(ուժը կորցրել է 04.08.09 թիվ 657-Ն որոշում)
i
041.0043.250105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2005 թվականի N 43-Ն
i
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի և 2004 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի գործընկերային համաձայնագրի իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով`
i
1. Ստեղծել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 28.12.07 թիվ 915-Ն որոշում)
2. Հաստատել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի:
(վերնագիրը փոփ. 28.12.07 թիվ 915-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2005 թվականի հունվարի 25-ի
N 43-Ն որոշման
ԿԱԶՄ
i
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Խորհրդի նախագահ - ՀՀ վարչապետ
Խորհրդի նախագահի - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
տեղակալ
Խորհրդի անդամներ - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
- ՀՀ Ազգային ժողովի երկու ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի
տեղակալ (համաձայնությամբ)
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
(գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)
- Հայաստանի արհեստակցական միությունների
կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)
- Վանաձորի քաղաքապետ, Հայաստանի համայնքների
հանրապետական ասոցիացիայի վարչության անդամ
(համաձայնությամբ)
- Գյուղի հարցերի հասարակական կազմակերպությունների
խմբի ներկայացուցիչ, Ֆերմերների ազգային միության
նախագահ (համաձայնությամբ)
- Հատուկ կարիքներով խմբերի պաշտպանության հարցերի
հասարակական կազմակերպությունների խմբի
ներկայացուցիչ, «Աստղիկ» հաշմանդամ երեխաների
ծնողների միություն» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)
- Մարդու իրավունքների հարցերի հասարակական
կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի
երիտասարդական ազգային խորհրդի փոխնախագահ
(համաձայնությամբ)
- Փոքր և միջին գործարարության հարցերի հասարակական
կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Կիրառական
հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի
տնօրեն (համաձայնությամբ)
- Բնապահպանական հարցերի հասարակական
կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, «Հանուն
կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
- Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
(կազմը փոփ. 11.06.05 թիվ 426-Ն, 03.05.06 թիվ 295-Ն, 28.12.07 թիվ 915-Ն, 14.01.08 թիվ 5-Ա որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2005 թվականի հունվարի 25-ի
N 43-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով սահմանվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կարգը:
2. Խորհրդի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (այսուհետ` ծրագիր) և 2004 թվականի հոկտեմբերի 30-ին գործընկերների միջև կնքված ծրագրի իրականացման գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) իրականացման աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու համակարգումն է:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
3. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրի և համաձայնագրի դրույթների իրականացումը, ինչպես նաև դրանց մոնիտորինգի և գնահատման աշխատանքների համակարգումը.
բ) ծրագրի իրականացման տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքների համակարգումը.
գ) ծրագրի ճշգրտման և վերանայման աշխատանքների համակարգումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
դ) համաձայնագրով սահմանված միջնաժամկետ գերակայություններից բխող քաղաքականության ուղղությունների մշակման աշխատանքների համակարգումը.
ե) ծրագրի իրականացման տարեկան և միջնաժամկետ միջոցառումների ծրագրերի մշակման համակարգումը.
զ) ծրագրի աշխատանքային խմբի և ծրագրի բաց ֆորումի գործունեության ղեկավարումը,
է) ծրագրի իրականացման գործընթացում միջազգային համագործակցության համակարգումը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն 3 ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնակարգի 5-րդ կետին համապատասխան:
5. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի և համաձայնագրի իրականացման աշխատանքների ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները լուծելու համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
7. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
8. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից առնվազն 2 օր առաջ:
9. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը կարող է տեղափոխվել խորհրդի հաջորդ նիստ:
10. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
11. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությամբ:
12. Խորհրդի որոշումներն ստորագրում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` խորհրդի նախագահի տեղակալը:
13. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարը, ծրագրի բաց ֆորումի պատասխանատուն և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները:
14. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, փորձագետներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
15. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
16. Խորհրդի նախագահն ապահովում է խորհրդի աշխատանքների կազմակերպումը և ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում կամ այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
17. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:
i
18. Խորհրդի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը և նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը` բացառությամբ հասարակական կազմակերպությունների խմբերի ներկայացուցիչների:
Խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչը փոփոխվում է համապատասխան հասարակական կազմակերպությունների խմբի առաջարկությամբ:
(18-րդ կետը փոփ. 11.06.05 թիվ 426-Ն որոշում)
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
19. Խորհրդի քարտուղարություն է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը:
20. Խորհրդի քարտուղարությունը`
ա) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
բ) ապահովում է խորհրդի նիստի որոշման նախագծերի կազմումը.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումներն ուղարկում է համապատասխան կազմակերպություններ: