հարցման Ձև 8 տեղեկանքում (ստացված 10.01.24թ) առկա տվյալների համաձայն` վերջինս համարվում է դատվածություն չունեցող անձ:
Վերը նշվածի հետ մեկտեղ Դատարանն արձանագրում է, որ ըստ նույն տեղեկանքի` ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական բաժնում Տիգրան Բորիսի Առաքելյանի վերաբերյալ քննվել է թիվ 57808722 քրեական վարույթը, որը 2023 թվականի ապրիլի 16-ին կարճվել է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով: Նշված հանգամանքի կապակցությամբ Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում մեղադրյալին մեղսագրվող ենթադրյալ արարքը կատարվել է 2023 թվականի փետրվարի 16-ին: Հետևապես` ենթադրյալ արարքի կատարման պահին թիվ 57808722 քրեական վարույթի նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից դեռևս կայացված չի եղել տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով վարույթը կարճելու որոշումը: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից կրկին ազատվելու արգելքը սույն դեպքում վերաբերելի չէ: Այլ կերպ` առկա չէ որևէ օրենսդրական խոչընդոտ սույն վարույթով Տ.Առաքելյանին քրեական պատասխանատվությունից ազատելու համար (...):
Ելնելով վերը շարադրվածից` Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում առկա են տվյալներ առ այն, որ մեղադրյալը մեկ այլ վարույթով ազատվել է պատասխանատվությունից ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով, սակայն այդ որոշումը կայացվել է սույն վարույթով քննության առարկա դարձված ենթադրյալ արարքը կատարելուց հետո: Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում առկա չէ իրավիճակ, երբ Տ.Առաքելյանը, ազատվելով քրեական պատասխանատվությունից, անտեսել է պետության կողմից իրեն ընձեռնված հնարավորությունը և շարունակել է դրսևորել հանցավոր վարքագիծ, ուստի սույն վարույթի շրջանակներում Տ.Առաքելյանին վերագրվող արարքի նկատմամբ կիրառելի է տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքը: Այլ կերպ, Տ.Առաքելյանը սույն վարույթով մեղսագրվող ենթադրյալ արարքը կատարելու պահին որևէ խրախուսական նորմից դեռևս օգտված չի եղել և որևէ նորմի նկատմամբ արհամարհական վերաբերմունք դրսևորած չի եղել: Մասնավորապես, վերոնշված հիմքով քրեական հետապնդման դադարեցումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ արդեն իսկ ենթադրյալ արարքը տեղի էր ունեցել:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մեղադրյալի և տուժողի միջև առկա հաշտության վերաբերյալ փոխադարձ համաձայնությունը այլևս բացառում է մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը, որպիսի պայմաններում` այն ենթակա է դադարեցման:
Միևնույն ժամանակ Դատարանը ավելորդ չի համարում անդրադառնալ նաև այն հարցին, թե արդյո՞ք մեղադրյալի կողմից իր մեղքը չընդունելը խոչընդոտում է քննարկվող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն: Այս կապակցությամբ Դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը որևէ կերպ չի բացառում մեղադրյալի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի կիրառումը, և սույն դեպքում կիրառելի չէ նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված` քրեական հետապնդման դադարեցումը բացառող կանոնը:
(...)
Դատարանն արձանագրում է, որ վերը մեջբերված իրավական նորմի տառացի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով նախատեսված հիմքերով այն դեպքերում, երբ անձը առարկում է այդ հիմքի կիրառման դեմ: Ընդ որում` համապատասխան առարկությունը կապում է այն հանգամանքի հետ, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում մեղադրյալ Տ.Առաքելյանը թեև չի ընդունում իրեն մեղսագրված արարքը, սակայն չի առարկում իր նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված հիմքի կիրառմանը: Հետևապես` նշված կետով նախատեսված հանգամանքի (անձը ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից) առկայությունը սույն դեպքում բացառում է քրեական հետապնդումը: Այլ կերպ, քրեական հետապնդումը դադարեցնելը բացառելու համար նախ պետք է արձանագրել մեղադրյալի կողմից նշված հիմքով քրեական հետապնդման դադարեցման առարկության առկայություն (ինչը սույն վարույթով բացակայում է), այնուհետև առարկության առկայության պարագայում անդրադառնալ դրա հիմքին: Առարկության բացակայության պարագայում Դատարանը չի կարող գնահատման ենթարկել մեղքն ընդունելու կամ չընդունելու հանգամանքը և այն դիտարկել որպես քրեական հետապնդման դադարեցումը բացառող հանգամանք: Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ եթե առկա չէ որևէ առարկություն քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ և մեղադրյալը ցանկանում է, որպեսզի հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի, ապա Դատարանը զրկված է համապատասխան միջնորդությունը մերժելու հնարավորությունից այն հիմնավորմամբ, որ անձը մեղքը չի ընդունում:
Ամփոփելով ամբողջ վերը շարադրվածը` Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Տիգրան Բորիսի Առաքելյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով (...)»(4):
________________________
4) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 51-57:
12. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված թվարկման պայմաններում Տիգրան Առաքելյանը համարվում է նախկինում հանցանք չկատարած անձ, քանի որ վերաքննիչ բողոքի քննության ժամանակ առկա չէ վերջինիս կողմից նախկինում հանցանք կատարած լինելու մասին տեղեկություն:
Ընդ որում վիճարկելի չէ նաև տուժողի հետ հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը:
Սույն գործով քննարկման է արժանի այն հանգամանքը, թե արդյո՞ք Տիգրան Առաքելյանը հանդիսանում է նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձ` հաշվի առնելով թիվ 57808722 քրեական վարույթով 2023 թվականի ապրիլի 16-ին կայացված որոշումը, որով թիվ 57808722 քրեական վարույթը կարճվել է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով:
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ.
- սույն գործով Տիգրան Առաքելյանի կողմից ենթադրաբար /վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, միևնույն ժամանակ նաև չի առարկել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ/ հանցանք կատարելու ժամանակն է հանդիսանում 2023 թվականի փետրվարի 16-ը,
- սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից վիճարկվող որոշումը կայացվել է 2024 թվականի հունվարի 10-ին,
- ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով թիվ 57808722 քրեական վարույթը կարճվել է 2023 թվականի ապրիլի 16-ին կայացված որոշմամբ:
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից վիճարկվող որոշման կայացման պահին` 2024 թվականի հունվարի 10-ին, արդեն իսկ առկա է եղել Տիգրան Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի կիրառման մասին 2023 թվականի ապրիլի 16-ին կայացված որոշումը: Հետևաբար Տիգրան Առաքելյանը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձ, և չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից:
Ուստիև Առաջին ատյանի դատարանի կողմից 2024 թվականի հունվարի 10-ի որոշմամբ Տիգրան Առաքելյանի /ով նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատված է եղել/ նկատմամբ կրկին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելը անթույլատրելի է:
Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ըստ էության չի քննարկվել Տիգրան Առաքելյանի` իրեն մեղսագրված արարքում վերջինիս մեղավորության/անմեղության հարցը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված հարցին անդրադառնալու իրավական հնարավորությունը առկա չէ` հիմք ընդունելով նաև քրեադատավարական կարգավորումն այն մասին, որ դատական ակտը բեկանելիս վերաքննիչ դատարանն իրավասու է վարույթը փոխանցելու առաջին ատյանի դատարան միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունները և հնարավորությունները բավարար չեն իր կողմից կայացվելիք նոր դատական ակտի իրավաչափությունն ապահովելու համար, ուստիև, Դատախազի բողոքը բավարարելով, քրեական վարույթը ենթակա է փոխանցման Առաջին ատյանի դատարան:
Այսպիսով, ամփոփելով սույն որոշման «5.1-5.2» կետերում շարադրված փաստարկները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, ուստի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ելենա Կարապետյանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել` 2024 թվականի հունվարի 10-ի` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` թիվ ԵԴ1/1634/01/23 գործով «Քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հարցը քննության առնելու մասին» որոշումը և վարույթը փոխանցել նույն դատարան նոր քննության (...)»(5):
_______________________
5) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 60-70:
13. Դատավոր Կ.Հովհաննիսյանը ներկայացրել է հատուկ կարծիք, գտնելով, որ Տիգրան Բորիսի Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելի չէ, և հետևաբար վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն օրինական են և հիմնավորված(6):
________________________
6) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 71-74:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը Տիգրան Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում հանգել է սխալ հետևության:
15. ՀՀ քրեական օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները սահմանող նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «առաջին անգամ հանցանք կատարած` անձ, որը նախկինում հանցանք չի կատարել կամ կատարել է, սակայն ազատվել է քրեական պատասխանատվությունից, կամ որի դատվածությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է»:
ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նրա ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ընտանիքում բռնության հատկանիշներ:
(...)
5. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից»:
ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն` «2. Գողությունը, որը կատարվել է`
(...)
3) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ
4) խոշոր չափերով` (...)»:
15.1. Վճռաբեկ դատարանը Մարզպետ Բեգլարյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել «առաջին անգամ հանցանք կատարած անձ» հասկացության, ինչպես նաև տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի մեկնաբանման վերաբերյալ:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե անձի նկատմամբ պետությունը դեռևս չի իրագործել քրեաիրավական ներգործություն, սահմանված կարգով չի արտահայտել իր պարսավանքը կատարված հանցավոր արարքին ու գնահատական տվել դրան, այն կատարող անձին չի ենթարկել քրեական պատասխանատվության և պատժի, իրավական տեսանկյունից տվյալ անձը պետք է դիտարկվի որպես առաջին անգամ հանցանք կատարած` անկախ մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների քանակից: Այլ կերպ` նշված դեպքում անձը չի կարող համարվել նախկինում հանցանք կատարած, քանի դեռ պետությունը` ի դեմս իրավասու մարմնի` դատարանի, մեղադրական դատավճռի կայացմամբ չի հաստատել վերջինիս մեղավորությունը մեղսագրվող հանցավոր արարքում կամ արարքներում:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` «առաջին անգամ հանցանք կատարած անձի» բնորոշման մեջ առկա` «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել» ձևակերպմանը, արձանագրել է, որ որպես այդպիսին պետք է դիտարկել այն անձին, որի` նախկինում դատապարտման վերաբերյալ տեղեկություններ առկա չեն: Այլ կերպ` եթե անձին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը կամ արարքները կատարելու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ առկա չի եղել նախկինում (կոնկրետ գործով մեղսագրվող արարքից/արարքներից առաջ կատարված) հանցանքի կատարումը հավաստող օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, անձը պետք է դիտվի որպես առաջին անգամ հանցանք կատարած կամ որ նույնն է` «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել»:
Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ անձը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով չի համարվի առաջին անգամ հանցանք կատարած, եթե վերջինս նախկինում կատարված հանցանքի համար դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվելուց հետո, չմարված կամ չվերացված դատվածության պայմաններում, կատարում է նոր հանցանք:
Մարզպետ Բեգլարյանի գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի կիրառելիության սահմափակմանը, արձանագրել է, որ օրենսդրի կողմից նշված արգելքի սահմանումը պայմանավորված է չարաշահումները բացառելու, քրեական պատասխանատվության անխուսափելիությունը հետևողականորեն ապահովելու և անպատժելիության մթնոլորտ չստեղծելու անհրաժեշտությամբ, ուստի անձը պետք է գիտակցի, որ իր նկատմամբ խրախուսական նորմի կիրառումից հետո հանցավոր վարքագիծը շարունակելու դեպքում, այլևս չի կարող հավակնել քրեական պատասխանատվությունից նույն հիմքով ազատման:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նշված արգելքը գործում է միայն այն դեպքում, երբ անձը տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո կրկին հանցանք է կատարում, հակառակ պարագայում, երբ հանցանքը կատարվել է նախքան հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու ակտի կայացումը, տվյալ նորմի կիրառելիությունը չի կարող սահմանափակվել: Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձի համար պետք է ակնհայտ լինի, որ պետությունը, մեկ անգամ առանց ռեաբիլիտացնելու «ներելով» իր հանցավոր վարքագիծը և քրեական պատասխանատվությունից ազատելով, հնարավորություն է տալիս անհրաժեշտ դասեր քաղելու և ուղղման ճանապարհին կանգնելու համար, հակառակ պարագայում` հանցավոր վարքագիծը շարունակելու դեպքում, վերջինս զրկվում է նույն հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունից(7):
________________________
7) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մարզպետ Բեգլարյանի գործով 2025 թվականի հունվարի 17-ի թիվ ՏԴ/0023/01/22 որոշումը, կետեր 14-18:
16. Սույն գործի փաստական տվյալների վերլուծությունից հետևում է, որ`
- Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով(8):
____________________
8) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
- Տիգրան Առաքելյանի դատվածության հարցման Ձև 8 տեղեկանքի համաձայն` վերջինիս վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով քննվող թիվ 57808722 քրեական վարույթը 2023 թվականի ապրիլի 16-ին կարճվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված` տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով(9):
_____________________
9) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Տիգրան Առաքելյանի կողմից ենթադրյալ արարքի կատարման պահին` 2023 փետրվարի 16-ին, թիվ 57808722 քրեական վարույթով դեռևս կայացված չի եղել տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով վարույթը կարճելու մասին որոշումը, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից կրկին ազատվելու արգելքը սույն դեպքում վերաբերելի չէ:
Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը, հանգելով հետևության, որ սույն գործով առկա են տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու օրենքով նախատեսված բոլոր նախապայմանները, և առկա չէ քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցնելու վերաբերյալ մեղադրյալի առարկությունը, Տիգրան Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցրել է(10):
_____________________
10) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թեև սույն գործով առկա է տուժողի և հանցանք կատարած անձի միջև հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն, և Տիգրան Առաքելյանը համարվում է նախկինում հանցանք չկատարած անձ, սակայն վերջինիս նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից որոշման կայացման պահին` 2024 թվականի հունվարի 10-ին, արդեն իսկ առկա է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի կիրառման մասին 2023 թվականի ապրիլի 16-ի որոշումը: Հետևաբար սույն գործով Տիգրան Առաքելյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը(11):
_____________________
11) Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-15.1-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Տիգրան Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված` տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում եկել է ճիշտ եզրահանգման:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակման կիրառելիության տեսանկյունից կարևոր է անձի կողմից ենթադրյալ հանցավոր արարքի կատարման պահին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիմքով նախկինում քրեական պատասխանատվությունից ազատված չլինելու հանգամանքը:
Մասնավորապես, Տ.Առաքելյանին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություն, վերջինս օրենսգրքի իմաստով համարվում է առաջին անգամ հանցանք կատարած անձ, նրա և տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն: Միևնույն ժամանակ, արարքի կատարման պահի` 2023 թվականի փետրվարի 16-ի դրությամբ, Տ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ խրախուսական նորմ, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, կիրառված չի եղել:
Հետևաբար, Տ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելի չէ, և վերջինս ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման` տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով:
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը, Տիգրան Առաքելյանին քրեական պատասխանատվությունից ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով ազատելու հարցում հանգել է սխալ հետևության, հիմնավոր չէ:
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(...)
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից (...)»:
(...)
4. Սույն հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այս դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում»:
19.1. Վճռաբեկ դատարանը, ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում, տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է ձևավորել Աշոտ Բաբայանի գործով, որոնք վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի են նաև նոր օրենսգրքով նախատեսված կարգավորման նկատմամբ: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանցանք կատարած անձի համար հաշտությունը հանցանքի կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելն է, այդ արարքի համար զղջալը, ափսոսանք հայտնելը, իսկ տուժողի համար` հանցանք կատարած անձին ներելը: Բացի այդ, հաշտությունը ենթադրում է տուժողի և ենթադրյալ հանցագործի կամավոր և փոխադարձ համաձայնություն` միմյանց հետ հաշտվելու վերաբերյալ: Այսինքն` հաշտությունը պետք է լինի ինչպես գործողություն, այնպես էլ փոխադարձ գործողությունների արդյունք(12):
__________________________
12) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Աշոտ Բաբայանի գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՔԴ/0157/01/10 որոշումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս համատեքստում անձի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարելու հանգամանքն ընդունելու պարտադիր պայմանն իր ուղղակի օրենսդրական ամրագրումն է ստացել ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում: Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով Աշոտ Բաբայանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, և հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը, արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված` հաշտության հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել բացառապես այն դեպքում, երբ անձն ընդունում է, որ կատարել է իրեն մեղսագրվող արարքը: Հակառակ մեկնաբանությունն իմաստազուրկ է դարձնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում առկա իրավակարգավորումը, որը, ընդ որում, նախատեսված չի եղել ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի նորմերում:
Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է համարում տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական հետապնդման դադարեցումն այն դեպքում, երբ անձը պնդում է, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:
Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով հանրային մեղադրողը` վերաքննիչ վերանայման բողոքում, իսկ Վերաքննիչ դատարանը` իր որոշմամբ, չեն անդրադարձել Տ.Առաքելյանի կողմից առաջադրված մեղադրանքը չընդունելու և այդ պայմաններում տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հանգամանքին, ինչպես նաև դրա վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններին, Վճռաբեկ դատարանը, ելնելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքից, և սահմանափակված լինելով պաշտպանի վճռաբեկ բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններով, զրկված է այդ հանգամանքին իրավական գնահատական տալու և նշված դիրքորոշումը սույն գործով կիրառելու հնարավորությունից:
i
20. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման: Այսինքն` թույլ է տրվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արձանագրված փաստերի հաշվառմամբ, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Տիգրան Առաքելյանին տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի ապրիլի 23-ի դատական ակտը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հունվարի 10-ին կայացրած որոշմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Տիգրան Բորիսի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 23-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի հունվարի 10-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ. Ասատրյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Ա. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3070