Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 195-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 195-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԿԴ/0521/02/15

    Քաղաքացիական գործ                        2020 թ.

թիվ ԵԿԴ/0521/02/15

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան

                       Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի նոյեմբերի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Դավիթ Սրապիոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռադիկ Սարուխանյանի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռադիկ Սարուխանյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 34.030.980 ՀՀ դրամ, որից 6.347.225 ՀՀ դրամը` որպես պակաս վճարված աշխատավարձի գումար, 1.746.920 ՀՀ դրամը` որպես արձակուրդի դրամական հատուցման գումար, 17.346.988 ՀՀ դրամը` որպես աշխատավարձի տուժանքի գումար, 495.702 ՀՀ դրամը` որպես աշխատավարձի և վերջնահաշվարկի տուժանքի գումար, 8.094.145 ՀՀ դրամը` որպես պակաս վճարված աշխատավարձի և չվճարված դրամական հատուցման տուժանքի գումար:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խանդանյան) 16.09.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան, դատավորներ` Ա. Պետրոսյան, Կ. Չիլինգարյան) 03.03.2016 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.09.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.05.2016 թվականի որոշմամբ Ռադիկ Սարուխանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 20.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է` Ընկերությունից հօգուտ Ռադիկ Սարուխանյանի բռնագանձվել է 34.058.755 ՀՀ դրամ, որից 6.347.213 ՀՀ դրամը` որպես պակաս վճարված աշխատավարձի գումար, 1.741.814 ՀՀ դրամը` որպես արձակուրդի դրամական հատուցման գումար, 17.371.604 ՀՀ դրամը` որպես աշխատավարձի տուժանքի գումար, 506.655 ՀՀ դրամը` որպես աշխատավարձի վերջնահաշվարկի տուժանքի գումար, 8.091.547 ՀՀ դրամը` որպես պակաս վճարված աշխատավարձի և չվճարված դրամական հատուցման տուժանքի գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.04.2018 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.10.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռադիկ Սարուխանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասը, 198-րդ հոդվածի 1-ին մասը և 265-րդ հոդվածի 1-ին մասը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ միջին աշխատավարձի հաշվարկման համար նախատեսվող տասներկու ամիսներն ընդգրկում են 2012 թվականի հուլիսից 2011 թվականի հուլիս ամիսները: Այդ ընթացքում հայցվորը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, ուստի նրա աշխատավարձի չափ պետք է դիտարկվի վերջինիս ամսական աշխատավարձի չափը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թիվ ԵԿԴ/1883/02/08 և թիվ ԵԿԴ/2171/02/10 քաղաքացիական գործերով կայացված վճիռները մտել են օրինական ուժի մեջ և կատարվել են: Ընկերությունը հայցվորի նկատմամբ փաստացի կատարել է իր պարտականությունները, իսկ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից հարուցված կատարողական վարույթն այդ հիմքով կարճվել է, ուստի Ընկերությունը հայցվորի նկատմամբ չկատարված պարտավորություն չունի: Վերաքննիչ դատարանն ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված պահանջի հասցեատերը կարող էր հանդիսանալ միայն Ծառայությունը` հաշվի առնելով այն, որ վերջինս է արձանագրել թիվ ԵԿԴ/1883/02/08 և թիվ ԵԿԴ/2171/02/10 գործերով կայացված վճիռների փաստացի կատարված լինելու հանգամանքը: Ուստի, եթե հայցվորը գտնում էր, որ նշված հաշվարկները սխալ էին կատարվել, ապա վերջինս կարող էր դիմել ՀՀ վարչական դատարան և վիճարկել Ծառայության որոշումները կամ գործողությունները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ չաշխատելու պայմաններում հայցվորը չէր կարող ունենալ չօգտագործված արձակուրդ, և դա չվճարելու համար չի կարող հաշվեգրվել տույժ: Այսինքն` ստացվում է, որ միևնույն ամիսների համար Ընկերությունը պետք է հայցվորին վճարի և՛ ենթադրյալ չվճարված միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի համար, և՛ չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց հատուցում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ չվճարված աշխատավարձի վրա տույժ հաշվարկելու համար պարտադիր պայման է գործատուի մեղքը, ինչը տվյալ դեպքում բացակայում է:

Օրենքի միատեսակ կիրառության տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացել մեկնաբանել, թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը ենթակա է արդյոք հաշվեգրման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հարկադիր պարապուրդի գումարների նկատմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 18.04.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, իրականացնելով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, արձանագրել է, որ թիվ ԵԿԴ/1883/02/08 և թիվ ԵԿԴ/2171/02/10 քաղաքացիական գործերով հայցերի առարկաները չեն նույնանում, իսկ աշխատավարձի չափ չի կարող դիտարկվել հայցվորի ամսական աշխատավարձի չափը: Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ հայցը ենթակա էր բավարարման, քանի որ հայցվորի աշխատավարձը պակաս է հաշվարկվել և վճարվել է ուշացումով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Ռադիկ Սարուխանյանի միջև 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագրի համաձայն` Ռադիկ Սարուխանյանն Ընկերությունում ընդունվել է աշխատանքի` որպես «Հյուսիս» մասնաճյուղի տնօրենի առաջին տեղակալ (հատոր 1-ին, գ.թ. 122-123):

2) Ընկերության գլխավոր տնօրենի 12.03.2008 թվականի թիվ 40-Կ հրամանի համաձայն` 15.05.2008 թվականից Ռադիկ Սարուխանյանի հետ 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագիրը լուծվել է:

Թիվ ԵԿԴ/1883/02/08 գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.10.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ռադիկ Սարուխանյանը վերականգնվել է 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագրով նախատեսված իր աշխատանքում, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ Ռադիկ Սարուխանյանի բռնագանձվել է վերջինիս միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 15.05.2008 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը (հատոր 1-ին, գ.թ. 7-16):

3) Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի տեղակալի 10.12.2012 թվականի «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն` թիվ ԵԿԴ/1883/02/08 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը կարճվել է` կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 33):

4) Ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 08.01.2009 թվականի թիվ Ա-1-Կ հրամանի համաձայն` Ռադիկ Սարուխանյանի հետ 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագիրը լուծվել է:

Թիվ ԵԿԴ/2171/02/10 գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.11.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Ընկերության 08.01.2009 թվականի թիվ Ա-1-Կ հրամանը և կողմերի միջև 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագիրը համարվել է կնքված անորոշ ժամկետով, ինչպես նաև Ընկերությանը պարտավորեցվել է փոխհատուցել Ռադիկ Սարուխանյանին պատճառված վնասը, այն է` Ընկերությունից հօգուտ Ռադիկ Սարուխանյանի բռնագանձվել է վերջինիս միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 01.01.2009 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 06.09.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 17-28):

5) Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի տեղակալ Հ. Գասպարյանի 05.12.2012 թվականի «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն` թիվ ԵԿԴ/2171/02/10 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը կարճվել է` կատարողական թերթի պահանջները փաստացի կատարված լինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 125):

6) Ընկերության գլխավոր տնօրենի 21.11.2012 թվականի թիվ 4-71-Ա հրամանով Ռադիկ Սարուխանյանը վերականգնվել է նախկին աշխատանքում (հատոր 1-ին, գ.թ. 135):

7) Ընկերության և Ռադիկ Սարուխանյանի միջև 22.11.2012 թվականին կնքվել է 2006 թվականի հունիսի 1-ի աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելու մասին համաձայնագիր, որով 2013 թվականի հունվարի 13-ից նշված պայմանագիրը լուծվել է (հատոր 1-ին, գ.թ. 80):

8) Դատահաշվապահական փորձագետի 03.05.2017 թվականի թիվ 01-17 եզրակացության «Հետազոտություն» բաժնի համաձայն` փորձաքննությունը կատարվել է «փորձաքննությանը ներկայացված թիվ ԵԿԴ/0521/02/15 քաղաքացիական գործի և տրամադրված թղթապանակում արտացոլված տվյալների» հիման վրա, համաձայն որոնց 15.09.2012 թվականից հետո հաշվարկված աշխատավարձի և վերջնահաշվարկի վճարումը կատարվել է 22.03.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 70-86):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի, նույն օրենսգրքի 198-րդ հոդվածի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Միաժամանակ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի, 198-րդ և 265-րդ հոդվածների 1-ին մասերի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`

1) կարո՞ղ է արդյոք աշխատողն իր հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի և փաստացի կատարման հիմքով կարճված կատարողական վարույթի առկայության պայմաններում պահանջել միևնույն ժամանակահատվածի հարկադիր պարապուրդի գումարի վերահաշվարկի արդյունքում ստացված այլ գումարի բռնագանձում.

2) կարո՞ղ է արդյոք աշխատանքից անօրինական կերպով ազատված և դատարանի վճռով իր նախկին աշխատանքում վերականգնված աշխատողը պահանջել հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար ամենամյա արձակուրդի գումարը,

3) կարո՞ղ է արդյոք աշխատանքից անօրինական կերպով ազատված և դատարանի վճռով իր նախկին աշխատանքում վերականգնված աշխատողը պահանջել հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքի գումարը, ինչպես նաև բռնագանձված գումարի վերահաշվարկի արդյունքում ստացված տարբերության գումարի և հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար ամենամյա արձակուրդի գումարի նկատմամբ նույն հոդվածով նախատեսված տուժանքի գումար` հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի և դրա փաստացի կատարման հիմքով կարճված կատարողական վարույթի առկայության պայմաններում:

1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Սույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում (...):

Հիմք ընդունելով վերը վկայակոչված նորմերը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այն դեպքում, երբ գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրն առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, և հետագայում աշխատողը դատարանի վճռով վերականգնվում է աշխատանքում, օրենսդիրն աշխատողին հնարավորություն է տվել ստանալու դրա հետևանքով առաջացած հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձի չափով հատուցում: Ընդ որում, սահմանելով միջին աշխատավարձի հաշվարկման միասնական կարգ` օրենսդիրը որպես հաշվարկի հիմք դիտարկել է պարապուրդի գումարները վճարելու պահանջն առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների հանրագումարը: Ուստի, վարձատրության նշված տեսակների ամբողջության հիման վրա գործատուն հաշվարկում է միջին աշխատավարձ և այն հիմք ընդունելով` աշխատողին վճարում ամբողջ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա գտնվել է հարկադիր պարապուրդում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ իրավակիրառ պրակտիկայում հարկադիր պարապուրդի համար վճարման ենթակա միջին աշխատավարձի հատուցման կապակցությամբ առաջացող վեճերը հիմնականում լուծում են ստանում դատական կարգով: Ընդ որում, դատական կարգով այդ վեճերի քննության և լուծման արդյունքում կայացված դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հաճախ կատարվում են հարկադիր կերպով` Ծառայության միջոցով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում կայացրած որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար ու ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ Եվրոպական դատարանի` դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան)` HORNSBY v. GREECE գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:

Նախկինում կայացված իր որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի իրավակարգավորումից և ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս Անժելա և Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե՛ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության հիմնարար սկզբունքը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում ձևավորել է իրավական դիրքորոշում վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի մասին: Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանմամբ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքը նշանակում է, որ բոլոր դեպքերում վարչական ակտը համարվում է իրավաչափ, եթե այն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել: Հետևաբար քննվող գործի շրջանակներում որևէ վարչական ակտի իրավաչափության վիճարկման պահանջի բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ անդրադառնալ այդ հարցին, գնահատական տալ չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը, ինչպես նաև դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությանը: Այլ կերպ` դատարանը պարտավոր է ձեռնպահ մնալ քննվող գործի շրջանակներում չվիճարկվող վարչական ակտի իրավաչափության կամ դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորության վերաբերյալ գնահատականներ տալուց (տե՛ս Լյուբով Փիլոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և այլոց թիվ ՎԴ/2085/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերոհիշյալ նորմերի և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. եթե աշխատողն անօրինական կերպով աշխատանքից ազատվելու վերաբերյալ վեճի դեպքում որոշակի ժամանակահատվածի համար պահանջել է հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը` առանց կոնկրետ հաշվարկներ ներկայացնելու, դատարանը նույն կարգով վճիռ է կայացրել և այն մտել է օրինական ուժի մեջ, ապա ստացվում է, որ վճարման ենթակա հարկադիր պարապուրդի ամբողջ գումարի վերաբերյալ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, իսկ վճարման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի հաշվարկը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարման վարույթում: Այդ դեպքում հաշվարկը կատարելիս հաշվի են առնվում ինչպես կատարողական վարույթում ձեռք բերված ապացույցները, այնպես էլ վարույթի կողմերի դիրքորոշումները, իսկ հաշվարկը վերջին հաշվով կատարվում է պատասխանատու պաշտոնատար անձի` հարկադիր կատարողի կողմից: Եթե վերջինս վճռի կատարման արդյունքում հանգում է այն եզրակացության, որ դատական ակտի պահանջն ամբողջությամբ կատարվել է, և նշված հիմքով կատարողական վարույթը կարճում է, իսկ կատարողական վարույթի կողմն էլ չի վիճարկում նշված որոշումը, ապա այն դառնում է պարտադիր կատարման ենթակա վարչական ակտ իրավահարաբերության բոլոր մասնակիցների համար: Այլ կերպ` սկսում է գործել վարչական ակտի իրավաչափության կանխավարկածը և դրանից հետո ոչ ոք, այդ թվում նաև կատարողական վարույթի մասնակիցները, իրավունք չունեն կասկածի տակ դնել այդ վարույթում հարկադիր կատարողի կատարած հաշվարկները: Հակառակ պարագայում օրինական ուժի մեջ մտած միևնույն դատական ակտը կարող է տարբեր հաշվարկների հիմքով կատարվել մեկից ավելի անգամ, ինչը կհանդիսանա իրավական որոշակիության սկզբունքի խախտում, ինչպես նաև կհանգեցնի վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի խաթարման:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատողը նոր հաշվարկներ կատարելով չի կարող պահանջել միևնույն ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի այլ գումար, եթե այդ գումարը մեկ անգամ արդեն իսկ վճռվել է բռնագանձել գործատուից օրինական ուժի մեջ մտած վճռով, և բռնագանձվել է կատարողական թերթի պահանջները փաստացի կատարված լինելու հիմքով կարճված կատարողական վարույթով: Հարկադիր պարապուրդի գումարների հաշվարկի հետ կապված իր անհամաձայնությունն աշխատողը կարող է հայտնել վճիռը բողոքարկելով, եթե վճարման ենթակա գումարները հաշվարկվել են վճռով, իսկ կատարողական վարույթի կարճման դեպքում` հարկադիր կատարողի որոշումը` վարչական ակտը, բողոքարկելով, եթե վճարման ենթակա գումարները հաշվարկվել են կատարողական վարույթի ընթացքում: Եթե նշված գործողությունները չեն կատարվել կամ կատարվելու պարագայում այլ արդյունքի չեն հանգեցրել, ապա դա նշանակում է, որ բռնագանձման ենթակա հարկադիր պարապուրդի գումարը ճիշտ է հաշվարկվել: Ուստիև աշխատողն իրավասու չէ արդեն իսկ կատարված դատական ակտի առկայության պայմաններում բարձրացնել միևնույն ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման հարց` այս անգամ պահանջի հիմքում դնելով իր կատարած նոր հաշվարկները` արդյունքում պահանջելով հարկադիր պարապուրդի գումարի` իր կարծիքով պակաս վճարված գումարը:

2) Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` ամենամյա արձակուրդն օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ վարձու աշխատանքային գործունեության մեջ ներգրավված յուրաքանչյուր աշխատող ունի ամենամյա արձակուրդի իրավունք` անկախ աշխատատեղից, գործատուի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից, աշխատանքային գործառույթներից և աշխատանքային պայմանագրի տևողությունից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատողի արձակուրդի իրավունքը նախատեսված է հանգստի և ուժերի լիակատար վերականգնման համար: Այսինքն` աշխատանք կատարելիս առողջական նորմալ վիճակի պահպանման և աշխատունակության վերականգնման համար աշխատողին ամեն տարի անհրաժեշտ է որոշակի ժամկետով շարունակվող անընդմեջ հանգիստ: Հենց այդ նպատակով է աշխատանքային օրենսդրությամբ սահմանվել ամենամյա արձակուրդի իրավունքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե աշխատողն աշխատանքից ազատվելու պատճառով շարունակաբար հարկադիր պարապուրդում գտնվելու պատճառով փաստացի աշխատանք չի կատարել գործատուի համար, ապա չի առաջանում նաև աշխատունակության վերականգնման խնդիր, այսինքն` անհրաժեշտություն` աշխատողին տրամադրելու շարունակական անընդմեջ հանգիստ, որպեսզի նա այնուհետև կարողանա արդյունավետ կատարել իր աշխատանքը: Նշված եզրահանգումը հիմնված է այն իրողության վրա, որ աշխատողը հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածում փաստացի չի աշխատում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում որպես առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատողին աշխատանքից ազատելու հետևանք գործատուի համար նախատեսել է միայն հարկադիր պարապուրդի վճարումը: Փաստորեն, նման դեպքերի համար օրենսդիրը սահմանել է, որ աշխատողը կարող է պահանջել հարկադիր պարապուրդի գումարը` միջին աշխատավարձի չափով: Օրենսդիրը չի նախատեսել աշխատողի իրավունքը` պահանջելու հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում իրեն հասանելիք արձակուրդի գումարը` նկատի ունենալով այն, որ հարկադիր պարապուրդի ընթացքում աշխատողը փաստացի աշխատանք չի կատարում, իսկ սովորական պայմաններում տրամադրման ենթակա արձակուրդի ժամանակահատվածն ընդգրկված է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում, այսինքն` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկադիր պարապուրդի գումարը վճռով բռնագանձելիս, ըստ էության, միջին աշխատավարձի չափով գումար է բռնագանձվում նաև սովորական պայմաններում տրամադրման ենթակա արձակուրդի ժամանակահատվածի համար: Նման պայմաններում աշխատողն այլևս իրավունք չունի պահանջելու հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում ընդգրկված պարապուրդի ժամանակահատվածի համար առանձին փոխհատուցում, քանի որ դա կհանգեցնի աշխատանք կատարած չլինելու պայմաններում արձակուրդի ժամանակահատվածի համար կրկնակի փոխհատուցման, ինչը չի կարող իրավաչափ համարվել:

3) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի` մինչև 24.06.2010 թվականը գործած խմբագրության համաձայն` եթե գործատուի մեղքով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ կատարվում են սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատողին օրենքով սահմանված չափերով և կարգով վճարում է տուժանք:

24.06.2010 թվականին ընդունված և 07.08.2010 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-117-Ն ՀՀ օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է նոր խմբագրությամբ` սահմանելով հետևյալը. եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է նույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Տվյալ դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմը մեկնաբանելով վերոհիշյալ օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոններին համապատասխան, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը: Նախ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածն ընդգրկված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի «Աշխատավարձ» վերտառությամբ 19-րդ գլխում, որով կարգավորվում են աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցման` աշխատավարձի սահմանումը, աշխատանքի վարձատրության կազմակերպումը տարբեր պայմաններում, աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը, աշխատավարձի ժամկետանց վճարման հետևանքները և այլն, այսինքն` նշված գլխի նորմերը կարգավորում են կատարված աշխատանքի դիմաց աշխատողին վարձատրելու իրավահարաբերությունները: Բացառություն են կազմում միայն նշված գլխում ընդգրկված 186-րդ հոդվածով սահմանված նորմերը, որոնցով կարգավորվում են պարապուրդի ժամանակ աշխատողի վճարման հարցերը, սակայն այդ նորմերի ուսումնասիրությունը ևս հանգեցնում է այն հետևության, որ նշված կարգավորումները վերաբերում են այնպիսի իրավիճակների, որոնք բնականոն աշխատանքային հարաբերությունների առկայության պայմաններում կրում են ժամանակավոր բնույթ: Ընդ որում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի նշված նորմերով սահմանված են որոշակի կանոններ, թե ինչպես պետք է գործատուն կատարի վճարում կա՛մ կատարված աշխատանքի դիմաց, կա՛մ թեկուզև չկատարված, սակայն այնպիսի աշխատանքի դիմաց, որն աշխատողը պատրաստ է եղել կատարել գործատուի կողմից համապատասխան պայմանների ապահովման դեպքում (ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ): Նշված բոլոր իրավակարգավորումների համար էական է այն ելակետային հանգամանքը, որ գործատուն հաստատապես գիտի, որ որոշակի պայմաններում, անկախ աշխատանքը կատարվելու հանգամանքից, պարտավոր է ապահովել աշխատանքի վարձատրությունն օրենքով սահմանված որոշակի կարգով և չափով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված նորմը նպատակաուղղված է տուժանքով ապահովելու գործատուի կողմից աշխատավարձը ժամանակին վճարելու պարտականության կատարումը, այսինքն` եթե գործատուն այդ պարտականությունը չի կատարում, նրա համար ակնհայտ է, որ խախտում է աշխատանքի դիմաց վարձատրելու օրենքով սահմանված իր նվազագույն պարտականությունները, այն է` ակնհայտ առկա է լինում գործատուի մեղքը: Մինչդեռ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային վեճ ծագելիս հարկադիր պարապուրդի առաջացման հարցում գործատուի մեղքն ակնհայտ չէ, իսկ աշխատանքային վեճի լուծումն էլ պայմանավորված չէ գործատուի համար կանխատեսելի ժամկետներով: Նման պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ նույն չափերով տուժանքների կիրառումը, ինչ չափով որ կիրառման է ենթակա գործատուի կողմից օրենքով հստակ սահմանված և իրեն նախապես հայտնի իր պարտականությունը չկատարելու համար, չի կարող իրավաչափ համարվել: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հենց այդ հանգամանքի հաշվառմամբ է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասին աշխատանքային վեճն աշխատողի օգտին լուծվելու դեպքում գործատուի համար սահմանել է միայն հարկադիր պարապուրդի գումար վճարելու պարտականություն և որևէ այլ տուժանք վճարելու պարտականություն չի նախատեսել: Այսպիսով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը նույն օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ կիրառելի չէ. այդ գումարի նկատմամբ, համապատասխան պայմանների առկայության դեպքում, մասնավորապես` գործատուին վճարման իր պարտականությունը հաստատապես հայտնի լինելու և չկատարվելու դեպքում, կարող են հաշվարկվել դրամական պարտավորությունը չկատարելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին նշել, որ աշխատողը, նոր հաշվարկներ կատարելով, չի կարող պահանջել միևնույն ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի այլ գումար, եթե այդ գումարը մեկ անգամ արդեն իսկ վճռվել է բռնագանձել գործատուից օրինական ուժի մեջ մտած վճռով, և բռնագանձվել է կատարողական թերթի պահանջները փաստացի կատարված լինելու հիմքով կարճված կատարողական վարույթով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե նման պայմաններում աշխատողը դիմում է դատարան` պահանջելով նաև կատարողական վարույթի ընթացքում իր կարծիքով իրեն պակաս վճարված գումարի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով հաշվարկվող տուժանքը, ապա այդ պահանջը ենթակա է մերժման: Այս եզրահանգումը պայմանավորված է այն իրողությամբ, որ կատարողական վարույթը կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու հիմքով կարճելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու և հետևաբար դատական ակտը պատշաճ կատարված լինելու պայմաններում գործում է այն կանխավարկածը, որ գործատուի կողմից վճարման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի հաշվարկը, ինչպես նաև վճարումը կատարվել են ճշգրիտ, որպիսի հանգամանքը բացառում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված տուժանքի առաջացումը:

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նկարագրված իրավիճակում, վերը շարադրված իրավական դիրքորոշումների համաձայն, հատուցման ենթակա չեն թե՛ հարկադիր պարապուրդի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա արդեն իսկ բռնագանձված գումարի վերահաշվարկի արդյունքում ստացված տարբերությունը, թե՛ հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածում ընդգրկված արձակուրդի հատուցման գումարը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ գումարների նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքի գումար հաշվարկվել և բռնագանձվել չի կարող:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` կողմերի միջև 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագրով Ռադիկ Սարուխանյանն Ընկերությունում ընդունվել է աշխատանքի` որպես «Հյուսիս» մասնաճյուղի տնօրենի առաջին տեղակալ:

Ընկերության գլխավոր տնօրենի 12.03.2008 թվականի թիվ 40-Կ հրամանի համաձայն` 15.05.2008 թվականից Ռադիկ Սարուխանյանի հետ 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագիրը լուծվել է:

Թիվ ԵԿԴ/1883/02/08 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.10.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ռադիկ Սարուխանյանը վերականգնվել է 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագրով նախատեսված իր աշխատանքում, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ Ռադիկ Սարուխանյանի բռնագանձվել է վերջինիս միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 15.05.2008 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի տեղակալի 10.12.2012 թվականի «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն` թիվ ԵԿԴ/1883/02/08 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու հիմքով կարճվել է:

Ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 08.01.2009 թվականի թիվ Ա-1-Կ հրամանի համաձայն` Ռադիկ Սարուխանյանի հետ 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագիրը լուծվել է:

Թիվ ԵԿԴ/2171/02/10 գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.11.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Ընկերության 08.01.2009 թվականի թիվ Ա-1-Կ հրամանը և կողմերի միջև 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագիրը համարվել է կնքված անորոշ ժամկետով, ինչպես նաև Ընկերությանը պարտավորեցվել է փոխհատուցել Ռադիկ Սարուխանյանին պատճառված վնասը, այն է` Ընկերությունից հօգուտ Ռադիկ Սարուխանյանի բռնագանձվել է վերջինիս միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 01.01.2009 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 06.09.2012 թվականին:

Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի տեղակալ Հ. Գասպարյանի 05.12.2012 թվականի «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն` թիվ ԵԿԴ/2171/02/10 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթը կարճվել է` կատարողական թերթի պահանջները փաստացի կատարված լինելու հիմքով:

Ընկերության գլխավոր տնօրենի 21.11.2012 թվականի թիվ 4-71-Ա հրամանով Ռադիկ Սարուխանյանը վերականգնվել է նախկին աշխատանքում:

Ընկերության և Ռադիկ Սարուխանյանի միջև 22.11.2012 թվականին կնքվել է 2006 թվականի հունիսի 1-ի աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելու մասին համաձայնագիր, որով 2013 թվականի հունվարի 13-ից նշված պայմանագիրը լուծվել է:

Դատահաշվապահական փորձագետի 03.05.2017 թվականի թիվ 01-17 եզրակացության «Հետազոտություն» բաժնի համաձայն` փորձաքննությունը կատարվել է «փորձաքննությանը ներկայացված թիվ ԵԿԴ/0521/02/15 քաղաքացիական գործի և տրամադրված թղթապանակում արտացոլված տվյալների» հիման վրա, համաձայն որոնց 15.09.2012 թվականից հետո հաշվարկված աշխատավարձի և վերջնահաշվարկի վճարումը կատարվել է 22.03.2013 թվականին:

Սույն գործով դիմելով դատարան` Ռադիկ Սարուխանյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 34.030.980 ՀՀ դրամ, որից 6.347.225 ՀՀ դրամը` որպես պակաս վճարված աշխատավարձի գումար, 1.746.920 ՀՀ դրամը` որպես արձակուրդի դրամական հատուցման գումար, 17.346.988 ՀՀ դրամը` որպես վճարված աշխատավարձի տուժանքի գումար, 495.702 ՀՀ դրամը` որպես վճարված աշխատավարձի և վերջնահաշվարկի տուժանքի գումար, 8.094.145 ՀՀ դրամը` որպես պակաս վճարված աշխատավարձի և չվճարված դրամական հատուցման տուժանքի գումար:

Դատարանն ամբողջությամբ բավարարելով հայցվորի պահանջը, պատճառաբանել է, որ թիվ ԵԿԴ/1883/02/08 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.10.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հայցվորը ոչ միայն պետք է վերականգնվեր իր նախկին աշխատանքում` պայմանագրով նախատեսված պայմաններով, այլ նաև դրանով հաստատվել է, որ հայցվորի հարկադիր պարապուրդը սկսվել է 15.05.2008 թվականից և ավարտվել է 21.11.2012 թվականին: Անդրադառնալով հայցվորի կատարած հաշվարկներին` Դատարանը գտել է, որ դրանք ճիշտ են կատարվել, քանի որ նախկինում կայացված վճիռներով հիմնավորվել է վճարման ենթակա գումարի չափը, որն ավելին է, քան տուժանքի գումարը, որպիսի պայմաններում հայցվորի բոլոր պահանջները հիմնավոր են:

Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և Դատարանի 20.10.2017 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորի կողմից կատարված հաշվարկները ճիշտ են, քանի որ Ծառայության կողմից 01.01.2009 թվականից մինչև 21.11.2012 թվականն Ընկերությունից բռնագանձվել է 25.095.409 ՀՀ դրամ, իսկ այդ գումարի բռնագանձման հիմք է հանդիսացել բացառապես գործատուի կողմից Ռադիկ Սարուխանյանի միջին աշխատավարձի հաշվարկը 511.140 ՀՀ դրամով կատարված լինելը: Վերաքննիչ դատարանն, անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկներին, որ օրինական ուժի մեջ մտած վճիռներով Դատարանի կողմից արդեն իսկ քննվել և բավարարվել են հայցվորի պահանջները, գտել է, որ սույն քաղաքացիական գործով հայցվորը պահանջել է վերը նշված աշխատավարձերի չափերի տարբերությունը, ինչը երբևէ չի քննարկվել, իսկ նման պայմաններում կրկնակի բռնագանձման մասին խոսք լինել չի կարող:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ թիվ ԵԿԴ/1883/02/08 և թե՛ թիվ ԵԿԴ/2171/02/10 քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած վճիռներով Ընկերությունից հօգուտ Ռադիկ Սարուխանյանի բռնագանձվել է վերջինիս միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` առաջին դեպքում` 15.05.2008 թվականից սկսած մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ երկրորդ դեպքում` 01.01.2009 թվականից սկսած մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ընդ որում, նշված վճիռներով հարկադիր պարապուրդի ընդհանուր գումարի հաշվարկման համար անհրաժեշտ միջին աշխատավարձի չափի հաշվարկներ չեն կատարվել և կոնկրետ չափի գումարներ չեն բռնագանձվել, ինչից հետևում է, որ վճիռները կամովին չկատարելու պարագայում բռնագանձման ենթակա գումարի հաշվարկները պետք է կատարվեին վճիռների հարկադիր կատարման ընթացքում: Սույն գործի փաստերի համաձայն` նշված վճիռները կատարվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչի վերաբերյալ գործում առկա են Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի տեղակալի 05.10.2012 թվականի և 10.12.2012 թվականի «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումները: Դրանց բովանդակությունից հետևում է, որ վճիռներով որոշված բռնագանձման ենթակա բոլոր գումարները բռնագանձվել են, քանի որ կատարողական վարույթները կարճվել են` կատարողական թերթի պահանջները փաստացի կատարված լինելու հիմքով:

Այսպիսով, հարկադիր պարապուրդի համար Ռադիկ Սարուխանյանին վճարման ենթակա գումարները բռնագանձվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով: Դրանց հիման վրա այդ գումարները հաշվարկվել և փաստացի բռնագանձվել են հարկադիր կատարողի կողմից, իսկ կատարողական վարույթները կարճվել են կատարողական թերթերի պահանջները փաստացի կատարված լինելու հիմքով:

Փաստորեն, հայցվորը սույն գործով պահանջել է բռնագանձել նշված դատական ակտերի հիման վրա բռնագանձված, սակայն ըստ իրեն` վճիռների հարկադիր կատարման ընթացքում պակաս հաշվարկված գումարները: Այսինքն` հայցվորն ըստ էության վիճարկել է վճիռների հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողի կատարած հաշվարկներն այն դեպքում, երբ կատարողական թերթերի պահանջները լրիվ կատարված լինելու հիմքով կատարողական վարույթը կարճելու մասին որոշումները չեն վիճարկվել, չեն վերացվել, ոչ իրավաչափ կամ ուժը կորցրած չեն ճանաչվել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի տեղակալի 05.10.2012 թվականի և 10.12.2012 թվականի «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումները Ռադիկ Սարուխանյանի կողմից վիճարկված չլինելու պայմաններում գործում է այդ որոշումների` որպես ուժի մեջ գտնվող վարչական ակտերի իրավաչափության կանխավարկածը, ինչից էլ հետևում է, որ բռնագանձումները կատարվել են լրիվ և ճիշտ, ուստի աշխատողն այլևս չի կարող պահանջել իր կարծիքով պակաս բռնագանձված գումարները:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ նույն ժամանակահատվածների հարկադիր պարապուրդի գումարների բռնագանձման վերաբերյալ արդեն իսկ առկա են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռներ և դրանք փաստացի կատարված լինելու հիմքով կարճված կատարողական վարույթներ (հաստատված անբողոքարկելի վարչական ակտերով), որոնցով որոշված է եղել գործատուից հօգուտ աշխատողի բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը միջին աշխատավարձի չափով` հայցվորի պահանջած ամբողջ ժամանակահատվածի համար:

Ինչ վերաբերում է հայցվորի` արձակուրդի դիմաց փոխհատուցում բռնագանձելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պահանջը նույնպես անհիմն է, քանի որ, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված աշխատողի` ամենամյա արձակուրդ ունենալու իրավունքը և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործատուի` ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարելու պարտականությունը չեն առաջանում այն դեպքում, երբ աշխատողը տվյալ գործատուի համար չի կատարել աշխատանք աշխատանքից ազատվելու հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու պատճառով: Սույն գործով գործատուն չի կրում արձակուրդի դիմաց փոխհատուցում վճարելու պարտավորություն, քանի որ այն ժամանակահատվածում, որի համար հայցվորը պահանջում է արձակուրդի վճար, հայցվորը փաստացի չի աշխատել (գտնվել է պարապուրդում):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը հիմնվում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման վրա, որով օրենսդիրը որպես առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատողին աշխատանքից ազատելու հետևանք` գործատուի համար նախատեսել է միայն հարկադիր պարապուրդի վճարումը: Փաստորեն, նման դեպքերի համար օրենսդիրը սահմանել է, որ աշխատողը կարող է պահանջել հարկադիր պարապուրդի գումարը` միջին աշխատավարձը, սակայն չի սահմանել աշխատողի իրավունքը` պահանջելու հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում ընդգրկված իրեն հասանելիք արձակուրդի գումարը` նկատի ունենալով այն, որ հարկադիր պարապուրդի ընթացքում աշխատողը փաստացի աշխատանք չի կատարում:

Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված տուժանքի բռնագանձման մասին հայցվորի պահանջի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ` հարկադիր պարապուրդի գումարի տարբերությունը և արձակուրդի համար վճարման ենթակա գումարները վճարելու վերաբերյալ հայցվորի պահանջները վերոնշյալ հիմնավորումներով մերժման ենթակա լինելու պայմաններում այդ դրամական պարտավորությունները չկատարելու համար Ընկերությունից ենթակա չեն բռնագանձման նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքի գումարները, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է 01.08.2012 թվականից մինչև 23.01.2013 թվականի համար վճարված աշխատավարձի և վերջնահաշվարկի տուժանքի վերաբերյալ 495.702 ՀՀ դրամի բռնագանձման պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ գործն ուղարկելու նոր քննության, հետևյալ պատճառաբանությամբ: Քանի որ թիվ ԵԿԴ/2171/02/10 քաղաքացիական գործով որոշվել է Ընկերությունից հօգուտ Ռադիկ Սարուխանյանի հարկադիր պարապուրդի գումար բռնագանձել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ վճիռն օրինական ուժի մեջ է մտել, համաձայն վճռում կատարված դատարանի հավաստման, 06.09.2012 թվականին, հետևաբար նշված կատարողական վարույթով մինչև 06.09.2012 թվականի համար սահմանված հարկադիր պարապուրդի գումարները բռնագանձվել են, և դրանց նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանք հաշվարկվել չի կարող: Ինչ վերաբերում է հետագա ժամանակահատվածին, ապա սույն գործով հաստատված փաստերից բխում է, որ Ընկերության 21.11.2012 թվականի հրամանով է միայն թույլատրվել Ռադիկ Սարուխանյանին անցնել իր նախկին աշխատանքային պարտականությունների կատարմանը, իսկ հաջորդ օրը` 22.11.2012 թվականին կողմերի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ 2013 թվականի հունվարի 23-ից լուծելու մասին համաձայնագիր: Սույն գործի քննությամբ չի պարզվել, թե արդյոք այդ հրամանի արձակումից հետո Ռադիկ Սարուխանյանն Ընկերությունում մինչև 23.01.2013 թվականն աշխատանք կատարել է, թե ոչ, կամ գործատուի պահանջով աշխատավայրում գտնվել է, թե ոչ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 4-րդ մաս): Միաժամանակ սույն գործին կից փաստաթղթային թղթապանակ առկա չէ, իսկ դատահաշվապահական փորձագետի եզրակացությունից էլ պարզ չէ, թե 06.09.2012 թվականից մինչև 23.01.2013 թվականն աշխատավարձի վճարման ուշացումներն արդյոք արձանագրվել են սկզբնական հաշվապահական փաստաթղթերի ուսումնասիրման հիման վրա: Նկատի ունենալով, որ վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա աշխատողի կողմից աշխատանքը կատարվելու կամ գործատուի պահանջով աշխատավայրում գտնվելու պայմաններում աշխատավարձի, հարկադիր պարապուրդի (դրանց վերջնահաշվարկի) վճարման ժամկետները խախտելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքի գումարները ենթակա են բռնագանձման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոհիշյալ ժամանակահատվածի աշխատավարձի գումարների նկատմամբ տուժանքի բռնագանձման վերաբերյալ պահանջի մասով գործը ենթակա է նոր քննության:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված` ստորադաս դատարանի ակտը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու, ինչպես նաև գործը մասով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով, բացառությամբ 495.702 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասի, վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2018 թվականի որոշումը և 01.08.2012 թվականից մինչև 23.01.2013 թվականի աշխատավարձի և վերջնահաշվարկի տուժանքի բռնագանձման վերաբերյալ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության: Մնացած մասով հայցը մերժել:

2. Հայցի մերժված մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Բեկանված մասով դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում (datalex.am) 9 նոյեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
09.11.2020
N ԵԿԴ/0521/02/15
Որոշում