ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ԵԴ1/0315/01/23
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ժ. Չիչոյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Գ. Ստեփանյան
դատավորներ` Լ. Աբգարյան
Վ. Մարգարյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ. Ասատրյանի
մասնակցությամբ
դատավորներ` Ս. Ավետիսյանի
Հ. Գրիգորյանի
Ա. Դանիելյան
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
16 սեպտեմբերի 2025 թվական
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արթուր Սպարտակի Բախշիյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի ապրիլի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 09125223 քրեական վարույթը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Լ. Քոչարյանի` 2023 թվականի մայիսի 11-ի որոշմամբ Արթուր Սպարտակի Բախշիյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել:
Նախաքննության մարմնի` 2023 թվականի մայիսի 11-ի որոշմամբ Արթուր Բախշիյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
2023 թվականի մայիսի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մարտի 27-ի դատավճռով ճանաչվել ու հռչակվել է Ա. Բախշիյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով: Ա. Բախշիյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված` բացակայելու արգելքը, վերացվել է:
3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հոկտեմբերի 7-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մարտի 27-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ` ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:
Այսպես, բողոքաբերը, Վճռաբեկ դատարանի` Հայկ Պետրոսյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով և գնահատելով վարույթի փաստական հանգամանքները, հանգել է հետևության առ այն, որ ապացուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով վերագրված հանցանքը կատարելու մեջ Ա. Բախշիյանի մեղավորությունը: Մասնավորապես, ըստ բողոք բերած անձի` մեղադրյալի արարքում հանցակազմի առկայությունը ստորադաս դատարանների կողմից պետք է քննարկման առարկա դարձվեր ու գնահատվեր ոչ թե ապօրինի կերպով «կռփազենք», այլ սառը զենք հանդիսացող, հարվածող-փշրող առարկա կրելու շրջանակներում` դիտարկելով «Զենքի շրջանառության կարգավորման» մասին ՀՀ օրենքի` սառը զենքի բնութագրիչ հատկանիշները սահմանող դրույթների հետ համակցության մեջ: Տվյալ դեպքում, այդ հատկանիշների առկայությունը պարզելու համար, կիրառվել են համապատասխան ոլորտի հատուկ գիտելիքներ, մասնավորապես, Ա. Բախշիյանից վերցված առարկայի` սառը զենք լինելու հանգամանքը որոշելու համար փորձագետն օգտվել է գիտական աղբյուրներից ու կիրառել է համապատասխան բնագավառի հատուկ մեթոդիկա, իսկ Ռուսաստանի Դաշնության համապատասխան ստանդարտը սույն վարույթով կիրառվել է ոչ թե որպես հանցակազմը սահմանող օրենսդրական ակտ, այլ փորձագետի կողմից օգտագործվել է որպես տեղեկատու գրականություն:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը, մեղադրյալ Ա. Բախշիյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով` նշանակելով համաչափ պատիժ, կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արթուր Բախշիյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ու նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա. «(...) Խախտելով ՀՀ «Զենքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջները, ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող կռփազենք, որը հայտնաբերվել է 2023 թվականի ապրիլի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կատարված Ա. Բախշիյանի անձնական խուզարկությամբ` վերջինիս հագին եղած ջինսե տաբատի հետևի ձախ գրպանից»(1):
____________________
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 78-84:
8. Թիվ 743-23 փորձագիտական եզրակացության համաձայն` «(...) Ելնելով հետազոտվող առարկայի ընդհանուր տեսքից, չափային և կառուցվածքային առանձնահատկություններից, նաև տեղեկատու գրականության տվյալների հետ համեմատությունից, կարելի է գալ եզրակացության այն մասին, որ ներկայացվածը պատրաստված է արհեստագործական եղանակով կռփազենքերի (կաստետների) նմանողությամբ: Կռփազենքի ապահովվածության և անվտանգության աստիճանները ստուգելու նպատակով համապատասխան թիրախի վրա կատարվեցին փորձարարական հարվածներ (5-20) անգամ, որի արդյունքում պարզվեց, որ կռփազենքի կառուցվածքային հատկանիշներն ապահովում են նրա հաստատուն կերպով ձեռքում պահելը, տարբեր ուժգնությամբ և ուղղությամբ հարվածներ հասցնելու անվտանգությունը, ուստի այն պիտանի է առանց ձեռքը վնասելու նշանակետ խոցելու համար և հանդիսանում է հարվածող-փշրող սառը զենք, որի շրջանառությունը համաձայն ՀՀ «Զենքի մասին օրենքի» 6-րդ հոդվածի` ՀՀ տարածքում արգելված է»(2):
____________________
2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 49:
Փորձագիտական եզրակացությունում որպես օգտագործված տեղեկատվության աղբյուրներ նշվել են. «1. «Կռիմինալիստիչեսկոե իսսլեդօվանիե խօլօդնօգօ ի մետատելնօգօ օռուժիա» պօդ ռեդակցիեյ Բ.Ն.Շվեդկո, Է.ՅՈւ.Սինիցին, Օ.Բ.Անտրոպովա, Պ.Ա.Ռոդիոնով, Մոսկվա 2020, ՄՎԴ ՌՖ,
2. ԳՕՍՏ Ռ 51215-22 «Սառը զենք. Տերմիններ և սահմանումներ»
3. «Զենքի մասին» ՀՀ օրենք»(3):
____________________
3) Տե՛ս նույն տեղում:
8.1. Փորձագետ Վ. Ոսկանյանի ցուցմունքի համաձայն` հետազոտության ընթացքում օգտագործվել և կիրառվել են նաև գիտական տվյալներ ու որոշակի մեթոդիկա, մասնավորապես, պարզելու համար ներկայացված առարկայի սառը զենք հանդիսանալու հանգամանքը, հատուկ գիտական մեթոդիկայի կիրառմամբ` ներկայացված առարկայով կատարվել են փորձարարական հարվածներ(4):
____________________
4) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրությունը, թերթ 73:
9. Ա. Բախշիյանին ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու հետևությունն Առաջին ատյանի դատարանը հիմնավորել է հետևյալ կերպ. «(...) «Զենքի մասին» ՀՀ օրենքը չի սահմանում այն հատկանիշները, առանձնահատկությունները և չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր է տարբերակել հարվածող, ջարդող, մանրացնող և նետողական հատկություններով օժտված առարկան դրա նմանողության այլ առարկաներից: Այլ կերպ ասած, կռփազենքի արտաքին տեսքը չի կարող միակ ու վճռորոշ բնութագրիչ տվյալը լինել, որի արդյունքում այն կարող է դիտարկվել որպես սառը զենք, քանի որ այն առավելապես պետք է պայմանավորված լինի առարկայի նյութական կազմությամբ, ամրությամբ, վնասակարությամբ (հարվածող, ջարդող) և այլ հատկանիշներով: Հետևաբար, պարզելու համար` արդյոք արտաքին տեսքով կռփազենքի նմանողությամբ առարկան հանդիսանում է սառը զենք, թե ոչ, պետք է հստակ սահմանված լինեն դրա որոշման կարգը, իրականացվող փորձարարությունը, մեթոդիկան և մյուս ընթացակարգերը: (...) Ստանդարտը, որով որոշվել է համապատասխան առարկայի սառը զենք լինելու հանգամանքը, հասանելի եղանակով պաշտոնական որևէ աղբյուրում հրապարակված չէ, այդ ստանդարտն էլեկտրոնային եղանակով ենթակա է վաճառքի: Ավելին` այդ կանոններն ի սկզբանե կազմվել են ռուսերենով, իսկ դրանց հայերեն թարգմանված օրինակը հասանելի չէ որևէ աղբյուրում: Այսինքն, թեև հիշյալ ստանդարտը ՀՀ-ում գործողության մեջ է դրվել 2022 թվականի հունվարի 11-ից, սակայն այն Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես` հայերեն լեզվով, հրապարակված չլինելու, ինչպես նաև վաճառքի ենթակա լինելու պայմաններում պետական իրավասու մարմնի կողմից ապահովված չէ նվազագույն ջանքերի գործադրմամբ դրանք գտնելու և ընթերցելու հնարավորությունը: Այլ կերպ ասած, միայն ձևական առումով ստանդարտը գործողության մեջ դնելը չի կարող վկայել, որ այն համապատասխանում է «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին:
Ինչ վերաբերում է փորձաքննության ժամանակ օգտագործված` «Կռիմինալիստիչեսկոե իսսլեդօվանիե խօլօդնօգօ ի մետատելնօգօ օռուժիա» վերտառությամբ գրականությանը, որում, ըստ փորձագետի, ևս նշված են հարվածող-փշրող զենքերի շարքին դասվող սառը զենքի չափանիշները, փորձարարության մեթոդիկայի անցկացումը, հարկ է նշել, որ այնուամենայնիվ, (...) ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասը ձևակերպված է բլանկետային դիսպոզիցիայով, այսինքն` այդ հանցակազմի առարկաներն ամբողջությամբ կարող են որոշվել բլանկետային նորմի համապատասխան դրույթների վերլուծության միջոցով, այլ ոչ թե գրականությամբ, այն էլ` ռուսալեզու:
Ամփոփելով վերոգրյալը` Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ ԳՕՍՏ Ռ 51215-22 «Սառը զենք. Տերմիններ և սահմանումներ» ստանդարտը չի բավարարում «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին, հետևաբար չի կարող համարվել «օրենք», քանի որ չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին: Նման պայմաններում հիշյալ ստանդարտը հնարավոր չէ կիրառել մեղադրյալ Ա. Բախշիյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված առարկայի` սառը զենք հանդիսանալու հանգամանքը որոշելիս: Այլ խոսքով` Ա. Բախշիյանի կողմից ներկայացված առարկան հարվածող-փշրող սառը զենք ճանաչելու համար չեն կարող հիմք ընդունվել այդ ստանդարտում սահմանված բնութագրիչ հատկանիշները, ինչպես նաև առարկան հարվածող-փշրող սառը զենք ճանաչելու վերաբերյալ նկարագրված մեթոդիկան:
Վերոգրյալից զատ, (...) «Զենքի» մասին ՀՀ օրենքի ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսդիրը, սահմանելով քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության վրա տարածվող սահմանափակումները, նախատեսել է համապատասխան չափանիշներ, որոնք հստակորեն սահմանում են բնութագրիչ հատկանիշներ կամ թվարկում են ուղղորդող հանգամանքներ, որոնց առկայության պարզումը նախապայման է այս կամ այն առարկան շրջանառությունն արգելված զենքի տեսակների ցանկում ներառելու համար: (...) Որոշակի առարկաների դեպքում դրանց շրջանառության արգելքի մասին տեղեկություններ ստանալու համար պետք է ուսումնասիրել իրավասու այլ մարմինների կողմից սահմանված չափանիշները, ստանդարտները և այլն:
Մինչդեռ, ի տարբերություն դանակների, էլեկտրահարող սարքերի և կայծային պարպիչների, գազային զենքի, հրազենի, ինչպես նաև օրենքում թվարկված զենքի այլ տեսակների համար չափանիշներ նախատեսված լինելուն, հայտնաբերված առարկայի` հարվածող-փշրող սառը զենք հանդիսանալու հանգամանքը պարզելու համար օրենսդիրը չի սահմանել բնութագրիչ հատկանիշներ, ինչպես նաև հղում չի տվել այնպիսի ակտերի կամ ստանդարտների, որոնցում կարող են պարունակել ուղղորդող տվյալներ կամ բնութագրումներ, որոնք պետք է հաշվի առնվեն համապատասխան առարկան հարվածող-փշրող սառը զենք համարելու հարցը քննարկելիս (փորձաքննություն իրականացնելիս):
Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը` Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ Ա. Բախշիյանը, օրենքի «հասանելի» և «կանխատեսելի» չլինելու պատճառով հնարավորություն չի ունեցել գիտակցել իր իրավունքների և ազատությունների իրացման թույլատրելի շրջանակները, հարմարեցնել իր վարքագիծն այդ շրջանակներն ամրագրող նորմերի պահանջներին և գնահատել իր վարքագծի իրավաչափությունը` կանխատեսելով ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու դեպքում վրա հասնող իրավական հետևանքները: Այլ կերպ` վերջինս չի գիտակցել իր արարքի հակաիրավականությունը և չէր կարող գիտակցել, ուստի չի կատարել իրեն մեղսագրվող հանցանքը` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով»(5):
____________________
5) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 74-91:
10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է «(...) Տվյալ դեպքում ձեռք չի բերվել փոխկապակցված հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, հիմք կտար անվերապահ հետևություն անելու այն մասին, որ մեղադրյալ Ա. Բախշիյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը:
Անդրադառնալով «ԳՕՍՏ Ռ 51215-2022 «Սառը զենք, Տերմիններ և Սահմանումներ» Ռուսաստանի Դաշնության ստանդարտի` «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին բավարարելու և իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներին` Վերաքննիչ դատարանը դրանք հիմնավոր չի համարում և արձանագրում է, որ հիշյալ ստանդարտը, փորձաքննությունն իրականացնելիս, լիազոր մարմնի կողմից ընդունված, ինչպես նաև պատշաճ կերպով հրապարակված և հասանելի չի եղել` այդ ստանդարտի տեքստի պաշտոնական թարգմանությունն առկա չէ, այն հասանելի է միայն ռուսերեն լեզվով, դեռ ավելին, այն հնարավոր է ձեռք բերել բացառապես վճարովի հիմունքներով: Հետևաբար, այդ ստանդարտի հնարավոր հասցեատերը չէր կարող և պարտավոր չէր իր վարքագիծը հարմարեցնել դրանով սահմանված կանոնների պահանջներին:
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, որ «ԳՕՍՏ Ռ 51215-2022 «Սառը զենք, Տերմիններ և Սահմանումներ» Ռուսաստանի Դաշնության ստանդարտը չի բավարարում «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշին, հետևաբար այն չի կարող համարվել «օրենք»` իրավական որոշակիության res judicata սկզբունքին չհամապատասխանելու հիմքով:
Ամփոփելով վերը շարադրվածը` Վերաքննիչ դատարանը, համակարծիք լինելով Առաջին ատյանի դատարանի հետ, նույնպես գտնում է, որ խնդրո առարկա հանդիսացող ստանդարտը հնարավոր չէ կիրառել Ա. Բախշիյանի մոտից հայտնաբերված առարկայի` կռփազենք հանդիսանալու հանգամանքը որոշելիս:
Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ կռփազենքի արտաքին տեսքը նույնպես չի կարող վճռորոշ բնութագրիչ տվյալ լինել` վերջինը սառը զենք դիտարկելու համար: Նման եզրահանգմանը գալու համար անհրաժեշտ է ելնել այլ տվյալներից` քննարկվող առարկայի ամրությունից, նյութական բաղադրությունից, վնաս հասցնելու հատկանիշից»(6):
____________________
6) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 72-91:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված է արդյո՞ք Ա. Բախշիյանին ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Փորձաքննություն կատարվում է, երբ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառում, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի բնագավառում հատուկ գիտելիքներ»:
Նույն օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Փորձագետի եզրակացության մեջ նշվում են`
1) փորձաքննության կատարման ժամանակը և վայրը.
2) փորձագետի անունը և ազգանունը, նրա մասնագիտական ձեռնհասությունը հավաստող տվյալները.
3) փորձաքննության կատարման հիմքը.
4) փորձաքննության տեսակը.
5) փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված` քրեական վարույթի նյութերը, այդ թվում` իրեղեն ապացույցները, նմուշները և այլ օբյեկտներ.
6) փորձաքննության կատարմանը մասնակցած անձինք.
7) կատարված հետազոտությունների և կիրառված մեթոդների նկարագրությունը.
8) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները.
9) հետազոտության ընթացքում ի հայտ եկած այն հանգամանքները, որոնք, փորձագետի կարծիքով, կարող են նշանակություն ունենալ վարույթի համար»:
12.1. Տվյալ քրեադատավարական նորմի ձևակերպումից հետևում է, որ փորձաքննությունը սերտորեն կապված է ապացուցման գործընթացի, այն է` վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցներ հավաքելու հետ, որն իրականացվում է հատուկ գիտելիքների կիրառմամբ` փորձագիտական եզրակացություն տալու միջոցով, և որը որոշակի պահանջների բավարարման դեպքում ճանաչվում է որպես թույլատրելի ապացույց և դրվում դատավարական ակտի հիմքում:
Փորձաքննության արդյունք հանդիսացող փորձագիտական եզրակացությունը` որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, գնահատում է վարույթն իրականացնող մարմինը` առաջնորդվելով ապացույցների գնահատման ընդհանուր կանոններով և հաշվի առնելով ապացույցի այս տեսակի առանձնահատկությունները: Վճռաբեկ դատարանը, ապացույցի այս տեսակի գնահատման կապակցությամբ արձանագրել է, որ փորձագետի եզրակացությունն ապացույցների տեսակներից մեկն է ու որպես այդպիսին չունի նախապես հաստատված ապացույցի ուժ, իսկ դրա գնահատման նկատմամբ կիրառելի են ապացույցների գնահատման ընդհանուր կանոնները(7):
____________________
7) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արայիկ Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԿԴ1/0006/01/14 որոշման 16-րդ կետը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքը ևս ճանաչում է գիտականորեն հիմնավորված փորձագիտական եզրակացությունները որպես ապացույց օգտագործելու հնարավորությունը, ինչը դիտարկվում է արդար դատաքննության իրավունքի սահմաններում(8):
____________________
8) Տե՛ս, inter alia, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bօnisch v. Austria գործով 1985 թվականի մայիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 8658/79 և Brandstetter v. Austria գործով 1991 թվականի օգոստոսի 28-ի վճիռը, գանգատներ թիվ 11170/84, 12876/87 և 13468/87:
13. Վերոշարադրյալից բխում է, որ ինչպես ցանկացած ապացույց, այնպես էլ փորձագետի եզրակացությունը ենթակա է գնահատման թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից` հաշվի առնելով ապացույցի այս տեսակի առանձնահատկությունները:
13.1. Ապացույցի վերոնշյալ հատկանիշների առնչությամբ Վճռաբեկ դատարանը Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «Ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձևական կողմին: Դրա էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների պահպանվածությունը և ենթադրում է.
- աղբյուրի օրինականություն` ապացույցը պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս),
- ձեռքբերման միջոցների օրինականություն` պետք է պահպանված լինեն ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները,
- դատավարական ձևակերպում` ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սահմանված կարգով ենթարկվեն դատավարական ձևակերպման,
- լիազորված սուբյեկտ` այն պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից:
Ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմքերը հստակ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով»(9):
____________________
9) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.1-րդ կետը:
13.2. Վերոշարադրյալ դիրքորոշման հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փորձագետի եզրակացության թույլատրելիությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել փորձաքննություն նշանակելու և կատարելու դատավարական կարգը պահպանված լինելը, փորձագետի եզրակացությունը կազմելու ճշտությունը և դրա մեջ օրենքով նախատեսված բոլոր ռեկվիզիտների առկայությունը, հետազոտության ներկայացված օբյեկտների ձեռքբերման և պահպանման դատավարական կարգը պահպանված լինելը:
14. Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ.
- անձնական խուզարկությամբ Ա. Բախշիյանից վերցված առարկայի` սառը զենք լինելու հանգամանքը պարզելու համար նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն(10),
____________________
10) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 39-40:
- պարզելու համար, թե արդյո՞ք անձնական խուզարկությամբ Ա. Բախշիյանից վերցված առարկան հանդիսանում է սառը զենք` այդ թվում դրա տեսակը, փորձագետը ներկայացված առարկայի արտաքին հատկանիշները համադրել է տեղեկատու գրականության տվյալների հետ և հատուկ գիտական մեթոդիկայի կիրառմամբ կատարել է փորձարարական հարվածներ: Արդյունքում փորձագետն արձանագրել է, որ կատարված փորձարարական հարվածների արդյունքում պարզվել է, որ կռփազենքի կառուցվածքային հատկանիշներն ապահովում են նրա հաստատուն կերպով ձեռքում պահելը, տարբեր ուժգնությամբ ու ուղղությամբ հարվածներ հասցնելու անվտանգությունը, ուստի այն պիտանի է առանց ձեռքը վնասելու նշանակետ խոցելու համար և հանդիսանում է հարվածող-փշրող սառը զենք, որի շրջանառությունը, համաձայն «Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված է: Փորձագիտական եզրակացությամբ մատնանշված աղբյուրները, որոնք օգտագործվել են հետազոտությունը կատարելիս, ներառում են «Զենքի մասին» ՀՀ օրենքը, Ռուսաստանի Դաշնության ստանդարտն ու տեղեկատու գրականություն(11),
____________________
11) Տե՛ս սույն որոշման 8-րդ և 8.1-րդ կետերը:
- Ա. Բախշիյանին ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հարվածող-փշրող, սառը զենք հանդիսացող կռփազենք ապօրինի կերպով կրելու համար(12),
____________________
12) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
- վերագրվող արարքը կատարելու մեջ Ա. Բախշիյանի մեղավորությունն ապացուցված չլինելու հետևությունն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. փորձագետի օգտագործած` Ռուսաստանի Դաշնության ստանդարտը չի կարող համարվել «օրենք», քանի որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար չի կարող կիրառվել անձնական խուզարկությամբ Ա. Բախշիյանից վերցված առարկայի` հարվածող-փշրող սառը զենք լինելու հանգամանքը պարզելու համար: Ինչ վերաբերում է գրականությանը, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասը բլանկետային է, այսինքն, հանցակազմի համապատասխան հատկանիշի առկայությունը կարող է որոշվել բլանկետային նորմի դրույթների վերլուծության միջոցով, այլ ոչ թե գրականությամբ, այն էլ` օտարալեզու: Անդրադարձ կատարելով «Զենքի մասին» ՀՀ օրենքին` Առաջին ատյանի դատարանը նշել է, որ դրանով ներկայացված չեն այն բնութագրիչ հատկանիշները, այն ակտերը կամ ստանդարտները, որոնք պետք է հաշվի առնվեն համապատասխան առարկան կռփազենք համարելու հարցը քննարկելիս: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ա. Բախշիյանը, օրենքի «հասանելի» և «կանխատեսելի» չլինելու պատճառով հնարավորություն չի ունեցել գիտակցել իր իրավունքների իրացման թույլատրելի շրջանակները, հարմարեցնել իր վարքագիծն այդ շրջանակներն ամրագրող նորմերի պահանջներին և գնահատել իր վարքագծի իրավաչափությունը` կանխատեսելով ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու դեպքում վրա հասնող իրավական հետևանքները(13),
____________________
13) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին(14):
____________________
14) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
15. Սույն որոշման 12-13.2-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով առաջադրված մեղադրանքում Ա. Բախշիյանին արդարացնելու եզրահանգման հիմքում դրված ստորադաս դատարանների փաստարկին առ այն, թե ներպետական իրավական համակարգում բացակայում են բնութագրիչ այն հատկանիշները, որոնցով պետք է գնահատել անձնական խուզարկությամբ Ա. Բախշիյանից վերցված առարկայի` հարվածող-փշրող սառը զենք լինելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասը բլանկետային է, ուստի այն պետք է դիտարկել Ա. Բախշիյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող «Զենքի մասին» ՀՀ օրենքի` սառը զենքի հասկացությունը բացահայտող դրույթների հետ համակցության մեջ:
Այսպես, Ա. Բախշիյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող «Զենքի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «գ» կետով սառը զենքը բնութագրվում է որպես «Մարդու մկանային ուժի օգնությամբ, օբյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախատեսված զենք»: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի պնդմանն առ այն, որ օրենքի` «հասանելի» և «կանխատեսելի» չլինելու պատճառով Ա. Բախշիյանը հնարավորություն չի ունեցել գիտակցել իր իրավունքների իրացման թույլատրելի շրջանակները, հարմարեցնել իր վարքագիծն այդ շրջանակներն ամրագրող նորմերի պահանջներին և գնահատել իր վարքագծի իրավաչափությունը` կանխատեսելով ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու դեպքում վրա հասնող իրավական հետևանքները: Ընդ որում, կենդանի կամ այլ նշանակետ խոցելու` սառը զենքի հատկանիշը պահպանվել է նաև 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված և 2023 թվականի հունիսի 1-ին ուժի մեջ մտած «Զենքի շրջանառության կարգավորման» մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, որն այն բնորոշում է որպես կտրող, ծակող, ջարդող սարք, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար: Վերոշարադրյալից հետևում է, որ սառը զենքի բնութագրիչ հատկանիշները հստակ օրենսդրական կարգավորում ունեն: Այլ հարց է, որ այդ բնութագրիչ հատկանիշների առկայությունը պարզելու համար անհրաժեշտ են համապատասխան ոլորտի հատուկ գիտելիքներ:
15.1. Սույն վարույթի փաստական հանգամանքներից բխում է, որ կոնկրետ դեպքում նշանակված դատաքրեագիտական փորձաքննության ընթացքում` պարզելու համար անձնական խուզարկությամբ Ա. Բախշիյանից վերցված առարկայի` սառը զենք լինելու հանգամանքը, ինչպես նաև դրա տեսակն ու բնութագրիչ հատկությունները, փորձագետը ներկայացված առարկայի արտաքին հատկանիշները համադրել է տեղեկատու գրականության տվյալների հետ և հատուկ գիտական մեթոդի կիրառմամբ կատարել է փորձարարական հարվածներ, որոնց արդյունքում եզրահանգել է, որ տվյալ առարկան պիտանի է առանց ձեռքը վնասելու նշանակետ խոցելու համար և հանդիսանում է հարվածող-փշրող սառը զենք: Այսինքն` ներկայացված առարկայի` սառը զենք լինելու հանգամանքը որոշելու համար, փորձագետն օգտվել է գիտական աղբյուրներից ու կիրառել է համապատասխան բնագավառի հատուկ մեթոդիկա:
15.2. Վերոգրյալի հետ մեկտեղ, իրավաչափ համարելով ստորադաս դատարանների եզրահանգումն առ այն, որ փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված` Ռուսաստանի Դաշնության ստանդարտը չի կարող համարվել «օրենք», քանի որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին(15), Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հիշյալ ստանդարտը, գիտական աղբյուրների հետ մեկտեղ, սույն վարույթով կիրառվել է ոչ թե որպես հանցակազմը սահմանող օրենսդրական ակտ, այլ փորձագետի կողմից օգտագործվել է որպես տեղեկատու գրականություն, հետևապես նշված ստանդարտի օգտագործումը չի ենթադրում փորձաքննության կատարման կարգի այնպիսի էական խախտում, որը կբացառեր փորձագետի եզրակացությունը որպես թույլատրելի ապացույց օգտագործելու հնարավորությունը(16):
____________________
15) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵՇԴ/0131/01/15 որոշումը:
16) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հայկ Պետրոսյանի գործով 2025 թվականի հունվարի 10-ի թիվ ԵԴ/0205/01/20 որոշումը:
16. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա. Բախշիյանին ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավորված չէ:
i
17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ճանաչելով և հռչակելով Ա. Բախշիյանի անմեղությունն այն փաստական հանգամանքներով, որոնք դրված էին ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի հիմքում, իսկ Վերաքննիչ դատարանը, իր հերթին, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մարտի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը պետք է բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` նոր քննության:
Նոր քննության ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը պետք է սույն վարույթում առկա ապացույցների, այդ թվում` թիվ 743-23 փորձագիտական եզրակացության, համակցությամբ որոշի ներկայացված մեղադրանքում Ա. Բախշիյանի մեղավորության կամ անմեղության հարցը` հանգելով համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Մեղադրյալ Արթուր Սպարտակի Բախշիյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը բեկանել ու վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ. Ասատրյանի
Դատավորներ` Ս. Ավետիսյանի
Հ. Գրիգորյանի
Ա. Դանիելյան
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/2982