110.0804.280915
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 09 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11015406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
22 սեպտեմբերի 2015 թվականի N 804-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «ՈՒսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանի (այսուհետ` հրաման)`
1) Վերնագրից և 1-ին կետից հանել «120-200 ժամ» թվերն ու բառերը,
i
2) Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Հրամանի հավելվածով սահմանված բացակայությունները հաշվարկել հրամանը ուժի մեջ մտնելու օրվանից:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Վ. Բավեյան/ վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2015 թվականի սեպտեմբերի 22-ի
N 804-Ն հրամանի
«Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2012 թվականի մայիսի 3-ի
N 388-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողի փոխադրման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման կազմակերպման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման գործընթացի կազմակերպման հետ կապված իրավահարաբերությունները` անկախ Հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:
ԳԼՈՒԽ I
ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ
2. 1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով` բնութագրման միջոցով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը`
1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի և Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ,
2) դասվարի հիմնավորված առաջարկության հիման վրա` Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնությամբ:
3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:
4. Առանձին գործող ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարաններում Հաստատության կանոնադրությամբ սահմանված փոխադրական քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով.
1) քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից,
2) քննությունները անցկացվում են գրավոր, ուսումնական պարապմունքների ավարտից հետո,
3) 8-20 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան,
4) 1-7 միավոր գնահատված սովորողը վերաքննություններ է հանձնում օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:
5. 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:
4-րդ դասարանում անցկացվում է գիտելիքների ստուգում` «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից:
6. 9-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 2-րդ աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան` 4-10 միավոր և ավարտական քննություններից` 8-20 միավոր գնահատված սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական:
9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»), «Օտար լեզու» (»Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ), «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու» (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), «Ֆիզկուլտուրա» առարկաներից:
7. 12-րդ դասարանում (ուսումնական հաստատության հանրակրթական հիմնական ծրագրերի 3-րդ աստիճանի ավարտական դասարան) ուսումնական բոլոր առարկաներից տարեկան` 4-10 և պետական ավարտական քննություններից` 8-20 միավոր, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում «Ռուս գրականություն» առարկաների պետական ավարտական քննություններից` 4-10 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:
12-րդ դասարանում անցկացվում են պետական ավարտական քննություններ` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»), «Օտար լեզու» (»Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ), «Հայոց պատմություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), «Ֆիզկուլտուրա» առարկաներից:
8. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:
9. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում մինչև երկու առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողի փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում, նրա հանձնած վերաքննությունների արդյունքներով: Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան մեթոդմիավորման կողմից:
10. 4-րդ դասարանի` 1-3 ուսումնական առարկաներից տարեկան և (կամ) գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված սովորողը հանձնում է վերաքննություն` օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` հաստատության մեթոդմիավորումների կազմած առաջադրանքների հիման վրա:
11. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`
1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ
2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի 1-3 միավոր գնահատված առնվազն մեկ առարկայի քննությունը, իսկ երկրորդը` տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում: Սույն կետում նշված վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը կրկնում է սույն կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը` անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:
12. 4-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե`
1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան և (կամ) գիտելիքների ստուգումից գնահատվել է 1-3 միավոր,
2) վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-3 միավոր:
13. 11-րդ դասարանում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`
1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ
2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի երկու առարկաների վերաքննությունները:
Սույն կետով նշված վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը կրկնում է սույն կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը` անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:
14. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական երեք և ավելի առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողները կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
15. 16 տարին չլրացած 9-րդ դասարանի և 19 տարին չլրացած 12-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե`
1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել,
2) ավարտական քննությունների ընթացքում 1-7 և տարեկան` 1-3 միավորների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի,
3) վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-7 միավոր:
16. Սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետի, 12-րդ կետի, 13-րդ կետի 1-ին ենթակետի, 14-րդ և 15-րդ կետերի համաձայն` հանրակրթական ծրագիրը կրկնող սովորողի համար ուսուցում կազմակերպելու նպատակով Հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագիտական խումբ:
Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները` սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, Հաստատության տնօրենը հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ պարապմունքների ժամանակացույց:
17. Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու վերաբերյալ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման մասին, տնօրենի հանձնարարությամբ, սովորողի ծնողին (օրինական ներկայացուցչին) տեղյակ է պահում դասղեկը` մանկավարժական խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:
18. 9-րդ կամ 12-րդ դասարանի մինչև 19 տարեկան սովորողը, տարեկան 1-3 և (կամ) ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու, քննության օրը չներկայանալու դեպքում (եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երեքը), վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաներից` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից կազմված քննական առաջադրանքներով, իսկ «Ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական քննությունից և ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներից` մեթոդմիավորումների կողմից մշակված քննական առաջադրանքներով:
19. Օդակաթիլային և աղիքային սուր վարակիչ հիվանդություններով հիվանդանալու և ոսկրամկանային համակարգի վնասվածքներ ստանալու պատճառով գիտելիքների ստուգմանը չներկայացած 4-րդ դասարանի սովորողը կարող է վերաքննություն հանձնել օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:
20. Օդակաթիլային և աղիքային սուր վարակիչ հիվանդություններով հիվանդանալու և ոսկրամկանային համակարգի վնասվածքներ ստանալու պատճառով 9-րդ և 12-րդ դասարանների` 3-ից ավելի ավարտական և պետական ավարտական քննությունների օրերին չներկայացած սովորողների վերաքննություններին մասնակցելու հարցը քննարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում (այսուհետ` Նախարարություն):
Վերաքննություններին մասնակցության թույլտվության մասին դիմումը և բացակայությունները հիմնավորող փաստաթղթերը Հաստատության տնօրենը ներկայացնում է Նախարարություն:
21. 16-19 տարեկան 9-րդ դասարանի սովորողը ծնողի (կամ օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա կարող է թողնել Հաստատությունը, եթե`
1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել,
2) ավարտական քննությունների արդյունքում 1-7 և տարեկան` 1-3 միավորների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի ուսումնական առարկաներից,
3) վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-7 միավոր:
22. 19 տարին լրացած` երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 և (կամ) քննական 1-7 միավոր գնահատված 9-րդ և 12-րդ դասարանների սովորողը դուրս է մնում Հաստատությունից:
23. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված քննությունները չհանձնելու դեպքում 12-րդ դասարանի, ինչպես նաև 16 տարին լրացած 9-րդ դասարանի այն սովորողները, որոնց տարեկան գնահատականները ամփոփվել են, ավարտական կամ պետական ավարտական քննություններից գնահատվել են 1-3 և (կամ) 1-7 միավոր կամ չեն մասնակցել ավարտական կամ պետական ավարտական քննություններին` կարող են հաջորդ տարի իրենց Հաստատությունում հանձնել քննություններ, ստանալ միջնակարգ կրթության ատեստատ կամ հիմնական կրթության վկայական:
24. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի արական սեռի սովորողները, քննաշրջանի ավարտից հետո տարեկան 1-3 և (կամ) քննական` 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները իրավունք ունեն քննություն(ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.
1) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում` ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,
2) ընթացիկ տարվա գարնանային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնական Հաստատությունում,
3) ծառայության ընթացքում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնական հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:
25. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի իգական սեռի, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված քաղաքացիներին իրավունք է վերապահվում հաջորդ տարի նույն Հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից, իսկ նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում` այդ բնակավայրում գտնվող Հաստատություններից մեկում:
26. 9-րդ և 12-րդ դասարանների քննական առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողների վերաքննությունների արդյունքները հիմք են հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում տարեկան և քննական գնահատականներ նշանակելու համար:
«Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և «Երկրաչափություն» առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց լեզու, հայ գրականություն» և «Մաթեմատիկա» քննական առարկաների գնահատականների հիման վրա:
27. 12-րդ դասարանի սովորողի կողմից, բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբից` 2011 թվականի ապրիլի 28-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 238-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 686-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված միասնական քննությունից (այսուհետ` միասնական քննություն) երկու առարկա ընտրելու դեպքում, միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է սովորողի կողմից նախընտրած առարկայի միասնական քննության ավարտական մասի գնահատականը:
28. Բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբի 2 առարկաներից վերաքննություններ հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում քննական գնահատականը լրացվում է սովորողի ընտրությամբ:
29. Սույն կարգի 18-րդ կետի, 21-րդ, 22-րդ, 24-րդ կետերի 1-ին ենթակետով և 25-րդ կետի պահանջներին համապատասխան` քննություն չհանձնած սովորողներին հետագայում իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնել էքստեռն ավարտական քննություններ և ստանալ Հաստատության ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ):
30. 2-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10, առանձին գործող ավագ դպրոցներում` նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9-10 միավոր գնահատված սովորողը պարգևատրվում է Նախարարության գովասանագրով:
31. 8-րդ և 9-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան 9-10 և քննական 18-20 միավոր գնահատված սովորողը ստանում է «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: Որևէ առարկայից (բացի առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը) չգնահատված հիմնական դպրոցի սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում:
32. 12-րդ դասարանում տարեկան 9-10 միավոր գնահատված սովորողը Հաստատության կողմից ներկայացվում է որպես գերազանցության Մեդալի հավակնորդ` պահպանելով սույն կարգի 55 և 56 կետերի պահանջները:
33. ՈՒսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները:
34. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:
ԳԼՈՒԽ II
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
35. ՈՒսումնական տարվա ընթացքում, մինչև մայիսի 5-ը, 80-120 ժամ դասերից բացակայած 11-րդ և 12-րդ դասարանների սովորողների մասին տեղեկանքը հաստատության տնօրենը ներկայացնում է Նախարարություն մինչև մայիսի 10-ը:
36. Նախարարությունը, ուսումնական տարվա ընթացքում, մինչև մայիսի 5-ը, 80-120 ժամ դասերից բացակայած 11-րդ և 12-րդ դասարանների սովորողի մասին տեղեկատվությունը մինչև մայիսի 15-ը տրամադրում է ԳԹԿ-ին` սույն կարգի 37-րդ կետով սահմանված քննությունները մայիսի 16-20-ը կազմակերպելու համար:
37. ՈՒսումնական տարվա ընթացքում, մինչև մայիսի 5-ը, 80-120 ժամ դասերից բացակայած 11-րդ և 12-րդ դասարանների սովորողները, մայիսի 16-20-ը ընկած ժամանակահատվածում, «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից քննութուններ է հանձնում ԳԹԿ-ում:
Նշված քննություններից 20 միավորանոց համակարգում 8-20 միավոր ստանալու դեպքում` մյուս բոլոր առարկաներից ամփոփիչ ստուգողական աշխատանքներ է հանձնում իր հաստատությունում` մեթոդմիավորումների կողմից կազմված առաջադրանքներով, մինչև ուսումնական պարապմունքների ավարտը:
38. Օդակաթիլային և աղիքային սուր վարակիչ հիվանդություններով հիվանդանալու, միջազգային օլիմպիադաներում (առարկայական, սպորտային), մրցաշարերում, առաջնություններում, փառատոներում մասնակցության պատճառով, 80-120 ժամից ավելի բացակայած 11-րդ և 12-րդ դասարանների սովորողների` սույն կարգի 37-րդ կետով սահմանված քննություններին մասնակցության թույլտվությունը տալիս է ՀՀ կրթության և գիտության նախարարը:
39. 2-10-րդ դասարանների սովորողների բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից 15 օր առաջ:
40. ՈՒսումնական տարվա ընթացքում, մինչև սույն կարգի 39-րդ կետով սահմանված ժամկետում 120-200 ժամ դասերից բացակայած 2-10-րդ դասարանների սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում մինչև մայիսի 15-ը:
41. Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք` 2-10-րդ դասարանների սովորողի բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ.
1) 10-րդ դասարանների սովորողների մասին տեղեկանքը` Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն` որոշում կայացնելու համար:
2) Նախարարությունը, 5 աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում և տեղեկացնում է Հաստատության տնօրենին:
42. ՈՒսումնական տարվա ընթացքում, մինչև սույն կարգի 39-րդ կետով սահմանված ժամկետում 120-200 ժամ դասերից բացակայած 2-10-րդ դասարանների սովորողները «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից քննություններ և մյուս բոլոր առարկաներից ամփոփիչ ստուգողական աշխատանքներ են հանձնում իրենց Հաստատությունում: Առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից` առնվազն 3 տարբերակով:
Հաստատության տնօրենը կազմում է սույն կետում նշված քննությունների ժամանակացույցը և տեղեկացնում Նախարարությանն ու լիազոր մարմնին: Քննություններին կարող են մասնակցել Նախարարության և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները):
43. Քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները:
44. Որևէ կիսամյակում 120-200 ժամ` 2-10-րդ դասարաններում և 80-120 ժամ` 11-րդ և 12-րդ դասարաններում ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային գնահատականները չեն նշանակվում` անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից.
1) Տվյալ կիսամյակի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն: Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:
2) ՈՒսումնական տարվա ընթացքում 2-10-րդ դասարաններում 120-200 ժամից և 11-րդ և 12-րդ դասարաններում 80-120 ժամից բացակայության դեպքում բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն:
45. 2-10-րդ դասարաններում 120-200 ժամից և 11-րդ և 12-րդ դասարաններում 80-120 ժամից ավելի բացակայելու կամ սույն կարգի 37-րդ և 42-րդ կետերով նախատեսված քննություններից և ամփոփիչ ստուգողական աշխատանքներից (10 միավորային համակարգում)` 1-3 միավոր գնահատված լինելու դեպքերում` սովորողը, կրկնում է դասընթացը, իսկ 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողը դուրս է մնում ուսումնական հաստատությունից:
ԳԼՈՒԽ III
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
46. Հաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների գիտելիքների ստուգումը, ավարտական և պետական ավարտական, այդ թվում` ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդների քննությունների կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է սույն կարգի և ՀՀ կրթության և գիտության նախարարի` տվյալ ուսումնական տարվա համար հաստատած սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և աշխատակարգի համաձայն:
47. 4-րդ դասարանի սովորողները «Մաթեմատիկա» և «Մայրենի» առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում չեն մասնակցում համապատասխանաբար` «Մաթեմատիկայի» և «Մայրենի» ավարտական քննություններին:
48. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում չեն մասնակցում «Մաթեմատիկայի» ավարտական, 12-րդ դասարանում` պետական ավարտական քննություններին:
49. 9-րդ և 12-րդ դասարանի սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի վերաքննության արդյունքը հիմք է հանդիսանում հիմնական կրթության վկայականում` «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ», միջնակարգ կրթության ատեստատում` «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան, «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատական նշանակելու համար:
50. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները, «Հայոց լեզու» կամ «Գրականություն» («Հայ գրականություն») առարկաներից կամ երկուսից միաժամանակ տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում, չեն մասնակցում 9-րդ դասարանում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական, 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:
Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու, գրականություն» առարկայից քննական և միջնակարգ կրթության ատեստատում` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:
51. Եթե 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողը «Հայոց լեզու» առարկան ուսումնասիրել է վերջին երկու ուսումնական տարիներին, ապա հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում, սովորողի ցանկությամբ, կարող է գրվել` «չի ուսումնասիրել» բառերը: Սովորողն իր ցանկությամբ կարող է ազատվել 9-րդ դասարանում` «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննություններից: Այդ դեպքում ավարտական փաստաթղթի համապատասխան տողում գրվում է` «ազատված է»:
Սույն կետում նշված գրառումների բացակայության դեպքում սովորողը մասնակցում է «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննություններին:
52. Հաստատությունների պետական ավարտական քննությունները կազմակերպելու և վերահսկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվում է հանրապետական հանձնաժողով:
53. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողները ազատվում են գիտելիքների ստուգումից (4-րդ դասարան), ավարտական (9-րդ դասարան) և պետական ավարտական (12-րդ դասարան) քննություններից: Նրանց տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:
ԳԼՈՒԽ IV
ՈՒՍՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
54. Մեդալի ներկայացվում է 9-րդ դասարանը հիմնական կրթության գերազանցության վկայականով ավարտած և 10-12-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկան, իսկ առանձին գործող ավագ դպրոցներում նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9 կամ 10 միավոր գնահատված սովորողը:
55. ՈՒսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից չգնահատված սովորողը, որպես Մեդալի հավակնորդ, չի ներկայացվում, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) առողջության պատճառով «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաներից ազատված լինելը,
2) առանձին գործող ավագ դպրոցների բնագիտամաթեմատիկական և արհեստագործական հոսքերում ուսումնառության երեք տարիների ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների` ուսումնական պլաններով չնախատեսված լինելը,
3) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և ՀՀ վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,
4) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկայի չուսումնասիրելը:
56. Մեդալի հավակնորդ սովորողների նախնական ցուցակները մինչև տվյալ ուսումնական տարվա մարտի 21-ը Հաստատությունները ներկայացնում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն (այսուհետ` Վարչություն), իսկ Նախարարության ենթակայության, ինչպես նաև ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների նախնական ցուցակները` Նախարարություն:
57. Մինչև մայիսի 1-ը Վարչությունները և Նախարարությունը Հաստատություններում ստուգում են ներկայացված փաստաթղթերի օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Մինչև մայիսի 10-ը Վարչությունները նախնական ցուցակները ներկայացնում են Նախարարություն: Ներկայացված Մեդալի հավակնորդների փաստաթղթերը Նախարարությունում կարող են կրկնակի ուսումնասիրվել:
58. Նախարարությունը, մինչև մայիսի 25-ը, մարզպետարաններ (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում Մեդալի հավակնորդների վերջնական ցուցակները:
ԳԼՈՒԽ V
ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ
59. Մեդալի հավակնորդ բոլոր սովորողները (անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից), այդ թվում` սույն կարգի 55-րդ կետի 1-4 ենթակետերի հիմքով քննություններին մասնակցող սովորողները, «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաների պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով` մարզկենտրոններում (Երևան քաղաքում).
1) Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաները համարվում են բուհական ընդունելության մրցութային քննություն, քննություն են հանձնում միասնական համակարգով (պետական ավարտական քննության միավորները հաշվարկվում են միասնական քննության ավարտական մասի գնահատականի հիման վրա):
60. «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաները ոչ մրցութային լինելու դեպքում Մեդալի հավակնորդի համար հիմք է կենտրոնացված համակարգով հանձնված պետական քննական առարկայի գնահատականը:
61. Կենտրոնացված համակարգով հանձնվող «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից պետական ավարտական քննություններն անցկացվում են Նախարարության կողմից նախապես որոշված` մարզի (Երևան քաղաքի) որևէ Հաստատությունում` տվյալ քննությունների համար սահմանված օրերին:
Պետական ավարտական քննությունների նախապատրաստման համար պատասխանատու է Հաստատության տնօրենը: Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են Նախարարության ներկայացուցիչները:
62. «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների քննական աշխատանքները ստուգվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 11.00-ից` ԳԹԿ-ի համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե Նախարարության ներկայացուցիչն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:
«Հայոց պատմություն», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» կամ «Աշխարհագրություն» առարկաներից` Մեդալի հավակնորդի ընտրությամբ), «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներ` Մեդալի հավակնորդի ընտրությամբ), «Ֆիզկուլտուրա» ավարտական պետական քննությունները Մեդալի հավակնորդը հանձնում է իր Հաստատությունում` նույն կարգով, ինչ կարգով մյուս շրջանավարտները: Նշված առարկաների քննությունների անցկացումը վերահսկվում է Նախարարության կողմից:
63. Մեդալի հավակնորդ սովորողի, ինչպես նաև Հաստատության մյուս սովորողների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնն են:
64. Մինչև հունիսի 25-ը Հաստատությունը մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչություն է ներկայացնում տեղեկանք` Հաստատությունում մյուս չորս առարկաներից մեդալի հավակնորդ շրջանավարտի հանձնած պետական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչությունում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում են Նախարարություն: Նախարարության ենթակայության Հաստատությունները սույն կետով նախատեսված տեղեկանքը նույն ժամկետում ներկայացնում են Նախարարություն:
65. Ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած Մեդալի հավակնորդները պարգևատրվում են Մեդալով:»: