ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
17 մարտի 2021 թվականի N 171
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Անհատ ձեռնարկատերը աշխատում է միկրոձեռնարկատիրության հատուկ համակարգում, մեկ տարի անց ֆիզիկական անձը փոխում է քաղաքացիությունը` դառնալով ՌԴ քաղաքացի: Տվյալ դեպքում անհատ ձեռնարկատերը կշարունակի՞ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Պատասխան
i
«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է: Անհատ ձեռնարկատեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գործունակ քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակված օրենքով:
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 8-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր (շրջանառության հարկի, միկրոձեռնարկատիրության): Հարկման հատուկ համակարգերից, մասնավորապես` միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված դեպքերում ազատվում են մասնավորապես ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով, ինչպես նաև շրջանառության հարկով հարկումից,
i
- 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենսգրքի կիրառության իմաստով` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
i
- 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում նույն մասով սահմանված դեպքերում և ժամկետներում, եթե նույն մասում նշված ժամկետներում հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն,
i
- 267-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որոնց` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը,
i
- 267-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված են այն դեպքերը, երբ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, մասնավորապես` նույն մասի 1-4-րդ կետերով սահմանված են գործունեության այն տեսակները, որոնց մասով կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ,
i
- 289-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում Կառավարության սահմանած կարգով,
i
- 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց` հարկային մարմնում հաշվառվելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխման մասին տեղեկությունները և փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալությունը տրամադրում է հարկային մարմնին` Կառավարության սահմանած կարգով:
i
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1266-Լ որոշմամբ: Որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետի համաձայն` տեղեկությունների փոփոխության դեպքում դրանք ներկայացվում են փոփոխության գրանցման օրը, առցանց ռեժիմով` անմիջապես:
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի`
i
- 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անձնագրային տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով` նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ մասին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:
i
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի վերաբերյալ մնացած բոլոր տվյալների փոփոխությունը կատարվում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից համապատասխան դիմումի և փոփոխությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, ընդ որում` գործում է դիմումում նշված տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը:
i
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման տեղեկությունների փոփոխությունն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:
Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատերը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե բավարարում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված բոլոր պայմաններին` անկախ քաղաքացիության փոփոխությունից:
Միաժամանակ, հայտնում ենք, որ եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի տվյալների վերաբերյալ փոփոխություն է տեղի ունենում, ապա պետական հաշվառման ժամանակ ներկայացված տեղեկությունների փոփոխության վերաբերյալ պետական ռեգիստրի գործակալությունը առցանց ռեժիմով տեղեկությունների փոփոխությունները ներկայացնում է հարկային մարմնին:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ