(ուժը կորցրել է 06.07.07 թիվ 629-Ն որոշում)
i
110.0040.250497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
17.03.1997 թ. թիվ 40-Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին» կարգը:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 1993 թվականի հուլիսի 15-ի «ՀՀ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին» կանոնադրությունը:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
«» ______________ 1997 Թ.
գրանցման թիվ
կոդ թիվ 110 - 0040 - 170497
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Սույն կանոնադրությունը ընդունված է «Հայաստանի Հանրապետության օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքի համաձայն և նպատակ ունի կարգավորելու ՀՀ պետական ուսումնական հաստատություններ և գիտահետազոտական հիմնարկներ ընդունվելու և կրթություն ստանալու պայմանները:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Հայաստանի Հանրապետությունը` իրականացնելով ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության քաղաքականություն, աջակցում է արտասահմանյան երկրներին ազգային մասնագիտական կադրեր պատրաստելու գործում:
1.2. Օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տրվում ՀՀ ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում կրթություն ստանալ անկախ նրանց ծագումից, սոցիալական և գույքային վիճակից, ցեղային, ազգային և կրոնական պատկանելությունից, սեռից, կրթությունից, լեզվից, զբաղմունքի բնույթից և այլ հանգամանքներից: Ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո նրանց տրվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված ձևի դիպլոմ (վկայական):
1.3. Հայաստանի Հանրապետությունում սովորող բոլոր օտարերկրյա քաղաքացիները օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու ազատություններից, և կրում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որոշակի պարտավորություններ:
2. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
2.1. ՀՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական ինստիտուտներում օտարերկրյա քաղաքացիների ուսման ընդունելությունը պետական պատվերի շրջանակներում իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
2.1.1. Հանրապետության բուհերում սովորելու համար օտարերկրյա դիմորդների ընտրությունը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի նիստերում, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկման միջոցով:
Պայմանագրային հիմունքներով օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարում է բուհը: Սույն ընդունելության համակարգը կիրառվում է միայն առնվազն վերջին երեք տարիների ընթացքում տվյալ պետությունում բնակվող քաղաքացու նկատմամբ:
2.1.2. Պետական պատվերի շրջանակներում օտարերկրյա քաղաքացիների ընտրությունը կատարվում է.
ա/ Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների միջև կնքված մշակութային և գիտական համագործակցության մասին միջպետական համաձայնագրերի հիման վրա:
բ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության և օտարերկրյա համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա:
գ/ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սփյուռքահայ քաղաքացիներին հատկացվող կրթաթոշակների հիման վրա:
2.2. ՀՀ պետական ուսումնական հաստատությունները և գիտահետազոտական հիմնարկները կարող են կազմակերպել օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն, պայմանագրային հիմունքներով, վճարովի համակարգում սովորելու նպատակով: Ընտրության կարգը, ուսման պայմանները և վարձի չափը սահմանվում են երկկողմանի պայմանագրով:
2.3. Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ կրթություն ստացած և Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով` ինչպես ՀՀ քաղաքացիները:
3. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
3.1. Օտարերկրյա քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում կրթություն ստանալ`
3.1.1. միջնակարգ հանրակրթական դպրոցներում;
3.1.2. մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններում;
3.1.3. միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում;
3.1.4. բարձրագույն ուսումնական հաստատություններում;
3.1.5. բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական
հիմնարկների ասպիրանտուրայում, ինչպես նաև բարձրացնել իրենց
գիտական և մանկավարժական որակավորումը բարձրագույն ուսումնական
հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում,
որակավորման բարձրացման ֆակուլտետներում և դասընթացներում,
կլինիկական օրդինատուրայում:
4. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4.1. Մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության միջնակարգ և ութամյա դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն:
4.2. Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն, իսկ առանձին դեպքերում`
Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցի ութամյա մակարդակին համապատասխանող կրթություն
4.3. Բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցի ծրագրի մակարդակին համապատասխանող կրթություն: Բացի այդ, բուհերում անհատական պլանով ուսանելու համար կարող են ընդունվել գիտությունների (արվեստների) բակալավրի աստիճան ունեցող անձինք:
4.4. Օտարերկրյա քաղաքացիները բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական հիմնարկների ասպիրանտուրա կարող են ընդունվել մագիստրոսի աստիճանի մասնագիտական որակավորման առկայության դեպքում:
4.5. Բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական հիմնարկների ասպիրանտուրա կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն բժշկական, ինչպես նաև ընտրած մասնագիտությամբ բուժական հաստատություններում աշխատանքի առնվազն երկու տարվա փորձ, կամ անցել են երկամյա կլինիկական օրդինատուրա /մասնագիտացում/:
4.6. Բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական հիմնարկներում, որակավորման բարձրացման ֆակուլտետներում և դասընթացներում ստաժավորման կարող են ընդունվել բարձրագույն կրթություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքային սահմանափակման:
4.7. Արվեստի, մշակույթի և ճարտարապետության ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել համապատասխան կրթություն (տես 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.6 կետերը) և ընտրած ասպարեզում ստեղծագործական օժտվածություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Նշված ուսումնական հաստատություններում սահմանված են ընդունելության լրացուցիչ պայմաններ, որոնք կապված են սովորելու առանձնահատկությունների հետ:
5. ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5.1. Հայաստանի Հանրապետությունում ուսման են ընդունվում գործնականորեն առողջ օտարերկրյա քաղաքացիները, որոնք չունեն բժշկական հակացուցումներ Հայաստանի կլիմայական պայմաններում բնակվելու և համապատասխան ուսումնական հաստատություններում սովորելու համար:
6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6.1. Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկանում են սովորել Հայաստանի Հանրապետությունում, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
6.1.1. Հարցաթերթիկ
6.1.2. Դիմում, հասցեագրված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, որի մեջ պետք է նշվի ընտրված մասնագիտությունը:
6.1.3. Ինքնակենսագրություն:
6.1.4. Նոտարի կողմից հաստատված կրթության վկայականի պատճենը, նշելով ուսումնասիրված առարկաները և հանձնված պետական քննությունների գնահատականները (նիշերը):
6.1.5. Բժշկական եզրակացություն, որը վկայում է այն մասին, որ անձը չունի բժշկական հակացուցումներ Հայաստանի կլիմայական պայմաններում բնակվելու և համապատասխան բուհում սովորելու համար, ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակի և պաթոլոգիաների մասին:
6.1.6. Նոտարի կողմից հաստատված անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը:
6.1.7. Լուսանկար /4 x 5 սմ. չափսի 6 հատ/ (լուսանկարի հակառակ երեսում գրել ազգանունը և անունը):
6.1.8. Ասպիրանտուրա ընդունվելու ցանկացողները լրացուցիչ ներկայացնում են`
6.1.8.1 ռեֆերատ կամ հրատարակված աշխատությունների պաշտոնապես հաստատված ցանկը, նշելով հրատարակման թիվը և վայրը, 2-3 հրատարակումների պատճենը;
6.1.8.2 պաշտոնապես հաստատված տեղեկանք լեզվի իմացության մասին /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն/;
6.2. փաստաթղթերը /կետ 6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.1.8 / վավերացվում են Հայաստանի Հանրապետության դեսպանության, կամ համապատասխան մարմիններում:
6.3. փաստաթղթերը /կետ 6.1/ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Արտաքին կապերի վարչություն արտասահմանյան երկրների համապատասխան կառավարական մարմինների կամ հասարակական կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության դեսպանության կամ համապատասխան մարմինների միջոցով:
6.4. այն երկրներից, որտեղ չեն գործում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ կամ ներկայացուցչություններ, փաստաթղթերը /տես կետ 6.1/ կարող են ներկայացնել նաև անհատական կարգով: Այդ դեպքում վերոհիշյալ փաստաթղթերը /տես կետ 6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.1.8/ անհրաժեշտ է վավերագրել տվյալ երկրի համապատասխան մարմնում և լեգալիզացվում է տվյալ պետության արտաքին գործերի նախարարությունում:
6.5. Փաստաթղթերը և ռեֆերատները ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
7. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՏԱՐԻ
ՀԱՅՈՑ ԵՎ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ
7.1. Օտարերկրյա քաղաքացիները /բացի ասպիրանտներից և ստաժորներից/, որոնք չեն տիրապետում կամ վատ են տիրապետում հայոց և ռուսաց լեզուներին, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական ֆակուլտետներ /բաժիններ/ մեկ տարի ժամկետով:
7.2. Նախապատրաստական ֆակուլտետում /բաժնում/ օտարերկրյա սովորողներն ուսումնասիրում են հայոց կամ այլ լեզուներ հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն և ընտրած մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաներ /մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, գծագրություն, աշխարհագրություն, պատմություն և այլն/:
7.3. Նախապատրաստական ֆակուլտետում ուսանելու շրջանում օտարերկրյա սովորողները ծանոթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
7.4. Նախապատրաստական ֆակուլտետում սովորող օտարերկրյա քաղաքացիներին ակադեմիական արձակուրդ չի հատկացվում:
7.5. Ուսումնական տարվա վերջում անց են կացվում ավարտական քննություններ: Հայաստանի Հանրապետության միջնակարգ հանրակրթական դպրոցի ծրագրի շրջանակներում քննությունները հաջող հանձնած սովորողները շարունակում են ուսումը բուհերում:
7.6. Նախապատրաստական ֆակուլտետում պետական պատվերով սովորող ուսանողները ավարտական քննություններից անբավարար գնահատականներ ստանալու դեպքում հեռացվում են բուհից:
8. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐՈՒՄ
8.1. Մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններն իրականացնում են տնտեսության տարբեր ճյուղերի որակյալ բանվորների պատրաստումը:
8.2. Որակյալ բանվորների պատրաստման ժամկետը 1-3 տարի է` կախված մասնագիտությունից:
9. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
9.1. Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիները ստանում են միջնակարգ մասնագիտական կրթությամբ մասնագետի որակավորում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջնակարգ հանրակրթական դպրոցի ծրագրին համապատասխան գիտելիքներ:
9.2. Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման ժամկետը կազմում է 2 տարի 6 ամսից մինչև 4 տարի` կախված ընտրված մասնագիտությունից:
10. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
. Հայաստանի Հանրապետության բուհերում կիրառվում է եռաստիճան կրթական
համակարգ, որը ընդգրկում է`
ա./ առաջին աստիճանի մասնագետի /բակալավրի/ որակավորումը, որի քառամյա
ուսումնառության ընթացքում ուսանողներն ստանում են հիմնարար գիտելիքներ
ընդհանուր մասնագիտական առարկաներից, ինչպես նաև ձեռք են բերում
որոշակի գիտական պաշար` տնտեսագիտության, իրավագիտության, պատմության,
բարոյագիտության, հոգեբանության, բնապահպանության /էկոլոգիայի/,
սոցոլոգիայի, առողջապահության և այլ բնագավառների գծով, ինչպես նաև
անհրաժեշտ մասնագիտական ունակություններ` ստացած գիտելիքները
համապատասխան բնագավառում և արտադրության կազմակերպման գործում
կիրառելու համար.
բ./ երկրորդ աստիճանը, որի երկամյա ուսումնառության ընթացքում
ուսանողներն ուսումնասիրում են ընդհանուր մասնագիտական առարկաների
հատուկ խորացված դասընթացներ և լրացուցիչ մասնագիտական առարկաներ`
ձեռք են բերում տվյալ նեղ մասնագիտության գծով անհրաժեշտ խոր
գիտելիքներ.
գ./ երրորդ աստիճանը, որի երկամյա ուսումնառության ընթացքում
ուսանողները ձեռք են բերում ինքնուրույն գիտական աշխատանք կատարելու
համար անհրաժեշտ գիտելիքներ, գիտահետազոտական և գիտամանկավարժական
գործունեությամբ զբաղվելու հմտություններ և ունակություններ:
11. ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ԱՐՎԵՍՏՆԵՐԻ/ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
11.1. Արտասահմանյան ուսումնական հաստատություններում բակալավրի աստիճան ունեցող օտարերկրյա մասնագետները, Հայաստանի Հանրապետության բուհեր ընդունվում են մագիստրոսի աստիճան ստանալու համար:
11.2. Ուսումնական ծրագիրը հաջող ավարտած օտարերկրյա շրջանավարտներին տրվում է տվյալ մասնագիտության գծով համապատասխան աստիճանի որակավորում և սահմանված նմուշի ավարտական վկայական /դիպլոմ/:
12. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ
12.1. Մագիստրոսի աստիճան ունեցող օտարերկրյա քաղաքացիները կարող են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական հիմնարկների ասպիրանտուրա:
12.2. Ասպիրանտուրայում ուսուցման ընդհանուր տևողությունը սահմանվում է 3 տարուց ոչ ավելի:
12.3. Ասպիրանտուրայում ուսուցման ծրագիրը և քննաշրջանը հաջող ավարտած օտարերկրյա ասպիրանտներին տրվում է հետազոտողի դիպլոմ:
12.4. Հետազոտողի որակավորում ստացած շրջանավարտները իրավունք են ստանում բուհի գիտական խորհրդի որոշմամբ ուսումնառությունը ևս մեկ տարի շարունակելու և պաշտպանելու գիտական ատենախոսություն:
12.5. Գիտահետազոտական աշխատանքի նկատմամբ հակումներ չդրսևորած, սահմանված ժամկետներում անհատական պլանը չկատարած ասպիրանտը հեռացվում է ասպիրանտուրայից:
13. ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ
13.1. Բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական ինստիտուտներում, իսկ որոշ մասնագիտությունների գծով միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ստաժավորման նպատակն է օտարերկրյա մասնագետների գիտական /մանկավարժական որակավորման, պրոֆեսիոնալ գիտելիքների և վարպետության բարձրացումը:
13.2. Կլինիկական օրդինատուրան բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում բժշկության ճյուղերից մեկի գծով բժիշկների որակավորման բարձրացման հիմնական ձևն է:
13.3. Մասնագիտացման /ստաժավորման/ առավելագույն ժամկետը կլինիկական օրդինատուրայում երկու տարի է, իսկ բժշկական բուհերի համար` երեք տարի:
13.4. Մեկ տարուց ավելի ժամկետով Հայաստան ժամանած և հայոց կամ ռուսաց լեզվին չտիրապետող ստաժորին հնարավորություն է տրվում ստաժավորման համար սահմանված ժամանակի հաշվին ընդունող ուսումնական հաստատությունում լեզվական պատրաստություն անցնել:
13.5. Մինչև մեկ տարի ժամկետով ժամանող և հայոց կամ ռուսաց լեզվին չտիրապետող ստաժորը պետք է ապահովվի թարգմանչով ուղարկող կողմի հաշվին:
13.6. Ստաժավորման /կլինիկական օրդինատուրայի/ ավարտից հետո ուսումնական հաստատությունը կամ գիտահետազոտական հիմնարկը ստաժորին /կլինիկական օրդինատորին/ տալիս է համապատասխան վկայական և անհատական պլանի կատարման մասին հաշվետվությունից քաղվածք:
14. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14.1. Հայաստանի ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում սովորող օտարերկրյա քաղաքացիները ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներ և պարտականություններ:
14.1.1 Օտարերկրյա սովորողները պարտավոր են`
ա/ հարգել ՀՀ սահմանադրությունը, ենթարկվել Հայաստանի Հանրապետության
օրենսդրությանը, հարգանքով վերաբերվել հայ ժողովրդի ավանդույթներին և
սովորույթներին;
բ/ պահպանել ուսումնական կարգապահությունը, սահմանված ժամկետներում
կատարել ուսումնական պլաններով և ծրագրերով նախատեսված ուսումնական և
արտադրական աշխատանքների բոլոր տեսակները, սահմանված ժամկետներում
հանձնել քննություններն ու ստուգարքները;
գ/ ենթարկվել ուսումնական հաստատության և ուսանողական հանրակացարանի
ներքին կանոններին;
դ/ կատարել ուսումնական հաստատության կանոնադրությունից բխող
ղեկավարության ցուցումներն ու հրահանգները:
14.2. Հայաստանի Հանրապետությունում սովորող օտարերկրացիներն իրավունք ունեն միավորվելու հայրենակցական խմբակցություններում: Հայրենակցական խմբակցություններն ընդգրկում են մեկ երկրից ժամանած սովորողներին և չպետք է կրեն քաղաքական բնույթ: Հայրենակցական միությունները սերտորեն համագործակցում են ուսումնական հաստատության ղեկավարության և տեղական ուսանողական կազմակերպությունների հետ: Նրանց խնդիրն է օժանդակել ուսումնական հաստատության ղեկավարությանը` ուսանողական խորհրդին հետևյալ հարցերում` որոնք ուղղված են.
14.2.1. ուսումնական պլանի հաջող կատարմանը և կարգապահության պահպանմանը;
14.2.2. օտարերկրյա սովորողների ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքին, որը նպաստում է հումանիզմի, հայրենասիրության, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը;
14.2.3. կենցաղային և մշակութային խնդիրների լուծմանը;
14.3. Օտարերկրյա սովորողները կարող են դիմել ուսումնական հաստատությունների ղեկավարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչություն առաջացած հարցերի լուծման կապակցությամբ;
14.4. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին: Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում ուսումնական տարվա տևողությունը, արձակուրդների սկիզբը և ավարտը կարգավորվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից:
Ուսումնառության ընդունված ասպիրանտները Հայաստանի Հանրապետություն են ժամանում հոկտեմբերի 1-ին: Նրանց արձակուրդ է տրվում տարեկան մեկ անգամ, որպես կանոն հուլիս կամ օգոստոս ամիսներին:
Սահմանված ժամկետներում ուսումնական հաստատություն չներկայացած օտարերկրյա սովորողները հեռացվում են ուսումնական հաստատությունից:
15. ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
15.1. Պետական պատվերի կամ միջազգային պայմանագրերի շրջանակներում սովորող օտարերկրյա քաղաքացիները ապահովվում են կրթաթոշակներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացի սովորողների համար նախատեսված չափով:
15.2. Ակադեմիական պարտքեր և անհարգելի բացակայություններ ունեցող օտարերկրյա սովորողի կրթաթոշակի չափը ուսումնական հաստատության ղեկավարության որոշմամբ կարող է նվազեցվել:
15.3. Ակադեմիական արձակուրդի շրջանում օտարերկրյա սովորողներին կրթաթոշակ չի վճարվում:
16. ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հայաստանի Հանրապետությունում սովորելու համար թեկնածու օտարերկրյա քաղաքացիները պետք է գրավոր հաստատեն սույն կանոնադրության պահանջները կատարելու իրենց համաձայնությունը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «25» 04 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12970021