(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)
i
041.0633.150900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2000 թվականի N 633
i
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 23-ի «Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն ստեղծելու մասին» N 342 որոշման 2-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի
«Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 81-րդ կետով.
«81. Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն 24 1 -»:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
սեպտեմբերի 15-ի N 633 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարությունը (այսուհետև` քարտուղարություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում և համակարգում է Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունները` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Քարտուղարությունն իր գործունեությունն իրականացնում է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Քարտուղարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև` հանդես գալ դատարանում:
4. Քարտուղարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթուղթ:
5. Քարտուղարության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. Քարտուղարության հիմնական խնդիրները և գործառույթները
6. Քարտուղարության հիմնական խնդիրներն են`
ա) Հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների համակարգումը` նպաստելով Հայաստանի և սփյուռքի միջև բազմակողմանի կապերի հաստատմանը, համագործակցության զարգացմանն ու խորացմանը.
բ) սփյուռքի քաղաքական, բարեգործական, հայրենակցական, գիտական, կրոնական և այլ համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև անհատների հետ համագործակցությունը` անկախ նրանց գաղափարական համոզմունքներից և կրոնական դավանանքից.
գ) հայ եկեղեցու հետ համագործակցությունը.
դ) հայ ժողովրդի երկու հատվածի միջև համազգային փոխըմբռնման, փոխվստահության, միասնության և համախմբվածության մթնոլորտ ստեղծելու, համահայկական խնդիրների շուրջ բազմակողմանի համագործակցություն ապահովելու նպատակով աշխատանքների կատարումը, հայ համայնքների միջև միջհամայնքային կապերի հաստատմանն օժանդակությունը և սփյուռքի համայնքային կազմակերպական նախաձեռնություններին աջակցությունը.
ե) համահայկական քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական խորհրդաժողովների, գիտաժողովների, հավաքների, ինչպես նաև այլ բնույթի միջոցառումների կազմակերպումը:
7. Իր հիմնական խնդիրներին համապատասխան քարտուղարությունը`
ա) նպաստում է Հայաստանի և սփյուռքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների սերտ համագործակցությանը` համազգային խնդիրների քննարկման և լուծման ասպարեզում.
բ) աջակցում է Հայաստանի և սփյուռքի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ուղղությամբ կատարվող աշխատանքներին, ամփոփում և վերլուծում է դրանք և նախապատրաստում անհրաժեշտ երաշխավորություններ: Այդ աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծում է աշխատանքային մասնագիտական խմբեր` Հայաստանի և սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ.
գ) համագործակցում է սփյուռքի այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք աշխատանքներ են իրականացնում Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրների լուծման, միջազգային ասպարեզում Հայաստանի դիվանագիտական դիրքերի և հեղինակության ամրապնդման համար.
դ) նպաստում է քաղաքական քարոզչության ուղղությամբ սփյուռքի կողմից կատարվող աշխատանքների կազմակերպմանը` առավելագույնս օգտագործելով առկա հնարավորությունները.
ե) քաղաքական համագործակցության ակտիվացման և քաղաքական քարոզչության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու ու համակարգելու նպատակով պարբերաբար կազմակերպում է քննարկումներ, խորհրդատվական հանդիպումներ` Հայաստանի և սփյուռքի համապատասխան կազմակերպությունների ու անհատների մասնակցությամբ.
զ) համակողմանի աջակցություն է ցուցաբերում այն կազմակերպություններին և անհատներին, որոնք զբաղվում են օտարերկրյա պետությունների օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հայանպաստ աշխատանքների իրականացմամբ.
է) կապեր է հաստատում ու զարգացնում սփյուռքի մշակութային միությունների և այլ հաստատությունների` արվեստի, գիտության ու գրականության գործիչների հետ, անհրաժեշտ օգնություն ցույց տալիս սփյուռքի մշակութային նախաձեռնությունների իրականացմանը.
ը) սփյուռքում և Հայաստանում կազմակերպում է մշակութային հավաքներ, գիտաժողովներ, փառատոներ և այլ համատեղ միջոցառումներ: Սփյուռքահայ երիտասարդներին մասնակից է դարձնում Հայաստանի պատմամշակութային հուշարձանների վերանորոգման աշխատանքների և մշակութային այլ նախաձեռնությունների իրականացմանը.
թ) օժանդակում է սփյուռքի մշակութային կենտրոնների ու հաստատությունների ստեղծմանը, հայրենիքի և սփյուռքի համապատասխան հաստատությունների միջև երկարաժամկետ համագործակցության ծրագրերի մշակմանը.
ժ) կազմում է սփյուռքում գործող կրթական և մշակութային յուրաքանչյուր հաստատության վերաբերյալ համապատասխան տեղեկատվական փաթեթ.
ժա) նպաստում է սփյուռքի կրթական զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև համահայկական կրթական միջավայրի ստեղծման ծրագրի մշակմանը.
ժբ) աջակցում է Հայաստանի և սփյուռքի գիտական կապերի զարգացման ու դրանց միջոցով` միջազգային գիտական կապերի զարգացմանը: Նպաստում է Հայաստանի և սփյուռքի գիտական կազմակերպությունների ու գիտնականների համագործակցությանը.
ժգ) նախատեսում է Հայաստանի համապատասխան կազմակերպությունների և սփյուռքի մասնագետների մասնակցությամբ արդի պահանջներին համապատասխան հայեցի դաստիարակության անհրաժեշտ ծրագրերի ու դասագրքերի պատրաստումը և հրատարակումը: Կազմակերպում է դասավանդողների վերապատրաստման դասընթացներ.
ժդ) աջակցում է Հայաստանի և սփյուռքի մասնագետների ընդգրկմամբ աշխատանքային խմբերի ստեղծմանը` կրթական համակարգի բարելավման, համագործակցության խորացման, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման հնարավորությունների քննարկման, դրանց միասնական ուղղագրության վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման համար.
ժե) նպաստում է Հայաստանի և սփյուռքի միջև զբոսաշրջիկության զարգացման ուղղությամբ համապատասխան կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքներին.
ժզ) աջակցում է Հայաստանի և սփյուռքի տեղեկատվական միջոցների բազմակողմանի համագործակցության ծավալմանը, նպաստում համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծմանը: Աշխատանքներ է իրականացնում համահայկական հեռուստաալիքի ստեղծման համար.
ժէ) հայ գաղթօջախների մասին ստեղծում է համապարփակ բովանդակային տեղեկատվական բանկ` ունենալով յուրաքանչյուր երկրի հայ համայնքի լիարժեք, ամբողջական (պատմական, քանակական, քաղաքական, կրթամշակութային, հոգևոր, գիտական, տնտեսական և այլն) պատկերը.
ժը) նախապատրաստում և հրատարակում է սփյուռքի հայկական կազմակերպությունների համապարփակ տեղեկատու, աշխատանքներ է իրականացնում համանման մասնագիտական տեղեկատուների պատրաստման և հրատարակման համար.
ժթ) միջազգային ասպարեզում տեղեկատվական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սփյուռքի տեղեկատվական հնարավորություններն առավել նպատակային օգտագործելու համար կազմակերպում է համապատասխան միջոցառումներ, սփյուռքի տեղեկատվական միջոցներին տրամադրում անհրաժեշտ երաշխավորական նյութեր, տեղեկանքներ.
ի) պարբերաբար ուսումնասիրում է սփյուռքի տեղեկատվական միջոցների հրապարակումները, պատրաստում վերլուծական տեղեկագրեր և դրանք տրամադրում համապատասխան կազմակերպություններին.
իա) հայ համայնքների միջոցով հավաքում և ուսումնասիրում է օտարերկրյա պետություններում հայերի ու Հայաստանի մասին հրապարակումները, ստեղծում արտասահմանյան երկրների հայագիտական հրապարակումների տեղեկատվական բանկ.
իբ) աջակցում է Հայաստանի տնտեսական վերականգնման գործին հայ համայնքների ակտիվ մասնակցությանը.
իգ) հայ համայնքներին է տրամադրում Հայաստանի տնտեսության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ` տնտեսության վերականգնմանը նպաստող առանձին բիզնես-ծրագրերի իրականացմանը մասնակից դարձնելու, ինչպես նաև օտարերկրյա ներդրողներին ներկայացնելու և երաշխավորելու համար.
իդ) զբաղվում է Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների, խնդիրների և զարգացման հեռանկարների ուսումնասիրությամբ.
իե) ուսումնասիրում է և վերլուծում է սփյուռքում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական, էթնիկամշակութային, ժողովրդագրական գործընթացների զարգացման ընթացքը, մշակում և իրականացում դրանց համարժեք կոնկրետ ծրագրեր.
իզ) հաշվի առնելով հայ համայնքների առանձնահատկությունները` կազմում է սփյուռքի ազգագրական քարտեզը` ճշգրտելով յուրաքանչյուր գաղթօջախի ազգային ավանդույթների, նկարագրի, ինքնության պահպանման և զարգացման գործնական քայլերի առաջնահերթությունը, ստեղծելով ազգային ինքնության պահպանման անհրաժեշտ պայմաններ ու միջավայր.
իէ) աջակցում է սփյուռքի ինքնակազմակերպման, վերակազմակերպման նախաձեռնություններին:
III. Քարտուղարության աշխատանքների կազմակերպումը
8. Քարտուղարությունը`
ա) իր կանոնադրական խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
բ) մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի մշակմանն ու քննարկմանը.
գ) Հայաստանի Հանրապետության անունից իրականացնում է քարտուղարության պետական սեփականություն հանդիսացող գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման լիազորությունները.
դ) կազմակերպում է քաղաքացիների և կազմակերպությունների առաջարկությունների, դիմումների, բողոքների ժամանակին քննարկումը, միջոցներ ձեռնարկում դրանցում հաղորդվող` քարտուղարության գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
9. Քարտուղարությունը ղեկավարում է գործադիր քարտուղարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայացմամբ:
10. Գործադիր քարտուղարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի և գործադիր քարտուղարի հետ:
11. Գործադիր քարտուղարը`
ա) կազմակերպում ու ղեկավարում է քարտուղարության գործունեությունը և պատասխանատու է քարտուղարության գործառույթների կատարման համար.
բ) սահմանում է գործադիր քարտուղարի տեղակալի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները.
գ) ներկայացնում է քարտուղարությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
դ) սահմանված կարգով խրախուսում է քարտուղարության աշխատողներին և կարգապահական ներգործության միջոցներ կիրառում նրանց նկատմամբ.
ե) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ.
զ) սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով անմիջականորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական և այլ մարմինների հետ.
է) իրականացնում է Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների համակարգման աշխատանքները` համագործակցելով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների հետ.
ը) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում քարտուղարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ.
թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
12. Քարտուղարության աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհվում են դիվանագիտական աստիճաններ:
13. Քարտուղարությունում գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
սեպտեմբերի 15-ի N 633 որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարության
կենտրոնական ապարատի
Հյուսիսային և Հարավային Ամերիկայի պետությունների հայ համայնքների բաժին
Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ անդամ մյուս պետությունների հայ համայնքների
բաժին
Եվրոպայի պետությունների հայ համայնքների բաժին Մերձավոր և Միջին Արևելքի պետությունների հայ համայնքների բաժին Վերլուծական-տեղեկատվական, կրթության և մշակույթի բաժին Գործերի կառավարչություն Հաշվապահություն