Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

27 նոյեմբերի 2023 թվականի N 12-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Ընդերքի մասին» օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 19-րդ կետի 20-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի «Օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները սահմանելու մասին» N 06-Ն հրամանի`

1) 1-ին կետը լրացնել նոր 7-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«7) կավային ապարներով ներկայացված հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 7 հավելվածի:»:

2) հրամանը լրացնել նոր` N 7 հավելվածով` համաձայն հավելվածի:

 

i

    ՆԱԽԱՐԱՐ`                               Գ. ՍԱՆՈՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների նախարարի

2023 թվականի նոյեմբերի 27-ի

թիվ 12-Ն հրամանի

 

«Հավելված N 7

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի օգոստոսի 11-ի

N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կավային ապարներով ներկայացված հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ` Հրահանգ) կանոնակարգվում են կավային ապարներով ներկայացված հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:

2. Հրահանգով սահմանվում են կավային ապարներով ներկայացված հանքավայրերի (կամ առանձնացված տեղամասերի) (այսուհետ` հանքավայրերի) ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացումը, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և վճիռ ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:

3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետ` Դասակարգում) պահանջներին համապատասխան:

4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները (այսուհետ` Պահանջներ) սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:

5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան` այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (այսուհետ` ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (այսուհետ` ՏՏԶ) կազմմամբ:

6. Անկախ սեփականության ձևից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորումները (այսուհետ` ՏՏՀ) ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:

7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը` գնահատանքային և ՏՏԶ-ները` նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով` ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:

8. Տարեկան արդյունահանման ծավալներով, ինչպես նաև տնտեսական նշանակությամբ կավային հումքը ոչ մետաղական հումքի խմբում զբաղեցնում է առաջատար դիրք: Կավային են անվանվում մի խումբ ապարներ, որոնք հիմնականում բաղկացած են կավային միներալներից (կաոլինիտից, հիդրոփայլարից, մոնտմորիլոնիտից, պալիգորսկիտից և այլն), որոնց մասնիկների չափերը տրամագծում չեն գերազանցում 0.01 մմ (ըստ որոշ դասակարգումների 0.005 մմ):

9. Սույն Հավելվածի դրույթները տարածվում են ինչպես «բուն» կավային ապարների, այնպես էլ դրանց հարակից կավավազների, ավազակավերի և փխրահողերի (լյոսերի) վրա, որոնք օգտագործվում են նույն նպատակների համար, ինչ որ կավային ապարները:

10. Այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) դեպքում, որոնք ներկայացված են ինչպես կավային ապարներով, այնպես էլ այլ տեսակի ապարներով (օրինակ կարբոնատ և այլն), ապա դրանց երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները իրականացվում են այնպես, որ կավային ապարների ուսումնասիրվածությունը բավարարի սույն հավելվածին, իսկ այլ տեսակի ապարների ուսումնասիրվածությունը` տվյալ տեսակի օգտակար հանածոյի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգի պահանջներին:

11. Կավային ապարներով ներկայացված այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) դեպքում, երբ դրա օգտակար հանածոն (կավային ապարը) կարող է բավարարել միաժամանակ մի քանի ոլորտներում դրա օգտագործման համար սահմանված չափանիշներին, երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ կավային ապարների որակը ուսումնասիրվի կիրառման հնարավոր ոլորտներին դրա պիտանելիությունը գնահատելու համար բավարար մանրամասնությամբ: Ընդ որում անհրաժեշտ է օգտակար հանածոյի կիրառման ոլորտի ընտրության վերաբերյալ որոշումը կայացնել այնպես, որ այն ապահովի տվյալ օգտակար հանածոյի օգտագործման առավելագույն արժեքը:

 

2. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

12. Ցեմենտացման և խտացման աստիճանից ելնելով առանձնացվում են կավային ապարների հետևյալ տեսակները.

1) Կավեր` ջրի հետ մածուցիկ զանգված ձևավորելու հատկությամբ, կաղապարման և իրեն տրված ձևը պահպանելու ունակությամբ օժտված, չցեմենտացած, կապակցված, պլաստիկ, նստվածքային ապարներ.

2) Արգիլիթներ (կավաքար)` կավերի խտացման ու մակածնության (էպիգենեզի) արդյունքում առաջացող, միներալային կազմով կավերից գործնականում չտարբերվող, ջրում չփափկող (չկակղող, թրջվելուց չուռչող) քարանման ապարներ.

3) Կավաթերթաքարեր` հիդրոփայլարներից, քլորիտից, երբեմն կաոլինիտից, այլ կավային միներալների մնացուկներից (ռելիկտներից), քվարցից, դաշտային սպաթից և այլ ոչ կավային միներալներից կազմված, կերպափոխային (մետամորֆային) խիտ թերթավոր ապարներ:

13. Ըստ առաջացման պայմանների.

1) կավերի հանքավայրերը բաժանվում են երկու խմբի` մնացորդային (էլյուվիալ) և նստվածքային:

2) արգիլիթների (կավաքարերի) և կավաթերթաքարերի հանքավայրերը առաջանում են կավերի դիագենեզի (ապարագոյացման) և կերպափոխության (մետամորֆության) պրոցեսում:

14. Կավերի մնացորդային հանքավայրերը կազմավորվում են տարբեր մագմայական, կերպափոխային (մետամորֆային) և նստվածքային ապարների հողմահարման արդյունքում: Առավելագույն արդյունաբերական նշանակությունն ունեն սակավ երկաթային, թթու, ներժայթքային (ինտրուզիվ) ապարների հողմահարման արդյունքում առաջացած կաոլինի հանքավայրերը (Գլուխովեցի, Կիշտիմսկու և այլն): Դրանք ներկայացված են լինում մի քանի տասնյակ մետր հզորությամբ ձգված թիկնոցանման, հողմահարման կեղևի վերին մասում տեղադրված և թույլ փոփոխված ապարներով ու խճավազով (դրեսվայով) մայրական ապարների հետ կապված կուտակներով:

15. Էլյուվիալ, մոնտմորիլոնիտային կավերը առաջանում են գերհիմնային (ուլտրահիմնային) և միջին կազմի ապարների հողմահարման արդյունքում, սովորաբար պարունակում են զգալի քանակությամբ բեկորային նյութ և ունեն սահմանափակ արդյունաբերական նշանակություն:

16. Կավերի նստվածքային հանքավայրերը լինում են մայրցամաքային և ծովային ծագման:

17. Կավերի մայրցամաքային ծագման հանքավայրերից.

1) լճային և լճաճահճային հանքավայրերը առաջանում են քաղցրահամ լճերի հատակում` կավային միներալների կուտակման արդյունքում և ունեն առավել արդյունաբերական նշանակություն: Կավերում հաճախ հանդիպում են առատ բուսական մնացորդներ: Կուտակների կենտրոնական մասերում կավերը նուրբ-մանրատված (դիսպերսային) են, հատիկային կազմով համասեռ են և պարունակում են ոչ մեծ քանակի ավազային մասնիկներ: Եզրային մասերում մասնիկների չափերը մեծանում են, և կավերը անցնում են ալևրոլիտների ու ավազների, երբեմն հանդիպում են ածխի և լիգնիտների (գորշ ածխի) շերտեր: Կուտակները ոսպնյակաձև են, որոնց մակերեսները հասնում են մի քանի քառակուսի կիլոմետրի, հզորությունը տատանվում է մի քանի սանտիմետրից մինչև մի քանի տասնյակ մետր: Ցամաքային հանքավայրերի շարքում լճային և լճաճահճային կավերի հանքավայրերը առանձնանում են հզորությունների, միներալային ու հատիկային կազմերի կայունությամբ: Դրանց են վերագրվում առավել արժեքավոր հրակայուն կավերի հանքավայրերի մեծ մասը, որոնք շահագործվում են կերամիկական և հրակայուն նյութերի արդյունաբերության կարիքների համար, ինչպես նաև օգտագործվում են որպես կաղապարանյութ (Բորովիչ-Լյուբիտինսկի խումբ, Չասով-Յարսկի):

2) լանջային հանքավայրերը առաջանում են գետահովիտների, բլուրների և լեռների լանջերին` մայր ապարների հողմահարման արգասիքների սողալով (սահելով) իջնելու արդյունքում.

3) ալյուվիալ հանքավայրերը առաջանում են հողմահարման կավային նյութերի տեղափոխման և գետահունային մասերում նստեցման արդյունքում.

4) մորենային (սառցաբերուկային, քարակարկառային) հանքավայրերը առաջանում են կավային նյութի հաշվին, որը քերվել և տեղափոխվել է սառցադաշտերի կողմից և նստեցվել է դրանց հալման ընթացքում:

5) սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հանքավայրերն ունեն լայն տարածում, սակայն ոչ մեծ պաշարների և հիմնականում հումքի ցածր որակի (նյութի վատ տեսակավորման) հետևանքով, ունեն սահմանափակ արդյունաբերական նշանակություն: Այս հանքավայրերի կավերը վերագրվում են դյուրահալներին, պիտանի են շինարարական և կոպիտ կերամիկայի համար, իսկ առանձին դեպքերում նաև ցեմենտի արտադրության համար:

6) պրոլյուվիալ և ջրասառցադաշտային (ֆլյուվիոգլյացիալ, լճասառցադաշտային) հանքավայրերը ունեն սակավ տարածում, որոնցից.

ա. պրոլյուվիալ (հեղեղաբերուկային) հանքավայրերը առաջանում են լեռների ստորոտներում, արտաբերման կոների եզրային մասերում` ժամանակավոր հոսքերի նստեցմամբ ձևավորվող ոչ մեծ չափերի ոսպնյակաձև և սեպաձև ենթաշերտերի տեսքով, և բնութագրվում են նյութի վատ տեսակավորվածությամբ: Կազմված են ավազակավերով և դյուրահալ կավերով, որոնք կարող են օգտագործվել շինարարական աշխատանքների և կոպիտ կերամիկայի արտադրության համար: Այս հանքավայրերի գործնական նշանակությունը, խիստ սահմանափակ է` կապված հանքավայրերի փոքր պաշարների հետ:

բ. ջրասառցադաշտային (ֆլյուվիոգլյացիալ, լճասառցադաշտային) հանքավայրերը ձևավորվում են սառցադաշտի հալման ջրերի հոսքերով սառցաբերուկի (մորենի) վերալվացման և կավային մասնիկների լճային իջվածքներում նստեցման արդյունքում: Այս հանքավայրերի կավերը կազմված են ավազային ու կավային ենթաշերտերի հերթափոխմամբ («ժապավենային կավեր»), դյուրահալ են և ունեն սահմանափակ կիրառում` հիմնականում շինարարական աղյուսի, երբեմն ցեմենտի արտադրությունում: Այս տիպի հանքավայրերը հայտնի են ՌԴ եվրոպական հատվածի հյուսիս-արևմտյան մասերում և Բելոռուսում:

18. Կավերի ծովային ծագման հանքավայրերը ձևավորվում են հիմնականում շելֆի համեմատաբար ծանծաղ գոտիներում, ինչպես բաց ծովում, այնպես էլ ծովածոցերում և ծովալճակներում (լագունաներում), այն տեղամասերում, որոնք չեն ենթարկվում ինտենսիվ ալիքային և մակընթացային ազդեցության, ինչպես նաև ուժեղ հատակային հոսքերի գոտիներից դուրս, որոնցից.

1) շելֆի բաց մասի հանքավայրերը ունեն առավել արդյունաբերական նշանակություն: Կավերը, խոշոր կուտակների տեսքով դասավորված են ալևրիտակավային ապարների հզոր հաստվածքների մեջ, ներառելով երբեմն մանրահատիկ ավազաքարերի, օպոկների, կրաքարերի ու մերգելների ենթաշերտեր: Կավի կուտակների հզորությունը հասնում է մինչև 100 մ և ավելի, մակերեսը` մինչև 100 քառակուսի կիլոմետրեր: Այս հանքավայրերի կավերը բնութագրվում են խիստ համասեռ հատիկային կազմով և օժտված են նուրբ շերտավորությամբ, որը հաճախ նկատելի միայն մանրադիտակի տակ: Դրանց կազմում գերակշռում են հիդրոփայլարները և բեյդելիտը, հազվադեպ` մոնտմորիլոնիտը: Խառնուրդներում առկա են լինում երկաթասպաթ (սիդերիտ), ֆոսֆորիտային, մանգանային և սիլիցիումային ներփակումներ, կոնկրեցիաներ և պիրիտի, գլաուկոնիտի, կարբոնատների մանր հատիկներ: Այս կավերը վերագրվում են դյուրահալներին, լայնորեն արդյունահանվում են շինարարական և կոպիտ կերամիկայի արտադրության համար:

2) մերձափնյա-ծովային հանքավայրերը առաջանում են կավային նյութի նստեցման հաշվին մինչև 50 մ խորություններում` ծովախորշերում, ծովածոցերում, գետային դելտաների ստորջրյա մասերում, ափամերձ կղզիների միջև: Տեղադրվում են մինչև մի քանի մետր հզորության ոսպնյակաձև շերտերի տեսքով: Դրանց մակերեսները կազմում են մի քանի հարյուր հազար քառակուսի մետրից մինչև քառակուսի կիլոմետրեր: Այս կավերը վատ տեսակավորված և միներալային ու հատիկային կազմերով անհամասեռ են: Սովորական կավային միներալներ են հանդիսանում հիդրոփայլարները, բեյդելիտը, մոնտմորիլոնիտը, քլորիտները, հազվադեպ` կաոլինը: Այս տեսակի կավերը առավելապես դժվարահալ են:

3) կավի հրաբխանստվածքային հանքավայրերը առաջանում են հրաբխային մոխրի ու տուֆերի ստորջրյա քայքայման ճանապարհով` առանց դրանց զգալի վերանստեցման, որոնք հիմնային (ալկալիական) միջավայրի պայմաններում վերափոխվում են մինչև մոնտմորիլոնիտի և բեյդելիտի` առաջացնելով ալկալիական և հողալկալիական բենտոնիտային կավերի հզոր կուտակներ: Դրանք տեղադրված են ծովային հաստվածքներում` մի քանի տասնյակ քառակուսի մետրից մինչև հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր մակերեսով և մինչև 40 մ հզորությամբ` շերտերի ու ոսպնյակների տեսքով (Գումբրիի, Ազկամարի, Օգլանլիի հանքավայրեր):

4) բենտոնիտային կավերի հանքավայրերը ծովային և քաղցրահամ ավազաններում առաջանում են նաև հրաբխային, հրաբխածին և հրաբխանստվածքային ապարների հողմահարման արգասիքների վերանստեցման և դիագենետիկական վերափոխման, ինչպես նաև այլ ծագման հանքավայրերից բենտոնիտային կավերի լվացման արդյունքում: Վերանստեցված հողմահարման արգասիքների նյութական կազմից և ջրային ավազանի ֆիզիկաքիմիական ռեժիմից կախված` առաջանում են տարբեր կազմի, հատկությունների և տարատեսակ գործնական նշանակություն ունեցող բենտոնիտներ: Այս հանքավայրերին են վերագրվում Սարիգյուղի բենտոնիտային կավի հանքավայրը (ՀՀ), Չերկասկի բենտոնիտային և պոլիգորսկիտային կավերի հանքավայրը (Ուկրաինա) և այլն:

19. Մետամորֆածնային (կերպափոխածնային) հանքավայրերը ներկայացված են արգիլիթներով (ներառյալ «չորուկները», «կայծքարը») և կավաթերթաքարերով:

1) Արգիլիթները տեղադրված են դիագենեզի (ապարագոյացման) ու էպիգենեզի (մակածնության) արդյունքում խտացված և ցեմենտացված ավազակավային նստվածքների, մայրցամաքային և մերձափնյա-ծովային հաստվածքների մեջ, և օգտագործվում են որպես ցեմենտի ու կերամիկական արտադրության հումք:

2) Կավաթերթաքարերը տարածված են ծալքավոր շրջաններում, թույլ փոխակերպված (մետամորֆացված) ապարների, կավային, կավասիլիցիումային, և սիլիցիումային թերթաքարերի ու ավազաքարերի շերտադասմամբ ներկայացված հաստվածքներում, և օգտագործվում են կերամզիտի (արհեստական ծակոտկեն նյութի) և ցեմենտի արտադրության մեջ:

20. Կավային ապարներում, բացի սովորաբար կավային հատիկախումբ (ֆրակցիա)` d<0.01 մմ, անվանվող մանր մասնիկներից, պարունակվում են ավելի խոշոր` ալևրիտային (առանձնացվում են 0.01-ից 0.1 մմ հատիկախմբում) և ավազային (0.1-ից 0.2 մմ հատիկախումբ) մասնիկներ, ընդ որում.

1) կավերում 0.01 մմ-ից և 0.001 մմ-ից փոքր չափերով հատիկախումբերի (ֆրակցիաների) պարունակությունից կախված` դրանք վերագրվում են կոպիտ, ցածր, միջին և բարձր մանրատվածներին (դիսպերսներին):

2) 30-50% կավային հատիկախմբի մասնիկներ և 70-50% 0.01 մմ-ից խոշոր հատիկախմբի բեկորային նյութ պարունակող փուխր նստվածքները կոչվում են ավազակավեր: Ավազակավերը, սովորաբար, պարունակում են մոտ 10-ից 30% 0.005 մմ-ից փոքր հատիկախմբի կավային մասնիկներ, որոնք բնորոշում են դրանց ֆիզիկատեխնիկական ցուցանիշները, մասնավորապես պլաստիկությունը:

3) մոտավորապես, 90-70% ալևրիտաավազային նյութից և 10-30% 0.01 մմ-ից փոքր (որից 1-10%-ը 0.005 մմ-ից փոքր) հատիկախմբի մասնիկներ պարունակող փուխր նստվածքները կոչվում են կավավազներ:

4) կրային (կարբոնատային), համասեռ, սովորաբար ոչ շերտավոր, ընդհանուր 40-ից 50% ծակոտկենությամբ, առավելապես քվարցի, դաշտային սպաթի, փայլարի և այլ միներալների հատիկներից կազմված, բաց-դեղնավուն (հարդագույն) երանգի փուխր նստվածքային ապարները կոչվում են լյոսեր (փխրահողեր): Փոշենման, 0.01-ից 0.05 մմ հատիկախմբի պարունակությունը կազմում է 30-ից 55%, 0.005 մմ-ից փոքր հատիկախմբինը` 5-ից 30%, 0.25 մմ-ից մեծ հատիկախմբինը` ոչ ավելի քան 5%:

21. Կավային ապարների միներալային կազմից, այս կամ այն կավային միներալի գերակշռող պարունակությունից կախված տարբերակում են` կաոլինիտային, հիդրոփայլարային (այդ թվում գլաուկոնիտային), մոնտմորիլոնիտային, պալիգորսկիտային և բազմամիներալային (խառը կազմի) կավեր:

1) Կավային ապարների հիմնական քիմիական բաղադրիչներ են հանդիսանում SiO2, Al2O3, H2O, ստորադաս քանակություններով առկա են TiO2, Fe2O3, FeO, MnO, MgO, CaO, Na2O, K2O, SO3 և օրգանական նյութեր:

2) Շիկացած վիճակում կավահողի պարունակությամբ` կավային ապարները ստորաբաժանվում են բարձր արզնահողայինների (Al2O3-ը` ավելի քան 45%), բարձր հիմնայինների (Al2O3-ը` 38-ից 45%), հիմնայինների (Al2O3-ը` 28-ից 38%), կիսաթթուների (Al2O3-ը` 14-ից 28%) և թթուների (Al2O3-ը` ցածր 14%):

22. Կավային ապարների հիմնական մասը օգտագործվում է շինարարական, կոպիտ և նուրբ կերամիկայի, հրակայուն արտադրատեսակների, ցեմենտի, կերամզիտի արտադրությունում, ինչպես նաև նավթամթերքների ու յուղերի մաքրման, երկաթահանքային ու ֆտորասպաթային (ֆլյուորիտային) խտանյութերի (կոնցենտրատների) գնդավորման (կոշտավորման) համար, մետաղաձուլման արտադրությունում, հորատման գործում, քիմիական արդյունաբերությունում: Բացի այդ, կավային ապարները ծառայում են որպես շինանյութ ոչ մեծ շինությունների կառուցման համար, որպես լցանյութ թղթի, դեղագործական, օծանելիքի արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, գինեգործության, համակցված կերերի, սննդի և տեքստիլ արդյունաբերություններում:

1) Շինարարական կերամիկայի (աղյուս, տարբեր տեսակի կերամիկական քարեր ու սալիկներ, կղմինդր և այլն) արտադրությունում օգտագործվում են հիմնականում դյուրահալ կավերը և ավազակավերը, ավելի քիչ լյոսը (փխրահողը), արգիլիթները, կավաթերթաքարերը (նախապես աղացված): Տեխնոլոգիական գործընթացների բարդությունը կայանում է հումքի և պատրաստի արտադրանքի հատկությունների միջև խիստ կախվածության սահմանման դժվարությամբ:

ա. Ներկայումս շինարարական կերամիկայի արտադրատեսակների համար կավային հումքի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող միասնական պահանջներ սահմանված չեն, հումքի պիտանելիությունը սահմանվում է պատրաստի արտադրանքի որակով և ստանդարտին համապատասխան արտադրանքի ստացման հնարավորությամբ:

բ. Կերամիկական արդյունաբերության համար կավային հումքի դասակարգումը իրականացվում է ԳՕՍՏ 9169-2021-ին համապատասխան, իսկ պատրաստի արտադրանքի որակը նորմավորվում է ԳՕՍՏ 530-2019-ի և այլ փաստաթղթերին համապատասխան (տես` աղյուսակ 4-ը):

գ. Աղյուսի և կղմինդրի արտադրությունում օգտագործվող դյուրահալ կավային ապարները պետք է ունենան անհրաժեշտ պլաստիկություն և կապակցող հատկություն, ընդ որում աղյուսի կիսաչոր կաղապարման եղանակի դեպքում կարող են օգտագործվել նաև թույլ պլաստիկությամբ կավային ապարները: Հումքի որակը կախված է նաև դրանում պարունակվող բուն կավային մասնիկների քանակից. դրանց անբավարար քանակը կարող է հանգեցնել աշխատանքային զանգվածի անկայունության (երերության): Ավազային հատիկախմբի (ֆրակցիայի) մինչև 10% պարունակությունը լիովին թույլատրելի է: Վնասակար են, հատկապես, կրային և գիպսային քարաբեկոր (քարքարոտ) ներփակումները և 3 մմ-ից խոշոր հատիկախմբերը:

դ. Քիմիական կազմով, սույն ենթակետում նշված նպատակներով, պիտանի են 53-ից 81% SiO2, 7-ից 23% Al2O3, 2.5-ից 8% Fe2O3 և մինչև 15% CaO պարունակող կավային ապարները: Անցանկալի է հանդիսանում կալցիումի և մագնեզիումի կարբոնատների մեծ քանակությամբ խոշոր ներփակումների պարունակությունը: Վնասակար են նաև SO3-ի (մինչև 2%), ջրում լուծվող ալկալիական (հիմնային) (մինչև 4-ից 5%) և հողալկալիական (մինչև 2%) մետաղների աղերի բարձրացված պարունակությունները:

2) Կոպիտ կերամիկայի (թթվակայուն (թթվահեստ) արտադրատեսակներ, կոյուղու խողովակներ, ցամաքուրդային (դրենաժային) խողովակներ, հատակի սալիկներ, գերաթուրծ (կլինկերային) աղյուս և այլ արտադրատեսակներ) արտադրությունում օգտագործվում են հիմնականում դժվարահալ կավերը, ինչպես նաև հրահեստ (հրակայուն) կավերի ցածրաեռակալվող տարատեսակները (գերաթուրծ (կլինկերային) աղյուս):

ա. Կոպիտ կերամիկայի արտադրատեսակների համար կավային հումքի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող միասնական պահանջներ սահմանված չեն, հումքի պիտանելիությունը սահմանվում է պատրաստի արտադրանքի որակով, որը նորմավորվում է համապատասխան ստանդարտներով:

բ. Կոպիտ կերամիկայի պատրաստի արտադրանքի որակը նորմավորվում է ԳՕՍՏ 474-90-ի, ԳՕՍՏ 961-89-ի և այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան (տես աղյուսակ 4-ը):

գ. Թթվակայուն (թթվահեստ) իրերի արտադրման համար օգտագործվում են հիմնականում ցածրաեռակալվող, միջին պլաստիկության դժվարահալ և հրակայուն (հրահեստ) կավերը: Դրանք չպետք է ունենան ծծմբի հրաքարի (կոլչեդանի, պիրիտի), գիպսի և երկաթային միացությունների ներփակումներ, իսկ Ca-ի և Mg-ի կարբոնատների պարունակությունը չպետք է գերազանցի 3%-ը:

դ. Գերաթուրծ (կլինկերային) աղյուսի արտադրման համար կարող են օգտագործվել խոշոր ավազի խառնուկ, կարբոնատների, գիպսի ու ածխի ներփակումներ չպարունակող, դյուրահալ կավեր և ավազակավեր: Դրանց պիտանելիության հիմնական ցուցանիշներն են, թրծազանգվածի համասեռ եռակալումը ապահովող, եռակալման լայն տիրույթը (ոչ պակաս 100 oC և դեֆորմացման (ձևախախտման) սկսման ջերմաստիճանը (ոչ ցածր 1200 oC): Պահանջվող եռակալման տիրույթ չունեցող կամ բարձրաեռակալվող (1300 oC-ից բարձր) կավերը և ավազակավերը կարող են օգտագործվել նշված իրերի արտադրությունում` հալման ջերմաստիճանը իջեցնող հավելախառնուրդների կիրառման պայմանով:

ե. Կոյուղու խողովակների և հատակի սալիկների արտադրությունում օգտագործվում են պլաստիկություն, համասեռ կազմ, եռակալման ցածր ջերմաստիճան և 200 oC-ից ոչ պակաս եռակալման տիրույթ ունեցող դժվարահալ և հրակայուն (հրահեստ) կավերը: Թրծման ժամանակ կավերը պետք է առաջացնեն խիտ եռակալված թրծազանգված` առանց ձևախախտման, բծերի, հալույթների ու խալերի: Հումքի այս տեսակների համար գոյություն ունեցող ստանդարտներից բացի, որոշ հանքավայրերի կավերի որակի նկատմամբ գոյություն ունեն նաև մի շարք ստանդարտներ. օրինակ, ՕՍՏ 21-30-82 (Դժվարահալ կավեր` Արտյոմովսկու հանքավայրի) և ՕՍՏ 21-31-77 (Կավ` Նիկոլայևսկու և Նիկիֆորովսկու հանքավայրերի) ստանդարտներով կանոնակարգվում են կավերում արզնահողի, տիտանի, երկաթի, կալցիումի օքսիդների ու այլ վնասակար խառնուրդների պարունակությունները:

3) Նուրբ կերամիկական արտադրատեսակների (ճենապակի, կիսաճենապակի, հախճապակի) արտադրությունում, որպես հիմնական բաղադրամաս, օգտագործվում է ներկող օքսիդների խիստ ցածր պարունակությամբ կաոլինը, իսկ որպես կապակցող` պլաստիկ հրակայուն (հրահեստ) կավերի սպիտակաերանգ թրծվող տարատեսակները և բենտոնիտային կավերը:

ա. Ամենաբարձր (ամենախիստ) պահանջները ներկայացվում են ճենապակու արտադրությունում օգտագործվող կավերին, սակայն հումքը (կավը) բնական տեսքով ոչ միշտ կարող է օգտագործվել նաև հախճապակու արտադրատեսակների արտադրության մեջ և կարող է ունենալ հարստացման կարիք:

բ. Նուրբ կերամիկայի արտադրատեսակների համար կավային հումքի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող միասնական պահանջներ սահմանված չեն: Առկա են ստանդարտներ կավերի առանձին տարատեսակների և շահագործվող որոշ հանքավայրերի համար. օրինակ, ՀՍՏ (ՌՍՏ) ՌԽԴՍՀ (ՌՍՖՍՌ) 303-82 (Կավ` բրուտագործական (կավագործական)), ԳՕՍՏ 7032-2021 (Բենտոնիտային կավ` նուրբ և շինարարական կերամիկայի համար), ՏՈՒ 21-25-203-78 (Հրակայուն (հրահեստ) կավ` Վեսյոլովսկու հանքավայրի): Նուրբ կերամիկայի համար կավային հումքում վնասակար խառնուրդներ են հանդիսանում երկաթի ու տիտանի օքսիդները, թրծազանգվածի փքում առաջացնող ծծմբային միացությունները, անցանկալի են թրծազանգվածին մակերեսային և քողարկված հալույթներ տվող պիրիտի ու մարկազիտի (լուսաքար) ներփակումները: Ինչպես ճենապակյա, այնպես էլ հախճապակյա արտադրատեսակները վերագրվում են սպիտակ թրծազանգվածի խմբին: Դրանք կարող են ունենալ ջնարակված (գլազուրապատ) և չջնարակված (ոչ գլազուրապատ) թրծազանգված: Դրանց տարբերությունը կայանում է նրանում, որ ճենապակու արտադրատեսակները կոտրվածքում ունեն ուժեղ եռակալված թրծազանգված, իսկ հախճապակին` ծակոտկեն: Հախճապակու ծակոտկենությունը 10-ից 14% է, իսկ ճենապակու ծակոտկենությունը` 0.5%-ից ոչ բարձր է:

4) Հրակայուն արտադրատեսակների արտադրությունում կիրառվում են հրակայուն (հրահեստ) կավերը և կավերի նկատմամբ մի շարք առավելություններ ունեցող` ցածր երկաթային բոքսիտները:

ա. Արտադրվող ամբողջ հրակայուն արտադրատեսակների կեսից ավելին օգտագործվում է սև մետալուրգիայում (մետաղագործության մեջ)` հալոցները, հնոցները, դոմնյան վառարանները հրակայուն շինվածքներով աղյուսապատելու, պողպատալցման արտադրությունում` հրահեստ իրերի (աղյուսների) ստացման համար և մեքենաշինության մեջ:

բ. Սև մետաղագործության, մեքենաշինության, քիմիական, նավթավերամշակման և արդյունաբերական այլ ճյուղերում օգտագործվող հրակայուն արտադրատեսակների մեծ մասի որակը կանոնակարգվում է ստանդարտներով և տեխնիկական պայմաններով: Հրակայուն (հրահեստ) կավային հումքի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող միասնական պահանջներ սահմանված չեն, սակայն առկա են ստանդարտներ որոշ առանձին շահագործվող կավերի հանքավայրերի համար. օրինակ, ՏՈՒ 14-8-152-75-ը Լատնենսկու հանքավայրի հրակայուն կավերի համար: Տեխնիկական պայմաններով, սովորաբար, սահմանվում են Al2O3-ի անհրաժեշտ պարունակության սահմանները, պահանջվող հրակայունությունը, Fe2O3-ի թույլատրելի պարունակությունը և զանգվածի կորուստը շիկացման ժամանակ (այսուհետ` ԿՇԺ):

գ. Որպես հրակայուն նյութերի (արտադրատեսակների) արտադրման հումք, հրակայուն կավերի որակի գնահատումը, հանքավայրերի պաշարների հաշվարկման ժամանակ, իրականացվում է պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացված հաշվետվության մեջ հիմնավորված կամ նախապես հաստատված կոնդիցիաների պարամետրերին համապատասխան:

դ. Կավերի կազմում առանձին օքսիդների առկայությունը ազդում է դրանց որակի վրա: Այսպես, երկաթի օքսիդների սահմանափակ պարունակության պայմաններում Al2O3-ի պարունակության բարձրացմանը զուգահեռ մեծանում է հրակայունությունը: Ավազի տեսքով ներկայացված ազատ սիլիկահողը նվազեցնում է պլաստիկությունը, կծկման, չորանվազման, կապակցման հատկությունները: Ալկալիների, Fe2O3-ի, FeO-ի, CaO-ի և MgO-ի առկայությունը նվազեցնում է հրակայունությունը, բացի այդ երկաթի օքսիդները հանգեցնում են թրծազանգվածի վրա դեղնադարչնագույն հալվածքների, խալերի ու բծերի հայտնվելուն (երևալուն): Արտադրատեսակների որակի վրա վնասակար ազդեցություն է թողնում նաև SO3-ը: Որոշակի արտադրատեսակի արտադրման համար հումքի պիտանելիության մասին վերջնականապես կարելի է եզրակացնել միայն տեխնոլոգիական փորձարկումներից հետո` պատրաստի արտադրանքի որակի հետազոտմամբ:

5) Ցեմենտի արտադրությունում հիմնականում օգտագործվում են դյուրահալ կավերը, արգիլիթները և կավաթերթաքարերը, որոնք մաս են կազմում ցեմենտի բովախառնուրդի համար, որի երկրորդ հիմնական բաղադրիչն են հանդիսանում կարբոնատային ապարները: Ցեմենտի արտադրությունում օգտագործվող հումքի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող միասնական պահանջներ սահմանված չեն: Կավային ապարներում օգտակար և վնասակար բաղադրիչների թույլատրելի պարունակությունները կախված են կարբոնատային բաղադրիչում դրանց պարունակությունից: Որպես ցեմենտի հումք կավային ապարների հնարավոր օգտագործման գնահատումը կանոնակարգվում է համապատասխան տեխնիկական պայմաններով:

ա. Հասարակ պորտլանդցեմենտի արտադրության համար կարող են օգտագործվել 2-ից 4 սիլկահողային մոդուլով` n, (n=SiO2/(Al2O3+Fe2O3) և 1-ից 3 արզնահողային մոդուլով` p, (p=Al2O3/Fe2O3) կավային ապարները: Նշված սահմաններից շեղման դեպքում, կավային ապարների պիտանելիությունը, կախված է հավելանյութերով դրանց քիմիական կազմի ճշգրտման հնարավորությունից:

բ. Հատիկային կազմով կավային ապարները պետք է բավարարեն հետևյալ պայմանին. 0.2 մմ-ից խոշոր (մնացորդը 020 համարի մաղի վրա) հատիկախմբի (ֆրակցիայի) պարունակությունը չպետք է գերազանցի 10%-ը, 0.08 մմ-ից խոշոր (մնացորդը 008 համարի մաղի վրա) հատիկախմբի պարունակությունը պետք է լինի ոչ ավելի քան 20%-ը` ներառյալ 0.2 մմ-ից խոշոր հատիկախումբը:

գ. Քիմիական կամ հատիկային կազմով ցեմենտի արտադրության պահանջներին չբավարարելու դեպքում` կավային ապարների պիտանելիությունը այդ նպատակի համար որոշվում է փորձնական կամ հաշվարկային տվյալների հիման վրա:

6) Կերամզիտի (կերամզիտային կոպիճի) արտադրության համար հիմնականում օգտագործվում են, մինչև 1050-1250 oC տաքացնելիս փքվելու հատկությամբ օժտված, դյուրահալ կավերը, կավաթերթաքարերը, ավազակավերը:

ա. Կերամզիտային կոպիճի արտադրության հումք են հանդիսանում կավային ապարների այն տարատեսակները, որոնք խառնուկների հետ միասին կամ առանց դրանց, թրծման ժամանակ փքվում են` առաջացնելով բջջավոր (խորսխավոր) ներկառուցվածքով թեթևակշիռ լցանյութ` թեթև բետոնների համար: Կարող են օգտագործվել բարձր խտությամբ բնութագրվող` փխրուն, խիտ, քարանման կավերը և ավազակավերը, ջրում չփափկող (թրջվելուց չուռչող) կերպափոխված (մետամորֆային) կավաթերթաքարերը և արգիլիթները, ինչպես նաև բենտոնիտային կավերը:

բ. Կերամզիտի արտադրության համար կավային հումքի քիմիական, հատիկային և միներալային կազմը չի կանոնակարգվում, իսկ առանձին բաղադրիչների պարունակությունները պետք է գտնվեն հետևյալ սահմաններում. SiO2-ը մինչև 70%, Al2O3-ը` 12-ից 23%, Fe2O3+FeO-ն` 5-ից 10%, CaO+MgO-ն` 3-ից 8%, Na2O+K2O-ն` 2.5-ից 5%, ազատ սիլիկահողինը` մինչև 25%: Ցանկալի է օրգանական նյութերի (0.9-ից 2.5%) նուրբ-մանրատված խառնուկը: Փքելիության մեծացման համար հնարավոր է ճշգրտող հավելանյութերի` թեփ, սղոցուք և այլն ներմուծումը:

գ. Որպես կերամզիտային կոպիճի արտադրության հումք, տարբեր տեսակի կավային ապարների պիտանելիությունը, առաջին հերթին, որոշվում է թրծման ժամանակ փքման աստիճանով ու տիրույթով, ստացվող կերամզիտային կոպիճի կտորում ծավալային զանգվածով և հիմնական ֆիզիկամեխանիկական ցուցանիշներով: Որոշ շահագործվող հանքավայրերի կավային ապարների համար գոյություն ունեն տեխնիկական պայմաններ, որոնցով դրանց արտաքին տեսքի (գույնի, խտության, կառուցվածքի), հատիկային ու քիմիական կազմերի, փքման օպտիմալ ջերմաստիճանի, փքման տիրույթի և այլ հատկանիշների նկատմամբ սահմանվում են համապատասխան պահանջները:

7) Կավային ապարները (հիմնականում բնական և ակտիվացված բենտոնիտային կավերը) որպես սպիտակեցնող նյութ օգտագործվում են նավթամթերքների (բենզինի, կերոսինի, քսայուղերի), բուսական և կենդանական յուղերի զտման համար: Սպիտակեցնող կավերի որոշ տեսակներ օգտագործվում են քացախի, գինու, մրգային հյութերի և այլ նյութերի զտման համար: Դրանց պիտանելիությունը գնահատվում է կլանման (սորբման) ակտիվության և ակտիվության ինդեքսի մեծությամբ:

8) Սև մետաղագործության մեջ (մետալուրգիայում) կավերն ավելի ու ավելի աճող քանակությամբ օգտագործվում են մանրահատիկ երկաթահանքային կոնցենտրատների գնդավորման (կոշտավորման) և խիտ ու ամուր բովագնդիկների ստացման համար: Այս նպատակի համար առավել պիտանի են բարձր ուռչելիությամբ ու կապակցող հատկությամբ, բարձր խոնավատարությամբ և համեմատաբար ցածր եռակալման ջերմաստիճանով բնութագրվող կավերը, ինչպիսին են ալկալիական (նատրիումական) բենտոնիտները և նախնական մշակումից հետո` դրանց հողալկալիական տարատեսակները:

9) Ձուլման արտադրությունում կավերը օգտագործվում են ձուլման կաղապարների պատրաստման համար անհրաժեշտ կաղապարախառնուրդներում` որպես կապակցող բաղադրիչ, բացի այդ կավերը կախույթի (սուսպենզիայի) տեսքով մտնում են ձուլաներկերի կազմի մեջ, որը կախված վիճակում պահպանում է հակամակայրուկային նյութը: Արդյունաբերության այս ճյուղում օգտագործվում են ինչպես հրահեստ (հրակայուն), այնպես էլ դժվարահալ կավերը, ինչպես նաև բարձր կապակցող հատկությամբ օժտված բենտոնիտայինները:

ա. Ձուլման արտադրությունում օգտագործվող կավերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանվում են 3226-93 ԳՕՍՏ-ով: Ձուլաներկերի պատրաստման համար օգտագործվող կավերի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող պահանջներ սահմանված չեն: Այդ նպատակների համար առավել պիտանի են համարվում բենտոնիտային կավերը: Կաղապարման կավերի գնահատման համար մեծ նշանակություն ունի դրանցում վնասակար բաղադրիչների (S, CaO+MgO, Na2O+K2O և Fe-ի օքսիդներ) պարունակությունը:

10) Հորատման հեղուկների պատրաստման համար օգտագործվում են նուրբ-մանրատված (նրբադիսպերսային), ավազի նվազագույն պարունակությամբ, ջրի հետ մածուցիկ ու երկար ժամանակ նստվածք չտվող կախույթ (սուսպենզիա) առաջացնող, պլաստիկ կավերը:

ա. Լավագույն հատկություններով գերազանցապես օժտված են մոնտմորիլոնիտային (բենտոնիտային) կավերի ալկալիական (նատրիումական) տարատեսակները, որոնցից ստացված կավափոշին գլխավորապես օգտագործվում է նավթային և գազային հորատանցքերի հորատման ժամանակ և ցածր խտությամբ կավային լուծույթների պատրաստման համար: Լավ աղակայուն հատկություններ ունեն, աղաբեր ապարների հորատման ժամանակ օգտագործվող պոլիգորսկիտային կավերը: Բարձր մանրատված (դիսպերսային) բեյդելիտային, կաոլինիտային և հիդրոփայլարային կավերը բնութագրվում են բավարար հատկություններով:

բ. Կավերում վնասակար խառնուրդ են հանդիսանում կավային լուծույթների կայունությունը վատացնող գիպսը, լուծվող աղերը, կրաքարը:

գ. Հորատման լուծույթների պատրաստման համար նախատեսված կավային հումքի և կավափոշու որակի հիմնական ցուցանիշն է հանդիսանում լուծույթի ելքը` 1 տոննա կավային հումքից, տրված մածուցիկությամբ լուծույթի (սուսպենզիայի) ստացվող ծավալը, բացի այդ կանոնակարգվում է նաև լուծույթի խտությունը և ավազի պարունակությունը:

11) Սննդի արդյունաբերությունում, որպես կլանիչ (սորբենտ) և մակարդիչ (կոագուլյանտ) օգտագործվող, կավային ապարները գնահատվում են հատիկային կազմով, խոնավությամբ, ազատ H2SO4-ի պարունակությամբ, զտող (ֆիլտրող) և սպիտակեցնող հատկություններով:

12) Կավային ապարները օգտագործվում են նաև որպես սպիտակեցնող նյութ, մակակլանող նյութ (ադսորբենտ), լցանյութ և այլն: Նշված առանձին ուղղություններով օգտագործվող կավերի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող միասնական պահանջներ սահմանված չեն:

13) Բենտոնիտային կավերի սպառողների թիվը շարունակաբար աճում է: Ուսումնասիրվում է գյուղատնտեսությունում, բժշկությունում, դեղագործության մեջ և այլ ոլորտներում այս հումքի օգտագործման հնարավորությունը:

23. Խոշոր հանքավայրերի շարքին են դասվում հրահեստ (հրակայուն), դժվարահալ և դյուրահալ կավերի 20 մլն տոննայից ավելի պաշար ունեցող հանքավայրերը, միջիններին` 5-ից 20 մլն տոննա պաշար ունեցողները և փոքրերին` 5 մլն տոննայից պակաս պաշար ունեցողները:

1) Առավել արժեքավոր բենտոնիտային կավերի հանքավայրերից խոշոր են համարվում 5 մլն տոննայից ավելի պաշար ունեցողները, միջին են համարվում` 1-ից 5 մլն տոննա պաշար ունեցողները և փոքր են համարվում` 1 մլն տոննայից պակաս պաշար ունեցողները:

2) Կավային ապարների հանքավայրերը գերազանցապես շահագործվում են բաց եղանակով: Ստորերկրյա եղանակով երբեմն շահագործվում են հրակայուն և բենտոնիտային կավերը:

24. Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կավային ապարներով ներկայացված հանքավայրերը թվով 38-ն են.

1) Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով կավային ապարներով ներկայացված հանքավայրերը ըստ օգտակար հանածոյի տեսակի և դրանց օգտագործման ոլորտի բազմազան են, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկությունները բերված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով կավային ապարներով ներկայացված հանքավայրերի օգտակար հանածոյի տեսակի և դրանց օգտագործման ոլորտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

 

._________________________________________________________________________.

|Հումքի կիրառման ոլորտը          |Հանքավայրի տեսակը, հատ                  |

|________________________________|________________________________________|

|Արդյունաբերության|Արտադրատեսակը,|Կավ |Բենտո-|Գիպ-|Դիա-|Կավա- |Կավա-|Ընդա-|

|ճյուղը           |նպատակը       |    |նիտա- |սա- |տո- |քար   |յին  |մենը |

|                 |              |    |յին   |տար |մի- |(արգի-|ապար |     |

|                 |              |    |կավ   |կավ |տա- |լիթ)  |     |     |

|                 |              |    |      |    |յին |      |     |     |

|                 |              |    |      |    |կավ |      |     |     |

|_________________|______________|____|______|____|____|______|_____|_____|

|Շինարարական      |Աղյուսի համար |2   |-     |-   |1   |-     |-    |3    |

|կերամիկայի       |______________|____|______|____|____|______|_____|_____|

|արտադրություն    |Աղյուսի և     |3   |-     |-   |-   |-     |-    |3    |

|                 |կղմինդրի համար|    |      |    |    |      |     |     |

|                 |______________|____|______|____|____|______|_____|_____|

|                 |Կավային       |1   |-     |-   |-   |-     |-    |1    |

|                 |կղմինդր       |    |      |    |    |      |     |     |

|                 |______________|____|______|____|____|______|_____|_____|

|                 |Ծեփագործության|-   |-     |2   |-   |-     |-    |2    |

|                 |համար         |    |      |    |    |      |     |     |

|                 |______________|____|______|____|____|______|_____|_____|

|                 |Կերամիկական   |1   |-     |-   |-   |-     |-    |1    |

|                 |աղյուսի համար |    |      |    |    |      |     |     |

|_________________|______________|____|______|____|____|______|_____|_____|

|Կոպիտ կերամիկայի |Դրենաժային    |1   |-     |-   |-   |-     |-    |1    |

|արտադրություն    |խողովակների   |    |      |    |    |      |     |     |

|                 |արտադրության  |    |      |    |    |      |     |     |

|                 |համար         |    |      |    |    |      |     |     |

|                 |______________|____|______|____|____|______|_____|_____|

|                 |Խեցեղենի հումք|1   |-     |-   |-   |-     |-    |1    |

|_________________|______________|____|______|____|____|______|_____|_____|

|Ցեմենտի          |Ցեմենտի       |14* |-     |2   |-   |-     |-    |16   |

|արտադրություն    |հավելախառնուրդ|    |      |    |    |      |     |     |

|                 |______________|____|______|____|____|______|_____|_____|

|                 |Գաջի և        |-   |-     |-   |-   |-     |-    |0    |

|                 |ցեմենտի       |    |      |    |    |      |     |     |

|                 |արտադրության  |    |      |    |    |      |     |     |

|                 |հումք         |    |      |    |    |      |     |     |

|_________________|______________|____|______|____|____|______|_____|_____|

|Գաջի             |Գաջի          |-   |-     |6   |-   |-     |-    |6    |

|արտադրություն    |արտադրության  |    |      |    |    |      |     |     |

|                 |համար         |    |      |    |    |      |     |     |

|_________________|______________|____|______|____|____|______|_____|_____|

|Ձուլման          |Հանքային ներկ |-   |-     |-   |-   |1     |-    |1    |

|արտադրությունում,|(օխրա)        |    |      |    |    |      |     |     |

|նավթամթերքների,  |______________|____|______|____|____|______|_____|_____|

|բուսական և       |Ձուլման       |-   |1     |-   |-   |-     |-    |1    |

|կենդանական       |արտադրության, |    |      |    |    |      |     |     |

|յուղերի զտման ու |բուսական և    |    |      |    |    |      |     |     |

|հորատման         |կենդանական    |    |      |    |    |      |     |     |

|հեղուկների       |յուղերի զտման |    |      |    |    |      |     |     |

|պատրաստման համար |ու հորատման   |    |      |    |    |      |     |     |

|համար            |հեղուկների    |    |      |    |    |      |     |     |

|                 |պատրաստման    |    |      |    |    |      |     |     |

|                 |համար         |    |      |    |    |      |     |     |

|_________________|______________|____|______|____|____|______|_____|_____|

|Ջրամբարների      |Ամբարտակների  |1   |-     |-   |-   |-     |1    |2    |

|շինարարություն   |կառուցման     |    |      |    |    |      |     |     |

|                 |աշխատանքներում|    |      |    |    |      |     |     |

|                 |հակաֆիլտրացիոն|    |      |    |    |      |     |     |

|                 |միջոցառումների|    |      |    |    |      |     |     |

|                 |համար         |    |      |    |    |      |     |     |

|________________________________|____|______|____|____|______|_____|_____|

|Ընդամենը                        |24  |1     |10  |1   |1     |1    |38   |

._________________________________________________________________________.

 

ա. (*) Արարատի տրավերտինների ու կավերի հանքավայրերի թվով 10 տեղամասերում, որպես երեսապատման քարի արտադրության հումք ուսումնասիրված տրավերտինների պաշարները հաստատվել են նաև որպես ցեմենտի հումք, սակայն հողմահարված, խոռոչավոր տրավերտինների ու կավերի, կավացած ապարների տարանջատ հաշվարկ չի իրականացվել:

2) Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով կավային ապարներով ներկայացված հանքավայրերը բնութագրվում են տարբեր խոշորությամբ: Առավել խոշոր են հանդիսանում Արարատի տրավերտինների ու կավերի (ավելի քան 150 մլն մ3), Սարի-գյուղի բենտոնիտային կավերի (ավելի քան 36 մլն մ3), Հրազդանի կավի (շուրջ 16 մլն մ3), Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտի (շուրջ 12 մլն մ3), Քուչակի կավեր և անդեզիտաբազալտներ (մոտ 10 մլն մ3) և Աթանի կավերի (մոտ 10 մլն մ3):

 

3. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

25. Հետախուզման գործընթացում կավային ապարներով ներկայացված հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է` կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից:

26. Ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության, կավային ապարներով ներկայացված հանքավայրերը (կամ առանձին տեղամասերը) ըստ հանքային մարմինների չափերի և ձևի, դրանց խախտվածության, հզորության, ներքին կառուցվածքի և օգտակար հանածոյի որակի փոփոխականության առանձնահատկությունների համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին:

1) 1-ին խմբում ներառվող երկու ենթախմբերին (1ա, 1բ) են վերագրվում պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը.

ա. 1ա ենթախմբին են վերագրվում կայուն կառուցվածքով, հզորությամբ և որակով խոշոր շերտավոր, շերտաձև և ոսպնյակաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Արարատի տրավերտինների և կավի հանքավայր):

բ. 1բ ենթախմբին են վերագրվում կայուն կառուցվածքով, հզորությամբ և որակով միջին չափերի շերտաձև և ոսպնյակաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Արարատի տրավերտինների և կավի հանքավայրի առանձին տեղամասեր, Քուչակի կավերի և անդեզիտադացիտների, Ջրաձորի կավային ապարների հանքավայրեր):

գ. Այս խմբին (ենթախմբերին) վերագրվող հանքավայրերը, ներկայացված են օգտակար հանածոյի հանքամարմինների պարզ կառուցվածքով, բնութագրվում են օգտակար հանածոյի հանքամարմինների հզորությունների և հումքի որակի կայունությամբ, օգտակար բաղադրիչների հավասարաչափ բախշվածությամբ, ինչպես նաև ներկայացված են փոփոխուն հզորությամբ, սակայն օգտակար հանածոյի կայուն որակով բնութագրվող խոշոր և միջին հանքակուտակներով: Այս հանքավայրերը որպես կանոն բնութագրվում են պարզ երկրաբանական կտրվածքներով և ըստ պաշարների քանակի կարող են լինել չափազանց խոշորից մինչև միջին:

դ. Այս խմբին (ենթախմբերին) են վերագրվում լճային, սառցադաշտային, էլյուվիալ և ծովային ծագման դյուրահալ կավերի ու ավազակավերի հանքավայրերի գերակշիռ մասը (ՌԴ` Դուբա-Յուրտովի, Զարյայի, Ուրոմի, Ինգիչինի հանքավայրեր և այլն), ինչպես նաև ըստ տիպի առավել կայուն ծովային դժվարահալ (ՌԴ` Եվսուգի հանքավայր) և բենտոնիտային կավերի (Ուկրաինայի Չերկասի հանքավայր) հանքավայրերը:

ե. Առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի (փոփոխականության) գործակիցը չի գերազանցում 40%-ը:

2) 2-րդ խմբում ներառվող երկու ենթախմբերին (2ա, 2բ) են վերագրվում բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը.

ա. 2ա ենթախմբին են վերագրվում փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ և որակով խոշոր շերտաձև և ոսպնյակաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Սարիգյուղի բենտոնիտային կավերի, Հրազդանի կավի, Աթանի կավի հանքավայրեր):

բ. 2բ ենթախմբին են վերագրվում փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ և որակով միջին չափերի շերտաձև և/կամ ոսպնյակաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Տանձուտի կավաքարի, Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրեր):

գ. Այս խմբին (ենթախմբերին) վերագրվող հանքավայրերը ներկայացված են օգտակար հանածոյի հանքամարմինների բարդ կառուցվածքով, օգտակար հանածոյի հանքամարմինները բնութագրվում են փոփոխուն հզորություններով ու հումքի որակով, օգտակար բաղադրիչների անհավասարաչափ բախշվածությամբ և ներառում են ոչ կոնդիցիոն ապարների ենթաշերտեր (նրբաշերտեր): Այս հանքավայրերը որպես կանոն բնութագրվում են բարդ երկրաբանական կտրվածքներով և ըստ պաշարների քանակի կարող են լինել չափազանց խոշորից մինչև միջին և փոքր:

դ. Այս խմբին (ենթախմբերին) են վերագրվում լճային, լճաճահճային և ափամերձ-ծովային ծագման հրահեստ (հրակայուն) և դժվարահալ կավերի հանքավայրերի գերակշիռ մասը (ՌԴ-ի` Կուրդյումովի հրահեստ և դժվարահալ, Մուրզինի դժվարահալ, Պեչորի դժվարահալ, Ուկրաինայի` Չասով-Յարսկու հրահեստ կավերի հանքավայրեր), ինչպես նաև բենտոնիտային կավերի մի մասը (ՀՀ-ի` Սարիգյուղի բենտոնիտային կավերի հանքավայր) և որոշ դյուրահալ կավերի ու կավային թերթաքարերի հանքավայրեր (ՌԴ-ի` Գոնչարովի կավերի ու ավազակավերի, Ուզբեկստանի` Նավոիյի կավային թերթաքարերի հանքավայրեր):

ե. Առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի (փոփոխականության) գործակիցը տատանվում է 40-ից 100%-ի սահմաններում:

3) 3-րդ խմբին են վերագրվում խիստ փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ ու օգտակար հանածոյի որակով կավային ապարների հանքավայրերը (ՌԴ-ի Տրոիցկո-Բայնովի և Շրոշայի հրահեստ կավերի հանքավայրեր), որոնց առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի գործակիցը տատանվում է 100-ից 160%-ի սահմաններում:

4) 4-րդ խմբին համապատասխանող, կավային ապարներով ներկայացված, հանքավայրերը ներկայումս գործնական նշանակություն չունեն:

27. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է` ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից, եթե անհնար է որոշել հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիությունը սույն հավելվածի 25-րդ և 26-րդ կետերի համաձայն, ապա կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները (հանքաբերության գործակիցը, բարդության գործակիցը, հանքային հատույթներում հզորության ու պարունակության փոփոխականության (վարիացիայի) գործակիցները):

1) Խոշոր հանքավայրերում` առանձնացված տեղամասերի երկրաբանական կառուցվածքի բարդության խումբը կարող է որոշվել տարբերակված` ըստ առանձին տեղամասերի:

 

4. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

28. Հանքավայրերի առավել արդյունավետ ուսումնասիրության համար անհրաժեշտ է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել հետախուզման մեթոդների և տեխնիկական միջոցների ռացիոնալ համալիրի հիմնավորմամբ և կիրառմամբ: Հանքավայրի ուսումնասիրության աստիճանը պետք է ապահովի համալիր գնահատման ամբողջականությունը, դրա համալիր յուրացման հնարավորությունը` շրջակա միջավայրի պահպանության պահանջների պարտադիր հաշվառմամբ: Հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը կարող է համարվել բավարար, եթե հաշվարկված պաշարները բավարարում են Դասակարգման (8-րդ գլխի) 44-րդ կետի պահանջներին:

1) Եթե երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվել են ուսումնասիրման ծրագրով սահմանված քանակներով, սակայն դրանք բավարար չեն հանքավայրի օգտակար հանածոյի պաշարների օբյեկտիվ գնահատման և արդյունաբերական յուրացմանը նախապատրաստվածության գնահատման համար, ապա կախված դրանց ծավալից կարող է կազմվել ՏՏԶ` հանքավայրում մանրազնին հետախուզում իրականացնելու նպատակահարմարության մասին` ժամանակավոր կոնդիցիաների մշակմամբ և կավային ապարների ու արդյունաբերական նշանակություն ունեցող ուղեկից օգտակար հանածոների պաշարների C1 և C2 կարգերով հաշվարկմամբ, որոշելով նաև հանքավայրի մանրազնին հետախուզման ենթակա մասի մակերեսի սահմանները, ինչպես նաև առաջնային յուրացման ենթակա տեղամասերը և հորիզոնները: Ընդ որում, մանրազնին հետախուզում իրականացնելու նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք կարող է տրամադրվել միայն այն հանքավայրերում, որոնց նախնական հետախուզման արդյունքներով կամ շուկայական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված հիմնավորվել է մանրազնին հետախուզման իրականացման նպատակահարմարությունը:

2) Եթե երկրաբանական ուսումնասիրման ծրագրով սահմանված են եղել հանքավայրի օգտակար հանածոյի պաշարների օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ և բավարար աշխատանքներ, սակայն այդ ծավալների ամբողջությամբ չկատարումը հանգեցրել է պաշարների օբյեկտիվ գնահատման անհնարինության, ապա ընդերքաբանական փորձաքննության ժամանակ կարող է եզրակացվել, որ նպատակահարմար է հանքավայրում իրականացնել մանրազնին երկրաբանահետախուզական աշխատանքներ, սակայն այն չի կարող իրականացվել այն ընդերքօգտագործողի կողմից, որը խախտել է նախօրոք սահմանված ծրագիրը:

3) Այն հանքավայրերում, որտեղ ավելի քան 10 տարի առաջ հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ, սակայն այն չի շահագործվել, ապա նախքան այն շահագործման նպատակով տրամադրելը վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման ժամանակ երկրաբանական ուսումնասիրության ծրագրում անհրաժեշտ է նախատեսել պաշարների հաստատման իրավական ակտում առկա թերությունների կամ լրացուցիչ ուսումնասիրման ենթակա աշխատանքների կատարում:

29. Հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ դրա չափերին, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին համապատասխանող մասշտաբի տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով: Կավային ապարներով ներկայացված հանքավայրերի (տեղամասերի) տեղագրական քարտեզները և հատակագծերը սովորաբար կազմվում են 1:2000-ից 1:5000 մասշտաբներով: Հանքավայրի բավական մեծ չափերի և մեղմ ռելիեֆի դեպքում` տեղագրական (տոպոգրաֆիական) հիմքի մասշտաբը կարող է փոքրացվել մինչև 1:10000: Դրանց գործիքային տեղակապման արդյունքներով անհրաժեշտ է արտացոլել բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (փաստագրված և նմուշարկված մերկացումները, հորատանցքերը, հետախուզաառուները, հետախուզահորերը, խրամուղիները և այլն), երկրաբանական մանրազնին դիտարկումների պրոֆիլները, ինչպես նաև տարածքում առկա ենթակառուցվածքային օբյեկտները (տրանսպորտային ուղիներ, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ, ջրաղբյուրներ, ջրատարներ և այլն):

1) Հանքավայրի տարածքում գործող բացահանքերի առկայության դեպքում` դրանք տեղագրական քարտեզի վրա արտացոլվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով, որը սովորաբար կազմվում է 1:200-ից 1:500 մասշտաբներով, իսկ առանձնապես խոշոր հանքավայրերի դեպքում` 1:1000 մասշտաբով:

2) Հորատանցքերի առանցքով կառուցված կտրվածքներով պետք է արտացոլվեն դրանցով օգտակար հանածոյի հանքամարմինների հատման հատվածները կամ հաշվարկված լինեն դրանցով հատված օգտակար հանածոյի մարմնի առաստաղի և հատակի կետերի կոորդինատները:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
27.11.2023
N 12-Ն
Հրաման