Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

17.08.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի հունիսի 15-ին

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրությունը և գործածման կարգը:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության դրոշը

 

Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը: Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի: Սույն մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:

Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրության գունավոր պատկերը ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում:

 

i
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը

 

1. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, Սահմանադրական դատարանի, դատարանների, դատախազության մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի, պետական կառավարման համակարգի մարմինների, ինքնավար պետական մարմինների, անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների (այդ թվում` Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց) շենքերի շքամուտքի մոտ կամ շենքերի վրա:

2. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների) և օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա` միջազգային իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգի կանոններին և ընդունող պետությունների սովորույթներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպություններում և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային միջոցառումներին` այդ կազմակերպություններում ընդունված ընթացակարգերին և գործելակերպին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Հայաստանի Հանրապետության մարզական պաշտոնական առաջնությունների բացման ժամանակ և իջեցվում է փակման արարողությունների ժամանակ:

4. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես տեղադրվում է պաշտոնական, աշխատանքային և հանդիսավոր արարողությունների համար նախատեսված` Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, դատարանների դատական նիստերի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերի դահլիճներում:

5. Հայաստանի Հանրապետության դրոշը տեղադրվում է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և Ազգային ժողովի այլ մարմինների, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական կառավարման համակարգի մարմինների, պետական այլ մարմինների ղեկավարների, դատավորների և դատախազների, մարզպետների և համայնքների ղեկավարների, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների) ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում:

5.1. Հայաստանի Հանրապետության դրոշը Հանրապետության և Անկախության տոներին, ինչպես նաև Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրերին տեղադրվում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հրապարակների, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա, որոնց ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը:

6. Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է տեղադրվել այլ վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա:

7. Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է ամրացվել Հանրապետության նախագահի փոխադրամիջոցների վրա, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների վրա` միայն արտասահմանյան պատվիրակությունների այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգին համապատասխան, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների փոխադրամիջոցների վրա` ընդունող պետությունների արարողակարգին համապատասխան:

8. Հայաստանի Հանրապետության սահմանադրական պաշտոններում նշանակվող անձանց կամ օրենքով սահմանված այլ անձանց երդման արարողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:

9. Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշի և դրա պատկերի գործածման կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանում է Կառավարությունը:

(3-րդ հոդ. փոփ. 21.12.15 ՀՕ-189-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-39-Ն, 23.03.22 ՀՕ-72-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 12.07.23 ՀՕ-266-Ն  (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)օրենքներ)

 

i
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացումը, իջեցումը, փոխանցումը

 

Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ` մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:

 

i
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը սգո արարողությունների ժամանակ

 

Հայաստանի Հանրապետության մահացած (զոհված) քաղաքացուն զինվորական հարգանքի տուրք մատուցելու նպատակով կազմակերպված սգո արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում մահացածի դին և դագաղը ծածկվում են Հայաստանի Հանրապետության դրոշով: Աճյունը հողին հանձնելուց առաջ Հայաստանի Հանրապետության դրոշը հանձնվում է մահացածի (զոհվածի) հարազատներին:

 

i
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը այլ դրոշի հետ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշը այլ դրոշի հետ միաժամանակ բարձրացնելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ բարձրացվում են կենտ թվով մի քանի դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի մեջտեղում: եթե բարձրացվում են զույգ թվով դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի կենտրոնից ձախ:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում այլ դրոշը իր չափերով չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության դրոշի չափերը և բարձրացվել Հայաստանի Հանրապետության դրոշից ավելի բարձր:

(6-րդ հոդ. փոփ. 03.02.09 ՀՕ-49-Ն օրենք)

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները

 

1. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված:

2. Հայաստանի Հանրապետության դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:

3. Հայաստանի Հանրապետության դրոշը ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ 90 աստիճանով շրջել այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:

4. Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:

5. Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:

6. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով:

(7-րդ հոդ. խմբ. 12.07.23 ՀՕ-266-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության դրոշի ընդօրինակումը

 

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների դրոշները պետք է տարբերվեն Հայաստանի Հանրապետության դրոշից:

 

i
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը զինված ուժերի և այլ զորքերի կողմից

 

Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, զորամասերի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի առանձին ստորաբաժանումների, ինչպես նաև այլ զորքերի մշտական տեղակայման վայրերում` հանդիսությունների և պաշտոնական արարողությունների ժամանակ (զորահանդես, շարային ստուգատես, զինվորական երդում, տոնական միջոցառումներ և այլ հատուկ դեպքեր):

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով նախատեսված դեպքերում զորամասի մարտական դրոշը դուրս բերելիս դուրս է բերվում նաև Հայաստանի Հանրապետության դրոշը:

Հայաստանի Հանրապետության դրոշը զորամասի մարտական դրոշի հետ միաժամանակ դուրս բերելու և տեղադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10. Հսկողությունը և պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

 

1. Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների պահպանման հսկողությունն իրականացնում և պատասխանատվություն կիրառում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, եթե Հայաստանի Հանրապետության դրոշը տեղադրված, ամրացված կամ բարձրացված է շենքերի և շինությունների վրա կամ դրանցից դուրս կամ դրանց արտաքին հատվածի վրա:

(10-րդ հոդ. փոփ. և լրաց. 12.07.23 ՀՕ-266-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հոդված 12. Անցումային դրույթներ

 

1. (1-ին մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-39-Ն օրենք)

i

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «ՀՍՍՀ պետական դրոշի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1967 թվականի սեպտեմբերի 30-ի հրամանագիրը և «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության 1990 թվականի օգոստոսի 24-ի ՀՆ-0076-1 օրենքը:

(12-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-39-Ն օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 4
Երևան
ՀՕ-149-Ն

 

Հավելված
«Հայաստանի Հանրապետության
դրոշի մասին» ՀՀ օրենքի

 

ՊԱՏԿԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ

 

ՀՀ դրոշ

 

 

pin
ՀՀ 15.06.2006
N ՀՕ-149-Ն օրենք