Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

22.02.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 օգոստոսի 2021 թվականի N 06-Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

6. Պաշարների հաշվարկին ներկայացվող պահանջներ

 

i

54. Ոսկու հանքավայրերի պաշարների հաշվարկը և որակավորումը ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան:

(54-րդ կետը փոփ. 25.10.2022 թիվ 17-Ն հրաման)

55. Պաշարները հաշվարկվում են հաշվարկային բլոկներով, որոնցում ընդգրկված հանքամարմինների առանձին մասերը պետք է բնորոշվեն`

1) հետախուզվածության և պաշարների քանակն ու որակը որոշող պարամետրերի ուսումնասիրվածության միատեսակ աստիճանով.

2) երկրաբանական կառուցվածքի համասեռությամբ կամ հանքամարմինների հզորության, ներքին կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի, որակի հիմնական ցուցանիշների և տեխնոլոգիական հատկությունների փոփոխականության մոտավորապես միատեսակ աստիճանով.

3) հանքային մարմինների տեղադրման պայմանների կայունությամբ, միասնական կառուցվածքային տարրի (ծալքի թև, փականային մաս, խզումնային խախտումներով սահմանափակված տեկտոնական բլոկ) նկատմամբ հաշվարկային բլոկի որոշակի տեղադրվածությամբ.

4) շահագործման լեռնատեխնիկական պայմանների ընդհանրությամբ:

i

56. Պաշարների հաշվարկի ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև ոսկու հանքավայրերի առանձնահատկություններն արտացոլող հետևյալ լրացուցիչ պայմանները:

1) A կարգի պաշարները հաշվարկվում են միայն ոսկու շահագործվող հանքավայրերում` շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում հետախուզվածության աստիճանով Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող պահանջները բավարարող պաշարները:

2) B կարգի պաշարները հետախուզման ժամանակ հաշվարկվում է միայն 2-րդ խմբի հանքավայրերում: Դրանց են վերագրվում մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում հաշվարկված պաշարները, որոնց հետախուզվածության աստիճանը համապատասխանում է այդ կարգի պաշարներին Դասակարգման 18-րդ կետով ներկայացվող պահանջներին:

ա. B կարգի պաշարների եզրագիծը պետք է անցկացվի գլխավորապես լեռնային փորվածքներով, իսկ խոշոր միներալացված գոտիների, շտոկվերկների և նշանակալի չափերի հանքակուտակների համար` նաև հորատանցքերով, առանց արտարկման: Հանքամարմինների հիմնական երկրաբանական բնութագրերը և հանքաքարերի նյութական կազմն ու որակը այդ եզրագծի սահմաններում պետք է որոշվեն բավարար ծավալի հատկանշական տվյալներով, որոնց ստացումն ապահովվում է սույն հրահանգի 17-րդ կետում բերված (աղյուսակ 1) հետախուզական ցանցի խտությամբ և հրահանգի 3-5 գլուխներով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի ու որակական հատկությունների ուսումնասիրությանը ներկայացվող պահանջներով.

բ. Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում բերված` առանձին կարգերի պաշարների հաշվարկային նորմատիվները (ըստ ծառայման-օգտագործման տարիների) փոփոխական մեծություններ են ոչ միայն հանքավայրերի տարբեր խմբերի համար, այլև յուրաքանչյուր խմբի շրջանակներում և կախված են օգտակար հանածոյի արժողության գործակցից (Գա` միավոր հանքաքարի կորզվող արժողության հարաբերությունը դրա արդյունահանման ու վերամշակման բերված ծախսերին) և բոլոր կարգերի հետախուզված ու նախնական գնահատված պաշարներով հանքարդյունաբերական կազմակերպության ապահովվածության ժամկետներից: Դիտարկվող 2-րդ խմբի ոսկու հանքավայրերի համար` միագումար պաշարներով կազմակերպության 10-ից 25 տարի և ավելի ապահովվածության դեպքում, B կարգի պաշարներ չեն պահանջվում (երբ Գա >=1.5), իսկ Գա=1-1.2-ի դեպքում (նորմատիվ շահույթի ապահովում) B կարգի պաշարների նորմատիվ քանակը կլինի 20-25%-ից (պաշարներով 25 տարով և ավելի ապահովվածության դեպքում) մինչև 40% (10 տարով ապահովվածության դեպքում):

գ. Դասակարգման դրույթների կիրառումն ապահովում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացում, հետախուզման տևողության կրճատում և ռիսկի ցածր աստիճան (B կարգի պաշարների քանակի էական կրճատում):

դ. Այն հանքավայրերում, որտեղ հանքաքարերի քանակը որոշվում է հանքաբերության գործակցի կիրառմամբ, B կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը բարձր է հանքավայրի համար այդ գործակցի միջին մեծությունից, հաստատվել են հանքաբերության փոփոխականության բնույթը հատակագծում և խորքում, պարզաբանվել են կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի տարածական դիրքի օրինաչափությունները, դրանց տիպական ձևերն ու բնորոշ չափերը` վերջիններիս ընտրովի արդյունահանման հնարավորության գնահատման համար անհրաժեշտ աստիճանով:

ե. Շահագործվող հանքավայրերում B կարգի պաշարներ հաշվարկվում են լրահետախուզման, շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով:

զ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +/-10-ից մինչև +/-25 տոկոս է:

(56-րդ կետը փոփ. 25.10.2022 թիվ 17-Ն հրաման)

57. C1 կարգի պաշարներին են վերագրվում հանքավայրերի այն տեղամասերի պաշարները, որոնց սահմաններում անցած լեռնային փորվածքների և հորատանցքերի միջև եղած հեռավորությունները համապատասխանում են այդ կարգի համար ընդունված հետախուզացանցին, իսկ ստացված տեղեկատվության հավաստիությունը հաստատվել է մանրամասն հետախուզման համար առանձնացված տեղամասերի արդյունքներով կամ մշակվող հանքավայրերի շահագործման տվյալներով:

1) Շտոկվերկային տիպի հանքավայրերում հանքամարմնի ներքին կառուցվածքի հիմնական առանձնահատկությունների ուսումնասիրվածությունը պետք է ապահովի կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի հանքայնացման բնույթի և դրանց տեղաբաշխման օրինաչափությունների պարզաբանումը:

2) C1 կարգի պաշարների եզրագծերը որոշվում են հետախուզական փորվածքներով, իսկ առավել կայուն և խոշոր հանքամարմինների համար` երկրաբանական տվյալներով հիմնավորված սահմանափակ արտարկմամբ:

3) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի համաձայն, հետախուզված և նախնական գնահատված պաշարներով կազմակերպության 25 տարով ու ավելի ապահովվածության և շահութաբերության ընդունելի մակարդակի (Գա=1) դեպքում, 3-րդ խմբի ոսկու հանքավայրում հետախուզման ենթակա C1 կարգի պաշարների պահանջվող (նորմատիվ) քանակությունը 30% է, իսկ 4-րդ խմբի հանքավայրերում` 25%: Նախկինում գործող դասակարգման համեմատությամբ էականորեն նվազում է այդ կարգի պաշարների քանակին ներկայացվող պահանջը (ի հաշիվ C2 կարգի պաշարների աճի` հավաստիության ընդունելի աստիճանի ապահովման պայմաններում), ինչը նպատակաուղղված է ոսկու հանքավայրերի հետախուզման գործընթացների արդյունավետության բարձրացմանը:

4) Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +/-25-ից մինչև +/-40 տոկոս է:

58. C2 կարգի պաշարները հաշվարկվում են կոնկրետ հանքամարմիններում, որոնց եզրագծերը որոշված են երկրաբանական ու երկրաֆիզիկական տվյալներով և հավաստված են կոնդիցիոն հանքաքարեր հատող հատուկենտ հորատանցքերով կամ լեռնային փորվածքներով, կամ ավելի բարձր կարգի հետախուզված պաշարների տարածման և անկման ուղղություններով արտարկման միջոցով` վերջինս հավաստող առանձին հանքային հետախուզահատումների, երկրաֆիզիկական աշխատանքների արդյունքների, երկրաբանական-կառուցվածքային տվյալների և հանքամարմինների հզորությունների ու ոսկու պարունակությունների փոփոխությունների օրինաչափությունների առկայության դեպքում:

1) Հանքարդյունաբերական կազմակերպության ընդունելի (նորմատիվ) շահութաբերության պայմաններում (Գա=1), C2 կարգի պաշարների պահանջվող նորմատիվ քանակությունը 3-րդ խմբի հանքավայրերում կկազմի 30%-ից (10 տարով ընդհանուր պաշարներով ապահովվածության դեպքում) մինչև 70% (25 և ավելի տարով պաշարներով ապահովվածության դեպքում), իսկ 4-րդ խմբի հանքավայրերում` համապատասխանաբար 60%-ից մինչև 75%:

2) Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +/-40-ից մինչև +/-60 տոկոս է:

59. Պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ դրանց հետախուզվածության աստիճանի, շահագործման և բացման եղանակների, հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների և տնտեսական նշանակության (հաշվեկշռային, արտահաշվեկշռային):

1) Արդյունաբերական տարբեր տիպերի և տեսակների հանքաքարերի եզրագծման անհնարինության դեպքում դրանց հարաբերակցությունը որոշվում է վիճակագրական եղանակով:

2) Հանքաքարի պաշարները հաշվարկվում են առանց հաշվի առնելու դրանց խոնավությունը (չոր հանքաքար)` նշելով թաց հանքաքարի բնական խոնավության մեծությունը: Խոնավատար ծակոտկեն հանքաքարերի դեպքում կատարվում է նաև թաց հանքաքարի պաշարների հաշվարկ:

3) Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, երբ կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների զուգընթաց կորզման, պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը:

4) Դասակարգման 30-րդ կետի 1-ին աղյուսակի համաձայն` կախված արժողության գործակցից և հաշվեկշռայինի վերածման սպասվող ժամանակից (t, տարի), արտահաշվեկշռային պաշարներն ըստ օգտագործման հեռանկարայնության ստորաբաժանվում են երեք ենթախմբի` առանձնակի հեռանկարային (t<15 տարի), հեռանակարային (t=15-30 տարի) և քիչ հեռանկարային (t=30-50 տարի):

60. Պաշարները հաշվարկելիս պետք է բացահայտվեն ոսկու և այլ օգտակար բաղադրամասերի արտակարգ բարձր (Գմրրկայինգ) պարունակությամբ նմուշները, պարզաբանվի դրանց ազդեցությունը հետախուզական հատումներում և հաշվարկային բլոկներում միջին պարունակության մեծության վրա և անհրաժեշտության դեպքում սահմանափակվի դրանց չհիմնավորված ազդեցությունը: Հանքամարմինների` բարձր պարունակությամբ և մեծ հզորությամբ մասերը պետք է առանձնացվեն ինքնուրույն հաշվարկային բլոկների և հետախուզվեն ավելի մանրամասն:

1) Միջին պարունակությունների վրա Գմրրկայինգ նմուշների ազդեցության նվազեցման համար առաջարկվում է հաշվարկային բլոկների մեջ ընդգրկել հանքամարմինների համեմատաբար համասեռ բաշխված պարունակությամբ և մոտ հզորությամբ մասերը:

2) Շահագործվող հանքավայրերում Գմրրկայինգ պարունակության մեծությունների մակարդակի և դրանց փոխարինման մեթոդների որոշման համար անհրաժեշտ է օգտագործել հետախուզման և շահագործման տվյալների համադրման արդյունքները (այդ թվում` հետախուզական ցանցի խտացմանը զուգընթաց` ըստ ոսկու պարունակության դասերի նմուշների բաշխման փոփոխությունների առանձնահատկությունները):

61. Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների ապահովիչ բնամասերում գտնվող հանքաքարերի պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:

i

62. Բնակավայրերի, կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների և ջրահոսքերի ապահովիչ բնամասերում և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում գտնվող հանքաքարերի պաշարները վերագրվում են հաշվեկշռայինի կամ արտահաշվեկշռայինի` հաստատված կոնդիցիաների պարամետրերի հիման վրա, որոնց տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ հաշվի են առնվել կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները:

(62-րդ կետը փոփ. 25.10.2022 թիվ 17-Ն հրաման)

63. Շահագործվող հանքավայրերում նախկինում հաստատված պաշարների լիարժեք մշակման վերահսկողության և նոր հաշվարկված պաշարների արժանահավատության հիմնավորման համար անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների քանակի ու որակի, հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, հզորության, ներքին կառուցվածքի, օգտակար բաղադրամասերի պարունակության:

1) Համադրման նյութերում պետք է բերվեն.

ա. պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից նախկինում հաստատված և մարված (այդ թվում` արդյունահանված և բնամասերում թողնված) ու իբրև չհավաստված դուրս գրված պաշարների եզրագծերը,

բ. պաշարների հավելաճի մակերեսների եզրագծերը, ինչպես նաև տեղեկություններ Պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների (այդ թվում` նախկինում հաստատված պաշարների մնացորդի) մասին,

գ. պաշարների շարժը լուսաբանող աղյուսակներ (ըստ պաշարների կարգերի, հանքամարմինների և ամբողջ հանքավայրի),

դ. մարված պաշարների եզրագծում հանքաքարի և մետաղի հաշվեկշիռը` լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված պաշարների փոփոխությունը, հանքաքարերի արդյունահանման, տեղափոխման ու վերամշակման գործընթացներում դրանց կորուստները, ինչպես նաև վերամշակման ժամանակ ապրանքային արտադրանքի ելքը արտացոլող տվյալները: Համադրման արդյունքները լուսաբանվում են հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանների վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գծագրական նյութերով:

ե. Եթե հետախուզման արդյունքներն ամբողջությամբ հավաստվում են շահագործման տվյալներով կամ եղած աննշան տարբերությունները չեն ազդում հանքարդյունահանող կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա, ապա հետախուզման և շահագործման տվյալների համադրման համար կարող են օգտագործվել երկրաբանական-մարկշեյդերական հաշվառման արդյունքները:

զ. Այն հանքավայրերում, որտեղ ընդերքօգտագործողի կարծիքով պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից հաստատված պաշարները կամ հանքաքարերի որակը չեն հավաստվում շահագործման ժամանակ, կամ անհրաժեշտ է ուղղիչ գործակիցներ մտցնել նախկինում հաստատված պարամետրերում կամ պաշարներում, պարտադիր է համարվում իրականացնել պաշարների հատուկ հաշվարկ` լրահետախուզման և շահագործական հետախուզման տվյալներով և տալ այդ աշխատանքների կատարման ժամանակ ստացված արդյունքների արժանահավատության գնահատականը:

է. Համադրման արդյունքների վերլուծության ընթացքում անհրաժեշտ է որոշել պաշարների շահագործման և լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված հաշվարկային պարամետրերի (հանքամարմինների հզորություններ, հանքաբերության գործակիցներ, օգտակար բաղադրիչների պարունակություններ, հաշվարկային մակերեսներ, ծավալային զանգվածներ և այլն), պաշարների քանակի և հանքաքարերի որակի փոփոխությունների մեծությունները, ինչպես նաև պարզել այդ փոփոխությունների պատճառները:

64. Վերջին տարիներին, համակարգչային տեխնիկայի զարգացման շնորհիվ, արտասահմանյան պրակտիկայում ոսկու հանքավայրերի պաշարների հաշվարկի ժամանակ լայն կիրառություն է ստացել երկրավիճակագրական մոդելավորման մեթոդը, որը հնարավորություն է տալիս օգտագործել կրայգինգի ընթացակարգը` ուսումնասիրվող հայտանիշների (օգտակար բաղադրամասի պարունակություններ, հանքային հատումների հզորություններ, գծային պարունակություններ և այլն) տարածական տեղաբաշխման օրինաչափությունների հետազոտման և դրանց գնահատման համար` հնարավոր սխալների ամպլիտուդի որոշմամբ:

1) Կրայգինգի կիրառման արդյունավետությունը նշանակալիորեն պայմանավորված է ելակետային հետախուզական տեղեկատվության քանակով ու որակով, հետախուզվող հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին համապատասխանող` առաջնային տվյալների և մոդելավորման վերլուծության մեթոդաբանությամբ (հաշվարկային պարամետրերի տեղաբաշխման օրենքներ, տրենդի և անիզոտրոպիայի բնույթ, կառուցվածքային սահմանների ազդեցություն, փորձարարական վարիոգրամների կառուցվածք ու որակ և այլն): Կրայգինգի ընթացակարգի օգտագործման ժամանակ հետախուզական հատումների քանակն ու խտությունը պետք է բավարար լինի օպտիմալ միջարկման բանաձևերի հիմնավորման համար (երկչափ մոդելավորման համար` մի քանի տասնյակ հետախուզահատումներից ոչ պակաս, եռաչափի համար` մի քանի հարյուր նմուշից ոչ պակաս): Տարածական փոփոխականների հատկությունների ուսումնասիրությունն առաջարկվում է կատարել մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում:

2) Համարվում է, որ պաշարների հաշվարկի երկրավիճակագրական եղանակը հնարավորություն է տալիս առավելագույն ճշտությամբ որոշել ոսկու միջին պարունակությունները շահագործական բլոկներում, հանքամարմիններում և ամբողջ հանքավայրում` առանց արտակարգ բարձր պարունակությամբ նմուշների ազդեցության իջեցման համար հատուկ եղանակներ կիրառելու: Այն հնարավորություն է տալիս նաև նվազեցնել շատ բարդ ձևաբանություն և ներքին կառուցվածք ունեցող հանքամարմինների եզրագծման ժամանակ թույլ տրվող սխալները և օպտիմալացնել հանքավայրի մշակման տեխնոլոգիան: Միաժամանակ, պաշարների հաշվարկի երկրավիճակագրական մեթոդների կիրառումը պետք է խիստ վերահսկելի լինի և ենթարկվի հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով թելադրվող պայմաններին: Բոլոր դեպքերում երկրավիճակագրական մոդելավորման և գնահատման արդյունքները պետք է ստուգվեն (համեմատվեն) պաշարների հաշվարկի ավանդական մեթոդների արդյունքներով:

3) Համակարգիչների օգնությամբ ավանդական մեթոդներով պաշարների հաշվարկի ժամանակ առաջարկվում է օգտագործել ծրագրային համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս դիտարկել, ստուգել և ճշտել ելակետային տվյալները (հետախուզական փորվածքների կոորդինատները, թեքումաչափության կամ հորատանցքերի ուղղության շեղման տվյալները, քարաբանական-շերտագրական սահմանների նիշերը, նմուշարկման արդյունքները, նմուշարկման հատակագծերը, կոնդիցիաների պարամետրերը և այլն), միջանկյալ հաշվարկների արդյունքները (կոնդիցիաների պահանջներին համապատասխան առանձնացված հանքային հետախուզահատումների անվանացուցակը (կատալոգը), երկրաբանական կտրվածքները կամ հատակագծերը` արդյունաբերական հանքայնացման սահմաններով, հանքամարմինների պրոյեկցիաները հորիզոնական կամ ուղղաձիգ հարթությունների վրա, հաշվարկային պարամետրերի անվանացուցակն ըստ հաշվարկային բլոկների, հանքաստիճանների ու կտրվածքների) և պաշարների հաշվարկի ամփոփ արդյունքները: Ելքային փաստաթղթերը և մեքենայական գծագրերը ըստ կազմի, կառուցվածքի ու ձևի պետք է համապատասխանեն այդ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին:

i

64.1. Հիմնական բաղադրիչների պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:

(64.1-ին կետը լրաց. 25.10.2022 թիվ 17-Ն հրաման)

 

7. Արդյունաբերական յուրացման համար հետախուզված (վերագնահատված)

հանքավայրերի նախապատրաստվածությանը ներկայացվող պահանջներ

 

65. Արդյունաբերական յուրացման համար ոսկու հետախուզված (վերագնահատված) հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:

66. 2-րդ, 3-րդ և 4-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների նորմատիվ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համաձայն, ըստ որում, 2-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)` B կարգով, իսկ 3-րդ և 4-րդ խմբերի հանքավայրերում (տեղամասերում)` C1 կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (կամ ապագա բյուջետային մուտքերի) հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:

1) 2-րդ խմբի նոր հետախուզված և (կամ) շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կարող են հաստատվել (վերահաստատվել) նաև C2 կարգի պաշարներ, որոնց լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը:

2) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում ոսկու 2-4-րդ խմբերի նոր հետախուզված և (կամ) շահագործվող հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը` պաշարների հաշվարկի նյութերի փորձաքննության հիման վրա, սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը` պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ, հաշվի առնելով Դասակարգման 44-րդ կետի 4-10-րդ ենթակետերում շարադրված պահանջները:

i

67. Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում:

(67-րդ կետը լրաց. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)

 

Հավելված N 2

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի օգոստոսի 11-ի

N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԵՍԱՊԱՏՄԱՆ ՔԱՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Ընդհանուր տեղեկություններ

 

1. Շինարարական և երեսապատման քարեր ստանալու համար օգտագործվում են հրաժայթքային (հրային) կամ մագմայական (ներժայթքային և արտավիժումային), կերպափոխային (մետամորֆային) և նստվածքային լեռնային ապարներ: Որպես շինարարական և երեսապատման քարեր կիրառման համար լեռնային ապարների պիտանիությունը որոշվում է դրանց ֆիզիկամեխանիկական հատկություններով: Քարերի արդյունաբերական օգտագործման առանձին ուղղությունների համար էական նշանակություն ունեն ապարների միներալային ու քիմիական կազմը, ինչպես նաև ներկառուցվածքը (ստրուկտուրա) և մակատեքստը (տեքստուրա):

2. Բնական քարային շինանյութեր թողարկվող հանքարդյունահանող կազմակերպությունների արտադրանքը ստորաբաժանվում է հատքարի և ճեղքած քարի:

1) Հատքարերը բնական քարից պոկմամբ, տաշմամբ և սղոցմամբ ստացվող կանոնավոր ձևի քարարտադրատեսակներ են (երեսապատման քար, պատքար կամ որմնաքար, եզրաքար, երեսապատման քարասալ, էլեկտրավահանակ, չորսվակասալ, կոճղիկ, սալարկաքար, սալաքար և խամբար), ինչպես նաև ձևավոր ու արդյունաբերական կիրառման քարային իրեր են (կլորաձև քար, հեսանաքար, հղկաքար, ողորկաքար, վիմագրաքար, աղացաքար, ջրաղացաքար և այլն):

2) Ճեղքած քարերը ապարների անկանոն տեսքի կտորներ են, որոնք ստացվում են ապարազանգվածի պայթեցման կամ ջարդման արդյունքում, ինչպես նաև քարաբլոկների արդյունահանման և վերջիններիս ու երեսապատման քարասալերի մշակման թափոններ են:

3) Ճեղքված քարերին են վերագրվում ցանկացած տեսքի խամքարը և խիճը:

4) Շինարարական քարանյութերի նկատմամբ արդյունաբերական պահանջները սահմանվում են` կախված դրանց կիրառման ոլորտից և կանոնակարգվում են ստանդարտներով և տեխնիկական պայմաններով:

3. Երեսապատման քարերն օգտագործվում են բլոկների տեսքով` կոթողների, քանդակների և ճարտարապետաշինարարական մանրամասների (սյուներ, հարթաքանդակներ, զարդաքանդակներ) պատրաստման համար կամ մակերևույթի տարբեր մակատեսքերով քարասալերի տեսքով` շենքերի ու կառույցների պատերի արտաքին ու ներքին երեսապատման, հատակների սալարկման համար և որպես էլեկտրավահանակներ:

1) Երեսապատման քարեր ստանալու համար օգտագործվում են այնպիսի լեռնային ապարներ, որոնք ունեն գեղազարդային հատկություններ:

2) Պինդ, ամուր և ցրտադիմացկուն ապարներից (գրանիտ, սիենիտ, դիորիտ, լաբրադորիտ, գաբրո, բազալտ, քվարցիտ և այլն) ստանում են այնպիսի քարանյութեր, որոնք կիրառելի են շենքերի արտաքին երեսապատման, աստիճանների, հարթակների ու քիվապատերի կառուցման և մարդկանց ինտենսիվ շարժահոսքերով շինություններում հատակների սալարկման համար: Միջին ամրության և փափուկ, ոչ ցրտադիմացկուն ապարներից (մարմար, մարմարանման կրաքար, կրաքար, տրավերտին, դոլոմիտ, գիպս և այլն) հիմնականում պատրաստում են շենքերի ներքին երեսապատման, ներքին աստիճանների և հարթակների կառուցապատման և մարդկանց թույլ շարժահոսքերով շինություններում հատակների սալարկման համար օգտագործվող քարանյութեր:

3) Երեսապատման քարերի համար պարտադիր պահանջ է անհրաժեշտ չափերով, ձևով և մակերևույթի բնույթով քարաբլոկների ստացման հնարավորությունը, որոնցից կարելի է պատրաստել ստանդարտ քարասալեր:

4) Երեսապատման քարաբլոկները, որոնք ստացվում են վերը նշված ապարներից, պետք է համապատասխանեն 9479-2014 ԳՕՍՏ-ի, իսկ այդ քարաբլոկներից սղոցմամբ պատրաստվող երեսապատման քարասալերը` 9480-89 ԳՕՍՏ-ի պահանջներին:

5) Համաձայն 9479-2014 ԳՕՍՏ-ի պահանջների, որպես երեսապատման նյութ քարի գնահատման ժամանակ սահմանվում են` սեղմման դեպքում ամրության սահմանը, ցրտադիմացկունությունը և փափկացման գործակիցը: Կախված կիրառման բնագավառից` լրացուցիչ որոշվում է քերամաշելիությունը: Որակի ցուցանիշների որոշումը կատարվում է ստանդարտներով նախատեսված մեթոդներով:

6) Սեղմման նկատմամբ ամրության որոշման դեպքում ապարն ուսումնասիրվում է երեք վիճակով չոր, ջրհագեցած և սառեցումից հետո:

7) Քերամաշելիությունը որոշվում է այն դեպքում, երբ քարը նախատեսվում է օգտագործել հատակների և աստիճանների սալարկման համար: Քերամաշելիության ցուցանիշները (տարբեր ապարների համար), երեսապատման քարի բլոկների չափերը, ծավալը, դրանց ձևը և մակերևույթի բնույթը` կախված լեռնային ապարի տեսակից, կանոնակարգվում են 9479-2014 ԳՕՍՏ-ի պահանջներով:

8) Ներքին երեսապատման համար նախատեսվող լեռնային ապարների նկատմամբ ցրտադիմացկունության որոշման պահանջ չի ներկայացվում:

9) Մարմարների հանքավայրերի հետախուզման դեպքում, որպես երեսապատման նյութ դրանց պիտանիության գնահատման հետ մեկտեղ, որոշվում է նաև զոդման նյութերի արտադրության համար մարմարի օգտագործման հնարավորությունը: Զոդման նյութերի արտադրության համար մարմարի նկատմամբ պահանջները կանոնակարգվում են 4416-94 ԳՕՍՏ-ով:

10) Գեղազարդային հատկություններով օժտված քարերի հանքավայրերի համար առաջին հերթին գնահատվում է երեսապատման համար այդ քարերի օգտագործման պիտանիությունը, հաշվի առնելով դրանց սահմանափակ տարածումը և երեսապատման քարերի հանքավայրերի յուրացման տնտեսական բարձր արդյունավետությունը:

11) Պատքարը ստորաբաժանվում է սղոցաքարի և կոպտակոտրած (կոպտահատ, կոպտատաշ) հատքարի: Լեռնային ապարների (կրաքարեր, տուֆեր, տրավերտիններ, ավազաքարեր և այլն) զանգվածից կամ քարաբլոկ նախապատրաստվածքներից սղոցմամբ ստացվող սղոցաքարը (սղոցած քար) նախատեսվում է շենքերի և կառույցների արտաքին ու ներքին պատերի և այլ մասերի շարվածքի համար:

12) Սղոցած պատքարի պատրաստման համար օգտագործվող լեռնային ապարների որակի նկատմամբ պահանջները սահմանված են 4001-2013 ԳՕՍՏ-ով: Այդ ստանդարտով սահմանվում են ծավալային զանգվածը, ջրակլանումը, փափկացման գործակիցը, ցրտադիմացկունությունը, սեղմման դեպքում ամրությունը, միակտոր (մեկ) քարի զանգվածը, արտաքին տեսքի ցուցանիշներն ու չափերը: Պատքարերը չպետք է ունենան կավի ու մերգելի նրբաշերտեր, ինչպես նաև տեսանելի ճեղքեր ու շերտատում:

13) Կոպտահատ (կոպտատաշ) քարի որակի նկատմամբ միասնական պահանջներ չկան: Մշակվող առանձին հանքավայրերի համար սահմանված են տեղական ստանդարտներ և ճյուղային տեխնիկական պայմաններ:

14) Չորսվակասալերը և կոճղիկները պատրաստվում են հիմնականում հողմահարման չենթարկված մագմայական (հրաժայթքային), հազվադեպ նաև` կերպափոխված և նստվածքային ապարներից: Պիրիտի և լիմոնիտի խառնուրդներ պարունակող ապարները պիտանի չեն այս շինաքարերի պատրաստման համար:

15) Կոճղիկների պատրաստման համար օգտագործվող ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները պետք է համապատասխանեն 9480-89 ԳՕՍՏ-ին:

16) Եզրաքարը պատրաստվում է հողմահարման չենթարկված մագմայական և խիտ (հոծ) նստվածքային ապարներից: Եզրաքարերի պատրաստման համար կիրառվող լեռնային ապարների գնահատումը կատարվում է 6666-81 ԳՕՍՏ-ին համապատասխան, որով սահմանվում են սեղմման նկատմամբ ամրության և ցրտադիմացկունության ցուցանիշները, ինչպես նաև քարի չափերը: Եզրաքարերի ստացման համար օգտագործվող ապարները չպետք է պարունակեն պիրիտի հատիկներ:

17) Խամքարը պատրաստվում է հողմահարման չենթարկած խիտ (հոծ) լեռնային ապարներից, որոնց ծավալային զանգվածը 1800 կգ/մ3-ից ոչ պակաս է և նախատեսվում է օգտագործել պատերի հիմքերի շարվածքի, շենքերի շուրջը սալվածքի կառուցման, հողային թեքությունների ամրացման, ճանապարհաշինության համար և որպես լցանյութ` քարային բետոնում:

18) Արդյունաբերական քարե իրերը (լիսեռ, աղացաքար և այլն) պատրաստվում են հիմնականում մագմայական ապարներից (սովորաբար գրանիտից): Դրանց գնահատումը (ֆիզիկամեխանիկական հատկությունները, ձևը և չափերը) կատարվում է իրը պատրաստողի տեխնիկական պայմաններով:

19) Շինարարական աշխատանքների համար խիճը պատրաստվում է մագմայական, կերպափոխային և նստվածքային ապարներից` դրանց ջարդման (մանրացման) ճանապարհով և նախատեսվում է շինարարական աշխատանքների բոլոր տեսակների (խիճ` տարբեր բետոնների, երկաթուղու վերնալիր (բալաստային) շերտի, ավտոճանապարհների շինարարության և այլն) համար:

20) Խճի ֆիզիկամեխանիկական հատկությունները և ապարագրական (պետրոգրաֆիական) կազմը պետք է բավարարեն 8267-95 ՀՍՏ ԳՕՍՏ-ի պահանջները, համաձայն որոնց ըստ խոշորության խիճը ստորաբաժանվում է հետևյալ չափամասերի (ֆրակցիաների) 5(3)-ից մինչև 10 մմ, 10-ից մինչև 20 մմ, 20-ից մինչև 40 մմ և 40 մմ-ից մինչև 70 մմ: Արտադրող և սպառող կազմակերպությունների համաձայնությամբ խիճը կարող է առաքվել այդ չափամասերի խառնուրդի տեսքով և 70 մմ-ից ավելի չափամասով: Խճի որակական հատկությունների գնահատման համար 8267-95 ՀՍՏ ԳՕՍՏ-ի պահանջները ներառում են հետևյալ ցուցանիշները ամրություն, ցրտադիմացկունություն, փոշենման, կավային, տիղմային մասնիկների, աղբոտող (աղտոտող) խառնուրդների, թիթեղաձև, ասեղնաձև և թույլ ապարների հատիկների պարունակություններ:

21) Բացի 8267-95 ՀՍՏ ԳՕՍՏ-ով նախատեսվող ընդհանուր պահանջներից, կոնկրետ կիրառման համար խճի որակի գնահատման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել համապատասխան ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով:

22) Արհեստական երեսապատման սալերի արտադրության համար լայնորեն կիրառվում է գեղեցիկ գունավորմամբ ապարներից ստացվող գեղազարդային խիճը: Դրա նկատմամբ պահանջները տրվում են 22856-89 ԳՕՍՏ-ով:

23) Երկաթուղու վերնալիր շերտում օգտագործվելիս` խճին ներկայացվող տեխնիկական պահանջները որոշվում են ըստ 7392-85 ԳՕՍՏ-ի: Խճի` իբրև թեթև բետոնների ծակոտկեն ոչ օրգանական լցանյութ օգտագործման դեպքում դրա որակին ներկայացվում են պահանջներ` նախատեսված 9757-83 և 22263-76 ԳՕՍՏ-երով, իսկ որպես գեղազարդային բետոնների լցանյութ օգտագործելիս` ԳՕՍՏ 22856-89 պահանջները:

24) Շինարարական աշխատանքների համար խճի արտադրության նպատակով մակաբացման ապարների և հարստացման թափոնների օգտագործման հնարավորության գնահատման դեպքում պետք է ղեկավարվել 8267-95 ՀՍՏ ԳՕՍՏ-ի պահանջներով:

25) Մարմարի փշրանքի (մանրուքի) կիրառման կարևոր ոլորտ է համարվում էլեկտրաարդյունաբերությունը, ուր այն օգտագործվում է լույսի աղբյուրների կոթառների և էլեկտրոնային սարքերի լամպակոթային մածիկի լցանյութ պատրաստելու համար: Էլեկտրատեխնիկական մարմարի փշրանքը (մանրուքը) ըստ քիմիական և հատիկային կազմի պետք է համապատասխանի 16426-81 ԳՕՍՏ-ի պահանջներին:

26) Բնական շինարարական և երեսապատման քարերի ու դրանցից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների անվանացանկը բերվում է սույն հրահանգի Աղյուսակ 2-ում:

4. Քարի արդյունահանման և վերամշակման կիրառվող եղանակները պետք է ապահովեն.

1) պահանջվող որակի ու տեսականու ապրանքային քարի արտադրությունը,

2) լեռնային զանգվածից քարի հնարավոր առավելագույն ելքը,

3) արդյունահանման ժամանակ քարի բնական հատկությունների (բլոկայնություն, գեղազարդություն) պահպանվածությունը,

4) հումքի հնարավոր համալիր օգտագործումը:

5. Քարի հանքավայրի մշակման ռացիոնալ համակարգի ընտրությունը կատարվում է մշակման համակարգերի և հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմաների տարբերակների տեխնիկատնտեսական վերլուծության արդյունքներով: Անթույլատրելի է հատքարի փշրվող պայթուցիկ նյութերի օգտագործումը: Հանքավայրի ապարների անհամասեռ կազմի դեպքում առանձնացվում են տարբեր կազմի ապարներով ներկայացված տեղամասեր` դրանց առանձին մշակման համար:

6. Խճի ստացման համար լեռնային ապարների (հատկապես կարբոնատային) վերամշակման դեպքում հաճախ կատարում են խճի լվացում, փոշեզերծում և չորացում: Մեծ ամրության խճի ստացման համար կիրառում են հարստացման տարբեր եղանակներ:

7. Հանքաբեր շրջաններում գտնվող հանքավայրերում շինարարական և երեսապատման քարի ստացման համար պիտանի որոշ ապարներ երբեմն պարունակում են ազնիվ (ոսկի, պլատին) և հազվագյուտ մետաղների արդյունաբերական հետաքրքրություն ներակայացնող քանակ, ինչը կարող է պայմանավորել այդ ապարների օգտագործման նպատակահարմարությունը` նշված մետաղների կորզման համար:

 

2. ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

8. Ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերը համապատասխանում են «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (Երևան, 2012 թ. այսուհետ` Դասակարգում) 1-ին և 2-րդ խմբերին:

1) 1-ին խմբում ներառվող երեք ենթախմբերին (1ա, 1բ, 1գ) են վերագրվում.

2) 1ա) համասեռ կազմով, կայուն ֆիզիկամեխանիկական հատկություններով և չխախտված կամ թույլ խախտված տեղադիրքով ներժայթքային (խորքային) մագմայական ապարների զանգվածաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Սյունիքի մարզի մեղրու և Կոտայքի մարզի Աղավնաձորի գրանիտների, Լոռու մարզի Փամբակի մոնցոնիտների և ԼԵրմոնտովայի գաբրոների և այլ հանքավայրեր),

3) 1բ) հորիզոնական կամ սակավաթեք տեղադրմամբ, տեկտոնական գործընթացներով չխախտված կամ թույլ խախատված շերտաձև մարմիններով ներկայացված հանքավայրերը: Դրանք ներկայացված են մակերեսային լայն տարածում ունեցող նստվածքային, արտավիժումային և կերպափոխային ապարներով: Այս ենթախմբի մեջ են մտնում` կրաքարերի, տրավերտինների (Արարատի մարզի Արտավազդի ու Արարատի Գորավան տեղամասի) ավազաքարերի, տուֆաավազաքարերի (Լոռու մարզի Լալվարի), կոնգլոմերատների ու կոնգլոբրեկչիաների (Արարատի մարզի Արտավազդի ու Տավուշի մարզի Աչաջրի), մարմարների (Կոտայքի մարզի Արզականի ու Մայմեխի), մարմարացված կարքարերի (Սյունիքի մարզի Դավիթ-Բեկի ու Գեղանուշի), ինչպես նաև հրաբխային տուֆերի (Շիրակի մարզի Արթիկի, Արագածոտնի մարզի Կարմրաշեն-Մաստարայի ու Բյուրականի), բազալտների ու անդեզիտաբազալտների (Կոտայքի մարզի Արամուսի ու Գեղարդի, Սյունիքի մարզի Շաքիի, Լոռու մարզի Հարթավանի) հանքավայրերը:

4) 1գ) թույլ արտահայտված խզվածքային տեկտոնիկայով, օգտակար հանածոյի մարմինների` կառուցվածքով ու հաստությամբ և հումքի որակով կայուն, միաթեք տեղադրված, զառիթափ կամ ծալքավորված շերտերով ու շերտաձև մարմիններով ներկայացված հանքավայրերը:

5) Այս խմբի հանքավայրերի համար առավել փոփոխուն հաշվարկային երկրաբանական պարամետրերի (հումքի որակ, հանքակուտակի հաստություն) փոփոխականության գործակիցը մինչև 40 տոկոս է:

6) 2-րդ խմբին են վերագրվում ինտենսիվ խզվածքային տեկտոնիկայով (կամ կարստառաջացման գործընթացներով), հումքի ոչ կայուն որակական ցուցանիշներով ոսպնյակաձև և շերտաձև հանքակուտակներով, շտոկներով, դայկաներով և հանքերակներով ներակայցված հանքավայրերը: Այս խմբին վերագրվող հանքավայրերից են` Սուրենավանի, Սովետաշենի հանքավայրերը:

7) Առավել փոփոխուն հաշվարկային երկրաբանական պարամետրի փոփոխականության գործակիցը 40-100 տոկոս է:

9. Դասակարգման 3-րդ խմբին պատկանող շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերը Հայաստանի պայմաններում գործնական նշանակություն չունեն:

10. Դասակարգման այս կամ այն խմբին (ենթախմբին) հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է` ելնելով դրա պաշարների գերակշիռ մասը (70%-ից ոչ պակաս) ներառող օգտակար հանածոյի հիմնական մարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից:

 

3. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրությունը, որոնց արդյունքներով տրվում է ուսումնասիրվող հանքավայրի երկրաբանատնտեսական գնահատումը:

1) Շինարարական և երեսապատման քարերի առկա և նոր հայտնաբերված հանքերևակումներում, միափուլ երկրաբանական ուսումնասիրությունների շրջանակներում, անհրաժեշտ է համատեղել և նպատակադրված հաջորդականությամբ իրականացնել որոնողագնահատման ու մանրազնին հետախուզման աշխատանքներ, այն հաշվով, որպեսզի որոնողագնահատման ենթափուլի աշխատանքների արդյունքներով բավարար հուսալիությամբ հավաստվեն այդ միներալային օբյեկտների արդյունաբերական յուրացման տնտեսական նպատակահարմարությունն ապահովող` հումքի առավել կարևոր որակական ցուցանիշները, մասնավորապես, օգտակար հանածոյի զանգվածից հատքարերի և վերջիններից երեսապատման քարասալերի ելքերի մեծությունները:

2) Հանքավայրերի առավել արդյունավետ ուսումնասիրության համար անհրաժեշտ է հստակ կատարել Դասակարգմամբ և սույն հրահանգով երկրաբանահետախուզական աշխատանքների լրիվությանն ու որակին ներկայացվող պահանջները, իրականացնել հետախուզման մեթոդների և տեխնիկական միջոցների ռացիոնալ համալրումը (կոմպլեքսավորումը):

3) Հանքաբեր շրջաններում տեղաբաշխված շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի ապարներում պետք է որոշվի ազնիվ և հազվագյուտ մետաղների առկայությունը: Վերջիններիս (հատկապես ոսկու և պլատինի) արդյունաբերական նշանակության պարունակությունների դեպքում, այդ ապարները պետք է դիտարկվեն իբրև նշված մետաղների հանքաքարեր:

4) Հանքավայրի ուսումնասիրվածությունը պետք է ապահովի դրա համալիր յուրացման հնարավորությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության հարցերի լուծումը:

i

12. Շինարարական և երեսապատման քարերի մանրազնին հետախուզված հանքավայրերի տեղագրական քարտեզները կազմում են 1:500-1:10000 մասշտաբներով` հանքավայրերի չափերին, երկրաբանական առանձնահատկություններին և մակերևույթների ռելիեֆին համապատասխան (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով, և պարտադիր պետք է ունենան աշխարհագրական կոորդինատների ցանց: Տեղագրական հիմքի վրա գործիքային տեղակապմամբ գծանշվում են բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հորատանցքեր, հետախուզաառուներ, հետախուզահորեր, հետախուզախրամներ, մաքրվածքներ, բացհանքեր և այլն), ինչպես նաև բնական մերկացումները: Հորատանցքերի և մակերևութային մյուս փորվածքների փաստագրման գծապատկերները կազմվում են 1:100-1:200 մասշտաբներով:

(12-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)

13. Հանքավայրի հարակից տարածքների (շրջանի) համար անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական կոորդինատների ցանցով 1:10000-1:25000 մասշտաբի երկրաբանական քարտեզ (համապատասխան կտրվածքներով), որի վրա պետք է ցույց տրվեն առկա հանքավայրերը` հաստատված և (կամ) հաշվարկված պաշարների եզրագծերով, հանքերևակումները, ինչպես նաև նոր հանքավայրերի հայտնաբերման համար հեռանկարային մակերեսները:

1) Հանքավայրի շրջանում անցկացված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում և դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաներ) մեկնաբանությունների հատակագծերում:

14. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրամասն ուսումնասիրվի և արտացոլվի 1:500-1:10000 մասշտաբի երկրաբանական քարտեզի, դրա կտրվածքների, ինչպես նաև հորիզոնական հատակագծերի և պրոյեկցիաների վրա:

1) Հանքավայրի երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրությունների նյութերը` պաշարների հաշվարկման հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան օգտակար հանածոյի մարմինների ձևի, տեղադրման պայմանների, չափերի, ներքին կառուցվածքի, սեպացման բնույթի, կարստացման, ճեղքավորվածության, տեկտոնական խախտվածության մասին, պարփակող ապարների քարաբանական (լիթոլոգիական) ապարագրական տարատեսակների և խզման խախտումների հետ դրանց փոխհարաբերությունների վերաբերյալ:

15. Հանքավայրի մերձմակերևութային մասերը պետք է ուսումնասիրվեն այնպիսի մանրամասնությամբ, որպեսզի հնարավորություն տան որոշելու ծածկութային նստվածքների հաստությունը և կազմը, դեպի մակերևույթ օգտակար հանածոյի մարմինների ելքերի դիրքը, չհողմահարված ապարների վերին սահմանը, տեկտոնական խախտումների դիրքը և բնույթը, ինչպես նաև եզրագծելու խոշոր կարստային խոռոչները: Այդ նպատակով, բնական մերկացումների ուսումնասիրության հետ մեկտեղ, օգտագործվում են հետախուզաառուները, մաքրվածքները, հետախուզահորերը և կարճամետրաժ հորատանցքերը:

i

16. Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի հետախուզումը խորքում կատարվում է սյունակային հորատման հորատանցքերով:

1) Լեռնահետախուզական փորվածքները անցկացվում են հանքավայրի մերձմակերևութային մասերի ուսումնասիրման, ապրանքային քարի ելքի որոշման, տեխնոլոգիական նմուշների վերցման և հորատման տվյալների վերստուգման համար:

2) Հորատանցքերը հորատվում են օգտակար հանքակուտակի (հաստվածքի) ամբողջ հաստությամբ կամ մինչև նախապես սահմանված հանքավայրի մշակման հորիզոնը: Վերջին դեպքում պետք է անցկացվեն հատուկենտ կառուցվածքային հորատանցքեր` օգտակար հանածոյի մարմինների տարածվածությունը (առկայությունը), ինչպես նաև դրանց բաց եղանակով մշակման հնարավոր խորությունը հաստատելու նպատակով:

3) Օգտակար հաստվածքի թեք կամ զառիթափ անկման և մեծ հաստության դեպքում հորատանցքերի խորությունը, թեքության անկյունները և միմյանցից ունեցած հեռավորությունները պետք է ապահովեն հետախուզագծերով համատարած (անընդհատ) վերածածկած կտրվածքների ստացումը:

4) Զառիթափ անկմամբ մարմինների հետախուզման դեպքում, դրանց հետախուզահատույթները հնարավորինս մեծ անկյուններով ստանալու համար, պետք է կիրառել թեք հորատանցքեր:

(16-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)

17. Հետախուզափորվածքների դասավորությունը և դրանց միջև հեռավորությունները պետք է որոշվեն հանքավայրի երկրաբանական առանձնահատկությունների, օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, չափերի և տեղաբաշխման բնույթի, դրանց հարստության, նյութական կազմի ու որակի կայունության հաշվառմամբ:

1) Աղյուսակում շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ կիրառված հետախուզափորվածքների ցանցերի խտության մասին բերված ընդհանրացված տվյալները կարող են օգտագործվել այդ հանքավայրերի հետախուզման և գնահատման դեպքում:

2) Սակայն յուրաքանչյուր հանքավայրի հետախուզափորվածքների ռացիոնալ ցանցը հիմնավորվում է բոլոր առկա երկրաբանահետախուզական նյութերի և այդ ու նմանակ հանքավայրերի մշակման տվյալների (օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմաններ, ձևաբանություն, չափեր, ներքին կառուցվածք, հումքի որակի փոփոխականության ենթադրվող աստիճանի) մանրամասն վերլուծության արդյունքներով:

i

18. Մանրազնին հետախուզման արդյունքներով տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ նախանշված` հանքավայրի առաջնահերթ մշակման ենթակա տեղամասերը և հորիզոնները պետք է հետախուզված լինեն տվյալ խմբի համար առավել բարձր կարգերով:

1) Այն դեպքում, երբ առաջնահերթ մշակման տեղամասերը երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով, օգտակար հանածոյի որակով և լեռնաերկրաբանական պայմաններով բնութագրական չեն ամբողջ հանքավայրի համար, պետք է մանրազնին ուսումնասիրվեն նաև հանքավայրին հատկանշական տեղամասերը: Մանրամասն ուսումնասիրված տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման ժամանակ ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի մշակման պայմանների հավաստիության գնահատման համար:

2) Տարբեր կարգերի պաշարների ռացիոնալ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով:

(18-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)

19. Հորատման կիրառվող տեխնոլոգիան պետք է ապահովի հորատահանուկի 80 տոկոսից ոչ պակաս գծային ելք (երեսապատման և պատքարի հետախուզման դեպքում` ըստ յուրաքանչյուր հորատաերթի (ռեյս), շինաքարի հետախուզման դեպքում` ըստ յուրաքանչյուր տարատեսակի հատույթի): Հորատահանուկի չխախտված սյունիկների, որոնցից ֆիզիկամեխանիկական փորձարկումների համար պատրաստում են ապարանմուշներ, գումարային երկարությունը պետք է կազմի շինաքարի յուրաքանչյուր տարատեսակի ընդհանուր հաստության ոչ պակաս քան 25 տոկոսը, իսկ երեսապատման և պատքարերի համար` ոչ պակաս քան 50 տոկոսը:

1) Գիպսի և կարբոնատային ապարների հետախուզման ժամանակ պետք է ուսումնասիրել կարստառաջացման գործընթացների ազդեցությունը հորատահանուկի ելքի վրա:

2) Աղյուսակ 1-ով սահմանված` Հայաստանի Հանրապետության շինարարական և երեսաապատման քարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզափորվածքների ցանցերի խտության նկատմամբ ներկայացվող պահանջները կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:

 

Աղյուսակ 1

 

Հայաստանի Հանրապետության շինարարական և երեսաապատման քարերի

հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզափորվածքների ցանցերի

խտության նկատմամբ ներկայացվող պահանջները

 

._________________________________________________________________________.

|Հանքավայրերը                                     |Փորվածքների միջև       |

|_________________________________________________|հեռավորությունները     |

|Խմբեր|Ենթախմբերը|Երկրաբանական կառուցվածքի        |(մ)` պաշարների կարգերի |

|     |          |հայտանիշները                    |ստորաբաժանման համար    |

|     |          |                                |_______________________|

|     |          |                                |A      |B      |C1     |

|_____|__________|________________________________|_______|_______|_______|

|1    |1ա        |Մագմայական ապարների զանգվածաձև  |200-300|300-400|400-600|

|     |          |հանքակուտակներ` համասեռ կազմով, |       |       |       |

|     |          |կայուն ֆիզիկամեխանիկական        |       |       |       |

|     |          |հատկություններով, չխախտված կամ  |       |       |       |

|     |          |թույլ խախտված տեղադիրքով        |       |       |       |

|     |__________|________________________________|_______|_______|_______|

|     |1բ        |Հորիզոնական կամ սակավաթեք       |100-200|200-300|300-400|

|     |          |տեղադրմամբ շերտաձև  մարմիններ`  |       |       |       |

|     |          |տեկտոնական գործընթացներով       |       |       |       |

|     |          |չխախտված կամ թույլ խախտված      |       |       |       |

|     |__________|________________________________|_______________________|

|     |1գ        |Միաթեք տեղադրված, զառիթափ կամ   |Ըստ տարածման           |

|     |          |ծալքավորված շերտեր և  շերտաձև   |_______________________|

|     |          |մարմիններ` կառուցվածքով,        |50-100|100-200|200-300 |

|     |          |հզորությամբ և  հումքի որակով    |      |       |        |

|     |          |կայուն, թույլ արտահայտված       |      |       |        |

|     |          |խզվածքային տեկտոնիկայով         |      |       |        |

|_____|__________|________________________________|______|_______|________|

|2    |-         |Ոսպնյակաձև  և  շերտաձև          |-     |50-100 |100-200 |

|     |          |հանքակուտակներ, շտոկներ,        |      |       |        |

|     |          |դայկաներ, հանքերակներ` հումքի ոչ|      |       |        |

|     |          |կայուն որակական ցուցանիշներով և |      |       |        |

|     |          |ինտենսիվ խզվածքային տեկտոնիկայով|      |       |        |

|     |          |կամ կարստառաջացման              |      |       |        |

|     |          |գործընթացներով                  |      |       |        |

._________________________________________________________________________.

 

2) Ըստ անկման փորվածքների միջև հեռավորությունների որոշման դեպքում պետք է ելնել յուրաքանչյուր կտրվածքում օգտակար հանածոյի մարմնի` ոչ պակաս 2 հատույթ ստանալու անհրաժեշտությունից:

20. Երկրաբանական կտրվածքի քարաբանական (լիթոլոգիական) տարազատման, մակաբացման ապարների հաստության և կազմության որոշման, օգտակար ստվարաշերտի (հաստվածքի) մակերևույթի ռելիեֆի ուսումնասիրման, խոշոր տեկտոնական խախտումների և կարստային խոռոչների բացահայտման, ինչպես նաև խորքում ապարների ճեղքավորվածության ուսումնասիրման համար նպատակահարմար է օգտագործել հետախուզման երկրաֆիզիկական մեթոդները:

1) Երկրաֆիզիկական ուսումնասիրությունների ռացիոնալ համալիրը սահմանվում է` ելնելով հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններից: Երկրաֆիզիկական տվյալների հավաստիությունը պետք է հաստատվի հորատանցքերով կամ լեռնային փորվածքներով:

21. Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները և մերկացումները փաստագրվում են ըստ տիպային ձևերի:

1) Փորվածքների փաստագրման ժամանակ անհրաժեշտ է ամրագրել (արձանագրել, ֆիքսել) ապարագրական կազմը, ներկառուցվածքը և մակատեսքը, դրանց ճեղքավորվածությունը և անջատելիությունը, հողմահարման աստիճանը, չփոփոխված, մասամբ հողմահարված և հողմահարված ապարների միջև եղած սահմանները: Կարբոնատային ապարների շերտավոր հաստվածները պետք է տարազատվեն (տարանջատվեն) քարաբանական կազմով, ֆիզիկամեխանիկական հատկություններով և ճեղքավորվածության աստիճանով միմյանցից տարբերվող շերտերի ու դարսաշերտերի: Առանձին հետախուզափորվածքներով հատված (ամրագրված) շերտերն ու դարսաշերտերը պետք է միմյանց կապակցել օգտակար հաստվածքի տարածման ու անկման ուղղություններով կառուցված կտրվածքներում: Շերտավոր հաստվածքները պետք է ստորաբաժանվեն ֆացիալ-քարաբանական մակատեսքային տարատեսակների:

2) Փաստագրման ժամանակ անհրաժեշտ է նշել.

ա. օգտակար հաստվածքի ապարների փոփոխությունները` պարփակող ապարների և օգտակար հաստվածքի ներսում առկա երակների ու դայկաների հպման գոտիներում,

բ. սիլիկատացման, երկրորդային կալցիտացման ու դոլոմիտացման, ներառուկների և խոռոչներ, քայքայված ապարների, տեկտոնական խախտումներ և ջարդման (փշրման) գոտիների առկայությունը,

գ. ապարների ճեղքավորվածությունը, անջատելիության ձևն ու չափերը, կարստագոյացման և հողմահարման բնույթն ու ինտենսիվությունը:

3) Թարմ, մասամբ հողմահարված ապարների գոտիների միջև սահմանները պետք է որոշվեն 0.25 մ միջակայքերով վերցված ապարանմուշների ապարագրական ուսումնասիրություններով:

4) Ապարների ճեղքավորվածությունը և անջատելիությունը հատկապես բծախնդրորեն պետք է ուսումնասիրել երեսապատման քարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ: Բոլոր փորվածքներն ու մերկացումները փաստագրելիս անհրաժեշտ է արձանագրել (ամրագրել) բոլոր հանդիպող ճեղքերը, նշել դրանց բնույթը (անջատման, կոտրման, տեխնածին և այլն), ուղղությունը և անկման անկյունը, ճեղքերի լցման բնույթը (դատարկ կամ որևէ միներալային նյութով լցած), ճեղքերի միջև հեռավորությունները և դրանց քանակը` փորվածքի հանքախորշի յուրաքանչյուր 10 մետրի վրա:

5) Հորատանցքերում պետք է կատարվեն ստանդարտներով տարբեր խմբերի քարաբլոկների նվազագույն կողմի նախատեսված երկարությանը համապատասխանող` հորատահանուկի չխախտված սյունակների համարժեք կամ գերազանցող երկարությունների չափումներ:

6) Առաջնային փաստագրման լրիվությունը և որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, լեռնային փորվածքների գծանկարների կազմման և հորատահանուկի նկարագրության ճշտությունը, բնապայմանների հետ համեմատումը, ամփոփ երկրաբանական նյութերի համապատասխանությունը առաջնային փաստագրմանը` սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից կանոնավորապես վերահսկվում է բնութագրական ծավալի նյութերով և ձևակերպվում ակտով:

22. Օգտակար հանքակուտակը բացող բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները, ինչպես նաև բնութագրական մերկացումները պետք է նմուշարկվեն:

1) Վերցված ապարանմուշներով կատարվում են`

ա. ֆիզիկամեխանիկական փորձարկումներ,

բ. միներալոգիական-ապարագրական կազմի և գեղազարդային հատկությունների հետազոտություններ,

գ. քիմիական կազմի որոշում:

2) Որոշ բնագավառներում շինաքարի օգտագործման համար ապարանմուշները վերցվում են հատուկ տեսակի փորձարկումների (օրինակ, բետոններում խճի և այլն) համար:

3) Նմուշարկման եղանակը, նմուշարկվող միջակայքերի հատույքը և երկարությունը, վերցվող ապարանմուշների սկզբնական զանգվածը (կշիռը) և քանակը կախված են փորձարկումների բնույթից, ինչպես նաև երեսապատման կամ շինարարական քարերի հանքակուտակների չափերից, դրանց տեղադրման պայմաններից, ձևաբանությունից և ներքին կառուցվածքից, ապարների կառուցվածքային-քարաբանական և ապարագրական տարատեսակների տեղաբաշխումից:

ա. Երեսապատման և շինարարական քարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ հիմնականում կիրառվում է ապարակտորային (շտուֆային) նմուշարկումը: Հորատանցքերից ֆիզիկամեխանիկական փորձարկումների համար վերցվում են 7-8 սմ երկարությամբ հորատահանուկի սյունիկների փորձանմուշներ այնպիսի ընդհանուր երակարությամբ, որը բավականաչափ լինի փորձարկումների լրիվ և կրճատ ծրագրերով համապատասխանաբար 15 և 5 ապարանմուշների պատրաստման համար:

բ. Քայքայված (փշրված) հորատահանուկի ներկայացված միջակայքերում քարի ամրության բնութագրման համար պետք է վերցվեն փորձանմուշներ` գլանում դրանց սեղմման փորձարկումներով ըստ փշրելիության ցուցանիշների քարի ամրությունը որոշելու համար:

գ. Լրիվ և կրճատ ծրագրերով փորձարկումների համար լեռնային փորվածքներից վերցված ապարակտորների չափերը համապատասխանաբար պետք է լինեն` 20x20x20 սմ և 5x5x8 սմ:

դ. Կրճատ ծրագրով ֆիզիկամեխանիկական հատկությունների (ծավալային զանգված, ծակոտկենություն, խտություն, ջրակլանելիություն, բնական խոնավություն) որոշման համար փորձարկվելիք նմուշների պետք է վերցվեն բոլոր փորվածքներից:

ե. Հանքավայրի ամբողջ երկրաբանական կտրվածքը բնութագրող 3-4 հետախուզա-հատումներում լրիվ ծրագրով ֆիզիկամեխանիկական փորձարկումների համար պետք է վերցվեն նմուշներ և լրացուցիչ որոշվեն հետևյալ ֆիզիկամեխանիկական հատկությունները` ամրությունը. սեղմման դեպքում, երեք վիճակով (չոր, ջրահագեցված, սառեցումից հետո) և ճկման (ծռման) դեպքում, ջրհագեցումը, ցրտադիմացկունությունը, փափկացման և ցրտադիմացկունության գործակիցները, քերամաշելիությունը, հարվածի նկատմամբ դիմադրությունը, իսկ երեսապատման քարի համար նաև` գեղազարդությունը, գույնի կայունությունը, մշակելիությունը (այդ թվում` ողորկելիությունը):

զ. Ապարների յուրաքանչյուր առանձնացված տարատեսակ պետք է բնութագրվի ոչ պակաս, քան 3 ապարանմուշով և ոչ նոսր ցանցով, քան 5-7 մետրը մեկ` օգտակար հանքակուտակի հոծ (խիտ) կազմության դեպքում և 3-4 մետրը մեկ` վերջինիս շերտավոր կազմության դեպքում:

4) Լրիվ ծրագրով փորձարկումների համար լեռնային փորվածքներից և մեծ տրամագծով հորատանցքերի հորատահանուկից վերցված ապարակտորներից հարկավոր է կտրել միատեսակ ձևի ու չափերի անհրաժեշտ քանակի ապարանմուշներ: Վերջիններիս պատրաստման ժամանակ պետք է ապահովել դրանց երկրաչափական ձևերի ճշտությունը (կանոնավորությունը) և նիստերի մակերևույթների լավ կցահղկումը, քանի որ այդ պայմանների չպահպանումը կարող է հանգեցնել քարի ամրության ցուցանիշների չհիմնավորված իջեցմանը:

5) Քարի միներալոգիական-ապարագրական հետազոտությունները և գեղազարդային հատկությունների նախնական ուսումնասիրությունը պետք է կատարել ֆիզիկամեխանիկական փորձարկումների համար փորձանմուշների հետ միաժամանակ վերցվող ապարակտորների, միաձույլ քարերի (մոնոլիտներ) կամ հորատահանուկի սյունիկների հիման վրա:

6) Ապարների քիմիական կազմի որոշման համար լեռնային փորվածքներից նմուշների վերցնումը կատարվում է հիմնականում ակոսային նմուշարկման եղանակով, իսկ հորատանցքերից վերցված նմուշները կազմվում են հորատահանուկների կեսերից:

7) Խճի արտադրության համար նախատեսվող շինարարական քարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ` կախված խճի օգտագործման բնագավառից, տարբեր փորձարկումների կատարման համար պետք է վերցվեն համախառն նմուշներ: Դրանց զանգվածը` կախված քարի ֆիզիկամեխանիկական հատկությունների կայունության աստիճանից և հետազոտությունների բնույթից, տատանվում է 10կգ-ից մինչև 250 կգ:

23. Լրիվ ծրագրով ֆիզիկամեխանիկական փորձարկումների քանակի սահմանափակման նպատակով նպատակահարմար է ապարների յուրաքանչյուր կառուցվածքային-քարաբանական տարատեսակների համար օգտագործել մեխանիկական ամրության, ծավալային զանգվածի, խտության և ջրակլանման միջև առկա հարաբերակցական (կոռելյացիոն) կախվածությունները: Եթե հորատահանուկի չխախտված սյունիկների փորձարկումների տվյալներով քարի մեխանիկական ամրության և վերը թվարկված հատկությունների միջև հաստատվում է հարաբերակցական կախվածություն, ապա մեխանիկական ամրությունը կարող է որոշվել ըստ նշված ցուցանիշների փոխկապվածության գրաֆիկի: Այդպիսի հարաբերակցական կախվածության բացակայության դեպքում քարի որակը պետք է գնահատել լրիվ ծրագրով կատարված ֆիզիկամեխանիկական փորձարկումների արդյունքներով:

24. Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրում պետք է 2-3 ապարանմուշով որոշել լեռնային ապարների յուրաքանչյուր քարաբանական տարատեսակի քիմիական կազմը: Ապարանմուշներում պետք է որոշել հետևյալ միացությունների` SiO2, Fe2O3, Al2O3, SO3, CaO, MgO պարունակությունները և շիկացման դեպքում կորուստները:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
11.08.2021
N 06-Ն
Հրաման