ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 2024 թվականի N 664-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 981-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման N 1 հավելվածի 5.1-ին և 5.3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժինը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում, շտեմարանում հայտագրված առարկայի առկայության դեպքում` դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում` կազմվում է դրա գողացված չլինելու մասին տեղեկանք: Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա նույն օրվա ընթացքում կազմվում է առարկան մշակութային արժեք համարելու և արտահանման իրավունքի եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) կամ առանց արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) արտահանելու վերաբերյալ որոշում, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալի հաստատմանը:
5.3. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժնի պետի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում`
ա) առարկան առանց արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) արտահանելու մասին որոշման դեպքում` օրենքով սահմանված կարգով նախապատրաստվում և տրվում է առարկան արտահանելու համար համապատասխան թույլտվություն,
բ) առարկան արտահանման իրավունքի եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) արտահանվող մշակութային արժեք լինելու մասին որոշման դեպքում` նախապատրաստվում և տրվում է մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հայտատուի ցանկության դեպքում եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող է տրամադրվել ռուսերենով:».
2) 5.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2024 թ. մայիսի 8
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 8 մայիսի 2024 թվական: